Նալբանդյանի «Երկրագործությունը» 160 տարի անց

Միքայել Նալբանդյանը մեր այն մեծերից է, որն առնվազն երեք գլուխգործոց (magnum opus) է հեղինակել՝ «Ազատությունը», «Իտալացի աղջկա երգը» և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» տրակտատը: 1862-ին լույս տեսած այս գործն ահռելի ազդեցություն ունեցավ հայ երիտասարդության վրա։ Ավետիք Իսահակյանը գրում էր․ «Նրա «Երկրագործություն» խստիվ արգելված գիրքը միայն ձեռագիր տետրակներով ունեինք. կարդում էինք աչքերով և սրտով, բազմիցս կարդում, ոգևորվում, թևավորվում էինք, թռչում, զինվորվում պայքարի համար… Զարմանալի, անբացատրելի ներգործություն ուներ մեր բոլորիս վրա այդ արտասովոր գիրքը․․․»։

Նալբանդյանը երգեց լիակատար՝ գոյութենական, մտավոր, քաղաքական և տնտեսական ազատության թեման, որով զարմանալիորեն մեծ բացառություն եղավ մեր գրականությունում: Նա նաև այն առաջիններից էր, որ առաջադրեց ազգային փիլիսոփայության հիմնադրույթները, ուղղակիորեն բարձրացրեց ազգային անկախության հարցը և այս իմաստով ակներևաբար տարբերվում է նույնիսկ Խաչատուր Աբովյանից։ Նալբանդյանն էր, որ լրացրեց Աբովյանի հանրահայտ միտքը․ լեզվից ու հավատից բացի՝ ազգին պահող երրորդ անհրաժեշտ հանգամանքն էլ կա՝ հողը, երկիրը։

Աբովյանի համեմատ առավել պարզ էր և Նալբանդյանի լեզուն, մոտ մեր ժամանակակից գրական լեզվին, որ նոր էր ձևավորվում. «Գրական լեզվով մենք դեռևս թոթովում էինք․ այդպես չէր Նալբանդյանցը․ նրա լեզուն արդեն կազմակերպվել էր․․․»,- նշում էր Ղազարոս Աղայանը։

«Երկրագործությունում» Նալբանդյանի եզրահանգումներն արժեքավոր են այնքանով, որ դրանք ապագային էին ուղղված և արդեն 160 տարի շատ առումներով չեն կորցնում արդիականությունը։ Արծարծված որոշ հարցերի Նալբանդյանն անդրադարձել էր նախկինում։ 1859-ին «Հյուսիսափայլում» հրատարակված «Մեռելհարցուկ» վեպում նա գրում էր․ «․․․արդարև հայոց ազգը թեպետև քանի հազար տարեկան, այնուամենայնիվ, դեռևս մի խակ տղա է և գուցե երբեք դուրս գալու չէ այս տղայութենից։ Այսպիսի ազգերը․․․ կարոտ են, որ, ինչպես անչափահաս որբեր, գտանվին հոգաբարձության տակ, բայց հայոց ազգը չունի հոգաբարձու և գտանելու չէ երբեք։ Ուրեմն ի՛նչ պիտի լինի այս ազգի վերջը,․․․ անտարակույս այն, ինչ որ լինում է առանց հոգաբարձուի մնացած անչափահաս որբերի վերջը․․.»։ Այս խոսքերը պատկանում են իր ժամանակի ամենակրթյալ հայորդիներից մեկին (1860-ին նա Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում պաշտպանել էր թեկնածուական դիսերտացիա), որ սակայն ճաշակել էր իր հայրենակիցների անտարբերությունը, ապրել էր սուղ միջոցներով և նույնիսկ «Հյուսիսափայլում» տարիներ շարունակ անվճար էր տպագրվում։ Իր նամակներից մեկում նա անսահման դառնությամբ է արտահայտվում հայության հասցեին․ «Գրիչս պիտի կոտրեմ և ձգեմ։ ․․․Ափսոս ինձ, որ երևեցա հայերի մեջ, մի այլ ազգի մեջ երբեք այս վիճակում գտնվելու չէի ես, անտեր և անօգնական․․․»։

Նա առաջին արևելահայ գրողներից էր, որին հաջողվեց երկու անգամ դուրս գալ ցարական կայսրության սահմաններից, տեսնել և ճանաչել աշխարհը ու հատկապես՝ Եվրոպան, որտեղ շատ օգտակար ծանոթություններ հաստատեց։ Լոնդոնում էլ նա գրեց «Երկրագործությունը» և նույն՝ 1862 թվականին հրատարակեց Փարիզում՝ գաղտնապահական նկատառումներով օգտագործելով Սիմեոն Մանիկյան կեղծանունը։

Գրքի՝ Ռուսաստան առաքմամբ զբաղվում էին Մ․ Բակունինն ու Ն․ Օգարյովը։ Նամակներում իբրև «խոհարարական գիրք» գաղտնագրված հրատարակության 10 օրինակ և Բակունինի նամակները Նալբանդյանին առգրավվեցին ցարական իշխանությունների կողմից․ գիրքն իսկույն թարգմանվեց ռուսերեն, և Կովկասի փոխարքան արգելք դրեց դրա վրա։ Այդուհանդերձ, այն շարունակեց անլեգալ տարածվել՝ արտագրվել և ձեռքից-ձեռք անցնել հայահոծ բնակավայրերում՝ ինչպես ցարական Ռուսաստանում, այնպես էլ Օսմանյան կայսրությունում։ Համաձայն Արփիար Արփիարյանի վկայության՝ 1862-63 թթ. գիրքը «եղել է երիտասարդության ամենասիրած գրքերից մեկը, հայրերն այն կարդացել են իրենց որդիներին և պատվիրել հետևել այդ գրքի քարոզած գաղափարներին»։ Գրքի շուրջ լայն քննարկում բացվեց հայկական պարբերական մամուլում, որը հատկապես մեծ աշխուժությամբ ծավալվեց 1860-1910-ական թվականներին։ Մեծ է եղել Նալբանդյանի ազդեցությունը թե՛ Գրիգոր Արծրունու, Քրիստափոր Միքայելյանի, և թե՛ Րաֆֆու, Իսահակյանի և  այլոց վրա։ Չարենցի դեպքում դա պակաս զգալի է․ բնութագրական է այն, որ նրա «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» չափածո նովելում էլ Նալբանդյանը սոսկ մի ակնթարթով է հայտնվում․ «Դուք ինձ մոռացե՜լ եք, բարեկամ․․․»։

Տնտեսագետ Թադևոս Ավդալբեգյանը Նալբանդյանի «գլխավոր երկի» հիսնամյակի առիթով հանդես եկավ առանձին ուսումնասիրությամբ («Երկրագործությունը» դեռևս այնքան վտանգավոր նյութ էր, որ Ավդալբեգյանի դեմ գործ հարուցվեց, ու նա ստիպված եղավ փախչել արտասահման)։ Ըստ նրա՝ «Երկրագործության» հեղինակը հողի համայնացումը դիտարկում է ոչ թե սոցիալիստական, այլ ինդիվիդուալիստական տեսանկյունից՝ ապրանքային արտադրության ու փոխանակության պայմաններում։ Ավդալբեգյանը շեշտում էր, որ Նալբանդյանն, առևտրի բնագավառում մերկանտիլիզմի տեսության կողմնակիցը լինելով՝ այն ընդունում է միայն գյուղացիության շահերի տեսակետից ու որպես գյուղացիության գաղափարափոսություն, ինչը նոր խոսք է տնտեսագիտության համար։

Բացի այն, որ «Երկրագործությունը» հայ գրականության մեջ առաջին տնտեսագիտական հարցեր քննարկող երկերից էր, այն նաև բացառիկ էր նրանով, որ Հայաստանի տնտեսության խնդիրներին էր անդրադառնում անկախ երկրի չգոյության պայմաններում։ Նալբանդյանը զգուշացնում էր, որ հողից ու երկրից զուրկ ազգը հարստանալու հույս պիտի չունենա։

Կարեն Սիմոնյանի խոսքերով՝ «Երկրագործությունը» «իբրեւ ազգային քաղաքական տնտեսութեան բացառիկ մի ուսմունք, տարիներ ու տասնամեակներ շարունակ լինելու էր լիակատար ու բազմակողմանի, գաղափարական ու գործնական ծրագիր հայոց գալիք սերունդների համար», «դառնալու էր դասական արժէք ազգային տնտեսագիտութեան մէջ»։

«Ջերմ սիրով» հայկական երիտասարդությանը ձոնված այդ գրքում, վերլուծելով Անգլիայի համակրանքները Ամերիկայի քաղաքացիական պատերազմում՝ Նալբանդյանը գալիս է այն եզրակացության, որ պետք չէ տերությունը նույնացնել ազգի հետ, քանզի տարբեր են նրանց շահերը․ ազգը հասարակ ժողովուրդն է, ոչ թե «նորա միջից, նորա քրտինքով և նորա արյունով հառաջացած մի քանի մեծատունք»։ Դրանով Նալբանդյանը կարևորում է ոչ միայն վերնախավի, այլև երկրի յուրաքանչյուր ներկայացուցչի հողով (որպես աշխատանքի միջոցի) օժտված լինելու հանգամանքը։ Ընդ որում, նա ազգ հասկացությանը տալիս է առաջադեմ մեկնաբանություն՝ որպես ազգի շահ դիտարկելով հենց մեծամասնության շահերը։

Ըստ Նալբանդյանի՝ հասարակ ժողովրդի համար ուղղակիորեն և մնացածների համար անուղղակիորեն ապրուստի և հարստության միակ և անհրաժեշտ աղբյուրն է երկրագործությունը։ Հասարակ ժողովրդի հողազրկությամբ է նա բացատրում մինչև իսկ արդյունաբերության, մեքենայական արտադրության շեշտակի զարգացումը։ Եթե պատերազմ է, տերությունը հորդորում է ազգին՝ կյանքը զոհել հայրենիքը պաշտպանելու և դրոշի պատիվը փառավորելու համար, մինչ պատերազմից վերադարձած ազգը դարձյալ իր պաշտպանած հողից բաժին չունի և դեռ ծանր հարկեր է մուծում այն օգտագործելու համար։ Նալբանդյանի կարծիքով՝ գյուղի և քաղաքի յուրաքանչյուր բնակիչ պիտի իրավունք ունենա հավասար չափով դաշտային, երկրագործական հողի մի հատվածը մշակելու կամ այն վարձով տալու, բայց՝ ո՛չ վաճառելու։

Տնտեսական խնդիրն է ապահովում մարդու կյանքը և գոյությունը, և առանց դրա լուծման անհնար է իրական ազատությունը, այն սոսկ խոսք է։ Սկսելով Անգլիայի օրինակից՝  Նալբանդյանը, բնականաբար, անցնում է Ռուսաստանին, որը նոր էր թոթափում ստրկատիրությունը։ Նա քննադատում է 1861-ի ցարական հրովարտակը («Պոլոժենիե») Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացման մասին, քանի որ այն արտոնյալ էր ազնվականների և ծանր՝ նախկին ճորտերի համար։ Նալբանդյանը մատը դնում է վերքի վրա․ հենց այս հանգամանքերը պիտի բերեին նախ 1905-ի, ապա և 1917-ի արյունոտ իրադարձություններին․․․

Իբր մի անանուն նամակագրի խոսքեր (իրականում, «Կոլոկոլ» թերթում նման մտքեր արտահայտել էր Բակունինը), Նալբանդյանը մեջբերում է հետևյալ պարբերությունը․ «Ռուսիո մեջ խմորված ազատությանը համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել, վասնզի ազատությունը հողի վրա կհիմնվի, քանզի ոչ միայն ինքը ոուսը կուզե իր ազատությունը, այլ՝ կքարոզե, թե Լեհաստան, Ֆինլանտիա, Փոքր Ռուսիա (15 միլիոն ժողովուրդ), Կովկաս, Վրաստան և Հայաստան պետք է որ ազատ և անկախ ըլլան Մեծ Ռուսիայեն, որպեսզի ինքը 43 միլիոն զատ ռուսական ազգը, ստուգապես ազատվի, ամեն ստրկության և ամեն բռնաբարության սկզբունք մերժելով և իր բարոյական ու նյութական ուժը և զորությունը միմիայն իր մեջը ամփոփելով, որպեսզի երջանկություն ճաշակե, հազարամյա գերութենե ետքը և հառաջանա քաղաքակրթության մեջ»։ Կարո՞ղ էր այսպիսի հայացքներ քարոզող Նալբանդյանը ողջ մնալ ցարական «արդարադատության» ճիրաններում․ ճիշտ է, Աշոտ Հովհաննիսյանը ենթադրում է (Նալբանդյան, «Անտիպ երկեր», 1935), թե քննիչ հանձնաժողովը չգիտեր, որ Նալբանդյանն է գրքի հեղինակը, որովհետև ուշադրություն չէր դարձրել Բակունինի նամակի հետևալ նախադասությանը․ «ձեր բրոշյուրները միայն օրերս ստացա»։ Բայց մենք չգիտենք, միգուցե հենց ուշադրություն էր դարձրել և որոշել առանց լրացուցիչ աղմուկի հաշվեհարդարի ենթարկել հիվանդոտ երիտասարդին։ Ինչևէ, հարազատ Նոր Նախիջևանը նա այլևս չտեսավ․․․

Նալբանդյանն անդրադառնում է նաև Թուրքիային, որի «կազմության մեջ մտնում է Հայաստանի և հայոց ազգի մեծագույն մասը»։ Ըստ նրա՝ երկրի պարտքերը կբերեն նրան, որ Պոլսում և գավառներում մարդիկ չպիտի կարողանան հաց ճարել, սկզբում «քրիստոնյայք կկողոպտվին, կմերկանան և կմեռանին, իսկ հետո թուրքը, կառավարչական ուժը, գոնե, այդտեղ գեթ պիտի երևի, որ յուր ողորմելի ստրուկներից ավելի ապրի մի քանի օր և այն, սպանվածների հաշվով»։

Համաձայն Նալբանդյանի՝ որպեսզի ազգը ազատվի թշվառությունից և պանդխտությունից, նա պետք է վերադառնա իր նախկին կացությանը՝ հողին և երկրագործությանը։ Դրա համար, որպեսզի ճիշտ զուգակշիռը լինի, ազգի մեծագույն մասը պիտի երկրագործ լինի, իսկ փոքրագույնը՝ երկրագործի դուրս բերած արդյունքը մշակող և վաճառող։ Առևտրի հարցում Նալբանդյանը նախընտրում է ազգային արտադրանքի վաճառքը, ըստ էության մոտենում է ազգային արդյունք, առևտրի հաշվեկշիռ հասկացություններին։ Եթե հայ ազգը վերադառնա իր բնօրրանը ու զբաղվի խոպան հողերի մշակությամբ՝ դա կվերածնի և հայկական վաճառականությունը։ Ազգության խնդիրն ինքնըստինքյան կվերանա այն դեպքում, երբ երկրագնդի վրա տիրի հավասար իրավունքը։ Իսկ մինչ մի ազգը ճնշում և հարստահարում է մյուսին՝ հեղինակը իր կարողություններն ուղղելու է իր ազգությունը պաշտպանելուն և բոլորի պարտքն է համարում իրենց սեփական ազգության դրոշի տակ մնալը։

Ազգը՝ որպես մարդկանց բազմություն, կենդանի է, եթե կա նրա հավաքական անձնավորությունը՝ նրա ազգությունը։ Իսկ վերջինս ապրում է, եթե ունի զորություն՝ դիմակայելու արտաքին ավերիչ ուժերին։ Ներշնչված Պրուդոնից և Բակունինից՝ Նալբանդյանը երբեմն սահուն անցում է կատարում դեպի անարխիզմ․ նույնիսկ զորեղ ազգությունների պատկանող մարդիկ ստրուկ են մնում իրենց կառավարությունների ձեռքին, որ սեփականացնում է երկրի հողը, իսկ ազգին թողնում սոսկ դրոշի պատիվը։ Սեփական շահով է, որ տերությունները ստրկացնում են այլ ազգերի, թեկուզ և արդարանում են իբր «քաղաքակրթություն տարածելով»․ Նալբանդյանը թվարկում է Անգլիայի աշխարհակալության, ապա Վատիկանի, Ավստրիայի, Պրուսիայի, Ռուսաստանի, Թուրքիայի զոհերին։ Լեհերով լցված ռուսական բանտերը մատնանշելուց հետո Նալբանդյանն անդրադառնում է ռուս-ուկրաինական առճակատմանը․ «Փոքր Ռուսիան, (15 միլիոն ժողովուրդ) յուր լեզվով, յուր պատմական ավանդությամբ, յուր կյանքի կերպերով և սովորությամբ, ոչինչ հարաբերություն չունի Մեծ Ռուսիային, և ոչ միայն այսչափ, այլև սաստիկ թշնամի է նորան, խնդրում է յուր անկախությունը, բայց Ռուսիո կառավարությունը շղթաներով կապում է նորան և ազատության մարգարեներին պատասխանում է բանտով, կնուտով և աքսորով»։ Եվ ապա․ «Խաբանոք ճանկել է Վրաստանը և Հայաստանի մի մասը և ճնշում է նորանց յուր ծանրության տակ»։

Դառնակսկիծ անդրադարձ կա նաև Եվրոպայի քաղաքականությանը Թուրքիայի նկատմամբ․ «Եվրոպական տերությունքն անդադար օգնություն են տալիս Թուրքիային, որ նա դիմանա և չկործանվի։ Որպեսզի Թուրքիո ստրկացած հայ, սլավոն և հույն ժողովուրդը քաղաքակրթիչ հոգաբարձուից չզրկվի։ Կուրանով Ավետարանի որդի՞ք քաղաքակրթել։ Այդ քաղաքակրթությունը ավելի փրկարար է։ Ավետարանից թերևս ազատության կարող է ծագել, իսկ Կուրանից և այդ երկյուղը չկա»։

Վնասակար և անիրավ է այնպիսի ազգությունը, որ ուրիշ ազգություններին զոհում է հանուն իր կյանքի՝ փոխանակ բոլորի համար պահանջի հավասար իրավունք։ Նալբանդյանը պատասխանում է ապագայի աշխարհաքաղաքացիներին․ ազգությունն օգտակար է և անհրաժեշտ, եթե ընկալվում է ոչ որպես բարոյական շռայլություն, այլ որպես կարիք և իրավունք, բողոք՝ երկրի վրա մի կտոր հող ձեռք բերելու, տնտեսական խնդիրը լուծելու, որպեսզի այդ ազգության անդամներն ապահովեն իրենց ապրուստը, չլինեն ուրիշի ստրուկ, այլ աշխատեն թեթևացնել մարդկության գործը. «յուր հավաքական անձնավորության անունով իրավունք ձեռք բերելով և նույն իրավունքը և արտոնությունքը, հավասարապես, յուր անդամներին բաշխելով»։

Գրքում բազմաթիվ են ինչպես մտքի գոհարներն, այնպես էլ վաղուց հնացած, ժամանակի մոլորություններն արտացոլող դրույթները, ինչը 160-ամյա որևէ հրապարակախոսական երկի համար անխուսափելի երևույթ է։ Արդեն իսկ, «Երկրագործությունը»՝ բացի հրապարակախոսական բնույթի երկ լինելուց, նաև սոցիալ-տնտեսագիտական և փիլիսոփայական վերլուծություն է։ Դրանում նկատելի է ֆիզիոկրատների ազդեցությունը (վերնագիրը հուշում է այդ), սակայն, ի տարբերություն ֆիզիոկրատների, Նալբանդյանը կողմնակից է ոչ թե հողի մասնավոր, այլ հանրային սեփականություն լինելուն, ինչը նրա տեսակետները մոտեցնում էր ուտոպիստներին։

Հողի հավասար բաժանման գաղափարն իր  ժամանակի համար հանդգնություն էր՝ Ժ․ Ժ․ Ռուսոյի հայացքների պատմական զարգացման արդյունք։ Հողի դերի և դրա համայնացման հարցում Նալբանդյանը հանդես էր գալիս իբրև Ա․ Գերցենի և Ն․ Չեռնիշևսկու հետևորդ։ Նրա գրքում գաղափարական համընկնումներ կան Օգարյովի «Ի՞նչ է պետք ժողովրդին» թերթիկի (ինքը՝ Նալբանդյանը, մասնակցել էր «Զեմլյա ի վոլյայի» ծրագրի ստեղծմանը) և գյուղացիական հարցին նվիրված աշխատությունների, Բակունինի «Ռուս, լեհ և բոլոր սլավոն բարեկամներին» հոդվածի հետ։

Որպես ամբողջություն ուտոպիստական, սակայն առանձին հատվածներում մարգարեական և ուղենշային՝ Միքայել Նալբանդյանի գլուխգործոցն իր արժանի տեղն է գրավել 19-րդ դարի հայոց ազգաստեղծ երկերի («Վերք Հայաստանի», «Սամվել» և այլն) շարքում, և դրանում արտահայտված շատ մտքեր այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։                

 

Աշոտ Գրիգորյան