Նախաբան` Նիցշեին նվիրված երաժշտական տոնակատարությանը

Նախապես իմացեք, որ փխրուն բառը չպետք է տեւական ժամանակ ընդհատի հնչերանգների լեզուն: Դա իմ հանձնարարությունը չէ, եւ ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար. այստեղ պետք է առաջարկել մի թեմա, որը կնմանվի Նիցշեի մասին դասախոսության, գրական-քննադատական գիտաժողովի: Նա հետին թվով հայացք է նետում հոգեւոր այն իրականությանը, որտեղ ձախողվում էր իրերի ընթացքը, որտեղ ամոթի եւ ամաչկոտության պատճառով խոսքը մնում էր բերանում, երբ մենք հասարակության մեջ հռետորական քննարկումներ էինք սկսում այն պաշտոնապես հաղթահարելու մասին. դա մեր հոգեւոր հիմնական փորձառություններից էր եւ անսահման որոշիչ ազդեցություն էր գործում: Այդ առաջադրանքը, որը ես կարողացա ստանձնել, ինձնից ավելին չէր պահանջում, քան մի քանի բառով մեր այսօրվա տոնակատարության իմաստը կամ դրա հիմքում ընկած եւ այդ ձեւն արդարացնող միտքը կամ զգացմունքը նրանց բացատրելը:
Ասել, թե ինչու որոշեցինք ոգեկոչել այդ հանդուգն, մարգարեաբար կառավարող եւ դաստիարակող ոգու հիշատակը, որի անունը հավերժացնում ենք ոչ թե ելույթներով, այլ` երաժշտությամբ, նշանակում է միաժամանակ խոստովանել, թե ինչ է այն այսօր նշանակում մեզ համար, մասնավորապես, թե որ կետում ենք զգում նրան, որը հենց հիմա` այս գերմանական եւ եվրոպական ժամին, մեր բարոյականության կերտողն է:
Ոչ ոք նրա պես չէր կարող սիրել երաժշտությունը. մենք սա նշում ենք մեր որոշումն արդարացնելու համար: Նա երաժիշտ էր: Ոչ մի այլ արվեստ այդքան հոգեհարազատ չէր նրան, որքան`այս մեկը. ցանկացած այլ արվեստ, իր ակտիվ միջամտությամբ հանդերձ, մնում էր այդ արվեստի ստվերում: Նա տարբերում էր աչք ու ականջ ունեցողներին եւ իրեն համարում էր վերջիններից մեկը: Նա գրեթե չէր արտահայտվում կերպարվեստի մասին, եւ, ըստ երեւույթին, այդ կերպ չէր հիշում իր աստղային ժամերը: Լեզուն եւ երաժշտությունը նրա փորձառությունների, սիրո եւ ճանաչողական արկածների, ինչպես նաեւ` նրա ստեղծարար գործունեության ոլորտն էին: Նրա լեզուն ինքնին երաժշտություն է եւ ավետում է ներքին լսողության նրբությունը. այն գործի, տեմպի եւ թվացյալ չգրված խոսքի ռիթմի յուրօրինակ վարպետություն է, որի նմանը երբեք չի եղել գերմանական արձակում, թերեւս, նաեւ` եվրոպական արձակում: Միայն քննադատության եւ պոեզիայի հարաբերությունն ու ներքին կապը չեն, որ ի հայտ են բերում Նիցշեի ֆենոմենը` ճանաչված այս բանաստեղծի ֆենոմենը: Միաժամանակ այն հանճարեղ անհատականությամբ եւ ստեղծագործ ազդեցությամբ ցուցադրում է քննադատության եւ երաժշտության յուրօրինակ ներքին միասնությունը: Քննադատությունը, սակայն, նշանակում է խզում եւ որոշում, իսկ դա երաժշտություն էր, որի հետ կապված էին նրա մտքի եւ հոգու բարձրագույն որոշումները, մարգարեաբար իշխող խիղճը:
Մի խոսքով, նա երաժշտությանը հարաբերվում էր կրքոտ կերպով: Բայց ի՞նչ է կիրքը: Ինչպե՞ս է «տառապանք»-ի մասնիկը տարրալուծվում բառերի եւ հասկացությունների այդ կառույցում: Ի՞նչն է ստիպում տառապել սիրուց: Դա կասկածն է: Նիցշեն մի անգամ ասել է, որ փիլիսոփայի սերը կյանքի հանդեպ նույնն է, ինչ սերը կնոջ նկատմամբ, որը ստիպում է մեզ կասկածել: Նա կարող էր նույնն ասել երաժշտության հանդեպ իր սիրո մասին: Կասկածի խայթոցով սերն էր, որ այն վերածեց կրքի, եւ երբ կիրքը սահմանվեց որպես կասկածելի սեր, այդ սահմանումը կրեց իր կնիքը:
Մեր հաջորդ հարցը հետեւյալն է. մարգարեաբար կրթված իշխանությունն ու խիղճը ինչո՞ւ էին երաժշտության հանդեպ նրա սիրո մեջ կասկածի առիթ փնտրում: Այնուհետեւ մենք փորձում ենք գտնել այն հարցի պատասխանը, որ նա, լինելով հավատացյալ գերմանացի, գրեթե նույնացնում էր երաժշտությունը ռոմանտիզմի հետ, եւ որ ճակատագիրը նրան հերոսական առաքելություն էր վերապահել`բարձրագույն կախարդանքով ներքաշվելու երաժշտական ռոմանտիկայով լեցուն այդ հոգեւոր ուժերի համալիրում: Իսկ ռոմանտիկ երաժշտությունն այդ կերպ ինչ-որ բան է ապացուցում գերմանացիներին:
Նրա հերոսությունը նշանակում է ինքնահաղթահարում: Հանուն կյանքի նա իր ողջ հանճարով պայքարում էր «ասկետիկ իդեալների» դեմ, բայց հենց ինքն էր այդ ներհայեցող ասկետիզմի հերոսը, որը հեղափոխության բարոյական արտացոլումն է: Ինչպես Վագները, ումից նա առանձնացավ իր խղճի թելադրանքով, թեեւ նրան սիրում էր մինչեւ մահ, նա իր հոգեւոր ծագմամբ ռոմանտիզմի ուշացած զավակն էր: Վագները հզոր եւ երջանիկ էր ինքնափառաբանման եւ ինքնակատարելագործման մեջ, մինչդեռ Նիցշեն ինքն էր հաղթահարում հեղափոխականությունը, ինչը նշանակում է, որ նա մնաց միայն դարաշրջանի վերջին փառաբանողն ու անվերջ դյութանքով կատարելագործողը`դառնալով նաեւ մարդկության նոր ապագայի տեսանողն ու ուղեցույցը:
Ահա թե ով է նա մեզ համար`կյանքի ընկեր, մարդկության բարձրագույն տեսանող, ապագայի ուղեցույց, մեր միջի ամեն ինչը հաղթահարող ուսուցիչ, որը հակադրվում է կյանքին ու ապագային, այսինքն` ռոմանտիզմին: Ռոմանտիզմն արտահայտվում է անցյալի նկատմամբ կարոտը բարձրաձայնող երգով, մահվան կախարդական երգով, եւ Ռիխարդ Վագների ֆենոմենը, որը Նիցշեն անվերջ սիրում էր, եւ որը պետք է հաղթահարեր նրա իշխող ոգին, ոչ այլ ինչ էր, քան պարադոքսալ եւ հավերժ հետաքրքրաշարժ մի երեւույթ, աշխարհը նվաճող մահվամբ արբեցում:
Ես լավ գիտեմ, թե մենք մեր հոգու խորքում, ի հեճուկս Նիցշեի, ի հեճուկս Գյոթեի, որքան շատ ենք դիմադրում ռոմանտիկին, որը հակադրվում է կյանքին եւ հիվանդի տպավորություն թողնում: Արդյո՞ք դա աշխարհի ամենացանկալի եւ առողջ ծնունդը չէ, ինքնին ամենասիրելին` ծնված ժողովրդի հոգու խորքից: Այո’, կարելի է չկասկածել դրանում: Սա մի միրգ է, որը թարմ եւ առողջ է այս պահին, սակայն այն հակված է քայքայվելու եւ փտելու. ինչպես ոգու ամենամաքուր թարմությունն ես վայելում ճիշտ պահին, իսկ հաջորդ պահին, երբ սխալվում ես, տեսնում ես, որ այն հակված է փտելու եւ փչանալու`մինչեւ մարդկության վայելելը: Դա կենաց պտուղ է, որը ծնունդ է առել մահվանից եւ վրեժ է լուծում նրանից: Դա հոգու հրաշք է, թերեւս բարձրագույնը`անխիղճ գեղեցկության առջեւ եւ օրհնված նրանից, սակայն հիմնավոր պատճառներով կասկածանքի է արժանանում ընկերների` պատասխանատվությամբ առաջնորդվող աչքում եւ խղճի թելադրանքով հասնում ինքնահաղթահարման:
Անշուշտ, այսօր էլ է պահանջվում ինքնահաղթահարում: Դա սիրո, հոգու դյութանքի, անկանխատեսելի հետեւանքների առջեւ չընկրկելու միակ հնարավորությունն է: Մենք բոլորս նրա որդիներն ենք եւ գիտենք նրա զորությունը: Որպես հոգին դյութող արվեստագետ`ցանկալի կլիներ հայրենաբաղձ երգը զանգվածային ձեւով տարածել եւ այդ կերպ նվաճել աշխարհը: Հավանաբար ցանկալի կլիներ հիմնել կայսրություններ, երկրային, չափազանց հողեղեն կայսրություններ, որոնք շատ ամուր եւ առաջադեմ են եւ այնպես կարոտաբաղձ չեն, ինչպես այդ երգը. եթե կարող եմ այսպես անվանել, այն փչացած էլեկտրական երգեհոնի երաժշտություն է: Սակայն նրա լավագույն որդին կարող էր լինել նա, որը կյանքն ավարտեց պայքարի մեջ եւ մահացավ`շուրթերին ունենալով նոր խոսք, երբ հազիվ էր կարողանում խոսել, եւ մենք էլ նույնպես հազիվ թոթովում էինք մարգարեական մի խոսք կյանքի, բարեկամության եւ ապագայի մասին:
Ինքնահաղթահարումը, սակայն, գրեթե միշտ նման է ինքնադավաճանության եւ ընդհանրապես դավաճանության: Նիցշեի մեծ, կերպարանափոխված ինքնահաղթահարումը, այսպես կոչված, հրաժարումը Վագներից, նույնպես նույն ընկալումն ուներ: Նրա ընկերներն ահազանգում էին, որ բարի վախճան չի ունենա մեկը, որը սղոցում է այն ճյուղը, որին նստած է: Լավագույն գրքի` Բերտրամի գրքի մի գլուխը նրա մասին վերնագրված էր «Հուդա»: Նիցշեն դարձավ Հուդա, եւ դա է պատճառը, որ այսօր մարդիկ երդվում են նրա անունով, ոչ թե կայսերական ռոմանտիկի անունով, որը հավատում է ապագային, եւ որը դարձել է վերջին մարդու նոր ուխտի ավետարանիչը:
Արդեն նշեցինք, որ նրա խղճի կայացրած բարձրագույն որոշումներն աղերսվում են երաժշտությանը: Դրանով ապացուցվեց նրա սխրանքը եւ նրա միջոցով գտավ լուծում եւ փրկագին: Մի առիթով նա գրել է. «Երաժշտությունը եւ արցունքները հազիվ եմ բաժանում միմյանցից»: Ինչպես կարող ենք մեզ լավ չզգալ, երբ նրա հիշատակը տոնում ենք բարձր երաժշտությամբ, որը կատարում է գործիքին տիրապետող լավագույն վարպետը, եւ, ինչպես մեզ վստահեցնում են, Նիցշեն նույնպես հանկարծաստեղծման վարպետ էր: Ես ուրախ եմ, որ կարող եմ լռել`ձեզ հետ այն լսելու համար, եւ կարծում եմ, որ նա էլ է մեզ հետ լսում:
Թարգմանությունը գերմաներենից`Թագուհի Հակոբյանի: