«Մուսա լեռան քառասուն օրը» պարտադիր ընթերցանություն է ցանկացած մարդու համար

130 տարի առաջ՝ սեպտեմբերի 10-ին ծնվել է Ֆրանց Վերֆելը: Մուսա լեռան հայկական դիմադրության գեղարվեստական արձանագրությունը բացի գրական մեծ հաջողությունից, աշխարհին պատմեց ճշմարտությունը 1915-ին հայերի հանդեպ ոճիրի և թուրքական հրեշավոր ծրագրերի մասին: Գրեթե մեկդարյա պատմության ընթացքում Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով: Վերջիններից մեկը վեպի լատիշերեն թարգմանությունն է, որը լույս է ընծայել «Յանիս Ռոզե» հրատարակչությունը: Թարգմանական բարդ այս նախագիծն իրականացվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  և Ավստրիայի կառավարության աջակցությամբ: Թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը  ճապոնագետ է և հայտնի է ճապոներենից գրական թարգմանություններով, բայց գեղարվեստական թարգմանություններ արել է նաև գերմաներենից, ռուսերենից և անգլերենից: Իլզե Պաեգլե-Մկրտչյանը Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի կինն է: Ինչո՞ւ է նա  ընտրել Վերֆելի հայտնի վեպը և բազմաթիվ այլ հարցերի մասին նա խոսել է «ArtCollage»-ին տված  բացառիկ հարցազրույցում:

-Դուք ճապոնագետ եք, բայց ճապոներենից բացի թարգմանություններ եք արել մի քանի այլ լեզուներից: Ինչո՞ւ անդրադարձաք Վերֆելին և ինչո՞ւ ընտրեցիք հատկապես «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:

-Այո, ես մասնագիտությամբ ճապոնագետ եմ, այդ պատճառով սկսել եմ ճապոնական  գրականության թարգմանությունից, և ինձ դուր եկավ գեղարվեստական թարգմանության բուն պրոցեսը: Այդ ժամանակից ի վեր աշխատում եմ այս բնագավառում, բայց ես գրականություն թարգմանում եմ իմ մյուս աշխատանքներից ազատ ժամանակում, և դա  ինձ մի շատ կարևոր ու մեծ առավելություն է տալիս, քանի որ կարող եմ թարգմանության համար ընտրել հենց այն գործերը, որոնք ինքս եմ ուզում: «Մուսա լեռան քառասուն օրը» հենց այդ գործերից էր: Ինչո՞ւ ընտրեցի հատկապես այդ վեպը: Նախևառաջ այն բացարձակ հրաշալի մի ստեղծագործություն է, և, իրավամբ, համարվում է 20-րդ դարի լավագույն վեպերից մեկը: Թարգմանչի համար մեծ երջանկություն է աշխատել այդպիսի տեքստի հետ: Եվ երկրորդ՝ իմ կյանքը սերտորեն կապված է Հայաստանի հետ և հայկական թեման, որ գլխավորն է Վերֆելի վեպում, մյուս որոշիչ գործոնն էր, թե ինչու ընտրեցի այդ գործը: Եվ 3-րդ գործոնը, որը  ես կատակով անվանում եմ իմ միսիոներական հակումները, այն է, որ ես միշտ ցանկանում եմ մարդկանց ծանոթացնել ինձ հետքրքիր և  կարևոր իրողությունների հետ: Այս թարգմանությունը հենց այդ շարքից է: Ես կարծում եմ, որ այս վեպը հետաքրքիր է, շատ կարևոր և անգամ պարտադիր ընթերցանություն է  ցանկացած մարդու համար:

Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր աջակիցներին, որոնց հովանավորության շնորհիվ իրականացավ այս ծրագիրը, իմ շնորհակալությունը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Ավստրիայի կառավարությանը, նաև՝ մասնավոր հովանավորներին, որոնք նույնպես տեսան այս նախագծի կարևորությունը և օգնեցին մեզ:

-Ենթադրում եմ, որ թարգմանության ընթացքում բախվել եք բազմաթիվ խնդիրների, ի՞նչ կասեք թարգմանության դժվարությունների մասին:

-Այո, իհարկե, կարող ենք խոսել այդ մասին, եթե դա հետքրքիր է: Պետք է ասեմ, որ շատ առանձնահատուկ թեմա է: Սկսեմ գլխավոր դժվարությունից: Նախևառաջ այս վեպը շատ բազմաշերտ և բազմաձայն գործ է. ես միշտ ցանկություն ունեմ այն համեմատել  բազմազան նրբերանգներով և բազմաձայն մեծակտավ սիմֆոնիայի հետ: Իհարկե, այս ամբողջ ոճային հարստությունն ընթերցողին փոխանցելը հեշտ չէր, պետք էր շատ աշխատել: Կուզենայի անդրադառնալ նաև մի քանի այլ խնդիրների: Օրինակ, մի խնդիր, որը, որքան էլ տարօրինակ թվա, կապված է գենդերային հարցերի հետ: Հեղինակը՝ Վերֆելը, տղամարդ է, ես՝ կին եմ: Առաջին դիտողությունը, որ ինձ արեց իմ խմբագիրը՝ նախնական տարբերակի ընթերցումից հետո, այն էր, որ նա ասաց, որ այն ինչ բնագրում շատ հստակ ընդգծված տղամարդկային հնչողություն ունի, թարգմանության մեջ ստացել է շատ ավելի մեղմ և կանացի արտահայտություն: Եվ նա միանգամայն իրավացի էր. հետագա աշխատանքի ընթացքում մենք փորձեցինք ազատվել դրանից, քանի որ դա ակնհայտորեն ավելորդ էր: Կան ուրիշ առանձնահատկություններ, որոնք ևս կարող են հետաքրքիր լինել, քանի որ դա շատ  նման է ինքնօրինակ լեզվական հնագիտության: Տեքստի վրա աշխատող թարգմանիչը մշտապես ջանում է գտնել այս կամ այն բառի լավագույն համարժեքը: Օրինակ, ֆյուրեր բառը, որը շատ դրական իմաստային մեղմությունն ունի, ինչպես էր մինչև 1933 թվականը: Բոլորս գիտենք թե ինչ հնչողություն ստացավ այդ բառը նացիստական Գերմանիայից հետո: Բայց այն ժամանակ, երբ Վերֆելը գրում էր իր վեպը, այդ բառը ոչ մի նեգատիվ հնչողություն չուներ: Հիմա ի՞նչ անենք մենք դրա հետ, ինչպե՞ս ազատվել ավելի ուշ շրջանում այդ բառի տհաճ շերտավորումներից և թողնել այն դրական հնչողությունը, որ այդ բառն ուներ ի սկզբանե: Ահա մի խնդիր, որը թեև զավեշտական, բայց, այնուամենայնիվ, խնդիր է: Հնարավոր չէ անտեսել բազմաթիվ իմաստաբանական շերտերը, պետք է գտնվեն այլ բառ կամ բառեր, որոնք ճշգրտորեն կարտահայտեն Վերֆելի բնօրինակի իմաստային նրբությունները: Սա նմանատիպ շատ խնդիրներից ընդամենը մի օրինակ է:

-Գիտեմ, որ թարգմանության ընթացքում մեծաքանակ պատմական գրականություն եք ուսումնասիրել: Որքանո՞վ դա օգնեց ձեր աշխատանքին:

-Կարծում եմ, որ դա պետք է անի յուրաքանչյուր թարգմանիչ, երբ աշխատում է որևէ  ստեղծագործության վրա, որը նրա ազգային մշակույթի մաս չի կազմում, և որին նա շատ լավ ծանոթ չէ: Նա պետք է իմանա, ծանոթ լինի և զգա ստեղծագործության  ենթատեքստը, բայց դա հնարավոր չէ, եթե սիրահարված չես այդ մշակույթին: Բացի այդ, ես հետազոտական աշխատանք եմ տարել, քանի որ ինձ հետաքրքրում էր, թե որքանով է վավերագրական Վերֆելի պատմությունը: Երբ ես սկսեցի մտածել այս թարգմանության  մասին, գիտակցում էի, որ իմ խնդիրներից մեկը լինելու է հետազոտությունը՝ թե ինչն է մտացածին, գեղարվեստական, և ինչը՝ իրականություն: Ես փնտրում էի աղբյուրներ վեպում հիշատակված վայրերի և իրադարձությունների մասին: Բայց իմ ընտրությունն ինչ-որ չափով սահմանափակ էր: Պարզվեց, որ Վերֆելը, որ տևականորեն ուսումնասիրել էր Օսմանյան կայսրությունում հայերի և Հայոց Ցեղասպանության մասին գրականությունն ու աղբյուրները ոչ միայն չափազանց շատ է կարդացել ականատեսների վկայությունները, հրաշալի ծանոթ էր պատմությանը, այլև գրական տեքստ է ներմուծել ականատեսների պատմությունները՝ իրեն հասանելի փաստաթղթերից: Եվ ուսումնասիրության ընթացքում ինձ հաջողվեց բացահայտել բավականին շատ նման մեջբերումներ: Երբեմն դրանք բավականին էական մանրամասներ են՝ ջանասիրորեն վերարտադրված և նվազագույն փոփոխություններով: Դա զարմանալի հայտնագործություն էր, որը նաև օգնեց հասկանալ որոշ այլ բաներ նույնպես: Օգտվելով  առիթից պետք է իմ խորին երախտագիտությունը  հայտնեմ պրոֆեսոր Շամասյանին, որը գրքի վերջաբանի հեղինակն է և ինձ շատ է աջակցել աշխատանքի ընթացքում, նաև օգնել է ձեռք բերել նյութեր, որոնք դժվար էր գտնել այստեղ: Նա անգամ թույլ տվեց ծանոթանալ իր դեռ չհրատարակված գրքի ձեռագրին, որը նվիրված է Մուսա լեռան հայերին:

-Այսօր, երբ դարից ավելի է անցել այդ ողբերգական իրողություններից, ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ վեպի գլխավոր ուղերձը:

-Ես կարծում եմ, որ այս  գիրքը հումանիզմի ահռելի պաշար ունի, և այն գրքերից է, որոնք միշտ արդիական են և երբեք չեն հնանում՝ ոչ միայն 100, այլև գուցե նաև 500 տարի անց: Այն օգնում է ընթերցողին հասկանալ, եթ ինչպես կարելի է անմարդկային պայմաններում պահպանել մարդկայնությունը: Եվ դա չափազանց կարևոր է: Հատկանշական է, որ ընթերցողները շատ նրբազգաց կերպով ընկալում են հենց այդ ուղերձը: Օրերս կարդացի երիտասարդ մի լատիշուհու արձագանքը գրքին, որը մինչև այդ ոչինչ չգիտեր ո՛չ ՎերՖելի, և ո՛չ առավել ևս Հայոց Ցեղասպանության մասին: Նա գրում է. «Վեպի հերոսների թիկունքում իրական մարդիկ են: Անհնար է այդ գիրքը կարդալ առանց սարսուռի և հայ ժողովրդի հանդեպ կարեկցանքի»: Տեսեք այդ երիտասարդ լատիշուհին ընկալել է մարդասիրության ուղերձը և համադրել է հայ ժողովրդի մեծ ողբերգությունն ու լատիշների պատմության ողբերգական իրողությունները: Սա, իհարկե, չափազանց կարևոր է:

-Ինչպե՞ս եք գնահատում թարգմանության նշանակությունը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում:

-Այս հարցին, իհարկե, շատ ավելի ճշգրիտ կպատասխաներ ամուսինս, բայց կարծում եմ, որ գեղարվեստական ստեղծագործությունները, մանավանդ, այնպիսիք, ինչպիսին է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, կարող են շատ քաղաքական հարցերի լուծմանը նպաստել: Դրանք ոչ թե չոր փաստեր ու թվեր են ներկայացնում, այլ ապրումակցման  զգացողություններ են առաջացնում, նաև՝ կարևոր հարցերի շուրջ հասարակական կարծիք են ձևավորում: Եվ Հայոց Ցեղասպանության հարցում նույնպիսի դրական տեղաշարժեր են նկատվում նաև Լատվիայուն: Եվ դա շատ ուրախալի է: Այս տարվա ապրիլին ֆեյսբուքյան իր գրառումով Լատվիայի լյութերական եկեղեցու արքեպիսկոպոսը բացատրում էր, թե ինչու է գլխավոր տաճարում ապրիլի 26-ին տեղի ունեցած արարողությունը նվիրվել Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Եվ գրառման մեկնաբանություններում շատերը հիշատակում էին այս գիրքը՝ նշելով որ այն չափազանց մեծ ազդեցություն է ունեցել իրենց վրա:

-Այսօր և՛ Հայաստանում, և՛ Լատվիայում շատ հետաքրքիր գրականություն է ստեղծվում: Ի՞նչ եք մտածում այդ գրականությունը երկու լեզուներով ներկայացնելու մասին:

-Ես կարծում եմ, որ այդ գործընթացն արդեն մեկնարկել է. կան հայ գործընկերներ, որոնք թարգմանում են լատիշական գրականությունը: Եվ ուզում եմ հատուկ նշել իմ լավ բարեկամ Վալդա Սալմինյայի աշխատանքը, որն այսօր թարգմանում է հայկական գրականությունը: Կուզենայի իմ հայ գործընկերներին խորհուրդ տալ ուշադրություն դարձնել լատվիական գրական այս կամ այն գործին, որը կարող է թարգմանական հետաքրքրություն ներկայացնել: Ինքս նույնպես կարող եմ լատվիացի ընթերցողներին ծանոթացնել Հայաստանի և հայության մասին այս կամ այն  գրական գործին: Շատ ուրախ կլինեի, եթե այս թարգմանական կապերն ավելի ամրապնդվեին, և այս փոխգործակցությունն ավելի աշխուժանար կոնկրետ թարգմանական ծրագրերով:

 

Հեղինակ՝ Նունե Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ...