Մորգան Ֆրիման. «Ես եղա 20 քաղաքներում՝ փորձելով գտնել հավատի մասին գլխավոր հարցերի պատասխանները»

Մենք բոլորս ճշմարտության փնտրտուքի մեջ ենք

Հինգ տարի առաջ «National Geographic» հեռուստաալիքի եթերում տեղի ունեցավ «Մորգան Ֆրիման. Պատմություններ Աստծո մասին» վավերագրական ֆիլմաշարի նորամուտը, որում դերասանը փորձում է հասկանալ տարբեր ազգերի կրոնական ավանդույթները: Պրեմիերայի նախօրեին Ֆրիմանը «HELLO» ամսագրին պատմել է, թե Ինչպե՞ս է հղացել այդ նախագծի գաղափարը և հավատի մասին ինչ հարցերի պատասխաններ է նա փնտրել:

Ամենահարգված և ազդեցիկ դերասաններից մեկը («Օսկար»-ի չորս նոմինացիա և մեկ մրցանակ 2005 թ.-ին տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում՝ «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմի համար) հոլիվուդյան երկնակամարում իր ուրույն տեղն ունի: Նա ասես աղմկոտ հոլիվուդյան տոհմի ավագագույնն ու ամենաիմաստունն է, և շատ նոր աստղեր նրա կողքին երեխա  են թվում: Այդ խիստ և ըմբռնող հայացքը, կնճիռների ակոսներով դեմքը, թավ, խորունկ բասը, որը թվում է թե ներթափանցում է հոգուդ խորքը: Ֆրիմանը կարող էր հոգևորական լինել, եթե նա չընտրեր այլընտրանքային առաքելությունը՝ դերասանությունը: Մայրը մաքրուհի էր, հայրը՝ սափրիչ. Մորգանը լավ գիտեր ինչ արժե չամիչի ֆունտը մի չքավոր սևամորթ տղայի համար՝ նախկին ստրկատիրական Ամերիկայի Հարավից:

Ավելի լավ ճակատագրի արժանանալու համար նրան օգնեց դերասանության հանդեպ սերը, որով նա հրապուրվեց դպրոցական ինքնագործունեության խմբակում: Բայց դեպի Հոլիվուդ ճանապարհը երկար էր: Կարիերան հեշտ չէր ստացվում, ինչ-որ տեղ՝ նաև ցավալի: Ստիպված էր աշխատել որպես գրագիր և հասարակական միջոցառումների ժամանակ՝ նեգրական պարային խմբի կազմում, ծաղրածուի հանդերձանքով զվարճացնել «սպիտակ» հանդիսատեսին, և ինը տարի անգործ մնալ: Միայն 50-ից հետո երկար սպասված հաջողությունը հասավ Ֆրիմանին՝ մեծ դերը «Փողոցային տղան» ֆիլմում, որի համար նա առաջադրվեց «Օսկարի»: Այդ ժամանակից ի վեր հաջողությունը չի դավաճանել նրան: «Միսս Դեյզիի վարորդը», «Անհաղթը», «Միլիոն դոլարանոց աղջիկը» և, իհարկե, «Փախուստ Շոուշենկից» (IMDb կայքում ճանաչվել է որպես բոլոր ժամանակների և ժողովուրդների գլխավոր ֆիլմ) Ֆրիմանի դերերը կինոյում կարելի է երկար թվարկել:

«National Geographic» հեռուստալիքը սկսեց «Մորգան ֆրիման. Պատմություններ Աստծո մասին» բազմասերիանոց վավերագրական ֆիլմը, որում դերասանը փորձում է հասկանալ տարբեր ազգերի կրոնական ավանդույթները: Տեղափոխվելով մի սրբազան վայրից մյուսը՝ Հնդկաստանի սուրբ Բոդhի ծառից դեպի Իսրայելի Արտասուքի պատ, հնդկացի մայաների տաճարից մինչև Վատիկան. Ֆրիմանը փնտրում է հավերժական հարցերի պատասխաններ: Ի՞նչ է Աստված, Կա՞ արդյոք կյանք մահից հետո, ո՞րն է չարի բնույթը, և ճի՞շտ է, որ աշխարհի վերջի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները սկսել են իրականանալ: Ֆրիմանն անձնական դրդապատճառներ ունի. անցյալ տարի նրա թոռնուհին սպանվեց իր հոգեպես անհավասարակշիռ ընկերոջ կողմից: Բայց  հարցազրույցում Մորգան Ֆրիմանն ասում է, որ փորձում է անաչառ լինել:

-Մորգան, ինչպե՞ս ծագեց այս ֆիլմի գաղափարը:

-Դա տեղի ունեցավ մոտ վեց տարի առաջ, երբ մենք Լորի Մաքրիրիի հետ (Revelations Entertainment-ի համահիմնադիրը, որը թողարկել է ֆիլմը - խմբ.) եղանք Ստամբուլում: Մենք այցելեցինք Սուրբ Սոֆիայի տաճար: Դա քրիստոնեական տաճար էր, որը 1453 թվականին մզկիթ դարձավ: Այժմ այն ​​թանգարան է: Մենք ընդհանրապես չգիտեինք այս տաճարի պատմությունը և շատ զարմացանք, թե ինչու այն մզկիթի տեսք ունի, բայց ներսից ​​զարդարված է աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներով: Զբոսավարը մեզ բացատրեց, որ աստվածաշնչյան պատմության իրադարձությունները և իսլամի պատմությունը միահյուսված են, և որ իսլամը, հուդայականությունը և քրիստոնեությունը շատ ընդհանրություններ ունեն: Այդ ժամանակ Լորիի և Ջեյմս Յանգերի (Revelations Entertainment-ի տնօրեն - խմբ.) մոտ մտահղացում առաջացավ կրոնի պատմության մասին վավերագրական ֆիլմաշար անել: Նրանք Լորիի հետ  որոշեցին, որ ես ոչ միայն պետք է կարդամ կադրից դուրս տեքստը, այլև դառնամ նկարահանումների անմիջական մասնակից:

-Ինչպիսի՞ն է ձեր անձնական վերաբերմունքը կրոնի նկատմամբ:

-Ինձ համար Աստված մեծ առեղծված է: Ամբողջ կյանքիս ընթացքում փորձում եմ գտնել այս հարցի պատասխանը, բայց մինչև օրս չեմ գտել: Գալիս է կյանքի մի շրջան, երբ ինքդ քեզ հարցնում ես. «Ինչո՞ւ եմ ես այստեղ, ո՞րն է իմ առաքելությունը, որտեղի՞ց ենք մենք»: Այս հարցերն անընդհատ հնչում են իմ մեջ: Գիտությունը գտել է շատ հարցերի պատասխաններ, որոնք դարեր շարունակ գրավել են մարդկությանը, բայց ամենակարևորը՝ կյանքի ծագման պատմությունը, անըմբռնելի է մնացել: Երբ ես Վատիկանում էի, ինձ հաջողվեց զրուցել Պապական գիտությունների ակադեմիայի և Պապական հասարակական գիտությունների ակադեմիայի կանցլեր Մարսելո Սանչես Սորոնդոյի հետ: Մենք քննարկում էինք Մեծ պայթյունի տեսությունը՝ որպես երկրի վրա կյանքի ծագման վարկածներից մեկը: Նրա միտքն ինձ շատ հետաքրքիր թվաց: Նա ասաց. «Եթե կյանքը սկսվել է Մեծ պայթյունի շնորհիվ, ապա ինչ-որ բան պետք է որ լիներ պայթյունից առաջ»:

-Ֆիլմի վրա աշխատանքի ո՞ր պահերն են հատկապես տպավորվել:

-Ջոել Օսթինի եկեղեցում ես ապրեցի զգացողություն, որը նախկինում  չեմ զգացել որևէ տեղ: Տեսնելով Ջոելին, ինքս ինձ ասացի. «Այս տղան իսկական է»: (Ջոել Օսթինը կոմերցիոն առումով  ամերիկյան ամենահաջողակ հեռուստաքարոզիչներից է:) Բայց գիտեք, ես ուրիշ դրվագներ էլ եմ հիշում: Օրինակ, թե ինչպես էինք լաստանավում Հնդկաստանի Գանգես գետ երկայնքով: Շատ հետաքրքիր էր հետևել Գանգեսի ափին տեղի ունեցող ծեսերին. Դիակիզումներ, հուղարկավորման լվացման արարողություններ և անմիջապես՝ հարևանությամբ... սպիտակեղենի լվացում: Պարադոքսալ հարևանություն: Ես հաճույքով զբոսնում էի հնդկական քաղաքների նեղ փողոցներով, հետևում էի առևտրականներին, պաշտամունքի սպասավորներին: Այնտեղ սերտ կապի մեջ են միստիկն ու կենցաղայինը:

-Այս ֆիլմի օգնությամբ լուծե՞լ եք ձեր ներքին հարցերը:

-Ես ձգտել եմ չծանրաբեռնել ֆիլմն անձնական շարժառիթներով: Ընդհակառակը, ինձ համար առավելագույն չափով կարևոր էր անաչառ մնալ: Ես այս ֆիլմում եմ, ոչ այն բանի համար, որ իմ գաղափարներն ու պատկերացումները պարտադրեմ հանդիսատեսին, որովհետև այս պատմությունն իմ մասին չէ: Սրանք մեր «Պատմություններն են Աստծո մասին»: Չեմ կարծում, որ ճիշտ կլիներ, որ ես անընդհատ մեջ ընկնեի իմ մտքերով, զգացմունքներով ու գաղափարներով:

-Ի՞նչն է ձեզ ամենից շատ զարմացրել ֆիլմի վրա աշխատելիս:

-Ամենից շատ ինձ զարմացրեց այն, թե որքան շատ տարբեր մարդիկ են տալիս ճիշտ նույն հարցերը, ինչ-որ ես: Պարզվեց, որ բոլորս ուզում ենք նույն բանը իմանալ: Մենք բոլորս ճշմարտության փնտրտուքի մեջ ենք: Դա ինձ համար հայտնություն էր:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի