Մոնիկա Վիտի. իտալական կինոյի վերջին աստղը

90 տարեկանում վախճանվել է Եվրոպայի մեծ դերասանուհիներից մեկը, իտալական կինոյի ինտելեկտուալ հմայքը՝ Մոնիկա Վիտին: Միքելանջելո Անտոնիոնիի կինոեռապատումի ֆիլմերում՝ «Արկածում», «Գիշերում» և «Խավարումում» նա ստեղծեց  օտարացման, երջանկության անհնարինության և անհուսության իր աշխարհը, որն իրավունք է տալիս դերասանուհուն դասել ամենամեծ Արտիստների  շարքին: Կինոաշխարհը հրաժեշտ է տալիս Մարիա Լուիզա Չեկյարելիին՝ Մոնիկա  Վիտիին։ «ArtCollage»-ը  ներկայացնում է կինոքննադատ Սեմյոն Չերտոկի՝ դեռ խորհրդային տարիներին դերասանուհու հետ արված հարցազրույց-հոդվածը, որը տպագրվել է «Զարուբեժնի էկրան» ամսագրում:

 

Այս իտալացի դերասանուհուն հարյուրավոր հոդվածներ են նվիրված տարբեր երկրների թերթերում և ամսագրերում։ Հավանաբար, գրեթե նույնքան, որքան Միքելանջելո Անտոնիոնիին, որը նկարահանել է նրան իր մի քանի ֆիլմերում. Կլաուդիա՝ «Արկած» (1959թ), Վալենտինա՝ «Գիշեր» (1960 թ.), Վիտորիա՝ «Խավարում» (1961 թ.), Ջուլիանա՝ «Կարմիր անապատ» (1964 թ.) - Մոնիկա Վիտիի այս հերոսուհիների մեջ՝ գրեթե առանց դիմահարդարման, միմյանց նման և՛ արտաքնապես, և՛ հոգեպես, զսպվածության քողի տակ, ներքին դրամատիզմ, ինչ-որ անհուսություն և անավարտ խոսք է զգացվում… Նո՛ւյն ոճով, նո՛ւյն ժանրով, նո՛ւյն ձևով արված այս ֆիլմերը, վերստեղծում են յուրահատուկ, որևէ այլ աշխարհի չնմանվող մի աշխարհ՝ Անտոնիոնիի աշխարհը: Եվ որի մարմնավորումը դարձավ Մոնիկա Վիտին: Նրա հերոսուհիներն այս ֆիլմերում տաղտուկից, միայնությունից, գոյության անիմաստությունից ցավագին տառապող ժամանակակից իտալուհիներ են. նրանք փոխըմբռնում են փնտրում շրջապատողների հետ, ձգտում են հաղթահարել միայնությունը:

Մի անգամ խոսելով դերասանուհու վերամարմնավորման ունակության մասին՝ Անտոնիոնին գրել է. «Նախքան «Կարմիր անապատ» ֆիլմը սկսելը, ես հետևում էի  նյարդային հիվանդ շատ մարդկանց՝ կլինիկաներում և կլինիկաներից դուրս, և ինձ թվում է, որ ես նրանց հետո տեսա Ջուլիանայի կերպարում: Քիչ դերասանուհիների կհաջողվեր  դա փոխանցել այնպես՝ ինչպես Վիտին։ Ֆիլմի դիտումից հետո մի հոգեբույժ ասաց, որ կլինիկական տեսանկյունից հերոսուհու պահվածքը դերասանուհին  փոխանցում է բացառիկ ճշգրտությամբ»։

Իտալացի կինոքննադատները բազմիցս են համոզմունք հայտնել, որ նշանակալից կերպարներ Մոնիկա Վիտին կարող է ստեղծել միայն Անտոնիոնիի հետ։ Ինքը՝ ռեժիսորը, որի հետ ես զրուցել եմ 1965 թվականի Մոսկվայի կինփառատոնում, չհամաձայնեց դրա հետ՝ կարծելով, որ նկարահանվելով իր ֆիլմերում՝ Մոնիկա Վիտին մեծ զոհաբերություն է արել, շատ բան է զոհել իր արտիստական ​​կարիերայում՝ անընդհատ խաղալով միևնույն կերպարի տարբեր մեկնաբանությունները։

Դա էլ առաջին հարցն էր, որ տվեցի դերասանուհուն, երբ հանդիպեցի նրան Մոսկվայի 6-րդ միջազգային կինոփառատոնում։

Մոնիկա Վիտի -Աշխատանքը նույն ռեժիսորի հետ հարստացնում է դերասանուհուն, եթե այդ ռեժիսորի ազգանունը Անտոնիոնի է։ Ես նրանից շատ բան եմ սովորել՝ և՛արվեստում, և՛ կյանքում, և երջանիկ կլինեմ շարունակել նկարահանվել նրա մոտ։ Իհարկե, Անտոնիոնիի ֆիլմերում որպես դերասանուհի ես մասամբ եմ ինքնարտահայտվել։ Իսկ ես ուզում էի ինձ փորձել նաև այլ ամպլուայում։ Դա բնական ցանկություն է։

-Ձեր դերերից ո՞րն եք համարում լավագույնը Անտոնիոնիի ֆիլմերում:

-Կլաուդիան «Արկածում», իմ առաջին ֆիլմը նրա հետ, որը մեզ կապեց տևական ժամանակով: Այս դերը հատկապես հարազատ է ինձ։

... 1966 թվականին, ասես, ի պատասխան իր քննադատներին, որոնք պնդում էին, որ դերասանուհին չի կարողանա աշխատել այլ ռեժիսորների հետ, բոլորի համար անսպասելիորեն Մոնիկա Վիտին նկարահանվեց անգլիական «Մոդեստի Բլեյզ» ֆիլմում՝ միջազգային գանգստերական հանցախմբի խիզախ պարագլխի դերում: Նրա հերոսուհին վազում էր, կրակում էր, սիրահարվում էր, դաշույններ էր օգտագործում և ստացել էր «կիսաշրջազգեստով Ջեյմս Բոնդ» մականունը։ «Le Nouveau Candide» թերթը այդ դերի մասին գրում էր. «Մինչև եղունգների ծայրը կանացի Մոդեստին միևնույն ժամանակ բոլոր տեսակի մարտարվեստների մասնագետ է. դանակների նետում, ատրճանակից, աղեղից, կարաբինից, գնդացրից կրակել... Նա հրապուրում ու կրակում է նույն հմտությամբ»:

Ես հարցրեցի Մոնիկա Վիտիին, թե ինչո՞վ է բացատրվում ​​փաստը, որ արտասովոր և խոհուն կանանց նրբորեն գծագրված  դերերից հետո, նա համաձայնել է խաղալ հետաքրքրաշարժ, բայց անլուրջ ֆիլմում:

-Դա շրջադարձային պահ էր կինոդերասանուհու իմ կարիերայում։ Ինձ համար լուրջ աշխատանք չէր։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա ես ուզում եմ խաղալ տարբեր դերեր՝ և՛ դրամատիկ, և՛ կատակերգական, և՛ էքսցենտրիկ: «Մոդեստի Բլեյզը» դետեկտիվ պատմության հեգնական նմանակում է: «Ես ամուսնացել եմ քեզ հետ`զվարճանալու համար» ֆիլմը կատակերգություն է: Եվ իմ վերջին երկու ֆիլմերը՝ ռեժիսոր Մարիո Մոնիչելլիի «Աղջիկն ատրճանակով» (մեր վարձույթում՝ «Չվրիպես, Ասսունտա») և ռեժիսոր Ալբերտո Սորդիի «Սեր իմ, օգնիր ինձ», նույնպես կատակերգություն են։

«Աղջիկն ատրճանակով» զվարճալի կինոնկար է, թե ինչպես է սիցիլիացի աղջիկ Ասսունտան ատրճանակով հետապնդում Լոնդոնում թաքնված իրեն գայթակողին։ Ամբողջ գյուղն է նրան ուղեկցում Վինչենցոյին փնտրելու, բայց Մոնիկա Վիտիի փայլուն խաղացած կատակերգական դրվագներից հետո նրա հերոսուհին կորցնում է հանցագործին գտնելու ցանկությունը. մեծ քաղաքը փոխում է գյուղացի աղջկա հոգեբանությունը:

Երկրորդ ֆիլմի առիթով իտալական մամուլը նշել է. «Ալբերտո Սորդին ընդմիշտ Մոնիկա Վիտիին կոմիկական դերասանուհի դարձրեց»։ Ռաֆայելան մեր օրերի տիպիկ բուրժուական կին է։ Իր երիտասարդությունը նա անց է կացրել հարուստ մենաստանին  կից քոլեջում, և դա կործանարար ազդեցություն է ունեցել նրա ներաշխարհի վրա: Ամուսնանալով «բարձր հասարակության» տղամարդու հետ՝ նա որպես հանցագործություն է ընկալում մեկ այլ անձի նկատմամբ ծագած իր զգացմունքները։ Նրա զղջումը, «ապօրինի սերը» հաղթահարելու ձգտումը ավարտվում է նրանով, որ բարեկեցիկ բուրժուական ընտանիքը կանգնում է աղետի եզրին:

-Կատակերգական կերպով,- ասում է Մոնիկա Վիտին,- այս ֆիլմերը բացահայտում են հասարակության սոցիալական խոցերը: Սորդիի ֆիլմը, ի վերջո, նվիրված է  անհաղորդության, բուրժուական հասարակության մեջ զգացմունքների անկայունության նույն խնդիրներին, որոնք բարձրացնում է Անտոնիոնին։ Մոնիչելիի ֆիլմը ծաղրում է  սիցիլիական միջնադարյան բարքերը, որոնք պահպանվել են մինչև օրս: Իմ բոլոր կատակերգություններում իրական, ռեալ խնդիրներ են:

Կատակերգական ​​ձևը դրանք ավելի հասկանալի է դարձնում։ Լուրջ և կարևոր թեմայով կատակերգությունը երբեմն կարող է ավելի օգտակար լինել, քան լուրջ ֆիլմը: «Աղջիկն ատրճանակով» ֆիլմի համար ես ստացա իտալացի կինոքննադատների «Արծաթե ժապավենը», իսկ Ալբերտո Սորդիի հետ մրցանակ ստացանք որպես 1968 թվականի լավագույն կինոդերասաններ։ Դեռ հին հռոմեացիներն էին ասում՝ ծիծաղն ուղղում է բարքերը: Բայց եթե ճիշգրիտ լինեմ,ապա ես սիրում եմ ոչ այնքան կատակերգությունը, որքան երգիծական ժանրը։

-Ինչպե՞ս դարձաք դերասանուհի։ Անտոնիոնի՞ն է հայտնաբերել Ձեզ:

-Անտոնիոնին դերասանուհուն չի հայտնաբերել և մինչև նրա հետ ծանոթանալը ես խաղում էի թատրոնում: Նա ինձ բացահայտեց կինոյի համար. ինձ շատ ռեժիսորներ գիտեին, բայց նրանցից ոչ ոք չէր կարծում, որ ես կկարողանամ կինոդերասանուհի դառնալ։ Կինոն ինձ երբեք չի գրավել, ես հաջողությամբ հանդես էի գալիս բեմում, ուրախանում էի հանդիսատեսի հետ անմիջական շփումից, և ինձ համար ամենակարևորը երեկոները միայն կերպարների կյանքով ապրելն էր։ Ժամանակին Լուչիանո Էմմերն ինձ հրավիրեց նկարահանվելու «Աղջիկները Իսպանիայի հրապարակից» ֆիլմում, սակայն ասաց, որ դրա համար պետք է քթի պլաստիկ վիրահատություն անել։ Ես քիթս դասական քիթ չէի համարում, բայց և չէի կարծում, որ այն այդքան տգեղ է, և հրաժարվեցի։ Մեկ այլ ռեժիսոր ասաց, որ իրեն ոչ գեղեցիկ, բայց հմայիչ դերասանուհի է պետք։ Նման խոսքերը զինաթափում են կնոջը, և ես համաձայնեցի։ Մանավանդ որ քիթն այլեւս խոչընդոտ չէր։ Դա տեղի ունեցավ 1955 թվականին, բայց այդ կինոնկարից հետո ոչ ոք ուշադրություն չդարձրեց ինձ վրա և այլ առաջարկներ չեղան։ Իսկ Անտոնիոնին անմիջապես հավատաց ինձ։

-Պատմեք, խնդրում եմ, ձեր կենսագրության մասին:

-Ծնվել եմ 1933 թվականի նոյեմբերի 3-ին, Հռոմում՝ բուրժուական ընտանիքում։ Իմ իսկական անունն է Մարիա Լուիզա Չեկյարելի։ Պատերազմի ժամանակ, երբ ես դեռ սովորում էի դպրոցում, հորս ֆինանսական գործերը վատացան, և մենք տեղափոխվեցինք Սիցիլիա, որտեղ ապրեցինք մինչև 1943 թվականը։ Մենք վերադարձանք մայրցամաք, քանի որ դաշնակիցների ռմբակոծությունները գնալով ավելի ինտենսիվ էին դառնում, և օրեցօր կարելի էր սպասել նրանց ափ դուրս գալուն: Ծնողներս   իրենց դարաշրջանի մարդիկ էին և ավանդական բուրժուական դաստիարակություն էին ստացել՝ իր բոլոր «տաբուներով»։ Մասնավորապես, նրանք լսել չէին ուզում, որ ես թատրոնի, առավել ևս կինոյի դերասանուհի դառնամ: Ես հնազանդ աղջիկ էի, բայց այս անգամ իմը պնդեցի՝ ընդունվեցի Դրամատիկական արվեստի ակադեմիա։

Իմ բեմելը տեղի է ունեցել 1953 թվականին. խաղացել եմ Մոլիերի, Մարիվոյի, Բրեխտի, Իոնեսկոյի, Օսբորնի, Չեխովի և ժամանակակից իտալացի դրամատուրգների պիեսներում։ 1957-1960 թվականներին Անտոնիոնին իմ մասնակցությամբ մի քանի ներկայացումներ  բեմադրեց և հատուկ ինձ համար գրեց «Խորհրդավոր սկանդալ» պիեսը։ Մնացածը ձեզ հայտնի է:

Երբեք չէի մտածում, որ կինոդերասանուհի կդառնամ, իսկ «Արկածից» հետո տարին մեկ անգամ եմ նկարահանվում, և իմ ցանկում տասնմեկ ֆիլմ ունեմ։ Իմ մասին ասում են, որ ես մարմնավորում եմ մեր դարաշրջանը, իսկ ես հաճախ եմ տառապում, որ ոչ մի կերպ չեմ կարողանում էկրանին կերպավորել ժամանակակից կնոջն՝ իր բոլոր խնդիրներով։

-Ի՞նչ եք նախընտրում`թատրոնը, թե՞ կինոն:

-Որպես հանդիսատես՝ կինոն։ Ես ամեն օր գնում եմ նոր ֆիլմեր նայելու։ Որպես դերասանուհի, ես երբեք չեմ դավաճանի թատրոնին՝ հանուն կինոյի. այն հաջողություն, ճանաչում, ժողովրդականություն է տալիս, չկա թատրոնի մի դերասան, որն իր հայացքներն ու հույսերը չկապեր էկրանի հետ։ Իմ իրական կիրքը թատրոնն է։ Վերջին ներկայացումը, որին ես մասնակցում էի, հաղթարշավով անցավ:

-Ո՞ր դերը կցանկանայիք խաղալ:

-Ես դաստիարակվել եմ դասականներով, այդ թվում նաև ռուս դասականներով։ Խաղացել եմ Տոլստոյի, Դոստոևսկու, Չեխովի ստեղծագործությունների հիման վրա արված բեմադրություններում, մասնավորապես՝ Նինա Զարեչնայային՝ «Ճայում»։ Երազում եմ, որ դա խորհրդային-իտալական ֆիլմ լինի, և որ որպես ռեժիսոր հրավիրված լինի Իոսիֆ Խեյֆիցը։ Նրա «Շնիկով տիկինում»՝ արտասովոր նրբություն, զգայունություն, դյուրըմբռնում կա։

...Մոնիկա Վիտին նկարահանվում է տարբեր ֆիլմերում՝ և լուրջ դրամատիկական, որակյալ կատակերգություններում և ժամանցային կոմերցիոն ֆիլմերում: Բայց թե՛ դերերում, թե՛ կյանքում զգացվում է նրա անհատականության խորությունը, մտքի հմայքը, զգացմունքների նրբությունը։ Ինչ էլ որ նա խաղա, մշտապես զգում ես հզոր և հարուստ էությունը:

 

P.S. Մոնիկա Վիտին երբեք այնքան շատ չի նկարահանվել, որքան վերջին տարիներին. գրեթե ամեն ամսում ՝մի նոր ֆիլմ: Ըստ «Milan Film Courier»-ի՝ նա դարձել է իտալական կինոյի թիվ մեկ դերասանուհին։ Բայց, իտալացի քննադատ Մասիմո Միդան «Drama» ամսագրի էջերում պնդում է՝ Մոնիկա Վիտտին «փոխում է երթուղին»։

Նա գրում է. «Նրա կինոկարիերայի սկիզբը հիմք էր տալիս հուսալ, որ գոնե նա կուլ չի տա «աստղի» քաղցր խայծը. նա այնքան խոհեմ էր, մտածկոտ, սիրահարված թատրոնին՝ ամենևին ոչ նրա արտաքին փայլի համար: Իսկ այսօր վերջին երկու ֆիլմերն են՝ «Խանդի տանգոն» և «Նինի Տիրաբուշոն», հատկապես երկրորդում դերասանուհին իր կերպարին օժտում է փառքի գագաթնակետում գտնվող կինոաստղի բոլոր արժանիքներով. և՛ պար, և՛ երգ, և՛ հոյակապ զգեստներ, և՛ պաթոս, և՛ մելոդրամա, մի խոսքով ատրիբուտների ամբողջական հավաքածու, որոնք Մոնիկա Վիտիին դարձնում են «աստղ»: Նրանք, որոնք տեսել են նրա ելույթները Հռոմի «Գոլդոնի» թատրոնում կամ լսել են, թե ինչպես է նա բանաստեղծություններ արտասանում քաղաքական հանրահավաքի ժամանակ, պարզապես չեն կարող նրան պատկերացնել Մերիլին Մոնրոյի կամ Սոֆի Լորենի նման կինոաստղի դերում: Եվ, այնուամենայնիվ, Մոնիկա Վիտին մեզ ցույց տվեց վերափոխման բարձր օրինակ՝ կտրուկ փոխելով իր կարիերան և անկանխատեսելի շրջադարձ անելով: Դա հատկապես անսպասելի էր Անտոնիոնիի հետ նրա հաջող համագործակցությունից հետո, որի չորս ֆիլմերում նա կերտել է խոցելի, դալուկ էակի կերպար, որն ապրում է մեկուսի և անհաղորդ աշխարհում, մի հասարակության մեջ, որի դուստրն է ինքը, և որի կողմից գրեթե հասցվել է հոգեկան խանգարման: Դժվար էր այն ժամանակ ենթադրել, որ դերասանուհին հանկարծ կընտրի դիվայի՝ հանրության լայն շրջանակների կուռքի ճակատագիրը։ Իսկ կինոյում փոխելով իր «երթուղին»՝ Մոնիկան փոխում է նաև իր կենսակերպը՝ այժմ նա ամբողջովին լրագրողների հոգածության ներքո է, մասնակցում է տարբեր փառատոների. մի խոսքով, վերջնականապես մտնում է կինոաստղի դերի մեջ: Կատակերգական ֆիլմերը հաջորդում են իրար. «Ես ամուսնացել եմ քեզ հետ` զվարճանալու համար», «Արագ սպանիր ինձ, թե չէ մրսում եմ», «Աղջիկն ատրճանակով»։ Այս ֆիլմերում, անկեղծ ասած, նա հնարավորություն ունի ցուցադրելու իր կոմիկական տաղանդի բոլոր կողմերը։ Ոմանք կանխատեսում են, որ մենք հիմա ավելի ու ավելի քիչ «աստղեր» կունենանք՝ ռեժիսորներն նրանց կարիքն այլևս չունեն:

Ահա թե ինչու կարելի է, թերևս, ասել, որ Մոնիկա Վիտին իտալական կինոյի վերջին «աստղն» է։

Եվ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ վերջակետ դնելու համար դեռ վաղ է. տարբեր ժանրերում, տարբեր ֆիլմերում դերասանուհու փնտրտուքը դեռ չի ավարտվել:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի