«Երախտագիտություն դարի երկայնքով». Մոնի Հովսեփյանը խավարին չհամակերպվողի հիշատակին

Իր նախորդ երևանյան անհատական ցուցահանդեսից 15 տարի անց գրաֆիկ նկարիչ Մոնի Հովսեփյանը վերադարձել է Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարան նոր՝ «Ժամանակի անիվը» խորագրով ցուցահանդեսով: Թանգարանի գունեղ, մտերմիկ ու տպավորիչ տարածքն այժմ հարստացել է հայաստանյան մշակութային առօրյային ոչ այնքան բնորոշ ցուցադրանյութով, որը թանգարանի սրահում է հավաքել նրբաճաշակ այցելուների: Առաջին անգամ Հայաստանում Մոնի Հովսեփյանը ներկայացնում է քվիլթի՝ շերտակտավի ամբողջական ցուցադրություն՝ իր բարեկամների, մտերիմների և արվեստասերների գնահատմանը տրամադրելով տասը տարիների ընթացքում ստեղծած վեց շերտակտավները, որոնցից վերջինը՝ «Երախտագիտություն դարի երկայնքով» բացառիկ շերտակտավը նվիրել է մեծ մարդասերի՝ Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին: Մոնին քվիլթի՝ շերտակտավի, արվեստով հրապուրվել է դեռ տարիներ առաջ, քանի որ նկարչի գեղագիտական համակարգում ի սկզբանե առանձնահատուկ տեղ ունեն կիրառականությունը, վառ դեկորատիվությունն ու գեղարվեստական պատկերների անսովոր լուծումները: Եվ քվիլթի եռաշերտ մակերեսները, փոքրածավալ, գունեղ ու բազմազան կտորների պատառիկները գեղագիտական նոր որակ ու բովանդակություն են ստանում նրա գործերում: Մոնի Հովսեփյանը եթե ոչ միակը, ապա այն սակավաթիվ ստեղծագործողներից է, որը քվիլտի արվեստը վերածել է հայ մշակույթի փաստի և իրողության՝ ճանապարհ հարթելով այս ասպարեզում ստեղծագործողների նոր սերնդի համար: Արևմուտքի երկրներում լայն տարածում գտած այս արվեստին Մոնի Հովսեփյանը նաև հայկականության շունչ ու դիմագիծ է հաղորդում՝ իր ստեղծագործություններում ակտիվ կերպով օգտագործելով ազգային զարդանախշերը, միջնադարի մանրանկարչական խորաններն ու թռչնապատկերները, հայկական խորհրդանիշեր, որոնք  որակապես նոր գեղարվեստական միջավայր են ստեղծում նրա գործերում:

Արվեստաբան Տաթև համբարձումյանի գնահատմամբ Մոնի Հովսեփյանի շերտակտավներում սահուն կերպով համադրվում են անհամատեղելի թվացող գեղարվեստական տարրերը. «Մոնին մեզանում առաջիններից մեկն է, որ նախապատվությունը տվել է արվեստի այս ենթատեսակին: Ինքը հայկական դեկորատիվ արվեստի տարբեր էլեմենտներ է ստեղծում՝ համարձակ, անսպասելի համադրությունների միջոցով ստանալով չափազանց գունագեղ մակերեսներ: Ստեղծագործական առումով այդ ամենը խիստ բնորոշ է կիլիկյան մանրանկարչության գեղարվեստական սկզբունքին. գույների հյութեղ համադրություն, նաև՝ ծավալների նրբագեղ մշակումներ, և այդ առումով  նկարիչը հայկականությանը շատ է մոտեցել: Նրա գործերում ունենք նաև քրիստոնեական և հեթանոսական տարբեր խորհրդանիշեր, և այդ բոլորը Մոնին մշակում և ներկայացնում է գեղարվեստական մի համատեքստում՝ անդրադարձ կատարելով որակապես տարբեր  շերտերի: Եվ դա հենց պոստմոդեռնիզմի առավելություններից ու սկզբունքներից մեկն է, երբ հեղինակները համարձակորեն հղումներ են անում մշակութային տարբեր շերտերի, տարբեր ժամանակաշրջանների»:

Նորաբաց ցուցահանդեսում ներկայացված վեց գործերից հինգը բացառապես դեկորատիվ քվիլթեր են, իսկ վեցերորդը «Երախտագիտություն դարի երկայնքով» շերտակտավն է, որը ցուցադրությունից հետո հեղինակը նվիրելու է Նորվեգիայում՝ Լիսակերում, Նանսենի տանը գործող Նանսենի թանգարան-ինստիտուտին: Այս շերտակտավի ստեղծումը զարմանալի պատմություն ունի. 2022-ին լրանում է Նանսենի՝ Նոբելյան մրցանակ ստանալու 100 տարին, միաժամանակ ճիշտ 100 տարի է, ինչ մարդկության երախտապարտ հիշողությունն արձանագրել է մեծագույն մարդասիրական ծրագրերից մեկի՝ տարբեր ծագում և ազգություն ունեցող գաղթականներին նանսենյան անձնագրեր տրամադրելու գործընթացի մեկնարկը: Հայերիս համար մեկդարյա այդ տարելիցն առանձնահատուկ կարևորություն ունի: Նանսենյան անձնագրերի շնորհիվ Հայոց Ցեղասպանությունը վերապրած 320 հազար հայեր փրկվեցին ֆիզիկական բնաջնջումից, ըստ էության վերածնվեցին`փրկեցին իրենց հայկական ինքնությունը և աշխարհի 54 երկրներում նոր կյանք սկսեցին՝ գտնելով իրենց երկրորդ հայրենիքը: Բացի այդ, նանսենյան անձնագրերը փրկօղակ դարձան ոչ միայն հայերի համար, դրանց կրողներն էին նաև ութսուն հազար ռուս էմիգրանտներ, այդ թվում նաև ռուսական մշակույթի այնպիսի մեծեր, ինչպիսիք էին Ռախմանինովը, Բունինը, նաև՝ Վլադիմիր Պոզների ծնողները:

Մոնի Հովսեփյանին Նանսենի կերպարը վաղուց է ոգեշնչել, ասում է՝ նորվեգացի գիտնականի, բևեռախույզի, օվկիանոսագետի, մարդասերի, հասարակական գործչի, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի հսկա կերպարի առջև դու քեզ այնքան փոքր ես զգում, մինչդեռ Նանսենն այն բացառիկ անհատականություններից է, որոնք օժտված են բոլոր տեսակի տաղանդներով: Նրա կենսագրության էջերն ու փաստերը պրպտելիս նկարիչը պարզապես ապշել է՝ պարզելով, որ նրա կյանքում եղել են պահեր, երբ հայերին օգնելու համար Նանսենը գլխարկը հանած փողոցում դրամ է հավաքել և դժվար է հավատալ, որ աշխարհում այդպիսի հեղինակություն և դիրք ունեցող գործիչը կարող էր նման քայլի դիմել:

Երախտագիտության շերտակտավը վեց ամիս շարունակված ահռելի աշխատանքի, անսահման համբերատարության, քվիլթի արվեստի ամենանուրբ հմտություններին տիրապետելու և բարձրաճաշակ համադրության արդյունք է: Հետադարձ հայացքով գնահատելով կատարված հսկայածավալ աշխատանքը, Մոնին փաստում է, որ շատ հաճախ իրեն «տանում էին» երախտագիտության ալիքները և հանկարծ գիտակցում էր, որ ձեռքերն ակամա են աշխատում:

Շերտակտավի եռաշերտ մակերեսները նկարիչը զարդարել է ասեղնագործ դրվագներով, ֆոտոտպագրություններով, շերտապատկերի մակերեսով մեկ ցրված են նանսենյան անձնագրերի պատառիկները և գաղթական դարձած հայ փոքրիկների խորհրդանիշ-պատկերները, որոնց վրա հեղինակը թառամող բույսեր է ասեղնագործել՝ ակնարկելով, որ դրանք ասես հոգնատանջ մանուկներ լինեն, որոնց՝ եթե ջրես, ծիլեր կտան, և ճիշտ հակառակը՝ անտեսելու դեպքում կչորանան: Մեծադիր կտավի ձախ անկյունում Նանսենի նավն է՝ «Ֆրամ»-ը, իսկ կենտրոնում բզկտված երկրագնդի խորհրդանիշն է, որի շուրջ պտտվում է ժամանակի անիվը: Դրանից ճառագայթվում են այն ուղիները, որոնցով փրկություն են փնտրում փախստականների խմբերը։

Վերաիմաստավորելով անցյալը նոր, ինքնատիպ և անսովոր լուծումներով Մոնի Հովսեփյանը վստահ է՝ միշտ կգտնվեն հոսանքին հակառակ գնացող անհատներ, մեծ չհամակերպվողներ, որոնք կարող են շատ բան փոխել՝ չխախտելով տիեզերական ներդաշնակությունը. «Ես աշխատել եմ Երախտագիտության շերտակտավի վրա աշխարհում հերթական քաղաքական ցնցումների և անկայունության ընթացքում: Նման ժամանակներում ամեն անգամ մենք տեսնում ենք, թե ինչպես են հարյուր հազարավոր մարդիկ գաղթում, ինչն անդառնալի փոփոխություններ է նշանակում հարյուր հազարավոր ճակատագրերում։ Իհարկե, այս ցնցումները կարելի է դիտարկել որպես մեր ընդհանուր պատմության շարժիչը, որը շերտակտավի կենտրոնում խորհրդանշում է ժամանակի անիվը: Բայց անհնար է վերացարկվել այնքան, որ հանգիստ հետևես անվերջ կրկնվող պատմությանը և չգիտակցես, թե որքան փխրուն է մարդկային կյանքը՝ կանոնավոր և կանխորոշված անցնելով անողոք Անիվի շարժակներով, որտեղ հազվագյուտ վերապրողը շարունակում է դեպի անհայտություն իր ճանապարհը՝  լեցուն թափառումներով ու զրկանքներով: Այդպես եղել է, կա և, ցավոք, միշտ կլինի։

Բայց ժամանակ առ ժամանակ, հարյուր տարին մեկ, իսկ գուցե ավելի հազվադեպ, Տիեզերքն ասես որպես պարգև մեզ ուղարկում է մի Մարդու, որը համաձայն չէ գործերի առկա վիճակի հետ և մեծամասնությունից տարբերվում է իր Լույսով: Մենք նրան անվանում ենք հումանիստ, այնուհետև ավանդաբար սկսում ենք հումանիզմը դասակարգել տեսակների, դպրոցների, ուղղությունների, աշխարհայացքների՝ փորձելով բացատրել, ընդհանրացնել, համակարգել, նյութականացնել Մեծ և Լուսավոր Հոգու գաղափարը, այն ժամանակ երբ նրա հազվագյուտ կրողը մենակ, անձնուրաց կերպով գործում է հանուն մարդկության մի մասը մյուսից փրկելու...

Այդպիսին եմ ես տեսնում Ֆրիտյոֆ Նանսենին՝ չհամակերպվող անարդարությանը, դաժանությանը, անտարբերությանը, ընտրողականությանը, կեղծավորությանը... խավարին:

Այդպիսին կուզենայի տեսնել որքան հնարավոր է շատ մարդկանց, եթե ոչ բոլորին։ Թեև ակնհայտ է, որ դա ուտոպիա է։ Այդուհանդերձ, Նանսենի անհատականությունը ոգեշնչում է ինձ և հույս ու հավատ տալիս, որ անգամ մեկ մարդը կարող է շատ բան անել, եթե ոչ ամեն ինչ՝ երբ տիեզերքն ուզում է ...»

 

Նունե Ալեքսանյան

 

 

 

 

... ...