Մոլորված՝ զսպված զգացմունքների տանը

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում դարձյալ ներկայացման պրեմիերա է, այս անգամ՝ հրավիրյալ ռեժիսորի բեմադրությամբ։

Ռեժիսոր Արման Նշանյանը Նիլ Սայմոնի «Մոլորված Նյու Յորքում» տրագիկոմեդիան  բեմադրելու մասին դեռ քսանհինգ տարի առաջ՝ Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին է երազել: Ամերիկացի դրամատուրգի պիեսները դեռևս անցյալ դարի ութսունականներից են բեմադրվել մեզանում։ Արման Նշանյանն արդեն տարբեր թատերական հարթակներում անդրադարձել է նախընտրած դրամատուրգին, բեմադրելով «Կենտ զույգը» կատակերգությունը, «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» տրագիկոմեդիան։

«Մոլորված Նյու Յորքում» պիեսը թարգմանել է Ժան Նշանյանը, ներկայացման երաժշտության հեղինակը Անդրանիկ Բերբերյանն է, բեմանկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը, զգեստների ձևավորողը՝ Մարո Փարյանը։

Մեծ քաղաքի անծանոթ տանը հանդիսականին առաջինը «դիմավորում են» երեխաները՝ ոչ այնքան մոլորված, որքան շփոթահար։ Մինչև հայրը ծանր բանակցությունների մեջ էր խորհրդավոր սենյակի տատիկի հետ, տղաներն իրենց վրա են վերցնում հին պիեսների նախերգանքներում ներկայացման մուտքն ազդարարող սպասավորների, զինվորների դերը։ Տղայական տագնապալի արագախոսությունից տեղեկանում ենք, որ նրանց  մայրիկը մի քանի տարի առաջ է մահացել, հայրիկը պարտքեր ունի, և մարելու համար պետք է գնա ուրիշ քաղաք աշխատելու, իսկ իրենք ապրելու են դեռևս անծանոթ, սակայն հարազատ տատիկի տանը։

Ջեյը (Ստեփան Հովհաննիսյան) և կրտսեր եղբայրը՝ Արթին (Գագիկ Մովսիսյան), ինչպես աշխարհի բոլոր երեխաները, և’ տխուր են, և’ ծիծաղկոտ, չարաճճի են ու հնարամիտ, հասկացող-խորագետ են, բայց`չընկճվող։

Հայրը (Սերգեյ Թովմասյան) որդիների հետ տարիներ անց հայտնվել է Նյու Յորքի սեփական տանը՝ մայրիկի առջև, և ասես չեն եղել փորձություններով ու ուրախություններով լի ինքնահաստատման տարիները։ Ասես նույն ու նախկին վախվորած երեխան է, ինչն արտահայտվում է հանգիստ սպասող երեխաներին անհարկի սաստելով՝ հանկարծ լաց չլինեք, բարձր չծիծաղեք։ Մարդկային այդ զգացմունքները տանել չի կարողանում մայրիկը, իսկ նա դեռ չի համաձայնում իր հարկի տակ ապաստան տալ թոռնիկներին։

Թեև ներկայացման մեջ հնացած շերտեր կային՝ ամերիկյան մաֆիայի մասին տեքստերը և այլն, սակայն մի բան արդիական էր ու ընկալելի՝ վարկային շնաձկները, որոնց թակարդն էր ընկել ու այդ ցանցից ուզում էր ընտանիքը փրկել հայր-Սերգեյ  Թովմասյանը։

Բազմոցին զգաստ նստած խստաշունչ մայրիկի այտին զգուշավոր համբույրն ընկալվում է որպես երախտագիտություն և՝ հրաժեշտ։ Այդուհետ ներկայացման ամբողջ ընթացքում տղաների հայրը ներկա է միայն իր խրատական, պատմողական նամակներով, որոնցում զուսպ ներկայացնում է իր անսպասելի հիվանդությունը, վարկային պատմությունը մաքրելու թեթևակի առաջընթացը։

Խորհրդավոր սենյակի սարսափազդու տատիկի մուտքն առաջին հայացքից զարմանք հարուցող էր։ Տատիկի (Շաքե Թուխմանյան) արտաքին տեսքը և՛ համոզիչ չէր, և՛ հակադրության մեջ՝ հետաքրքիր էր։ Փոքրամարմին, նրբակազմ, գեղեցկադեմ կնոջը կոպտացրել ու այդպիսին էին դարձրել գերմանական դաժանություններն ու կյանքի դառնությունները։ Նա ասես ապրում է հեռավոր այն օրվա մեջ, երբ զինվորական ձին հաշմել էր իր ոտքը, իսկ ինքը ցավից լռում էր. չպետք է լաց լիներ։

Ձեռնափայտով ու թեթև կաղացող սևազգեստ տատիկն ամեն ինչ հիշում է, գերազանց՝ լսում, կանխագուշակում, կառավարում ու կանխում է թոռնիկների ամեն մի չարաճճի զանցանքը։ 

Դերասանուհի Շաքե Թուխմանյանը դերակատարման բարդությունը համարել է այն, որ իր կերպարի բնավորության հետ որևէ ընդհանրություն չունի։

Ջեյն ու Արթին զարմանքով հայտնաբերում են, որ միշտ  գիշերով ու անսպասելի հայտնվող հորեղբայր Լուին (Ստեփան Ղամբարյան) իրենց հայրիկի հակապատկերն է, ընտանիքում տատիկից առավել քիչ կախվածություն ունեցող զավակը։ Հորեղբայրն  աշխուժություն ու հարազատի ջերմություն է բերում տղաների կյանք։

Սպորտային կազմվածքով, թիկնապահ մաֆիոզի արտաքինով Լուին իրապես սիրում է  երեխաներին, խստորեն հետ պահելով այն միջավայրից, որի մեջ ինքը թաղված է գլխովին։

 

Նախապատմություն

Համազգայինի ներկայացման զվարճալի տեքստերն ու տեսարանները, թոռնիկների հանդեպ ժլատությունն ու ծերունական մանրախնդիր վարքագիծը, դրության ամբողջ աբսուրդն ու կոմիզմն առիթ դարձան վերհիշելու մեզանում սայմոնյան մյուս բեմադրությունները ևս: Քանի որ ոչ մի լավ բան դատարկ տեղում չի ստեղծվում, մի քիչ նախապատմություն։ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Նիլ Սայմոնի «Զբոսայգում ոտաբոբիկ» կատակերգությունը մի քանի տասնամյակ խորհրդային թատրոնի  ամենադիտարժան ներկայացումներից էր։

Մի այլ աշխարհի ուրիշ մի կյանքի մասին, նուրբ հումորով, ենթատեքստերով, թեթևաշունչ ներկայացում էր 1980 թվականին Երևանի դրամատիկական թատրոնում սփյուռքահայ Վարուժան Խըտշյանի բեմադրած «Զբոսայգում ոտաբոբիկ» կատակերգությունը։ Ներկայացումը թատրոնի խաղացանկի ամենապահանջվածներից էր, և հաջողության  կարևոր գրավականն, անշուշտ, նաև լավագույն գլխավոր դերակատարներն էին՝ Գուժ Մանուկյան և Վիոլետ Գևորգյան, նաև՝ Իշխան Ղարիբյան ու Էմմա Վարդանյան։ Եվ միանգամայն օրինաչափ էր, երբ տարիներ անց Գուժ Մանուկյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրեց «Զբոսայգում ոտաբոբիկ» ներկայացումը, այն առանձնակի հաջողություն չարձանագրեց։

Բեմադրիչ Գուժ Մանուկյանի բացատրությամբ, «իհարկե, սերունդն էր փոխվել, ընկալումներն էին տարբեր, սակայն գաղտնիք չէ, որ դերասանների անուններն են նաև հանդիսատեսին բերում թատրոն, իսկ այնտեղ դերասանական ծաղկաբույլ էր հավաքված»։ Վարուժան Խըտշյանը Նիլ Սայմոնի ստեղծագործությանը մեկ անգամ էլ է անդրադարձել՝ բեմադրելով «Կենտ զույգը» հեռուստատեսային ներկայացումը։

 

«Ես պետք է մեկին սիրեմ»

«Մոլորված Նյու Յորքում» պիեսի ու Համազգայինի ներկայացման առանցքային կերպարը Բելլան է (Նարինե Գրիգորյան)։ Երեխաների հորաքույր Բելլան, որը հայտնվում է անսպասելի, հևիհև, արագախոս ու սարսափած՝ հանկարծ ամենատես մայրիկը չիմանա, որ կրկին կինո է գնացել։ Ծաղկավոր շրջազգեստով, ճերմակ գուլպաներով ու սանդալներով աղջիկը գալիս է կինոյից ու չգիտե, թե որ կինոթատրոնն է գնացել, և արդյոք նույն ֆիլմն է նայել, չէ որ «մտածելու հարցում թույլ է»։

-Ի դեպ․ ձեր մայրիկը ո՞րտեղ է, -խոսքերի տարափի միջից հարցնում է  Բելլան, և տղաների անհուսությունն ավելի է խորանում։

Այս թուլությունը նաև գրավչություն ունի։ Երիտասարդ, գեղեցիկ հորաքույրը, չնայած տարիքին ու բարձր հասակին, իրենց պես երեխա է, ասես մեծ քույր, հարազատ ու կարեկից հոգի՝ սառնաշունչ տանը։ Բելլան էլ նույն մանկական վախն ունի մայրիկից, և իր համար գեղեցիկ փրկօղակներ են եղբոր որդիները, իբրև իր կրտսեր եղբայրներ, քանի որ ինքն էլ մեծ երեխա է։ Տղաներն իր օգնականներն ու մտքերին ուղղություն տվողներն են, չէ որ ինքը «մտածելուց թույլ է»։

Մեկ տեսարանում ընտանիքն ամբողջական է, ու ավելի է շեշտադրվում  չհասկացվածությունը։ Առաջին ջութակն ու դերաբաշխում անողը Բելլան է՝ դու նստիր այստեղ, չէ, եթե այս աթոռին չնստես, չեմ ասի։

Ռնգախոս մեծ հորաքույրը (Կարինե Ծատուրյան) միակ անգամ Բելլայի հրավիրած կարևոր օրն է հայտնվում սեփական տանը։ Նրան տեսնում ենք հարազատաբար յուրային, զարմիկների միջև անտարբեր նստած՝ շյուղերով գործելիս։ Բարեհոգի հորաքույրը կարծես ասելիս լիներ՝ ոչինչ հնարավոր չէ փոխել մայրիկի ու Բելլայի կյանքում։ Երբեմն էլ զարմացնում ու զվարճացնում էր, նախադասության կեսից անցնելով տարօրինակ խոսվածքի։ Տրագիկոմեդիայի կոմիկական դրվագն էր. եկել եմ ասելու՝ ինձ վրա հույս չդնեք։

Ընտանեկան հավաքի ու խոստովանության տեսարանում թույլ աղջիկը դառնում է անկասելի նպատակասլաց, հախուռն էներգիայով ուզում է մայրիկից ու կյանքից պոկել այն, ինչի կարիքն ամենից շատ ունի՝ «Ես պետք է մեկին սիրեմ»։ Ուզում է լինել բոլորի պես, սիրվել, երեխա ունենալ: Սիրվելն էլ իր համար նաև անձնուրացություն է՝ օգնել ու փրկել մեկին, որը կարդալ  նգամ չգիտի. «Չէ՜, բայց ինքը շատ խելացի է»։

Վերջում արդեն մայրն է ստիպված լսել իրեն անծանոթ դստերը՝ ամեն ինչ նրբորեն զգացող, սիրազեղ, կամային, հասուն։

Հուզիչ է նաև Լուիի ժեստը՝ քրոջը տալիս է հենց այն գումարը, որն անհրաժեշտ էր նոր կյանք սկսելու համար։

Արժե դիտել ներկայացումը, բեմում տեսնել դժվար պարտվող, անհուսությունից ելք փնտրող, փլված, ուրախ, խելառ, սևեռուն մտքերով լեցուն, բազմադեմ  Բելլա-Նարինե Գրիգորյանին։

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ

... ...