«Շշուկների մատյանի» հերոսը՝ արդարադատ Միսաք Թոռլաքյան

«Միսաք Թոռլաքյանի դատավարության վճիռը հայտարարվել է այսօր: Մարդասպանության գործում մեղադրյալի հանցանքը հաստատվեց, սակայն դատարանը նրան գտավ անմեղսունակ և ոչ պատասխանատու»: «Ռոյթերս», 1921 թվական, նոյեմբերի 4

 

Նեմեսիս

1921 թվականի հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, 1918 թվականի Բաքվի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջիվանշիրին։

Չորս ամիս առաջ էլ, մարտի 15-ին, Բեռլինում միակ անգամ հանդիպել էին Սողոմոն Թեհլիրյանն ու Թալեաթը:

Սողոմոն Թեհլիրյանի անձին ու գործին նվիրված գրական ստեղծագործություններ, թեև սակավ, բայց կան։ Հասկանալի և օբյեկտիվ պատճառներով հիմնականում դարավերջին են գրվել՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս», Բոգդան Վերդյանի «Ծաղիկներս մնացին հեռվում», Ռոբերտ Կարայանի «Արդարահատույցը»։ Թեհլիրյանի հանրահռչակումը նաև այս գրական արծարծումների շնորհիվ է կատարվել։ Գրական ստեղծագործություններից զատ, Թեհլիրյանի գործի անձեռակերտ հուշարձան է Անրի Վերնոյի հզոր ֆիլմը ՝«Մայրիկը»․ ֆիլմի սկզբում նավից իջնող անանձնագիր հայերը հրճվանքի ճիչերով են ընդունում Սողոմոնի արդարացվելը։ Եվ, իհարկե, «Գինի լից» երգը, որքան էլ փաստարկեն, թե երիտասարդ ուսանող Թեհլիրյանը կրակել է ոճրագործի ծոծրակին, մեզ համար նա «զարկեց ճակտին, փռեց գետնին»։

Իսկ «Նեմեսիսի» Միսաք Թոռլաքյանի կերպարն առաջին անգամ գրական ներշնչանքի  նյութ է դարձել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքում։

 

Ավելին, քան Նոբելյան մրցանակ

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» հրատարակվել է Ռումինիայում՝ 2009 թվականին, և համարվել տարվա լավագույն գիրք: «Թովչական գեղեցկության վեպը» հայերեն է թարգմանվել 2012-ին, Լևոն Անանյանի ջանքերով: Վարուժան Ոսկանյանը մասնակից է եղել գրքի թարգմանությանը և համարում է երկրորդ բնագիր (խմբագիր Վառլեն Ալեքսանյան):

«Շշուկների մատյանը» երեք տարի անընդմեջ ներկայացվել է Նոբելյան մրցանակի: 2013 և 2014 թվականներին Նոբելյան կոմիտեին էին դիմել Հայաստանի, Իսրայելի և Ռումինիայի գրողների միությունները, 2015-ին՝ միայն Հայաստանը: Իսրայելի գրողների միության նախագահ Հերցել Հակակը գիրքը համարել է «այդ  անհանդուրժելի Ցեղասպանության հիշատակի մոմ»։ Լույս ընծայման օրից «Շշուկների մատյանը» համեմատվում է «Մուսա լեռան 40 օրի» հետ, ինչին Վարուժան Ոսկանյանը հավելում է.  «Ես այդ պատմությունը դիտել եմ բանտախցի ներսից, իսկ Ֆրանց Վերֆելը՝ դրսից։ Ես իմ պարտականությունը կատարեցի ռումիներեն»։

Հայաստանում գիրքը ներկայացնելիս Վարուժան Ոսկանյանը՝ Սարոյանի պես ճերմակազգեստ ու տաղանդավոր, խոսում էր գեղեցիկ արևմտահայերենով.« Չնայած գիրքս կհիմնվի իրական դեպքերի և անունների վրա, պատմության գիրք չէ։ Բոլոր փաստերն ու մարդիկ իրական են, բայց ատելություն չկա։ Եթե ատես՝ գրականություն չէ, պամֆլետ է: Մենք ունինք 3 այլընտրանք՝ մոռնալ, վրեժ լուծել և ներել: Ներելը պատասխանատվություն է, երկխոսություն: Պատի առաջ չենք կարող աններելին ներել: Մեկը պիտի ընդունի, իր հանցանքն իր վրա առնի, ինչպես հրեաների Հոլոքոստի դեպքում գերմանացիներն արեցին: Պիտի ընդունեն, որ իմանանք չպիտի կրկնեն: Երեք  հազար տարվա քաղաքակրթությունը մեզմե հափշտակելու իրավունք չկա՛․․․»:

Այս մտքերն ասվել են մինչև «կրկնելու» փորձը, մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը։  

Մատյանի պատմության գլխավոր շղթան սկսվում է վեպի կեսերից՝ «Նեմեսիսի» վրիժառու Միսաք Թոռլաքյանի արձակած գնդակից: Միսաքը տեսել էր բնաջնջված Տրապիզոնի իրենց գյուղի վրա իջած լռությունը, ավերված տան մեջ՝ փոքրիկ եղբոր լքված խաղալիք փայտե ձիուկը: Եվ ապրում էր եղբոր, բոլոր տրապիզոնցիների և բոլոր հայերի վրեժը լուծելու համար միայն... 

Երեսնամյա ռազմիկը, իր ձեռքով պատրաստած ու փոքր եղբորը նվիրած փայտե ձիուկը ձեռքին, որբ տղաների շարքերի մեջ օրերով փնտրում էր խաժ աչքերով իր կրտսեր եղբորը, և չէր գտնում։

Այդուհետ իր համար «կյանքը և մահը նույնն են»:

 

Միսաք  Թոռլաքյանի դատավարությունը

1921 թվականին Ստամբուլի բրիտանական դատարանում երկու ամիս ընթացող դատը լուսաբանող, «Իլերի» թերթի թղթակից Ահմեդ Չեմալեդինը հետագայում հրատարակել է «Մեր ժամանակների ամենամեծ ու ամենահետաքրքիր դատավարությունը` Թոռլաքյանի դատավարությունը» գիրքը։

Իրավաբան Հմայակ Խոսրովյանը, որ Բեռլինում ներկա էր եղել Սողոմոն Թեհլիրյանի դատին, նույն ռազմավարությունը որդեգրեց Կոստանդնուպոլսի դատավարության ժամանակ։ Թոռլաքյանը պիտի ազատ արձակվեր, որպեսզի «Նեմեսիսը» գաղտնի մնար ու շարունակվեր։ Այս դատը հայկական ներուժի և հնարագետ վարքի բացառիկ նմուշ է։ Որպեսզի չբացահայտվեր նոր միայն սկսված գաղտնի գործողությունը, հարկ էր, որ մարտական ուղի անցած ամրակազմ զինվորը ներկայանար իբրև խեղճ ու հիվանդ գյուղացի։ Մի խոսքով՝ ամբողջ պատմական զայրույթով ամուր պաշտպանություն էր։

Ահա հատված Թոռլաքյանի հարցաքննությունից

-Ձեր ընտանիքից վերապրողներ կա՞ն:

-Ոչ:

-Ձեր ընտանիքը հարու՞ստ էր

-Այո, մենք այգիներ, մրգաստաններ ու տներ ունեինք:

-Ինչո՞ւ էիր զենք կրում:

-Ես այն պահում էի անձս պաշտպանելու համար, որովհետև այս երկրում միշտ գողություններ ու մարդասպանություններ են տեղի ունենում:

-Խղճի խայթ ունենո՞ւմ ես:

-Ոչ, խիղճս լրիվ հանգիստ է:

Վրիժառուի գնդակին արժանացավ մեկը, որը հոխորտացել էր. «Ես ներքին գործերի նախարար եմ դարձել, որպեսզի հայերի հաշիվները մաքրեմ» («Կավկազսկոյե սլովո»,  3 դեկտեմբեր, 1918 թ):

Բոլշևիկներն էլ անգործ չթողեցին մարդասպանին, Լենինի անունից գործուղեցին Ստամբուլ՝ առևտրական կոմիսարի բարձր ռոճիկով: Իր բնակած շքեղ հյուրանոցի առաջ էլ նրան գտավ Թոռլաքյանը...

Դատապաշտպանն ապացուցում է, որ Ջիվանշիրը շարունակել է Թալեաթի գործը և ցույց տալիս Ջիվանշիրի ստորագրությամբ գրությունը. «Սա սուրբ պատերազմ է, հանուն թուրք ցեղի բոլոր հատվածների միացման: Դա անելու համար անհրաժեշտ պիտի լինի ոչնչացնել հայ ցեղը: Հայերը Բրիտանիայի ձեռքում են և խոչընդոտ են մեր քաղաքականության ճանապարհին»:

Այսօր էլ առանց հուզումի ու հիացմունքի չենք կարող կարդալ Խոսրովյանի պաշտպանական ճառը։

«Ձերդ մեծապատվություն,

Մի ամառային տաք գիշեր երկու մարդկանց ուղիները խաչաձևվում են Ստամբուլի ամենահիանալի պանդոկներից մեկի մուտքի մոտ: Նրանցից մեկը հարուստ էր, նախանձելի դիրք ուներ, կինը իր հետ էր, եղբայրները ընկերուհիների հետ մի քանի քայլ հետ էին: Մյուսը մի խեղճ գյուղացի էր, նա միայնակ էր և ոչ միայն այդ գիշեր, այլև միշտ, ամբողջ աշխարհում: Մի ժամանակ, անցյալում, նա նույնպես երջանիկ կյանք էր վարում եղբայրների ու կնոջ հետ: Սակայն իր սիրեցյալներն այլևս կենդանի չէին, իր շրջապատում ամեն ինչ խավար էր: Այսպիսին էր այս մարդկանց վիճակը, երբ այդ սարսափելի դեպքը նրանցից մեկին բերեց այս դատարանը:

․․․Երբ գյուղացին հանդիպեց նրան, ականջներում արձագանքեց հոր սրտաճմլիկ ճիչը: Նա երևակայեց, որ մարդասպանը հարձակվոմ է իր վրա` իրեն ևս սպանելու համար: Արյունը գլխին է խփել, և պատահել է անխուսափելին: Եվ այն մարդը, որը կազմակերպել և իրականացրել էր Բաքվի կոտորածները, դադարում է գոյություն ունենալուց:

Ձերդ գերապատվություն, եթե այս խեղճ երիտասարդի տեղը մեկ ուրիշը լիներ, ի՞նչ պիտի աներ այս պայմաններում ու հանգամանքներում: Այստեղ կա մի՛ մարդասպան, որն արհամարհեց արդարությունը, որ իր կյանքի մնացած մասը պիտի ապրի խաղաղության ու անվտանգության մեջ, որովհետև չկար դատարան, որ իր զոհերը կարող էին դիմել: Երբ նման մի մարդասպան ինքն իրեն ցուցադրում է հանրությանը, մի՞թե սա գրգռիչ չէ, Թոռլաքյանի հիվանդ մտածողությունը չէր կարող դիմադրել այն ցնցմանը, որ նա այդ ճակատագրական գիշերն ունեցավ՝ պանդոկի դիմաց տեսնելով Ջիվանշիրի խավար դեմքը»։

Խաչաձև հարցաքննության ժամանակ Թոռլաքյանն ասել է. «Նրան չէի ատում, որովհետև ամեն ինչ Աստծուն էի թողել: Վստահ չեմ, թե ես Ջիվանշիրին Բաքվում երազում տեսա, թե իրականում: Կարծում եմ, որ երբ հանդիպեցի Ջիվանշիրին, հորս նաև տեսա, որը գոռում է՝«Խեղճ երեխաներին մի՛ սպանիր»:

Թուրք լրագրողի գրառումներից տեղեկանում ենք նաև մեղադրող կողմի հայտնած տեսակետներին։

Թուրք դատաբժիշկ Օսման բեյի կարծիքով Թոռլաքյանը երկչոտ ու քաղաքավարի մարդ է, մշտական մղձավանջների մեջ է, իր համար կյանքն ու մահը նույնն են։

Դատախազ Ռիֆատ բեյը պնդում էր, որ եթե այս տարի Բեռլինում դատեին Թալեաթ փաշայի մարդասպանին, ապա Բեհբուդ խանի սպանությունը տեղի չէր ունենա. «Մեզ ասվում է, որ այն պլանը, որ հաջողվեց Բեռլինում, որոշակիորեն պիտի գործի Ստամբուլում: Ես շատ հիանում եմ մեղադրյալի փաստաբանի նկարած այդ գիշերվա պատկերով, այն ինչ ես պիտի ջանք թափեմ ձեր առաջ դնելու, պիտի էապես տարբերվի դրանից: Հուլիսի 18-ին, ժամը 23:50-ին, իր ընտանիքի հետ Ջիվանշիրը թողեց Փետիտ շամպը և հանդարտ քայլում էր հետ՝ դեպի իր պանդոկը: Մեղադրյալը լուռ եկավ նրա հետևից և երեք անգամ կրակեց մարմնին: Դատարանը երբևիցե լսե՞լ է մարդասպանության առավել նպատակադրված մի դեպք: Կասկած չկա, որ Թոռլաքյանը գործում է մի գաղտնի կազմակերպության անունից: 30 վկա անմիջապես այստեղ եկան նրան պաշտպանելու համար: Պաշտպանյալը նույնիսկ չի կարողացել մի կարգին թուրքերեն սովորել, մինչդեռ նա մասնագետ բժշկի նման սովորել է մտավոր անհավասարակշռության ախտանիշների, էպիլեպսիայի և խելացնորության մասին: Թեև նա ասաց, որ գրպանում ոչ մի պեննի չի ունեցել, կարողացել է վարձել երեք գլխավոր փաստաբանի և մեկ թարգմանչի՝ դատական լսումների երկու ամսվա ընթացքում: Տրված մի ազդանշանով երեք հայտնի բժիշկ գնացին նրա բանտախուցը»։

Հ․Գ․ 32 տարեկան Միսաք Թոռլաքյանը նավով հեռացավ Հունաստան, ապա՝ Ռումինիա, հետագայում՝ ԱՄՆ։ 

1968 թվականին հովվապետական այցով ԱՄՆ-ում գտնվող Վազգեն Ա կաթողիկոսը Ֆրեզնոյի հիվանդանոցում հայրապետական օրհնությամբ իր աջը դրեց Նեմեսիսի ուխտավորի ճակատին՝ Ազգային հերոսի կոչում շնորհելով նրան։

 

Գայանե Մկրտչյան