Միսաք Մանուշյան. «Միտքս այնպես ետ, և հոգիս առաջ կերթա տենդագին...»

Նամակ Հայաստանեն

Սրտիս պարտեզի ծաղիկներն ամեն,
Թառամեր էին սիրո ծարավեն...
Զրկանքը կայրեր արմատներն անոնց,

Խինդ ու կարոտով նամակդ ես բացի,
Ու սիրտդ հիմա, սիրահորդ առու,
Սրտիս ծալքերուն մեկը կըհոսի։

Բառերդ ինձ համար կըլլան մեյ-մեկ անձ
Մին ինձի կուրա մոր շունչն ու գորով,
Մին՝ քրոջ սրտի խոսքը փափկասեր,

Աչքերս անհամբեր կը լափեն զանոնք,
Տակավ կարբենան ու կը հագենան,
Հոգվույս անոթի հույզերը բոլոր

Օրհնյալ ըլլաս դուն, ո՛վ հեռավոր քույր,
Քաղցրություն հոսի միշտ թող հոգիեդ,
Կենսուրախ ըլլաս ու գարուն հավետ։

 

Միսաք Մանուշյան 18. 06. 1935 թվական։

 

Նա այդպես էլ Հայաստան չեկավ, չնայած շատ էր խորհել այդ մասին, բայց եկավ կինը՝ իր հետ բերելով ամուսնու ձեռագիր ժառանգությունից որոշ փրկված նյութեր, այնուհետև բնակվեց Երևանի կենտրոնում, դասախոսեց Երևանի պետական համալսարանում։ Այս տողերը պատկանում են Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, հայ բանաստեղծ, թարգմանիչ Միսաք Մանուշյանին։ Միսաք Մանուշյանի գործունեությունը վերհիշելու և արժևորելու հիշարժան առիթ դարձավ վերջերս նրա և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների վերահուղարկավորումը Փարիզի Պանթեոնում՝ «Ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը հանուն Ֆրանսիայի ազատության», (ըստ պաշտոնական հաղորդագրության)։ Շատերին է հայտնի Մանուշյանի Դիմադրության շարժման մեջ ունեցած դերը, բայց միանգամայն այլ դիտակետից են բացվում Մանուշյան մտավորականի գրական հորիզոնները։ Այդ մասին մտորելու առիթ է նաև Փարիզի Պանթեոնում բացված «Vivre à en mourir» խորագրով ցուցահանդեսը, որտեղ, ի դեպ, ցուցադրության նպատակով մեր Գրականության և արվեստի թանգարանը տրամադրել է Միսաք Մանուշյանի օրագրությունները, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ հրատարակությունների և հետագա համագործակցության շուրջ: Ցուցանմուշները կցուցադրվեն մինչև սեպտեմբերի 8-ը:

Միսաք Գևորգի Մանուշյանը (1906-1944) ծնվել է Ադիամանում (Օսմանյան կայսրություն) սեպտեմբերի 1-ին, վերապրել է Հայոց Ցեղասպանությունը, կորցրել ծնողներին։ 1920-ականների սկզբին ապաստան է գտել Լիբանանի հայկական որբանոցում, որտեղ էլ ստացել է իր կրթությունը։ 1925 թվականին եղբոր և Սիրիայի բազմաթիվ հայ որբերի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1933-ին դարձել է «Հայաստանի օգնության կոմիտեի» (ՀՕԿ) անդամ։ Իսկ 1942 թվականից մասնակցել է նացիստական զավթիչների դեմ մղվող պայքարին՝ միանալով Դիմադրության շարժմանը: 1943-ին Մանուշյանը նշանակվել է Փարիզի շրջանի «Ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատների» հրամանատար։ 1934 թվականից Մանուշյանը եղել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, Կոմունիստական դիմադրական շարժման և Ներգաղթյալների աշխատավորական ուժի (Main-d’œuvre immigrée) անդամ։ Իսկ ընդհատակյա «Ֆրանսիացի հրաձիգներ և պարտիզաններ» շարժման կազմում գլխավորել է Ֆրանսիայում բնակվող տարբեր ազգերից բաղկացած խումբը, որը պայքարում էր Ֆրանսիան բռնազավթած ֆաշիստական ռեժիմի դեմ։

 

Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղար Ժակ Դուդլոն Մանուշյանի մասին՝

«Հայ ժողովուրդը իրավունք ունի պարծենալու Մանուշյանի խմբի հերոսներով, որոնք շարունակելով նույն պայքարը, որ Սովետական Միության պանծալի բանակը և ժողովուրդները մղում էին ֆաշիզմի դեմ, իրենց կյանքը տվեցին հանուն ժողովուրդների ազատության։
Ֆրանսիայի բանվոր դասակարգը և ժողովուրդը սրբությամբ են պահում Մանուշյանի խմբի հերոսական մարտիկների հիշատակը, Մանուշյանի, որի անվամբ ի նշան շնորհապարտության և հիացմունքի, անվանված է Փարիզի փողոցներից մեկը։ Մանուշյանի և իր խմբի հիշատակն ապրում է և կապրի Ֆրանսիայի բանվոր դասակարգի սրտում։ Նրանց պանծալի սխրագործությունը չի մոռացվի, և մենք մեր մեծ պոետ Վիկտոր Հյուգոյի հետ միասին, կարող ենք այդ հերոսներին ասել.
«Մեռածները, ինչպես ողջերը, մասնակցում են մեր մարտերին»»: Ժ.Դ.
 

Սպանությունը
Էվրիի շտաբում 1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան գերմանական հրամանատարությունը ձերբակալեց Միսաք Մանուշյանին ։ Ձերբակալվածների թվում 68 մարդ էր։ Նացիստներն իրենց բնորոշ պրոպագանդիստական ոճով փարիզյան ընդհատակի ձերբակալված անդամներից ընտրելով օտարերկրացիների՝ 1944 թվականին կազմակերպում են ցուցադրական դատավարությունը։
«23-ի դատավարության» արդյունքում 1944 թվականի փետրվարի 21-ին Մոն Վալերիեն ամրոցում գնդակահարվեցին «Մանուշյան» խմբի 22 անդամները։ Իսկ խմբի միակ կինը՝ բեսարաբացի հրեուհի Օլգա Բանչիկը 1944 թվականի մայիսի 10-ին տեղափոխվեց Շտուտգարտ և այնտեղ գիլիոտինի ենթարկվեց։ Սակայն նացիստական քարոզչությունը դրանով չեզրափակվեց։ Դատավարությունից հետո ամբողջ քաղաքում փակցվել էին քարոզչական պաստառներ։ Ավելի քան 15000 օրինակով տպագրված «L'affiche rouge»՝ «Կարմիր պաստառը» պարունակում էր ընդհատակյա 10 անդամների, այդ թվում՝ Մանուշյանի լուսանկարները։ Նրանք ներկայացվում էին որպես օտարերկրացի ահաբեկիչներ։ Իսկ որպես «հայ ավազակապետ» հորջորջված Մանուշյանին մեղադրում էին 56 հարձակման համար, դրանց միանում էին 150 զոհերը և 600 վիրավորները։

 

Ինչպե՞ս ընթացավ Մելինեի կյանքն ու գործը

Մանուշյանի կյանքում, անշուշտ, ճակատագրական դեր ունեցավ սիրելի կինը՝ Մելինե Մանուշյանը։ Մահապատժի դատապարտված Մելինե Մանուշյանին հաջողվեց խուսափել ձերբակալությունից ու փրկվել։ Օկուպացված Փարիզում նա ապաստան գտավ հայ Ազնավուրյանների ընտանիքում։ Նրանց ընտանիքում ևս նվիրյալ հայեր էին ապրում և ապրելու։ Հենց Ազնավուրյանների ընտանիքի զավակը՝ հայազգի հռչակավոր  շանսոնյե Շառլ Ազնավուրը պետք է դառնար նշանավոր մեկը, որը կգործեր ի շահ Ֆրանսիական Հանրապետության։
Իսկ Մելինեն 1954 թվականին գրեց և հրատարակեց մահապատժի ենթարկված ամուսնու մասին գիրքը։ Այն վերահրատարակվեց նաև 1970 թվականին, 1985-ին էլ Մելինեն մասնակցեց Մանուշյանի խմբի պատմությանը նվիրված վավերագրական ֆիլմի ստեղծմանը։

 

Մանուշյանի գրական գործունեությունը

Դեռ 1925 թվականին, երբ Մանուշյանը նոր էր տեղափոխվում Ֆրանսիա, նավի վրա մի բանաստեղծություն էր հորինել, այն արտահայտում էր անցյալի, ներկայի և ապագայի միջև կանգնած, հայացքը դեպի հեռուն հառած 19-ամյա Միսաքի ոգին։

«Միտքս այնպես ետ, և հոգիս առաջ կերթա տենդագին...», «Դեպի Ֆրանսիա»։
Առաջին ստեղծագործություններում ակնառու են Մանուշյանի քաղաքական, հասարակական և գաղափարական արժեքները։ Հիմքում՝ պայքարը հանուն ազատության, հավասարության, արդարության։ Դրան էր ձգտում նաև փափագը՝ տեսնել վերածնված հայրենիքի՝ Մայր Հայաստանի՝ Խորհրդային Հայաստանի լուսավոր էջերը։ Դրան էին միտված բոցաշունչ կոչերը հոդվածների տեսքով՝ ուղղված հայ գաղթականներին, հայ աշխատավորներին ու պանդուխտներին։

Հետաքրքիր է, որ Մանուշյանի վաղ շրջանի ստեղծագործություններն արժանացել են հայ բանաստեղծական արվեստի մեծ Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի հավանությանը։ Իսահակյանն անգամ այցելել է նրան և ծանոթացել նրա ստեղծագործություններին։ Մանուշյանը «Ֆրանսահայ ժամանակակից գրողների միության» հիմնադիրներից մեկն էր. այն հիմնադրվել է 1930 թվականին։ Հրատարակել է մի քանի գրական-գեղարվեստական ​​հանդեսներ, որոնք նպաստում էին գաղթականների շրջանում հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը։ Մանուշյանը նաև թարգմանիչ էր. հայերեն է թարգմանել Բոդլերին, Վերլենին և Ռեմբոին, իսկ Սորբոնում գրականության, փիլիսոփայության, պատմության և քաղաքական տեսության դասախոսությունների է հաճախել։ Մանուշյանը նաև հրատարակել է «Ջանք» գրական-գեղարվեստական հանդեսը, «Զանգու» շաբաթաթերթը:

 

Մանուշյանի նամակներից մեկը՝ Արշակ Չոպանյանին

Մեծահարգ
Տյար Ա. Չոպանյան,

Շնորհակալությամբ ստացեր եմ «Անահիտի» վերջին թիվը։ Սույն երկտողիս հետ ներփակ՝ Ձեզի կը ղըրկեմ այն ոտանավորը, որուն հավանած էիք։ Քանի մը բառական փոփոխություններ մրցուցի անոր մեջ ինչպես, որ թելադրած էիք։ Անդրադարձա մյուս ոտանավորներու թերություններուն։ Զանոնք գրած էի հապճեպ և պաղ ներշնչումով, ինչ-որ կդավաճանէ արվեստին։ Երկար meditation և երկունք անհրաժեշտ են՝ կարենալ մեծ գործ արտագրելու համար։ Շնորհակալ եմ Ձեզմե, որ ինծի առիթը տվիք ավելի ևս խիստ ինքնադատ ըլլալու, ինչ-որ ես ինծի սկզբունք ըլլած եմ արդեն։ Գրելի շատ նյութեր ունիմ, դժբախտաբար ժամանակս կդավե ինծի առայժմ։ Կջանամ միշտ կատարեկագործվել, անգոսնելով կյանքին ինձ պարտադրած խոչընդոտները։
Ընդունեցեք միշտ խորին հարգանքներս ու շնորհակալություններս։
Մնամ Ձերդ

Մ. Մանուշյան

8.2. [12].32, Փարիզ

 

Մանուշյանի գործունեության և ապրումների մասին կարևոր աղբյուր է Մելինեի հրապարակած «Մանուշյան» գիրքը: Անգամ դրա հիման վրա 1985 թվականին ռեժիսոր Մոսկո Բուկոն նկարահանել է «Թոշակի անցած ահաբեկիչները» (Des terroristes à la retraite) փաստավավերագրական ֆիլմը։ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին ու նրա սիրելի կնոջը`Մելինեին նվիրված մի պատում է հրատարակել նաև Գրիգոր Ջանիկյանը։ «Անավարտ համանվագ» գրքում հեղինակը սրտառուչ երանգներով ներկայացնում է Մանուշյանի կյանքի ծանր դրվագները, Ցեղասպանության ողբերգական հետևանքները և, իհարկե, Միսաքի ու Մելինեի սիրո պատմությունը:

 

Ո՞ր ստեղծագործությունն էր հնչում Փարիզի Պանթեոնում Մանուշյանների աճյունների ամփոփման ժամանակ։ Մանուշյանի խմբի հիշատկին նվիրված մի բանաստեղծության և երգի հետքերով

Միսաք Մանուշյանի կնոջ հրատարակած գիրքը մեծ ակնածանք առաջացրեց ժամանակի խոշոր գործիչների շրջանում։ Նրանց թվում էր նաև ֆրանսիացի մեծ պոետն  և արձակագիրը՝ Լուի Արագոնը (1897-1982)։ Լուի Արագոնի «Կարմիր ազդագիրը» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվեց կոմունիստական ​​«L'Humanité» թերթում։ Այն գրելիս Արագոնը կարդացել էր Մելինե Մանուշյանի գիրքը մահապատժի ենթարկված ամուսնու մասին և ոգեշնչվել Միսաք Մանուշյանի վերջին նամակից։ 1956 թվականին Արագոնի բանաստեղծությունը տպագրվել է նրա «Անավարտ վեպ» ժողովածուում։ Այս բանաստեղծությամբ արձակագիրը ցանկություն ուներ հավերժացնել բոլոր օտարերկրացիների հիշատակը, որոնք պատերազմի ժամանակ կռվել էին հանուն Ֆրանսիայի ազատության։ Արագոնի խոսքերի հիման վրա 1959 թվականին երաժշտություն է գրել  երգիչ-երգահան Լեո Ֆերրեն։ 1961 թվականին երգը ձայնագրվեց և թողարկվեց առանձին սկավառակով, 1961 թվականի փետրվարին՝ որպես Ֆերեի «Les chansons d'Aragon» («Արագոնի երգերը») ալբոմի մաս՝ «L'affiche rouge» վերնագրով։ Ստեղծագործությանը կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝

 

Մանուշյանի հիշատակի ոգեկոչումը

Մանուշյանը հետմահու պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Նրա անունով են կոչվում փողոցներ ու հրապարակներ Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, ինչպես նաև Երևանում։ 1978 թվականին Փարիզի Իվրի-սյուր-Սեն արվարձանում գտնվող գերեզմանատանը հանդիսավոր կերպով կանգնեցվել է Միսաք Մանուշյանի հուշարձանը, որի հեղինակը խորհրդահայ քանդագործ Արա Հարությունյանն է։ Հուշարձանին փորագրված են 23 մահապատժի ենթարկվածների անունները։


Հ.Գ.

«Արթուն կեցեք», Մ.Մ.
Թող գիտակցության ջահեր մեր մտքերն վառեն տենդագին,
Քունը պարտասման թող ոչ մի վայրկյան լլկե մեր հոգին,
Քանզի թշնամին գույն ու ձև կառնե ամեն մի րոպե
Եվ իր երախին մեջ ահագ՝ ըզմեզ անդուլ կնետե։
 

Հավերժ հիշատակ Մանուշյանին և նրա խմբի հերոսներին

 

Ալմաստ Մուրադյան

 

Օգտագործված գրականության աղբյուրներ.

1. Զինվորը, քաղաքացին, բանաստեղծը. Միսակ Մանուշյանի ծննդյան 60 տարին
«Գրական թերթ» N 36 (1343), սեպտեմբեր, 1966

2. Միսաք Մանուշյան. ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդ, հղում 

3. Միսաք Մանուշյանի նամակն իր կնոջը՝ Մելինեին, հղում 

4. Միսակ Մանուշյանի գործունեությունը երկրորդ աշխարհամարտի տարիներին, Հակոբ Գրիգորյան։

5. Միսաք Մանուշյանի կերպարը դարակազմիկ ոճրագործությունների համայնապատկերի վրա / Աելիտա Դոլուխանյան, «Գրական թերթ», 2020։

6. Коммунист с «красного плаката», Мисак Манушян вошел в Пантеон славных детей Франции, Коммерсантъ, հղում 

7. Президент Франции: Мисак Манушян был одним из тех армян, кто спасся от Геноцида. հղում 

8. 100 Years, 100 Facts: Missak Manouchian, 100 facts.com.

9. New York Times: Army of Crime (Review), հղում

10. Armenian Resistance fighter Missak Manouchian enters France's Pantheon, Reouters.com

11. France inducts Resistance hero Manouchian into Panthéon, France 24 - International breaking news, top stories and headlines, հղում 

12. Armenian Resistance fighter Missak Manouchian will join France's Pantheon greats, Le Monde, հղում  

13.  Missak Manouchian, les Arméniens dans la Résistance en France. Mémorial Leclerc Musée Jean Moulin, 6 mars au 29 juillet 2007, հղում 

 

 

... ... ...