Միրձա Քեմպե՝ ավելի ուժեղ սիրել կյանքը, որում այդքան տառապանք կա

«Միրձա» լատվիերեն նշանակում է փայլուն, և լատվիացի բանաստեղծուհի Միրձա Քեմպեն (խորհրդային տարիներին տառադարձվում էր որպես Կեմպե) իր հախուռն, կրակոտ բնավորությամբ, ստեղծագործական տարերքին անմնացորդ նվիրումով՝ մի վառվռուն, փայլփլող աստղ է լատվիական պոեզիայի երկնակամարում։

Նա ծնվել է 1907 թվականի հունվարին՝ կուրլանդական Լիեպայա քաղաքում։ Միրձայի ծնողներն աղքատ բանվորներ էին․ նա դեռ փոքր էր, երբ հայրը մահացավ։ «Հորս միայն հիվանդ եմ հիշում։ Հիվանդության չորս տարիների ընթացքում նա միայն հազվադեպ էր վեր կենում անկողնուց և հազիվհազ շրջում սենյակում։ Նա կալետցի բատրակի որդի էր՝ չափազանց աղքատ, որպեսզի կարողանար բարձրագույն կրթություն ստանալ: Բայց նրա շուրջը միշտ գրքեր կային»,- գրում էր Միրձան։ Ինչպես և հայրը, Միրձան էլ հիվանդ էր թոքախտով, ինչի պատճառով նա վաղ տարիքից գունատ էր ու վտիտ։ Ուսուցիչները նրան սիրում և «երես էին տալիս», իսկ լատվիերենի դասերին նրան սիրահարված ուսուցիչը թույլատրում էր թելադրությունների փոխարեն հորինել բանաստեղծություններ։

Քեմպեն սկսել է տպագրվել 1923 թվականից։ 1927-ին Ռայնիսն իր համակրանքն է հայտնում երիտասարդ Միրձային․ «Ես գրում եմ Ձեզ հեռվից, սակայն Դուք այնքան մոտ եք ինձ Ձեր պոեզիայով․․․ Դուք բանաստեղծ եք, և դա պետք է ի ցույց դնել»։

Միրձան ստիպված էր կիսատ թողնել ուսումը համալսարանում և ամբողջ կյանքում զբաղվել ինքնակրթությամբ։ Որպեսզի օգնի իր հետ Ռիգա տեղափոխված մորն ու եղբորը, նա զբաղվում էր գովազդային և հանրամատչելի տեքստերի թարգմանություններով։ 1928-ից նա դարձավ Ռիգայի ռադիոյի առաջին դիկտորը։ Ունկնդիրները նրան, ավելի ճիշտ՝ նրա քաղցրահունչ ձայնը, այնքան էին սիրում, որ նվերներ էին բերում, հյուր էին կանչում. այսպես, երկրպագուներից մեկի ագարակում նա անցկացրեց իր ամառային հանգիստը։

Անսովոր հանգամանքներում Քեմպեն ծանոթանում է բանաստեղծ և գրող Էրիկ Ադամսոնսի հետ։ Էրիկը գեղեցիկ էր, հարուստ ընտանիքից, սակայն հանուն գրականության թողել էր իրավաբանական կրթությունը։ Նրանց միջև արագ բոցավառվեց սիրո զգացումը․ Էրիկը և’ հմայում էր Միրձային, և’ միաժամանակ՝ վանում։ 11 ամսվա ծանոթությունից հետո, 1931-ին Էրիկը դառնում է նրա ամուսինը։ Անձնվեր Միրձան Էրիկին արքայական նվեր է անում․ իր խնայողություններով տպագրում է նրա առաջին բանաստեղծական ժողովածուն, մինչդեռ ինքը ոչ մի տպագրված գիրք չուներ։ Նրանք համարվում էին Ռիգայի ամենաէլեգանտ զույգը։ Էրիկը խորհուրդ էր տվել Միրձային․ «Ձեր կյանքը չպիտի լինի տխուր, ձանձրալի, գորշ։ Ուրախացրեք Ձեզ կոստյումներով, բանաստեղծություններով, բացառիկ զրույցներով, համբույրներով․․․»։

Միրձան մտերմանում է փիլիսոփա Առնոլդ Բուլանսի հետ, սակայն ձևավորվող սիրային եռանկյունին հօդս է ցնդում, երբ սկսվում է պատերազմը։ Միրձան մինչև վերջին պահը տատանվում էր, բայց վճռում է ռադիոյի աշխատակիցների հետ տարհանվել դեպի Ռուսաստան: Նա այլևս երբեք չէր տեսնելու մորը, որը պատերազմի զոհ դարձավ. ավելի վաղ Իսպանական պատերազմում զոհվել էր եղբայրը։

Պատերազմի ընթացքում Էրիկն ամուսնացել էր ուրիշ կնոջ հետ, ապա կորցրել և՛ կնոջը, և՛ մանկանը։ Ռիգա վերադարձած Միրձան խնամում էր նրան, փորձում օգնել պարենով ու դեղորայքով, սակայն՝ ապարդյուն․ 1946-ի փետրվարի 28-ին էրիկը մահացավ թոքախտից։

Էրոտիկ դրվագների պատճառով Ադամսոնսի և Քեմպեի՝ շուրջ մեկուկես տասնամյակ տևած սիրային նամակագրությունը երկար տարիներ անտիպ էր, սակայն տպագրվելուց հետո այն ոգեշնչեց շատ արվեստագետների՝ ստեղծել ներկայացումներ և բեմական մեկնաբանություններ։ Ըստ գրող Զիգմունդ Սկուինշի՝ այդ նամակները «տանում են դեպի մարդկայնորեն ճշմարիտը և էականը»։

1931-ին Միրձան գրում էր թոքախտով հիվանդ Ադամսոնսին․

«Իմ սիրելի հիվանդ ընկեր, Դուք ավելի շատ եք տառապում, քան մարդը կարող է: Ինչո՞ւ եք չար հաճույքով այդ տանջանքը սնուցում Ձեր մեջ․․․ Հոգ տարեք Ձեր և մեր սիրո մասին, այլապես մենք ավելի աղքատ կլինենք: Ամբողջովին աղքատ: Ահա թե ինչու ես զայրացած էի և ցավում էի․ Դուք ուզում եք կուրորեն ոչնչացնել այն ամենը, ինչ տվել եք ինձ։ Իմ կուրծքը նույնպես ցավում է, շնչառությունս հաճախ հոգնած է»։

Մեկ այլ դեպքում․ «Ես հավատում եմ, որ եթե Դուք ճիշտ ուղղությամբ գնաք, Ձեր բոլոր հոգևոր աղետներն ու երկրաբանական դարաշրջանները կվերապրեք որպես հաղթող»:

Ձախ հայացքներ ունեցող Քեմպեն խորհրդային բռնազավթումից հետո դարձավ Ռիգայի ռադիոյի գրական հաղորդումների խմբագրության ղեկավարը, պատերազմի տարիներին բնակվեց Աստրախանում, Իվանովոյում, Մոսկվայում։ Երեք տարի եղել է Լատվիայի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որի համար գրել է փոքրիկ պիեսներ։

Չափավորությունը Քեմպեին խորթ հասկացություն էր, նրա գործերը լի են կրքով ու վառ զգացմունքներով։ Բանաստեղծուհու «զայրույթը կարող էր ժայթել ինչպես հրաբուխ, իսկ ծիծաղը հոմերական էր»։ Տաղանդավոր պոետը, ցավոք, իր ձիրքը հաճախ ծառայեցրեց հակասական, անցողիկ երևույթների՝ խորհրդային գաղափարախոսական կարծրատիպերին, քաղաքական արշավներին։ Ամբողջ կյանքում նա տառապել է ընկճախտով և նևրոզներով։ «Վախն է իմ հիվանդությունը։ Այս տասնամյակի ընթացքում մի օր չի եղել, որ ես չմտածեմ մահվան մասին»,- գրել է Քեմպեն իր օրագրում։ Կյանքի վերջում նա խոստովանում էր, որ փառքը ոչնչացրեց իր տաղանդը։

Նրա երկրորդ ամուսնությունն իրենից կրկնակի երիտասարդ արտասովոր մի անձնավորության հետ նորանոր ասեկոսեների առիթ տվեց․ կրկին ձևավորվեց սիրո ճնշող եռանկյունի։ Կյանքի վերջին տարիներին Քեմպեն հատկապես միայնակ էր․ եղել են դեպքեր, երբ նրան տեսել են նստած գրողների միությունում՝ ցամաք հաց ուտելիս. նրա տողերն են․ «վախենում եմ ձեզնից՝ կենցաղային մանրուքներ»։ Նա մահացավ միայնակ, իր բնակարանում՝ 1974-ի ապրիլի 12-ին ու թաղվեց առաջին ամուսնու կողքին։ Ութ տարի անց՝ ընդունելով քնաբերի մահացու չափաբաժին, կյանքից հեռացավ նաև Միրձայի երկրորդ ամուսինը․․․

Քեմպեի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Առավոտյան զեփյուռը», լույս տեսավ 1946 թվականին, երբ բանաստեղծուհին 39 տարեկան էր։ Դա մի շռնդալից մուտք էր պոեզիա, ինչպես առավոտյան քամին է բերում թարմություն ու կենարար ուժ։ Յանիս Սուդրաբկալնսի խոսքերով՝ ծանր զրկանքները ստիպեցին Քեմպեին «ավելի ուժեղ սիրել կյանքը, որում այդքան տառապանք կա»։ Ըստ քննադատների՝ ժողովածուն մի բացառիկ երևույթ էր լատվիական գրականության մեջ։ Հետագայում բանաստեղծուհին տուրք տվեց քաղաքական կոնյունկտուրային, բայց և առաջիններից մեկը խորհրդային Լատվիայում երգեց անձնական սերը, քնարական ինքնավերապրումը։ Քեմպեի «Սեր» ժողովածուն համեմատվում էր Մեժելայտիսի «Մարդու» հետ։ Քեմպեն կյանքի օրոք տպագրել է ընդամենը 8 բանաստեղծական ժողովածու՝ չհաշված ընտրանիները։ Նա նախընտրում էր դասական ձևերը և բանաստեղծական չափերը։ Լույսը, բարեկամությունը, սերը․ ահա նրա պոեզիայի լեյտմոտիվները։

1960-ականներին բանաստեղծուհին նորովի մոտեցավ իր գրականությանը, առանձնացրեց հավերժական թեմաներով, գաղափարախոսական կլիշեներից զերծ գործերը։ «Ակնթարթների հավերժությունը» ընտրանու համար, որում, ի դեպ, զետեղված էր նաև «Հայաստանի քարը» բանաստեղծությունը, նա 1967-ին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։ Երկար տասնամյակներ նա Լատվիայի գրողների միության խորհրդականն էր պոեզիայի գծով ու գրեթե բոլոր սկսնակ բանաստեղծներին թև էր տալիս, խրախուսում և օգնում խորհուրդներով, իսկ նրա բնակարանը վերածվել էր իսկական սալոնի։ Քեմպեի ժողովածուները նրա մակագրություններով պահվում էին Անդրեյ Ուպիտսի, Լև Գումիլյովի անձնական գրադարաններում․ Գումիլյովն, ի դեպ, թարգմանել էր Քեմպեի բանաստեղծությունները, և Քեմպեն բարձր էր գնահատել նրա թարգմանությունները։

Բազմիցս Լատվիա այցելած Վլադիմիր Վիսոցկու անձնական գրադարանում պահվող միակ գիրքը Ռիգայից Քեմպեի քնարական մանրապատումների «Սաթե հայելի» գիրքն է։ Օյար Վացիետիսը և Իմանտ Զիեդոնիսը բանաստեղծություններ են ձոնել Քեմպեին։

Բանաստեղծուհին չորս-հինգ լեզու գիտեր, որոնցից կատարում էր թարգմանություններ։ Նա թարգմանեց «Դոն Քիշոտը», «Հուլիոս Կեսարը», «Գուլիվերի ճանապարհորդությունը», «Ռոբինզոն Կրուզոն», «Երեք քույրը», ինչպես նաև Պուշկինի, Ուիթմենի, Թագորի բանաստեղծությունները։ 1967 թվականին Քեմպեն պարգևատրվեց Լատվիական ԽՍՀ ժողովրդական գրողի կոչմամբ, նա Լատվիայի ակադեմիայի թղթակից-անդամ էր, Վիշվա-բհարաթիի համալսարանի պատվավոր դոկտոր։

Բանաստեղծ Յանիս Պետերսի խոսքերով՝ Քեմպեն «որևէ շրջանակի մեջ չտեղավորվող» անհատականություն էր․ «Քեմպեն տարբերվում էր իր դիվական կարմիր վերարկուով, և Ասպազիայի հարյուրամյակի երեկոյին հագած նույն գույնի երեկոյան շրջազգեստով, և իր մատանիներով, և արծաթե դաշույնով վզնոցով, և ապարանջաններով, և վառ ներկած շուրթերով, ու ամենից շատ՝ ոչ տիպիկ, ինքնատիպ մտածողությամբ ու արտիստիզմով»։

Սակայն նա կարողանում էր ոչ միայն հմայել, այլև հմայվում էր՝ հաճախ կորցնելով գլուխը։ Երեք անհատներ հատկապես հմայել են բանաստեղծուհուն նրա  ամբողջ կյանքի ընթացքում։ Բացի Էրիկ Ադամսոնսից նրանք՝ Ջավահարլալ Ներուն և գեներալ Երմոլովն էին։

Մի անգամ Քեմպեն Էրմիտաժում տեսնում է դեռևս 1861-ին վախճանված գեներալ Երմոլովի դիմանկարը։ Նրան թվում է, թե գեներալը դիմանկարից իրեն աչքով է անում, հավատում է, որ դա ճակատագրի նշանն է ու իրեն սկսում է անվանել գեներալի աստրալ կին։ Իր բնակարանում կախում է նրա նկարը, որի հետ հաճախ մենախոսում էր։ Ոգեհարցության սեանսի ժամանակ գեներալը Քեմպեին խնդրում է մեկ տեղում հավաքել իր ոսկորները։ Մի քանի տարվա ընթացքում բանաստեղծուհին իսկապես գտնում-հավաքում է գեներալի անհետ կորած ոսկորները ու թաղում է գեներալի հայրենի քաղաքում։

Քեմպեն խորապես ուսումնասիրել էր նաև հինդուիզմը, Վեդաներն ու Ռիգվեդան, գիտեր  հնդկական գրականությունը։ Բանաստեղծուհուն հիացնում էր Ջավահարլալ Ներուի կերպարի ամբողջականությունը, նրա գրքերը, Հնդկաստանի անկախության համար նրա պայքարը։ Լինելով Հնդկաստանի ջերմ բարեկամը՝ Քեմպեն Մոսկվայում հանդիպում ունեցավ Ներուի դստեր՝ Ինդիրա Գանդիի հետ։ «Ներուն ազնվական է, և տիկին Ինդիրա Գանդին է ազնվական»,- ասում էր բանաստեղծուհին։ Միայն նա կարող էր երբեք չլինելով Հնդկաստանում՝ այդքան ինքնամոռաց սիրել այն ու նվիրել բազում բանաստեղծություններ։

Առանձնակի սիրով էր կապված Միրձա Քեմպեն նաև Հայաստանի հետ, որտեղ առիթ ունեցավ լինելու 1947-ի աշնանը, երբ խորհրդային Հայաստան է այցելում լատվիացի գրողների խումբը, որի կազմում էին Միրձա Քեմպեն ու Յանիս Սուդրաբկալնսը (գրել է «Սևանի խեցին» բանաստեղծությունը): Առաջին անգամ էր, որ լատվիացի բանաստեղծներ էին ոտք դնում Հայաստան։ Այդ օրերից պահպանվել է լուսանկար, որտեղ Քեմպեն նստած է Դերենիկ Դեմիրճյանի կողքին։ «Գրական թերթի» հոկտեմբերի 10-ի համարում մեծ անդրադարձ կա լատվիական գրողների՝ Հայաստան այցելությանը։ Այնտեղ զետեղված է Քեմպեի «Իմ արտը» բանաստեղծությունը, պատվիրակների ողջույնի խոսքը Հայաստանին։

«Կարոգս» ամսագրի 1947-ի նոյեմբերյան համարում Քեմպեն տպագրում է «Երգ ընկերության» ակնարկը. «Ասում են՝ հրաշքներ կարելի է տեսնել միայն երազում։ Բայց Ուկրաինայով և Կովկասով մեկ ճամփորդությունից հետո ինձ թվում է, որ մեր խորհրդային հայրենիքն ավելի հիասքանչ ու գունեղ է, քան մարդկային ամենագեղեցիկ երազանքները։ Ես տեսա առասպելական բնապատկերներ և մարդկանց, ովքեր անհավանական աշխատանք էին կատարում»: Նա պատմում է, թե ինչպես է խաղող  հավաքել  Արարատյան դաշտում, ինչպես Երևանն ու Թբիլիսին գիշերը փայլում էին լեռնային հովտում հսկա գոհարների պես, ինչպես մտավ Էջմիածնի հնամյա հայկական եկեղեցին և տեսավ հայերի ճարտարապետական ​​մեծ հուշարձանները, մի այլ տեղ գրում է՝ «հուզմունքով հպվեցի Զվարթնոցի ավերակներին», դիտեց հայկական ժողովրդական պարերը, անդրադարձավ նաև Մեծ եղեռնին։ Բայց նախ եղավ Ադրբեջանում․ «Միայն խորհրդային իշխանությունն էր ադրբեջանցիներին հնարավորություն տվել սեփական մշակույթը ձևավորելու»։ Բաքվում  Նիզամիի փառատոնին ներկա հայ գրողների պատվիրակության հետ մեկնում են Երևան։ «Դա ՀԳՄ քարտուղար Հմայակ Սիրասն էր, բանաստեղծ Գեղամ Սարյանը, արձակագիր Ստեփան Զորյանը և բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանը։ Հայ գրողները մեքենայում մեզ համար երգեցին իրենց երգերը, իսկ Շողիկը ​​նույնիսկ մեկ ժողովրդական պար պարեց ձեռքի հատուկ, նուրբ շարժումներով։ Ամեն օր մեզ հետ էին հայ ականավոր բանաստեղծներն ու արձակագիրները, մեզ ուղեկցում էին թանգարաններ ու զբոսանքի, և անսովոր անկեղծությամբ ու հյուրընկալությամբ շրջապատում։ Կարելի է ասել, որ մեր ճանապարհորդության ընթացքում ամենուր մեզ սպասում էին ճոխ սեղաններ և ջերմ սրտեր: Հատկապես մեր մասին հոգ էին տանում քարտուղարները՝ բարի Սիրասը և նուրբ բանաստեղծ ու դրամատուրգ Գուրգեն Բորյանը։ Հայ բանաստեղծների երիտասարդ սերնդից մեզ ամեն օր ուղեկցում էր Հրաչյա Հովհաննիսյանը։ Հայաստանցի Ռայնիսը՝ իր ժողովրդի ցավի բանաստեղծ, մեծ աքսորյալ Ավետիք Իսահակյանը, մեզ հետ ճաշեց։ Միայն խորհրդային իշխանությունները նրան հնարավորություն տվեցին տուն վերադառնալ։ Բլոկը նրան անվանել է Եվրոպայի մեծագույն բանաստեղծներից մեկը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական 15 լեզուներով։ Ծերունազարդ բանաստեղծը մեզ հետ դիտեց Հայաստանի մասին ֆիլմ, և այդ ֆիլմում կային պահեր, որտեղ մենք՝ լատվիացիներս և հայերը, միասին ողբում էինք։ Դրանից հետո բոլորս եղանք հայկական ազգագրական երգի և պարի համույթի համերգին։ Այս մեծ, իմաստուն, ազնիվ ու պարզ բանաստեղծի ընկերակցությամբ անցկացրած ժամերն անջնջելի կմնան իմ հիշողության մեջ։

Ոչ միայն գրողները, այլև նրանց ընտանիքի անդամները հոգում էին մեր բարեկեցության մասին, նրա համար, որ մենք ծանոթանանք հայկական մշակույթին։ Սևանա լիճ գնալիս մեզ ուղեկցում էին Իսահակյանի կինոռեժիսոր որդին և կինոդերասանուհի հարսը՝ Հայաստանի ամենագեղեցիկ կանանցից մեկը»։

Պատմում են, որ Քեմպեն հետագայում էլ շատ էր խոսում Իսահակյանի մասին և հաճույքով արտասանում էր նրա բանաստեղծությունները։

Ավետիք Իսահակյանին է նվիրված Քեմպեի լավագույն բանաստեղծություններից մեկը՝ «Հայաստանի քարը»․ այն առաջին անգամ տպագրվել է «Կարոգս» ամսագրի 1948 թ․ երկրորդ համարում, որը հետագայում հայերեն է թարգմանել Սիլվա Կապուտիկյանը․

Այնտեղ, ուր Սևանն է արանքներից ժայռի

Ցոլում, ինչպես աչքը՝ թարթիչների միջից,-

Քեզ բարձրացրի գետնից ու լուռ հետս բերի։

 

Արդ, երբ ամեն անգամ քեզ եմ նայում նորից,

Հայաստանն եմ հիշում․․․ Դու մի փոքրիկ բեկոր,

Բայց քո վրա՝ երկրիդ բախտը արյունալից։

 

Քեզ տրորեց դարեր հռոմեացին խոժոռ,

Փշրվեցիր արաբ նժույգների վարգից,

Քո վրայով անցավ թուրքը սևաթափոր։

 

Դու աշխարհում դարձար աղի՝ արտասուքից,

Բայց և կարծր դարձար, դարձար կրակ անմար,

Ոսոխների ոտքը այրվեց քո կրակից։

 

Եվ ապրեցի՛ր համառ, և ապրեցի՛ր համառ,

Ու քեզ վրա սրեց իր հին սուրը մարտի

Հայը՝ ոտքի ելած իր հայրենյաց համար։

 

Բանաստեղծությունն ավարտվում է նոր կյանքի գովերգմամբ, երբ քարը՝ «դարձած խոյակ, զարդաքանդակ ու վեմ», վեր է բարձրացնում «շենքեր գեղեցկության, լույսի,- / Որ խնդությամբ շողա հայող բախտը դժխեմ․․․»

Սիլվա Կապուտիկյանին Քեմպեն անդրադառնում է իր «Հանդիպում Սյունազարդ դահլիճում» բանաստեղծության մեջ․

Հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը սյունազարդ դահլիճում

Ինձ ասում է․ «Բարև, իմ ընկերուհի»:

Հիշում եմ՝ Ռայնիսի գերեզմանին

Նրա սև մազերի վրա ոսկե տերև կար,

Սեպտեմբերյան անձրևը ողողում էր նրա դեմքը,

Հայկական պոեզիա էր կարդացվում ի փառս լատվիացի բանաստեղծի.․․

Եվ ապա՝

Սիլվա, ինձ համար հավերժ թանկ է Երևանը,

Վարդագույն քարե շենքերը, Սևանի խաղաղ շքեղությունը.․․

Քեմպեի ու Կապուտիկյանի բանաստեղծությունները հաճախ տպագրվում էին կողք-կողքի, ինչպես «Լիտերատուրնայա գազետայի» մարտիության համարում, «Համաշխարհային գրականության գրադարան» մատենաշարի «Սովետական պոեզիա» անթոլոգիայում և ամենատարբեր բանաստեղծական ժողովածուներում։

Քեմպեն մտերմացել էր նաև Գարեգին Սևունցի կնոջ՝ բանաստեղծուհի, թարգմանչուհի և արձակագիր Շողիկ Սաֆյանի հետ․

Բանաստեղծը Հայաստանից գրում է.

«Ես ստացա Ձեր նկարը։ Դուք գրում եք. «Սկզբում

Ինձ ցույց տվեցին մի լեռ, որի վրա մեռավ հավերժությունը

Բայց հայկական ազատության փայլատակումը չի մարում»։

Այո, Դուք երջանիկ էիք Երևանում։ Բայց Ձեր աչքերում

Կա ստվեր. Կարո՞ղ եք ինձ ասել,

Ո՞ւմ եք կորցրել՝ Ձեր մորը, եղբորը, թե՞ սիրեցյալին:

Օ, ասեք ինձ, որ ես Ձեզ ավելի լավ հասկանամ...

Հայաստանի հեռավոր երկրում Շողիկը ​​Ձեր մասին է մտածում։

Ես գիտեմ. մենք շատ բան ենք կորցնել ծանր մարտերում։

Բայց չկա ցավ, որը մեզ կհաղթի։

Մենք կենդանի և վերընձյուղվող ծառի ճյուղեր ենք,

Դա կհագեցնի Ձեր ամենախոր ծարավը:

Մենակություն չկա. մեզ միշտ կդիպչի եղբայրական ձեռքը

Ու կհեռացնի մեծ ու փոքր ցավից։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

․․․Ռիգայից հեռու է Երևանը,

Բայց Շողիկը ​​միշտ Միրձայի կողքին է»։

«Այն առավոտ» բանաստեղծությունում նկարագրվում է խորհրդային զորքերի մուտքը Ռիգա 1944-ին: Թվարկվում են ռուս, բելառուս և հայ զինվորները՝ վերջինս բացականչում է․ «Ջա՜ն, Ռիգա»։

Հնդիկ բանասեր–արևելագետ Սունիթի Չաթերջիին նվիրված բանաստեղծությունում Քեմպեն գրում է․

«Սասունցի Դավթի հետ նա զրույց է վարում

Հայաստանի լեռներում․․․»

Քեմպեի բանաստեղծությունները բազմիցս տպագրվել են խորհրդահայ գրական մամուլում՝ Աղավնու, Սիլվա Կապուտիկյանի, Արշալույս Սարոյանի, Գևորգ Օհանյանի թարգմանությամբ։

Քեմպեի հանդեպ հետաքրքրությունը չի մարում, ավելին՝ նա այսօր գրաֆիտիների և թատերաբեմերի հերոսուհի է։ 2019 թվականին Ալվիս Հերմանիսը Ռիգայի նոր թատրոնում բեմադրեց «Եկ էլի ինձ հանդիպելու» ներկայացումը, որում առկա է նաև Քեմպեի էքսցենտրիկ, զգացական ու միշտ հմայիչ կերպարը։

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարներ․

1․ և 2․ Միրձա Քեմպե

3․ Միրձա Քեմպե և Էրիկ Ադամսոնս

... ...