Միքայել Թարիվերդիևը կինոյում

Միքայել Թարիվերդիևը երաժշտություն է գրել 130 ֆիլմերի համար, և յուրաքանչյուրի համար նա գտել է գործիքների նոր համադրություններ և հնարքներ: Նա առաջիններից էր, որը ֆիլմերի մեղեդիներ ներմուծեց կլավեսինը, ավելացրեց քաղաքի հնչյունները և սկսեց խորհրդային էստրադային ոչ բնորոշ բարդ ռիթմերով բանաստեղծությունների խոսքերով ռոմանսներ գրել:
«Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973)
Երբ Տատյանա Լիոզնովան Թարիվերդիևին առաջարկեց «Գարնան տասնյոթ ակնթարթ» հեռուստատեսային ֆիլմի համար երաժշտություն գրել, կոմպոզիտորը երկար ժամանակ երկմտում էր: Վենիամին Դորմանի հետ նա աշխատում էր «Ռեզիդենտի սխալը» ժապավենի վրա և չէր ցանկանում մասնակցել հերթական լրտեսական բլոկբաստերի աշխատանքներին: Բայց հետո Թարիվերդիևն ընթերցեց սցենարը և հասկացավ՝ դա ոչ թե դետեկտիվ է, այլ հոգեբանական դրամա՝ խորհրդային հետախույզի կյանքի մասին, որն աշխատում է թշնամական բանակի շտաբում և անընդհատ վտանգում իր կյանքը:
Այս ֆիլմի երաժշտությունը Թարիվերդիևը գրել է նկարահանումների հետ միաժամանակ: Առաջինը «Ինչ-որ տեղ հեռվում ...» թեման էր («Հեռավոր հայրենիքի երգը»): Կոմպոզիտորը հիշում էր. «Ինչպես միշտ, երբ ես երաժշտություն եմ գրում ֆիլմի համար, փորձում եմ ինձ դնել հերոսի տեղը: Եվ ես սկսեցի մտածել այն մասին, թե ինչ է զգում մարդը, որը տարիներ առաջ ներդրվել է Գերմանիա՝ այդ սարսափելի պատերազմի ժամանակ »: Այդ նույն մեղեդին դաշնամուրի մենանվագով հնչում է այն տեսարանում, որտեղ Շտիրլիցը սրճարանում հանդիպում է կնոջը: Այդպես նա օգնում է փոխանցել հերոսի մենությունը, հայրենիքի ու ընտանիքի հանդեպ նրա կարոտը: Տատյանա Լիոզնովայի խնդրանքով այդ նույն երաժշտությունը կոմպոզիտորը նվագել է նկարահանումների ժամանակ, որպեսզի դերասաններն ավելի արտահայտիչ դարձնեն այդ բարդ տեսարանը:
Կոմպոզիտորը ենթադրում էր, որ այդ երաժշտությունը կհնչի ամբողջ ֆիլմի ընթացքում, բայց 12 մասերի համար դա բավարար չէր: Նա գրեց նաև ուրիշները՝ «Ակնթարթները», տագնապի թեման, մեղեդին, որը հնչում էր Շտիրլիցի, Շլագի և Պլեյշների Շվեյցարիա ուղևորության ժամանակ: Ավելի ուշ պարզվեց, որ անհրաժեշտ է ևս մեկ ստեղծագործություն այն տեքստի համար, որը կադրից դուրս կարդում էր Եֆիմ Կոպելյանը: Արդյունքում, ֆիլմն ունեցավ մի քանի հիմնական մեղեդիներ և նրանց վարիացիաները:
Վերա Թարիվերդիևայի «Երաժշտության կենսագրությունը» գրքում Տատյանա Լիոզնովան պատմում է. «Դա անմարդկային, ահռելի աշխատանք էր: Քանի անգամ Թարիվերդիևը ստիպված էր նորից վերակառուցել երաժշտական դրամատուրգիան, կոմպոզիցիան, հրաժարվել գրվածից, գրել նոր երաժշտություն: Նա ստուդիա էր գալիս վաղ առավոտյան և գնում էր կեսգիշերին՝ աշխատելով հազվագյուտ նվիրումով, ինչ-որ անձնուրաց մոլուցքով»:
Երկու`« Ակնթարթներ » և « Ինչ-որ տեղ հեռվում », մեղեդիների համար հիմք հանդիսացան Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունները: Երբ փնտրում էին այս երգերի կատարողներին, Լիոզնովան լսեց շատ վոկալիստների: Նրանց թվում էին նաև այն տարիների էստրադայի աստղերը՝ Վալերի Օբոդզինսկին, Վադիմ Մուլերմանը, Նիկոլայ Նիկիտսկին, Մուսլիմ Մագոմաևը և նույնիսկ Վալենտինա Տոլկունովան: Սակայն հավակնորդներից ոչ ոք ռեժիսորին չբավարարեց: Լիոզնովան ընտրեց Իոսիֆ Կոբզոնին՝ իր զուսպ, դրամատիկ կատարմամբ: Ավելի ուշ Թարիվերդիևը հիշում է.«Նա փայլուն երգեց:Կոբզոնի ձայնը ձուլվեց պատկերին՝ խփեց ճիշտ տասին »:
Հեռուստատեսային ֆիլմի առաջին մասն էկրան բարձրացավ 1973 թվականին: Երեք տարի անց Տատյանա Լյոզնովան արժանացավ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակին, իսկ ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար Միքայել Թարիվերդիևին շնորհվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան:
«Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ » (1975)
«Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի թիմում Թարիվերդիևը հայտնվեց զավեշտալի միջադեպից հետո: Կոմպոզիտորը պատմում էր. «Մի անգամ գնում եմ ճաշարան, Եվ Էլդար Ռյազանովը նստած երգում էր մի երգ՝ «Գնացքը կմեկնի դեպի Տիխորեցկայա, կցորդը կշարժվի, կառամատույցը կմնա»: Եվ ասում է, որ այս երգը ժողովրդական է, այն հեղինակ չունի: Եվ այն կընդգրկվի իր նոր՝ «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմում: - Այս Ի՞նչ խոսակցություններ են, - վրդովվեցի, - Այս երգը ժողովրդական չէ, և նա ունի հեղինակ: Եվ այս երգն իմն է»: Թարիվերդիևն այս երգը գրել էր այդ դեպքից շատ առաջ: Ուսանողական տարիներին նա այն գրել էր Ռոլան Բիկովի ներկայացման համար:
Էլդար Ռյազանովը կոմպոզիտորին ցույց տվեց նոր ֆիլմի սցենարը, որում ներառված էին Մարինա Ցվետաևայի, Եվգենի Եվտուշենկոյի, Բելա Ախմադուլինայի բանաստեղծությունները: Սցենարը Թարիվերդիևին տարակուսանքի մեջ գցեց. դժվար էր անմիջապես որոշել ֆիլմի ժանրը և թե ինչ երաժշտություն է անհրաժեշտ: Չէ որ «Ճակատագրի հեգնանքում» կային ևþ լիրիկական տեսարաններ, ևþ դրամատիկ, ևþ զվարճալի իրավիճակներ, որոնք սովորաբար հանդիպում են բուֆոնադաներում: Եվ այդ ժամանակ Միքայել Թարիվերդիևը որոշեց կողմնորոշվել ոչ թե ժանրով, այլ՝ սյուժեով: Նա ասում էր. «Մենք բոլորս, անկախ տարիքից, սպասում ենք, որ երկնքից (առանց որևէ ջանք գործադրելու) մեր գլխին արքայազն կամ արքայադուստր կընկնի: Գեղեցիկ, հմայիչ, սիրող, որոնք մեզ կհասկանան, ինչպես ոչ ոք մինչև այդ մեզ չէր հասկացել»: Դրանով «Ճակատագրի հեգնանքը» նման էր Սուրբ Ծննդյան հեքիաթի`լուսավոր ու ռոմանտիկ: Թարիվերդիևը որոշեց գրել նմանատիպ երաժշտություն:
Ռյազանովը նախատեսում էր «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմում ներգրավվել նաև այլ կոմպոզիտորների, քանի որ կարծում էր, որ մեկ երաժիշտը չի կարող միանգամից մի քանի լավ երգ ստեղծել: Թարիվերդիևը գրեց տասներկուսը: Ռյազանովը դրանցից վեցն ընտրեց առանց որևէ շտկման և այլևս այլ հեղինակների չհրավիրեց:
Միքայել Թարիվերդիևին նախազգուշացրել էին, որ ֆիլմը նկարահանում են հատուկ Ամանորի համար, և այն կցուցադրվի այն ժամանակ, երբ սովորաբար բոլորը հավաքվում են տոնական սեղանի շուրջ: Հետևաբար, երաժշտությունը պետք է թեթև և հիշվող լինի, որպեսզի այն կարողանան երգել ընկերախմբով: Բայց կոմպոզիտորը ռիսկի գնաց և գրեց ոչ կերուխումի երգեր: Դրանցում չկային բնութագրական տարրեր`ո՛չ քառյակներ, ո՛չ կրկներգեր: Գրեթե բոլոր ռոմանսները երգեց Ալլա Պուգաչովան: «Դեպի Տիխորեցկայան...» Նրա հետ երգեցին Լիա Ախեջակովան և Վալենտինա Տալիզինան, որոնք խաղում էին գլխավոր հերոսուհու ընկերուհիներին: Թարիվերդիևը միտումնավոր չի շտկել դերասանուհիների ոչ պրոֆեսիոնալ վոկալը`տեսարանն ավելի բնական դարձնելու համար:
Ֆիլմի պրեմիերան 1975 թվականի դեկտեմբերի 31-ին էր: Ցուցադրությունից անմիջապես հետո Թարիվերդիևին սկսեցին զանգահարել ծանոթները: Նրանք հիանում էին ֆիլմով և նրա երաժշտությամբ: Կոմպոզիտորը չէր հավատում, այդ բառերը համարում էր բարեկամական աջակցություն: Բայց հաջորդ օրը, զբոսնելով Կրասնայա Պրեսնյա փողոցով, նա հանդիպեց երիտասարդների մի խմբի, որը երգում էր «Ճակատագրի հեգնանք» ֆիլմի ռոմանսները: Իր հուշագրություններում Թարիվերդիևը գրել է այս դեպքի մասին. «Նոր տարի է , նրանք փոքր-ինչ գինովցած են և երգում են.« Ինձ դուր է գալիս, որ դուք հիվանդ չեք ինձնով», երևի թե առաջին անգամ իմանալով, որ աշխարհում Մարինա Ցվետաևա գոյություն ունի: Եվ ես հասկացա.«Ամեն ինչ կարգին է »:
Ըստ https://www.culture.ru/-ի հրապարակման նյութը պատրաստեց Նարեկ Ավետիսյանը

