Մի կորած ու գտնված բանաստեղծության պատմություն

Արտացոլված եմ ապակիներում, հայելիներում և աչքերիդ մեջ

Արդեն հինգ ամիս է անցել այն օրից, երբ իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեծ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, հուլիսի 3-ին նա կդառնար 82 տարեկան: Մենք սովոր ենք, որ դասականները գրքերում են լինում ու արտասովոր է պատկերացնել, հավատալ, որ նրանք նաև մեր կողքին են: Եվ երբ մեծերը հեռանում են, նոր միայն գալիս է այն գիտակցությունը, որ այլևս զրկվեցինք նրանց կենդանի ներկայությունից, կորցրեցինք նրանց հետ անմիջական կապի հնարավորությունը: Մնում է ստեղծագործությունը, որով փորձում ենք լցնել մեր ոգեղեն խոսքի կարոտ հոգիների ամայությունը և այն լուսավոր կետերը, որոնք հեռավորության խորքից վերաիմաստավորվում են:

2019 թվականին, Մատենադարանի նորակառույց մասնաշենքի վեհաշուք դահլիճում Մեծ Բրիտանիայից ժամանած հրատարակիչները՝ Թոնի Ուորդն ու Անջելա Ջերմենը եկել էին մասնակցելու Ռազմիկ Դավոյանի հանճարեղ «Ռեքվիեմի»՝ դեռևս 2016-ին իրենց հրատարակած անգլերեն թարգմանության շնորհանդեսին: Մինչև այդ արդեն նույն՝ «Arc Publications» հրատարակչատունը, որը տպագրում է բացառիկ հատորյակ՝ «Երևելի պոետներ» խորագով՝ այնտեղ ընդգրկելով աշխարհի ամենանշանավոր գրողների ստեղծագործությունները, և ինչպես գրքի նախաբանում է գրված՝ դրանց լավագույն թարգմանությունները, հատորներից մեկով ամբողջությամբ ներկայացրել էր Ռազմիկ Դավոյանի պոեզիան: Իսկ 2013-ին՝ տպագրել էր «6 հայ բանաստեղծներ» հատորը, որի հեղինակների ընտրությունը վստահվել էր Դավոյանին: Թարգմանչուհին՝ բոլոր երեք դեպքերում Արմինե Թամրազյանը՝ Ռազմիկ Դավոյանի կինն էր (Թեհրանի համալսարանի անգլերեն գրականության ֆակուլտետի շրջանավարտ, ապա՝ Լոնդոնի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի, որտեղ 1994-ին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան)։ Պոետի հանդեպ հիացումն ու պատկառանքը «Ռեքվիեմի» հետքերով բրիտանացիներին մեր երկիր էին բերել՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի առջև ծնրադրելու:

Սա ահռելի նվաճում է արդի հայ գրականության համար: Ցավոք՝ մեր իրականության մեջ արժեքները շրջված են, և մենք այս ձեռքբերումը ևս չկարողացանք ըստ արժանվույն գնահատել, համապատասխան արձագանք տալ, լուսաբանել: Պատկերացնում եմ հարևան ազգն ինչ կդարձներ, եթե նման բախտ իրենց վիճակվեր, որքան կտարփողեր իրենց գրողին աշխարհի չորս ծիրերում: Պոետը իրականությունը քաջ գիտակցում էր և պահանջ չուներ ոչ մեկից: Ապրում էր իր ամրոցում՝ գեղեցկուհի կնոջ ու օժտված որդու սիրով ողողված, հագեցած ու լիացած իր գրական կյանքով, իր խոսքին սպասող ընթերցողի ներկայությունն զգալով: 2019-ին որոշում է տպագրել բոլոր անտիպները՝ ոչ մի չհրապարակված բան չթողնելով՝ հատորն անվանելով՝ «Մենք ունենք». նոր-անտիպ բանաստեղծություններ (2019. Մունետիկ):

Ամիսներ առաջ գրողը բռնեց հավերժի ճամփան, մնաց նրա հարուստ գրական ժառանգությունը, որն, այո՛, մենք ունենք, ունենք նաև աստիճանաբար աղքատացող գրական իրականություն, ունենք արվեստագետին չգնահատող մի միջավայր, որտեղ այդպես էլ չգիտակցվեց գրողի մեծությունը, անգամ չգտնվեց մի կտոր հող՝ երևելիների կողքին՝ Պանթեոնում, իր մեծության հանգույն ամփոփվելու համար, ունենք նաև ցավ այս գիտակցությունից և ունենք իր ոգեղեն խոսքը… Ես ունեմ... ունեմ գրողի հետ շփման լուսավոր կետեր, որոնք հարստացնում են, և նրա կնոջ՝ Արմինեի հետ մի ջերմ ու զուլալ մտերմություն, որը մի զարմանալի պատմության հայտնության առիթ դարձավ: Իսկ նա՝ Արմինեն ունի… հպարտանալու շատ բան ունի Արմինեն, ունի գրողի կողքին ապրած 25 անմոռանալի տարիներ, անգին հուշեր, որոնք միայն իրենն են, ունի իրեն նվիրված բանաստեղծություններ (մոտ երկու տասնյակ), ունի  արդեն Լոնդոնի համալսարանի շրջանավարտ, ապագա ֆիզիկոս որդի, որ Դավոյան գենի կրողն է, և, ի վերջո, ամուսնու գրական ժառանգությունն՝ անգին գանձեր, որոնք հանրությանն անվերջ հիշեցնելու, վերադարձնելու պարտավորություն և առաքելություն է ստանձնել նաև: Արմինեն մեր մեջ վերացող որակների՝ առաքինության ու մարդկային հատկանիշներից ամենագեղեցիկների կրողն է, լավ ընկեր ու նվիրական մայր, համեստագույն անձնավորություն, որ երբեք չի հանրայնացրել իր ու Դավոյանի սիրո, ջերմության, հավատարմության մթնոլորտում ընթացած  ամուսնական 25 տարիները, որոնք լեցուն են եղել գրական, թարգմանական առատ հունձքով: Երբեք չի մատնանշել իր կատարած ահռելի աշխատանքը: Թեև Արմինեի թարգմանությունների մասին ինքը՝ Դավոյանն է մշտապես խոսել թե՛ հեռուստաեթերներից, թե՛ հանրային ու մասնավոր զրույցների ժամանակ՝ հատուկ ընդգծելով դրանց բացառիկ որակն ու դերը՝ վերջին տարիներին իր միջազգային ճանաչման հարցում: Նրա կյանքն առհասարակ նվիրում է՝ գիտակցված նվիրում մեծ գրողին:

Եվ ահա գրողի մահից շաբաթներ անց Արմինեն այցելում է ինձ՝ բերելով մի բանաստեղծություն: Ասում է՝ կարծես մի աներևույթ ուժ, մի անհայտ ձայն հուշեց բացել նրա գրասեղանի դարակը, որտեղ թղթերի տրցակների տակ հանկարծ հայտնաբերում է մի տետրակ, ներսում՝ ամուսնու ձեռագրով թերթիկ, որ նախկինում երբեք չէր տեսել: Երկնի պես կապույտ հայացքում տարիների հեռավորությամբ հետ մղված, գուցե խամրած մի պատկեր ասես քիչ-քիչ հստակվում է, տանում է մոտ երկու տասնամյակ հետ, դեպի այն օրը... «Բայց ինչո՞ւ երբևէ հրատարակված չի եղել, ինչո՞ւ անգամ վերջին՝ նոր-անտիպներում, որտեղ ընդգրկված են Արմինեին նվիրված բանաստեղծությունների մեծ մասը, չի զետեղել գրողը»,- մտածում եմ: Արմինեն ձեռքն է առնում թերթիկն ու ընթերցում է իրեն նվիրված խորախորհուրդ բանաստեղծությունը, կիսում է ինձ հետ իր համար այնքան նվիրական այն տողերն ու ապրումները, որոնք արձագանքում են հիշողության օվկիանոսներում, սակայն դեռ ափին չեն հասնում.

Արտացոլված եմ ապակիներում,

Հայելիներում և աչքերիդ մեջ.-

Արտացոլված եմ ջրում, երկնքում

Պարզապես՝ օդում և աչքերիդ մեջ...

«Տարիներ առաջ էր,- պատմում է,- մեր որդու՝ Զորիի հետ Կանադայում էի: Ռազմիկն ամեն օր զանգում էր, սովորաբար ինձ նվիրված բանաստեղծությունները նա գրում էր, երբ մենք երկրում չէինք լինում»: Բանաստեղծությունները ծնվում էին հեռավորությունից, ունեցածն անվերջ վերարժևորելուց, սիրուց ու կարոտից: Նման մի օր էլ նա զանգում ու խնդրում է, որ Արմինեն լսի նոր բանաստեղծությունը: «Լսեցի, սիրտս խռովվեց, աչքերս արցունքակալեցին: Գեղեցիկ էր, ինչպես միշտ՝ տաղանդավոր, բայց մեջը մահվան ստվեր կար, որ տագնապ ու ցասում առաջացրեց հոգումս, չուզեցի, բողոքեցի՝ թե կորցրու այնպես, որ այլևս երբեք չլսեմ այդ թեման քո տողերում»,- շարունակում է Արմինեն: Այդպես էլ վարվել էր, սիրելի կնոջը ցավ չպատճառելու համար թաքցրել էր աչքից հեռու մի տեղ ու հավատարիմ իր խոստումին՝ այնպես մոռացել դրա մասին, որ որևէ ժողովածուում չէր ընդգրկել, երբևէ չէր հիշատակել այլևս: Անգամ բանաստեղծությունը հավետ կորցնելու, ընթերցողին երբևէ չհասցնելու գնով... թե՞ իմանալով, որ ամեն գործ իր ժամանակն ունի, ու երբ այդ ժամանակը գա, նա այլ դերակատարություն կունենա, քան իր ստեղծման պահին, կհնչի որպես մարգարեություն: Գիտեր, քանի որ վերին օրինաչափություններին էր տիրապետում, քանի որ գիտեր որ այդ խոսքի կարիքն ունենալու է սիրելի Արմինեն, երբ նրան մենակ կթողնի այս աշխարհում: Եվ հիմա, երբ ամիսներ անց Արմինեն հոգում կորստյան ցավի իր բեռն է տանում՝ առանց շրջապատի վրա մեկ վայրկյան իսկ ծանրացնելու այն, երբ ամեն երեկո մենակ է ճանապարհում արևի վերջին շողերն ու առանց կողակցի ողջունում եկող օրվա առավոտը ու նայում իրեն այն հայելիում, որում միշտ երկուսով են արտացոլվել, ամենուրեք տեսնում է, լսում է, զգում է նրա շունչը, նրա ներկայությունը՝ օդում, արևի շողերի մեջ, բնության ձայների ու քամիների կանչի մեջ: Տեսնում է նրա արտացոլանքն ապակիներում, հայելիներում, ու այդ հայելիներից իրեն նայող իր աչքերի խորքում ճանաչում նրան, հայացքով հայացքի խորքերին փարվում: Եվ գիտակցում է, որ մարգարեությունն ի կատար ածվեց, որ ոչ մի բանի համար չի ափսոսում և հավանաբար՝ աշխարհից գաղտնի, բազմախորհուրդ ու ներհուն ժպտում է՝ հիշելով այն հեռավոր օրը...

***

Ա.Թ.

Արտացոլված եմ ապակիներում,

Հայելիներում և աչքերիդ մեջ.-

Արտացոլված եմ ջրում, երկնքում

Պարզապես՝ օդում և աչքերիդ մեջ.-

Արտացոլված եմ գիշերերգերում,

Լուսնի մեջ ներհուն և աչքերիդ մեջ…

Եվ երբ այլևս ես արտացոլված

Չեմ լինի ջրում, հայելիներում,

Ապակիներում, օդում, վերքերիդ

և կրքերիդ մեջ,

Դու պիտի, անշուշտ, նայես հայելուն,

Որ աչքերիդ մեջ ինձ էլ ցույց կտա.-

Այն ժամանակ դու կժպտաս ներհուն,

և կասես՝ ահա. կորցրի և գտա։

Ռազմիկ Դավոյան

17.07.2005

 

P.S. Շնորհակալություն եմ հայտնում սիրելի Արմինեին՝ բանաստեղծությունն ընթերցողին առաջին անգամ ներկայացնելու բացառիկ իրավունքն ու պատիվն ինձ ընձեռելու և իրենց սիրո ամրոցից մի փոքրիկ պատուհան ընթերցողի առջև առաջին անգամ բացելու իրավունքի ու վստահության համար: Գրողի հետ կապված յուրաքանչյուր մասունք նրա մեծությանը հաղորդակցվելու մեր հնարավորությունն է:

 

Նյութը սիրով, երախտագիտությամբ ու Ռազմիկ Դավոյան գրողի հիշատակի առջև անվերջ խոնարհումով պատրաստեց Անուշ Ասլիբեկյան Արծրունին