Մի իմաստուն ծերուկի հիշողությունները

Ես շատ իմաստուն ծերուկ էի։
Այժմ արդեն այն չեմ, համարեք նույնիսկ, որ ես չկամ։ Բայց մի ժամանակ, երբ ձեզանից յուրաքանչյուրը գար մոտս, և ինչ բեռ էլ տոչորեր նրա հոգին, ինչ մեղքեր էլ տանջեին նրա մտքերը, ես կգրկեի նրան և կասեի․ «Տղաս սփոփվիր, քանզի հոգիդ որևէ բեռ չի տոչորի և ոչ մի մեղք չեմ տեսնում մարմնումդ», և նա վազելով կհեռանար՝ երջանիկ և ուրախ։
Ես մեծ էի և ուժեղ։ Մարդիկ, փողոցում ինձ հանդիպելիս, կողմ էին փախչում, և ես, արդուկի պես, անցնում էի ամբոխի միջով։
Հաճախ էին ոտքերս համբուրում, բայց ես չէի բողոքում, գիտեի, որ արժանի եմ դրան։ Ինչո՞ւ մարդկանց զրկել ինձ մեծարելու հաճույքից։ Անգամ ես ինքս, շատ ճկուն մարմին ունենալով, փորձում էի սեփական ոտքս համբուրել։ Նստում էի նստարանին, աջ ոտքս ձեռքս առնում և մոտեցնում դեմքիս։ Ինձ հաջողվեց համբուրել ոտքիս մեծ մատը։ Ես երջանիկ էի։ Ես հասկացա մյուսների երջանկությունը։
Բոլորը խոնարհվում էին իմ առաջ։ Եվ ոչ միայն մարդիկ, անգամ կենդանիները, անգամ տարբեր միջատները սողում էին իմ առաջ և պոչերն այս ու այն կողմ շարժում։ Իսկ կատուները։ Դրանք պարզապես հոգի էին տալիս ինձ համար, և, ինչ-որ կերպ թաթերն իրար հանգուցելով, վազում էին իմ առաջ, երբ ելնում էի աստիճանով։
Այդժամ ես իսկապես շատ իմաստուն էի և ամեն ինչ հասկանում էի։ Չկար որևէ բան, որ ինձ փակուղու մեջ կգցեր։ Վիթխարի ուղեղիս մի րոպե լարում․ և ամենաբարդ խնդիրը պարզագույնս լուծվում էր։ Ինձ անգամ ուղեղի համալսարան էին մտցրել և ցույց էին տալիս գիտնական պրոֆեսորներին։ Սրանք էլեկտրականությամբ չափում էին ուղեղս և պարզապես ապշում․
-Մենք երբեք համանման բան չենք տեսել,- ասում էին նրանք։
Ես ամուսնացած էի, բայց հազվադեպ էի կնոջս տեսնում։ Նա վախենում էր ինձանից․ ուղեղիս վիթխարիությունը ճնշում էր նրան։ Նա ոչ թե ապրում էր, այլ՝ դողում, եթե ես նայում էի նրան՝ սկսում էր զկրտալ։ Մենք երկար ժամանակ միասին էինք ապրում, բայց հետո, նա, կարծես, ինչ-որ տեղ անհետացավ․ հստակ չեմ հիշում։
Հիշողությունն ընդհանրապես տարօրինակ բան է։ Ի՜նչ դժվար է լինում ինչ-որ բան հիշելը և ի՜նչ հեշտ՝ մոռանալը։ Պատահում է՝ ինչ-որ բան մտապահում ես, բայց՝ վերհիշում լրիվ այլ բան։ Կամ, ինչ-որ բան դժվարությամբ ես հիշում, բայց շատ հաստատ, իսկ հետո ոչինչ չես կարողանում հիշել։ Այդպես էլ է պատահում։ Ես բոլորին խորհուրդ կտամ աշխատել իրենց հիշողության վրա։
Ես միշտ արդար եմ եղել և իզուր ոչ ոքի չեմ ծեծել, քանի որ, երբ ինչ-որ մեկին ծեծում ես՝ միշտ խղճում ես, և այդժամ կարելի է չափն անցնել։ Երեխաներին, օրինակ, երբեք չպետք է դանակով կամ առհասարակ երկաթե բանով հարվածել։ Իսկ կանանց, ընդհակառակը՝ չարժե ոտքով խփել։ Կենդանիները, սրանք, ասում են, դիմացկուն են։ Բայց ես այդ ուղղությամբ փորձեր եմ կատարել և գիտեմ, որ դա միշտ չէ այդպես։
Ճկունությանս շնորհիվ, ես կարող էի անել այն, ինչը ոչ ոք չէր կարող։ Այդպես, օրինակ, մի անգամ ինձ հաջողվեց շատ ծուռումուռ պոլիմերային խողովակից հանել այնտեղ մտած եղբորս ականջօղը։ Կարող էի, օրինակ, թաքնվել փոքր կողովի մեջ և հետևիցս կափարիչը ծածկել։
Այո, իհարկե, ես բացառիկ էի։
Եղբայրս լրիվ հակապատկերս էր, նախ, ավելի բարձրահասակ էր, երկրորդ՝ ավելի հիմար։
Մենք նրա հետ երբեք ընկերություն չէինք անում։ Թեև, այնուամենայնիվ, ընկերություն անում էինք, և անգամ շատ։ Ես այստեղ ինչ-որ բան խառնեցի․ մենք նրա հետ ընկերություն չէինք անում և միշտ վեճի մեջ էինք։ Իսկ վիճեցինք այսպես։ Ես կանգնած էի․ այնտեղ շաքար էին տալիս, հերթի մեջ էի և ջանում էի չլսել շուրջս ինչ են ասում։ Ատամս փոքր-ինչ ցավում էր, և տրամադրությունս լավ չէր։ Փողոցում շատ ցուրտ էր, քանի որ բոլորը բամբակե քուրքերով էին ու միևնույն է՝ մրսում էին։ Ես էլ բամբակե քուրքով էի, բայց ինքս այդքան չէի մրսում, բայց ձեռքերս էին սառում, քանի որ ստիպված էի ձեռքս գրպանիցս հանել և ուղղել ճամպրուկը, որ պահում էի, ոտքերով սեղմելով, որպեսզի այն չկորչի։ Հանկարծ ինչ-որ մեկը խփեց մեջքիս։ Աննկարագրելիորեն զայրացա և կայծակի արագությամբ սկսեցի մտածել՝ ինչպես նեղացնողին պատժել։ Այդժամ երկրորդ անգամ հարվածեցին մեջքիս։ Ես ամբողջովին տագնապեցի, բայց որոշեցի գլուխս չշրջել և ձևացնել, իբր ոչինչ չեմ նկատել։ Ես միայն համենայնդեպս ճամպրուկը ձեռքս վերցրի։ Մոտ յոթ րոպե անցավ, և երրորդ անգամ մեջքիս խփեցին։ Այդժամ ես շրջվեցի և առջևս տեսա բավական հնամաշ, բայց միևնույն է լավ բամբակե քուրքով բարձրահասակ մարդու։
-Ի՞նչ եք ինձանից ուզում,- հարցրեցի նրան բավական խիստ և անգամ փոքր-ինչ մետաղական ձայնով։
-Իսկ դու ինչո՞ւ չես շրջվում, երբ քեզ ձայնում են, -ասաց նա:
Ես խորհեցի նրա բառերի իմաստի շուրջ, երբ նա նորից բերանը բացեց և ասաց․
-Դե, խոսիր, ինչ է, ինձ չես ճանաչո՞ւմ։ Չէ որ եղբայրդ եմ։
Ես նորից խորհեցի նրա բառերի շուրջ, և նա կրկին բերանը բացեց և ասաց․
-Լսիր, եղբայրս։ Չորս ռուբլի չի հերիքում շաքարի համար, իսկ հերթից դուրս գալն ափսոս է։ Ինձ պարտքով հինգ ռուբլի տուր, մենք հետո հաշիվը կտեսնենք։
Ես սկսեցի մտածել՝ ինչու եղբորս չորս ռուբլի չի հերիքում, բայց նա թևքիցս բռնեց և ասաց․
-Դե հիմա ինչ, եղբորդ մի քիչ փող պարտքով կտա՞ս։
Եվ այդ բառերով հենց ինքը բամբակե քուրքս արձակեց, մտավ ծոցագրպանս և դրամապանակս հանեց։
-Ահա,- ասաց նա,- ես, եղբայր, քեզանից որոշակի գումար եմ պարտքով վերցնում, իսկ դրամապանակը, տես, նորից հետ քուրքիդ մեջ եմ դնում։
Եվ նա խոթեց դրամապանակը քուրքիս դրսի գրպանը։ Ես, իհարկե, զարմացած էի, այդքան անսպասելի եղբորս տեսնելով։ Որոշ ժամանակ լռեցի, հետո հարցրի․
-Իսկ ո՞ւր էիր մինչև հիմա։
-Այնտեղ,- ասաց եղբայրս և ձեռքով ինչ-որ տեղ ցույց տվեց։ Ես մտածեցի՝ որտեղ է այդ «այնտեղը», բայց եղբայրս հետևիցս թեթև հրեց և ասաց․
-Տես, սկսեցին թողնել խանութ։
Մինչև խանութի դուռը մենք միասին գնացինք, բայց խանութում, տեսնեմ, մենակ եմ, առանց եղբորս։ Ես մի րոպե դուրս եկա հերթից և դռնից նայեցի փողոցին։ Բայց եղբայրս ոչ մի տեղ չկար։
Երբ նորից փորձեցի հերթում տեղ գրավել, չթողեցին և նույնիսկ հետզհետե դուրս գցեցին։ Ես զսպելով զայրույթս վատ կարգ ու կանոնի հանդեպ, ուղևորվեցի տուն։ Տանը հայտնաբերեցի, որ եղբայրս դրամապանակիցս ամբողջ գումարը վերցրել է։ Այդժամ բարկացա եղբորս վրա, և դրանից հետո մենք երբեք այլևս իրար հետ չհաշտվեցինք։
Ես մենակ էի ապրում և միայն խորհրդի հետևից եկողներին էի ներս թողնում։ Բայց այդպիսիք շատ էին, և այնպես էր ստացվում, որ գիշեր-ցերեկ հանգիստ չունեի։ Երբեմն այն աստիճան էի հոգնում, որ պառկում էի գետնին և հանգստանում։ Պառկում էի գետնին այնքան ժամանակ, որ մրսում էի, այդժամ ցատկում և սկսում էի սենյակով մեկ վազել, որպեսզի տաքանամ։ Հետո նորից նստում էի նստարանին և խորհուրդ տալիս դրա կարիքն ունեցողներին։
Նրանք մեկը մյուսի հետևից էին ներս մտնում, երբեմն անգամ դռները չբացելով։ Հաճույքով էի նայում նրանց տառապալից դեմքերին։ Խոսում էի իրենց հետ, իսկ ինքս հազիվ էի ծիծաղս զսպում։
Մի անգամ չդիմացա և ծիծաղեցի։ Նրանք սարսափով նետվեցին փախչելու, ով դռնով, ով պատուհանով, իսկ ով անգամ հենց պատի միջով։
Մենակ մնալով, ես իմ ողջ վիթխարի հասակով կանգնեցի, բերանս բացեցի և ասացի․
-Պրին տիմ պրամ։
Բայց այդժամ մեջս ինչ-որ բան ճռթճռթաց, և այդ ժամանակվանից կարող եք համարել, որ ես այլևս չկամ։
Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի