Մի բալետի ստեղծման պատմություն

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը

2019 թվականի ապրիլին ֆրանսիական ռադիոյի՝ Francemusique-ի երաժշտագետ Անն-Շարլոտ Ռեմոնը «Musicopolis» աուդիո ծրագրի ռադիոունկնդիրներին ծանոթացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Արամ Խաչատրյանի հայրենասիրական «Գայանե» բալետի ստեղծման պատմությանը, երբ հայազգի կոմպոզիտորը Խորհրդային Միությունում, ապա նաև աշխարհում հռչակվեց իր բալետով և, մանավանդ, հայտնի «Սուսերով պարով»։

 

1942 թվականի դեկտեմբեր, Պերմ, ԽՍՀՄ 

Խորհրդային Միության և նացիստական Գերմանիայի միջև սկսված Հայրենական մեծ պատերազմն ազդում է երկրի բոլոր քաղաքացիների վրա՝ տարբեր կերպով փոխելով նրանց կյանքը։ Ամեն մեկը յուրովի է պայքարում՝ իր տրամադրության տակ եղած միջոցներով: Երբ երաժիշտները չեն միանում զինված ուժերին, նրանք կարող են զինվորների համար ելույթ ունենալ, կամ հայրենասիրական երգեր հորինել, ծավալուն ստեղծագործություններ գրել, որոնք խորհրդանաշում են հայրենիքի պաշտպանությունն ու ֆաշիզմի դեմ պայքարը: Պրոկոֆևը շուտով կսկսի իր «Պատերազմ և խաղաղություն» օպերան, իսկ Շոստակովիչը՝ հռչակավոր 7-րդ սիմֆոնիան։ Ինչ վերաբերում է Խաչատրյանին, ապա նա ձեռնամուխ կլինի խոշոր հայրենասիրական «Գայանե» բալետի ստեղծմանը։

1941 թվականից, երբ գերմանական բանակի հարձակումից հետո Խորհրդային Միությունը պատերազմի մեջ է ներքաշվում, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի թատերախումբն էվակուացվում է երկրի կենտրոն՝ Ուրալ, Պերմ քաղաք։ Հենց այնտեղ է նրանց միանում Արամ Խաչատրյանը, որին պատվիրվել էր 1939 թվականին մեծ հաջողությամբ բեմադրված նրա «Ուրախություն» բալետի նոր տարբերակը:

Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությունը Խաչատրյանին առաջարկեց այս բալետի նոր լիբրետոն։ Պարզվում է, որ պատմությունը, կերպարները և իրավիճակներն այնքան էին տարբերվում, որ պետք էր փոխել ամբողջ երաժշտությունը: Կոմպոզիտորը կպահպանի պարերից մի քանիսը, բայց ստիպված կլինի ավելացնել բազմաթիվ տեսարաններ, մնջախաղ, կերպարների միջև եղող կապեր... Նրա խոսքով՝ արդյունքում պարտիտուրի սկզբնական տարբերակը վերջում լրիվ «կուլակաթափ» կլինի։

60-ական թվականներին Խաչատրյանը մտաբերում է 1941 և 42 թվականների իր կյանքի այն դրվագը, երբ նա Պերմում գրում էր բալետի նոր տարբերակը, որն այնուհետև կկոչվի «Գայանե»՝ իր հերոսուհու անունով. «Ես ապրում էի «Ցենտրալնայա» հյուրանոցի հինգերորդ հարկում: Այդ ժամանակներն հիշելիս նորից ու նորից մտածում եմ՝ թե որքան դժվար էր մարդկանց համար: Ռազմաճակատին զենք, հաց, մախորկա էր անհրաժեշտ, իսկ հոգևոր սննդի՝ արվեստի, կարիք ուներ և՛ ճակատը, և՛ թիկունքը: Մենք՝ արտիստներս ու երաժիշտներս, հասկանում էինք այդ ամենն ու մեր ուժերը ներդնում դրանում: «Գայանեի» պարտիտուրի բոլոր էջերը գրեցի հյուրանոցային սառն ու փոքր սենյակում, որտեղ դաշնամուր, աթոռակ, սեղան ու մահճակալ կար: Ինձ համար այն հատկապես թանկ է, քանի որ «Գայանեն» խորհրդային թեմայով միակ բալետն էր, որ բեմից չէր իջնում քառորդ դար շարունակ...»։ (Արամ Խաչատրյանի հուշերից)

«Գայանե» բալետի բեմադրությունը հանձնարարված էր պարուհի և խորեոգրաֆ Նինա Անիսիմովային: Խաչատրյանը շատ էր ներկա լինում փորձերին: Նա խոսում էր յուրաքանչյուր պարողի հետ և յուրաքանչյուրի համար վերլուծում ամեն վարիացիայի և ամեն պարի յուրաքանչյուր ֆրազը, որպեսզի նրանք կարողանան ավելի հեշտ հասկանալ դրանց գաղափարն ու նշանակությունը: Նա միշտ պատրաստ էր լիցքաթափել մթնոլորտը ծիծաղով կամ կատակով: Մի օր նույնիսկ այն սարսափելի սովի ժամանակաշրջանում նրան հաջողվեց մեկ շիշ գինի գտնել: 

Բալետի առաջին տարբերակը, որն այն ժամանակ կոչվում էր «Ուրախություն», Խաչատրյանին պատվիրվել է հայ երաժշտության տասնօրյակի կապակցությամբ: 1939 թվականի գարունն ու ամառը նա անցկացրեց Հայաստանում՝ զբաղվելով ժողովրդական երգերի ու պարային մեղեդիների հավաքմամբ ու դրանց մանրակրկիտ ուսումնասիրությամբ: Այն ժամանակ նա դեռ երբևէ բալետ չէր գրել, այնուամենայնիվ, փորձեց կուռ սիմֆոնիկ հենքում օգտագործել ազգագրական տարրերը: Հետագայում նա կկատարելագործի իր գեղագիտական սկզբունքները «Գայանե» բալետում: 

Խաչատրյանը ծնվել է ոչ թե Հայաստանում, այլ Թիֆլիսում՝ այժմ՝ Թբիլիսի: «Ես մեծացել եմ մի շրջապատում, -հիշում է նա,- որը լի էր  ժողովրդական երաժշտությամբ. հանրահայտ ծեսերը, տոները, տոնակատարությունները և տխուր իրադարձությունները մարդկանց կյանքում ուղեկցվել են երաժշտությամբ. հայկական, ադրբեջանական և վրացական վառ մեղեդիներով և պարերով, որոնք կատարում էին աշուղներն ու երաժիշտները։ Դրանք եղել են այն տպավորությունները, որ խորը հետք են թողել իմ հիշողության մեջ, որոնք ուղղորդել են երաժշտական մտածողությունս»։ Իր ծննդավայրը կոմպոզիտորն անվանում է «երգի քաղաք», ասելով, որ այնտեղ երգում էին բոլորը՝ իրենց տան դիմաց՝ փողոցում աշխատող արհեստավորները, շրջիկ վաճառողները… Բոլորն ունեին իրենց սեփական արտահայտիչ մեղեդին, որը նա երբեք չի մոռանա: Իսկ երբ երեկոն ընկնում էր, բակերը լցվում էին երգերով ու պարային մեղեդիներով:

Խաչատրյանի նվագախումբը ծայրահեղ զանազան է: Նա վիրտուոզ կերպով կատարում է արևմտյան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար գրած գործերը, բայց հաճախ դրանց ավելացնում է հնչյուններ, որոնք ներշնչված են իր մանկության ընթացքում Կովկասում լսած արևելյան նվագարաններով՝ թառ, քյամանչա, սազ, և այս ամենը նա ներդնում է ժողովրդական կամ ոճավորված պարի հենքի մեջ: 

1942 թվականի աշնանը «Գայանե» բալետի փորձերն ամբողջ թափով ընթանում էին Պերմի թատրոնում, որտեղ տեղավորվել էր Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի թատերախումբը: Պարտիտուրն ավարտված էր, մինչդեռ տնօրենը Խաչատրյանից պահանջում է վերջին գործողության մեջ պար ավելացնել: Ինքը՝ կոմպոզիտորը, համարում էր, որ բալետն ավարտուն է, ըստ նրա ամեն ինչ այդպես էլ լավ էր: Այնուամենայնիվ, նա գործի է անցնում, բայց՝ դժկամորեն: Նա մտորում է իրեն տրված ցուցումների շուրջ:

«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը,-ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն որպես  կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: Երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »  (Արամ Խաչատրյանի հուշերից)

Իր կյանքի վերջում նա գրել է. « Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի:»  

«Ինչ-որ տեղ արտասահմանում ինձ գովազդում են որպես «Սուսերով մարդ»: Սա ինձ նույնիսկ զայրացնում է: Ես այն անարդարացի եմ համարում»։

Արամ Խաչատրյանի գնահատմամբ, այսօրվա կոմպոզիտորը միայն կոմպոզիտոր չէ, այլ հանրային աշխատող և պրոպագանդիստ, որը հիանալի ճանաչում է կյանքը, իր ամեն նյարդով զգում է կյանքի բաբախումը: «Առանց դրա նա չէր կարողանա արդի մարդու պատկերն արտացոլող երաժշտություն գրել»,- համարում էր նա:

Ներկայացման  առաջնախաղի օրը Պերմի թատերական թերթը գրում է. «Այս օրերին, երբ պատրաստվում ենք առաջնախաղին, ֆաշիստները մղվում են դեպի Անդրկովկաս: Մեր ներկայացումը եղբայրական ողջույն է Կովկասի հերոսական ժողովրդին (Նինա Անիսիմովա, խորեոգրաֆ)»:

Արամ Խաչատրյանի կենսագիր Գրիգորի Շնեերսոնն այսպես է նկարագրում կոմպոզիտորի երաժշտական ինքնությունը.

«Խաչատրյան կոմպոզիտորը հոգու խորքում նույնն է, ինչ Խաչատրյան մարդը։ Սերը կյանքի նկատմամբ, ուժեղ կամքը, սրընթացությունը, կրքոտ խառնվածքը, իմպուլսիվ բնույթը, զգացմունքներով լի լինելը և հակասությունների հանդեպ հակվածությունը, որոնք մենք գտնում ենք նրա երաժշտության մեջ, նույնպես նրա բնավորության այն գծերն են, որոնք կառավարում են նրա կյանքի  ընթացքը... Նրա լեզուն իմպուլսիվ է ու կրքոտ: Նա չի կարող հանգիստ խոսել երաժշտության մասին։ Երբ բանավեճ է բռնկվում, և երբ նա չի կարող իր ասածը հիմնավորելու համար բառեր գտնել, նա հեռանում է ու նստում դաշնամուրի առջև: Երբ նրա մատներն այլևս չեն կարողանում հետևել երաժշտության հոսքին, նա դրան ավելացնում է իր ձայնը։ Իր խռպոտ բարիտոնով նա կարողանում  է հանգել երաժշտական կերպարի համոզիչ լինելուն»:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի