Մետրո-քավարան

Լինում է, որ չես հասկանում՝ կորցրե՞լ ես, կորե՞լ, թե՝ կորսվել։ Այդ օրը չէի կարողանում կողմնորոշվել անգամ՝ ես եմ ինձ կորցրել, թե՞ ինքը ինձ։ Արտասովոր ոչինչ չէր պատահել, չհաշված, որ աչքովս էր ընկել նրանց երեք տարի առաջվա ֆեյսբուքյան գրառումը։

-Ճիշտ է ասում, թող ծնվի, գիտես, թե ինչքան եմ նրան սիրում: Հարազատ զավակիս պես կպահեմ երեխային։

-Է՜, Քրիստիան, Քրիստիան։

Բայց մինչ այդ էլ զգում էի, որ շատ եմ տվել ինքս ինձ, ու նա ոչինչ չի վերադարձրել, ամեն ինչ արել եմ նրա համար, որ ինքս եմ, բայց երախտագիտության ոչ մի նշույլ չեմ զգացել։ Հենարան էի փնտրել՝ ծնողներ, ընկերներ, կին, Աստված, բայց չէի գտել, ու գլուխս դրել էի սեփական ուսիս։ Բայց շատ ավելի թույլ չէի տվել, որ որևէ մեկը, անգամ ամենասիրելին, իմ ուսն իրեն հենարան զգա։ Էլի էր պատահել, որ դժգոհել էի նրանից, ում անունի համար մինչև լուսաբաց գծագրական թղթի առջև առողջությունս քայքայելով հեղինակություն էի ստեղծել, կարողություն ու բարեկեցություն։  Ակնոցներիս մինուսը արագորեն մեծանում էր։ Իսկ այդ օրը չգիտեի, իմ հետ մի աներևակայելի բա՞ն է պատահել, թե՞ հիմա է տեղի ունենում։ Ուշ գիշերին`ավելի ճիշտ լուսադեմին, անկողին մտնելուց հետո թեև տարտամ, բայց արդեն իսկ ունեի զգացողություն, որ հաջորդ օրը ինձ հետ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու։ Արթնացա կեսօրի մոտ ու անմիջապես, շատ ավելի որոշակի զգացի, որ օրս սովորական չի լինելու։ Այո, եղել է մի բան, որ այսօր շարունակվելու է։ Սակայն տաք սուրճը խմելիս մտքովս անցավ, որ այդ զգացողությունը երկար ընդմիջումից հետո մետրո նստելու անհրաժեշտության սրտնեղությունից է։ Վերջին երկու տարում ընդամենը երեք անգամ էի երթևեկել քաղաքային տրանսպորտով։ Երեք անգամն էլ՝ մետրոյով։ Արդեն չորս տարի ավտոմեքենա ունեի ու գերադասում էի դրանով գործի գնալ-գալ։ Իսկ դրանից առաջ, հատկապես ուսանողական տարիներին, գրեթե ամեն օր էի մետրո մտնում։ Մտնում էի խոր դժկամությամբ, որովհետև եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը մի քանի անգամ նույն ոստիկանը առանց ավելորդ քաղաքավարության բռնում էր թևիցս ու առաջարկում իր հետ գնալ։ Երիտասարդական կայարանում նրա աշխատավայրը իջնող շարժասանդուղքի ձախ կողմում գտնվող մի նեղ խուց էր, ուր մտնելուն պես առաջարկում էր, ավելի ճիշտ կարգադրում սեղանին դատարկել գրպաններիս եղածը։ Տարածված խոսակցություն կար, որ պլան են գցում գրպանդ ու գործ չհարուցելու համար փող կորզում։ Ամեն անգամ ահուդողով սպասում էի, որ հիմա կասի.

-Էս ի՞նչ ա ֆոլգայի մեջ։

Բայց երբեք նման բան չասաց։ Պարզապես թմբլիկ մատները հատ-հատ գրպանիցս դուրս եկած իրերին հպելով տնտղելուց, իսկ սիգարետի տուփի մեջ ավելի ուշադիր նայելուց ու հոտոտելուց հետո տհաճ ձայնով այնպես էր ասում՝ ազատ ես, կարծես կարգադրում էր՝ կորիր աչքիցս։ Նրա ծամածռված դեմքից դժգոհություն էր կաթում, որ անթույլատրելի որևէ բան չգտնվեց։ Եղածն ի՞նչ էր՝ ծխախոտ ու վառիչ, թաշկինակ, մի քանի թղթե ու մետաղյա մանրադրամ, երբեմն նաև գրիչ, որի միջուկը լցվել էր գրպանս ու թանաքի հետք թողել ջինսիս վրա։ Մեկ էլ ուսանողական տոմսը։ Ամեն անգամ բողոքում էի, թե չի եղել դեպք, որ առանց խուզարկության վագոն նստեմ, բայց բանի տեղ չէր դնում։ Վստահ էի, որ ոչ թե միտումնավոր է ինձ մի քանի րոպեով կալանում, այլ ուղակի սրբվող հիշողություն ունի։ Թեև պատահում էր, որ հիշում էր ու բարկանում.

-Էլի դո՞ւ, ո՞նց ես հաջողացնում ամեն անգամ…

Այդ օրը, կեսօրին, երբ տաք լուծվող սուրճ էի խմում, ու մտքովս անցավ, թե անըմբռնելի զգացողություններս մետրո մտնելու անհրաժեշտությունից են, չհավատացի ինքս ինձ, կարող էի տաքսի կանչել գործի հասնելու հանար, բայց և չհամարձակվեցի այլ պատճառ փնտրել։ Համարեցի, որ սուրճի հետ սովորական ծխախոտն այս անգամ քիչ է։ Այո, կարող էի տաքսի կանչել, բայց հասկանում էի, որ այն ինչ պիտի պատահի, հենց մետրոյում է լինելու, և ես դրանից չեմ կարող խուսափել։ Երբ ժետոնը գցեցի անցքի մեջ, բայց արգելաձողերը չբացվեցին, Քրիստիանին դեռ չէի հիշել։ Այդ պահին ավելի վստահ էի, որ ոչ մեքենայիս բացակայությունը, ոչ էլ ոստիկանի մասին տհաճ, ճղճիմ հուշերը չեն կորցնելու, կորելու կամ ինչ որ մեկի կողմից կորսված լինելու պատճառը։

Ոստիկանի աչքից չէի վրիպում, եթե նույնիսկ մենակ չէի։ Քանի հոգով էլ լինեինք, ընտրությունն իմ վրա էր կանգ առնում։ Երեք անգամ Թամարին սպասեցնել տվեց, մինչև որ դուրս եկա խցից։ Ի՞նչ իմանաս, գուցե նա այդպիսով իմ ճակատագիրը տնօրինեց։ Սեր դեռ չկար, գուցե և չլիներ։ Բայց երկուսիս էլ հաճելի էր միմյանց ներկայությունը։ Թամարը սովորաբար Շենգավիթ կայարանում էր իջնում, ես՝ վերջինում, բայց մի քանի անգամ իբր կամ իսկապես զրույցով տարված կամ ես էի նրա հետ իջնում, կամ ինքը չէր նկատում իր կայարանն ու հետս Գարեգին Նժդեհ էր հասնում։ Առաջին երեք անգամը սպասեց, թեև այնքան էլ չհավատաց արդարացումիս, թե բթամիտ այդ ոստիկանն առանց պատճառի է անհայտ հանցանքի մեջ ինձ կասկածում։ Երևի նրան պետք չէր ասել, թե շատ անբարեհույս արտաքին ունեմ, կասկած եմ հարուցում։ Հանցագործի այդքան էլ նման չէի, բայց առանց հայելու մեջ կազմվածքս ու դեմքս զննելու էլ գիտեի, որ թույլ, անհաստատակամ մարդու տպավորություն եմ թողնում։ Մի անգամ արտասահմանյան կերպարվեստի պատմության դասախոսը՝ Վերա Անդրանիկովնան, երբ Ապոլոնի արձանի մասին էր պատմում, խնդրեց, որ ոտքի կանգնեմ, որպեսզի ինչ-որ բաներ ցույց տա վրաս։ Բայց մի քանի վայրկյան նայելուց հետո, շշնջաց. «Նստիր, խնդրեմ, անհնար է, շատ ես հեռու Ապոլոնից»։ 

-Էլի դո՞ւ, արա,- նեղսրտում էր ոստիկանն ու օրեր անց մոռացած էր լինում իր իսկ մուննաթն ու էլի բռնում էր թևիցս։ Ի վերջո համալսարանում խաբեցի, որ ուստոմսս կորել է, նկար տվեցի ու օրեր անց երկրորդը ստացա։ Հինը տվեցի գաճաճ, հաստափոր ոստիկանին, ու ասացի, որ պահի մոտը, որպեսզի ինձ հիշի ու իմանա, որ երբեք ֆոլգայի մեջ փաթաթած կանեփի գնդով մետրո չեմ մտնելու։ Մեքենաբար, առանց գիտակցելու ո´չ իմ ասածը,  ո´չ էլ իր արածը վերցրեց, տեղավորեց վերնաշապիկի գրպանը։ Երբ Քրիստիանն արեց այդ հիմարությունը, ես դադարեցի մետրո մտնել։ Խցկվում էի քրտնահոտ երթուղայինների մեջ ու շախմատի ձիու ուրվագիծ դարձած տուն հասնում։

Բայց մինչ այդ, մինչ սիրիացի ընկերոջս մահը, երբ չորրորդ անգամ Թամարը չէր սպասել ոստիկանական սենյակից դուրս գալուս, ու այդուհետ սկսեց խուսափել, պատճառ էր գտնում շուտ կամ ուշ տուն գնալու։ Նրան պիտի չասեի, որ արտաքինիս մեջ մի անհաստատ, անբարեհույս բան կա։ Երևի թաքուն զննեց ու հասկացավ, որ հենց այդպիսին եմ։ Բնականաբար Ապոլոնի հետ համեմատությունն էլ, գոնե տեսանելի մասերով, ամենևին իմ օգտին չէր, թեև Վերա Անդրանիկովնայի դասից հետո մտածում էի, որ տղամարդու համար ամենակարևոր իմ բանն ավելի մեծ է, քան Ապոլոնինը։ Մազերս էլ նրա գանգուրներից ավելի գանգուր ու խիտ էին։ Երբ դպրոցական էի, սանր էր, որ ատամնաթափ էր լինում նրանց մեջ, իսկ ֆիզկուլտի դասատու Մելքոնյանը մի օր ասաց, եթե գնդակը գլխիս կպնի, կտնկվի մազերիս, ինչպես մեխերի վրա։ 

Վերջին կուրսում զղջացել էր․ ես ոչ միայն բանտում չէի հայտնվել, այլև մի երկու մրցույթ էի շահել։ Հայրենիքում իմ նախագծով բանկի մասնաճյուղ, Բրիտանիայում երեք միանման առանձնատներ էին կառուցվելու իրար կողքի։ Առաջինի փողով մեքենա գնեցի, իսկ երկրորդի հոնորարով՝ բնակարան։ Կարող էի ավելի մեծն առնել, բայց գերադասեցի մեկ սենյականոցը, որը իմ մանկության ու պատանեկության թաղամասում էր, չցանկացա ծնողներիցս հեռու ապրել։ Դասախոսներն էլ, չհաշված հայտնի ճարտարապետ Առնակ Թորոսյանը, սկսել էին հարգալից ակնածանքով վերաբերել։ Նա անկասկած ամենատաղանդավորն էր մեզ դասավանդող մասնագետներից։ Գնահատում էր ինձ, բայց տանել չէր կարողանում։ Առնակ Թորոսյանը տալիս էր այն ամենը, ինչ գիտեր, մատուցում էր հստակ ու մատչելի, երբեմն՝ ինքնամոռաց։ Երբ գրատախտակի վրա որևէ կառույցի առավելությունը կամ պակասությունն էր ցույց տալիս, դեմքն ու հագուստը կորչում էին կավիճի մեջ։ Երբեմն արհամարում էր մեր զգուշացումը, որ զանգը տվել է, դասը պրծել, մինչև որ ավարտվում էր նաև դասամիջոցը, ու հաջորդ ժամի դասախոսն էր ներս մտնում։ Բայց դա երեքշաբթի, իսկ ուրբաթ օրերին հակառակի պես նրա դասը վերջինն էր։ Հետո հոգնած նստում էր աթոռին, անհասցե նայում լսարանին և ոգևորությունը դեմքին փոխվում էր մեր նկատմամբ չարության ու ափսոսանքի։ Նա իրեն կողոպտված էր զգում, ինչպես կարող էր զգալ ապերախտ զավակների համար զրկանքներով կյանքը վատնած ծեր հայրը։ Երբ առանձնատների՝ բրիտանական ընկերության մրցույթը շահեցի, նա առավել չարացավ իմ դեմ, թեև առանց իր օգնության ոչնչի չէի հասնի։ Դրանից հետո նա սկսեց ինձ հեգնանքով մետր կոչել։ Բացի Թորոսյանից, սիրիահայ ընկերս էլ նրանից սովորեց այդ բառը, և երբեմն, թեև առանց հեգնանքի, ինքն էլ էր կրկնում։ Միայն երբ հոգու հետ շատ էի խաղում, կամ բարկացնում էի ինչ-որ պատճառով, նույն մետր բառի մեջ վիրավորանքի երանգ էր դնում։ Մեկ էլ  համալսարանի մուտքի հսկիչն էր շարունակում նյարդերս քայքայել։ Մինչև ուսումնառությանս վերջին օրը մետրոյի մենթի պես պարբերաբար կանգնեցնում էր ու հարցնում՝ ուր եմ գնում։ Ուրեմն բացի կասկածելիից, դեմքս նաև չհիշվող, չտպավորվող էր։ Մտնում էի ճարտարապետականի հետ ոչ մի առնչություն չունեցող ընկերների խմբով՝ աղջիկ ու տղա, բոլորը հանգիստ անցնում էին, բացի ինձնից։ Այդ պատճառով էի ուսանողականս հետս ման տալիս։ Թամարը ավարտական քննություններից առաջ մի օր ասաց, թե  խոսել է ուզում և անկեղծացավ, որ այն ժամանակ իմ ու ոստիկանի մասին պատմել է հորը, նա էլ զգուշության համար արգելել է հետս գործ ունենալ, ի՞նչ իմանաս՝ ինչի են ինձ ամեն անգամ ստուգում։ Դժվար թե նրա  այդ անկեղծանալու մեջ վերստին մտերմանալու առաջարկ կար. թե´ ինքը, և թե´ կուրսեցիների մեծ մասը գիտեին իմ ու Մարիամի կապի մասին։ Ավելի շուտ ուզում էր, որ կիսաքանդ մանկապարտեզի վերականգնման նախագծի դիպլոմայինը օգնեմ։ Այդպես էլ արեցի, բայց Թորոսյանը գլխի էր ընկել. «Սա միայն նուրբ մատների գծած չի»,- ասել էր։

Մեկ սենյականոցը գնելուց հետո Մարիամին առաջարկեցի թողնել երկու ընկերուհիների հետ վարձած տունն ու ինձ մոտ տեղափոխվել։ Երկու անգամ մերժեց. հենց սկզբից կարծում էի, որ չի գա, բայց մերժելու ձևից հասկացա, որ կարող եմ համոզել։ Նա ճարտարապետականում մի կուրս ցածր էր սովորում։ Դեռ մինչ մեր մտերմանալը, բոլորը նկատել էին, որ նրան հեռվից կամ մոտից տեսնելիս այլայլվում եմ։ Թամարն էլ մի երկու անգամ խայթել էր. «Զգույշ աստիճաններից ցած չգլորվես»։ Նրա հետ ինձ Քրիստիանը ծանոթացրեց։ Մի օր պատահաբար հանդիպել էին երթուղայինում, պարզել, որ նույն փողոցում գտնվող երկու տարբեր վարձով տներում են ապրում։ Սկզբում նրանք սկսեցին շփվել, օրեր անց, թեև վաղուց իրար գիտեինք, Քրիստիանը ինձ ներկայացրեց՝ որպես Հայաստանում միակ մտերիմ ընկերոջ, ու միասին գնացինք սրճարան։ Հետո ավանդույթ դարձավ դասերի ավարտից հետո որևէ տեղ մտնելը՝ սրճարան, պոնչիկանոց, կամ ուղղակի զբոսնում էինք։ Ես նրանց ճանապարհում էի դժկամությամբ`չէի խանդում, պարզապես նախանձում էի ընկերոջս, չէի ուզում առանց Մարիամի օրն ավարտել։ Հին Նորք գնացող երթուղային էին նստում, ես սպասում էի մինչ այն շարժվեր, դրսից ձեռքով հրաժեշտ էի տալիս, ու տխուր-տրտում գնում զզվելի դարձած հնարավոր հանդիպմանը՝ մետրոյի ոստիկանի հետ։ Տարիներ հետո ուզում էի հիշել Քրիստիանի դեմքի արտահայտությունը այն պահերին, երբ ձեռքով էի անում պատուհանից ինձ տեսնող ընկերներիս, բայց ոչ մի կերպ չէի կարողանում մտաբերել։ Ուրեմն երբեք չեմ նայել նրան, չեմ տեսել, թե ինչ է զգում։ Կամ էլ ինքը չէր նայում, հավանաբար գլուխը կախ վայրկյաններն էր հաշվում, թե երբ վերջապես կազատվեն իմ ստվերից։ Մի օր նա շտապում էր՝ մայրն ու քույրն էին Հալեպից գալու, համալսարանից պիտի օդակայան գնար։ Քայլում էինք Օղակաձև զբոսայգու ծառուղում, ընկերս առաջարկեց ճանապարհել Մարիամին, բայց աղջիկը հրաժարվեց։ Արևոտ աշնանային օր էր, թեև սառը քամի կար, ու փոքր ինչ ցուրտ էր։ Բազմագույն տերևների կույտերը խշխշում էին մեր ոտքերի տակ, նորերն ընկնում էին մեր գլխին և ուսերին։ Քրիստիանը չորս-հինգ քայլ հետ էր մնացել, երբ շրջվեցի, տեսա, որ ծառից պոկված, բայց համառորեն գետին ընկնել չցանկացող տերևին է հետևում։ Փորձում էր հեծնել քամու թևին ու վեր բարձրանալ, համաձայն էր նրա կամակատար պարուհին դառնալ, միայն թե վերջնականապես չընկներ։ Իսկ երբ վերջապես պայքարից հոգնած պառկեց հազարավոր իր նմանների կողքին, Քրիստիանը մոտեցավ մեզ ու տխուր շշնջաց.

-Ծառից պոկված ամեն տերև իր անկման պահին մեն-մենակ է ու անօգնական։

Քրիստիանի մայրը արամեացի էր, հայրը՝ զտարյուն, բայց արաբախոս հայ։ Երբ նրանց տղան Երևան եկավ ճարտարապետ դառնալու, ընդամենը տասներկու հայերեն բառ գիտեր։ Շատ արագ սովորեց մեր լեզուն և այնքան վարժ էր խոսում, որ անծանոթները չէին հավատում, թե ախպար է։ Այդ օրը, երբ պիտի գնար մորն ու քրոջը դիմավորելու, կարծում էինք, թե պիտի շատ ուրախ լինի, բայց հակառակն էր։ Տերևի մասին փիլիսոփայելուց րոպեներ անց առաջարկեց Մարիամին ճանապարհել, նոր գնալ օդակայան, սակայն աղջիկը մերժեց ու ասաց, թե չի շտապում տուն գնալ, որովհետև երկու սենեկակից ընկերուհները մեկնել էին ծննդավայր Իջևան, ու ինքը մենակ էր մնալու։

-Կուզե՞ս հետդ գանք,-հարցրեց։

-Հարկ չկա,-պատասխանեց, ձեռքը զինվորականի պատվի առնելու պես ճակատին տարավ, շրջվեց ու հեռացավ։

Մարիամի հետ նախ թեյարան մտանք, բուտերբրոդներ կերանք ու տաք թեյ խմեցինք։

-Դեռ չե՞ս ուզում տուն գնալ,-հարցրի։

-Եսիմ, եթե շտապում ես՝ կգնամ, կամ մի քիչ էլ կքայլեմ քաղաքում,-պատասխանեց։

Չգիտեմ, թե ինչու առաջարկեցի մեր տուն գնալ։ Հավանաբար, որպեսզի հետո համարձակվեմ հարցնել.

-Իսկ ձեր տո՞ւն։

Բայց երբ պատասխանեց, թե մի ուրիշ անգամ, ռիսկ չարեցի ասել, այն ինչ մտածել էի։ Դրա փոխարեն Մոսկվա կինոթատրոն մտանք ու գրեթե մինչև վերջ նայեցինք մի անհեթեթ կատակերգություն։ Երբ դուրս եկանք, դեռ լույս էր։ Երևի երկուսս էլ չէինք ցանկանում բաժանվել, բայց նրան երթուղայինի կանգառ ուղեկցեցի, սովորականի պես ձեռքս թափահարեցի, երբ գազելը շարժվեց, ու հասցրի ժպիտը նկատել։ Հաջորդ օրը Քրիստիանը դասի չեկավ, բայց մյուս օրը ժամանակ գտա հարցուփորձ անելու հարազատների մասին, իմացա, որ ամեն ինչ կարգին է։ Նա էլ հետաքրքրվեց, թե ինպչես անցկացրինք օրն առանց իրեն։ Ես թաքցրեցի նախորդ օրվա եղածը, երբ ինքը չէր եկել ու միայն նախանցած օրվա կինոյի անիմաստ սյուժեն պատմեցի։ Հետո, երբ արդեն դասամիջոցն ավարտվել էր, ասացի.

-Քրիստիան, ես կարծես թե սիրահարվում եմ, եթե դու էլ անտարբեր չես Մարիամի նկատմամբ, անկեղծ ասա, քանի շատ ուշ չէ, ես մի կողմ կքաշվեմ։

-Ճիշտ չես ասում, դու վաղուց ես նրան սիրահարված, դեռ մինչ ծանոթացնելս- պատասխանեց,- բայց պետք չի յան տալ։

Ժարգոնով արտաբերած իր յան տալ բառի վրա ժպտաց ու շարունակեց.

-Երեքով ընկերություն կանենք, մինչև կերևա, լա՞վ։

Ընկերավարի թփփացրեց ուսիս ու ասաց.

-Բայց ի՜նչ հիմարն ես դու։ Գնանք, չուշանանք։

Ուզում էր ցույց տալ, թե թոթափել է ծառուղում համակած թախիծը, բայց զգացի, որ կեղծում է։

Նրա մահից հետո այլևս մետրո չմտա։

Մարիամն իմ տուն տեղափոխվեց ավարտելուց հետո։ Ընկերուհիները վերադարձել էին Իջևան։ Ինքը չէր ուզում հայրենի Վանաձոր գնալ, խորթ մոր հետ ապրելու հեռանկարը հուսահատեցնում էր նրան։ Վաղուց արդեն ընկերությունը երեքի չէր։ Մինչ վերջնականապես տեղափոխվելը, բազմաթիվ անգամ գիշերել էր տանս։ Իրերի մի մասն անգամ իմ մեկսենյականոցում էին։ Այդտեղ միասին կես տարի ապրեցինք։ Այդ ամիսների ընթացքում, օրերի տարբերությամբ ծնողներս հրաժեշտ տվեցին կյանքին։ Բոստոնում հաստատված միակ եղբայրս էլեկտրոնային լիազորագիր ուղարկեց, որ հրաժարվում է տան իր մասնաբաժնից, որից հետո վաճառեցի թե´ նրանց, թե´ իմ մեկսենյականոց բնակարանները։ Որոշել էինք սեփական տուն առնել։ Մարիամը Նորքն էր նախընտրում, բայց ես էլի գերադասեցի այն միջավայրը, որտեղ ծնվել էի ու մեծացել։ Երրորդ մասի Ղռերի այդ տունը վաղուց էր գրավել ուշադրությունս։ Լուսավոր ու ընդարձակ աշխատասենյակ ունեի։ Մինչ այդ Քրիստիանը վերադարձավ Սիրիա։

-Իզուր եկա, Հալեպում կարող էի սովորել,- ասաց գնալուց շաբաթներ առաջ։

Գնաց ու հայտնվեց ծայր առած պատերազմի ավերների մեջ։

Կես տարի անց վերադարձավ ու ասաց.

-Իզուր գնացի, յոթ ամսում կարող էի այստեղ գործ գտնել։

Բայց վերադարձից երկու շաբաթ անց այստեղ էլ պատերազմ սկսվեց։ Մինչ մտմտում էր միանա՞լ կամավորներին, թե՝ չէ, չորս օր տևած կռիվը դադարեց։

Պրոֆեսոր Առնակ Թորոսյանը նրան իր մոտ՝ «Երևաննախագիծ» տարավ։ Մարիամն էլ աշխատանք էր գտել մասնավոր ընկերությունում, բայց երկու ամսից ավելի չաշխատեց։ Հետո մեկ այլ տեղում էլի երկու ամիս, երրորդում, որտեղ ես էի միջնորդել՝ տասը օր։ Առաջարկեցի, որ գործ չփնտրի, միասին աշխատենք նույն նախագծերի վրա։ Հրաժարվեց։ Նա համարում էր, որ ես չափից ավելի էսթետ եմ, շատ եմ ջանք թափում սեփական ձեռագրիս հետքը թողնելու կառույցների մեջ։ Անունը դրել էր թիթիզություն։ Երբեք չէի խոստովանի, բայց գիտեի, որ ճիշտ է։ Այն հիշվող, առանձնացնող յուրահատկությունը, որ չունեի արտաքինիս մեջ, փորձում էի լրացնել նախագծերում։ Բացի այդ, մարդկանց դուր էր գալիս այդ թիթիզությունը։ Սեփական տուն տեղափոխվելուց հետո Մարիամն անճանաչելիորեն փոխվեց։ Նեղլիկ բնակարանում մեծացած, հետո ընկերուհիների հետ կիսանկուղային փոքր սենյակում ապրելով, նա իրեն մեր մեկսենյականոցում ավելի լավ էր զգում, քան ընդարձակ, բարձր առաստաղով տանը։

-Ես կորում եմ էս մեծ տանը։

Նա հաստատ չգիտեր՝ ի՞նքն է կորում, ի՞նձ է կորցնում, թե՝ ես իրեն։ Անընդհատ դեպրեսիայի մեջ էր։ Կարծում էի, թե ամուսնություն գրանցելով կօգնեմ գտնել հոգեկան հավասարակշռությունը։ Իսկ երեխայի համար այդ մեծ տանը տեղ չկար։ Մարիամը չէր շտապում մայր դառնալ։ Երբ վերադարձա համալսարան, արդեն դասախոսելու, նա հեռացել, վերադարձել էր հայրական տուն։ Տխրեցի, որ համալսարանի պահակը փոխվել էր։ Ոզում էի հասկանալ՝ էլի՞ կանգնեցնելու է։

Բայց այդ օրը, երբ  շարժասանդուխքի վրա գլխապտույտ ունեցա, դեռ չէի հիշել Քրիստիանին ու երևի թե չհիշեի էլ, եթե ինքը չհայտնվեր դիմացս։ Մինչդեռ ոստիկանի կպչունությունն արդեն միտքս տակնուվրա էր արել։ Երբ բացվեց վագոնի դուռը, գլխապտույտն ուժգնացավ, և հանկարծակի այնպիսի սրտխառնուք բռնեց, որ ներս չմտա, մի կերպ հասա նստարանին ու փլվեցի վրան։ «Ոչինչ չի պատահի, ուղղակի հետ ես վարժվել մետրոյից» -շշնջացի ինքս ինձ հուսադրելու համար։

Առաջին մեքենան գնելուց հետո, հազվադեպ էի մետրո մտնում։ Կամ պիտի ինչ-որ բան անսարք լիներ, կամ՝ խմելու առիթ լիներ, որ գարաժից չհանեի։ Այդ անգամ վթար էր եղել։ Զաքյան փողոցի վրա մի Մերսեդես հետևից թխկացրեց։ Երեսուն-երեսունհինգ տարեկան երիտասարդ էր, այսինքն հավանաբար տարեկիցներ էինք:

Ձեռքը մեկնեց, սեղմեցի, սկսեց ԱՊՊԱ գործակալության համարը փնտրել, որ զանգահարի։ Բայց մինչ այդ հասցրեց մատը տնկել շենքի վրա.

-Ես էսա արդարադատության նախարարությունը կաշխատեմ, դու ո՞ւր ա կաշխատես, իմ ախպեր։

-Կարևոր չի,-պատասխանեցի։

 -Շոֆե՞ր ես։

 -Չէ, ասացի,-գիտեմ, որ նման եմ, բայց շոֆեր չեմ։

Զրույցին վերադարձավ, երբ գործակալը հայտնեց, որ տասը րոպեից տեղում կլինի։

-Բա, ի՞նչ ա կաշխատես, որ շոֆեր չես,-հարցրեց հեռախոսը թանկարժեք պիջակի գրպանը խոթելով։

Գործակալն ավելի շուտ եկավ, քան խոստացել էր։

Դրանից օրեր անց էր, որ սուրճի հետ ծխախոտը քիչ համարեցի, որովհետև անորոշ զգացողություն ունեի, թե անսովոր մի բան է կատարվելու։ Բայց ոչ մի կերպ չէի կարողանում ըմբռնել՝ կորե՞լ եմ, ի՞նքս եմ կորցրել, թե՞ ինչ-որ մեկն է ինձ կորցրել։ Մետրո մտա, որովհետև մեքենան դզող-փչողի մոտ էի թողել։ Դեռ շարժասանդուղքի վրա  գլխապտույտ զգացի։ Հետո գլխապտույտն ու սրտխառնուքն այնքան սաստկացան, որ ռիսկ չարեցի բազմամարդ վագոն մտնել ու բաց թողեցի մի քանի գնացք։ Դժվարությամբ էի ործկալը զսպում։ Աչքերիս դեմը շաղվում էր, մշուշակալվում։ Շատ մոտից մի կնոջ դեմքը տեսա ու լսեցի ձայնը.

-Շտապօգնություն կանչե՞մ։

Նրան էլի մարդիկ միացան։ Մետրոյի համազգեստավոր աշխատակցուհին ձեռքի բաժակից ջուր էր ցողում դեմքիս ու պարանոցիս։ Հետո ինձ պառկեցրին նստարանին։

Բայց ես կտրուկ վեր ցատկեցի, մոռացած, որ ուրիշ կայարանում եմ, վազելով հասա Երիտասարդական, մտա ոստիկանի խուցն ու գոռացի.

-Ահա, վերցրու, բերել եմ ինչը որ փնտրում էիր,- ու լուցկու տուփը նրա սեղանին նետեցի, մեջը գնդված կանեփ, որից առավոտյան ծխել էի սուրճի հետ։ Գնդլիկ ոստիկանը մինչ կհասցներ բառ ասել, դուրս փախա ու շարունակեցի վազել։ Վազում էի հենց գծերի միջով։ Ոստիկանն էլ հետևիցս էր գալիս։ Հասնում էի կայարաններին, ուր մարդիկ էին սպասում ու նրանց զարմացած հայացքի ուղեկցությամբ առաջ անցնում։ Հետևիցս վազողները շատացան։ Ոստիկանը հետ էր մնացել, հևում էր, փորձում շունչը տեղը բերել։ Աշխատակցուհին էր ջրի թասը ձեռքին, Թամարը, համալսարանի մուտքի հսկիչը, շտապօգնության բժիշկն ու քույրը, մայրս ու էլի մարդիկ, որոնց չէի ճանաչում։ Թունելի վերջում լույսի պեծեր երևացին։ Դրանք ի մի գալով խաչի տեսք առան։ Ընդառաջ էի վազում, և վազքի պահին մտքովս անցավ, որ դրախտի լուսե դարպասներին եմ հասնում։ Երբ արդեն լույսի մեջ էի, հասկացա, որ մետրոյի Սասունցի Դավիթ կայարանն է, շրջվեցի ու տեսա, որ հետապնդողներն անհետացել են։ Վարջապես հասա իմ կայարանին, ցատկեցի սպասասրահի մարմարյա հատակին ու հանգիստ սպասեցի գնացքի գալուն։ Սկզբում քամի ելավ, հետո մոտեցող գնացքի սուլոցը լսվեց։ Բայց հենց այն երևաց, Քրիստիանին տեսա։ Նա կիսանդրու նման էր, գոտկատեղից ներքև ոչինչ չկար։ Թեև դեմքը արյունոտ էր, բայց ժպտում էր։ Ռելսի վրա այդպես նստած՝ նա ձեռքով կանչում էր ինձ ու գոռում.

-Արի, դե թռիր, ամեն ինչ այնքան շուտ կավարտվի, չես հասցնի ցավ զգալ։

Նորից ցատկեցի ռելսերի վրա, բայց շարունակեցի վազել։ Այս անգամ ինձ Քրիստիանի մարմնի մյուս կեսն էր հետապնդում։ Թեև միայն ոտքեր էին, բայց  ճանաչեցի նրան։ Իսկ հետևից սուրալով գալիս էր մետրոյի գնացքը։ Հասավ, հարվածեց, պատեպատ զարկելով մի կողմ շպրտեց։ Երբ արդեն մի քանի ոտնաչափ էր մնում, որ ինձ հասներ՝ հանձնվեցի։ Գլուխս առա ափերիս մեջ ու պառկեցի ռելսերի արանքում։ Վագոնները երկար-երկար էին անցնում իմ վրայով։ Այդ սարսափելի չորս օրերին անընդհատ զարմանում էի, որ անիվներն անցնում են գլխիս վրայով, բայց ես դեռ կենդանի եմ։ Հետո ամեն ինչ խաղաղվեց։ Աչքերս բացեցի։ Սպիտակ պատեր էին։ Հենց դիմացի պատին Աստվածամոր պատկերը։ Շուրջս էլ սպիտակ հագած մարդիկ էին։ Եվ Մարիամը։ Նրա ձեռքը բռնած մի տղեկ ժպտալով ինձ էր նայում։

-Գիտե՞ս, թե որդուդ անունն ինչ եմ դրել։

-Գիտեմ, -մրմնջացի դժվարությամբ,- Քրիստիանն է, -բայց դեմքիս արհեստական շնչառության սարքը թույլ չտվեց, որ նա լսի։

 

Հովհաննես Երանյան