Մեսրոպ Հարությունյան. «Իմ գրականությունը որևէ առաքելություն չունի, ես պարզապես ասելիքս եմ ասում»

«Ես եմ, էստեղ իմ սիրտն է, էս էլ՝ ճակատս է․ երկու թիրախ, որին ուզում եք, կրակեք»

«-Թուրք ե՞ք,- կարծես ստուգելու համար, թուրքերեն հարցրեց Բեռլինի Eisenzahnstraße-12-14 շենքի առաջին հարկում գտնվող փոքրիկ խանութի վաճառողը՝ ուշադիր զննելով Սեթին։

-Ոչ,- պատասխանեց Սեթը գերմաներեն, թեպետ համալսարանում սովորած թուրքերենը բավարարում էր, որ վաճառողի հետ զրուցի նրա լեզվով,- մի տուփ թյուրինգյան նրբերշիկ տվեք, խնդրում եմ։

-Ուրեմն՝ քուրդ եք,- արդեն գերմաներեն ասաց վաճառողը։ -Ավելի վատ Ձեզ համար: Երեք եվրո,- տվեց նրբերշիկը։

-Հայ եմ։ 

-Էստեղ հայեր շատ կան։ Թուրքիայից են եկել ինձ ու քեզ նման,- երևի մտածեց, որ եթե Սեթը թուրքերեն հասկացավ, ուրեմն Թուրքիայից է։ 

-Ես Թուրքիայից չեմ եկել։ Հայաստանից եմ։ Մի քանի օր է՝ Բեռլինում եմ։ Այս շենքում եմ ապրում։ Մշտական չեմ եկել, սովորելու եմ եկել։ Երկու հատ էլ «Քրոմբախեր» գարեջուր տվեք:

-Միայն մետաղյա տարայովը ունենք,-ասաց թուրքն ու տվեց,- երկու եվրո: Ընդամենը 5 եվրո պիտի վճարեք: Սեթը վճարեց ու դուրս եկավ խանութից: Երկու քայլ էլ չէր արել՝ դեմը մի այլ թխամորթ կտրեց.

-Քո՞ւրդ ես:

-Չէ։

-Ուրեմն թուրք ես, ավելի վատ քեզ համար, որովհետև ես քուրդ եմ՝ պրոբլեմներ կունենաս։

-Հայ եմ։ Երեկ տեսա՝ դուք մեր Արարատ լեռան անունով ռեստորան եք բացել, վրան էլ գրել. «Kurdische spezialitäten» ...

-Արարատ սարը մերն էլ է... Բայց ինչ լավ է, որ հայ ես. չմիանա՞նք, էս թուրքերի մամաները մի լավ էն բանից անենք...

Սեթն առանց պատասխանելու շրջվեց ու գնաց դեպի շենքի մուտքը, իսկ քուրդը մտավ թուրքի խանութ։ Սեթը վախեցած մի պահ կանգ առավ… Բայց չէ։ Քուրդն ու թուրքն իրար բարեկամաբար ողջունեցին՝ ձեռքսեղմումով ու սկսեցին խաղաղ զրուցել։ Մի քանի ամիս հետո միայն հասկացավ, որ այստեղ՝ եվրոպական խաղաղության մեջ նրանք իրար հետ կռիվ չունեն»:

 

Մեսրոպ Հարությունյանի «Սեթ՝ որդի Մկաց Ադամի» վեպը հրապարակվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բայց գրվել է պատերազմից շատ ամիսներ առաջ։ Ստեղծագործությունն օրգանական շարունակությունն է նրա մեկ այլ՝ «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպի։ Երկու վեպերի միֆական հենքով պատմությունը նույնքան իրական է, որքան միֆերից ծնունդ առած նրա հերոսները, որոնք լեցուն են հողի ուժով ու իմաստնությամբ, վճիտ հոգի ունեն, ինչպես երևի թե հնարավոր է միայն լեգենդներում, և ասես հայրենի հողի զարկերը պահպանելու ամենակենսունակ ու ապահով կրողները լինեն։ Նրանց կյանքի միֆականությունը մի կողմից  գեղարվեստական հմայք է հաղորդում կերպարներին, մյուս կողմից՝ բացում մարդու ներսում թաքնված անսպասելի շերտեր։ «Սեթ՝ որդի Մկաց Ադամի» գիրքը ընթերցողին է ներկայացվել էլեկտրոնային գրքի ձևաչափով։ Մեսրոպ Հարությունյանը հույս ունի, որ շուտով կհրատարակվի տպագիր տարբերակը։ Գիրքը գրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն ստեղծագործողներին» ծրագրի շրջանակներում։

«Ես ստեղծագործելու իմաստով ծույլ եմ։ Ինձ պիտի ինչ-որ բան ստիպի, որ գրեմ, ժամկետ դրված լինի, որ սկսեմ աշխատել։ Այս վեպի գաղափարն ունեի տասներկու տարի, «Աբկայից» հետո տասնչորս տարի է անցել, 2007-ին է տպագրվել իմ «Աբկայ. մեռնելու պարունակները» գիրքը։ Դրանից հետո Սեթն իմ մտքում տասը տարի ապրել է։ Ես չգիտեի ընթացքն ինչ կլինի, միայն գիտեի, որ Սեթը պիտի գրեմ։ Գիտեի, թե Բեռլինում նա ում կհանդիպի․ դրանք էն հանդիպումներն էին, որոնք ինքս եմ ունեցել, բայց թե ինչպես էդ ամենը կդառնա վեպ, դա միայն ընթացքը ցույց պիտի տար։ 

2019 թվականի հունվարի մեկից սկսել եմ գրել վեպը։ Գրում էի երկու տարբերակով, մի տարբերակում՝ հերոսը ես էի, մյուս տարբերակում՝ Սեթը։ Բայց հետո իմ տարբերակը դրեցի մի կողմ ու սկսեցի Սեթի տարբերակը շարունակել։ Գրեցի փուլ առ փուլ, ավարտեցի գրեթե երկու տարում»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը։ 

 

«Սեթ՝ որդի Մկաց Ադամի» ստեղծագործությունը թեև թեմատիկ առումով հեղինակի «Աբկայ. մեռնելու պարունակներ» վեպի շարունակությունն է, սակայն հանգիստ կարող է ընկալվել նաև որպես ինքնուրույն գործ։ Եթե մի կողմ դնենք սյուժետային շարունակականությունը, երկուսի դեպքում էլ ընդհանրությունը մեկն է՝ թեման։ Եվ այդ թեման արդեն տասնամյակներ տևող հայ-ադրբեջանական հակամարտությունն է՝ դրանից բխող հետևանքներով ու ապրումներով։ Դժվար է ասել՝ գիրքն, այնուամենայնիվ, ավելի արդիական էր պատերազմի՞ց առաջ, թե՞ հետո։ Փաստ է թերևս, որ եզակիներից է, որով փորձ է արված մեր ժողովրդի համար ծանրագույն թեմաների մասին խոսել առավել անկեղծությամբ, առանց կեղծ հայրենասիրական պաթոսի։ Արձակագրի հետ իմ հարցազրույցում միտումնավոր անորոշ են ներկայացված սյուժետային մանրամասները, որպեսզի ընթերցողն ինքը դրանք ինքնուրույն բացահայտի։ 

 -Դուք գրքում արծարծել եք մեզ համար դժվարամարս մի թեմա։ Դժվա՞ր գրված ստեղծագործություն է՝ նախևառաջ ապրումների, հոգեբանական տեսանկյունից։

 -Ստեղծագործությունն իմ մեջ կար, բայց, գիտեք, ստեղծագործելը շատ հետաքրքիր ընթացք է։ Չեմ ուզում հավակնոտ համեմատություն հնչի, բայց Տոլստոյը մի հարցազրույցում ասել է՝ «Ես չէի ուզում, Աննա Կարենինան ինքը գնաց իրեն գնացքի տակ գցեց»։ Գրելու ընթացքն էդպիսի բան է: Դու չես հասկանում, թե ինչպես այդ կերպարը եկավ-կպավ քեզ։ Դեռևս իմ «Աբկայ.մեռնելու պարունակները» վեպում ակնարկ կար Աբկայի նախկին կնոջ՝ Ամստերդամում ծնված աղջկա մասին, բայց որ այդ երեխան կմեծանա, սիրուն աղջիկ կդառնա ու կմտնի իմ այս վեպի մեջ, կգնա Բեռլին, Սեթին կսիրահարվի, ես չէի կարող նախատեսած լինել ի սկզբանե։ Նա ինքն իր ոտքով եկավ։ Ես այս գիրքը, ինչպես և «Աբկայը», գրել եմ այնպես, ասես ֆիլմ եմ նկարահանում։ Կարելի է ասել, գրել եմ ըստ դրվագների. այսօր առաջին կադրը, վաղը՝ երկրորդը և այդպես շարունակ։ Հետո մոնտաժ եմ արել։ Եթե իմ համակարգիչը բացեք, էնտեղ առանձին ֆայլեր կտեսնեք՝ «Սեթ և Եվա», «Սեթ և Բայրամ», և այսպես շարունակ։ Այդ հարաբերությունների մասին առանձին գրել եմ, հետո մտածել եմ, թե վեպի ո՞ր մասում եմ դնելու և հետո որպես փազլ հավաքել եմ դրանք։ Ընդհանրապես, ես վեպն էդպես եմ գրում։ 

-Գուցե վեպի ժանրը և այս կառուցվածքը պայմանավորված է նրանով, որ, ըստ էության, վեպի հիմքում վավերագրությո՞ւն է։

-Այո, ահագին բան հենց վավերագրություն է։ Վեպում շատ բան է իրական. Մարտի մեկից քսանը ընկած ժամանակաշրջանի կոլաժը չհաշված՝ համարյա բոլոր կերպարներն իրական են։ Սեթը, որը ինչ-որ տեղ ես եմ, բայց ամբողջությամբ ես չեմ, ժուռնալիստը՝ օրինակ, նա էլ լրիվ իրական կերպար է, Մեղրու որոշ մարդիկ, իսկ ահա բեռլինյան հանդիպումների յոթանասուն տոկոսն իրական հենք ունեն։

-Հայ-ադրբեջանական ընտանիքնե՞րն էլ։

-Այո, այսպես ասեմ, դրանք էլ հպանցիկ եղել են, ես ուղղակի մի քիչ «մեծացրել» եմ։ Իրական է, օրինակ, հույնի սրճարանը, որի՝ գրքում նշված անձեռոցիկը մինչև այսօր պահում եմ։ Իրական է Բեռլինում հայի պարսկական գորգերի խանութը։ Դրանք ինձ համար կարևոր դետալներ են։ Գորգերի խանութի տերը գրքումս ասում է՝ «գրել եմ Պարսկական գորգերի խանութ, որովհետև եթե հայկական գրեմ, ոչ մեկը չի հասկանա ու չի մտնի այս խանութ»: Այդ ամենն ինձ հետ է պատահել։ Տարիներ անց այդ դրվագները մտել են իմ գիրք։ Երբեմն ինձ հարցնում են՝ այդ ինչպե՞ս է քեզ մոտ այսքան տարիներ անց մնում այդ փոքրիկ դետալների հիշողությունն ու զգացողությունը։ Մեղրիից վերջերս ընկերս էր զանգել. «-Վայ, -ասում է,-չես պատկերացնի ինչքան եմ ծիծաղել, երբ գրքումդ ուզբեկ աղջիկն ասում է, որ էդ ոտանավորի մեջ ոչ մի ուզբեկերեն բառ չկար իրականում»: Մինչդեռ հենց այդ նույն ընկերս էր ժամանակին պատմել իր կյանքի այլ զվարճալի դրվագներ, որոնք տարիներ անց, ես էլ չգիտեմ ինչպես, դարձել են իմ գրքերի հերոսների կյանքը։

-Գրկանության հրաշքն է. հավաքում է հիշողության ցաքուցրիվ մանրապատումներն ու դարձնում ստեղծագործություն։

-Հա, ընկերոջս ասում եմ, լսիր՝ երեսուն տարի առաջ ինձ բաներ ես պատմել քեզ հետ պատահածից, ու դա հայտնվել է իմ գրքում։ Իսկ ընկերս զարմանքով նկատում է, որ ինքը վաղուց մոռացել էր այդ դրվագների մասին։

-Ստեղծագործության մեջ հիշողության, զգացողությունների դրվագները հավաքելու այդ հանելուկն իսկապես ապշեցուցիչ է։ Ինչպե՞ս ու հատկապես ի՞նչն է մարդն իր մտքում արխիվացնում որպես հիշողություն, որ հետո կարող է գրականություն դառնալ։

-Ինձ թվում է, բոլորն էլ էդպես են գրում։ Բոլորը։ Մարկեսի հայտնի խոսքն է, չէ՞, որ ասում է՝ ես ութ տարեկանից հետո ոչ մի նոր տպավորություն չունեմ, ինչ գրել եմ, մինչև ութ տարեկանի տպավորություններիս հիման վրա է։ Դե պարզ է, մի քիչ չափազանցություն կա, բայց հասկանում ենք՝ ինչ է ուզում ասել։ Ես երկու ամիս ապրել եմ Բեռլինում, է՜, տարիներ առաջ։ Հիմա Բեռլինում ապրող իմ բարեկամը՝ Մաքսուդյան Արփին, ինձ ասում է՝ Բեռլինն էդ ի՞նչ մանրամասնորեն եք հիշում։ Իսկապես, շատ դետալային հիշում եմ ու դրա համար էլ, կարծում եմ՝ վեպիս բեռլինյան հատվածն այդքան իրական է ստացվել, ինչպես փաստում են ընկերներս, որոնցից մի քանիսին տվեցի, որ  գիրքս կարդան նախքան հրապարակվելը։ Ընդ որում, այդ ամենը 1995 թվականին երկու ամիս Բեռլինում ապրելու տպավորություններն են, օրինակ՝ Էրիկայի դպրոցը։ 2004-ին, երբ նորից գնացի Բեռլին, ընդամենը երեք օրով, առանձնապես տպավորություններ չհավաքեցի, թեև այդ այցելությունից էլ գրքում «արձագանքներ» հայտնվեցին, օրինակ՝ հիշատակվող հունական ռեստորանը… Մի կերպարի նախատիպ կա, որ եթե այդ մարդը կարդա, անպայման կտեսնի իրեն այդտեղ, բայց, բարեբախտաբար, չի կարդա, գրականությունից շատ հեռու մեկն է։ Այդ կերպարը, որը գերմանացիներին ուզում էր «քամել» մինչև վերջ, ցավոք, չափազանց տիպիկ էր շատ հայերի համար։ Բայց գիտե՞ք, ես չեմ ուզում անընդհատ շեշտել այս «իրականի» պահը, ես ավելի շատ կուզեմ ընթերցողը վերանա այդ ամենից ու կարդա սա առանց հատուկ մտածելու, որ հիմքում իրական դրվագներ են։ Թեև վեպում գլխավորը գուցե մարդկային հարաբերություններն են, բայց ինձ համար ամենակարևորը պատերազմի ու խաղաղության, ինչպես նաև պետությունների հարևանության թեման է։ Հիմա որոշ մարդիկ ինձ ասում են՝ դե տես, Նիկոլն էլ է նույն բանն ասում։ Ասում եմ՝ ոչ, նա նույն բանը չի ասում։ Որևէ մեկը նույնը չի ասում, ես էնտեղ բացահայտ եմ ասում, որ եղբայրություն, քիրվայություն, ընկերություն, դրանք անհատական մակարդակի հարաբերություններ են, պետությունները չեն ունենում այդպիսի հարաբերություններ, նրանք կամ համագործակցում են, կամ՝ չեն համագործակցում։ Դու ապրում ես մի շենքում, որտեղ լիքը հարևաններ կան, մի սիրիր նրանց, բայց խաղաղ համակեցության ձև պարտավոր ես գտնել։ Մարդկանց թվում է, թե ֆրանսիացին ու գերմանացին մեռնում են իրար համար, մինչդեռ իրար նկատմամբ սիրուց չեն մեռնում, բայց մի կողմ են դրել դա և նորմալ շփվում են։ Զուտ մարդկային մակարդակում կարող է մի իքս գերմանացի ատի մի իքս ֆրանսիացու, կամ հակառակը՝ մի իգրեկ գերմանացի մի իգրեկ ֆրանսիացու հետ լավ հարաբերություններ ունենա, բայց դրանք զուտ մարդկային հարաբերություններ են, պետական մակարդակում նրանք պարզապես որոշել են միմյանց հետ չկռվել, առևտուր անել, պետական մակարդակով ատելություն չքարոզել։ Մեզ համար հիմա դժվար է, որովհետև և՛ այստեղ, և՛ Ադրբեջանում (Հայաստանում մի քիչ ավելի քիչ), բայց մեկ է, երեսուն տարի այդ ատելության քարոզչությունը եղել է։ Ես ասում եմ՝ բարեկամություն էլ մի քարոզեք, պարզապես ատելություն մի՛ քարոզեք։ Ատելությունը ծանր բեռ է։ Խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերում պիտի վերանանք, որ մեկը հաղթած է, մեկը՝ պարտված է, անգամ խաղաղություն բառը կարելի է չօգտագործել։ Խոսքը պարզապես կողք-կողքի ապրելու մասին է։ Բացառապես դրան պիտի ուղղված լինեն ջանքերը։ Եղել են գիրքս ընթերցողներ, որ ասել են, թե ես ուղղակի խաղաղություն եմ քարոզում, բայց ես ասել եմ՝ ո’չ։ Դուք չտեսա՞ք, որ գրքիս գլխավոր կերպարը՝ Սեթը, երբ պատերազմ սկսվեց (խոսքը Ապրիլյան պատերազմի մասին է), Բեռլինը թողեց, գնաց ճակատ։ Ես ասում եմ՝ երբ որ պատերազմ կա, ոչ թե պիտի ասես՝ ես Սև լճի երեսուն տոկոսի համար կռիվ չեմ անի, այլ՝ ընդհակառակը, պիտի գնաս պաշտպանելու քո Սև լիճը։ Երբ վտանգի մեջ է, մենք գնում ենք պաշտպանելու, դա քննարկումից դուրս է, բայց երբ պաշտպանության փուլն անցել է, պիտի նստենք, միասին զրույց անենք, խոսենք, հասկանանք, թե ինչպե՞ս անցնցում, առանց միմյանց ոչնչացնելու ապրենք։ Պիտի եզրեր գտնենք համագործակցության։ Իմ հայրն ու իր ադրբեջանցի գործընկերը քիրվա էին, բայց հայն ու ադրբեջանցին քիրվա չեն։ Չեն էլ կարող լինել։ Պարզապես այնպես է ստացվել, որ իրենք էլ են այստեղ ապրում, մենք էլ, թուրքն էլ, վրացին էլ։ Մենք էլ դե եթե չենք ուզում այստեղ ապրել, ի՞նչ ասեմ, փոխենք, գնանք Կալինինգրադի մարզում ապրենք, օրինակ, ի՞նչ ասեմ։

-Դուք ձեր այս ստեղծագործությունը կբնութագրե՞իք որպես քաղաքական գործ։ 

-Չէ։ Սա գեղարվեստական գործ է։ Էսպես ասեմ. շատերը գրականության մեջ, գրողի կերպարում ինչ-որ առաքելություններ են փնտրում՝ դաստիարակիչ, հայրենասիրական մղումներ առաջացնող և այլն։ Ես իմ գրականությամբ որևէ առաքելություն չեմ ուզում ունենալ, չեմ ուզում դաստիարակել, չեմ ուզում ինչ-որ մեկը դա կարդա, գնա կռիվ, մեկը կարդա, դառնա խաղաղության մարտիկ, և այլն, և այլն։ Ես պարզապես ասելիք ունեմ, ասում եմ, հետո, թե ինքն ինչ ազդեցություն կունենա, դա իր գործն է, քանի որ գիրքն արդեն անկախ ինձնից ապրում է, ես իրեն կյանք եմ տվել։ Ես պատասխանատու եմ նրա համար, ինչը գրել եմ։ Մի հայտնի խոսք կա, ես պատասխանատու եմ նրա համար, ինչն ասել եմ, ոչ թե նրա համար, ինչը դուք եք հասկանում։ Հիմա նույնն իմ դեպքում է։ Ես իմ գրածի համար պատասխանատու եմ, բայց թե ով ինչպես կընկալի գործս և ի՞նչ զգացումներ, մտքեր կունենա իմ գիրքն ընթերցելուց հետո, դա արդեն ինձ հետ կապ չունի։ Ով դրա մեջ ինչ կտեսնի, ով կոգևորվի, ով դրա դեմ կռիվ կանի, ով ինձ կհայհոյի, դա բացարձակապես արդեն ինձ չի վերաբերում։ Վստահ եմ, թունդ ազգայնականին գիրքս դուր չի գա, կարող է նաև թունդ խաղաղասերն էլ ասի՝ քեզանից ի՞նչ խաղաղասեր, քո հերոսը գնում, կռիվ է անում, ֆեմինիստը, դե չասեմ, թե ինչ կանի ինձ վեպում տեղ գտած որոշ դրվագների համար (ծիծաղում է)։ Մի դրվագ էլ կա, որ եթե շատ ուզեն, կարող են առանձնացնել, կտրել ենթատեքստից ու ինձ մեղադրել, ասենք՝ սեքսիզմի մեջ։ Մեղադրել են, մեղադրել, մի զարմացեք։ Չեմ հորինում։

-Գիտեմ, որ դուք այս վեպերով եռագրություն եք ստեղծում։ Ե՞րբ այն կամբողջանա։

-Ինձ մի խթան է պետք, որ ես իմ երրորդ գիրքը գրեմ։ Բայց չգիտեմ, թե երբ կլինի։ «Աբկայի» ու «Սեթի» արանքում տասներկու տարի է անցել, հիմա ես այդքան ժամանակ չեմ ուզում ինքս ինձ տալ, ավելի կարճ ժամկետներում եմ ուզում երրորդը ստեղծել։ Այն կսկսվի երկրորդ գրքիս ավարտի նախադասությամբ՝ «Եվա. Դրախտի տարեգրություն», իսկ դրախտը Մեղրին է, ես ուզում եմ, որ այդ վեպն իմ տարիներ առաջ մտահղացած Մեղրու վեպը լինի։ 

-Որը պիտի Մակոնդոյին գերազանցի…

-Չգիտեմ… (ծիծաղում է) կգերազանցի՞, թե՞ չէ։ 

-Բայց դե ասել եք՝ Մեղրին մեր Մակոնդոն է…

-Հա… Բայց դեռ չգիտեմ, թե ինչ է ստացվելու, ուր է գնալու, որտեղ է ավարտվելու, ինչպես է սկսվելու։ Որոշ բաներ մտածել եմ, որ կգրեմ։ Գիտեմ, որ Սեթը չէր կարող անտարբեր լինել այս վերջին պատերազմին, հաստատ չէր կարող, հաստատ կգնար կռիվ, կարող է զոհվեր, ես դեռ չգիտեմ, կարող է հաշմանդամ հետ գար, արդյո՞ք Եվան կշարունակեր տարեգրությունը, թե ով՝ չգիտեմ։ Այդ ամենը կխմորվի գրելու ընթացքում։ Գուցե, որ «Սեթը» տպագրվի գրքի տեսքով, դա խթան դառնա, որ գրեմ եռագրության վերջին մասը։ Գիտեմ մի բան հաստատ, որ երրորդ գիրքն էլ ավարտվելու է՝ «Աբկայ. մեռնելու պարունակները» ձևակերպմամբ, «Սեթ՝ որդի Մկաց Ադամի» վերնագիրն էլ «Աբկայի․․․» վերջին բառերն էին։ Այսինքն դառնալու է փակ շրջան։ Ըստ այդ տրամաբանության ու գրական հնարքի՝ ստացվելու է, որ կարևոր չէ, թե որ գիրքը երբ է գրվել, ցանկացած մասը կարող է դառնալ առաջին, երկրորդը՝ երրորդ։ Բայց դե սա այս պահին ընդամենը երազանք-մտահղացում է, որը չգիտեմ՝ երբ կկարողանամ իրականացնել։

-Այս երկու վեպերի թեման հիմնավորապես Արցախյան պատերազմի, պատերազմ-խաղաղության մասին է։

-Այո, այդ գիծը շատ կա իմ գործերում։ Որովհետև դա ինձ ամենամտահոգող խնդիրն է։ 

-Կյանքը ցույց տվեց, որ մեզանում այս թեման և՛ գրականության ,և՛ հասարակության այլ մտավոր շերտերում, ըստ էության, հիմնավորապես ընկալված թեմա չէր։ Մտածե՞լ եք այն մասին, որ, փաստորեն, խոսքը, միտքը, բառն անզոր գտնվեցին։

-Կա, ցավոք կա, իհարկե, դա  կա.. Հիմա ես անընդհատ մարդկանց ուզում եմ հիշեցնել իմ «Աբկայից» հին բաներ, օրինակ՝ Աբկայի ու Հասանի զրույցը, որտեղ այս  թեման ամբողջ խորությամբ արծարծված էր։ 

-Ես այդ հատվածը կարդալիս լաց եմ եղել։

-Հա, ես էլ հիմա որ կարդում եմ, հուզվում եմ։ 

-Որովհետև հատկապես հետահայաց դա կարդալն անասելի ծանր է։ 

-Հա, էդ հատվածում ադրբեջանցին է ասում՝ պիտի կանգ առնենք վերջապես։ Ասում է՝ «դուք ձեր ազնիվի համար էիք պայքարում, մենք՝ մեր, ձեր ազնիվը հաղթեց մեր ազնիվին, բայց կարող է, չէ՞, մի քսան տարի հետո մեր ազնիվն ուժեղանա ու հաղթի ձեր ազնիվին։»։ Պատկերացնո՞ւմ եք, էս տողերը հիմա կարդալիս ինչ եմ զգում ես, տասնքանի տարի առաջ եմ գրել։ Հասանն ասում է՝ «հետո՞, սաղ կյանքներս պիտի էսպես իրար ուտե՞նք….»: Էդպես էլ եղավ։ Քսան տարի հետո ուժեղացան ու հաղթեցին։ Վաղուց էր պետք կանգ առնել, Էսկալացիան պետք էր դադարեցնել և՛ այնտեղ, և՛ այստեղ։ Դժվար է երկու կողմերում էլ, բայց պիտի փորձեինք։ 

-Բայց փորձելու այդ ահռելի աշխատանքում, փաստորեն, հասարակական խոսքը՝ դրա մեջ լրագրությունը, գրականությունը անկարող գտնվեցին։ Փաստորեն, կամ թերացանք, կամ վատ արեցինք, կամ չուզեցինք։ 

-Ես այս տարիների ընթացքում այնքան եմ կարդացել այսպես ասեմ՝ կարծրատիպային մտածողությամբ գրքեր, որ հասկացել եմ, որ իսկապես մարդկանցից շատերը հենց այդ կարծրատիպերով էլ առաջնորդվում են։

-Ստացվում է, որ մենք պարտվեցինք նաև հենց այդ գրականությանը։ Մենք մեր ձեռքով ստեղծեցինք ու պարտվեցինք դրան։

-Մեր հասարակության մեծամասնության համար կարծրատիպերն առաջնորդող դեր ունեն։ Չի կարելի այդպես, պիտի ջարդել դրանք։ Ես փորձել եմ այդ երկու գրքերում էլ դրանք ջարդել։ Փորձել եմ։ «Մշտական թշնամի» եզրույթը կարծրատիպ է։ Իրենք էլ մեր մասին են նույնն ասում։ Ես ասում եմ՝ իրենք էլ են կարծրատիպերով ապրում, մենք էլ։ Մի միջազգային հանդիպման ժամանակ, այսինքն՝ «Յավաշ-Կամաց» ճամբարում, որի մասին գրել եմ նաև իմ վեպում, թուրքեր ու հայեր էին։ Առաջադրանք կար՝ միմյանց մասին կողմերը բնութագրական բառեր պիտի ասեին։ Գրատախտակի մի կողմում թուրքերի մեզ՝ հայերիս տրվող բնութագրումներն էին, մյուս կողմում՝ թուրքերի մասին մեր բնորոշումներն էին, ու հավատացեք երկու կողմն էլ բացառապես նույն բառերով էր բնորոշել մյուսին։ Երկու կողմն էլ ապրում է կարծրացած մտածելակերպով։ Ոնց որ իմ գրքի հերոս Սեթն է ասում՝ ես քաղաքական գործիչ չեմ, պրոպագանդիստ չեմ, ես պարզապես գիրք եմ գրել։ 

-Պատասխանատվության զգացումի՞ց երևի։ Ի վերջո, այս գիրքը մեր ցավի վրա դրված ձեռք է։ 

-Չգիտեմ։ Ես պարզապես ուզել եմ խոսել այդ հարցի մասին, խոսել երկար, խոսել մանրամասնորեն։ Պիտի ասեի, ինչ-որ կերպ պիտի ասեի։ Հրապարակում ամբիոն չեմ կարող բարձրանալ ասել, իմ ասելու ձևը գրելն է։

-«Աբկայը» գրվել է 2000-ականներին։ Կարելի է ասել խաղաղության ու պատերազմի թեման արգելված թեմա էր մեզանում հատկապես այդ ժամանակ։ Ինչպե՞ս ընդունեցին, քարկոծումների տարա՞փ սկսվեց։

-Կասեի՝ նորմալ ընդունեցին։ Հիմա որ կարդում եմ դրա արձագանքները «Goodreads» հարթակում, մոտավորապես քսանքանի արձագանք կա, բոլորը նորմալ են արտահայտվել։ Ես սովորություն ունեմ, մինչև գիրքը հրատարակվելը տալիս եմ, ընկերներիցս ոմանք այն կարդում են։ Նրանցից մեկը «Աբկայը» կարդալուց հետո ասաց՝ ընտանիքիդ փախցրու արտասահման, հետո սա հրատարակիր։ Զարմացած ասացի՝ բայց ի՞նչ կա, ինչի՞ համար։ Ասացի՝ Հայաստանում ոչ մեկին խոսքի, գրականության համար չեն ծեծում, չեն մեղադրում, եթե դա իրենց բիզնեսին, իշխանությանը մի կոպեկի վնաս չի տալիս։ Իսկ իմ վեպը վնաս չէր տալու։ Այսօր էլ վնաս չի տալիս, կարող է վաղը վնաս տա, ասենք քաղաքականության հենքը դարձնեն պատերազմը, ու սա խանգարի իրենց։ Բայց, անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ Հայաստանում կգա այնպիսի մի օր, ով էլ լինի այդ իշխանությունը, որ ազատ արտահայտված խոսքի հետևից կընկնեն։ Ես ես եմ և իմ գրականության, և իմ լրագրողական գործունեության մեջ։ Ես չեմ թաքցնում, որ ես եմ, ես

էստեղ կանգնած եմ, էստեղ իմ սիրտն է, էս էլ՝ ճակատս է․ երկու թիրախ, որին ուզում եք, կրակեք։ 

-Խոսքը նաև ուժ է ստանում, ճանապարհ ու հուն է բացում, երբ այն տարածվում է, չէ՞։ Վերջին պատերազմից հետո հատկապես այդ դառը հարցը շատերիս է տանջում՝ ինչո՞ւ մենք չկարողացանք նաև խոսքով, գրչով, մտքով օգնել, որ հասարակությունը անհաղորդ չմնա քննարկվող նյութին։ Ինչպե՞ս անել, որ խոսքը տեղ հասցնելու այս ջանքերը զուր չանցնեն։ Լինի լրագրություն, թե գրականություն։ Պատերազմը ցույց տվեց, որ դրանք էլ, կարծես, զուր են անցել։ 

-Դպրոցական ծրագրից սկսած գրականության ծրագրի ընտրությունն էնպիսին է, որ «ընդունված նորմերից դուրս» գրականությունը չի ընդունվելու։ Քանի դեռ կրթական համակագը չի ազատականացվել, քանի դեռ մարդիկ սեփական կամքով, սեփական ընտրությամբ չեն գրականություն կարդում, քանի դեռ, ասենք, նրանք դաստիարակվում են, էսպես ասեմ, կարծրատիպային որոշակի գրականությամբ, քանի դեռ Չարենցի «Երկիր Նաիրին» չի դառնում գրականության չափանիշ դպրոցի համար, քան դեռ Թումանյանի այն գործերը, որոնք խոսում են հայի ու թուրքի հարաբերությունների մասին, չեն դառնում քննարկման առարկա դպրոցում, համալսարաններում, շատ բան չի փոխվի։ Իհարկե, ունենք դասախոսներ, մանկավարժներ, որ ազատ մտածողություն են սովորեցնում, բայց դպրոցներում շատ քիչ են, չկան, համարյա չկան։ Այ, երբ գրականության ընկալման ազատություն կտրվի, այդ ժամանակ մարդիկ իրենք կսկսեն փնտրել։ Ես չեմ գրում, որ մասսայական ընթերցողն ինձ կարդա, փողոցում քայլեմ, բոլորը ճանաչեն ու ասեն՝ վայ, սա էն գրողն է։ Չեմ ուզում էդպիսի բան։

-Կարծես մեզանում գրականության ակտիվ դիսկուրս չկա։ Մամուլն ինքը էդ դիսկուրսը ծավալելուց հեռու է մնում։ 

-Մի բան կարող եմ ասել, որ իմ «Հետհեղափոխությունն իր եզրերով» և «Աբկայ.մեռնելու պարունակները» ավելի շատ կարդացել են ինձ անծանոթ մարդիկ։ Հույս ունեմ, որ «Սեթ՝ որդի Մկաց Ադամի» գրքի դեպքում էլ այդպես կլինի։ Երբ ինձ ասում են՝ շնորհանդես արա, ասում եմ՝ պիտի գան ընկերներս, գովեն ինձ, գնան, դա ինձ համար արձագանք չի։ Ես ուզում եմ մարդը գնա գրախանութ, ասի՝ դուք ունե՞ք Մեսրոպ Հարությունյանի էսինչ գիրքը։ Մարդը, որն ինձ չի ճանաչում։ Դրա համար, այո, ձեր ասած այդ դիսկուրսը և հանրայնացումը շատ կարևոր է։ Թերթերը պիտի գրեն, քննադատեն, գովեն։ Երբ իմ «Հետհեղափոխությունն իր եզրերովն» «Առավոտում» հրապարակվեց, «Հայոց աշխարհ» թերթը մի ջախջախիչ հոդված գրեց։ Խմբագրին, երևի, թվում էր, թե ես այդ հոդվածից հետո պիտի զանգեմ, բարկանամ, մինչդեռ ես զանգեցի, շնորհակալություն հայտնեցի։ Ասացի՝ էնքան բաներ եք տեսել գրքում, որ ես գրելուց չեմ էլ մտածել, շատ լավ է, և երկրորդ, ձեր այդ քննադատության շնորհիվ մի երեք հարյուր հոգի ավելի կարդաց գործս։ Դրա հիման վրա ինձ հրավիրեցին հյուր հեռուստատեսային հաղորդումների։ Ուզում եմ ասել, որ նույնիսկ այդ քննադատական հոդվածը մեծ խթան դարձավ, որ գիրքս կարդան։

-Դուք նշեցիք «Goodreads»-ի արձագանքների մասին և ընդհանրապես ստացած դրական արձագանքների։ Գիտե՞ք ինչն է ցավալի։ Փաստորեն, մարդիկ կային, որ բաց էին քննարկումների համար, մարդիկ, որոնք պատերազմի ու խաղաղության թեման ընդունված կարծրատիպերից դուրս էին ընկալում։ Բայց, փաստորեն, հասարակական կարծիքը մեծ առումով ճնշող եղավ, ու այդ մարդկանց տեսակետները գուդրիդսներում, սրճարաններում,առանձին ընկերական զրույցներում մնացին։ 

-Համաձայն եմ… մենք չփորձեցինք մարդկանց գիտակցության մեջ ավելի արթնացնել իրականության հետ առերեսվելու և մի քիչ այդ կեղծ օրակարգից դուրս մտածելու կամքը։ Բոլորս մեր բաժին մեղավորությունն ունենք։

-Սեթի կերպարը մեր իրականության մեջ։ Ես կարդալիս մտածում էի՝ ինքը և՛ իրական է, և՛ մի տեսակ չափից դուրս կարգին մարդ է մեր իրականության համար։ Դա այն հույսն էր, որ մենք կմնանք այդպիսի՞ն։ Դա այն հույսն էր, որ մենք մեր տեսակով Սե՞թ ենք։

-(ժպտում է): Այսպես ասեմ։ Եթե նկատել եք, «Սեթն» ավելի քիչ միֆական է, քան «Աբկայը»։ «Աբկայը» շատ ընդգծված միֆական գործ է՝ թեպետ լիքը իրական բաներ կան մեջը։ «Սեթն» ավելի իրական է, բացառությամբ կերպարի ծնունդը, որը միֆական է, և որը գալիս է «Աբկայից», բայց Սեթը կյանքի մարդ է, իրական մեկն է, ռեալ է։ Աբկայն անընդհատ ինչ-որ բաներ փոխելու մասին էր մտածում, Սեթն էլ է ուզում փոխել, բայց դա իր կյանքի նպատակը չի, ինքը փորձում է պարզապես գաղափարներ բերել, մտածողություն փոխել, բայց ապրում է իրական կյանքը լիարժեքորեն զգալով, չկտրված։ Աբկայն իրականություն էր փոխում հենց միայն իր գոյությամբ։ Սեթը հասկանում էր, որ եթե մտածողությունը չփոխվի, իրականությունը չի կարող փոխվել։ Ինքը դրա վրա էր շեշտը դնում։

-Երևի հենց դա է ամբողջ վեպի գլխավոր ասելիքը։ Եվ, ուրեմն, նաև ձեր ասելիքը։ 

-Այո։ Մարդն ինքը պիտի ցանկանա փոխվել։ Սեթը, լինելով իրական զինվոր, իրական խաղաղություն է ուզում։ Իր գաղափարի, հայրենիքի պաշտպանության համար նա պատրաստ է զենք վերցնել։ Բայց նա ատում է պատերազմը, ատում է զենքը։

-Եվ գիտի, որ դա լուծում չի։ 

-Այո, և գիտի, որ դա լուծում չի։ Իր ու իր համակուրսեցի գերազանցիկի հանդիպումը հիշեք։ Այդ հատվածում Սեթը շատ բան է ասում։ Թվում է, թե հենց այնպես մի զրույց է, բայց իրականում՝ շատ խոր ասելիքով։ Դասընկերը Սեթին ասում է՝ բա դու միշտ խաղաղության կողմնակից էիր, ինչո՞ւ ես պատերազմ գնում։ Եվ Սեթն ասում է՝ «դու տենց էլ ոչ մի բան չհասկացար»: 

Մի դրվագ կա վեպում, Սեթի և շուշեցի ադրբեջանցու միջև մի երկխոսություն։ Հիմա մենք դա կարդում ենք լրիվ ուրիշ ձևով։ Վեպում ադրբեջանցին ասում է՝ «Ասե՞մ ինչի դուք հաղթեցիք, որովհետև դուք հայրենիքի զգացողություն ունեիք, իսկ մեր զինվորականները չունեին էդ զգացումները, չկարողացան պահել»։ Մենք հիմա հանգիստ կարող ենք շրջել այս երկխոսությունը։ Մենք, փաստորեն, չկարողացանք հայրենիքի զգացողությունը պահել, ինչ-որ մեկը ոմանց համոզեց, թե «Շուշին դժգույն քաղաք է»։ Չգիտեմ… Ավելին, «Աբկայի» վերջում, Հասանի ու Աբկայի հանդիպման ժամանակ, Հասանի ասածը՝ ձերոնց ասա, որ էսպես հայրենիք չեն պահում… էդ ազատագրած տեղերը, որ անշունչ էին ու մարդ չէր ապրում… Իմ գրքում դա ադրբեջանցին է ասում, ու մենք քսան տարի էդ դասը չառանք։ Մենք չհասկացանք, որ հայրենիք ենք կորցնում, ցավոք։ Ու հետո մեկը կանգնեց և ասաց՝ «դե մի դժգույն քաղաք էր, էլի»։ Պատերազմից հետո ես խմբագրումներ չեմ արել իմ գրքում, ամեն բան գրվել ու հրատարակվել է մինչև պատերազմը, այսինքն գիրքը ավարտել եմ սեպտեմբերին, պատերազմից հետո աննշան խմբագրումներ եմ արել և հատուկ ոչինչ չեմ հանել։

-Ինչո՞ւ Մեղրին այսքան շատ կա ձեր գրքերում։

-Չի կարող չլինել։ Ինքն անընդհատ իմ մեջ է, իմ կարոտն է։ Տեղեր կան, որ ես քառասուն տարի է չեմ գնացել։ Որ գնամ, իմ ամբողջ մանկության տպավորություններս կփշրվեն, կմեռնեն։ 

-Հնարավոր է, որ դրանք մեռնեին, այս գրականությունը չգրվեր։ Որովհետև այդ տպավորություններից է սնվում, չէ՞, գրականությունը, ստեղծագործությունը։ 

-Լրիվ հնարավոր է։ 

-Մտադրություն կա՞ գրքերը թարգմանել այլ լեզուներով։ 

-Ես այդ գործում ճարպիկ չեմ,  ճանապարհները չգիտեմ։ 

-Բայց կուզեի՞ք։ 

-Ինչ խոսք, շատ կուզեի, դա էլ երկխոսության մի ձև է։ 

-Մեղրու մասին վեպը ե՞րբ եք գրելու։ 

-Մտածում եմ, որ երրորդ գրվելիք գիրքը՝ «Եվան», դեպի այդ վեպն է տանում ինձ։ 

 

Զրուցեց Մերի Մուսինյանը

Լուսանկարը՝ Անի Քեշիշյանի