Մերիլ Սթրիփ. «Մնացել եմ այն փոքրիկ աղջիկը, որը ցանկանում է արդարացնել իր ծնողների հույսերը»

Կինոյի «սրբազան հրեշը»՝ Մերիլ Սթրիփը միշտ էլ իր բազմոցը գերադասել է կարմիր  գորգերից… «Երկաթե լեդին» ֆիլմում նա մեծ վարպետությամբ կերտել է Մարգարեթ Թետչերի կերպարը: Ֆիլմի նորամուտի կապակցությամբ Մերիլ Սթրիփը «Elle» ամսագրի խմբագրի հետ զրուցել է իր դերերի, կին լինելու դժվարությունների ու  ընտանեկան կյանքի մասին: 

Պայմանավորված  ժամին մենք հանդիպում ենք փարիզյան հյուրանոցի հյուրասրահ-հանդերձասենյակում, որպեսզի հարցազրույց վերցնեք նրանից. դա ներառված էր «Երկաթե լեդին» (ռեժիսր՝ Ֆիլլիդա Լլոյդ) ֆիլմի պարտադիր գովազդի մեջ: Ֆիլմում նա հմտորեն կատարել է Մարգարեթ Թետչերի դերը 40-86 տարեկան հասակում: Մենք փոխում ենք զրույցի թեման, գնալով նրա կարիերայի հետքերով՝ Մերիլ Սթրիփը 17 անգամ առաջադրվել է Օսկարի (այժմ արդեն 21 անգամ՝ Քեթրին Հեփբերնի ռեկորդը գերազանցված է), 2 անգամ դարձել է «Օսկար»-ի դափնեկիր (այժմ արդեն 3, ներառյալ «Երկաթե լեդին» ֆիլմի համար ստացած մրցանակը), նվաճել է 9 «Ոսկե գլոբուս»: Երեսունհինգ տարվա օրինակելի կարիերա:

Կինոաշխարհը նրան համեմատում է մեծն Բեթ Դեյվիսի հետ: Նա կարողանում է անել ամեն ինչ. լինել ակտիվիստ, ընտանիքի մայր, Աֆրիկայում արկածներ որոնող, ամուսնալուծված, սիրահարված, ճգնավորի կյանքով ապրող միանձնուհի կամ հիսունամյա կին. նա ամեն անգամ մոլորեցնում է մեզ: Այդ պատճառով, երբ դուռը բացվում է, և հայտնվում է նա, անխուսափելիորեն տարօրինակ զգացողություն է առաջանում:

Խելահեղ հմայք, ջերմ ժպիտ, մեկնված ձեռք, աչքերի շուրջբոլորը տարածվող սիրուն լույս: Նա 62 տարեկան է (այժմ արդեն 74), բայց առնվազն տասը տարով ավելի երիտասարդ է թվում։ Պարզություն առանց կեղծ կեցվածքի: Հանդիպում մարդկային դեմքով կինոաստղի հետ՝ մի բառ, որը նա ատում է, մի բաժակ կապուչինո: Հանդիպում  կրքոտ աշխատողի հետ, որն իրենից վանում է կինոարտադրության աստեղային համակարգը, բայց գիտի, թե ուր է ուզում գնալ: Հանդիպում մի կնոջ հետ, որը շրջանցելով հարցազրույցը, ասում է, որ նման է բոլոր կանանց: Սա է նրա ահռելի համբավի բանալին և մեծ էկրաններին երկարատև մնալու գաղտնիքը:  

ELLE ամսագիր -Երևակայեք միայն, որ 38 տարեկանում Դուք ասում էիք Ձեր ամուսնուն. «Դե ինչ, ինձ համար կինոն ավարտված է…»: Քսանհինգ տարի անց Դուք դեռ շարունակում եք գլխավոր դերերով հանդես գալ:

Մերիլ Սթրիփ -Ես շատ, շատ հաջողակ եմ եղել... Ես ձեզ վստահեցնում եմ, որ երբ ես խաղում էի իմ առաջնելույթը, այս բոլոր հիանալի դերերը խաղալու հույս չունեի, ոչ էլ  որ այս մասնագիտությունը երկարատև կլինի ինձ համար: 80-ականներին հիսունամյա դերասանուհիները համարվում էին «սպառված»: Հոլիվուդը չգիտեր ինչ անել նրանց հետ: Իմ 40-ամյակի տարում շատ քիչ սցենարներ եմ ստացել, որոնցից երեքը… վհուկների դերեր էին: Տեսնո՞ւմ եք, թե ինչ խորհրդանիշ է: Քառասունն անց իմ ընկերուհիներից շատերը թողեցին կինոն, որովհետև նրանց այլևս ոչինչ չէին առաջարկում, կամ պարզապես առաջարկում էին հիմար դերեր խաղալ:

ELLE ամսագիր -Ինչպե՞ս Դուք պայքարեցիք Ձեզ շրջապատող այս տարիքային խտրականության դեմ:  

Մերիլ Սթրիփ -Ես կարիերիստ չեմ: Ոչ էլ ակտիվիստ: Ես այն մարդկանցից չեմ, որոնք ինչ-որ բաներ են հրահրում: Ավելի շուտ ես այն աղջիկն եմ, որը սպասում է, որ իրեն պարի հրավիրեն: Իմ բախտը բերեց՝ ինձ շարունակեցին պարի հրավիրել… 

ELLE ամսագիր -Էկրանին մարմնավորած բոլոր կանանցից ո՞վ է Ձեզ ամենաշատը նման:

Մերիլ Սթրիփ -Բոլորը՝ այս կամ այն կերպ: Ես պատահաբար չեմ գնում դեպի դերը, հաճախ զգում եմ, որ ինձ այնտեղ «հասցնում են»։ Ես խորապես հավատում եմ, որ չնայած թվացյալ տարբերություններին, մարդկային ցեղը համընդգրկուն է: Մենք մարդասպաններ ենք, գողեր, սիրահարներ, տարօրինակ կամ համակրելի մարդիկ: Ինձ միշտ հիացրել է այն, թե ինչով «մյուսը» կարող է նմանվել ինձ: Երբ ես 17 տարեկան էի, Միավորված ազգերի կազմակերպություն այցելելու նպատակով մայրս ինձ տարավ Նյու Յորք: Ես ապշած էի, երբ տեսա, թե ինչպես են բանավոր թարգմանիչները թարգմանում այն, ինչ ամբիոնից ասում էին գամբիացիները, հնդկացիները, ճապոնացիները: Այս մարդիկ միանգամից միմյանց հասկանում էին, «խոսում» էին նույն լեզվով, իրենց ծագումը մի կողմ դնելով, արտասովոր կերպով նմանվում էին իրար: Ես դուրս եկա լիովին ոգևորված, ասելով՝ սա ա՛յն է, ինչով ես ուզում եմ զբաղվել ավելի ուշ:

Սա զարմանալի հայտնագործություն էր ինձ՝ Նյու Ջերսիում ապրողիս համար, մի վայր, որտեղ բոլորն ունեին նույն տունը, նույն կյանքը, նույն շագանակագույն կոշիկները: Լինել մեկ ուրիշը մեկ այլ դերում, բայց, այն «ուրիշը», որը նման է մեզ բոլորիս, այն է, ինչը ես նախընտրում եմ իմ մասնագիտության մեջ: Սակայն ձեր հարցին ի պատասխան ասեմ, որ «Երկաթե լեդին» նկարահանելուց ի վեր ես հասկացա, որ, որոշ առումներով, հավանաբար, շատ եմ նման Մարգարեթ Թետչերին: (Ծիծաղում է):

ELLE ամսագիր -Ի՞նչ իմաստով:

Մերիլ Սթրիփ -Երբ մտքիս մի բան եմ դնում, ապա  գիտակցում եմ, թե որքան եմ սիրում կենտրոնանալ ու մտքիս եղածը բաց չթողնել: Ես անդադար ուզում եմ լավ աշխատել, լինել «լավ աղջիկ»: Ես տատիկ լինելու տարիքում եմ, բայց մնացել եմ այն փոքրիկ աղջիկը, որը ցանկանում է արդարացնել իր ծնողների հույսերը... Ես միշտ լսում եմ այն ձայնը, որն ասում է ինձ. «համառորեն աշխատի՛ր»:

ELLE ամսագիր -Եվ ի՞նչ են մտածում այդ մասին Ձեր երեխաները, Ձեր դերերից ո՞ր մեկն են նրանք համարում առավել հարազատն իրենց մորը:

Մերիլ Սթրիփ -Միգուցե, նույնպես... Մարգարեթ Թետչերի դերը: Ես չգիտեմ... Վերջապես, երբ նրանք տեսան «Mamma Mia»-ն, ինձ ասացին. «Հեյ, դա քեզ հարմար աշխատանք չէր, այս մոր դերը, այ դա իսկը դու ես»:            

ELLE ամսագիր -«Երկաթե լեդի»-ում մենք բացահայտում ենք, թե Մարգարեթ Թետչերը, որը հայտնի էր իր կոշտությամբ և որին ատում էին դրա համար, որքան էր ստիպված  պայքարել կնատյացության դեմ: Այս հայեցակե՞տն է Ձեզ դրդել համաձայնելու այդ դերին:

Մերիլ Սթրիփ -Ես երբեք չեմ կիսել Մարգարեթ Թետչերի քաղաքական գաղափարները։ Բայց ես շատ լավ հիշում եմ, որ երբ նրան վարչապետ նշանակեցին, այն ժամանակ ես մտածում էի, որ դա առաջադիմություն կլինի կանանց համար: Նրա կուսակցությունը՝ Պահպանողականը, անբարյացակամ էր հատկապես կանանց նկատմամբ։ Այդ ժամանակ նույն կերպ գործում էր նաև Խորհրդարանը, թեև նրա կազմում կային նաև այլ կին պատգամավորներ։ Այս ֆիլմը ցույց է տալիս, թե որքան միայնակ էր նա իրեն զգում, երբ բախվում էր այնպիսի մի միջավայրի, որը վիճարկում էր նրա վերելքը և նրա գրաված դիրքը, որովհետև նա կին էր: Այս իրավիճակների անբողջությունը նրան դարձրեց է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի վճռական։ Անհաջողությունն, անարդարության հանդեպ զայրույթը, ինչպիսին էլ որ դա չլինի, հսկայական շարժիչ ուժ է: Այս դերը շատ բան է ասում նաև մեր մասին. կյանքի ավարտի, միայնության, կյանքի զուգընկերոջը կորցնելու ցավի մասին՝ անկախ նրանից, մենք հայտնի ենք, թե՝ անհայտ:

ELLE ամսագիր -Ինչպե՞ս է կնատյացության դեմ պայքարն արտացոլվում Ձեր  կյանքում:

Մերիլ Սթրիփ -21 տարեկանում ես ընդունվեցի արևելյան ափի մի համալսարան, որը դեռ նոր էր բացվել աղջիկների համար: Մենք 6000 ուսանողներից ընդամենը 60-նն էինք: Մեր ընդհանուր ննջարանը համալսարանի ամենավատ տեղում էր: Եվ միակ «իսկական» կանացի զուգարանները գտնվում էին գրադարանում:   

Երբ ես այնտեղ սովորում էի ընկերուհուս՝ Քեթիի հետ, մի օր մենք հայտնվել էինք տղաների շարքերի կենտրոնում, իսկ նրանք այնքան շատ էին, որ վերջը չէր երևում, դե ինչպես ասեմ… մի խոսքով, ես էլ չէի դիմանում: Մենք՝ ես և Քեթին կտրեցինք անցանք այս հսկայական 50 մետրանոց սենյակը. կարող եմ ձեզ ասել, որ զուգարան հասնելու համար դա երկար տարածություն է: Հանկարծ բոլոր տղաները սկսեցին ոտքերով գետինը դոփել. բում, բում, բում: Միջոց, որով նրանք մեզ ցույց էին տալիս, որ իրենց դուր չի եկել մեր ժամանումը տղամարդկանց այս ամրոցիկը: Այս թշնամանքի մասին հուշերը կրկին վերադարձան ու տանջում էին ինձ, երբ ես նկարահանվեցի մի տեսարանում, որտեղ Մարգարեթ Թետչերը խորհրդարան էր մտնում:

ELLE ամսագիր -Ձեր նշանավոր ֆիլմոգրաֆիան պսակված է մրցանակներով: Դուք չորս երեխա եք մեծացրել: Դուք երեսուն տարի է, ինչ ամուսնացած եք նույն մարդու հետ (քանդակագործ Դոն Գամեր՝ նրա որդու և երեք դուստրերի հայրը): Եվ Դուք երբեք, երբեք չեք հայտնվում սկանդալային մամուլի էջերում Ձեր եսակենտրոն քմահաճույքների պատճառով: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Մերիլ Սթրիփ -Հավանաբար այն պատճառով, որ ինձ շատ մեծ բախտ է վիճակվել ապրել այս տղամարդու հետ ու նրա հետ երեխաներ մեծացնել: Մենք շատ նման ենք միմյանց: Մենք միանգամայն  համակարծիք ենք ու լրացնում ենք մեկս մյուսին, այդ թվում՝ մեր առօրյա կյանքում: Մենք չենք սիրում աշխարհիկ զվարճալիքները: Մենք ուզում ենք հանգիստ մնալ տանը, նստել բազմոցին, ընկերներ ընդունել: Ինչ վերաբերում է ինձ աստղ համարելուն... հըմ... ես երեխաներ ունեմ. դա շատ համեստ փորձ է և լավ դպրոց է ընդդեմ չափից ավելի մեծ «ես»-ի:

ELLE ամսագիր -Դուք շատ ուշադիր մայրիկի համբավ ունեք:

Մերիլ Սթրիփ -Այո ես մեր զույգի «անհանգստացողն» եմ: Մեր տանը դերերը շատ հստակ են բաշխված. Ես «վատ ոստիկանն» եմ, ամուսինս՝ «լավ ոստիկանը»: Վերջերս ես հասկացա, որ իմ երեխաները նրա հետ մի ծածկագիր էին օգտագործում, երբ չէին ուզում, որ ես ինչ-որ բանից տեղյակ լինեմ: Նրանք ասում էին «DTM», «Don't tell Mum». «Այդ մասին մայրիկին մի՛ ասա»:

ELLE ամսագիր -Շատ դերասանուհիներ երդվում են, որ Դուք իրենց համար օրինակ եք, Դուք նաև մի քանի սերունդների կանանց սիրված դերասանուհին եք ամբողջ աշխարհում: Սակայն որն է Ձեր «հերոսուհին»:       

Մերիլ Սթրիփ -Հիլարի Քլինթոնը: Նա աջակցություն է ցուցաբերում ոչ միայն հայտնի կանանց, այնպես ինչպես վերջերս Բիրմայում աջակցեց Աուն Սան Սու Չժիին (քաղաքական գործիչ, քաղաքական բանտարկյալ): Իր յուրաքանչյուր գործուղման ընթացքում նա հանդիպում է տասնյակ անանուն կանանց, ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների անդամների, գյուղացի կանանց: Քչերին է հայտնի, բայց նա ստեղծեց իսկական «ստվերային քարտուղարություն», ստվերային կաբինետ, որը ծառայելու է կանանց խնդիրներին ամբողջ աշխարհում: Նա անընդհատ միավորում է կին առաջնորդներին և անանուն ակտիվիստներին։ Նա ինձ տպավորում է: Նա միավորում է նրանց, մեկի պայքարը կապում է մյուսի պայքարի հետ ամբողջ աշխարհում։ Սա՛ է իսկական հերոսուհին:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի