Մերի Հովհաննիսյան. «Պարային տեխնիկան չի սահմանափակվում պտույտներով»

Նախորդ դարի 60-80-ականներին հայ բալետային թատրոնը վերելքի բուռն շրջան ապրեց: Այն պայմանավորված էր հայ, դասական և միջազգային ճանաչում վայելող բալետային ներկայացումներով հագեցած հարուստ խաղացանկով, տարբեր ստեղծագործական ձեռագիր ունեցող բալետմայստերների գործունեությամբ և պարարվեստի հնարքներին վարժ տիրապետող և արտիստիզմով օժտված բազմաթիվ տաղանդավոր մենապարող-մենապարուհիների տքնաջան աշխատանքով: Հենց այդ շրջանի առաջատար պարողներից է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի մենապարող Հրաչյա Հովհաննիսյանը, որի կերպարները՝ Ռոտբարտ՝  Չայկովսկու «Կարապի լիճ» բալետում, Անհայտ՝ Խաչատրյան- Հովհաննիսյանի «Դիմակահանդեսում»՝ Ն. Ռիժենկոյի և Վ. Սմիռնով-Գոլովանովի բեմադրությամբ, Ալեն՝ Լ. Գերոլդի «Լիզա և Կոլլենում»՝ Օ. Վինոգրադովի բեմադրությամբ, Յագո՝ Լ. Ճգնավորյանի «Օթելլոյում»՝ Վ. Գալստյանի բեմադրությամբ։ Առայսօր նա Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի և զուգապարի լավագույն դասավանդողներից է:

Հատկանշական է, որ այդ վերելքի շրջանի պարող-պարուհիներից սերել են այսօր մեր և արտասահմանյան բալետային թատերախմբերը զարդարող բալետի շատ տաղանդավոր արտիստներ, որոնց թվում է նաև Հրաչյա Հովհաննիսյանի դուստրը՝ Ազգային օպերայի և բալետի առաջատար մենապարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Մերի Հովհաննիսյանը։

Մերին հասակ է առել բալետային միջավայրում. «Մանուկ հասակից միշտ ներկա էի բալետային ներկայացումներին, թատրոնի ու պարարվեստի ուսումնարանի փորձերին, համերգներին և դասընթացներին։ Սակայն հայրս չէր ցանկանում, որ ես դառնամ պարուհի։ Երբ ավարտում էի հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանը, մայրս, որը մասնագիտությամբ բժիշկ է, խնդրեց հայրիկին ստուգել իմ պարային տվյալները»։ Ակնհայտ էր, որ աղջկան բնությունը պարգևել է այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են բալետի պարուհուն։ Ուստի Հրաչյա Հովհաննիսյանը Մերիին տարավ պարարվեստի ուսումնարան՝ ընդունելության քննությունների։ Ուսումնարանի տնօրեն, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Թերեզա Գրիգորյանը, տեսնելով նրանց աստիճաններով բարձրանալիս, բացականչեց. «Այսպիսի երեխաներ մեզ շա՛տ են պետք»։ Մերին գերազանցությամբ անցնելով ամբողջ դասական բաժնի դասընթացը՝ 2004-ին ավարտեց ուսումնարանը՝ Անուշ Պետրոսյանի դասարանը։ Հետաքրքիր է, որ Հրաչյա Հովհաննիսյանը սկսեց իր դստերն անհատական դասեր տալ միայն ավարտական դասարանում։ «Ամեն օր վաղ առավոտյան, - պատմում է Մերին,- նախքան դասերի սկսվելը, գալիս էինք ուսումնարան և մոտ երկու ժամ աշխատում էինք դասական պարի տարրերի կատարելագործման վրա»։

Պարուհու ուսումնառության ընթացքում մեծ դեր է խաղացել ականավոր բալետմայստեր և պարուսույց, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսըանը։ 1997-ին նա հիմնադրել էր «Պարարվեստի պետական թատրոնը», որտեղ իրականացնում էր իր բեմադրությունները պարարվեստի ուսումնարանի բոլոր դասարանների սաների և Սպենդիարյանի անվան բալետի թատրոնի դերասանների ուժերով։ Նա բազմիցս ընդգրկել է Մերի Հովհաննիսյանին իր թատրոնի համերգային համարներում և ներկայացումներում։ Իսկ 2004-ին նա 18-ամյա աղջկան վստահեց տեխնիկական առումով բարդագույն Առաջին ջութակի դերը Խաչատրյանի 100-ամյակին նվիրված «Հավերժություն» բալետում`կոմպոզիտորի ջութակի կոնցերտի երաժշտությամբ։

2003-ին՝ դեռ ուսումնարանը չավարտած, Մերին աշխատանքի է անցել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 2004-ին արդեն կատարել է Նունեի առաջատար դերը Խաչատրյանի «Գայանե» բալետում՝ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ։

Այդ պահից մինչև օրս Մերի Հովհաննիսյանն Ազգային օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենակատարն է։ Նրա խաղացանկն ընդգրկում է անխտիր բոլոր գլխավոր դերերն այն բալետներում, որոնք 2004–2020 թթ. ժամանակահատվածում բեմադրվել են այդ թատրոնում։ Մերի Հովհաննիսյանը բազմաթիվ չափանիշերով համապատասխանում է «պրիմա-բալերինա» որակավորմանը. դա և բնությունից տրված օժտվածությունն է պարային տվյալներով, դասական և ժամանակակից բալետի տեխնիկայի տիրապետման բարձր մակարդակը։ Հավելենք նաև մեծ խաղացանկային բեռնվածություն կրելու ունակությունը, տարբեր բալետմայստերների թելադրած պարային և ոճական առանձնահատկությունների ընկալման ճկունությունը, փորձարարության պատրաստակամությունը և հանդիսատեսին բալետմայստերի մտահղացումը ճշգրիտ հասցնելու կարողությունը:

Մերի Հովհաննիսյանի պրոֆեսիոնալ առանձնահատկությունը նրա հիանալի, կարելի է ասել, կատարյալ տիրապետումն է դասական պարի հնարքներին: Դա պարզ էր նրա առաջին իսկ քայլերից թատրոնի բեմում։ Հանճարեղ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, որը 2009 թ. մեր թատրոնում բեմադրեց Խաչատրյանի «Սպարտակը», որում Մերին կատարեց Էգինայի դերը, նրա մասին ասել է. «Նրբակազմ, տեխնիկապես ուժեղ աղջնակ, ես կգամ և Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» կբեմադրեմ նրա գլխավոր դերակատարմամբ»։

Իսկ հանրահայտ բալետմայստեր Գենրիխ Մայորովը, որը 2018-ին բեմադրեց Կ. Խաչատրյանի «Չիպոլինոն», որում Մերին կատարեց Բողկիկի դերը, իր հարցազրույցներից մեկում նշել է. «Կանանցից ես ուզում եմ առանձնացնել  մենակատար Մերի Հովհաննիսյանին. նա պարզապես կատարելություն է»:

Ակադեմիական բալետում մշտապես առաջին հերթին առանձնացնում են տեխնիկապես ուժեղ պարող-պարուհիներին։ Այսօր Մերի Հովհաննիսյանը մեր թատրոնում միակն է, որ առանձնանում է այս չափանիշով, մանավանդ դասական ներկայացումներում, ինչպիսիք են Մինկուսի «Դոն Կիխոտը» (Կիտրի) կամ  Ադանի «Ժիզելը» (Ժիզել)։ Դժբախտաբար, մեր թատրոնում այլ դասական բալետներ այժմ ընդգրկված չեն։ Սակայն Մերին իր խաղացանկը լրացնում է այլ դասական զուգապարերով՝ Չայկովսկու «Կարապի լիճը», «Մարդուկ-Ջարդուկը»,  Ադանի «Կորսարը», Չայկովսկու երաժշտությամբ  Պա-դե-դեն՝ Ջորջ Բալանչինի բեմադրությամբ։

Տարիների փորձով Մերին համոզվել է, որ վարպետությունը շատ ավելին է, քան այն, ինչ հանդիսատեսը տեսնում է բեմում. « Տեխնիկան չի սահմանափակվում պտույտներով, բարձր թռիչքներով։ Դա նաև դասական բալետի համակարգի մեջ մտնող բազում մանր տարատեսակ շարժումներն են, հստակ ավարտուն դիրքերը, յուրաքանչյուր շարժման հանգավորումը երաժշտության հետ, ճիշտ հանգավորումը և շեշտադրումը, մեղեդու ամեն ելևէջի արտահայտումը»։

Մերի Հովհաննիսյանի կերտած տասնյակ դերերից ամենավառ կերպարներն են Էգինան՝ «Սպարտակում» և Կարմենը՝ Շչեդրինի «Կարմեն-սյուիտում»։ Աստիճանաբար բացվեց նրա դերասանական տաղանդը՝ արտահայտչականությունը, քնարականությունը, քնքշությունը, ինչը և հատուկ երանգներով հարստացրեց նրա կերտած կերպարները, հատկապես քնարական համարվող դերերում՝ Ջուլիետ՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում»՝ Ռ. Խառատյանի բեմադրությամբ, Նինա՝ Խաչատրյանի «Դիմակահանդեսում»՝ Վ. Գալստյանի բեմադրությամբ, Ֆրիգիա՝ Խաչատրյանի «Սպարտակում»՝ Գրիգորովիչի բեմադրությամբ, Սիրահարված ծաղրածու՝ Շորի «Բյուրեղապակյա ամրոցում»՝ Եկատերինա Միրոնովայի և Ալեքսանդր Սոմովի բեմադրության փոխադրությունը երևանյան թատրոնի բեմում՝ Ս.Առուստամյանի և Ռ. Մուրադյանի խմբագրությամբ։

2019-ից Մերի Հովհաննիսյանը դասավանդում է Երևանի պարարվեստի քոլեջում՝ իր փորձառությունը փոխանցելով պարողների նորագույն սերնդին:

 

Հեղինակ՝ Նազենիկ Սարգսյան

արվեստագիտության դոկտոր

... ... ... ...