Մեր ժողովրդին պետք է ամոքող, սփոփող, բուժիչ երաժշտություն

Հենց քաոսում է ստեղծվում ինչ-որ լավ բան

Երկարամյա դադարից հետո Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անունը կրող օպերային ստուդիան արվեստասերների գնահատմանն  է ներկայանում հնչեղ և սպասված բեմադրությամբ. օպերային ստուդիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում բեմադրվել է Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան:Ներկայացման հայաստանյան պրեմիերային  ընդառաջ ստեղծագործական խմբի ղեկավարներն ու անդամները  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին կարճ ժամանակահատվածում կատարված ահռելի աշխատանքը:

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը բարձր գնահատելով բեմադրական հետաքրքիր լուծումներն, առանձնահատուկ ընդգծում է օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի դերն այս բացառիկ նախագծի իրականացման հարցում. «Մենք բազմաթիվ անգամներ տեսել և զգացել ենք Հասմիկ Պապյանի նվիրվածությունը մեր ժողովրդին, մեր հայրենիքին, և այս օպերային բեմադրությունը դրա լավագույն դրսևորումներից մեկն է։ Շնորհակալ ենք, որ աշխարհը գրավելուց հետո նա վերադարձել է հայրենիք, ստանձնել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայի ղեկավարումը և իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնում է ի շահ ուսանողների՝ որպեսզի մենք ապագա ունենանք։ Կարճ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել։ Գլյուկի այս օպերան բացառիկ գործ է, ներկայացման երաժշտական և բեմադրական աշխատանքները չափազանց կարճ ժամանակում են արվել, մեծ գործ է արել Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Սուրեն Շահիջանյանը, որը միայն դիրիժոր չէ, այլ՝ ամեն ինչ. նա ուղղակի մարդ-արվեստ է։ Ես վերջերս եմ միացել փորձերին։ Բեմադրությունը շատ հետաքրքիր և անսովոր է, այն մինիմալիստական է, միստիկ, փիլիսոփայական լուծումներով, և ես շատ զարմացած եմ, որ այն բեմադրել է ընդամենը 23 տարեկան ռեժիսորը՝ Ֆրանսիայից ժամանած տաղանդավոր Վռամ Կարապետյանը»։

Երիտասարդ ռեժիսոր Վռամ Կարապետյանը երաժշտական ընտանիքից  է, մեծացել է օպերային երգիչների միջավայրում, Վռամը հայտնի սոպրանո Լիանա Հարությունյանի որդին է, որը մանկական տարիքից ականատես է եղել աշխարհի լավագույն օպերային ներկայացումների բեմականացումներին։ Երեք տարի թատերական և դերասանական արվեստ է ուսանել Փարիզի հեղինակավոր «Cours Florent» բարձրագույն դպրոցում, այնուհետև ևս երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն։ Որպես ասիստենտ օպերային ռեժիսոր Ագոստինո Տաբոգայի հետ աշխատել է Պուչինիի «Տուրանդոտ» և Վերդիի «Ռիգոլետո» օպերաների բեմադրություններում։

Իր բեմադրական հայեցակարգում Վռամ Կարապետյանն առանձնահատուկ կարևոր է համարում դեպի ներդաշնակություն մարդու տառապագին ընթացքի ընդգծումը. «Մենք գիտենք, որ Օրփեոսի պատմությունն առասպել է, որում կան աստվածներ, մարդկանց աշխարհ, դժոխք։ Ես փորձել եմ այդ ամբողջը ներկայացնել մեկ մարդու՝ Օրփեոսի մեջ. թե ինչպես է մարդը լուսավոր աստվածային մտավիճակից գերի ընկնում սեփական մտքերին ու մտատանջանքներին և այդ ներքին քաոսից սիրո միջոցով ձեռք է բերում հարմոնիա։ Բեմադրությունը մինիմալիստական է, ժամանակակից թատերական լուծումներով»։

Ներկայացման բեմական ձևավորման հեղինակը Նյու Յորքից ժամանած  Տիգրան Ձիթողցյանն է: Հայտնի գեղանկարչի համար այս նախագիծը որոշակի իմաստով նորամուտ է, քանի որ բեմանկարչության մեջ առաջին փորձն է: Ձիթողցյանը Հասմիկ Պապյանի համագործակցության հրավերն իր համար մեծ պատիվ է համարում․ «Ես երբեք չեմ ստեղծագործել այս ոլորտում և մտածում էի, որ պատրաստ չեմ, որ կան այդ գործին տիրապետող այլ լավ մասնագետներ։ Բայց ես հիմա շատ հուզված եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ։ Մենք աշխատում ենք հրաշալի տաղանդավոր երիտասարդների հետ, մենք արդեն որքան ժամանակ է տուն ենք գնում առավոտյան ժամը հինգին, բայց ես տեսնում եմ նրանց փայլող աչքերը, ես վաղուց նման բան ոչ մի տեղ չէի տեսել ու Հայաստանում դա տեսնելով՝ ես լցվում եմ մեծ հույսով, որ ամեն բան լավ կլինի։ Բոլորս աշխատում ենք մեծ էնտուզիազմով։ Ինչպես ասացի, սա իմ առաջին փորձն է այս ոլորտում, և մենք բեմադրության ընթացքում շատ փոփոխություններ ենք արել՝ երևի մի տասնհինգ անգամ։ Այն ինչ կտեսնեք, կարող էր այս օպերայի՝ մեր տասհինգերորդ բեմադրությունը լինել։ Մեզ մոտ քաոսային վիճակ էր, մենք ամեն օր փոփոխություն էինք անում։ Ասում են, որ հենց քաոսում է ստեղծվում ինչ-որ լավ բան, ինձ թվում է, որ հոյակապ քաոս էր էստեղ»։

Հասմիկ Պապյանն իր հերթին պատահական չի համարում Տիգրան Ձիթողցյանի ընտրությունը, քանի որ ցանկանում էր ներկայացման մեջ տեսնել նրա գեղագիտական ճաշակն ու մոտեցումները․ «Պիտի ասեմ, որ բոլորն իրենց ջանքերը ներդրել են առավելագույն կերպով և աշխատում են անվարձահատույց, ինչի համար մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Ես կարծում եմ, որ դրսում ստեղծագործող մեր բոլոր արվեստագետները, թեկուզ ժամանակավորապես, պետք է գան հայրենիք, միջավայր ստեղծեն, իրենց փորձը փոխանցեն երիտասարդներին, որպեսզի առաջընթաց լինի։ Անընդհատ միայն գումար ուղարկելն օգնություն չէ։ Մենք ունենք հրաշալի երգիչներ, արդեն գրեթե մեկ դար է, ինչ ունենք օպերային թատրոն, բայց թույլ տվեք ինձ ասել, և ես դա ցավով եմ ասում, օպերային արվեստում մենք աշխարհից հետ ենք մնացել մոտ հիսուն տարի։ Այսօր մենք ուզում ենք առաջ գնալ և փորձել համաչափ քայլել Եվրոպային՝ եթե կկարողանանք։ Շնորհակալ եմ, որ գտնվեցին մշակույթը գնահատող մարդիկ և ֆինանսապես աջակցեցին ներկայացման կայացմանը, մենք նաև բեմի կոսմետիկ վերանորոգում ենք կատարել, ձեռք ենք բերել լուսային տեխնիկա և օդորակիչներ։ Բայց եղան մարդիկ, որոնք ասացին, որ ժողովուրդը սոված է, իսկ դու օպերա ես բեմադրում: Գիտեք, եթե մենք սպասենք մինչև բոլորը կշտանան և տանիք ունենան գլխի վրա, մենք մեր այբուբենը կմոռանանք։ Բայց մենք պետք է մեր տաղանդավոր երեխաներին կրթենք, ճանապարհ ցույց տանք, ուղղորդենք, որպեսզի կարողանանք ապրել, մեր մեջքը շտկել և առաջ շարժվել, իսկ մշակույթը շատ կարևոր դեր ունի այս հարցում»։

Օպերային ստուդիայի՝ Հասմիկ Պապյանի ղեկավարման ընթացքում Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկեն» առաջին օպերային բեմադրությունն է, որը լիարժեք բեմադրություն է, բալետային խմբի մասնակցությամբ (խորեոգրաֆ` Արման Բալմանուկյան), մեներգիչներն ու երգչախումբը կոնսերվատորիայի ուսանողներն են։ Ըստ Հասմիկ Պապյանի՝ ընտրությունը կանգ է առել հենց այս ստեղծագործության վրա, քանի որ այն բարրոկ երաժշտություն է, և  Հայաստանում երբևէ չի բեմադրվել այս ժանրի օպերա: Ըստ էության էնցիկլոպեդիկ այս օպերան այն հազվագյուտ ստեղծագործություններից է, որում սերը հաղթում է։ Ըստ օպերային ստուդիայի ղեկավարի՝ հատկապես այժմ մեր ժողովրդին պետք է ամոքող, սփոփող, բուժիչ երաժշտություն, ինչպիսին է Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկեն»։ Եվ երևանյան կոնսերվատորիայի օպերային ստուդիան սկսում է տարածել մեծ երաժշտության ամոքիչ ուժը:

 

Աստղիկ Դալլաքյան