Մեծ բեմն ու փորձարարական հարթակը նույն թատերական տարածքում

Մեծ պատմություն՝ Փոքր բեմում

Գրեթե մեկամյա վերակառուցման աշխատանքներից հետո արդեն գործում է Մայր  թատրոնի նոր՝ Black Box կամ Սև տուփ - Փոքր բեմը, որը մեր թատերական կյանքում գործող բեմահարթակի է վերածել Սև տուփ թատերական կառույցի գաղափարը:Դեռ  նախորդ դարասկզբին Եվրոպայում մեծ տարածում գտավ այդ գաղափարը, որը փշրում էր դասական բեմի ընդունված կարծրատիպերը և փոքր տարածքներում  լայնորեն օգտագործում քառակուսի կամ ուղղանկյուն երկրաչափական ձևերը: Սև տուփը շարժական բեմով ու աթոռներով և լուսաձայնային ճկուն համակարգերով աշխատող փոքր ծավալների թատրոն է, որն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց որպես թատերական նորարարության ու փորձարարական նախագծերի  հարթակ: Դահլիճում տեղերի քանակը կարող է հարաբերական լինել և փոփոխվել ամեն նոր ներկայացման համար: Սև պատերի տակ կառուցված նստարանաձև նստատեղերը ևս հավելյալ տարածք են հանդիսատեսի համար: Նորարարական հարթակ ստեղծելու գաղափարը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ու Սունդուկյանի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Էլբակյանը վաղուց են փայփայել: Արմեն Էլբակյանը վստահ է, որ նոր բեմը ոչ միայն թարմ շունչ, այլև նոր  մտածողության ներհոսք կբերի թատրոն. «Մեծ բեմը բոլորովին այլ հաղորդակցման կերպ է թելադրում: Փոքր բեմերն ավելի կենդանի ու մտերմիկ շփում են ենթադրում: Հույս ունեմ, որ այս բեմն ավելի ժամանակակից տեխնիկա կունենա և այստեղ կբեմադրվեն փոքր ձևաչափի գործեր, որոնք հաղորդակցման նոր եղանակներ  ու նոր գեղարվեստական մտածողություն են բերում», -ասում է Էլբակյանը:

 

Սունդուկյան թատրոնում Black Box-Փոքր բեմ գաղափարը կյանքի կոչելու  նպատակին ծառայեցվեց թատրոնի օժանդակ մասնաշենքի մի հատվածը, որը 1974-ին կառուցված մասնաշենքում օգտագործվում էր որպես գեղարվեստական արվեստանոց: Այստեղ թատրոնի նկարչական ստուդիան էր, որը կարճ ժամանակ ծառայելով որպես արվեստանոց, ավելի ուշ վերածվել էր պահեստի: Տարիների ընթացքում հայտնվելով անբարենպաստ պայմաններում, այն վերջին շրջանում  կանգել էր փլուզման վտանգի առջև: Հենց այդ ժամանակ ծնվեց Մայր թատրոնի մեծ բեմն ու փորձարարական հարթակը նույն թատերական տարածքում մեկտեղելու   գաղափարը, և այժմ փլուզվող մասնաշենքը փորձարարության և զարգացման հարթակ է, որտեղ իր գաղափարներն ու նախագծերը կարող է իրագործել  ցանկացած ստեղծագործ միտք ունեցող անհատ:

 

Սև տուփ-Փոքր բեմում արդեն տեղի է ունեցել առաջին նորամուտը: Կարելի է ասել, որ կրկնակի պրեմիերա է, քանի որ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանն այստեղ բեմադրել է Մատեյ Վիշնիեկի ««Ռիչարդ 3-րդը» տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից » պիեսը, որն առաջին անգամ  է բեմադրվում Հայաստանում: Ֆրանսիայում բնակվող, ծագումով ռումինացի գրող, դրամատուրգ և լրագրող Վիշնիեկի՝ հայրենիքում գրած երկու տասնյակից ավելի պիեսներն արգելվել են պետական գրաքննության արդյունքում: Եվ Վիշնիեկը ստիպված էր ապաստան խնդրել Ֆրանսիայի կառավարությունից, որտեղ բնակություն է հաստատել 1987-ին: Արդեն ութսունականների վերջերին նրա ստեղծագործությունները մեծ ճանաչում ստացան Ռումինիայում և ամբողջ Եվրոպայում: 1989-ից Բուխարեստի տարբեր թատրոններում բեմադրվել են նրա 30-ից ավելի գործեր: Այս ներկայացման հիմքում թատերական մեծ բարեփոխիչ, համաշխարհային թատերական արվեստի մեծ գործիչներից Վսեվոլոդ Մեյերխոլդի ողբերգական վախճանի պատմությունն է՝ նրա  հանդեպ ճնշումներն ու մեղադրանքները, գրաքննության սահմանափակումները, հավատաքննությունն ու բանտարկությունը: Թատերական մեծ գործչի հանդեպ ստալինյան բռնություններն, ի վերջո, ավարտվեցին խորհրդային դատարանի՝ նրա գնդակահարության դատավճռով: Վիշնիեկի թատերական ֆանտասմագորիայի  հիմքում Մեյերխոլդի կյանքի վերջին տարիների կենսափիլիսոփայությունն  է: Բեմադրող ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի կարծիքով Վիշնիեկը, որ իր գրեթե բոլոր գործերում դիտարկում է իշխանություն-արվեստագետ փոխհարաբերությունը, այսօր ավելի քան արդիական է: Սերժ Մելիք-Հովսեփյանը նաև պիեսի հայերեն թարգմանության հեղինակն է և «Ագորա» թատերախմբի գեղարվեստական ղեկավարը: Այս պիեսի բեմադրության մասին վաղուց է մտածում. «Սա պատմություն է արվեստագետի պատասխանատվության մասին՝ ինչ պիտի անի ստեղծագործող մարդը, երբ հայտնվում է իշխանության մամլիչի տակ: Ինչպիսին  պետք է լինի արվեստագետի դիրքորոշումը՝ հնազանդվել իշխանությանը, թե՝ ոչ: Ինձ ասում էին, որ սա ժամանակավրեպ պիես է, բայց այդ հարցերն այսօր էլ կան: Եվ, ի վերջո, սա նաև մեր պատմությունն է՝ մենք միթե մոռացել ենք Չարենցին. ինչ պատահեց Չարենցին, Բակունցին, Թոթովենցին և որքան անուններ դեռ կան, որ կարող ենք դնել այս շարքում: Այս պիեսը նաև Հայաստանի անցյալի մասին է, որի մասին մենք լռում ենք: Մենք դեռ չենք թոթափել անցյալի բեռը, մենք էլ ունեցել ենք զոհված արվեստագետներ, որոնց մասին չենք խոսում»,- նշում  է  ռեժիսորը: Մեյերխոլդին կերպավորելու համար ռեժիսորը հրավիրել է դերասան Արթուր Կարապետյանին, որը նշում է, որ գրեթե մեկ դար անց այս պիեսում հնչող հարցադրումներն ու տագնապներն արդիական են նաև այսօր. «Մեյերխոլդի գնահատականներն ու մտորումներն այսօր խիստ հոգեհարազատ են ինձ՝ որպես  21-րդ դարի մտավորական և Արթուր Կարապետյան անհատի»: Պիեսի հեղինակը՝ Մատեյ Վիշնիեկն այսօր Եվրոպայում ամենաբեմադրվող հեղինակներից է, որի գործերը շատ հաճախ ներկայացվում են նաև միջազգային հայտնի թատերական փառատոներում: Այս փաստը նկատի ունենալով Սունդուկյանի տնօրեն Վարդան Մկրտչյանը խոսում է նաև ներկայացման փառատոնային հեռանկարի մասին. «Մատեյ Վիշնիեկն այսօր շատ պահանջված է և եվրոպական փառատոների սպասված հեղինակներից է: Այս բեմադրությամբ մենք հայտ ենք ներկայացնում, որ մասնակցելու ենք տարբեր փառատոների և հույս ունենք որ նաև փառատոնային հաջողություն ենք ունենալու»,- ասում է  Վարդան Մկրտչյանը:

 

 

 

 

 

... ...