Մայրիկը՝ Օլգա Թումանյան

Թումանյանի ժառանգության պահապանը

Թումանյանների տուն հերթական այցելության ժամանակ դեռ մուտքից Խրիմյան Հայրիկը լսում է աղմուկ-աղաղակ, տեսնում է մեծ ու փոքր բազմաթիվ կոշիկներ։ Կիսաշփոթված նայում է տիկին Օլգային ու ասում՝ գիտես, ապահարզան հեշտ չենք տալիս, բայց եթե ուզես, քեզ կտանք. էս տեսակ ընտանիք պահելը մի հոգս է, բանաստեղծ ամուսին պահելը՝ մեկ այլ հոգս:

Տիկին Օլգան 17 տարեկանից Թումանյան ազգանվան հետ վերցրեց մեծ գրողի կին լինելու ամբողջ դժվարությունը, պատասխանատվությունն ու երջանկությունը։ Նա դարձավ տան ներքին ամուր պատը, որն անսասան պահեց մեծ ընտանիքը, հատկապես՝ 1900-ականներից սկսած, երբ Թումանյանը զբաղված էր ազգային ու հասարակական կարևոր գործերով։ Տիկին Օլգայի շնորհիվ Թումանյանների տունը դարձավ մշակութային կենտրոն։ Նրա շնորհիվ Երևանում բացվեց գրողի տունը։

Այս տարի լրանում է Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Եվ Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերին լույս կտեսնի «Մայրիկը. Օլգա Թումանյան» գիրքը։ Այն հնարավոր ամբողջական ներկայացնում է Թումանյանների ընտանիքի պատմությունը, տիկին Օլգայի հուշերը՝ սկսած դեռահասության շրջանից, Հովհաննես Թումանյանի հետ նրա նամակագրությունը, անտիպ լուսանկարներ։

«ArtCollage»-ը զրուցել է Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ։

 

Տիկին Օլգան՝ Մաճկալյանից Թումանյան

Թումանյանն ու տիկին Օլգան բավական վաղ են ամուսնացել։ Օլգան 17 տարեկան էր, Թումանյանը՝ 19։ Տիկին Օլգան «Իմ հուշերը» խորագրով անուշիկ մի նյութ ունի, որտեղ շատ մանրամասն պատմում է իրենց հանդիպման մասին։ Ծանոթացել են շատ պատահական։ Թիֆլիսում Թումանյանը գրագրի պաշտոն էր կատարում հոգևոր կոնսիստորիայում, որտեղ, որպես քահանա, ծառայում էր տիկին Օլգայի հայրացուն։ Նա մի քանի անգամ Հովհաննեսի միջոցով թղթեր, նյութեր է ուղարկել իր տուն։

«… նա եկավ մեր տուն ձեռքին`թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց ու գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի…

Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի ու Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել ու ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել»:

Նշանադրությունը շատ արագ է տեղի ունենում: Թումանյանն այդ ժամանակ ընկերներից մեկի՝ Անուշավան Աբովյանի հետ էր ապրում։ Նա գրում է` Հովհաննեսը եկավ, շատ ուրախացած, զվարթ դեմքով, թե գիտես, Անուշավա՛ն, նշանվեցի: Ինքն էլ պատասխանում է, թե էնպես ուրախ ես ասում, կարծես բուհն ես ավարտել, կարմիր դիպլոմդ ես բերել, ցույց տալիս:

Զատկական տոներին մի քանի օր Թումանյանը մնում է Օլգայենց տանը։ Երբ վերադառնում է իր վարձով բնակարան, տանտերն ասում է՝ կարող ես դուրս գալ ու գնալ որտեղից եկել ես: Երբ Օլգայի մայրիկն իմանում է, ասում է՝ դե գնա, իրերդ հավաքիր ու տեղափոխվիր էստեղ։ «Մյուս օրը մի կապոց ձեռքին եկավ՝ մեջը մի ձեռք սպիտակեղեն և երկու գիրք՝ մեկը «Վերք Հայաստանին», մյուսը՝ «Հյուսիսափայլի» մի համար։ Այդ էր նրա ամբողջ ունեցածը»,- հիշում է տիկին Օլգան։

Ամուսնությունից հետո, փաստորեն, զույգն ապրել է տիկին Օլգայի ընտանքի հետ՝ մայրը՝ Շուշանը, տատը՝ Անուշիկը, երբեմն այստեղ էին գալիս նաև Թումանյանի ազգականները՝ հատկապես եղբայրները։ Դառնում էր մի մեծ ընտանիք:

Սկզբում Թումանյանը՝ որպես գրող, ընդունված չի եղել տիկին Օլգայի ընտանիքի կողմից. ինչպե՞ս կարող է ընտանիքի հայրը գրող լինել, ինչպե՞ս էր հոգալու ընտանիքի կարիքները։ Որոշված էր նրան քահանա ձեռնադրել, ինչն էլ ամուսնական պայմանագրի հիմնական պահանջ ձևակերպվեց, որ կնքվեց Հովհաննես Տեր Մարտիրոսյանի՝ Օլգայի հայրացուի և Հովհաննես Թումանյանի միջև։ Տիկին Օլգային ուղղված նամակներից մեկում Թումանյանը հետագայում պիտի նշեր թե՝ ձերոնք սկսեցին ինձ գնահատել միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ իմ ամեն տողը նյութական միջոց է ապահովում ընտանիքին:

 

Տիկին Օլգան՝ Թումանյանների ընտանիքի սիրելի հարսը

Թումանյանի ու տիկին Օլգայի հարսանիքը շատ արագ է կազմակերպվում, պսակադրվում են Թիֆլիսի վանքում. վեց քահանա կար և մեկ վարդապետ։ Նրանց պետք է պսակեր քահանա Արսեն Բագրատունին՝ որպես Օլգայի ընտանիքի քահանա, սակայն Թումանյանի հայրը պնդում է՝ իմ տղին ես պետք է պսակեմ: Թումանյանի մայրը և տիկին Օլգան բավական ուշ են հանդիպել։ Մինչև այդ Թումանյանը, որ վատառողջ էր ու մոտ 2-3 ամիս անընդմեջ Դսեղում էր մնում, այնտեղից գրում է Օլգային, որ ամեն նամակի վերջում մերոնք ստիպում են, որ քեզ շատ բարևներ, համբույրներ ուղարկեմ, անհամբեր սպասում են, թե երբ կգաս: Կամ գրում է՝ մայրիկը սարից հատուկ իջել է, ձեզ համար ագդակ է թխում, սեր, մածուն, խալիներ, մի վագոն բեռ է պատրաստել, որ բերեմ, միայն թե, ասում է, որ Օլինկան այնտեղ նեղություն չկրի:

Թումանյանի մայրը՝ տիկին Սոնան, շատ է սիրել Օլգային, որովհետև և՛ գյուղից գնացած բարեկամների թիֆլիսյան ընդունելությունն է շատ լավ կազմակերպել, և՛ երբ գալիս էր գյուղ, որպես քաղաքային միջավայրում ապրած կին՝ արագ ինտեգրվում էր միջավայրում: Մյուս տղաներին ամուսնացնելուց հետո էլ նրա համար տիկին Օլգան առանձնահատուկ տեղ է ունեցել։ Մինչև հիմա էլ Թումանյանի եղբոր թոռները պատմում են, որ իրենց ընտանիքում Օլգան միշտ ոչ թե որպես հորեղբոր կին, այլ մեծ մայր է ընդունվել։

 

Տիկին Օլգան՝ Թումանյանի հավատարիմ Օլինկան

Զույգի նամակագրության մեջ տեսնում ենք ջերմության, սիրո արտահայտման շատ անուշիկ պատկերներ, թեև Թումանյանը չդարձավ սիրո երգիչ, և ոչ էլ տիկին Օլգան՝ սիրո պոեզիայի մուսա:

«Օլինկա ջան,

Եթե իրավ` հոգին է չափում ժամանակը, ապա տարիք են անցել քեզանից հեռանալու օրից: Այս չընդունես իբրև մի ֆրազ, արտաքին կեղծ ծեսերի թելադրություն, այլ իբրև անկեղծ սրտի ձայն և վկայություն: Ես համոզված եմ նույնը և քո կողմից, որը և պետք է մխիթարանք ներշնչե ինձ: Ինչ վնաս հեռավոր տարածությունը, եթե սրտերը մոտ են միմյանց:

15. 09. 1888

Դսեղ-Թիֆլիս»:

Երկուսն էլ հումորի շատ մեծ զգացում են ունեցել: Օրինակ՝ տիկին Օլգայի մտերմուհիներից մեկն անտարբեր չէր Թումանյանի նկատմամբ: Իր նամակներում տիկին Օլգան գրում է՝ «քո սիմպատիան» էսօր էստեղ էր, և Թումանյանի պատասխան նամակում կարդում ենք, որ ինքն այդ «սիմպատիայից» նամակներ է ստացել:

Անշուշտ, նա միակը չէր, Թումանյանն ամենատարբեր կանանց միջավայրում է եղել։ Բայց խանդի բացահայտ դրսևորումներ նամակներում, ամեն դեպքում, չենք տեսնում, ագրեսիվ կամ չհասկացված դրսևորումներ չկան այդ հարաբերություններում։ Բանավոր զրույցներից է հայտնի, որ շատ նուրբ ու զուսպ վերաբերմունք է ունեցել իշխանուհի Մարիամի նկատմամբ։ Թումանյանն ասում էր, որ կնոջ մեջ ամենակարևորը ճաշակն ու ինտելեկտն է, իսկ իր միջավայրում այդ տեսակն այն ժամանակ շատ չէր։ Եվ անհնար էր հատուկ ակնածանք և վերաբերմունք չունենալ իշխանուհու հանդեպ. դա ինտելեկտուալ կնոջ նկատմամբ սիրո ու հարգանքի դրսևորում էր։ Եվ իշխանուհի Մարիամն էլ մշտապես հոգատար վերաբերմունք է ունեցել Թումանյանի ընտանիքի նկատմամբ, մինչև կյանքի վերջ շարունակել է նամակագրությունը Նվարդի հետ։

 

Տիկին Օլգան՝ երեխաների և ամուսնու հոգատար մայրը

Տիկին Օլգայի նամակներում շատ զգալի է դժգոհությունը Թումանյանի բացակայության պատճառով։ Հատկապես՝ ավելի երիտասարդ տարիներին:

«Սիրելի Հովհաննես ջան…

Ես սպասում էի, թե քեզանից պատասխան ստանամ, բայց չեկավ... Կիրակի օրը մենք հրավիրված էինք Կոնոյի զոքանչի բաղում ճաշի: Կոնոն իր նշանածի հետ թևանցուկ ման էին գալիս, հանաքներ անում, քաղցր խոսում: Ա~խ, Հովհաննես ջան, ես ինչպես հիշեցի մեր նշանադրության օրերը և ինչպես էի ցանկանում, որ դուն էլ այստեղ էիր եղել, ես էլ քեզ հետ էի հանաքներ արել: Բայց ես հեռու էի, սիրտս լցվեց, չգիտեի, թե ինչ անեմ: Հետո Կոնոն ասավ, թե մի երգ ասացեք: Ես էլ ասացի, թող քո նշանածը երգի, իր նշանածը մոտն է և ինքն էլ` ուրախ: Թե իմ նշանածս էլ այստեղ լինի, ես էլ կերգեմ:

Այս մի շաբաթը, յարաբ, ոնց անցկացրիր, ուրախ, թե տխուր: Ես գոնե շատ տխուր եմ առանց քեզ…»:

Բայց հետաքրքիր է, որ հատկապես 1905-1906 թվականներից սկսած՝ Թումանյանի ազգային, հասարակական գործունեության ակտիվ շրջանում, տիկին Օլգայի՝ իր անձի նկատմամբ քիչ ուշադրության դժգոհությունների դրսևորումներ այլևս չենք տեսնում։ Եթե նամակներում գրում է խնդիրների մասին, ապա դրանք վերաբերում են երեխաներին։ Ինքը մոռանում է իր կին լինելը և ամբողջապես տեսնում ենք Օլգա Թումանյան մայրիկի կերպարը: Հոգատար մոր նման է սկսվում վերաբերվել նաև Թումանյանին։

 

Տիկին Օլգան՝ որդեկորույս մայրը

Տիկին Օլգայի կերպարը՝ որպես որդեկորույս մայր, շատ արդիական է։ Աներևակայելի է այդքան զորավոր ուժ գտնել մի կնոջ մեջ, որը բավական վաղ կորցնում է որդուն՝ Արտավազդին, դստերը, ամուսնուն, և դրանից 10 տարի անց՝ 1936-37 թվականներին, կորցնում է 3 որդիներին։ 1923 թվականին, երբ մահանում է Թումանյանը, նրա 2 որդիները՝ Արեգն ու Համլիկը մոր կողքին չէին. Համլիկը Բեռլինում էր, Արեգը՝ Մոսկվայում, որտեղից էլ նամակներ են գրում մորը։

«Իմ անուշ Մայրիկ  ջան,

... ի՞նչ  գրեմ.  բայց խո գիտեմ քո տղամարդ սիրտդ...  դու  հերոսաբար տարար Արտիկի կորուստը: Դու պետք է շարունակես քո հերոսությունը մինչև վերջ: Ծանր է եղել քո խաչը, մայրիկ ջան, ես գիտեմ, գիտեմ ամեն ինչ: Բայց  դա է  կյանքը...  ի սեր քույրերիս և հայրիկի սուրբ հիշատակի, մայրիկ  ջան, աղաչում եմ, քիչ արցունք թափես և չկորցնես քո հավասարակշռությունը: Քեզ են նայում բոլորը: Չէ՞ որ դու ես փոխարինում քաղցր հայրիկիս: Եղի՛ր զգաստ...

Տաք համբույրներով`քո Համլիկ»:

 

«Մայրիկ ջան

Քեզ եմ գրում, որովհետև գիտեմ, որ դու էս ծանր օրերին, որպես մեր տան հիմքը, չկորցնելով  քեզ, կանես  էն բոլոր  կարգադրությունները, որոնք կարևոր կգտնես:

Մի րոպե չեմ կասկածում, որ մեր տանը, որպես մեծ բանաստեղծի տուն, որ իր կյանքում  չէր սիրում հուսահատվել և ընկճվել, որ մեծ փիլիսոփա էր միաժամանակ, էդ մարդու տանը նրա արժանավոր ժառանգը կգտնվի:

Իմ  համոզումն էն է, որ դու դիմանալով շատ ծանր օրերի, կդիմանաս և էս էլ ավելի ծանր օրերին ու մեր ընտանիքին չես թողնի ընկճվել: Դու Մեծ Մայրս ես, ինչպես Հայրիկն էր ասում իր վերջին օրերին, և էդ մեծությունն ու մայրությունը էսօր ավելի, քան հարկավոր է…

Հայրիկը մեզ ժառանգություն թողեց-խոհեմություն, լավատեսություն և մեծահոգություն: Հավատում եմ, որ էդ բոլորը իշխում են մեր տան վրա, ինչպես և նրա Մեծ Հոգին:

Մեծ հավատով, անվերջ համբուրում եմ քեզ, Մայրիկ ջան:

Քո`Արեգ»:

Այս խոսքերն անընդհատ հնչում էին տիկին Օլգայի ականջներում, երբ իրեն ամրության, պնդության մղող այդ նույն որդիներն էին անհայտության մեջ, մինչև ավելի ուշ պիտի իմանար, որ նրանցից երկուսը գնդակահարվել են, իսկ երրորդն աքսորավայրում մահացել է:

 

Տիկին Օլգան՝ Հովհաննես Թումանյանի ժառանգության պահապանը

Որդիներին ու ամուսնուն կորցրած՝ տիկին Օլգան կարողանում է իր մեջ ուժ գտնել ու գիտակցելով Թումանյանի ժառանգության կարևորությունը՝ 1940-ականների վերջին այդ ամբողջը տեղափոխում է Երևան ու ստեղծում թանգարան։ Անշուշտ, նրա հետ էին դուստրերը՝ Աշխենը, Նվարդը, Թամարը, Արփիկն ու Սեդան, որոնք թև ու թիկունք եղան մայրիկին: Թանգարանի ստեղծումից հետո տեսնում ենք տիկին Օլգայի շուրջ հավաքված մտավորականներին ու կարելի է պատկերացնել, թե ինչպիսին էր նրա դերն իրենց թիֆլիսյան տանը մինչև Թումանյանի մահը։

Գրքում ունենք թանգարանի ստեղծմանն առնչվող փաստաթղթերի բաժին։ Դժվարությունները, խնդիրները շատ էին, և, փաստորեն, տիկին Օլգան իր անմիջական հսկողության տակ էր վերցրել այդ առաքելությունը. պետական կառույցներին ուղղված նամակները, գրությունները նրա ստորագրությամբ են հաստատված։ Տիկին Օլգայի կենտրոնաձիգ կերպարը շատ ավելի պատկառելի երևում է 1969 թվականին՝ Թումանյանի 100-ամյակին, երբ երկու մասշտաբային միջոցառում է կազմակերպվում թանգարանում։ Մեկը հենց Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին էր, մյուսը՝ գիտական և մասսայական միջոցառումների շրջափուլը, մեկնարկում է աշնանը՝ թանգարանում ու շարունակվում Խորհրդային պետության քաղաքներում, խոշոր կենտրոններում:

Թանգարանը նաև տուն էր Թումանյանի ընտանիքի համար: Տիկին Օլգան, Աշխենն ու Թամարն այստեղ են ապրել մինչև կյանքի վերջ։

 

Լուսինե Ղարիբյան

 

... ...