Մայիսի կինոն

2023 թվականի վաղ աշուն էր։

Թվականը հատուկ եմ նշում, որովհետև առաջին ընթերցողը գլխի չէր ընկել, որ էս սկիզբը մեր ժամանակներին է վերաբերում։

Ուրեմն՝ 2023 թվականի վաղ աշուն էր։ Կես լիտր թզի արաղը խմելուց հետո և երկրորդ կեսլիտրանոցին անցնելուց առաջ, Մեսրոպը դարձավ ընկերոջը.

-Հարո՛ւթ, մի քանի օր առաջ Մայիսին տեսա, Բուլվարի պատին նստած նայում էր Կինոյի շենքին. «Մայի՛ս, կարոտո՞ւմ ես»,- ասացի թե չէ՝ աչքերը թրջվեցին, քթի տակ մրմնջաց,- «էն ուրիշ բան էր»։ Հիմա մի բան եմ մտածել. կինո ենք ցույց տալու մի տեղ, ցույց տվողն էլ Մայիսն ա լինելու։

Հարութը, սպիտակած գլուխը վերուվարելով ու իրեն հատուկ ընդհատ ծիծաղով հավանություն տվեց հազար տարվա ընկերոջ ասածին և նորից լցրեց բաժակները։

 

***

Հիմա հասկանանք, թե Մայիսն ով է և ինչու է արդեն երեսուն տարի ամեն օր, օրը մի քանի անգամ Բուլվարի եզրապատին նստած նայում նախկին Կինոյի շենքին, որտեղ հիմա բանկ է։

Հա, չմոռանամ էն առաջին ընթերցողի համար ասել, որ էս հատվածը սովետական տարիներին է վերաբերում, մոտավորապես՝ 1970-ականների սկզբից, մինչև 1980-ականների վերջը։

...Կինոյի նոր շենքի բացման օրը դահլիճը մենակ երեխաներով էր լցված: Դե, հայտարարել էին, որ բացումից հետո ձրի կինո են ցույց տալու։ Կուսշրջկոմի ներկայացուցչի տափակ բացման խոսքից ու հեռանալուց հետո խոսք ասաց Կինոյի այդ ժամանակվա դիրեկտոր Գրիշա Գրիգորյանը: Ֆիլմին անհամբեր սպասող ու աղմկող երեխեքի զահլեն չտանելու համար, նա կարճ կապեց.

-Ուրեմն, երե՛խաներ, ուշադիր, շաբաթ-կիրակի օրերին աֆիշայի վրա գրված է լինելու «Աշակերտական սեանս», դրա տոմսն արժե 10 կոպեկ։ Մնացած օրերին գրված է լինելու՝ «Ցերեկային սեանս», տոմսը՝ 25 կոպեկ։ Իսկ երեկոյան սեանսները ձեզ չեն վերաբերվում... Պարզ է՞, երե՛խաներ։

-Այոոոոոոոոոոո,- հազիվ հասցրին գոռալ խոխեքը, և սկսվեց նոր Կինոյում առաջին ֆիլմը. «Դավաճանություն» էր վերնագիրը...

Հետագայում Գրիգորյանին կինոյի դիրեկտորի պաշտոնում փոխարինեց Արմենակ Արզումանյանը, իսկ աշխատողները մնացին անփոփոխ՝ հաշվապահ Մարուս տոտան, տոմսավաճառ Վարսիկը, տոմս կտրող Ռոզան, վարորդ ու միաժամանակ շրջիկ կինոցուցադրող Աբասովը և, իհարկե, Մայիսը։

Մայիսը կինոմեխանիկ Ալեքսանի ամենակրտսեր աշակերտն էր։ Երբ դեռ Կինոյի նոր շենքը չէին կառուցել, հին շենքում ցուցադրվող բոլոր ֆիլմերի ժամանակ Մայիսը Ալեքսանի կողքին էր՝ օգնում էր ու սովորում։ Ժամանակին Ալեքսանին աշակերտեցին էլի տղաներ: Օրինակ, Շևիաց Ժորան, որ մի կարճ պահ կինոմեխանիկ աշխատեց։ Ժորան հայտնի է նրանով, որ մի օր հարցրել էր.

-Կարա՞ք ասեք, էն ո՞ր դերասանն ա, որ բոլոր կինոներում խաղում ա։

Եվ երբ հետի մարդիկ մտածել-մտածել ու չէին կարողացել պատասխանել, Ժորան հաղթական ասել էր.

-В Ролях-ը։

Մայիսը Շևիաց Ժորայի օգնականն էր արդեն նոր Կինոյում, իսկ Ժորայի դուրս գալուց հետո ինքը դարձավ միակ և անփոխարինելի կինոմեխանիկը՝ մինչև Սովետի փլվելն ու Կինոյի փակվելը։

Կար էդպիսի մասնագիտություն, որ հիմա չկա: Ամեն մարդ չէր կարող կինոմեխանիկ լինել ու կինո ցույց տալ։ Մեսրոպն ու Հարութը մի քանի անգամ Մայիսի մոտ՝ կինոխցիկների սենյակում էին եղել և տեսել էին էդ գործը. երկու ապարատների վրա ժապավենը անցկացնել, ժամանակին անջատել առաջինն ու միացնել երկրորդը, որ ցուցադրությունում ընդհատում չլինի, մի ապարատից հանած ժապավենը հատուկ սարքով հետ տալ, հետո ըստ համարակալման մետաղե կլոր տուփում տեղավորել, հետո էդ տուփերը արդեն արկղերում դասավորել, էդ ընթացքում աչքի պոչով հետևել, որ հերթական ժապավենի ավարտը հանկարծ բաց չթողնի… Ու էսպես մեկուկես ժամ վազք, իսկ երկսերիանոց ֆիլմի ժամանակ՝ երեք ժամ։

Մայիսը, բացի կինոմեխանիկ լինելուց, նաև աֆիշաներն էր գրում՝ հայերեն և ռուսերեն, որ փակցվում էին Կինոյի մուտքի ձախ և աջ կողմերում.

 

Գեղ. նոր ֆիլմ, Ֆրանսիա                           Худ. нов.фильм, Франция

        Ֆանտոմաս                                                   Фантомас

Սկիզբը՝ ժամը 20:00-ին։                                 Начало 20:00

 

Մի խոսքով, Կինոյի Ռոզան կարող էր արձակուրդ գնալ՝ տոմս կտրող կճարվեր, Կինոյի Վարսիկը՝ տոմսավաճառը, կարող էր արձակուրդ գնալ, նրան փոխարինում էր հաշվապահ Մարուս տոտան, անգամ Կինոյի դիրեկտորը կարող էր արձակուրդ գնալ, բայց Կինոյի Մայիսը ո՞նց գնար արձակուրդ, բա աֆիշաներն ո՞վ կգրեր, ֆիլմն ո՞վ ցույց կտար, ժապավեններն ո՞վ հետ կտար:

Խեղճ Մայիսը մի անգամ Կապանից ուշ էր վերադարձել, Արզումանյանն էլ ինչ-որ մեկին ասել էր աֆիշա գրի։ Գրել էին՝

 

Գեղ. նոր ֆիլմ, «Մոսֆիլմ»                   Худ. нов.фильм, «Мосфильм»

   Ակարդյոնով մարդը                               Человек с акордёновым

Սկիզբը ժամը 20:00-ին։                                   Начало 20:00  

 

Մայիսը եկավ տեսավ՝ գլուխը բռնեց, կատաղեց ու սկսեց հայհոյել անգրագետներին ու աֆիշան արագ փոխեց։

Մայիսը կակազում էր, բայց, ինչպես աշխարհի բոլոր կակազողները, շատախոս էր: Եթե հարցնեիր. «Մայիս, լավ կինո՞ ա էսօրվանը», ոչ թե արագ կպատասխաներ «հա» կամ «չէ», այլ կսկսեր ֆիլմը ծերից-ծեր պատմել։

Սովետում Կինոպրոկատն աշխատում էր ժամացույցի մեխանիզմի նման: Մայիսը շաբաթը մեկ գնում էր Կապան՝ Կինոպրոկատի գրասենյակ, բերում մի շաբաթվա ցուցադրելիք ֆիլմերը, հանձնում նախորդ շաբաթվանը: Ամեն օր մի նոր ֆիլմ էր գնում: Լինում էր, որ նույն ֆիլմը Մայիսը համ ցերեկային սեանսին էր դնում, համ`երեկոյան: Այ, էդ դեպքում երեկոյան սեանսին գնացածները քաշվում էին, որովհետև փոշտի Գուրգենի աղջիկ Ջուլիկը (նրա մուտքը բոլոր սեանսներին անվճար էր), որ ցերեկն արդեն նայած էր լինում, երեկոյան սեանսին սկսում էր կինոն ընթացքում պատմել...

-Ըըըըը,- իբր շշնջում էր Ջուլիկը, -հեսա տղան կգա, կտեսնաք հինչ կանի...

-Ջուլի՛կ,- գոռում էին էս ու էն կողմից,- ձենդ կտրի, -նշանակություն չուներ, Ջուլիկն էլի պատմում էր շարունակությունը...

Ջուլիկի մասին մի ամբողջ պատմվածք կարելի է գրել: Բայց հիմա բավարարվեք միայն նրանով, որ ինքը ամեն օր կինո էր գնում. միակ զբաղմունքն էր, ընդ որում, եթե հնդկական կինո էր ու անշլագ, մեկ է, բոլոր սեանսները նայում էր ու արցունքից կարմրած աչքերով դուրս գալիս:

Իսկ Հարութի ու Մեսրոպի համար հնդկական կինոների օրերը համ սարսափ էին, համ էլ երեկոն խմելով անցկացնելու լրացուցիչ հնարավորություն։

Մայիսը հնդկական ֆիլմը երկու օր երեքական սեանսով ցուցադրում էր, իսկ հետո՝ երրորդ օրը, աֆիշայի վրա գրում էր՝ «վերջին անգամ, մասսայի պահանջով» ու նորից՝ երեք սեանս... Հնդկական ֆիլմի ցուցադրության էդ երեք օրում Կինոն մի ամսվա տոմսի վաճառքի պլանը կատարում էր: 

Կինոցուցադրության մաս էր կադրերի խառնվելը։ Էդ ժամանակ ողջ դահլիճը գոռում էր «Մայիիիիս, ռամկաաաաա», կամ մեղրիերեն՝ «չարչվաաաա»։ Մայիսը վազում էր ապարատի մոտ ու կադրն ուղղում։ Կամ՝ պատահում էր ձայնը կորում էր, ու լսվում էր հերթական աղմուկը՝ «սապոժնիիիիիկ, զվուուուուուուկ»...

 

***

2023 թվականի վաղ աշուն էր։ Թվականը հատուկ եմ նշում, որպեսզի էն առաջին ընթերցողը հասկանա, որ էս շարունակությունը մեր ժամանակներին է վերաբերում։

-Պա շտե՞ղ կազմակերպենք էդ գործը,-հարցրեց Մեսրոպը։

-Եսի՞մ,- պատասխանեց Հարութը,- գուցե Գեղագիտականում։ Մի հատ լավ պրոյեկտոր ա պետք գտնել, մեկ էլ թեթև կոմեդիա, որ մարդ գա, էլի։ Կարանք ինտերնետից քաշենք։ Մնում ա գոնե մի 15-20 հոգի հավաքենք, մեկ էլ Մայիսին սովորեցնենք էս նոր սարքերով ցույց տալը։ Բայց մինչև էդ գուցե կանչենք, ասենք-խոսենք, հաց-մաց ուտենք-մուտենք, մի-մի բաժակ էլ խմենք-մմենք։

Հարութը Մայիսի հետ ավելի մոտիկ էր։ Դե, նույն շենքում էին ապրել երեխա ժամանակ։ Վարսավիրանոցի շենքում, էլի, որը ներքևից հինգհարկանի է, իսկ փողոցի կողմից՝ երեքհարկանի։ Երկումուտքանի էդ շենքի բակում Հարութն ու Մայիսը «պադեզդ-պադեզդ» ֆուտբոլ էին խաղացել, ու ամեն մեկն իր մուտքի թիմի կապիտանն էր եղել։ Մի խոսքով, Հարութը հանձն առավ Մայիսին կանչի զրուցելու։

Մի քանի օր անց երեքով հանդիպեցին նախկին ամառային կինոյի տարածքում։ Բակում կապած Բոնի անունով շունը Մեսրոպին կատաղի հաչոցով դիմավորեց, իսկ Մայիսին տեսնելով՝ աշխուժացավ ու միայն պոչը շարժեց։ Հատուկ էն առաջին ընթերցողի համար ասեմ, որ Բոնիի էս պահվածքը հետագա պատմության հետ ոչ մի կապ չունի։ Պարզապես դետալ էր՝ ներկայացրեցի։

Նախկին ամառային կինոյի կինոխցիկների սենյակում նստեցին, հետները բերած հաց-մացը փռեցին, Հարութն իր քաշած արաղը լցրեց բաժակներն ու սկսվեց...

Երբ մի երկու բաժակ խմեցին, դեսից-դենից զրուցեցին, Մեսրոպն իրենց մտահղացումը մանրամասն պատմեց Մայիսին։ Մայիսը մի պահ լուռ մնաց...

Բայց հետո...

Հետոն անակնկալ էր ընկերների համար. Մայիսը, որ մինչ այդ խոսում էր իր ձևով, այսինքն՝ կակազելով, մի անտեսանելի ուժի կամ գուցե թզի անմահական արաղի ազդեցությամբ, հստակ՝ առանց կակազելու, ասաց.

-Չէ, ձեր արևը կը՛ծեմ։ Չի լինի։ Էն ուրիշ բան էր, է՜...  Էդ չի կարա էէէէէէն կայֆը հետ բերի։ Թեկուզ ձեր ասածի պես մարդիկ գան, դահլիճում նստեն, գոռան «զվուուուկ» կամ «չարչվաաա», մեկ ա՝ դրա կայֆը չեմ զգալու, «պռոստը» էն կյանքս ա մեռնելու, է՜, արևներդ կը՛ծեմ։ Թող էն կյանքը մնա ինձ հետ, նենց, ոնց որ եղել ա...

Բակից լսվեց Բոնի շան հավանության հաչոցը։

Հարութը, հայացքը Մեսրոպի շշմած դեմքին, լուռ լցրեց բաժակները։

 

Մեսրոպ Հարությունյան