«Մաշինա վրեմենի»-ն վերստին գրավում է երևանցիների սրտերը
Ուղիղ 34 տարի առաջ էին տեղի ունեցել խորհրդային և ռուսական թերևս ամենասիրված «Մաշինա վրեմենի» ռոք խմբի վերջին երևանյան հյուրախաղերը, ուստի հանդիսատեսը վաղուց էր սպասում նոր հանդիպմանը։ Այդ ընթացքում խմբի հիմնադիր Անդրեյ Մակարևիչը սոլո կատարումներով երկու անգամ հանդես էր եկել Երևանում․ մասնավորապես, 2009 թ․ բացօթյա համերգով ելույթ ունեցավ Մատենադարանի մերձակայքում՝ ի աջակցություն «Կիլիկիա» առագաստանավի։
«Մաշինա վրեմենի»-ի համերգը պետք է տեղի ունենար անցյալ տարվա աշնանը, սակայն արցախյան ողբերգական իրադարձությունների պատճառով այն հետաձգվեց և, ի վերջո, տեղի ունեցավ 2024-ի ապրիլի 13-ին` խմբի բաս կիթառահար և երգիչ Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրը (հենց «Ծննդյան օր» երգով ու դահլիճի միահամուռ շնորհավորական բացականչություններով էլ սկսվեց համերգը)։ 1990-ին երաժիշտները մի քանի օր շարունակ իրենց համերգային ծրագրով հանդես էին գալիս Երևանի մարզահամերգային համալիրում․ հիմա էլ լիքն էր դահլիճը, հանդիսատեսը՝ խանդավառ։ Համերգի ընթացքում Մակարևիչի, Կուտիկովի, թմբկահար Վալերի Եֆրեմովի և հրավիրյալ երաժիշտների կատարմամբ հնչեցին ինչպես շատերիս կողմից վաղուց սիրված ու ճանաչված հիթերը, այնպես էլ՝ երգեր նոր ալբոմներից։ Կրկնականչին՝ բջջային հեռախոսներով լուսավորված դահլիճը հոտնկայս ունկնդրում է «Քանի դեռ վառվում է մոմը»՝ հույսի անմար զգացումով լեցուն երգը։ Համերգից հետո Մակարևիչը այսպիսի գրառում կատարեց իր անձնական էջում․ «Հրաշալի է Երևանը։ Ոմանք կարծում են, թե միայն արտիստների շնորհիվ են հրաշալի համերգներ տեղի ունենում։ Բայց ո՛չ, դա նաև հանդիսատեսի շնորհիվ է լինում։ Երևանը շատ ջերմ քաղաք է։ Շնորհակալությու՛ն»։
Մակարևիչը պատմում է, որ դեռ 1970-ականների սկզբերին նա երազում էր ելույթ ունենալ Երևանի համամիութենական ռոք փառատոներին, սակայն առաջին հյուրախաղերը Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցան միայն 1980-ականների սկզբին։ «Մաշինա վրեմենի» խմբի կազմում նախկինում մեր հայրենակիցներն էլ են եղել՝ Հովհաննես Մելիք-Փաշաևը, որը խմբի ադմինիստրատորն էր ու Ալիկ Միկոյանը՝ Ստաս Նամինի զարմիկը։ Իսկ խմբի երկարամյա անդամ Ալեքսանդր Կուտիկովի բազմաթիվ սոլո հիթերի տեքստերի հեղինակը Կարեն Կավալերյանն է։
«Մաշինա Վրեմենի»-ն ստեղծվել է 1969 թ․ և չնայած արգելքներին ու խոչընդոտներին՝ լայն ժողովրդականություն է ստացել և հաճախ անվանվել «խորհրդային Բիթլզ»։ Անդրեյ Մակարևիչի տեքստերն առանձնանում են ռուսական ռոքում, դրանք որպես կանոն այլաբանական բնույթ ունեն ու համադրելի են կյանքի տարբեր իրավիճակներին, ուստի՝ միշտ այժմեական են։ Մակարևիչը, ինչպես և ռուսական իշխանությունների բազում այլ ընդդիմախոսներ, ենթարկվում է հետապնդումների և ճանաչվել է «արտասահմանյան գործակալ»։
Ալեքսանդր Կուտիկովը ևս բազմաթիվ սիրված երգերի հեղինակ և կատարող է, հմուտ պրոդյուսեր։ Խորհրդային մուլտֆիլմերի համար նրա գրած երաժշտությունը մեծ հաջողություն է ունեցել (մասնավորապես, «Փոքրիկ կապիկներ» մուլտսերիալի հիմնական թեման)։
50 տարուց ավելի նվագելով միասին՝ Մակարևիչն ու Կուտիկովը (նրանց անվանում են Ռուսաստանի Լենոն և Մաքքարթնի) մնում են լավագույն ընկերներ, քանզի Կուտիկովի բնորոշմամբ՝ հարգանքով են վերաբերում միմյանց և ուրիշների թերություններին։ Նրանք «Շրջադարձ» երգի համահեղինակներն են, որը Ալլա Պուգաչովայի բառերով՝ կարող էր դառնալ ԽՍՀՄ հիմնը։ Երևանյան համերգի վերջում երաժիշտների նվագակցությամբ այն կատարեց հանդիսատեսը։
Անդրեյ Մակարևիչը և Ալեքսանդր Կուտիկովը սիրահոժար համաձայնեցին պատասխանել մեր հարցերին։ Ստորև՝ Անդրեյ Մակարևիչի հետ մեր հարցազրույցն է․
-Անդրեյ Վադիմովիչ, այս ամիս լրացավ «Մաշինա վրեմենի»-ի 55-ամյակը։ Ես ներկա էի Մոսկվայի Լուժնիկի այգում կազմակերպված 45-ամյակի շքեղ համերգին։ Ձեզ ընդունեցին մեծ խանդավառությամբ և ջերմությամբ, ակնհայտ էր, որ բազմահազար երկրպագուների համար ձեր երգերը մեծ նշանակություն ունեն, դրանք դադարել են լինել պարզապես երաժշտություն ու դարձել են նրանց կյանքի, աշխարհընկալման մի մասը։ Անցավ տասը տարի, և այնքան շատ բան է փոխվել։ Չնայած այդ ամենին, Դուք նախկինի պես հավատացա՞ծ եք, որ Բարին պիտի հաղթանակի։
-Թեպետ համոզված չեմ, որ անձամբ ես դա կտեսնեմ, բայց վերջին հաջվով՝ անշուշտ հավատում եմ։
-Դուք սիրում եք ճամփորդել, զբաղվում եք դայվինգով, ստորջրյա նկարահանումներով։ Կպատմե՞ք այն ամենաանսովոր վայրի մասին, որտեղ Ձեզ հաջողվել է լինել։
-Դժվարանում եմ համեմատել այդ վայրերն ըստ անսովորության աստիճանի։ Եղել եմ երկրագնդի ամենահետաքրքիր վայրերի մեծ մասում, ու դրանք բոլորն էլ շատ տարբեր են, ուստի ասել, թե ինձ ինչ-որ մի տեղ ամենից շատ է դուր եկել, կնշանակի «նեղացնել», անարդար լինել մյուս վայրերի նկատմամբ։
-Երրորդ զավակի ծնունդը Ձեզ ստիպե՞ց վերանայել կենսական ինչ-որ կողմնորոշիչներ կամ սկզբունքներ։
-Իրականում Էյթանն իմ չորրորդ զավակն է։ Բայց ո՛չ, չի ստիպել վերանայել որևէ սկզբունք։
-Մի քանի տարի առաջ ես Ձեզ հարց ուղղեցի, թե արդյո՞ք Ձեր երգերի տեքստերը դիտարկում եք որպես բանաստեղծություններ, և Դուք պատասխանեցիք, որ ո՛չ։ Իսկ հիմա, երբ դրանք թարգմանվում և տպագրվում են տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն, Ձեր կարծիքը չե՞ք փոխել։
-Ո՛չ, չեմ փոխել։ Բայց դա չի նշանակում, թե երգերի տեքստերը երկրորդ կարգի բանաստեղծություններ են։ Դրանք ուղղակի մի փոքր այլ կանոններով են ստեղծված։ Երգի տեքստի հարյուրտոկոսանոց ընկալման համար անհրաժեշտ է, որ այն հնչի երաժշտության ուղեկցությամբ։ Իսկ ա՛յ բանաստեղծության մեջ երաժշտությունն արդեն առկա է, ու բանաստեղծությունը պետք չէ ինչ-որ մեղեդիով երգել․ դա է ամբողջ տարբերությունը։
-Դուք շարունակու՞մ եք հանդես գալ սայդ (կողմնակի) նախագծերով։ Հայաստանցի հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի՞ արդյոք լինել նման համերգների։
-Հայաստանցի հանդիսատեսը կունենա այդպիսի հնարավորություն, եթե նպատակահարմար գտնի կրկին հրավիրել ինձ։ Ես շատ նախագծեր ունեմ՝ դրանցից մեկում հանդես եմ գալիս կիթառով, մյուսում՝ ես եմ կիթառով և տավղահարը, ունեմ նաև ջազային Yo5 նախագիծը, և իհարկե՝ «Մաշինա վրեմենին», որն էլ ելույթ ունեցավ Հայաստանում։
Մեր հաջորդ զրուցակիցը Ալեքսանդր Կուտիկովն է։
-Ալեքսանդր Վիկտորովիչ, իսկ Դուք ե՞րբ առաջին անգամ հայտնվեցիք Հայաստանում։ Այդ այցելությունից ինչ-որ բան հիշո՞ւմ եք։
-Դա 1980-ականների սկիզբն էր։ Երևանից ստացած առաջին տպավորությունն այսպիսին էր․ սա մի քաղաք է, որը սուրճի բուրմունք ունի։ Դա ցնցող էր՝ ամենուր սուրճ էին եփում, ու քաղաքը լի էր սուրճի բույրով։ Եվ, իհարկե, քանի որ ես անտարբեր չեմ խմիչքի հանդեպ, իսկ այն ժամանակ խմում էի բացառապես հայկական կոնյակ, ուստի մենք միանգամից գնացինք լավ կոնյակ փնտրելու։ Երբ եկանք «Արարատ»-ի մասնագիտացված խանութը, այնտեղ միմիայն «երեք աստղանիներ» կային։ Ու հենց այդտեղ էլ հանկարծ հայտնվեցին մեր երկրպագուները, որոնք ինձ ընծայաբերեցին մեծ քանակի «Ախթամար» կոնյակներ։ Այդ «Ախթամարն» էլ մենք մեր ամբողջ երաժշտական հորդայով խմեցինք՝ ստանալով մեծագույն հաճույք։
-Հայտնի է, որ երաժշտությամբ զբաղվել Ձեզ դրդել է մասնավորապես «Առաջին սիրո երգը» ֆիլմը՝ Առնո Բաբաջանյանի երգերով։ Իսկ ինչի՞ հետ եք նույնականացնում այսօրվա Հայաստանը։
-Հայաստանն ընկալում եմ որպես ազատ երկիր, որը գնում է դեպի եվրոպականացում, ինչն այսօրվա դրությամբ շատ լավ է։
-Դուք շատ սկզբունքային, ներամբողջական մարդու տպավորություն եք թողնում։ Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս ապրել՝ «մերժելով սուտը» (արտահայտությունը Կուտիկովի «Հայրենիք իմ» երգից է)։
-Երբեք չեմ մտածել այդ մասին։ Ինչպես ինձ դաստիարակել են իմ պապիկն ու տատիկը (իմ դաստիարակությամբ հիմնականում նրանք են զբաղվել), այնպես էլ ապրում եմ․․․
-2016-ին թողարկվեց Ձեր մենակատարային հիասքանչ ալբոմը՝ «Бесконечномгновенно» («Հավերժավայրկենապես»)։ Չե՞ք նախատեսում հաջորդը ձայնագրել։
-Կուզեի ևս մեկ ալբոմ ձայնագրել, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի, ու ընդհանրապես՝ Ռուսաստանի և ամբողջ մնացյալ աշխարհի միջև տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո առայժմ ինչ-որ բան գրելու կամ ձայնագրելու տրամադրություն չունեմ։
Աշոտ Գրիգորյան
Լուսանկարները՝ Եվգենյա Սվիրիդովայի և Անդրեյ Սենկոյի