Մարիկա Չիրկինա-Գևորգյան. «Արվեստի առաջացման հիմքը կոնֆլիկտն է»

Ուսանողներ, սցենարիստներ, կինոյի և թատերական ոլորտի փորձառու ներկայացուցիչներ հավաքվել էին Հայաստանի կինոմիության փոքր կինոսրահում: Առիթը կինոքննադատ Մարիկա Չիրկինա-Գևորգյանի դասախոսությունն էր`«Կոնֆլիկտը եվ կոնֆլիկտի տեսակները ֆիլմի դրամատուրգիայում» թեմայով: Մարիկան ծնունդով երևանցի է, տևական ժամանակ է, որ դասախոսում է ՎԳԻԿ-ում: Նա նաև դրամատուրգ է և սցենարական վարպետության ու դրամատուրգիայի տեսության մասնագետ, Ռուսաստանի և Հայաստանի կինոդրամատուրգների, սցենարիստների գիլդիայի անդամ է: Թեպետ Գևորգյանի ընտրած թեման բարդ ու ծանր է թվում, բայց դասախոսության հենց սկզբից լսարանում իշխում է բարեհամբույր ու ստեղծարար մթնոլորտը:

 

Նախնադարյան մարդը, երկխոսությունը բնության ուժերի հետ և կոնֆլիկտի ծնունդը

Կինոյի՝ ամենանոր համարվող արվեստի մասին քննարկումները Գևորգյանն առաջարկեց սկսել արվեստի ծագման մասին քննարկմամբ: Լսարանում զրույց ծավալվեց արվեստի ծագման խնդրի շուրջ: Բանախոսն առաջարկում էր մտորել այն հարցի մասին, թե ինչու էր նախնադարյան մարդը ժայռապատկերներ ստեղծում: Միթե­­՞ այդ կերպ երկխոսության չէր ձգտում բնության ուժերի հետ: Վախն ի՞նչ դեր էր խաղում այս գործում: Հստակ է մի բան՝ այդ երկխոսությունն ինքնին ենթադրում է նաև կոնֆլիկտ: Ըստ բանախոսի՝ արվեստի առաջացման հիմքը կոնֆլիկտն է:

 

Կոնֆիլկտը, միմեսիսը և մարդու երկխոսությունն ինքն իր հետ

Արվեստային ցանկացած քննարկում որևէ մի պահի հանգում է անտիկ շրջանում ծնված գաղափարները վերհիշելուն: Չիրկինա-Գևորգյանը խոսեց միմեսիս գեղագիտական ուսմունքի մասին, ըստ որի գեղարվեստական ստեղծագործությունը և մարդկային իմացությունը համարվում է իրականության նմանեցում և վերարտադրում: Արիստոտելն առավել զարգացրել է միմեսիսի ուսմունքը և ձևակերպել այսպես, թե արվեստը իրականության, հատկապես մարդկային գործողությունների վերարտադրությունն է: Բանախոսն առաջարկեց նորից հիշել ամենանոր արվեստը՝ կինոն, որը կարելի է համարել կյանքի պատրանք: Եվ ապա նորից անդրադարձ կատարեց նախնադարյան մարդուն, որը տարբեր ժայռապատկերներով հենց կյանքի շարժումն էր ուզում վերաստեղծել: Չիրկինա-Գևորգյանը համոզված է, որ լուսանկարչության և հետո նաև կինոյի շնորհիվ արվեստագետն ազատվեց իր շուրջը տեղի ունեցողը պատկերելու պարտավորությունից: Այսպիսով, եթե նախկինում ծեսերը, թատերական արվեստը կյանքի կրկնօրինակման ձգտում ունեին, հիմա այլևս արվեստը միմետիկ չէ, այլ՝ ֆիգուրատիվ:

Կրկին անդրադարձ կատարելով այն մտքին, որ արվեստը երկխոսություն է բնության ուժերի, աստվածների կամ Արարչի հետ, հիշեց նկարիչների, ինչպես օրինակ միջնադարյան նկարիչ Բոսխին, որն իր նկարները չէր ստորագրում՝ համարելով, որ տաղանդը տրվել է իրեն Աստծու կողմից: Սակայն մեր ժամանակներում ու իրականությունում արվեստն արդեն վերածվել է արվեստագետի զրույցի ընթերցողի ու ինքն իր հետ:

 

Առանց կոնֆլիկտի գոյություն չունեցող դրամատուրգիան

Մարիկա Չիրկինա-Գևորգյանը դասախոսությունը շարունակեց հարցով՝ թե ինչու է կոնֆլիկտը միայն բացասական ազդակներ առաջացնում: Բանախոսը նաև առաջարկեց կոնֆլիկտը սկանդալի հետ չշփոթել: Կոնֆլիկտների ենք հանդիպում ամեն տեղ և ամեն օր: Նա կատակեց, թե այս հանդիպումն էլ կոնֆլիկտով սկսվեց. չէ՞ որ ցուցադրման սարքը խնդիրներ ուներ, և անհնար կլիներ կինոդիտում կազմակերպել առանց խնդիրը լուծելու:

Ըստ բանախոսի՝ բնությունն ինքն էլ չդադարող կոնֆլիկտի մեջ է, արևածագն ու մայրամուտն արևի ու լուսնի «կոնֆլիկտի» արդյունքն են: Մարիկա Գևորգյանը հիշեց իր ուսանողներից մեկի պատմությունը, որն արել է հաջող լուսանկար, միայն ափսոսել է, որ նետված տոպրակը խանգարել է կադրի գեղեցկությանը: Բայց Գևորգյանը փորձել է այլ ուղղությամբ տանել հարցադրումը, չէ՞ որ նետված տոպրակն ինչ-որ առումով արժեք է տալիս լուսանկարին, պատմում մարդու ու բնության կոնֆլիկտի մասին:

Չկա դրամատուրգիա առանց կոնֆլիկտի, որևէ սյուժե չի կառուցվում առանց կոնֆլիկտի: Բանախոսը, փորձելով բերել ամենապարզ օրինակը, լսարանին առաջարկեց պատկերացնել հետևյալ իրավիճակը. «Բաղնիքդ անուշ կամ ճակատագրի հեգնանքը» ֆիլմում գլխավոր հերոսն արագ հասկանում է, որ սխալ ինքնաթիռ է նստել ու միանգամից վերադառնում է տուն: Պարզ է, որ չէր լինի կոնֆլիկտ և չէր կառուցվի սյուժեն: Թեման առավել հստակ ընկալելու համար հիշեց ամերիկացի կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Փաթերսոն» ֆիլմը, որ պատմում է ավտոբուսի վարորդ Փաթերսոնի մասին: Փաթերսոնը ոչ միայն վարորդ է, այլև՝ միջավայրը պարզ ու նուրբ ընկալող բանաստեղծ: Նա ապրում է չափազանց հանգիստ ու առանց կոնֆլիկտի, ինչ-որ տեղ միապաղաղ կյանքով եռանդուն, ստեղծագործ կնոջ ու շան հետ: Բայց ահա երբ կորցնում է իր բանաստեղծությունների տետրը, սկսվում է կոնֆլիկտը: Հիշեց նաև «12 զայրացած տղամարդիկ» ֆիլմը, որում արդարություն գտնելու ու կոնֆլիկտը հաղթահարելու ճանապարհին ինչքան կարևոր է լսել մեկ մարդու ճշմարտությունը:

 

Կոնֆլիկտների տեսակները խորհրդային դասական ֆիլմերից մինչև հոլիվուդյան ֆիլմեր

Դրամատուրգիական կոնֆլիկտները միաշերտ չեն: Մարիկա Չիրկինա-Գևորգյանն առանձնացրեց հետևյալ տեսակները՝ ներքին և արտաքին, թաքնված և բացահայտ, լիրիկական և էպիկական և դրանց մասին խոսելիս հիշեց տարբեր ֆիլմեր՝ խորհրդային կինոյից մինչև հոլիվուդյան դասական ու նոր կինոգործեր: Լսարանից հարց հնչեց թաքնված կոնֆլիկտների մասին, և Գևորգյանը վստահեցրեց, թե դրանք միշտ բացահայտվում են գոնե կինոդիտողի համար:

Ըստ բանախոսի, լիրիկական կոնֆլիկտ հաճախ չի հանդիպում, դրա օրինակներ կարելի է համարել Տարկովսկու և Փարաջանովի կինոերկերը, որոնցում արտահայտված է նրանց պոետական աշխարհընկալումը: Որպես վառ օրինակ բանախոսը ցուցադրեց հատված «Փարիզ, ես քեզ սիրում եմ» կինոերկից:

Էպիկական կոնֆլիկտի պարագայում գլխավոր հերոսը հայտնվում է խոշոր և գլոբալ աղետի առջև՝ համաճարակ, պատերազմ և որևէ կերպ արձագանքում է դրան: Մարիկա Չիրկինա-Գևորգյանն իր ուսանողներին էպիկական կոնֆլիկտը բացատրելիս առաջարկում է շատ հեռու գնալ: Մարդկությանը պատուհասած մեծ աղետը՝ համավարակը, էպիկական կոնֆլիկտի օրինակ է, բայց յուրաքանչյուր անհատ դրան արձագանքում է իր բնույթին համապատասխան: Հետաքրքվեցին կոնֆլիկտների մոտիվների մասին. բանախոսի ձևակերպումը կարճ էր՝ մոտիվները ծնում են կոնֆլիկտներ, կոնֆլիկտն էլ գործելու նոր մոտիվներ է տալիս: Բայց այս թեմաները շատ երկար ու մանրամասն քննարկում են պահանջում, այդ նպատակով Մարիկա Գևորգյանն ամռան սկզբում ևս մեկ դասախոսություն է նախատեսում:

Հանդիպումը նա ավարտում է իրանցի հանրահայտ  ռեժիսոր Ասղար Ֆահրադիի «Վաճառականը» ֆիլմի ցուցադրմամբ, որի հերոսները երիտասարդ ամուսիններ են, որոնք աշխատում են թատրոնում և բեմադրում Արթուր Միլլերի «Վաճառականի մահը» ստեղծագործությունը: Նրանց կյանքն ընթանում է բնականոն հունով, մինչև այն պահը, երբ մի ցնցող ու տարօրինակ իրադարձություն ամբողջությամբ շրջում է իրականությունը:

 

Լիլիթ Երանյան