«Մարդուկ-Ջարդուկն» ու «Ագռավի թագուհին» ...

Ինչպես հայեցի դարձնել արվեստի հայտնի ստեղծագործությունների վերնագրերը

Հայ արվեստաբանները և մշակութային լրագրողները պարբերաբար բախվում են համաշխարհային արվեստի որոշ հայտնի ստեղծագործությունների անվանումները հայերեն ճիշտ թարգմանելու խնդրին։ Որոշ վերնագրերի առավել կամ պակաս հաջող թարգմանությունների գործածությունն արմատավորված է, սակայն որոշ անվանումներ շարունակում են գործածվել ոչ ճշգրիտ թարգմանություններով։

Համաշխարհային գրական, օպերային, բալետի, երաժշտական, թատերական մի շարք երկերի անվանումներ հայերեն թարգմանվում են ռուսերենից՝ երբեմն կրկնելով այդ լեզվում ընդունված ձևերը, նաև՝ թույլ տրված սխալները։ Օրինակ, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հանրահայտ «Փոքրիկ իշխանը» ավելի ճիշտ կլիներ թարգմանել «Փոքրիկ արքայազնը» (ռուսերեն принц-ն արքայազնն է, իսկ իշխանի համարժեքը князь-ն է), սակայն մեզանում այնքան արմատացած է «Փոքրիկ իշխանը», որ այլևս իմաստ չունի փոխել։ Իսկ Ջանի Ռոդարիի հերոսի՝ Cipollino-ի անունը, որ իտալերեն նշանակում է սոխուկ, ռուսերեն չի թարգմանվել՝ ի տարբերություն նույն հեքիաթի մյուս հերոսների (Բողկիկ, Մորի և այլն)։ Եթե հաշվի չառնվեր ռուսական փորձը՝ հեքիաթը պետք է թարգմանվեր «Սոխուկի արկածները», սակայն կրկին արդեն իմաստ չունի հրաժարվել «Չիպոլինո» ընդունված  ձևից։ Եվ կամ, նույն կերպ ճիշտ կլիներ ռուսական մուլտֆիլմի հերոս Չեբուրաշկայի անունը թարգմանել Թրմփիկ. շատերը չգիտեն էլ, որ այդ անունը ծագում է ռուսերեն чебурахнуть՝ թրմփալ բայից։ Այստեղ, սակայն, ընտրության հարց է։ Մուլտֆիլմի թողարկումից հետո վերնագիրը թարգմանվել է եվրոպական մի քանի լեզուներով, անգլերեն՝ Topple, գերմաներեն՝ Kullerchen կամ Plumps, շվեդերեն՝ Drutten, ֆիններեն ՝Muksis, սակայն հետագայում եվրոպական լեզուներով և ճապոներեն կրկնօրինակման մեջ սկսել են գործածել Չեբուրաշկա ձևը: Մեր իմացությամբ՝ միայն շվեդներն են շարունակում գործածել Drutten՝ բառացի՝ ընկած, ձևը... Իսկ չգիտես ինչու խորհրդային մեկ այլ գրական-մուլտֆիլմային կերպարի՝ Նիկոլայ Նոսովի ստեղծած Անգետիկի և նրա ընկերների անունները թարգմանվում են և ոչ միայն հայերեն, բայց նրա ստեղծած հերոսներից Վինտիկի ու Շպունտիկի անուններն իրավամբ չեն թարգմանվել Պտուտակիկն ու Ագույցիկը...

Ի դեպ, հայտնի է, որ անցյալում գրական և արվեստի գործերի վերնագրերի սխալ ընկալումները հանգեցրել են կուրյոզային թարգմանությունների։ Այսպես, Եղիշե Չարենցն իր մի հոդվածում վկայել է, որ Մայակովսկու «Облако в штанах» պոեմը ժամանակին հայերեն թարգմանվել է «Ամպը փոխանիս մեջ» ձևով, հենց՝ «փոխանիս»։ Նարինե Աբգարյանն իր «Մանյունյա» վեպում հիշել է, որ ռուսական «Мойдодыр»՝ «Չոփչոփիկը», մուլտֆիլմի վերնագիրն իր մանկության տարիներին Բերդի կինոթատրոնում թարգմանվել էր «Լվա մինչև ծակ» ձևով։ Ռուսական մեկ այլ ֆիլմի՝ «Կոնստանտին Զասլոնովի» վերնագիրը Խորհրդային Հայաստանի կինոթատրոններից մեկի ազդագրում հայտնվել է «Կոնստանտինը փղերի հետևում» ձևով և այլն...

Ներկայացնում ենք գրականության և արվեստի յոթ ստեղծագործությունների անվանումներ, որոնց առավել հաջող թարգմանություններն ենք առաջարկում այսուհետ շրջանառել...

 

«Щелкунчик»՝ «Մարդուկ-Ջարդուկը»

Անցյալում Չայկովսկու այս հանրահայտ բալետի անունը հայերենում կրկնել է ռուսերեն ձևը և կամ եղել են անհաջող թարգմանություններ։ Օրինակ, դեռ 1947-ի իրանահայ «Վերածնունդ» թերթում (օգոստոս, թիվ 88) բալետի անունը թարգմանվել է «Դյուրադարձիկները», ինչը չի համապատասխանում իմաստին։ Խորհրդահայ մամուլում էլ մեզ մի անգամ հանդիպել է նույնպես անհաջող «Ճրթանը» ձևը (տես «Սովետական արվեստ», 1984, թ. 7, էջ 45)։ Մեր աշխատություններից մեկում օգտագործել էինք «Շրխկանը» տարբերակը (տես մեր «Հայերը համաշխարհային կինոյում», Երևան, 2004, էջ 216, 218)։

Եվրոպական լեզուներով այս գործի անունը միշտ թարգմանվել է «Ընկույզկոտրիչը» (անգլերեն nutcracker, ֆրանսերեն casse-noisettes, իսպաներեն el cascanueces, իտալերեն lo schiaccianoci և գերմաներեն Nussknacker)։ Սակայն հայերենի համար կա այդ խաղալիքի մի շատ հարմար անվանում։ Դեռ 1988-ին Երևանում Հոֆմանի այդ հեքիաթի հրատարակությունը վերնագրված էր «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» (թարգմանիչ՝ Է. Մակարյան)։ Ուստի մոռանանք ռուսերեն և այլ լեզուներով անվանումները և Չայկովսկու բալետն այսուհետ կոչենք միանգամայն տեղին «Մարդուկ-Ջարդուկը» ձևով...

 

«Пиковая дама»՝ «Ագռավի թագուհին»

Պուշկինի վիպակի և համանուն օպերայի վերնագիրը ևս մեզանում երկար ժամանակ չէր թարգմանվում՝ ի տարբերություն եվրոպական լեզուներ, անգլերեն՝ «The Queen of Spades», իտալերեն՝ «La dama di picche» և այլն։ Այստեղ մի փոքր խնդիր կա։ Թղթախաղի «ղառի դամա» խաղաքարտը երբեմն անվանվում է «ագռավի աղջիկ», թեև այստեղ անհամապատասխանություն է ստացվում, քանի որ Պուշկինի վիպակում այն խորհրդանշում է տարեց մի տիկնոջ։ Ամենահաջող թարգմանությունն այս դեպքում, կարծում ենք, «Ագռավի թագուհին» է, անգամ եթե խոսքը ոչ թե թագուհու, այլ կոմսուհու մասին է...

 

«Le Spectre de la rose»՝ «Վարդի ոգին»

Միխայիլ Ֆոկինի այս բալետը, գրված Թեոֆիլ Գոթյեի համանուն բանաստեղծության հիման վրա, մեզանում թարգմանվել է «Վարդի տեսիլքը» կամ «Վարդի ուրվականը»։

Բանաստեղծության Մկրտիչ Մկրտչյանի հայերեն թարգմանությունը, 2011-ի ապրիլի 21-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպված Հեկտոր Բեռլիոզի վոկալ երաժշտության երեկոյի ծրագրում կրում էր «Վարդի ոգին» վերնագիրը։ Կարծում ենք, այս թարգմանությունը բավական հաջող է և ճշգրիտ...

 

«Жар-птица»՝ «Հազարան բլբուլ»

Իգոր Ստրավինսկիի բալետը հիմնված է սլավոնական ժողովուրդների համանուն հեքիաթի վրա։ Մեզանում այն թարգմանվել է «Հրեղեն հավքը», սակայն, կարծում ենք, ժողովրդական հեքիաթի համար շատ ավելի համահունչ է «Հազարան բլբուլ» անվանումը...

 

«Конёк-горбунок»՝ «Կուզիկ-Քուռկիկը»

Պյոտր Երշովի այս հեքիաթը, որի հիման վրա ստեղծվել է նաև մուլտֆիլմ և բալետ, հայերեն երբեմն թարգմանվել է «Սապատավոր ձիուկը»։ Այս պարագայում ևս,  առաջարկում ենք գործածել ժողովրդական խոսքին բնորոշ «Կուզիկ-Քուռկիկը» ձևը...

 

«Танец с саблями»՝ «Սրերով պարը»

Եթե նախորդ անվանումների թարգմանություններում գործ ունեինք առավել կամ պակաս ընդունելի տարբերակների հետ, ապա մեր մեծ հայրենակցի՝ Արամ Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործության հայերեն սխալ անվանումը միանգամայն անընդունելի է։ «Սուսերով պար» ձևը մեզանում, ցավոք, արմատացել է, մինչդեռ այս թարգմանությունը կրկնակի սխալ է։ Նախ, сабля-ի հայերեն համարժեքը սուրն է, մինչդեռ եթե լիներ սուսեր, ապա կլիներ шпага, հայ աշխարհում կիրառվել են սրեր, ոչ սուսերներ: Երկրորդ, գոնե թարգմանվեր «Սուսերներով պարը», քանի որ сабля բառը հոգնակի է՝ ոչ թե «с саблей», այլ «с саблями»։ Մինչդեռ «Սուսերով պարը» հասկացվում է պար՝ մեկ հատիկ սուսերով...

 

«Pippi Långstrump»՝ «Երկարագուլպա Պիպին»

Ռուսները, թարգմանելով Աստրիդ Լինդգրենի հանրահայտ հեքիաթը, հերոսուհի Պիպիի անունը տառադարձել են Պեպպի, քանի որ пипи ռուսերեն մանկական լեզվով նշանակում է չիշիկ։ Նույն կերպ է հնչել Լինգրենի հերոսուհու անունը նաև հայերեն։ Երբ 2013-ին առաջին անգամ Լինդգրենի ստեղծագործությունը հրատարակվեց հայերեն՝ շվեդերեն բնագրից կատարված թարգմանությամբ՝ թարգմանիչ՝ Աշխեն Բախչինյան, այն արդեն հանդես էր բերված «Երկարագուլպա Պիպին» ձևով։ Շատերը դժգոհեցին, թե ինչու չի թարգմանվել Պեպպի՝ առանց իմանալու, որ այդ ձևը սոսկ ռուսների հեղինակային տառադարձումն է։ Ահա՛ ևս մեկ պատճառ՝ միջնորդ լեզվից թարգմանություններից խուսափելու...

Ի դեպ, Աշխեն Բախչինյանը, թարգմանելով Լինդգրենի մեկ այլ ստեղծագործություն՝ տանիքում ապրող Կառլսոնի մասին վիպակները, Կառլսոնի ընկերոջ անունը թարգմանեց Ապերիկ, ինչպես որ բնագրում էր, և ոչ թե՝ Մանչուկ, ինչպես որ կատարվել էր ռուսերենից  թարգմանության մեջ, քանի որ ռուսները, ունենալով հանդերձ Братик բառը, չգիտես ինչու հարկ էին համարել շվեդերեն Lillebror՝ փոքր եղբոր փոխարեն թարգմանել Малыш, ինչ ձևով և այն տարածվել էր ռուսերեն ընթերցողների շրջանում...

 

հեղինակ՝ Արծվի Բախչինյան