«Մարդիկ պատերազմում»․ ներածություն

Երբ 1942 թվականին լույս տեսավ Էռնեստ Հեմինգուեյի «Մարդիկ պատերազմում» անթոլոգիան, հեղինակը հատուկ այդ առիթով ներածություն գրեց ժողովածուի համար, որն այսօր պատերազմական թեմաներով գրված լավագույն տեքստերից մեկն է համարվում: «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Հեմինգուեյի հայտնի ներածության թարգմանությունը, որը խմբագրվել է 1955 թվականի հրատարակության համար։

 

***

Այս գիրքը ձեզ չի սովորեցնի, թե ինչպես մեռնել։ Պատերազմով ոգևորող առաջնորդները միշտ էլ կարող են դուրս գրել բրոշյուրներ՝ վերջում պատմելով թե որն է այդ փոքր, բայց անհրաժեշտ գործն անելու լավագույն ճանապարհը: Հնարավոր է, որ վարչապետը դա արդեն հրապարակած լինի կիրակնօրյա հատուկ նկարազարդ համարում։ Նրանք կարող են դա նույնիսկ կցել որևէ այլ համարի, ինչպիսին ես կարդացել եմ 1941 թվականի նոյեմբերին, որը վերնագրված էր «Ինչպես կարող ենք ջախջախել Ճապոնիային վաթսուն օրում»։

Ո՛չ: Այս գիրքը ձեզ չի սովորեցնի, թե ինչպես մեռնել: Բայց այս գիրքը ձեզ կպատմի, թե ինչպես են մեր իմացած բոլոր մարդիկ անհիշելի ժամանակներից սկսած կռվել ու մահացել: Երբ կարդաք այն, կհասկանաք, որ չկա ավելի վատ բան, քան այն, ինչի միջով անցել են այդ մարդիկ։

Երբ կարդաք Սուրբ Լուի IX-ի խաչակրաց արշավանքի պատմությունը, կտեսնեք, որ ոչ մի արշավախումբ չէր կարող երբևէ այնպիսի վատթարագույն բաների միջով անցնել, որով անցան այդ մարդիկ: Մեզ մնում է միայն կռվել այնպես, ինչպես այն մարդիկ, որոնք մնացին և կռվեցին Շիլոյում (բիբլիական քաղաք)։ Պարտադիր չէ, որ մենք ավելի լավ կռվենք։ Ավելի լավ, թերևս չի կարող լինել: Եվ ոչ մի բան, որը երբևէ կարող է պատահել ձեզ հետ, չի կարող լինել ավելի վատը, քան 1916 և 1917 թվականների Արևմտյան ճակատի գնդակոծումը։ Վատագույն գեներալները, որոնք հնարավոր կլիներ աճեցնել հազար տարվա ընթացքում իրականացվող ուղեղների հակադարձ ընտրության գործընթացով, երբեք չեն կարող ավելի սարսափելի խառնաշփոթ ստեղծել, քան Պաշենդեյլն ու Գալիպոլին: Սակայն մենք հաղթեցինք այդ պատերազմում և պետք է հաղթենք այս մեկն էլ։

Այս անթոլոգիայի խմբագիրը, որը մասնակցել է այդ պատերազմին և վիրավորվել ու պայքարել է պատերազմին ընդհանրապես վերջ տալու համար, ատում է պատերազմը և բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնց ապաշնորհ կառավարումը, դյուրահավատությունը, կամակորությունը, եսասիրությունն ու փառասիրությունը հանգեցրին այս պատերազմին և անխուսափելի դարձրին այն: Բայց երբ մենք պատերազմում ենք, մեզ միայն մեկ բան է մնում՝ հաղթե՛լ։ Որովհետև պարտությունը բերում է վատագույն բաներ, քան ցանկացած այլ բան, որ երբևէ կարող է պատահել պատերազմի ժամանակ:

Այս պատերազմը սանձազերծվեց, քանի որ ժողովրդավարական պետությունները քայլ առ քայլ դավաճանում էին այն սակավ երկրներին, որոնք կռվում էին կամ պատրաստ էին կռվել այն կանխելու համար. չնայած դրան հիմա միայն մեկ բան կա անելու՝ հաղթել։ Մենք պետք է հաղթենք ամեն գնով և որքան հնարավոր է շուտ։ Մենք պետք է հաղթենք՝ երբեք չմոռանալով, թե հանուն ինչի ենք պայքարում, որպեսզի ֆաշիզմի դեմ պայքարելիս հանկարծ չսայթաքենք՝ հակվելով ֆաշիզմի գաղափարներին ու իդեալներին։

Մենք կարող ենք տոտալ պատերազմ մղել առանց տոտալիտար դառնալու, եթե չկանգնենք մեր սխալների վրա՝ փորձելով ծածկել մեր ռազմական, քաղաքական և ռազմածովային սխալները։ Պետք է սովորել հաղթողներից, այլ ոչ թե պատճենել պարտվողների մեթոդները, որովհետև նրանք այսքան ժամանակ զբաղված են եղել պարտվելով:

Երբ պատանեկան հասակում ես գնում պատերազմ, անմահության վերաբերյալ մեծ պատրանքներ ունես: Մյուսները սպանվում են, ո՛չ դու. դա կարող է պատահել այլ մարդկանց հետ, բայց ոչ քեզ հետ: Հետո, երբ առաջին անգամ ծանր վիրավորվում ես, կորցնում ես այդ պատրանքը և գիտես, որ դա կարող է պատահել հենց քեզ հետ: Տասնիննամյակիս տարեդարձից երկու շաբաթ առաջ ծանր վիրավորվելուց հետո ես բարդ վիճակում հայտնվեցի, մինչև հասկացա, որ ինձ ոչինչ չի կարող պատահել, ինչը չի պատահել ինձնից առաջ բոլորի հետ: Այն, ինչ ես պետք է անեի, մարդիկ միշտ էլ արել են: Եթե նրանք արել էին դա, ապա ես նույնպես կարող էի անել, ուստի անհանգստանալու կարիք չկար։ Ես շատ տգետ էի տասնինը տարեկանում և քիչ կարդացած։ Հիշում եմ իմ անսպասելի երջանկությունն ու մշտական պաշտպանող թալիսման ունենալու զգացողությունը, երբ մի երիտասարդ բրիտանացի սպա, որին հիվանդանոցում էի հանդիպել, առաջին անգամ գրեց ինձ համար այս տողերը՝

Իմ հավատով ես անհոգ եմ․ մարդը կարող է մեռնել լոկ մեկ անգամ. մենք Աստծուն ենք մահ պարտական։

Շեքսպիր, Հենրի IV, Մաս I

Վերջին՝ 4 տարի տևած պատերազմի ընթացքում, պատերազմի մասին իրական ու լավ գիրք չկար։ Միակ ճշմարիտ գրությունը, որ ծնվեց պատերազմի ժամանակ, պոեզիան էր: Դրա պատճառներից մեկն այն է, որ պոետներին այնքան արագ չեն ձերբակալում, որքան արձակագիրներին, եթե նրանք քննադատաբար գրեն, քանի որ եթե նրանք լավ գրող են, ապա իրենց տողերի իմաստը բարդ է միանգամից կռահել։

Բայց պատերազմից հետո վերջապես սկսեցին լույս տեսնել լավ ու ճշմարտացի գրքեր։ Դրանք հիմնականում այն գրողների գործերն էին, որոնք մինչև պատերազմը երբեք ոչինչ չէին գրել կամ հրատարակել: Պատերազմից առաջ գործող գրողները գրեթե բոլորը ծախվել էին պատերազմի ընթացքում քարոզչություն գրելու համար, և նրանցից շատերը դրանից հետո չվերականգնեցին իրենց ազնվությունը: Նրանց ամբողջ հեղինակությունն անշեղորեն անկում ապրեց, քանի որ գրողը պետք է նույնքան խորամանկ և ազնիվ լինի, որքան Աստծո քահանան: Նա կա՛մ ազնիվ է, կա՛մ՝ ոչ, ինչպես կինը, որը կամ պարկեշտ է կամ՝ ոչ։ Մեկ անազնիվ գրությունից հետո նա այլևս երբեք նույնը չի լինի: Գրողի գործը ճշմարտությունն ասելն է։ Ճշմարտությանը հավատարմության նրա չափանիշը պետք է այնքան բարձր լինի, որ իր գյուտը, իր փորձից ելնելով, ավելի ճշմարիտ ներկայացնի, քան որևէ այլ բան։ Եթե պատերազմի ժամանակ այնպիսի պայմաններ են, որ գրողը չի կարող հրապարակել ճշմարտությունը, քանի որ դրա հրապարակումը կվնասի պետությանը, նա պետք է գրի և չհրապարակի։ Եթե նա չի կարողանում ապրել առանց հրատարակության, կարող է այլ գործով զբաղվել: Բայց եթե նա երբևէ գրի մի բան, որը ներքուստ գիտի, որ ճշմարիտ չէ, անկախ նրանից, թե ինչ հայրենասիրական դրդապատճառներով է արել, ապա նա ավարտված է: Պատերազմից հետո ժողովուրդը կտեսնի, որ նրանից այլևս ոչինչ չի մնացել, քանզի նա, ում պարտավորությունն էր ասել ճշմարտությունը, խաբել է իրենց։ Եվ նա այլևս երբեք չի հաշտվի ինքն իր հետ, որովհետև նա զանց է առել իր միակ պարտավորությունը:

Երբեմն բարի անվան կորուստը չի դրսևորվի նրա կյանքի ընթացքում, քանի որ նման քննադատները, ինչպես նաև նրանք, որոնք պատերազմի ժամանակ վաճառվել են, կպահպանեն նրա հեղինակությունը իրենց հեղինակության հետ, քանի դեռ կան։ Բայց երբ այդպիսի գրողը մահանում է ու գալիս է քննադատների նոր սերունդ, ամեն բան փլուզվում է։

Ես սիրում եմ «Պատերազմ և խաղաղություն»-ը պատերազմի և մարդկանց հրաշալի, թափանցող և ճշմարիտ նկարագրությունների համար, բայց ինձ երբեք հավատ չի ներշնչել կոմսի մտածելակերպը։ Շատ կուզեի, որ նրա վստահության շրջանակում լիներ մեկը, ով ի զորու լիներ հեռացնել նրա ամենածանր ու վատագույն մտքերը և ուղղակի իրական պահեր նրան։ Տոլստոյը կարող էր ավելի խորաթափանցությամբ և ճշմարտությամբ ավելի շատ բան հորինել, քան երբևէ որևէ այլ մեկը։ Բայց նրա ծանր ու մեսիական մտածողությունն ավելի լավը չէր, քան պատմության շատ այլ ավետարանական պրոֆեսորներինը, և ես նրանից սովորեցի մի բան՝ չվստահել իմ սեփական Մտածողությանը և փորձել գրել որքան հնարավոր է ճշմարիտ, որքան հնարավոր է ուղիղ, օբյեկտիվ և խոնարհ:

Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1937 թվականի սկզբին երկու կողմերի տանկերը լիովին խոցելի էին ռուսական հակատանկային զենքերից, որոնք գործածվում էին Հանրապետականների կողմում, որոնք ավելի լավն էին, քան գերմանական հակատանկային զենքերը, որոնք առաջին անգամ կիրառվեցին Ֆրանկոյի զորքերի վրա։ Այնտեղ մենք շատ բան իմացանք զրահամեքենայում գտնվող մարդկանց մտածելակերպի մասին, որոնք գործում էին բարոյահոգեբանական ամենավատ վիճակում։

Ես տեսել եմ, թե ինչպես ֆրանսիական տանկային վաշտի հրամանատարն առավոտյան ժամը հինգին այնքան հարբած հայտնվեց, որ չկարողացավ կանգնել․ նա փորձել էր կոնյակով գոտեպնդել իրեն, որպեսզի բավականաչափ նյարդեր ունենա հարձակում իրականացնելու համար, քանզի նախօրեին հողի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հասկացել էր, թե որքան անհույս է դա։ Նա այդպես էլ երբեք իր տանկերը չհասցրեց ելակետին, և գնդակահարվեց այդ կեսօրին, երբ մեկ շաբաթ էր մնացել ծառայության ժամկետի ավարտին: Սկզբում նա լավ սպա էր, բայց գերմանական հակատանկային զենքերի մշտական կատարելագործումը, զուգորդվելով նրա զորակոչի ավարտի մոտենալուն, նրան դարձրել էին անարժեք ու վտանգավոր:

Երբ պահը հասունանում է՝ լինի դա բարոյական կռվի թե պատերազմի ժամանակ, պետք է առաջինը հարվածել հակառակորդին և հնարավորինս ուժեղ։

Այս ներածությունը գրված է մի մարդու կողմից, որն ունենալով երեք որդի, որոնց առջև նա ինչ-որ կերպ պատասխանատու է այս անասելի գունդուկծիկ աշխարհ բերելու համար, իրեն որևէ կերպ կտրված կամ անանձնական չի զգում ներկայիս այն ամբողջ խառնաշփոթի նկատմամբ, որում մենք ապրում ենք։ Ուստի, խնդրում եմ այս ներածությունը համարել բացարձակապես անձնական, այլ ոչ թե անանձնային գրություն: Այս գիրքն այնպես է խմբագրվել, որ այդ երեք տղաները, երբ հասնեն այն տարիքին, որ հասկանան այն, կարողանան գնահատել ու օգտագործել այն, երբ կարիքը լինի։

Այս գիրքը կպարունակի ճշմարտություն պատերազմի մասին, հնարավորինս մոտ կլինի ճշմարտությանը, մի բան, որ պակասում էր ինձ, երբ դրա կարիքն ամենաշատն էի զգում: Այն չի փոխարինի փորձին: Բայց այն կարող է պատրաստել և լրացնել փորձը: Այն կարող է ծառայել որպես ուղղում՝ փորձից հետո:

Այս տարի մեծ տղայիս մայրը, որը տասնութ տարեկան է, ինձ խնդրել էր, որ որդուս հետ զրուցեմ պատերազմի մասին, եթե իրեն ինչ-որ կերպ անհանգստացնի պատերազմը։ Այսպիսով, երբ մենք մեքենայով վերադառնում էինք այն օդանավակայանից, որտեղ նա նոր էր վայրէջք կատարել՝ անցկացնելու արձակուրդի մի քանի օրերը, ես ասացի. «Մայրիկդ մտածում է, որ դու կարող ես անհանգստանալ պատերազմի և պատերազմ գնալու մասին»:

«Ոչ, հայրիկ», -ասաց նա, -«Դուք մի անհանգստացեք դրա համար. ես ընդհանրապես չեմ անհանգստանում»:

«Մի բան, որ ես իսկապես գիտեմ, -ասացի նրան, -այն է, որ անհանգստանալը ոչ մի օգուտ չի բերում»:

«Մի անհանգստացեք», -ասաց նա, -«Ես չեմ անհանգստանում»:

Այսքանով ավարտվեց այդ խոսակցությունը։ Ո՛չ, անհանգստանալն օգուտ չի բերում՝ ո՛չ երեխաներին, ո՛չ ծնողներին։ Լավ զինվորը չի անհանգստանում. Նա գիտի, որ ոչինչ տեղի չի ունենում, քանի դեռ իրականում չի պատահում, իսկ մինչև այդ դու ապրում ես։

Վտանգը գոյություն ունի միայն վտանգի պահին։ Պատերազմում ճիշտ ապրելու համար անհատը վերացնում է վտանգի հետ կապված ամեն բան: Ապա, մի բան վատ է միայն այն ժամանակ, երբ վատ է: Ոչ առաջ, ոչ հետո: Վախկոտությունը, որը տարբերվում է խուճապից, գրեթե միշտ պարզապես երևակայության գործունեությունը կասեցնելու ունակության բացակայությունն է։ Սովորել կասեցնել երևակայությունը և ամբողջությամբ ապրել ներկա պահով՝ առանց որևէ առաջ և հետոյի, ամենամեծ նվերն է, որը կարող է ձեռք բերել զինվորը: Դա, բնականաբար, հակառակն է այն բոլոր շնորհներին, որ պետք է ունենա գրողը։ Ահա թե ինչն է լավ զինվորների մասին լավ գրելը դարձնում այդքան հազվադեպ, և ինչու է այն այդքան թանկ, երբ մենք ունենում ենք այն։

Երբեք չգիտես, թե մարդիկ ինչպես կարձագանքեն պատերազմին։ Օրինակ, ինքդ քեզ հասցրած վերքերին։ Երբ միջազգային հայտնի բրիգադներից մեկում, որն այնքան քաջաբար և լավ կռվեց Գվադալետեի ճակատամարտում, որ նրանք այնտեղ պատմություն կերտեցին այդ ութօրյա ճակատամարտում, երեսունյոթ ինքնավնասվածք եղավ առաջին կեսօրին, խուճապ սկսվեց: Ինքդ քեզ հասցված վերքերի համար հաստատ բուժում կա. շատ ավելի արդյունավետ, քան ռազմական դատարանը և մահապատիժը, երբ հանցագործությունն ապացուցված է, ինչպես դա արվում էր համաշխարհային պատերազմում։

Անցյալ պատերազմի ժամանակ Իտալիայում ինքնավնասվածքների հետ կապված խնդիրները շատ էին։ Տղամարդիկ շատ հմուտ էին դրանում, և հաճախ զույգը միավորվում էր՝ կրակելու միմյանց՝ սովորաբար ավազի պարկերը փաթաթելով ձեռքին կամ ոտքին, որպեսզի խուսափեն հրացանի մոտ արձակման որևէ ապացույցից: Մյուսներն իրենց թևատակերում պղնձե մետաղադրամներ էին պահում դեղին գույն ստանալու համար, որ դեմքի գույնը փոխվի և դեղնախտի նմանվի: Մյուսները միտումնավոր վարակվում էին վեներական հիվանդությամբ, որպեսզի լքեն շարքերը։ Միլանում բժիշկներ կային, որոնք առևտուր էին անում՝ պարաֆին ներարկելով իրենց հաճախորդների ծնկների տակ, որպեսզի նպաստեին կաղությանը:

Ինքը՝ Մուսոլինին, մակերեսային վիրավորվել է ոտքերից և մեջքից՝ պատերազմի առաջին տարիներին իտալական խրամատային ականանետի վաղաժամ պայթյունից և այդպես էլ չվերադարձավ ռազմաճակատ։

Էվան Շիփմանը՝ իմ ամենահին ընկերներից մեկը, լավ բանաստեղծ և արձակագիր, մեկնել էր Ֆրանսիա, որպեսզի շտապօգնության մեքենան քշի Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Մեր Պետդեպարտամենտը հրաժարվել էր վավերացնել նրա անձնագիրը Իսպանիայի համար, ուստի նա մի խումբ նորակոչիկների հետ Միջազգային բրիգադների համար անցավ մաքսանենգների երթուղին՝ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև Պիրենեյներով։ Նրանք բոլորը բռնվեցին ֆրանսիական ժանդարմների կողմից և բանտարկության դատապարտվեցին Թուլուզում:

Բանտարկվելն Էվանին այնքան վրդովեցրեց, որ նա որոշեց շտապօգնության մեքենա վարելու փոխարեն ընդգրկվել բրիգադների հետևակային շարքերում: Բանտից դուրս գալուց հետո նա հաջողությամբ Իսպանիա մտավ մեկ այլ ճանապարհով և կարճ ժամանակում հայտնվեց ռազմաճակատում՝ Բրունետեի ճակատամարտում, որն այդ պատերազմի ամենակատաղի մարտերից մեկն էր։ Ամբողջ մարտի ընթացքում նա օրինակելի քաջությամբ կռվեց՝ մնալով Ֆրանկո Բեյժ գումարտակի հետ, որին կցված էր որպես թարգմանիչ և վազորդ, և վերջին օրը ծանր վիրավորվեց։

Ես նրան չէի տեսել մի քանի ամիս, և երբ տեսա, նա գունատ էր, քրքրված, կաղացող և իսկապես կենսուրախ։

-Ասա՛ ինձ, ե՞րբ ես վիրավորվել, -հարցրի ես, երբ մենք նստեցինք խմելու:

-Ինչո՞ւ, Հե՛մ, դա բացարձակապես ոչինչ էր։ Դա ընդհանրապես ոչինչ էր։ Ես երբեք ոչինչ չեմ զգացել։

-Ի՞նչ ես ուզում ասել՝ ոչինչ չես զգացել:

Ավտոմատի փամփուշտը մի կողմից մյուսն անցել էր նրա ազդրի միջով:

-Ինչո՞ւ․․․ դա իսկապես ոչինչ էր: Գիտես, այդ ժամանակ ես անգիտակից էի։

-Հա՞։

-Տես, ինքնաթիռները բռնեցրին մեզ բաց հրապարակում և ռմբակոծեցին, և ես այդ պահին անգիտակից էի։ Այնպես որ, ես ոչինչ չզգացի, երբ նրանք իջան և մեզ գնդացրին տվին։ Իսկապես, Հեմ, դա բացարձակապես ոչինչ էր։ Հազիվ թե դրա մասին մտածեի որպես վերք: Դա գրեթե նման էր նախօրոք անզգայացնող միջոցի։

Նա շրջեց իր ըմպելիքը ձեռքում և ասաց.

-Հե՛մ, ես երբեք չեմ կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել քեզ ինձ այստեղ բերելուդ համար։ Ես շատ տխրեցի, որ դուք կարող եք անհանգստանալ ինձ համար: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ Իսպանիայում լինելն ամենաերջանիկ ժամանակն է, որը ես երբևէ ունեցել եմ իմ կյանքում: Խնդրում եմ, հավատա ինձ, Հեմ: Դուք իսկապես պետք հավատաք ինձ։

Դուք կարող եք նույնն անել բոլոր ստացած վերքերի դեմ։ Էվանի պատճառով էր, որ ես վերջապես պնդեցի, որ «Քաջության կարմիր նշանը» պետք է ամբողջությամբ տպագրվի այս գրքում: Էվան Շիփմանն այժմ շարքային է ԱՄՆ բանակի զրահատանկային ստորաբաժանումում:

Այժմ այլևս խորհուրդ չունեմ, թե ինչու դուք պետք է անպայման կարդաք այս գիրքը։

Եթե ես չմտածեի, որ նրանք բոլորը լավն են, նրանք չէին լինի այստեղ։ Պատմությունների և պատմվածքների այս ժողովածուն մի փորձ է՝ ցույց տալու պատերազմի մեջ գտնվող մարդկանց իրական պատկերը: Սա քարոզչական գիրք չէ։ Այն ձգտում է կառուցել և տեղեկացնել, այլ ոչ թե ազդել որևէ մեկի կարծիքի վրա: Պատմությունների ընդգրկման միակ և բացարձակ չափանիշը եղել է նյութի հավաստիությունն ու ճշմարտացիությունը։

Ես շատ պատերազմներ եմ տեսել իմ կյանքի ընթացքում և խորապես ատում եմ այն: Բայց պատերազմից ավելի վատ բաներ կան. դրանք բոլորը պարտության հետ են գալիս։ Որքան շատ ես ատում պատերազմը, այնքան ավելի լավ գիտես, որ երբ քեզ պարտադրում են դա, ինչ պատճառով էլ որ լինի, դու պետք է հաղթես այն:

Դուք պետք է հաղթեք և ազատվեք այն մարդկանցից, որոնք ծնել են այն և պետք է հոգ տանեք, որ այս անգամ այն այլևս մոտ չգա ձեզ: Մենք, որ մասնակցել ենք պատերազմներին՝ վերջ տալու վերջին պատերազմին, չենք պատրաստվում նորից խաբվել։ Այս պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ  նպատակին չի հասել. եթե անհրաժեշտություն լինի հարյուր տարի էլ պետք է կռվել, անկախ այն բանից, թե ում հետ, բայց այդ նպատակին, ի վերջո, հասնել է պետք։

Մենք կպայքարենք նաև այս պատերազմում, որպեսզի օգտվենք Անկախության հռչակագրից, որն ամրագրված է Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և Իրավունքների օրինագծով և վայ նրան, ով որևէ քողարկված պատճառով կամ ծրագրով կփորձի խլել այդ իրավունքներն ու արտոնությունները։

Պատերազմի ընթացքում գրաքննությունը կարող է թաքցնել սխալները, կոպիտ սխալները և գրեթե հանցավոր սխալները։ Դրանք լինում են բոլոր պատերազմներում: Բայց պատերազմի ավարտից հետո այս բոլոր արարքները պետք է պատժվեն։ Ժողովուրդը պատերազմում է, և վերջում ժողովուրդը գիտի, թե իրականում ինչ է եղել։ Չնայած ամբողջ գրաքննությանը, որը կարող է պարտադրվել, ժողովուրդը, վերջիվերջո, միշտ գիտի, որովհետև մեծ մասն այնտեղ է եղել։ Շատ հեշտ է ժողովրդին հիմարացնել պատերազմի սկզբում և անել դա գաղտնի հիմունքներով։ Սակայն ավելի ուշ վիրավորները սկսում են վերադառնալ, և սկսում են տարածվել իրական լուրերը։ Եվ, ի վերջո, երբ հաղթում ենք, պատերազմողները տուն են գալիս։ Միլիոնավոր մարդիկ են վերադառնում, որոնք գիտեն, թե ինչ է եղել իրականում։

Կառավարությունը, որը ցանկանում է պահպանել ժողովրդի վստահությունը պատերազմից հետո կամ դրա վերջին փուլերում, պետք է ժողովրդին իր վստահության մեջ առնի և ասի այն ամենն, ինչ նրանք կարող են իմանալ՝ ինչպես վատը, այնպես էլ լավը՝ քանի դեռ դրա իմացությունը չի օգնի թշնամուն։ Սխալների քողարկումը՝ դրանք կատարող մարդկանց փրկելու համար, կարող է հանգեցնել միայն վստահության պակասի, որը կարող է լինել ամենամեծ վտանգներից մեկը, որին կարող է առերեսվել ազգը:

Համոզված եմ, որ պատերազմի ընթացքի հետ մեր կառավարությունը կգիտակցի ժողովրդին ճշմարտությունն ասելու անհրաժեշտությունը, ամբո՛ղջ ճշմարտությունը և ոչ այլ ինչ, քան ճշմարտությունը, ճշմարտությունն առ այն, ինչը չի օգնի թշնամուն, քանի որ պատերազմի ընթացքում կգա այն պահը, երբ կառավարությանն անհրաժեշտ կլինի բոլոր քաղաքացիների լիակատար և բացարձակ վստահությունը, որ երկիրը դիմանա։

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի