Մարդասիրական պոեզիա

Երեք տարի առաջ այս օրը մեր ազգային պոեզիան մեծ կորուստ ունեցավ. վախճանվեց վերջին մեծ պոետներից մեկը՝ Ռազմիկ Դավոյանը: Եվ հունվարյան կորստաբեր այս օրվա մեջ անվերջ հնչում է նրա մեծ պոեզիայի մեղեդին: Մեծ բանաստեղծի հիշատակի օրվա առիթով «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում լիտվացի ականավոր բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի հոդվածը՝ նվիրված Ռազմիկ Դավոյանին: «Մարդասիրական պոեզիա» հոդվածը Մեժելայտիսի «Իմ կրկնակի Արարատը» գրքից է, որի կազմողը, առաջաբանի ու թարգմանությունների մեծ մասի հեղինակը լուսահիշատակ Ֆելիքս Բախչինյանն է:
***
Հայաստանն անսահմանափակ պոեզիայի երկիր է: Եվ որքան խորանում ես նրա բիբլիական պատմության խորքում ու ծանոթանում այս երկրի առասպելական մանրամասներին, այնքան լավ ես հասկանում, թե ինչու է այստեղ պոեզիան անսահմանափակ: Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան, Համո Սահյան և ինձ համար սիրելի դարձած շատ այլ բանաստեղծներ, որ գրել են հայկական արևի տակ, ես նրանց հենց այդպես էլ պատկերացնում եմ. բիբլիական Արարատ լեռան՝ այստեղ գոյություն ունեցող յուրահատուկ կանաչի, արևի յուրահատուկ դեղինի ու երկնքի յուրահատուկ կապույտ ֆոնի վրա: Այդ ֆոնի վրա նրանք Նոյյան աղավնու նման իրար են փոխանցում ձիթենու ճյուղը՝ որպես պոետական գրիչ, ու շարունակվում իրար մեջ՝ որպես անսահմանափակ պոեզիա արարողներ:
Յուրաքանչյուր առասպել ավարտվում է ֆիզիկական մահով և հոգեկան հաղթանակով: Հայաստանը անսահմանափակ առասպելների երկիր է: Ուստի հոգեկան հաղթանակներն այստեղ շարունակում են ծնունդ տալ իրար:
Առասպելներից ծնված հոգեկան հաղթանակների գոյությունը ես ավելի կոնկրետացված զգացի, երբ ծանոթացա Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հետ: Ես անմիջապես զգացի, որ նա հենց այսպես գրող լինելու համար և համառ ջանքերով չի ստեղծագործել: Հարյուրամյակներ, գուցե թե նաև հազարամյակներ շարունակ նրա գրչի համար պատմական, մշակութային ու հոգևոր հող է նախապատրաստվել: Ռազմիկ Դավոյանը ժառանգորդ է: Առասպելից ծնված բանաստեղծականությամբ հարուստ ազգի ժառանգորդը: Ստացել է ժառանգություն Նարեկացուց: Գենետիկորեն ու հոգևոր ոլորտներով նրան է անցել Նարեկացու փիլիսոփայական միտքը: Եվ եթե Նարեկացու առասպելական կյանքն ավարտվել է ֆիզիկական մահով, նրա ոգեղեն աշխարհը հաղթել է մահին, քանի որ կասկածից վեր է, որ անցել է, շարունակվել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մեջ: Նարեկացու ոգու աշխարհը մահ չի ճանաչել, քանի որ մահից շատ մեծ ընդգրկումներ ունեցող սիրո աշխարհ է այն: Ահա թե ինչն է շարժել նաև Ռազմիկ Դավոյանի գրիչը՝ Սերը մարդկության և մոլորակի ներդաշնակ գոյության նկատմամբ:
Մարդասիրական պոեզիայի մեջ անչափելի մեծություն է Պարույր Սևակը, որի հետ ես շատ հետաքրքիր ծանոթություն ու բարեկամական հարաբերություններ ունեցա: Սևակի անձն ինձ մշտապես ինչ-որ անտիկ բան է հիշեցնում: Այս զարմանալի պոետիկ երկրում ես սևակյան անտիկ գեղեցկության, ռեալականության կողքին գտա մի բոլորովին ուրիշ գեղեցկություն՝ Ռազմիկ Դավոյանի պոեզիան, որի գեղեցկության փայլն ասես իջնում է երկնային ոլորտներից: Մարդկանց աշխարհն ու տիեզերական անսահմանությունն իրար մեջ տարածելու ամբողջական սիրո պոեզիա է Ռազմիկ Դավոյանի պոեզիան: Ես չեմ կարող անտարբեր անցնել ու չհիանալ նրա այն տողերով, ուր բանաստեղծն, իր երկրային ներկայության մեջ իրեն մոլոր ուլի նմանեցնելով, ի վիճակի է ցրիվ գալ, տարածվել տիեզերքում, որպեսզի կարողանա ստանալ իր ամբողջական հավիտենականության մեջ գոյատևող ամբողջական պատկերը:
Ես այստեղ չեմ հիմա,
Ես ինձ փչեմ հիմա,
Խլածաղկի նման կանհետանամ օդում:
Սևակի ստեղծագործական լաբորատորիայում շռնդալից ձևով են աշխատել նրա սիրտն ու միտքը՝ խոսելով իրար հետ համահունչ ձևով: Դավոյանը լաբորատորիայում թրծված ոսկով մարդկային ոգեղեն ոլորտները զարդարելու, հենց այդ ոլորտներում էլ այն օգտագործելու ճանապարհ է հարթել:
Ի՞նչ կարող է անել բանաստեղծի սիրտը, միտքն ու ոգին՝ այդ եռամիասնությունը, երբ արդեն գիտի մարդկանց երկրում ճաշակվածի գինը, բնության վերընձյուղվելու գաղտնիքը, և ձգտում է դեպի հավերժություն: Նա կկանգնի ծառի առջև ու խնդրանքով կդիմի նրան, թե՝ «Բա՛ց կեղևդ, ծառ»:
Առ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ
Որպես փոքրիկ գարուն:
Հետո, երբ արդեն ձուլված կլինեն իրար, եռամիասնությունն այսպես՝
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհուն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:
Գոյություն ունի բանաստեղծական երկրաչափություն, որի գաղափարը շատ ճշմարիտ ձևով մեկնաբանել է Ալեքսանդր Բլոկը: Եվ այն, ինչ վերաբերում է բանաստեղծի ստեղծագործության երկրաչափական պատկերին, իր մեջ ներառում է բարության, լույսի և ազատության փիլիսոփայությունը: Հենց դրա հետ էլ այնքան համահունչ է Ռազմիկ Դավոյանի պոեզիան:
Ուղղակի զարմանալի ու հրաշալի է այն, որ բլոկյան երկրաչափական եռանկյունին Ռազմիկ Դավոյանի մոտ դրվում է մի բարեբեր ու երանելի մթնոլորտում, որի անունը Սեր է: Այսինքն՝ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործական ամբողջականությունը սիրո հավաքական կերպարն է:
Պարույր Սևակը, որ մարդասիրության մի հսկա փարոս է, աշխատում է մարդասիրական այն լաբորատորիայում, ուր առավել մարդկային է դարձնում մարդուն, սիրտ է կապում սրտին, առանց հապաղելու՝ մերժում է սրտի վրա բույն գտած չարի՝ ստորի, կեղծիքի օջախները: Մարդասիրական սևակյան այդ հսկա փարոսից աչքը չկտրող Ռազմիկ Դավոյանի ստեղծագործական աշխարհը, ուղեցույց լույսի գաղտնիքն իմացողի վստահությամբ, երջանկության համը ճաշակածի երանությամբ, կանչում է բոլորին՝ նավարկելու Սիրո ջրերում:
Ռազմիկ Դավոյանը խորքով ազգային բանաստեղծ է: Թեև նա պատկերներ չի նկարել Հայաստանի մասին, այդ վարպետորեն է արել Մարտիրոս Սարյանը, թեպետ բառային գունավորումներով չի պատկերել նրա քարերը, արևը, միրգը և այլն: Նա ազգի պոեզիային, անսահման գեղեցիկ ջրերին միացել է ազգի առասպելներից, հույսից, հավատից, ծնուդ առած գետակներով՝ ամրացնելով ոգեղեն կապի օղակները անցյալի ու ներկայի միջև:
Ռազմիկ Դավոյանի պոեզիան ինձ համար բացահայտեց Հայաստան երկրի և տիեզերական անսահմանության ոգեղեն կապը: Ահա թե ինչ մեղրահաց է գենետիկորեն փոխանցվել նրան, որի վրա նա անընդհատ քաղցրություն է ավելացնում և դեռ պիտի ավելացնի:
Լիտվերենից թարգմանեց Ֆելիքս Բախչինյանը