Մանուկ Մահտեսյան․ Այվազովսկու սիրելի աշակերտը

Հովհաննես Այվազովսկու շնորհիվ «հայ ծովանկարիչ» ձևակերպումը ոչ միայն հայերիս համար է սովորական դարձել, այլև տարածվել է աշխարհով մեկ։ Ինչ խոսք, այլ մեծատաղանդ ծովանկարիչներ ևս ունեցել ենք, որոնցից մի քանիսը եղել են «ծովի կախարդի» հետևորդները կամ աշակերտները։ Նրա լավագույն և ամենավստահելի աշակերտներից է եղել Մանուկ (Էմանուել) Մահտեսյանը, որը դրսևորել է բացառիկ տաղանդ, նվիրում գործին ու վերջապես՝ ինքնատիպություն։ Հեշտ չի եղել փայլել ու առանձնանալ Այվազովսկու մյուս նշանավոր հետևորդների ու աշակերտների՝ Միխայիլ Ալիսովի, Վարդան Մախոխյանի և այլոց կողքին, սակայն Մահտեսյանին դա հաջողվել է։ Արվեստաբան Ռուդոլֆ Պոդուֆալնու բառերով՝ «Մահտեսյանը ոչ միայն Այվազովսկու դպրոցի խոշոր ներկայացուցիչն է, այլև նրա ամենաուշագրավ աշակերտն ու հետևորդը՝ թե՛ հայտնի ծովանկարչի ստեղծագործության հետ իր բազմակողմանի, օրգանական և սերտ «ծրագրային կապի», և թե՛ ներքին դիմակայության, իրական յուրատիպության և արվեստի ​​անկախության շնորհիվ»։

Մահտեսյանը ծնվել է 1857թ․՝ Ղրիմի հյուսիսում գտնվող Արմյանսկի Բազար (ներկայիս Արմյանսկ) քաղաքում՝ աղքատ մանր առևտրականի ընտանիքում։ Նրա մայրը՝ Գայանե Մահտեսյանը (ծնյալ Պողոսյան) Հովհաննես Այվազովսկու զարմուհին էր, ուստի մեծ ծովանկարիչը լինում էր նրանց տանը և Մանուկը (ռուսական տարբերակը՝ Էմանուել) փոքր տարիքից հրապուրվել է ծովանկարչությամբ։

Նա վաղ է սկսել հաճախել տեղի ծխական դպրոց, սովորել է ազատ կարդալ ու գրել հայերեն և ռուսերեն, ինչպես նաև ուսանել է նկարչություն։ Պատանի Մահտեսյանի վրա անմոռանալի տպավորություն է գործել դպրոցի դահլիճում կախված ծովանկարը, որը նվիրաբերել էր դրա հեղինակը՝ Այվազովսկին։ Մի անգամ՝ հյուրընկալվելով Մահտեսյանների տանը, Այվազովսկին դիտել է Մանուկի աշխատանքները, օգնել խորհուրդներով ու նվիրել առաջին յուղաներկերի ու վրձինների հավաքածուն։ Հենց Այվազովսկու խորհրդով Մանուկը 1878 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա՝ բնանկարիչ Վլադիմիր Օրլովսկու դասարանը, որպես ազատ ունկնդիր։ Չնայած դրամական միջոցների բացակայությանը՝ Մահտեսյանը կարողացել է իր արվեստով գոյատևել և շարունակել ուսումը։ Մահացել էր հայրը, ընտանիքի հոգսը ծանրացել էր ծնողների անդրանիկ զավակի՝ Մանուկի ուսերին, որը, «Մշակ» թերթի վկայությամբ՝ «և ոչ մի կօպէկ չը ստանալով տանից, միայն իր վրձինի աշխատանքով կարողացել է այժմեան իր պատկառելի դիրքին հասնել» (1902թ․ մայիսի 11)։ Իր ազգականին օգնություն է ցուցաբերել և Այվազովսկին, որի արվեստանոցում ամառները սովորել և աշխատել է Մահտեսյանը։ Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ ընդունվելուց 14 տարի անց նա ավարտել է ակադեմիան, ստանալով «ոչ դասային նկարչի կոչում»՝ դպրոցներում նկարչություն և գծագրություն դասավանդելու իրավունքով։

1886 թվականին Մահտեսյանն առաջին անգամ մասնակցել է ցուցահանդեսի իր «Փոթորկի սկիզբը» նկարով, որի համար պարգևատրվել է փոքր արծաթե մեդալով (նկարը բարձր է գնահատել Իլյա Ռեպինը)։ Այդ թվականից ցուցադրվել է Պերեդվիժնիկների և այլ ցուցահանդեսներում՝ Պետերբուրգում, Մոսկվայում, Օդեսայում, Եկատերինբուրգում, Խարկովում, ինչպես նաև եվրոպական երկրներում։ 1888 թվականին «Ծովային տեսարան կործանված նավով» նկարի համար պարգևատրվել է մեծ արծաթե մեդալով։

1892-1895 թթ․ Մահտեսյանը կատարելագործել է իր հմտությունները Այվազովսկու արվեստանոցում՝ Թեոդոսիայում։ Հայտնի է, որ այնտեղ նա կրկնօրինակել է մեծ ծովանկարչի աշխատանքները․ միայն ամենաբարձր արհեստավարժության և շնորհքի տեր նկարիչը կարող էր դա անել։ Ի դեպ, հայտնի է, որ, օրինակ, Չիկագո տարվելիք կրկնօրինակների վրա չի դրվել Մահտեսյանի ստորագրությունը, քանի որ դրանք միանգամայն կարող էին համարվել Այվազովսկու գործերը։ Ինչևէ՝ այս գործարքն առանձին ուսումնասիրության նյութ կարող է հանդիսանալ։

Իր աշակերտներին վերաբերող մի նամակում Այվազովսկին առանձնացրել է Մահտեսյանին՝ նշելով, որ նա «հիանալի էտյուդների» հեղինակ է։ Արվեստաբանները բազմիցս նշել են, որ Մահտեսյանի որոշ պատկերներ նկատելի նմանություն ունեն Այվազովսկու գլուխգործոցներին, սակայն ինչպես դեռ 1908 թ․ նկատել է «Գեղարվեստ» հանդեսը, դրանք «կարող են մրցել Այվազովսկու համանման գործերի հետ»։

«Ժիվոպիսնոյե օբոզրենիե» ամսագիրը 1902թ․ գրում էր․ «Այվազովսկուց հետո հազիվ թե որևէ մեկն այդպիսի ապշեցուցիչ կերպով պատկերի փոթորկող ծովը, ինչպես Մահտեսյանն է դա անում»։ Այվազովսկին իր արվեստում ռոմանտիզմի գաղափարները համադրում էր կլասիցիզմի տեխնիկայի հետ, մինչդեռ նրանից 40 տարով փոքր Մահտեսյանը մոդեռնիզմի հասակակիցն էր ու որոշ չափով նաև դրա սկզբունքների հետևորդը։ Եթե Այվազովսկին ծովի մակերևույթի բոլոր գույները վրձնում է զգուշորեն, նուրբ շերտերով, ապա Մահտեսյանը ջրի կապույտն ու հատկապես կանաչը արտապատկերելով նույն կերպ, սպիտակը՝ փրփուրը նկարում է կոպիտ, հաստ վրձնահարվածներով, այդ կերպ ընդգծելով ծովի ու մթնոլորտի խռովքը, ստեղծելով յուրօրինակ հակադրություն։ Ընդ որում, նույնիսկ բուռն վրձնահարվածները նկարին առաջին հայացքից բնականություն են հաղորդում, դրանց իրական կոպտությունը միայն մոտիկից է դիտարկելի։ Սրանով Մահտեսյանը ոչ միայն զարգացնում է իր մեծ ուսուցչի նկարչական մաներան, այլև կլասիցիստական հիմքին ավելացնում իր ժամանակների մոդեռնիստական գեղանկարչությանը հատուկ մոտեցումներ։ Այվազովսկու մահվանից հետո Մահտեսյանի բնանկարներում այդ երկու ուղղությունների պայքարն ավելի ակնհայտ է դառնում, դասական բնապատկերը կտավի կենտրոնին մոտենալուն զուգընթաց ավելի ու ավելի հախուռն ու վերացական է դառնում («Ծովային տեսարան», 1904)։ Ինչ խոսք, Մահտեսյանի որոշ գործերում Այվազովսկու հետ զուգահեռներն ակնհայտ են («Փոթորիկ ծովի վրա», 1898, «Փրկության սպասողները», 1888, «Ծովային տեսարան առագաստանավերով», 1898 և այլն), ընդ որում՝ դրանք ջրի խորության փոխանցման, լույսի արտացոլման տեսակետից անթերի են, սակայն միաժամանակ հարկ է նշել, որ նա ստեղծել է նաև գործեր, որոնցում լիովին ձերբազատվել է իր ուսուցչի ազդեցությունից՝ տալով ծովի պակաս իրապաշտական պատկերներ («1899թ․ սեպտեմբերի 29-ը Սև ծովում», 1899, «Երեկո», 1902, «Ալիքները Սև ծովում՝ հեռվում երևացող առագաստանավերով», «Մերձափնյա բնանկար» և այլն)։ Մահտեսյանը որոնող նկարիչ է եղել, կարողացել է ծովը պատկերել ոչ միօրինակորեն, զարգացնել իր ընկալումները։ Այսպես, նրա «Ժայռերը ծովափին» (1907թ․) նկարում նկատելի են նեոռոմանտիզմին բնորոշ զգացական հակադրություններ, երազային բազմագույն բծեր։

Միաժամանակ, Մահտեսյանի որոշ գործերում պակասում է խորությունը, հատկապես պինդ մակերևույթների պատկերումը երբեմն անհամոզիչ է, դեկորատիվ ու կոպիտ։ Նա խիստ հազվադեպ է մարդկանց պատկերել, ինչը որոշ անկենդանություն է հաղորդել վրձնած բնապատկերներին։ Հետաքրքիր է, որ Այվազովսկու հետևությամբ հիանալի կերպով պատկերելով ջրային տարերքը՝ Մահտեսյանը պակաս վարժ է արտացոլել մթնոլորտն ու երկինքը՝ որոշ դեպքերում նախընտրելով այն լցնել գոլորշիով։

1895-ին Մահտեսյանն ամուսնացել է և վերջնականապես տեղափոխվել Սիմֆերոպոլ, որտեղ հիմնադրել է սեփական արվեստանոցը (նա միակ նկարիչն էր քաղաքում)։ Նույն 1895-ին Սիմֆերոպոլում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը՝ ներկայացնելով 185 աշխատանք: Որոշ ժամանակ անց իր առանձնատանը կից նա կազմակերպել է քաղաքի առաջին հանրային պատկերասրահը՝ անվճար մուտքով։ Այնտեղ Մահտեսյանը ցուցադրել է ոչ միայն իր, այլև Այվազովսկու, Իվան Շիշկինի, Լև Լագորիոյի և այլոց՝ իրեն նվիրած աշխատանքները։ Արվեստաբան Սերգեյ Պուշկարյովի կարծիքով՝ նկատի ունենալով Այվազովսկու հետևությամբ Սիմֆերոպոլում սեփական արվեստի պատկերասրահ հիմնելու փորձը՝ Մահտեսյանին կարելի է բնորոշել որպես «նկարիչ-լուսավորիչ»:

Մահտեսյանը մասնակցել է Այվազովսկու հուղարկավորությանը, ինչի նպատակով շտապ ժամանել է Պետերբուրգից։ 1903թ․ Այվազովսկու հիշատակին նվիրված ալբոմում Մահտեսյանի աշխատանքները ներկայացվել են Վ․ Մակովսկու, Ի․ Ռեպինի, Վ․ Սուրենյանցի գործերի կողքին՝ այսպիսի բնութագրականով․ «Գեղանկարչության ծովային հորիզոնում լուսատուի (Այվազովսկի) մայր մտնելուց հետո ղրիմյան ջրերից վեր հառնեց մի նոր փայլուն լուսատու՝ նրա աշակերտ Էմանուել Մահտեսյանը»։ Որպես առանձնահատուկ պատիվ և վստահություն՝ Այվազովսկու հավատարիմ աշակերտին մեծ ծովանկարչի այրին թույլ է տվել աշխատել իր հանգուցյալ ամուսնու արվեստանոցում։

1901թ․ նկարիչը շրջագայել և բուժվել է Եվրոպայում, այնտեղ ներկայացել անհատական ցուցահանդեսներով, որոնք արժանացել են տեղացի արվեստասերների դրվատանքին։ Այցելած երկրներում նա արել է բազում էտյուդներ, քանի որ նախընտրում էր նկարել նատուրայից։ Նույն թվականին Մահտեսյանը եղբոր հետ եղել է Հայաստանում։

Մահտեսյանը Ղրիմում ձևավորված գեղանկարչության Կիմերյան դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, ժամանակի հայ մամուլի բնորոշմամբ՝ «բանաստեղծ ծովանկարիչ»: Նա հիմնականում ստեղծել է ծովանկարներ, երբեմն՝ ծովափնյա բնակավայրերի և այլ տեղանքների բնանկարներ։ Նրա աշխատանքները մեծ պահանջարկ են ունեցել, դրանց վերատպությունները հաճախ են հայտնվել հայկական, ռուսական և արտասահմանյան մամուլում։ 1905թ․ Պետերբուրգում Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսին ներկայացված Մահտեսյանի «Վերջին ճառագայթները ձմռանը» կտավը գնել է ակադեմիայի նախագահը՝ Մեծ իշխան Վլադիմիր Ալեքսանդրովիչը։

Իր ուսուցչին երախտապարտ նկարիչն ինքն էլ ուժերի ներածին չափով աջակցել է սկսնակներին, նրանց փոխանցել իր փորձն ու աշխատանքային գաղտնիքները։ Նա սերտորեն կապված է եղել իր արմատներին, շփվել հայրենակիցների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի (որի ստեղծագործությունները նվագել է իրեն պատկանող Գվարներիի ջութակով), Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի և այլոց հետ, աշխատակցել հայ մամուլին, զբաղվել բարեգործությամբ։ «Յուշարար» ալմանախի թղթակից Ս․ Բաբիյանը, ընդգծելով նկարչի հայասիրությունը, գրել է․ «Դժւար թէ այս կողմերի (Ղրիմի-Ա․Գ․) հայերի տանը գտնէք նրանից փողով ձեռք բերւած նկար (ասում եմ փողով, որովհետև նւիրւված նկարներ կը գտնէք բաւական թւով)» (1908 թ․ №17)։ Հայտնի է նաև, որ իր «Ամպերը մոտենում են» (1903) դրամատիզմով լի կտավը նա ստեղծել է Ալեքսանդր Ծատուրյանի բանաստեղծության ազդեցությամբ։

Որպես «Նիվա» ամսագրի աշխատակից՝ Մահտեսյանը 1904թ․ գործուղվել է Հեռավոր Արևելք, սակայն ականատես լինելով ռուս-ճապոնական պատերազմի բերած ավերածություններին՝ հրաժարվել է այդ թեմայով պատկերազարդումներ ստեղծել։

Անմնացորդ նվիրումը գործին, մոլեռանդ աշխատասիրությունը և անապահով երիտասարդությունը, ցավոք, խաթարել են նկարչի առողջությունը՝ պատճառ դառնալով նրա վաղաժամ մահվանը։ 1908թ․ նոյեմբերի 5(18)-ին՝ ավարտելով իր «Առավոտ» կտավը՝ նկարիչը, ձեռքից բաց չթողնելով վրձինը, հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։ Ըստ ժանդարմական հաշվետվության՝ մահվանից հետո նրա արվեստանոցում հայտնաբերվել է 212 նկար։ Ռուսական առաջատար թերթերից մեկը նրա մահախոսականում գրել է․ «Որպես մարդ՝ Մահտեսյանը բնորոշ ներկայացուցիչն էր այն նկարիչների, որոնց բնավորության փափկությունն ու բարությունը գերազանցում են մնացած բոլոր հատկությունները»։ Մահտեսյանը թաղվել է Սիմֆերոպոլի հին հայկական գերեզմանոցում, սակայն գերեզմանը և սև մարմարից պատրաստված գերեզմանաքարը կորսվել են։

1909թ․ նկարչի այրին Սիմֆերոպոլում կազմակերպել է նրա առաջին հետմահու ցուցահանդեսը, որի մասին քննադատ Դ․ Կոլոմիյցևը «Տավրիչանին» թերթում գրել է․ «Մահտեսյանը առաջնակարգ գեղանկարչական տաղանդ է։ Ինչին էլ դիպել է նրա վրձինը՝ ամենուր թողել է բարձր, հազվագյուտ շնորհի կնիքը»։

Մահտեսյանի ստեղծագործական ​​ժառանգությունը տխուր ճակատագրի է արժանացել. նրա այրին վաճառքի է հանել նկարչի լավագույն գործերի մի մասը։ Մի շարք նկարներ անհետացել են քաղաքացիական պատերազմի տարիներին, իսկ այն գործերը, որոնք մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը պահվում էին Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանում, ոչնչացվել են 1941թ․ օդային հարձակման ժամանակ։

Այսօր հայտնի է նկարչի՝ միայն շուրջ երեք տասնյակ աշխատանքների տեղագրությունը․ 12 գործ պահպանվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, յոթը՝ Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանում, երկուսը՝ Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահում, մեկը՝ Սևաստոպոլի գեղարվեստի թանգարանում, մի զգալի մասն էլ՝ մասնավոր հավաքածուներում։

Այս և մի շարք այլ պատճառներով Մահտեսյանը մինչև օրս որպես արվեստագետ թերագնահատված է մնում, հիմնականում հայտնի՝ արվեստաբաններին ու մասնագետներին (նկարչի հանդեպ հետաքրքրությունը նկատելի թափ ստացավ միայն 1980-ականներին, երբ լույս տեսան նրան նվիրված երկու պատկերազարդ ռուսերեն գիրք և բացիկների ժողովածու)։ Մինչդեռ նկարչի ժառանգության նույնիսկ նվազագույն՝ պահպանված մասը փաստում է դրա անհերքելի արժեքն ու նշանակությունը 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի հայկական և ռուսական կերպարվեստներում։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Մանուկ Մահտեսյանն իր արվեստանոցում, 1901 թ․

2․ «Փոթորիկ ծովի վրա», կտավ, յուղաներկ, 1898 թ․

3․ «Տեսարան եկեղեցիով և Արարատի ֆոնով», ստվարաթուղթ, յուղաներկ, 1904թ․

4․ «Ծովային տեսարան», ստվարաթուղթ, յուղաներկ, 1904թ․, բոլորը՝ ՀԱՊ

5․ «Ալեբախություն», կտավ, յուղաներկ, 1897թ․,

6․ «Ծովը և ամպերը», կտավ, յուղաներկ, 1898թ․, երկուսն էլ՝ Այվազովսկու պատկերասրահ, Թեոդոսիա,

7․ «Երեկո», կտավ, յուղաներկ, 1902թ․, մասնավոր հավաքածու

 

... ... ... ... ... ...