Մանրապատումներ

Խարմսը գրականության կառնավալային գծի ուղիղ ժառանգորդ է, և իր ստեղծագործություններում օգտագործում է ինչպես ժողովրդական ծիծաղի մշակույթի, այնպես էլ ռոմանտիկ և երբեմն մոդեռնիստական գրոտեսկի հնարքներ։ Նրա ստեղծագործություններում լիովին առկա են կառնավալային ժանրի գլխավոր հատկանիշները՝ «շրջված աշխարհի» յուրահատուկ տրամաբանությունը, կերպարների հարաբերականությունն ու երկիմաստությունը, տիեզերքի անավարտությունը, նյութա-մարմնական սկզբի իջեցումն ու գերակշռումը, ինչպես նաև ծիծաղելիի մեծ չափաբաժինը, ինչը թույլ է տալիս խոսել գրողի ստեղծագործության մեջ կառնավալային մշակույթի մասին։

 

Ելենա Յուրևնա Ռոգ

 

***

Տրամվայում նստած էին երկու մարդ և այսպես էին դատում․

Մեկն ասում էր․ «Ես չեմ հավատում հանդերձյալ կյանքին։ Իրական ապացույցներ այն բանի, որ հանդերձյալ կյանք գոյություն ունի՝ չկան։ Եվ վստահելի վկայություն դրա մասին մենք չգիտենք։ Կրոններում այդ մասին խոսվում է շատ անհամոզիչ, օրինակ, մահմեդականությունում, կամ շատ աղոտ, օրինակ, քրիստոնեությունում, կամ ոչինչ չի ասվում, օրինակ, Աստվածաշնչում, կամ պարզապես ասվում է, որ այն չկա, ինչպես բուդդիզմում։ Պայծառատեսության, մարգարեության, տարբեր հրաշքների և անգամ տեսիլքների դեպքերն ուղղակիորեն չեն առնչվում հանդերձյալ կյանքին և ամենևին դրա գոյության ապացույց չեն։ 

Երկրորդ զրուցակիցն ասաց․ «Ձեզ այսպես կպատասխանեմ․ ձեր հարցին դուք երբեք պատասխան չեք ստանա, իսկ եթե երբևէ այն ստանաք, ապա մի հավատացեք դրան։ Եթե պատասխանեք այո՝ կլինի այո, եթե ոչ՝ ոչ։ Միայն թե պատասխանել պետք է լիակատար համոզվածությամբ, առանց կասկածի նշույլի, կամ, ավելի ճիշտ, առ պատասխանը բաձարձակ հավատով»։

Առաջին զրուցակիցն ասաց․ «Ես հաճույքով կպատասխանեի ինձ։ Բայց պատասխանել պետք է հավատով։ Իսկ հավատով պատասխանելու համար, պետք է վստահ լինել պատասխանիդ ճշմարտությանը, իսկ որտեղի՞ց վերցնեմ այդ վստահությունը»։

Երկրորդ զրուցակիցն ասաց․ «Վստահությունը, կամ, ավելի ճիշտ, հավատն անհնար է ձեռք բերել, այն կարելի է լոկ քո մեջ զարգացնել»։

Առաջին զրուցակիցն ասաց․ «Ինչպե՞ս կարող եմ ես իմ մեջ առ պատասխանս հավատը զարգացնել, եթե ես անգամ չգիտեմ՝ ինչ պատասխանել՝ այո, թե՞ ոչ»։

Երկրորդ զրուցակիցն ասաց․ «Ընտրեք այն, ինչը ձեզ ավելի է դուր գալիս»։

-Հիմա մեր կանգառը կլինի,- ասաց առաջին զրուցակիցը, և երկուսն էլ ելան իրենց տեղերից, որպեսզի շարժվեն դեպի ելքը։

-Կներեք, -նրանց դիմեց ինչ-որ չափազանց բարձրահասակ զինվորական։ -Ես լսեցի ձեր զրույցը և ինձ, կներեք, հետաքրքրեց․ էդ ինչպե՞ս երկու դեռ երիտասարդներ կարող են լրջորեն խոսել այն մասին  արդյոք կա՞ հանդերձյալ կյանք, թե՞ ոչ։

 

***

Պարծենկոտ Կոլպակովը

 

Ապրում էր մի ժամանակ Ֆյոդոր Ֆյոդորովիչ Կոլպակով անունով մի մարդ։

-Ես, -ասում էր Ֆյոդոր Ֆյոդորովիչ Կոլպակովը, - ոչնչից չեմ վախենում։ Թեկուզ ինձ թնդանոթից կրակիր, թեկուզ ինձ ջուրը նետիր, թեկուզ ինձ կրակով վառիր, ոչնչից չեմ վախենում։ Ես վագրերից չեմ վախենում, և արծիվներից չեմ վախենում, և կետերից չեմ վախենում և սարդերից չեմ վախենում, ոչնչից չեմ վախենում։

Ահա մի անգամ Ֆյոդոր Ֆյոդորովիչ Կոլպակովը կանգնել էր կամրջին և նայում էր, թե ինչպես են սուզակները ջուրը սուզվում։ Նայեց, նայեց, իսկ հետո, երբ սուզակները ելան ջրից և հանեցին իրենց սուզակազգեստները, Ֆյոդոր Ֆյոդորովիչը չդիմացավ և կամուրջից սկսեց նրանց բղավել․

-Հե՜յ, -բղավում է,- դա ինչ է։ Ես դեռ ինչեր կարող եմ անել։ Ես ոչնչից չեմ վախենում։ Ես և վագրերից չեմ վախենում, և արծիվներից չեմ վախենում, և կետերից չեմ վախենում և սարդերից չեմ վախենում, ոչնչից չեմ վախենում։ Թեկուզ ինձ թնդանոթից կրակիր, թեկուզ ինձ ջուրը նետիր, թեկուզ ինձ կրակով վառիր, ոչնչից չեմ վախենում

-Դե որ այդպես է, -ասում են նրան սուզակները,- ուզո՞ւմ ես փորձել ջուրն իջնել։

-Ինչիս է պետք դա,- ասում է Ֆյոդոր Ֆյոդորովիչը և պատրաստվում է կողմ քաշվել։

-Ինչ, եղբայր, վախեցա՞ր,- ասում են նրան սուզակները։

-Ոչնչից էլ ես չվախեցա,- ասում է Ֆյոդոր Ֆյոդորովիչը,- միայն թե ինչիս է պետք ջուրն իջնելը։

-Վախենում ես,- ասում են սուզակները։

-Չէ, չեմ վախենում, -ասում է Ֆյոդոր Ֆյոդորովիչ Կոլպակովը։

-Այդժամ հագիր սուզակազգեստը և մտիր ջուրը։

Իջավ Ֆյոդոր Ֆյոդորովիչ Կոլպակովը ջրի տակ։ Իսկ սուզակները վերից բարձրախոսից բղավում են․

-Դե ո՞նց է, Ֆյոդոր Ֆյոդորովիչ։ Վախենալո՞ւ է։

Իսկ Ֆյոդոր Ֆյոդորովիչը վարից պատասխանում է․

-Նյավ,․․․ նյավ․․․, նյավ․․․

-Դե, ասում են սուզակները,- բավ է նրան։

Դուրս բերեցին նրանք Կոլպակովին ջրից, հանեցին վրայից սուզակազգեստը, իսկ Ֆյոդոր Ֆյոդորովիչը շուրջն է նայում վայրի աչքերով և հար միայն նյավ․․․ նյավ․․․ նյավ է ասում։

-Դե, եղբայր, զուր մի պարծեցիր,- ասացին նրան սուզակները և ափ իջեցրին։

Գնաց Ֆյոդոր Ֆյոդորովիչ Կոլպակովը տուն և այդ ժամանակվանից այլևս երբեք չէր պարծենում։

 

***

Միրոնովը նստեց տրամվայ և գնաց, բայց ուր պետք էր, չհասավ, քանի որ ճանապարհին մահացավ։

Այդ տրամվայի ուղևորները, որում քնել էր Միրոնովը, ոստիկան կանչեցին և հրամայեցին նրան արձանագրություն կազմել առ այն, որ Միրոնովը մահացել է ոչ բռնի մահով։

 

***

Էքսպրոմտ

 

Ինչպես հայտնի է, կիսաբանաստեղծ Բորիս Պաստեռնակը Բալագան անունով շուն ուներ։ Եվ ահա, լճում լողալիս, Բորիս Պաստեռնակն ասաց ափին խմբված ժողովրդին․

-Ահա նայեք, կաղամախու տակ

Փորփրում է հողը Բալագանը։

Այդ ժամանակվանից կիսաբանաստեղծի այդ էքսպրոմտը դարձավ ասացվածք։

 

Ծերուկը երկու ձեռքով քորում էր։ Այնտեղ, որտեղ երկու ձեռքով անհնար էր հասնել, քորում էր մեկով, բայց փոխարենն արագ-արագ։ Եվ ընդ որում աչքերն էր թարթում։

 

Խվիլիշեվսկին լոռամրգի էր ուտում, փորձելով չկնճռոտվել։ Նա սպասում էր, որ բոլորը կասեն․ «Ի՜նչ կամքի ուժ»։ Բայց ոչ ոք ոչինչ չասաց։

 

Նա խոսում է վեց հայտնի և վեց անհայտ լեզուներով։

 

Ես հարգում եմ միայն երիտասարդ, առողջ և թմբլիկ կանանց։ Մարդկության մնացյալ ներկայացուցիչներին ես կասկածանքով եմ վերաբերվում։

 

Գրքի նախաբանում նկարագրել ինչ-որ սյուժե, իսկ հետո ասել, որ հեղինակն իր գրքի համար միանգամայն այլ սյուժե է ընտրել։

 

Նա այնքան կեղտոտ էր, որ մի անգամ, զննելով իր ոտքերը, մատների արանքում չորացած մլակ գտավ, որին, երևում է, մի քանի օր կրում էր ճտքակոշիկի մեջ։

 

Եթե պետությունը նմանեցնենք մարդկային օրգանիզմի, ապա պատերազմի դեպքում, ես կցանկանայի ապրել կրունկի մեջ։

 

***

Ահա ես նստած եմ սեղանին։ Իսկ սեղանը գետնին է։ Իսկ գետինն ամրացված է տանը։ Իսկ տունը երկրի վրա է։ Իսկ երկիրը ձգվում է բոլոր կողմերը, և աջ, և ձախ, և առաջ, և հետ։ Իսկ ավարտվո՞ւմ է այն որևէ տեղ։

Չէ որ չի կարող ոչ մի տեղ չավարտվել։ Անպայման ինչ-որ տեղ ավարտվում է։ Իսկ հետո ի՞նչ։ Ջո՞ւր։ Իսկ երկիրը ջրի վրա լողո՞ւմ է։ Նախկինում մարդիկ այդպես էլ մտածում էին։ Եվ մտածում էին, որ այնտեղ, որտեղ ջուրն ավարտվում է, այն միահյուսվում է երկնքին։

Եվ իսկապես, եթե ծովում կանգնեք շոգենավի վրա, որտեղ ոչինչ չի խանգարում շուրջը նայել, ապա այդպես էլ թվում է, որ ինչ-որ տեղ շատ հեռվում երկինքն իջնում է վար և միահյուսվում ջրին։    

Իսկ երկինքը մարդկանց ինչ-որ թափանցիկ, ապակենման բանից մեծ ամուր կամար էր թվում։ Բայց այդժամ դեռ չգիտեին ապակին ինչ է և ասում էին, որ երկինքը բյուրեղապակուց է։ Եվ երկինքը կոչում էին երկնակամար։ Եվ մտածում էին  մարդիկ, որ երկինքը կամ երկնակամարը ամենաամուր, ամենաանփոփոխ բանն է։ Ամեն ինչ կարող է փոխվել, բայց երկնակամարը չի փոխվում։ Եվ մինչև այժմ, երբ մենք ցանկանում ենք մի բանի մասին ասել, որ չպետք է փոխվի, ասում ենք․ դա պետք է հաստատել։

Եվ տեսան մարդիկ, թե ինչպես են երկնքով շարժվում արևը և լուսինը, իսկ աստղերն անշարժ են։ Մարդիկ սկսեցին ավելի ուշադիր աստղերը զննել և նկատեցին, որ դրանք երկնքում պատկերանման են։ Ահա յոթ աստղ կոթով կաթսաի տեսքով են, ահա երեք աստղ մեկը մյուսի հետևից ասես գիծ են կազմում։ Սկսեցին մարդիկ մի աստղը մյուսից տարբերել և տեսան, որ աստղերը նույնպես շարժվում են, բայց միայն թե բոլորը մեկեն, ասես դրանք կպած են երկնքին և հենց երկքնի հետ են շարժվում։ Եվ որոշեցին մարդիկ, որ երկինքը երկրի շուրջն է պտտվում։

Այդժամ մարդիկ ամբողջ երկինքը բաժանեցին առանձին աստղապատկերների և յուրաքանչյուր պատկերը կոչեցին համաստեղություն և յուրաքանյուր համատեղությանն իր անունը տվեցին։

Բայց միայն թե տեսան մարդիկ, որ ոչ բոլոր աստղերն են երկնքի հետ շարժվում, կան և այնպիսիք, որոնք մյուս աստղերի միջև են թափառում։ Եվ այդպիսի աստղերը մարդիկ մոլորակներ կոչեցին։

 

***

Թվերը կապված չեն հաջորդականությամբ։ Յուրաքանչյուր թիվ չի ենթադրում իրեն մյուս թվերի շրջապատում։ Մենք բաժանում ենք թվերի թվաբանական և բնական փոխներգործությունը։ Թվերի թվաբանական հանրագումարը նոր թիվ է տալիս, թվերի բնական միահյուսումը նոր թիվ չի տալիս։ Բնության մեջ հավասարություն չկա։ Կա նույնականություն, համապատասխանություն, պատկերում, տարբերություն և հակադրում։

Բնությունը մեկը մյուսին չի հավասարեցնում։ Երկու ծառ չեն կարող իրար հավասար լինել։ Նրանք կարող են իրար հավասար լինել իրենց լայնությամբ, իրենց հաստությամբ, ընդհանրապես իրենց հատկություններով։ Բայց երկու ծառ իրենց բնական ամբողջության մեջ չեն կարող իրար հավասար լինել։ Շատերը կարծում են, որ թվերը բնությունից վերցված քանակական հասկացություններ են։ Իսկ մենք կարծում ենք, որ թվերն իսկական տեսակ են։ Մենք կարծում ենք, որ թվերը ծառերի կամ խոտերի պես են։ Բայց եթե ծառերը ենթակա են ժամանակի ազդեցությանը, ապա թվերը բոլոր ժամանակներում անփոփոխ են։ Ժամանակը և տարածությունը չեն ազդում թվերի վրա։ Թվերի այդ մշտակայությունը թույլ է տալիս դրանց մյուս երևույթների օրենքները լինել։

Ասելով երկուս, մենք չենք ցանկանում դրանով ասել, որ դա մեկ և էլի մեկ է։ Երբ մենք վերևում ասացինք «երկու ծառ», ապա մենք օգտագործեցինք երկուսի հատկություններից մեկը և աչք փակեցինք մյուս հատկությունների վրա։ «Երկու ծառ» նշանակում էր, որ խոսքը ծառի և էլի մի ծառի մասին էր։ Այս դեպքում երկուսը լոկ քանակ էր արտահայտում և թվային շարքում էր, կամ, ինչպես մենք ենք կարծում, թվանիվ էր մեկի և երեքի միջև։ Թվանիվը ձևավորման իր ընթացքն ունի։ Այն ձևավորվում է խաչ կոչվող ուղղագիծ պատկերից։ 

 

***

Չորսոտանի ագռավ

 

Կար չկար չորսոտանի ագռավ։ Իսկն ասած նա հինգ ոտք ուներ, բայց այդ մասին խոսել չարժե։

Ահա մի անգամ չորսոտանի ագռավն իրեն սուրճ գնեց և մտածում է․ «Դե ահա, ես ինձ սուրճ եմ գնել, բայց այն ի՞նչ անեմ»։

Իսկ այդժամ, թարսի պես, կողքով վազում էր աղվեսը։ Տեսավ նա ագռավին և բղավեց․

-Էյ,- բղավում է,- դու, ագռավ։

Իսկ ագռավը աղվեսին բղավեց․

-Ինքդ ես ագռավ։

Իսկ աղվեսը ագռավին բղավեց․

-Իսկ դու, ագռավ, խոզ ես։

Այդժամ ագռավը վիրավորանքից սուրճը թափեց։ Իսկ աղվեսը դեն վազեց։ Իսկ ագռավը իջավ գետնին և իր չորս, կամ ավելի ճիշտ, հինգ ոտքերով գնաց իր քոսոտ տունը։

 

***

Կեղտոտ անձնավորություն

 

Սենկան հասցրեց Ֆեդկայի մռթին և թաքնվեց կոմոդի տակ։

Ֆեդկան ակիշով հանեց Սենկային կոմոդի տակից և կտրեց նրա աջ ականջը։

Սենկան դուրս պրծավ Ֆեդկայի ձեռքերից և կտրված ականջը ձեռքերին վազեց հարևանների մոտ։

Բայց Ֆեդկան հասավ Սենկայի հետևից և շաքարամանով լավ հասցրեց նրա գլխին։

Սենկան ընկավ, և, կարծես, մահացավ։

Այդժամ Ֆեդկան իրերը տեղավորեց ճամպրուկի մեջ և գնաց Վլադիվոստոկ։

Վլադիվոստոկում Ֆեդկան դերձակ դարձավ․ իսկն ասած, նա այդքան էլ դերձակ չդարձավ, քանի որ միայն կանացի հագուստ էր գործում, առավելապես վարտիքներ և կրծքկալներ։ Կանայք Ֆեդկայից չէին ամաչում, հենց նրա առաջ բարձրացնում էին իրենց շրջազգեստները, և Ֆեդկան նրանցից չափ էր վերցնում։

Ֆեդկան, այպես ասած, շատ բան է տեսել։

Ֆեդկան կեղտոտ անձնավորություն է։

Ֆեդկան Սենկային սպանողն է։

Ֆեդկան  հեշտասեր է։

Ֆեդկան որկրամոլ է, քանի որ ամեն երեկո նա քսան կոտլետ էր ուտում։

Ֆեդկայի փորն այնքան է մեծացել, որ նա իրեն սեղմիրան է սարքել և սկսել է այն կրել։

Ֆեդկան անխիղճ մարդ է․ նա փողոցում հանդիպող երեխանեից գումար էր խլում, նա ծերուկներին ոտք էր գցում և վախեցնում էր պառավներին՝ նրանց վրայով  ձեռքը բարձրացնելով, իսկ երբ վախեցած պառավը թափով կողք էր նետվում, Ֆեդկան ձևացնում էր, որ բարձրացրել է ձեռքը լոկ գլուխը քորելու համար։

Ավարտվեց նրանով, որ Ֆեդկային մոտեցավ Նիկոլայը, հասցրեց նրա մռթին և թաքնվեց պահարանի տակ։

Ֆեդկան պահարանի տակից ակիշով հանեց Նիկոլային և նրա բերանը ճղեց։ Նիկոլայը ճղած բերանով վազեց հարևանների մոտ, բայց Ֆեդկան հասավ նրա հետևից և հարվածեց նրան գարեջրի բաժակով։ Նիկոլայը ընկավ և մահացավ։

Իսկ Ֆեդկան հավաքեց իր իրերը և հեռացավ Վլադիվոստոկից։

                                                                   

***

Պան Պշեխովսկու բեղերի պես երկար էին և Մատվեյ Սոլոմանսկու բեղերը։ Պան Պշեխովսկին հպարտանում էր իր բեղերով և Մատվեյ Սոլոմանսկու հիմար մռութը Պանին կատաղեցնում էր։ Պանը բռունցքներով և կրունկներով դմփդմփացնում էր, ատամներ էր ցույց տալիս, թքում էր պատին, կատաղությունից սևանում էր և զիլ զզվելի ձայնով բղավում։

Ես բանաստեղծություններ էի գրում ժամերի մասին, իսկ հարևան սենյակում նստած էր Պան Պշեխովսկին և կարի մեքենայով գրպաններ էր կարում։ Մեքենան անհամաչափ էր թխկթխկում և խանգարում էր կենտրոնանալուս։ Պանը մեքենայով շատ վատ էր կարում, լսելի էր՝ ինչպես էր հայհոյում մաքոքն ու թելը, բայց, երբ մաքոքն ու թելը ենթարկվում էին պանյան կամքին, Պանը պտտում էր մեքենայի կոթը և հայհոյում Մատվեյ Սոլոմանսկուն։ Զզվեցի այդ մշտական հայհոյանքից և կարի մեքենայի թխկթխկոցից, թքեցի և ելա փողոց։

 

Թարգմանությունը Գրիգոր Ֆերեշեթյանի