Մամուլյան և Սարոյան. հայազգի հսկաները Բրոդվեյում

«ArtCollage»-ը շարունակում է ներկայացնել Անուշ Ասլիբեկյանի՝ Բրոդվեյին նվիրված  շարքը: Ինչ փոխեցին հայազգի հսկաները Բրոդվեյում. Բրոդվեյի ծանր հրետանի Ռուբեն Մամուլյանն ու պոետ Սարոյանը:

 

«Օկլահոմա»-ն և Ռուբեն Մամուլյանը

Բրոդվեյը շատ ներքին հակասություններ ուներ: Կոմերցիոն Բրոդվեյում երբեմն բեմադրվում էին նաև դրամատիկական բարձրարժեք ստեղծագործություններ, օրինակ՝ Վիլյամ Սարոյանի, Արթուր Միլլերի, Էդուարդ Օլբիի և այլոց պիեսները, ինչն այնքան էլ օրինաչափ չէր ժանրի տեսանկյունից: Իր զարգացման ընթացքում ժամանցային Բրոդվեյը վայրէջքներ և վերելքներ էր ունենում ու երբեմն գաղափարական լիցքերի կարիք ուներ: Ժամանակ առ ժամանակ այստեղ հանդիպում էին կոմերցիան և արվեստը, զվարճանքը և իրական կյանքը: Նման մի գաղափարական ճգնաժամի հատվածում էլ, երբ Բրոդվեյը թարմ օդի կարիք ուներ, ծնվում է «Օկլահոման»՝ կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի և լիբրետիստ Օսկար Համերսթայնի երաժշտական կոմեդիան՝ դրամատուրգ Լին Ռիգսի «Կանաչում է եղրևանին» պիեսի հիման վրա: Բեմադրության ռեժիսորն էր Ռուբեն Մամուլյանը: Բեմադրություն, որ ձևավորվել էր մեծ դժվարությունների, նորարարության գնալու խիզախության, բեմադրողի անձի հանդեպ անվերջ թերահավատության ու կասկածների մթնոլորտում: «Օկլահոմայի» առաջնախաղը տեղի է ունեցել 1943-ի մարտի 31-ին՝ Նյու Յորքի «Սենտ Ջեյմս» թատրոնում և ցնցող հաջողություն է ունեցել ԱՄՆ թատրոնի պատմության մեջ՝ բեմում մնալով 10 տարի անընդմեջ, խաղացվելով 2248 անգամ: Սա առաջին ներկայացումն էր, որում փորձ էր արվել պարերը և երգերը դարձնել դրամատիկական սյուժեի անբաժան մաս, ուշադրություն էր դարձված ոչ թե բեմական շքեղությանն ու էֆեկտներին, այլ իրական կյանք էր ստեղծված՝ ժողովրդական կենցաղից տեսարաններով, նուրբ հումորով և ուրախ թեթևությամբ՝ երաժշտական կոմեդիայի ժանրի օրնաչափություններով: Ներկայացումն աչքի էր ընկնում կոմպոզիցիոն նոր կառուցվածքով: Իրենք՝ հեղինակներն, առաջարկում են նոր եզրույթ՝ երաժշտական ներկայացում (musical play), իսկ ավելի կարճ՝ մյուզիքլ. այսպիսով ծնվում է մյուզիքլի ժանրը: Թատերական քննադատներն «Օկլահոման» որակեցին որպես նոր խոսք, այն կոտրեց Բրոդվեյում մինչև այդ ընդունված ձևերը, և ԱՄՆ-ի թատրոնում ձևավորեց մյուզիքլի նոր ավանդույթը: Ռուբեն Մամուլյանին անվանում էին Բրոդվեյի ծանր հրետանի:

Բրոդվեյյան մյուս անվանի ռեժիսորն Էլիա Կազանն էր, որը Ստանիսլավսկու սիստեմի հետևորդ էր: Իր գործունեությունը նա սկսել էը «Գրուպ» թատրոնում որպես դերասան՝ 1932-1941 թթ. մինչև թատրոնի փակվելն աշխատելով այնտեղ: Փակվելուց հետո նա դառնում է ԱՄՆ-ի ամենահայտնի ռեժիսորներից մեկը: Նրա հետ են կապվում երկու մեծ դրամատուրգների՝ Թենեսի Ուիլյամսի և Արթուր Միլլերի անունները, որոնց առաջին պիեսների բեմադրիչն էր Կազանը: «Գրուպը» և «Գիլդը» մնում են մինչպատերազմյան շրջանի ամենաառաջադեմ փոքր թատրոնները, որոնք իրենց առջև բարձր գեղարվեստական խնդիրներ էին դրել: Ակնառու թատրոններից էր Դեյվիդ Ռոսի «4-րդ փողոցի թատրոնը», որը Բրոդվեյի առևտրայնացման դեմ պայքարում էր՝ բեմադրելով Հենրիկ Իբսենի և Անտոն Չեխովի պիեսները: Նկատենք, որ հենց փոքր ու ոչ կոմերցիոն թատրոններում են համբավ ձեռք բերել հետագայում աշխարհահռչակ շատ դերասաններ, ռեժիսորներ, դրամատուրգներ և կոմպոզիտորներ:

 

Բրոդվեյի վերելքը

Բրոդվեյի թատրոնների ամենալուրջ մրցակիցը դարձավ կինոն: Մեծ դժվարությամբ, բայց այս թատրոնները կարողացան գոյատևել հոլիվուդյան կինոյի ծաղկման շրջանում։ 1950-60-ականները Բրոդվեյի վերելքի շրջանն են, դրա ժողովրդականությունը հասավ իր բարձրակետին, իսկ համբավը տարածվեց Միացյալ Նահանգների սահմաններից էլ շատ հեռու:

Բրոդվեյը մեկ անգամ էլ ճգնաժամ էր ապրել 1970-ականներին: 42-րդ փողոցում աստիճանաբար բուն էին դրել «մեծահասակների» համար նախատեսված կինոթատրոնները, էրոտիկ և պոռնոգրաֆիկ շոուները, բազմաթիվ սրճարաններ՝ «գիշերաին թիթեռնիկների» համար եկած այցելուներով։ Այդ տարիներին տարածքը Նյու Յորքի բնակիչների շրջանում հայտնի էր իբրև վատ համբավի թաղամաս։ Այնուամենայնիվ, 1982 թվականի գարնանը Բրոդվեյի պրոդյուսեր, ռեժիսոր Ջոզեֆ Պապը արշավ սկսեց՝ թատրոնները փրկելու և դրանց պատմական տեսարժան վայրերի կարգավիճակ տալու նպատակով: 1990-ականներին նրա ջանքերի շնորհիվ Թատերական թաղամասը երկրորդ շնչառություն ստացավ։ Վատ համբավի բոլոր հաստատությունները փակվեցին, հին ու շքեղ թատրոնների կողքին հայտնվեցին նորերը, բազմասրահ կինոթատրոններ, ռեստորաններ և զբոսաշրջային այլ տեսարժան վայրեր:       

1980. ականները նշանավորվեցին մի շարք նոր մյուզիքլների բեմադրությամբ, որոնք հետագայում դարձան ժանրի դասականներ: Այսօր էլ անցած տասնամյակների դասական բրոդվեյjան մյուզիքլներից շատերը մնում են խաղացանկում՝ «Օպերայի ուրվականը», «Կատուները», «Չիկագոն», «Վեստսայդյան պատմությունը» և այլն: Դրանց գումարվել են նաև Դիսնեյյան մյուզիքլներ, որոնք շատ սիրված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի կողմից, նաև՝ ժամանակակից դրամատուրգների գործեր:

 

Վիլյամ Սարոյանը և Բրոդվեյը

Հայազգի մեկ այլ մեծահամբավ ստեղծագործողի անուն է կապվում Բրոդվեյի հետ: Վիլյամ Սարոյանի՝ 1938-ին գրված «Իմ սիրտը լեռներում է» (My Heart’s in the Highlands) պիեսը Նյու Յորքի քննադատներն արժանացնում են «Տարվա լավագույն պիես» մրցանակին: Նույն թվականի գարնանը այն ներկայացրել է Հարոլդ Կլերմենի «Գրուպ» (Group Theatre) թատերախումբը, որը 30-ականների ամենահայտնի կոլեկտիվներից էր ԱՄՆ-ում և առաջինն էր, որ կիրառում էր Ստանիսլավսկու մեթոդը: Բեմադրիչը Ռոբերտ Լեուիսն էր: Ե'վ պիեսը, և' ներկայացումն ունեցել են հսկայական հաջողություն: Ոչ պակաս ու գուցե ավելի մեծ համբավ բերած «Ձեր կյանքի ժամանակը» (The Time of Your Life) պիեսը՝ գրված 1939-ին, ինչպես հեղինակն է խոստովանել`վեց օրում, 1939-ի հոկտեմբերին բեմադրել է Էդդի Դոուլինգը`գրողի ակտիվ և անմիջական միջամտությամբ (ի դեպ,  Սարոյանն անգամ խաղացել է բեմադրության մեջ՝ Էդդի Դոուլինգի և Ջին Քելիի հետ): Այն դարձել է ԱՄՆ-ի թատրոնի պատմության ամենաշռնդալից երևույթներից մեկը: 1940 թ. այս պիեսը հեղինակին միանգամից երկու խոշոր գրական մրցանակ է բերել` Նյույորքյան գրաքննադատների և Պուլիտցերյան մրցանակները: Պիեսը մեծ հաջողությամբ վերաբեմադրվել է Նյու Յորքում՝ 1953-ին:

Հաջորդ երկու պիեսները՝ «Սիրո հին, անուշիկ երգ» և «Գեղեցիկ մարդիկ», բեմադրվում են 1940-41 թթ.՝ իրենց ծնունդից անմիջապես հետո: Երեք տարի Բրոդվեյի հետ սերտ համագործակցելուց հետո Սարոյանը որոշում է լքել կոմերցիոն Բրոդվեյը` հրաժարվելով և’ մեծ գումարներից, և’ հեղինակություն բերող թատերախոսականներից: Նա գնում է ծայրամասային համեստ թատրոններ, որտեղ էլ 1941-ին հիմնում է իր սեփական թատրոնը, որին ընդամենը մի քանի ամսվա կյանք էր վիճակված. այն փակվել է 1942-ին՝ ֆինանսական դժվարությունների պատճառով: Շռնդալից սկզբից հետո 1942-45 թթ., բանակում գտնվելու ընթացքում, Սարոյանը հասցնում է աստիճանաբար հետին պլան մղվել, թեև այդ տարիներին նրա պիեսների բեմադրությունները դեռ ընթանում էին Բրոդվեյի թատրոններում: 1952-ին նա գրում է իր լավագույն պիեսներից մեկը՝ «Կոտորածն մանկանց», որն Ամերիկայում ոչ ոք չէր ուզում բեմադրել: 1953-ին Բրոդվեյում բեմադրվում է նրա «Հեռացի’ր, ծերուկը», որը նույնպես հաջողություն չի ունեցել: Սկսվում է երկարատև օտարումը թատրոնից: Այնուհետև Սարոյանը վերագտնում է իր փառքը` գրելով մեկ գործողությամբ պիեսներ, իսկ 1957-ին «Քարանձավի բնակիչները» պիեսի բեմադրությունը կրկին Բրոդվեյում մեծ իրադարձություն է դարձել՝ հիշեցնելով «Ձեր կյանքի ժամանակը» պիեսի անկասելի հաջողությունը:

Ժամանակի ամենահեղինակավոր թատերագետները (Բրուկս Ատկինսոն, Ջորջ Ժան Նաթան, Ջոն Մեյսոն Բրաուն) Սարոյանի պիեսներով ոգևորված գրել են, որ Սարոյանը Բրոդվեյի թատերական հարթակներ վերադարձրեց իրական պոեզիայի և հումորի շնչառությունը:

 

Անուշ Ասլիբեկյան