Լսելով լռությունը
Խորհրդածություն Նարեկ Կիրակոսյանի «Լռության արքայի մենախոսության» մասին
Իրանցի բանաստեղծ, գրող, գրականագետ, Ուրմիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտահետազոտող Էսմայիլ Յուրդշահյան Ուրմիան
անդրադարձել է Նարեկ Կիրակոսյանի «Լռության արքայի մենախոսությանը»:
Էսմայիլ Յուրդշահյան Ուրմիան մշակույթի և քաղաքակրթության ոլորտի հետազոտությունների մագիստրոս և սոցիալական հոգեբանության դոկտոր է, հրատարակել է 24 գիրք՝ 12 բանաստեղծական ժողովածու, 7 վեպ, պատմվածքների ժողովածու և չորս հետազոտական աշխատանք լեզվի, սոցիոլոգիայի և փիլիսոփայության ոլորտներում, ինչպես նաև 47 գիտական և հետազոտական հոդվածների հեղինակ է։ Էսմայիլ Յուրդշահյան Ուրմիայի «Լսելով լռությունը» հոդվածը մեր ընթերցողներին ենք ներկայացնում Անի Հովսեփյանի թարգմանությամբ:
***
Արդեն տևական ժամանակ է՝ մտածում եմ, թե ինչ պիտի գրել Նարեկ Կիրակոսյանի մասին․ նա, ով ամբողջ աշխարհը ամփոփել է իր լռության արքայի արձագանքի մեջ։ Նարեկն ունի մի տող պոեզիայի մասին, որը համընդհանուր է բոլոր մտավոր-լեզվական արվեստների համար. «Պոետները վերազանցական մոգեր են», որոնք վեհացնում են աշխարհը։
Այս կարծիքը պոեզիայի, արձակի և բանավոր արվեստների ստեղծման վերաբերյալ բոլոր կարծիքների, գաղափարների ու գրվածքների չափ իմաստալից է, և արտահայտում է պոեզիայի և վեպերի կոնցեպտուալ-զգայական դպրոցի արտահայտման հիմնական տարրը։ Ժամանակակից փիլիսոփա Հաննա Արենդտը իր «Բանականության կյանքը» աշխատության մեջ գրում է. «Ի՞նչ ենք անում, երբ մտածելուց բացի ուրիշ բան չունենք անելու։ Մենք, ովքեր սովորաբար շրջապատված ենք մեր նման մարդկանցով։ Որտե՞ղ ենք մենք, երբ մեզանից բացի ոչ ոքի հետ չենք»։ Եվ ես հարցնում եմ՝ որտե՞ղ ենք մենք, երբ ամենուր ենք։ Թե որ բան չենք ասում, ապա ի՞նչ ենք անում։ Գուցե կասեք, որ մենք խոսում ենք ինքներս մեզ հետ, և մեր ներսում մտածելու այս շշուկը մի տեսակ խոսելակերպ է ինքներս մեզ և մեր շրջապատի մարդկանց հետ։ Եվ եթե մենք ընդունենք այս պատասխանը, ի՞նչ կպատասխանեիք այն բանաստեղծին, ով իր պոեզիան ստեղծում է իր լուռ ընդերքի մեջ և կարդում ձայնով ու արձագանքում։ Անկասկած կասեք՝ նա իր ներաշխարհն է շշնջում, և ես հարցնում եմ՝ մի՞թե դա չէ արվեստը։ Մեր բոլորի ներսում թաքնված, շշնջացող «ես»-ը չէ՞, որ բնույթով լավ է ու գեղեցիկ և ազատ՝ բոլոր սահմանափակումներից, ձևերից, գաղափարախոսությունից և տիրապետությունից։ Եվ սա հենց Նարեկ Կիրակոսյանի կարծիքն է, ով գրողներին ու բանաստեղծներին համեմատում է բառարվեստի մոգերի հետ, ովքեր, զգացական ստեղծագործությամբ քանդում են բոլոր լեզվական հարաբերությունները և բառերը բարձրացնում արտահայտչականության ամենաբարձր մակարդակի, որը, ինչպես երաժշտությունը, պահանջում է դրանց զգացական լիցքն ու իմաստը որսալ։ Ասում են, որ աշխարհի բանաստեղծների և գրողների շրջանում, գոյություն ունի ընկալման և արտահայտման մտային և զգայական հարաբերություն, որին չի իշխում ո՛չ ժամանակը, ո՛չ աշխարհի ընդարձակ աշխարհագրությունը, և ո՛չ էլ լեզուն։ Նարեկը մտածում է նույն կերպ, ինչպես ես՝ բանաստեղծ և գրող Էսմայիլ Յուրդշահյանս, կամ այլ հուզապաշտ և կոնցեպտուալ գրողներ ու բանաստեղծներ։
Իմ ամբողջ աշխարհը նման է «Կապույտ երգը և մանուշակագույն Ուրմիան» օպերային պոեմին, որը երգվում է Ուրմիայի աղջկա և ջրի պահապանի կարված շուրթերով, որը մանուշակագույն աչքեր ուներ և սպանվել էր լճի ափին, որպես չարտահայտված պատմական ցավ ժամանակի ընթացքում։ Եվ ես երգեցի իմ հայրենի Ուրմիո լճի չորացման մասին և նրա ցավի երգը ցույց տվեցի չորացող լճի ափին մանուշակագույն շուշանների ծաղկման մեջ, ու խոսեցի մի ցավի մասին, որը ծագել է պատմության և հեռավոր դարաշրջանների սրտից և դեռևս շարունակվում է։ «Լռության Արքայի մենախոսութուն»-ում Նարեկը կոնցեպտուալ կերպով և հուզականորեն արտահայտում է Արքայի ողբերգական մենախոսությունը, որ ինքնին բառերի Արքան է։ Անպատմելի ցավեր ու տխրություններ, սիրո թագավորը և գոյության փառքը, որը գանգատվում է ժամանակից և սիրահարից, այն մոլուցքը, որը պետք է այցելի բանաստեղծին և լինի նրա սրտի խոսքերի ու ժամանակի սրտից բխող ու հոսող չասված խոսքերի լսողը, և Նարեկը բառերով ամփոփում է աշխարհի բոլոր խոցվածների փշրված ոսկորների ցավը, որպեսզի բոլորը հասկանան։ «Լռության Արքայի մենախոսությունը» բանաստեղծության յուրաքանչյուր տողի յուրաքանչյուր բառը, պետք է դիտարկել և խորհրդածել։ Մի՞թե սա երգ չէ մեր բոլորի շուրթերից՝ աշխարհը տիրած սարսռացնող լռության մեջ։ Եվ Նարեկ Կիրկոսյանը երգում է այն.
Շատերը կարծում են ծովախորշում փտող նաւ եմ՝
լուռ, երկաթէ՝ դատապարտւած մենութեան մէջ մեռնելու։
ենթադրում են՝ գոռոզ եմ, չեմ հաղորդակցւում, չեմ
սիրում կեանքը, վանում եմ ինձնից շատերին։
Մեղադրում են մեծամտութեան, մարդկանց ատելու,
չշփւելու մէջ։
Վախենում եմ այս մտքերից։
Ես այդպիսին չեմ։ Ես գոռոզ չեմ։
Կամ սույն ցավալի քնարերգության մեջ՝
Գիժս։
Ես մրսում եմ։
Աչքերս կկոցում եմ՝ որոնելով ոսկէ փաթիլներդ։
Գոնէ վերջին անգամ, մի ակնթարթ միայն տեսնեմ
քեզ։
Դողէրոցքի մէջ եմ։
Գիտեմ՝ հիմա կասես․ Դու իսկական խենթ ես։
Ես մեռնող խենթ եմ․․․
Իրոք, այս մահվան դատապարտված խելագարը մեր ժամանակների այն մարդը չէ, որին Նարեկը, բանաստեղծական, բայց ողբերգական ուղերձով, անվանում է «գիժս», և կոնցեպտուալ-զգայական վեհ կառուցվածքով նա շշնջում է այս տեքստը աշխարհին. «Ինձ Խելագար անվանիր»։ Եվ Գիժը լքված և անկման վիճակում գտնվող անձնավորություն է՝ բախվող քաոսային աշխարհին, ով սիրառատ քարոզ է երգում տառապանքի մասին՝ ժամանակի տառապող և պատասխանատու մարդուն, ով մտահոգված է իր կյանքով, գոյությամբ, կենսապայմաններով և սիրով։ Որովհետև «Արքան» ինքը լռություն է, և, հետևաբար արժանի է գրվելու։ Երբ բանաստեղծն ու գրողը դիպչում է երկրի կրծքին ու վերքերին և աշխարհի մարդկանց կյանքին․ դառնում է մարդկանց բոլոր չարտահայտված և լուռ շրշյունների երգահանը, որոնց շշունջները փչում է քամու մեջ և լսվում ու արձագանքվում հազարավոր բանաստեղծների ու գրողների միջոցով։ Դուք կհարցնեք. Ի՞նչ է այս շշուկների արձագանքը։
Կասեի․ «Լռության Արքայի մենախոսությունը» բառերի արձագանք, որը ես Էսմայիլ Յուրդշահյանս, կկարդամ Նարեկ Կիրակոսյանի համար․-
Ես տերև չէի՝
Քամին չտեսա
Ես քո հին երգերը չլսեցի,
Քամին եկավ,
Անձրևը տեղաց,
Տխրությունը հանդարտվեց,
Մեկը ինձ կանչեց՝
Երբ դու այգի եկար
Դեղիններից ինձ հարցրու:
Էսմայիլ Յուրդշահյան Ուրմիա
28 սեպտ․ 2025 թ․Օրմե, Իրան
Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի