Լեոնիդ Գրիգորյան․ ռոստովյան այլախոհը

Լեոնիդ Գրիգորյանը խորհրդային ժամանակաշրջանում Դոնի Ռոստովի ոչ պաշտոնական գրականության առանցքային դեմքերից էր։ Չնայած հետապնդումներին՝ նա բանաստեղծական միջավայրում ճանաչված էր, հետևորդները մինչև իսկ պաշտամունքի հասնող սեր էին տածում նրա հանդեպ․ սկսնակներն ակնածանքով նրա դատին էին հանձնում իրենց բանաստեղծությունները՝ ով դռան ճեղքից էր ներս մտցնում, ով գցում էր փոստարկղը, ով էլ անձամբ էր բերում։ Պատիվ էր համարվում հյուրընկալվել նրա տանը, լսել նրա ըմբոստ խոսքը։ Միաժամանակ Գրիգորյանը փնտրված թարգմանիչ էր և այդ կարգավիճակով էլ առավելապես հայտնի է այսօր․ նրա անվանը հանդիպում ենք Քամյուի և Սարտրի ցայսօր վերահրատարակվող գրքերում, հայկական պոեզիայի ռուսերեն ընտրանիներում, նրա շատ թարգմանություններ օրինակելի կարելի է համարել։ Մինչդեռ, ինչպես Իսահակյանն է ասել (ըստ Շիրազի հուշերի)՝ «Ամեն մի թարգմանիչ, ումից էլ որ թարգմանի, ինքը դուրս կգա»։ Այնպես որ նաև իր թարգմանած գործերում փորձենք փնտրել նրան։

Գրիգորյանի հայրական պապն ու տատը Արևմտահայաստանից են գաղթել Ջավախք, պապն Ախալքալաքում է ապրել, տատը՝ Ախալցխայում, հետագայում երկուսն էլ տեղափոխվել են հյուսիս և, ի վերջո, հաստատվել Ռոստովում։ Նրանք մրգաջրերի արտադրություն են ունեցել։ Լեոնիդի հայրը բարձրագույն տնտեսագիտական  կրթություն ուներ, մայրը տագանրոգցի հրեական ընտանիքից էր, աշխատել է որպես կենսամատենագիր։

Լեոնիդը ծնվել է 1929-ի դեկտեմբերի 27-ին՝ Դոնի Ռոստովում։ 1937-ին անկուսակցական հորը ձերբակալել են․ չնայած կտտանքներին՝ նա հրաժարվել է ընդունել թե թուրքական, ճապոնական և գերմանական լրտես է։ Փոքրիկ Լեոնիդը համարվել է հայրենիքի դավաճանի որդի, նա հետագայում մեծ սիրով է հիշել իր առաջին ուսուցչուհուն՝ Մարգարիտա Ներսիսյանցին, որը հասկացել և սատարել է իրեն։ 1940-ին հայրն անսպասելիորեն վերադառնում է ճամբարից, սակայն երբ սկսվում է գերմանական հարձակումը՝ առանց դատի գնդակահարվում է հորեղբայրը։ Պատերազմի ժամանակ հայրը որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ, իսկ բռնազավթված Ռոստովում գտնվող փոքրիկ Լեոնիդին և նրա մորը փրկում է հորաքույր Աշխենը՝ վարպետորեն կեղծելով մոր անձնագիրը ու Ցիցիլիա Նասման հրեական անունը վերափոխելով Մարիամ Գրիգորյանցի։ Այդ տարիներին Լեոնիդը ստիպված էր զբաղվել դատարկ բնակարանների մանր թալանով՝ այդ թվում փախցնելով նաև գրքեր։

1953-ին Գրիգորյանն ավարտել է Ռոստովի պետհամալսարանի ռոմանագերմանական բաժինը։ Նույն թվականից սկսել է դասավանդել ՝լատիներեն, տասնամյակներ շարունակ եղել է Ռոստովի բժշկական ինստիտուտի լատիներենի ամբոնի վարիչը։

Եվգենի Եվտուշենկոյի դրվատական նամակից ոգևորված՝ լրջորեն զբաղվել է պոեզիայով։ Բանաստեղծությունների առաջին ընտրանին լույս է տեսել 1966 թվականին՝ «Նովի միր» ամսագրում, երբ հեղինակը 37 տարեկան էր։ Տպագրության «կնքահայրը» Ալեքսանդր Տվարդովսկին էր։

Բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1968 թվականին։ Այնուհետև Լև Օզերովի առաջաբանով Մոսկվայում հրատարակվել է «Ընկեր» քնարական ժողովածուն (1973)։ Ռոստիզդատում Գրիգորյանի «Օրագիր» բանաստեղծությունների երրորդ գրքի հրատարակությունը սկանդալի պատճառ է դառնում. հեղինակին մեղադրում են իբր հակասովետական ​​տրամադրությունների համար, իսկ գրքի տպաքանակը գրեթե ամբողջությամբ ոչնչացվում է։    

Գրող, քաղբանտարկյալ Նաում Նիմի ընկերը լինելու մեղադրանքով համալսարանի ղեկավարությունը որոշում է Գրիգորյանին հեռացնել աշխատանքից, սակայն, ի վերջո, միջազգային սկանդալից խուսափելու համար տեղի է տալիս։

Ազատամիտ բանաստեղծը հակադրվում էր պաշտոնական գաղափարախոսությանը, համոզված հակաստալինական էր։ «Զնամյա» հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Չուպրինինի խոսքերով՝ Գրիգորյանի բարոյական ստոիցիզմը տարիների ընթացքում ավելի ամրապնդվեց։ Մեր հարցին ի պատասխան ռուս գրող, գրականագետ Դմիտրի Բիկովը նշում է, որ Գրիգորյանին «դժվար է պատկերացնել առանց ռոստովյան այն միջավայրի, որը նա կազմակերպել էր և որում տիրում էր», իսկ նրա «տտպահամ պոեզիան» ռուսական արգելված պոեզիայի ասկետիկ դպրոցի մաս էր կազմում։ «Նա Ռոստովում նույն դերն էր խաղում, ինչ Չիչիբաբինը Խարկովում, և ինձ համար Գրիգորյանն ավելի խիստ ընտրության, առավել ճշգրիտ խոսքի, կարծր հետևությունների բանաստեղծ է․․․ Ըստ իս՝ Գրիգորյանը 1970-80-ականների ամենակարևոր, ամենանշանակալի ձայներից է, երջանիկ եմ, որ հասցրել եմ նրա հետ զրուցել․․․»։ Բիկովի խոսքերով, չնայած բազմաթիվ հիվանդություններին՝ Գրիգորյանը շշմեցնում էր իր դիմացկունությամբ, ձգողական ուժով, քանի որ «դեպի իրեն էր ձգում, առանց չափազանցության, հազարավոր մարդկանց»։

Նույն կարծիքին է պրոֆեսոր Սերգեյ Նիկոլաևը․ «Լեոնիդ Գրիգորևիչ Գրիգորյանը արտասովոր անձնավորություն էր (ո՛չ, այս բառը երևի ոչ մեկին ոչինչ չի ասում), բացառիկ (այո՛, երևի երբեք չեմ հանդիպել նրա նման մեկին ոչ նախկինում, ոչ հետո…), ահռելի ձգողական ուժով (իհարկե՛, իհարկե՛), մի ուժ, որը ոչ մի կերպ չի կարելի պարզունակ հմայք կոչել»։

Ծանր հիվանդության պատճառով Գրիգորյանը դժվարությամբ էր քայլում և շարժվում, դեռ 1980-ականներին ենթարկվել էր ուղեղի տրեպանացիայի։

Նա հազվագյուտ և նոր գրքերի մեծ հավաքածու ուներ, որը բաց էր հյուրերի համար։ Իրեն չէր պատկերացնում առանց գրքերի, և նույնիսկ մահվանից առաջ, երբ հիվանդության պատճառով քիչ էր կարդում, շարունակում էր նոր թանկարժեք գրքեր ձեռք բերել։ Իր ժամանակների պոեզիայի վերջին հանճար համարում էր Իոսիֆ Բրոդսկուն, որից հետո «գրելը դժվար է»։ 

Ըստ Գեորգի Բաղդիկովի՝ «1970-1980-ականների ռոստովյան գրական միջավայրում լավ գիտեին, որ հենց Գրիգորյանի տնից էին սկսում իրենց ճանապարհորդությունը արգելված գրքեր, ինչպես նաև հենց իր՝ բանաստեղծի գործերի ծաղկաքաղերը։ Ստեղծագործ երիտասարդության համար Գրիգորյանը և՛ լեգենդ էր, և՛ այլախոհության խորհրդանիշ»։

Գրիգորյանը հատուկ վերաբերմունք ուներ Արսենի Տարկովսկու հանդեպ (նրանք  նամակագրական կապ ունեին), իսկ մորուք սկսել է պահել Սոլժենիցինի հետ ծանոթությունից հետո՝ նմանվելով վերջինիս։ Ծանոթ էր Բուլատ Օկուջավայի և Ֆազիլ Իսկանդերի հետ։ Բարդ հարաբերություններ է ունեցել բանաստեղծուհի Յունա Մորիցի հետ, որը նրան բանաստեղծություն է նվիրել։ Գրիգորյանի գործունեությանն անդրադարձել է Նադեժդա Մանդելշտամը՝ իր «Երկրորդ գիրք» հուշագրությունում։

Գրիգորյանը հրատարակել է 17 բանաստեղծական ժողովածու և մեկ թարգմանական ընտրանի։ Օսիպ Մանդելշտամի և Բորիս Պաստեռնակի նման նա էլ հատուկ ուշադրություն էր դարձնում բառին, օգտագործում էր հնաբանություններ, հատուկ եզրույթներ՝ երբեմն ավելի պարզ հոմանիշների փոխարեն։ Մի առիթով ասել է․ «Ինձ հաջողվեց մինչև վաթսուն տարեկանս պահպանել տղայությունս»։ Մի կողմից այդ տղայական ըմբոստությունը, մյուս կողմից՝ փոխվելու, թարմ մոտեցումներ բերելու անկարողությունը («պետք է կարողանալ փոխվել, քանի ողջ ես։ Իսկ ես չեմ կարողանում․․․») բնորոշ են նրա պոեզիային։  

Կյանքի վերջին շրջանում Գրիգորյանը փորձեր էր անում թողնել պոեզիան․

Եթե նույնիսկ հանկարծ լռեմ,

Աստված մեկ է կհասկանա ինձ․․․

Սակայն, կրկին ձեռքն էր վերցնում գրիչը․ 2005-ին հրատարակված ժողովածուն քննադատների կարծիքով «գրիգորյանավարի ուժեղ էր, մկանուտ, առաձգական»։

Նրա բանաստեղծությունների տեքստերով մինչև իսկ երգեր են գրվել։ Իրենց Գրիգորյանի գաղափարական հետնորդներն են անվանում Ռոստովի «Զաոզյորնայա» բանաստեղծական դպրոցի ներկայացուցիչները։

Գրաքննադատներն առանձնացնում են Գրիգորյանին հատուկ իմաստային հագեցածությունը, հարուստ ոճական ընդգրկումը և հումորը։ Բանաստեղծուհի Նինա Օգնևան նրա պոեզիայի մասին գրում է․ «Գրիգորյանի ցանկացած նոր ամսագրային հրատարակություն կամ բանաստեղծական գիրք մեկ անձի թատրոն է, մենահանդես, որտեղ հանդիսատեսը, արագ տարվելով բանաստեղծական ինտոնացիաների հարստությամբ, մի քանի տեսանկյուններից ներկայացված գաղափարի տրամաբանական զարգացմամբ, արվեստի մոգության ազդեցությամբ, ամեն անգամ հեղինակի հետ վերապրում է կյանքի մի հատված, որում պարադոքսալ միասնության մեջ, ժանրի օրենքներով զարգանում են ողբերգությունն ու ֆարսը․․․»: Նա այսպիսի տողեր ունի․

Թերևս խաչ է մի անտանելի

Ունկ դնել սաղմին և արմատներին․․․

Հատկանշական է բանաստեղծի վերաբերմունքն իր հայկականությանը։ Մի կողմից միշտ հիշելով իր արմատները, հաճախ անդրադառնալով դրանց, իրեն զգալով նաև այդ ավանդության կրողը («Հայաստանը միշտ գոյություն է ունեցել իմ մեջ»), նա միաժամանակ զգալիորեն դիստանցվել է դրանցից։ Նրա մասին թերևս կարելի է ասել, որ ամենուրեք նա օտար էր՝ նույնիսկ յուրայինների շրջապատում․․․

Կենդանի կապը ես կարծես զգացի

Մարդկանց հետ, քարի ու ծառի,

Ողջ թե մեռածին հիշեցի աղոթքով

Թեկուզ և ռուսերեն բառերով․․․

Բանաստեղծությունն է ասես նրա հոգևոր հայրենիքը․

Մթում որքա՞ն է ճիչը այս ճախրել,

Մինչև ամենուրեք հասու է այն դարձել։

Երախտապարտ եմ, ով մոռացված հայրենիք,

Որ գոյություն է ունեցել Նարեկացի․․․

Գրիգորյանն առաջին անգամ Հայաստան այցելեց 1970 թվականին՝ «Լիտերատուրնայա Արմենիայի» հրավերով, որում հետագա տարիներին հաճախակի էր տպագրվում։ 10 տարի նրա ժողովածուները լույս չեն տեսել, մինչև որ 1988-ին Երևանում տպագրվել է «Երեկոյան հրաշք» հինգերորդ ռուսերեն գիրքը (ազգային զարթոնքի այդ օրերին նա կրկին Հայաստանում էր)։ Պատմում է, որ «հայ եղբայրներն իրեն բազմիցս հրավիրել են տեղափոխվել Երևան», սակայն մերժել է։ Հայ բանաստեղծներից թարգմանել է Հովհաննես Շիրազին, Գևորգ Էմինին, Արշալույս Մարգարյանին, հատկապես շատ՝ Ռազմիկ Դավոյանին, իսկ ֆրանսերենից՝ Վահե Գոդելին, Լյուբեն-Շահնուրին։

Գրիգորյանի բանաստեղծություններում հաճախ ենք հանդիպում նախնյաց մշակույթի, լեզվի հիշատակություններին, դրանցում տիրում է «բարձունքների և խորքերի ոգին» («Նախնյաց հայրենիք», «Աշտարակ», «Կարդալով Նարեկացուն», «Գեղարդ» և այլն)։ Արցախյան գոյապայքարի ընթացքում ուշի-ուշով հետևել է նորություններին, ուրախացել Շուշիի ազատագրությամբ։ Դ․ Վալյանոյի հետ ֆրանսերենից թարգմանել է Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ» վեպը և 2007-ին հրատարակել Ռոստովում։

Միայն ԽՍՀՄ փլուզումից հետո Գրիգորյանը դարձավ Ռուսաստանյան գրողների միության անդամ, իսկ 1995 և 1997 թթ․ արժանացել է Ռոստովի գրական մրցանակին։ Նրա մասնակցությամբ 2008 թվականին նկարահանվվել է «Մենախոսություններ» վավերագրական ֆիլմը։ Գրիգորյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2010 թ․ և թաղվել Ռոստովի հին Եղբայրական գերեզմանատանը՝ հոր կողքին։ Այն շենքի պատին, որտեղ մանկությունից մինչև կյանքի վերջը ապրել է նա, 2012-ին տեղադրվել է հուշատախտակ։

Ապրելով դժվարագույն պայմաններում՝ Լեոնիդ Գրիգորյանը երբևէ չմեղանչեց իր խղճի հանդեպ՝ անդավաճան մնալով  բանաստեղծի  բարձր կոչմանը․

Դարի հետ հարկ է զուգադիպել՝

Չհամընկնելով ամեն ժամի հետ․․․

 

Աշոտ Գրիգորյան