Լևոն Քոչարյան․ առաջինը՝ հավասարների մեջ

Կինոռեժիսոր Լևոն Քոչարյանի բնակարանը մոսկովյան Բոլշոյ Կարետնի նրբանցքում 1950-60-ականներին երիտասարդ ստեղծագործողների երկրորդ տունն էր, մշտական հավաքատեղին, իսկ տանտերը՝ նրանց ավագ ընկերը, խորհրդատուն, խնամակալն ու ուսուցիչը։ Անդրեյ Տարկովսկի, Արթուր Մակարով, Օլեգ Ստրիժենով, Էդմոնդ Քեոսայան, Վասիլի Շուկշին, Իգոր Կոխանովսկի, Միխայիլ Թումանիշվիլի և իհարկե՝ Վլադիմիր Վիսոցկի․ ահա Բոլշոյ Կարետնիի ընկերական շրջանակի ոչ ամբողջական ցանկը։ Այս ընկերախմբում բոլորը հավասար էին՝ նույնիսկ ամենակրտսերները, սակայն, ըստ էության, բոլորն էլ ընդունում էին, որ Քոչարյանն է գլխավորը, նրա խոսքը՝ առաջնային։ Իսկ ի՞նչն էր, որ Քոչարյանին առանձնացնում էր նույնիսկ այդ մեծ անհատականությունների շրջապատում։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ նա գերմարդկային ընդունակություններ է ունեցել և բացառիկ խարիզմա, այլապես Մոսկվայում հայտնված հայ երիտասարդը դժվար թե դառնար տեղի պատվախնդիր երիտասարդության պարագլուխը։

Լևոնը (կիրառվել են նաև Լեոն և Լյովա տարբերակները) ծնվել էր 1930 թվականին՝ Թիֆլիսում։ Նա մեծ արտիստական տաղանադով օժտված դերասան, ասմունքող, գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանի որդին էր։ Սուրեն Քոչարյանը ևս ծնունդով թիֆլիսցի էր, ուսանել էր Ռուբեն Սիմոնովի հայկական ստուդիայում, իսկ 1929-ից խաղում էր Երևանի Առաջին պետական (ներկայիս՝ Սունդուկյանի անվան) թատրոնում։ Տարբեր, այդ թվում՝ «ներթատերական» պատճառներով (իր բառերն են) ստիպված եղավ լքել թատրոնը և տեղափոխվել Մոսկվա։ Ինքնադրսևորվելով ասմունքի ասպարեզում՝ նա հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով ներկայացնում էր ահռելի ընդգրկման ռեպերտուար՝ սեփական կոմպոզիցիաներով՝ «Իլիականը», «Ոդիսականը», «Սասունցի Դավիթը», «Վագրենավորը», «Դեկամերոնը», «Պատերազմ և խաղաղությունը», Թումանյանի հեքիաթներն ու պոեմները, Սայաթ-Նովայի, Աբովյանի, Չարենցի գործերը և բազում այլ ստեղծագործություններ։ «Ասմունքի ասպարեզում մենք չենք ունեցել և չունենք Սուրեն Քոչարյանից ավելի խոշոր վարպետ»,- գրել է Լևոն Հախվերդյանը։ Սուրեն Քոչարյանը ստեղծեց իր մեկ դերասանի թատրոնը, որը քննադատ Լև Օզերովը անվանում էր «միակը՝ իր տեսակում»։

Լևոնի ծնողները վաղ են բաժանվել, սակայն նա էլ մանուկ հասակում մոր՝ Աննայի հետ տեղափոխվել է Մոսկվա և բնակություն հաստատել քաղաքի կոլորիտային մի անկյունում։ Հայրը և նրա երկրորդ կինը նույն քաղաքում կոմունալ բնակարանում մեկ սենյակ ունեին, որտեղ հաճախ հյուր էին լինում մշակույթի անվանի գործիչները։ Որքան էլ բազմազբաղ էր հայրը, սակայն այդ հանդիպումներին երբեմն որդին էլ էր մասնակցում։ Պահպանվել է փոքրիկ Լևոնի լուսանկարը՝ հոր և ՄԽԱՏ-ի տիտան Վասիլի Կաչալովի կողքին։ Բնական էր, որ Լևոնը պետք է մեծանար՝ հատուկ հետաքրքրություն դրսևորելով դերասանական արվեստի նկատմամբ, սակայն պատերազմ տեսած պատանին նախ ընդունվեց քաղավիացիայի ուսումնարան, ապա՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ։ Հետպատերազմական Մոսկվայում զգալիորեն աճել էր քրեական հանցագործությունների թիվը, և փայլուն մտավոր ու ֆիզիկական տվյալների տեր Լևոնը տեղափոխվեց Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Այստեղ նրա համակուրսեցիներից էր Նորա Ղուկասովան՝ Վլադիմիր Վիսոցկու հայուհի մայրացուի զարմուհին։ Քոչարյանը սկսեց հաճախ հյուրընկալվել Բոլշոյ Կարետնի նրբանցքի հայտնի №15 տանը՝ Վիսոցկիների բնակարանում, ապա ծանոթացավ նրանց հարևանուհու՝ Իննայի հետ, ընտանիք կազմեց նրա հետ (զույգի միակ դուստրը ծնվեց 1963 թ․) և հաստատվեց չորրորդ հարկի նրա բնակարանում։ Այսպես 1950-ականների կեսերից այդ տունն աստիճանաբար դարձավ մոսկովյան բոհեմի և ստեղծագործող երիտասարդության հավաքատեղին։ Գրող Յուլիան Սեմյոնովի խոսքերով՝ «Լևոնն այդ տարիներին Մոսկվայի հոգին էր։ Նրան ճանաչում և սիրում էին տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ՝ բեռնակիրներ, գրողներ, տրամվայի կոնդուկտորներ, ձիարշավորդներ, դերասաններ, պրոֆեսորներ, օդաչուներ. նա հրաշալի ձիրք ուներ՝ ստիպում էր իրեն սիրահարվել միանգամից և մեկընդմիշտ»։

Սակայն Մոսկվայի քրեական հետաքննության բաժնում աշխատող երիտասարդին ձգում էր կինոյի աշխարհը և վերստին փոխելով մասնագիտությունը՝ նա ավարտեց Բարձրագույն օպերատորական կուրսերը։ Որպես սկիզբ, յուրօրինակ «մարտական մկրտություն» «Խաղաղ Դոն» ֆիլմում կատարեց ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի ասիստենտի պարտականությունները։ Գերասիմովը Քոչարյանին հանձնարարեց չափազանց դժվարին գործ․ այցելել Շոլոխովին և համաձայնեցնել ֆիլմի սցենարը։ Խարիզմատիկ Լևոնն իսկույն մտերմացավ Շոլոխովի հետ, որը ստորագրեց սցենարը և հեռախոսով սպառնաց Գերասիմովին․ «Եթե հաջորդ սերիայի սցենարը Քոչարյանը չբերի՝ չեմ ստորագրի»։

Ռեժիսոր Միխայիլ Թումանիշվիլին վկայում է․ «Լյովան հսկայական էրուդիցիայի և ուժեղ կենտրոնացնող ունակությունների տեր մարդ էր»։ Նա մի շարք հայտնի ֆիլմերի՝ «Կապիտանի աղջիկը» (1958), «Արձակուրդ ցամաքում», «Կազակները» (երկուսն էլ՝ 1961), «Ողջեր և մեռածներ», «Ես «Կեչին» եմ» (երկուսն էլ՝ 1964), «Չիստիե պրուդի» (1966), «Մնաս բարով» (1966), «Անորսալի վրիժառուները» (1967) և այլն, երկրորդ ռեժիսորն էր և անփոխարինելի մարդ նկարահանման հրապարակում։ Սկզբում աշխատում էր Գորկու անվան կինոստուդիայում՝ որպես ռեժիսորի ասիստենտ, իսկ 1957-ից «Մոսֆիլմի» ռեժիսոր էր։ 1960-ականներին նա մասնակցել է «Գոլուբոյ օգոնյոկ» ամանորյա ծրագրի նկարահանումներին։

Կինոռեժիսոր և սցենարիստ աշխատելուց բացի՝ Քոչարյանը նկարահանվում էր էպիզոդներում, օրինակ՝ Էդմոնդ Քեոսայանի «Ռուսական կայսրության թագը» (1971) ֆիլմում։ Այդ ֆիլմը քոչարյանական շրջապատի ստեղծագործական համագործակցության բազմաթիվ արդյունքներից մեկն է․ տիտրերում կարելի է հանդիպել Բոլշոյ Կարետնիի երիտասարդներից շատերին, այդ թվում՝ մեր մի քանի հայրենակիցների։

Քոչարյանական շրջանակում համատեղ ստեղծվում էին սցենարներ, ֆիլմեր («Մնաս բարով», «Անորսալիների նոր արկածները» և այլն)։ Նույնիսկ Քոչարյանի մահվանից տարիներ անց նրա ընկերներին միասին կարելի է տեսնել «Կարմիր բռինչ» (1973), «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (1979) և այլ ֆիլմերում։

Կինոռեժիսորը քաջածանոթ էր գրականությանը, կինոյին, երաժշտությանը, միաժամանակ՝ հարկ եղած դեպքում հաջողությամբ զբաղվել է բռնցքամարտով, եղել բասկետբոլի թիմի ավագ, կինոնկարահանումների ժամանակ տանկ քշել, կենցաղային իրեր պատրաստել, իր համար վերնաշապիկներ կարել, երգել և կիթառ նվագել, ցուցադրել զարմանալի հնարքներ․ մի անգամ նույնիսկ ինքնուրույն նավ է խարսխել։

Քոչարյանը 1950-60-ականների Մոսկվայի ամենավառ կերպարներից էր, մի յուրօրինակ genius loci՝ տեղի հանճար։ Նրա ընկերական շրջանակում միայն արվեստագետներ չէին․ իրենց տեղն ունեին քրեագետներ Ռևիկ Բաբաջանյանն ու Անատոլի Ուտևսկին, նավաստի Անատոլի Գարագուլյան և Օլեգ Խալիմոնովը, միաժամանակ՝ տարբեր արկածախնդիր տիպեր։ «Դա հարազատ տուն էր, ուր մենք կարող էինք գալ՝ երբ կուզեինք և ում հետ կուզեինք»,- վերհիշել է Կրեմլյան դահլիճի ռեժիսոր Մ․ Թումանիշվիլին։ Ավելի կտրուկ է Էդմոնդ Քեոսայանի բնորոշումը՝ «մենք բոլորս այդ տնից ենք դուրս եկել»։ Քոչարյանի բնակարանում լինում էին առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը, շախմատի չեմպիոն Միխայիլ Տալը, գրող Արկադի Վայները, բանաստեղծ Գրիգորի Պոժենյանը, ըստ լրագրող Լ․ Գեորգիևի՝ նաև Լեոնիդ Ենգիբարյանը և շատ ուրիշներ։ Տարկովսկին ընկերներին առաջարկել է հարստանալուց հետո գյուղում ընդհանուր տուն կառուցել, որպեսզի ապրեն այնտեղ՝ առանց օտարների և անկոչ հյուրերի․․․ Քոչարյանական շրջանակը երբեմն անվանում են կոմունա կամ տղամարդկանց ակումբ, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ, այնտեղ հյուր գալիս էին Լյուդմիլա Գուրչենկոն, Նոնա Մորդյուկովան, Վիսոցկու կինը՝ Լյուդմիլան, Տարկովսկու կինը՝ Իրման և բազում այլք։

Այդ բնակարանը երկրորդ տուն դարձավ նաև բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկու համար։ Իր իսկ խոստովանությամբ՝ մեկուկես տարի նա ապրել է այդտեղ։ 1979-ին Վիսոցկին պատմել է․ «Մոտ 15 տարի առաջ «Մոսֆիլմի» ռեժիսոր Լյովա Քոչարյանի հետ նույն բնակարանում էինք ապրում։ Ձեզ հայտնի մարդկանցից այնտեղ էին Վասյա Շուկշինը, որն այլևս չկա, ինքը՝ Լյովան, որը նույնպես մահացավ, հրաշալի մարդ էր, ով աներևակայելիորեն սիրում էր կյանքը։ Այնտեղ էր Անդրյուշա Տարկովսկին, այդպիսի գրող կար՝ Մակարովը... Եվ ահա նրանց համար երգում էի այս երգերը»։ Չափազանց նշանակալից էր Քոչարյանի դերը Վիսոցկու անհատականության ձևավորման գործում. Արթուր Մակարովի խոսքերով՝ «Լյովայի ազդեցությունը Վոլոդյայի և ոչ միայն նրա, այլև մեր բոլորի և շատ-շատերի վրա հսկայական էր, անհնար է այն գերագնահատել»։ Որոշ հեղինակներ Բոլշոյ Կարետնին իր ուրույն մթնոլորտով ու ազդեցությամբ նույնիսկ նմանեցրել են Ցարսկոյե Սելոյի լիցեյին։

Անատոլի Ուտևսկու բնորոշմամբ՝ «Քոչարյանը շատ բազմակողմանի անձնավորություն էր. չկար մասնագիտություն կամ արհեստ, որին նա չտիրապետեր։ ...Քոչարյանի հետ շփումը շատ բան տվեց բոլորիս, իսկ Վոլոդյային, ինձ թվում է, առանձնապես շատ։ Նա շատ բաներում պարզապես ընդօրինակել է Քոչարյանին»։ Հետազոտող Վ. Պերևոզչիկովի վկայությամբ՝ Վիսոցկու ընկերներից շատերն ասում էին, որ «Քոչարյանը Վիսոցկուն ապրել է սովորեցրել»։ Հենց Քոչարյանն ու Ուտևսկին են պնդել, որպեսզի Վլադիմիրն ընդունվի թատերական բուհ։ Նրա խստապահանջ հայրը դեմ է եղել ու բարեխոսելու ուղարկել են Լևոնի հորը՝ Սուրենին, որին Վիսոցկին շատ էր հարգում ու քանիցս եղել էր թե՛ նրա տանը, թե՛ ելույթներին, ինչի համար պատրաստ էր հետաձգել ամեն մի գործ։

Իր մի շարք երգեր Վիսոցկին գրել է Լևոն Քոչարյանի բնակարանում, դրանցից մի քանիսը տանտիրոջն են նվիրված (այդ թվում՝ հայտնի «Բոլշոյ Կարետնին») կամ նրա անձին են անդրադառնում, Քոչարյանն է կատարել Վիսոցկու առաջին ձայնագրությունները, նրա միջնորդությամբ է Վիսոցկին խաղացել իր առաջին կինոդերերը, նա է եղել Տագանկայի թատրոն ընդունվելու միջնորդներից մեկը, բացի այդ՝ բազմիցս օգնության է հասել նաև անձնական կյանքում։ Մասնավորապես, ըստ կենսագիր Վ. Նովիկովի՝ Վիսոցկու և Մարինա Վլադիի առաջին հանդիպումներից մեկի ժամանակ՝ Մոսկովյան կինոփառատոնի օրերին, Վլադին պարել է միմիայն Վիսոցկու հետ, իսկ «Լյովա Քոչարյանն ու տղաները կենդանի օղակ են կազմել նրանց շուրջ, որպեսզի կողմնակի մարդիկ չփորձեն հավակնություններ ցուցաբերել»։

Հայտնի է, որ Քոչարյանն ունեցել է արդարության սուր զգացում, երբևէ թույլ չի տվել, որ իր ներկայությամբ որևէ մեկին նվաստացնեն։ Արթուր Մակարովը Քոչարյանի մասին պատմել է. «Նա չափազանց ուշագրավ մարդ էր, շատ ընդունակ, հրաշալի բնավորությամբ։ Այն մարդկանց տեսակից, որոնք ցանկացած պահի պետք են ընկերներին, և որոնք երբեք նրանց մենակ չեն թողնում»։ Իսկ Արկադի Սվիդերսկին հիշել է. «Ես կարող եմ Լյովայի մասին խոսել մի քանի օր՝ առանց դադարի։ Կյանքումս այլևս նման մարդու չեմ հանդիպել։ Նա և՛ մեր հայրն էր, և՛ մեր ավագ եղբայրը, և՛ ընկերը։ Անհավանական տաղանդի տեր մարդ։ ...Ֆիզիկական անհավանական ուժ ուներ, և եթե պարտադրում էին, օգտագործում էր այն։ Ամենածայրահեղ դեպքում, իհարկե»։ 

Դատելով թարգմանիչ Դավիթ Կարապետյանի հուշերից՝ Հայաստանում էլ Քոչարյանը մեծ շրջապատ է ունեցել, մի առիթով Տարկովսկու և Մակարովի հետ հյուրընկալվել է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի տանը։

Երբ Քոչարյանին վերջապես թույլատրեցին ինքնուրույն լիամետրաժ ֆիլմ նկարահանել, վրա հասավ ծանր հիվանդությունը։ Լարելով վերջին ուժերը՝ նա հերոսաբար ավարտին հասցրեց «Հազարից մեկ շանս» ֆիլմը, որ լավ ընդունելություն գտավ։ Ֆիլմի սցենարի հեղինակները Մակարովը, Տարկովսկին ու Քոչարյանն էին, գեղարվեստական ղեկավարը՝ նույնպես Տարկովսկին, որը, սակայն, ստեղծագործական տարաձայնությունների պատճառով լքեց նկարահանման հրապարակը և նույնիսկ պահանջեց հանել իր անունը տիտրերից։ Գլխավոր դերում Տարկովսկու սիրելի դերասանն էր՝ Անատոլի Սոլոնիցինը։ Ֆիլմում հավաքվել էր իսկական դերասանական աստղաբույլ, նկարահանումներին ակտիվորեն մասնակցում էին ընկերները Բոլշոյ Կարետնիից։ Ֆիլմի ստեղծման վերջին փուլում գիտակցությունը հաճախ կորցնող ընկերոջը (բժիշկների խոսքերով՝ նրան մեկ ամիս էր մնացել) օգնության հասավ Էդմոնդ Քեոսայանը։ «Հազարից մեկ շանսը» տեղ զբաղեցրեց 1969 թ․ տասը ամենադիտված ֆիլմերի շարքում՝ 28 միլիոնից ավելի դիտումներով։ Ֆիլմն արկածային էր, պատմում էր պատերազմի ժամանակ թշնամու թիկունքում հայտնված խորհրդային հետախույզների սխրանքների մասին։ Ֆիլմի վերջում էկրանին է հայտնվում նաև Քոչարյանը՝ էպիզոդիկ դերակատարմամբ։ 

Ժամանակին կինոռեժիսորը կանխագուշակել էր, որ կմահանա 40 տարեկանում։ Այդպես էլ եղավ․ նա կյանքին հրաժեշտ տվեց 1970 թ․ սեպտեմբերի 14-ին։ Յուլիան Սեմյոնովի խոսքերով՝ դա տեղի է ունեցել առավոտյան․ Քոչարյանը պատուհանից վերջին անգամ նայել է իր հարազատ փողոցին ու ասել․

-Դե, ցտեսություն, տղաներ։

Թաղմանը  մարդկանց  հոծ բազմություն  է եղել, ներկաների թվում ամենատարբեր զբաղմունքի տեր մարդիկ էին, մինչև իսկ հայտնի գող Միշա Յաստրեբը, որն ասել է․

-Գարշանքներն ապրում են, աստվածները՝ մեռնում․․․

Լևոն Քոչարյանի կյանքի վերջին ամիսներին նրա կողքին չէին ընկերներից երկուսը՝ Անդրեյ Տարկովսկին և Վլադիմիր Վիսոցկին։

Նույն սեպտեմբերի 14-ին Տարկովսկին իր օրագրում գրեց․ «Այսօր ստուդիայում [օպերատոր] Յուսովն ասաց․ «Մահացել է Լյովա Քոչարյանը»։ Զարհուրելի է։ Հոգումս ինչ-որ վատ բան է կատարվում։ Միգուցե այն պատճառով, որ «Շանսի» շուրջ մեր թունդ համագործակցության հետևանքով դժգոհ էինք միմյանցից։ Բաժանվեցինք, երբ նա արդեն հիվանդ էր։ Վատ եմ զգում․ չգիտեմ ինչու նրա հանդեպ մեղքի զգացումը հանգիստ չի տալիս։ Չնայած ամեն ինչ արեցի, որպեսզի օգնեմ նրան այն ամենում, ինչում կարող էի։ Բայց բոլոր դեպքերում մենք երկար ժամանակ մոտ մարդիկ էինք։ Թաղմանը երևի չեմ գնա։ Նրա համար արդեն միևնույնն է, իսկ ձևացնել՝ չեմ ուզում»։ Սակայն այդ օրը իր մտերիմ Յու․ Զարուբային գրված նամակում Տարկովսկին ասես փորձում է չքմեղանալ, գրելով, որ այդ «կենսասեր, ուրախ և առողջ մարդը» մահվանից առաջ «որևէ մեկին չէր ուզում տեսնել», ինչը ճիշտ չէ․․․

Վիսոցկին ևս հիվանդանոցում երբևէ չայցելեց Քոչարյանին, չնայած վերջինս դրան շատ էր սպասում․ տպավորվող Վիսոցկու համար դժվար էր տեսնել ընկերոջը՝ հիվանդության մահճին գամված։ Այդ պատճառով Քոչարյանի կինը և մի քանի ընդհանուր ընկերներ երես թեքեցին պոետից։ Իր կյանքի վերջին տարիներին Վիսոցկին համերգների և զրույցների ժամանակ հատկապես հաճախ էր հիշատակում Քոչարյանին. «Այդ բնակարանի տերը՝ Լյովա Քոչարյանն այլևս չկա... Որպես ռեժիսոր նրան հաջողվեց նկարահանել միայն մեկ կինոնկար՝ «Հազարից մեկ շանս».... Նա բռնեց այդ շանսը և շուտով մահացավ: Նա շատ բան չհասցրեց։ Նա բուռն էր ապրում, բռնկվեց և անմիջապես հանգավ»: Վիսոցկին Քոչարյանի մասին խոսել է նաև 1980 թվականի հուլիսի 16-ի իր վերջին ելույթի ժամանակ։

Լևոն Քոչարյանի մահվանից տարիներ անց, երբ նրա ընկերներն արդեն հազվադեպ էին հավաքվում Բոլշոյ Կարետնիի բնակարանում, Վիսոցկու երկրորդ կինը՝ Լյուդմիլան պատմել է․ «Լյովան հիանալի մարդ էր։ Նա կարող էր լինել գիշերօթիկի կամ մեծ մանկատան տնօրեն։Նա ձգում էր մարդկանց, ու հենց նրանց, ովքեր օգնության, ջերմության և աջակցության կարիք ունեին, և նույնիսկ կոշտ քննադատության կարիք՝ ի վերջո, բոլորը վախենում էին Լյովայից: Այդ թվում՝ Վոլոդյան։ Լյովան կարող էր կոպիտ լինել, սակայն զարմանալիորեն երաժշտական էր, արտասովոր գեղեցիկ ձայն ուներ»: Անդրադառնալով «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հեռուստաֆիլմում Վիսոցկու գլխավոր դերակատարմանը (նա մարմնավորում էր քրեական հետախույզ կապիտան Ժեգլովին)՝ Լյուդմիլան ավելացրել է․ «Ժեգլովի կերպարը, իմ կարծիքով, տուրք է երկու մարդու՝ Լյովա Քոչարյանի և Տոլյա Ուտևսկու եղբոր հիշատակին»։

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարներ․

1. Լևոն Քոչարյանը՝ «Հազարից մեկ շանս» ֆիլմում

2. Քոչարյանը Յուրի Գագարինի հետ՝ «Գոլուբոյ օգոնյոկի» նկարահանումների ժամանակ (1963 թ․)

3․ Փոքրիկ Լևոնը՝ հոր և դերասան Վասիլի Կաչալովի հետ

 

... ...