Լևոն Օգանեզով. «Մարդիկ միշտ կոշիկ կհագնեն և երաժշտություն կլսեն»

Վիրտուոզ դաշնակահար. Նա նվագակցել է խորհրդային և ռուս գրեթե բոլոր հայտնի երգիչներին։ Բայց նրա անհատական համերգները ևս միշտ անշլագով են անցնում։ Լևոն Օգանեզովի ելույթները միայն ցանկացած ճաշակի համար կոմպոզիցիաներ չեն. դրանք միշտ համեմված են անդրկուլիսյան կյանքի հետաքրքիր պատմություններով,  նմանակումներով և սրամիտ կատակներով: «Կուբանսկիե նովոստի»-ին տված բացառիկ հարցազրույցում երաժիշտը պատմել է, թե ինչ խոհարարական բաղադրիչի հետ է համեմատում արտիստներին և ինչպես զարգացնել երեխայի երաժշտական լսողությունը։

 

Առանց բեմոլների և դիեզների

-Ո՞ր հանդիսատեսն է ձեզ ավելի սրտամոտ:

-Հանդիսատեսը միշտ նույնն է. Նա սպասում է, և կարծես ասում է՝ դե, ցույց տուր մեզ... Եվ նա միշտ իրավացի է։ Իսկ քո խնդիրն է ցույց տալ այն՝ ինչը չի կարող անել հանդիսատեսը, և ինչը կարող ես անել միայն դու։

-Ես հետևում էի Ձեզ ելույթի ժամանակ։ Ձեր մատները ասես ճախրում են ստեղների վրա: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում և որքա՞ն ժամանակ է պահանջվում սովորելու համար:

-Նայի՛ր մատներիս՝ հաստ են, իսկ առաջինը նաև կարճ է։ Մի խոսքով, ամենևին էլ դաշնակահարի ձեռքեր չեն։ Բայց ես մշակել եմ իմ տեխնիկան, սովորել եմ նվագել, քանի որ երաժշտությունը ներքուստ եմ զգում: Դա էմպիրիկ փորձ է: Երաժշտական ​​դպրոցներում առանց նոտաների նվագել չեն սովորեցնում. իսկ ես չեմ նայում նոտաներին, նվագում եմ իմ ներքին լսողությամբ։ Երաժշտական ​​մտածողությունը կարելի է զարգացնել այնպես, ինչպես ցանկացած այլ հմտություն: Ես ինքնուրույն եմ սովորել, քանի որ մեծացել եմ մի ընտանիքում, որում ինձնից բացի ոչ ոք չէր նվագում: Ութ տարեկանում հայրս ինձ խնդրում էր՝ տղաս նվագիր ինձ այս մեղեդին: Եվ ես նվագում էի: Մի հավատացեք, եթե ուսուցիչն ասում է, որ ձեր երեխան երաժշտական լսողություն չունի. ճիշտ չէ. լսողությունը մկան է, որը կարելի է մարզել: Գլխավորը վախը հաղթահարելն է և ինքդ քեզ վստահելը, այդ դեպքում ամեն ինչ կստացվի։

 

Արտիստները համեմունք են

-Լևոն Սարկիսովիչ, դուք նշեցիք, որ ձեր ընտանիքում ոչ ոք չի նվագել։ Իսկ ի՞նչ հատկանիշներ եք ժառանգել ձեր հորից և մորից:

-Հայրս պատմում էր, որ մեր արմատները Վրաստանից են, իսկ եթե ավելի խորանանք, ապա իմ հեռավոր նախնիներն ապրել են Պարսկաստանում։ Դե, իսկ ես ծնվել եմ Մոսկվայում, մանուկ հասակում ապրել եմ Պերովոյում։ Ծնողներս ինձ Լեոնտի էին անվանում։ Հայրս կրթություն չուներ, գրել-կարդալն ինքնուրույն է սովորել։ Բայց  իր կոշիկի արհեստանոցն ուներ և կերակրում էր ամբողջ ընտանիքին: Ի դեպ, հենց նա իմ մեջ տեսավ երաժշտական ունակությունը և ուսման տվեց  Ես ամբողջ կյանքում հիշում եմ հայրիկիս արտահայտությունը. «Տղա՛ս, մենք պահանջված մասնագիտություններ ունենք. մարդիկ միշտ կոշիկ կհագնեն և լավ երաժշտություն կլսեն»: Իսկ մայրս՝ ընտանեկան օջախի իսկական իմաստուն պահապան էր։ Նա ինձ սովորեցրեց գլխավորը՝ մի վիճիր կնոջ հետ, նա միշտ ճիշտ է։

 

Ոգեշնչո՞ւմ: Ինձ համար նման բառ չկա։ Եթե ​​պետք է չափածո շնորհավորանք գրել ես ակտիվացնում եմ մտավոր գործընթացը։

-Դուք մեծացել եք կովկասյան ընտանիքում, իսկ դա ենթադրում է մշտական բազմաթիվ հյուրեր, կերուխումեր և համեղագույն ուտեստներ։ Բոլորը գիտեն, որ դուք հրաշալի եք պատրաստում։ Ինչպե՞ս եք սովորել:

-Ընտանիքում իսկապես հաճախ էին լինում խնջույքներ, բազմաթիվ հյուրեր։ Ես ինքս համեղ սննդի մեծ սիրահար չեմ: Բայց հյուրերի համար պատրաստել սիրում եմ: Եվ  կինս վարպետ խոհարար է։ Նրան սկեսուրը կովկասյան խոհանոցի շատ հնարքներ է  սովորեցրել։ Իսկ ես ամենից շատ սիրում եմ երես տալ իմ թոռնուհիներին: Նրանք դուստրերիս հետ ապրում են արտասահմանում։ Բայց երբ գալիս են մեզ մոտ, ես ջանում եմ նրանց կերակրել համեղ բաներով և զարդարել ուտեստները։ Սիրում եմ իմ աղջիկներին։ Ի դեպ, գիտես, թե որն է ամենակարևորը կովկասյան խոհանոցում։

-Համեմունքնե՞րը:

-Ճիշտ է: Ես արտիստներին ու երգիչներին համեմատում եմ նրանց հետ։ Կան այրողներ, ինչպիսիք՝ կարմիր պղպեղը. անմիջապես գրավում են իրենց ելույթով։ Մյուսները բուրավետ են, երկար են հիշվում, ինչպես համեմը: Եվ կան առանց համեմունքի՝ անալի, անհամ։

-Քանի որ նման համեմատություն եղավ: Դուք նույն բեմում հանդես եք եկել բազմաթիվ արտիստների հետ։ Ո՞ւմ կանվանեիք կծու պղպեղ:

-Իհարկե, Անդրյուշա Միրոնովին։ Նա միշտ լուրջ էր վերաբերվում հանրության առջև ցանկացած ելույթի՝ լինի դա համերգ, թատրոն, թե ֆիլմի նկարահանում: Մինչև մանրուքներ մշակում էր ելույթը: Հարգում էր հանդիսատեսին, դրա համար էլ հանդիսատեսը սիրում էր նրան։ Եվ ես էի սիրում: Շատ ցավալի է, որ նման մարդիկ շուտ են հեռանում մեզանից։ Եվ Լյուդմիլա Գուրչենկոն. Նա աստվածուհի էր, ուղղակի փայլում էր բեմում։ Ի դեպ, Լյուսյան անկասկած ներքին երաժշտական լսողություն ուներ։

 

Իմը ոչ թե  մուսա է՝ այլ քննադատ

-Ինչի՞ց եք ոգեշնչվում:

-Ոգեշնչո՞ւմ: Ինձ համար նման բառ չկա։ Եթե ​​պետք է չափածո շնորհավորանք գրել ես ակտիվացնում եմ մտավոր գործընթացը։

Գլխավորը սկսելն է, իսկ հետո ինքնաբերբար գնում է: Նույնը երաժշտության դեպքում է: Դեպքեր են եղել, երբ անհրաժեշտ է եղել ստեղծագործության մի կտորը ավարտել։ Այդ ժամանակ ես ակտիվացնում էի այդ մկանը՝ ներքին լսողությունը, որի մասին ավելի վաղ խոսում էի, և վերջ՝ երաժշտությունն ինքնին հորդում է։

-Դուք  Ձեր տիկնոջ հետ ապրել եք 50 տարի։ Արդյոք Նա՞ չէ Ձեր մուսան: Նրան բանաստեղծություններ և երաժշտություն ձոնե՞լ եք:

-Նրան ոչինչ ձոնել պետք չէ: Նա հողեղեն մարդ է: Եթե ​​նրան ինչ-որ բան դուր չի գալիս՝ միանգամից դուր չի գալիս: Հենց ուղիղ այդ մասին ասում է: Ես նրան մուսա չէի անվանի, բայց ահա իմ գխավոր գնահատողը ու քննադատը՝ հենց նրա մասին է։

-Որքան ես գիտեմ՝ Ձեր կնոջ հետ շատ պարզ եք ծանոթացել՝ հասարակական տրանսպորտում։

-Ես ավտոբուսում էի։ Տեսնում եմ՝ մի գեղեցիկ աղջիկ մտավ։ Տեղս զիջեցի նրան: Իսկ հետո աննկատ, բառ առ բառ, հեռախոսի համարը խնդրեցի։ Եվ, իհարկե, հետո զանգեցի։

-Դուք խիստ տպավորիչ տղամարդ եք, անշուշտ կանայք մինչև օրս ուշադրություն են դարձնում Ձեզ:

-Դե ես էլ եմ նայում կանանց՝ կովկասյան արյունն է: Բայց միայն մեկի հետ եմ. Կարծում եմ՝ իսկական միությունները իրականանում են վերևում, ես իմը կնքել եմ 50 տարի առաջ։ Եվ չի եղել գեթ մեկ օր, որ զղջամ դրա համար։

-Ի՞նչ կմաղթեք «Կուբանսկիե նովոստիի» հազարավոր ընթերցողներին:

-Հանդարտություն, ուժ։ Եվ մշտապես ինչ-որ բանի հասնել: Անգործ մի նստեք: Կյանքը շարժում է: Վայելեք այն:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի