Լևոն Խեչոյանի կյանքի գիրքը

Սերգեյ Սարինյանը Լևոն Խեչոյանի մասին

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի այս դասախոսությունը գիտնականը կարդացել է արձակագիր Լևոն Խեչոյանի մասին 2015 թվականի փետրվարի 16-ին՝ մահից 2 տարի առաջ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի համար։ Այդ ժամանակ Սարինյանը 91 տարեկան էր:Ներկայացնում ենք այդ դասախոսությունից մի հատված:

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վերին աստիճանի բարդ ստեղծագործություն է, որտեղ հեղինակը փորձում է հայկական էպոսը մեկնաբանել յուրովի։ Վեպը գրված է երկպլան սկզբունքով․ կա ի՛ր անհատականությունը, և կա Մհերը։ Հեղինակը հանդես է գալիս որպես յուրատեսակ Մհեր։ Վեպում ինքը ձգտում է մտնել քարանձավ և պիտի հանդիպի Մհերին, որպեսզի իմանա երկուհազարամյա քարանձավի առեղծվածը։ Նա չգիտի՝ դա չարությա՞ն ոգի է, թե՞ բարության։ Նա ասում է՝ կամ ե՛ս պիտի ոչնչացնեմ նրան, կամ ինքը՝ ինձ։ Եվ վեպի վերջում մահանում է ինքը և տեսնում՝ որպես թե Մհերը նստած է Ագռավաքարի դռան մոտ։

Վեպի համար բավական խելացի առաջաբան է գրել Հակոբ Մովսեսը։ Բայց գրքի մասին գրված բոլոր հոդվածները, ըստ էության, սխալ են և ճիշտ չընկալված, մակերեսորեն ընկալված։ Ես ընդարձակ հոդված եմ գրել, որը լույս է տեսել «Վէմ» հանդեսում՝ «Մհերի առասպեն ըստ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի», որտեղ բացահայտում եմ նրա ողջ միֆոլոգիական էությունը՝ ցույց տալու համար, որ թեև գոյություն ունի համահավաք տեքստ, բայց Լևոն Խեչոյանը փորձում է այդ համահավաքի սյուժեն լրացնել հարյուր հիսուն տարբերակների քննությամբ։

Վեպը սովորական վեպ չէ։ Այն դասախոսական բնույթ ունի։ Հենց ինքն է վեպը համարում այդպիսին։ Այն համեմված է ներքին անալիզներով, որոնք ընդլայնում են էպոսի շրջանակները։ Օգտագործված գրականության ցանկից պարզ է դառնում, որ Լևոնը շատ լավ ծանոթ է եղել քարանձավների տեսությանը և, առհասարակ, հետևել է աստղագիտության գիտական մեկնաբանություններին։ Նա զուգահեռներ է անցկացնում Հիսուսի անմահության և Մհերի անմահության միջև և այն տեսակետն է առաջ քաշում, որ Հայոց աշխարհում է ծագել տիեզերական երկրի բանականությունը։ Տիեզերքը ստեղծվել է մեծ պայթյունի միջոցով, և հիմա էլ այդ պայթյունը շարունակվում է։ Ահա այսպես է ստեղծվել նաև Երկիր մոլորակը, որը կրում է տիեզերքի ընդհանուր օրենքի ներքին օրինաչափությունը։ Եվ Լևոն Խեչոյանը, հետևելով որոշ հետազոտողների, կրկնում է, որ մարդկային տիեզերական բանականությունը ծագել է երկրի վրա։ Ըստ էության, այդ ժամանակ էլ ծագել է մեր էպոսը, որը կարելի է համարել էպոս առհասարակ բոլոր ժողովուրդների համար, նախաէպոս՝ բոլոր էպոսների համար։ Այս տեսությունը կամ վարկածը առաջ տանելով՝ Խեչոյանը վերահաստատում է, որ տիեզերքը ստեղծվել է  պայթյունի միջոցով, իսկ Երկիրն ապականվել է, նորոգվելու համար կարիք ունի մեծ պայթյունի, որն այլ բան չէ, քան ատոմային զենքի կոճակի սեղմումը։

Շատերն այս վեպը գնահատել են իբրև ազգային փիլիսոփայության ինքնության հայտնություն։ Սա պրիմիտիվ ընկալում է։ Որովհետև այս գաղափարը, իհարկե, կա, բայց հարևանցի է։ Խեչոյանը շատ ավելի մեծ, տիեզերական հարց է բարձրացնում, քան այդ գաղափարն է։

«Մհերի դռան գիրքը» չափազանց բարդ ստրուկտուրա ունի։ Բազմաթիվ հոսանքներ կան․ իր անհատական կյանքը զուգահեռում է Մհերի գոյության հետ՝ ստեղծելով կերպարների համադրության հանգամանքը և միաժամանակ իր կերպարի ողբերգական ավարտը։ Եվ կարծես թե վեպը հենց իր կյանքի գիրքն է, որը գրելուց հետո ինքը պետք է գոյություն չունենար։

 

  

Պատրաստեց Արմեն Սարգսյանը