Լևոն Խանգալդյան-Հաֆթվան. «Աշխարհին հետաքրքիր ես միայն այն դեպքում, երբ մոտ ես քո բուն արմատին»

Նա ազատ թռչուն էր

2013 թվականին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը ցուցադրեց իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ֆիլմը, որի գլխավոր դերում թատրոնի ու կինոյի դերասան, բեմադրիչ Լևոն Խանգալդյան-Հաֆթվանն էր։ Նա այդ ժամանակ արդեն ճանաչում ուներ Իրանում, ինչպես նաև Կանադայում, որտեղ ապրում էր իր կյանքի վերջին տարիներին՝ սկսած 1995 թվականից։

Հաֆթվանը ծնվել է 1966-ին՝ Թեհրանի Հեշմաթիե հայաբնակ քաղաքամասում: Դեռևս պատանեկան տարիներից Հաֆթվանի տարերքը թատրոնն էր. 12 տարեկանից նա հայկական թատերական միության թատերախմբում էր, իսկ դպրոցն ավարտելուն պես՝ Թեհրանի պետական համալսարանի գեղարվեստի և թատրոնի ֆակուլտետի ուսանող։ Երկրորդ կրթությունը Հաֆթվանը ստացավ Ռուսաստանի Թատրոնի ակադեմիայում: Նա գերազանց տիրապետում էր պարսկերենին, հայերենին, ռուսերենին և անգլերենին։

Լևոն Հաֆթվանն առաջին անգամ հայրենիք է եկել 1991 թվականին՝ մասնակցելու սփյուռքահայերի թատերական փառատոնին: Սակայն Հայաստանում նրան ավելի շատ ճանաչեցին «Ոսկե Ծիրանում» ցուցադրված «Փարվիզ» ֆիլմի շնորհիվ, որն, ի դեպ, արժանացավ «Արծաթե ծիրան» պատվավոր մրցանակին:

Բեմադրող ռեժիսոր, դերասան, դրամատուրգ և պրոդյուսեր Լևոն Հաֆթվանը «Lemaz Productions &, Artists Management» կազմակերպության գեղարվեստական ղեկավարն էր, տարբեր միջազգային փառատոների գեղարվեստական խորհրդատու էր և ժյուրիի անդամ։ Կինոյում նկարահանվելու առաջարկները ստացել է իր ծննդավայր Թեհրանում՝ 2012-ին, երբ ծննդավայր էր այցելել՝ մասնակցելու թատերական փառատոնին։

Լևոն Հաֆթվանը կինոյում հանդես է եկել մեկ-երկու անգամ՝ որպես սիրողական դերասան նկարահանվելով ընկերների ֆիլմերի դրվագներում։ Ավելի շատ կլանված էր թատրոնով, և կինոն նրա կյանքում հիմնավորվեց, երբ 2012-ին «Փարվիզ» ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ։ 2016 թվականին, 50 տարեկանում, իրանցի ռեժիսոր Ռեզա Աթթարանի լիամետրաժ «Դրակուլա» ֆիլմում նա խաղաց մի դեր, որը նույնպես մեծ ճանաչում բերեց նրան։ Այդ ֆիլմով, թերևս, սկսվեց նրա կինոկարիերան։ Դրանից անմիջապես հետո Հաֆթվանը մեկ տարվա ընթացքում նկարահանվեց ութ գեղարվեստական ֆիլմերում։ Քազեմ Մոլայի «Կուպալ» դրաման՝ նկարահանված 2017 թվականին, տարբեր միջազգային կինոփառատոներում մրցանակների արժանացավ: Այս ֆիլմում ստեղծած կերպարի համար «Canal de Panama» միջազգային կինոփառատոնում Լևոն Հաֆթվանը հաղթող ճանաչվեց «Լավագույն դերասան» անվանակարգում, իսկ 2017-ին նույն ֆիլմի համար Համիլթոնի միջազգային կինոփառատոնը Հաֆվթանին լավագույն կինոդերասանի կոչում շնորհեց։

Ռեժիսոր Մոհամադ Շիրվանիի «Fat Shaker» (Ճարպազատողը) ֆիլմը, որի գլխավոր դերասանը Հաֆթվանն է, Ռոտերդամի կինոփառատոնում նվաճեց առաջին մրցանակը։ Քննադատները, սակայն, կարծում են, որ Լևոն Հաֆթվանին ամենամեծ ճանաչումը բերեց Իսպանիայի Սան Սեբաստիանի կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ֆիլմը: 2014-ին «Փարվիզ» ֆիլմում գլխավոր դերի համար նա արժանացավ Դհակայի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին։

Լևոն Խանգալդյան-Հաֆթվանին հիանալի ճանաչում էին հատկապես Իրանում և Կանադայում։ Ցավոք, Հայաստանում նա չհասցրեց նույն ճանաչմանն արժանանալ։ Լևոնի Կանադայում բնակվող ընկերները ցավով փաստում են, որ թեև իր բազմաշնորհ տաղանդին, իր բացառիկ դրական էությանը, նա աննկատ մնաց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։ Գուցե պատճառն այն էր, որ չափից դուրս բարձր էր գնահատում արվեստը, որպեսզի այն կուսակցական հովանու տակ տեղավորեր։ Նրան բոլորը հիշում են որպես իր սկզբունքներին հավատարիմ, չափից ավելի բարի, բայց միևնույն ժամանակ ընդգծված արդարամիտ ու սկզբունքային մարդ։

Լևոն Հաֆթվանը Տորոնտոյում ապրում էր 1995 թվականից: Այստեղ նա անգլերեն, պարսկերեն, հայերեն և ռուսերեն բեմադրել է ներկայացումներ Լևոն Շանթի, Սարոյանի, Չեխովի և այլ գրողների ստեղծագործությունների հիման վրա։ Նրա մահվանից օրեր անց Տորոնտոյի հեղինակավոր «The Phoenix» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքի «Regent» հայտնի կինոթատրոնում հիշատակի երեկո կազմակերպվեց, որի ընթացքում ցուցադրվեց «Կուպալ» ֆիլմը՝ Հաֆթվանի մասնակցությամբ։

«Բացառիկ ստեղծագործ ազատ էություն»,- այսպես են Լևոնին հիշում մտերիմները։ Նրան անձնական դրամատիկ կյանք էր բաժին ընկել. հանգամանքների բերումով աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ դեգերումները, դառնությունները ոչ միայն չէին չարացրել նրան, այլ ավելի հաստատակամ էին դարձրել ստեղծագործական լիարժեք կյանքով ապրելու և արվեստին ամբողջ էությամբ ծառայելու նրա ձգտման մեջ: Լևոն Հաֆթվանին լավ ճանաչողները համերաշխորեն նշում են. «Արվեստն իր կյանքն էր, իր բալասանը, իր տունը»։

Լևոնին դեռևս իր ծննդավայր Թեհրանից ճանաչող Քարոլին Խուշաբեն նրա հետ իսկական ընկերության հարուստ պատմություն ունի։ Ապրում է Տորոնտոյում և Լևոնի վերջին տարիների ստեղծագործական վերելքների, տրամադրությունների ապրումակիցն է եղել։ Հուզմունքով, կարոտով պատմում է ընկերոջ մասին՝ ասելով, որ թեև մարդիկ սովորաբար իրենց հեռացած մտերիմների մասին հաճախ են խոսում որպես եզակիների, բայց Լևոնի մասին հատկապես անհնար է այդպես չխոսել։ «Հանճարեղ մարդ էր, և այդ պատճառով էր, որ այդ չորս լեզուն՝ պարսկերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն, տիրապետում էր այդքան լավ, այդ լեզուների ամբողջ մշակույթը կրում էր իր մեջ: Ինչո՞ւ եմ ասում ՝ եզակի։ Այն կիրքը, որը նա ուներ իր աշխատանքի, իր մասնագիտության նկատմամբ պարզապես անհամեմատելի էր ուրիշ մեկի հետ։ Լևոնն իր կյանքը տվեց թատրոնին և բեմին, վերջին տարիներին՝ նաև կինոյին։ Դերասանը մինչև անգամ սոված օրեր է ապրել, բայց իր գրպանի վերջին կոպեկը տվել է իր գործին անհրաժեշտ, ասենք՝ լույսի մասնագետին, որպեսզի բեմադրի իր ներկայացումը։ Նա երբեք չթուլացրեց իր պրոֆեսիոնալիզմը, երբեք չթողեց, որ կենցաղի ու դժվարությունների պատճառով իր արվեստը պարտվի և շատ բարձր գին վճարեց դրա համար։ Ես նրան տեսել եմ, երբ նա՝ տասնվեց-տասնյոթ տարեկան տղա, ասմունքում էր Թեհրանի հայկական միությունների թատերախմբերում։ Դեռ այն ժամանակ արդեն երևում էր, թե որքան է սիրում բեմը, արվեստը։ Եթե մեկը լսել է նրա ասմունքը, երբեք չի մոռանա։ Նա բոլոր բջիջներով էր ասմունքում, խաղում էր ամբողջ էությամբ։ եթե չեմ սխալվում, այստեղ՝ Տորոնտոյում, ռուսերեն Չեխով բեմադրեց։

Տորոնտոյում նրա կյանքը լեցուն էր դժվարություններով, նա բնակության իրավունք ստանալու համար շատ պայքարեց, անձնական խնդիրներ ևս ուներ։ Թեհրան վերադարձավ միայն տասը-տասնհինգ տարի անց։ Եվ մեր վերջին խոսակցություններից մեկի ժամանակ ասաց ինձ, որ, թերևս, ավելի հաջողեր իր ստեղծագործական կյանքում, եթե մնար Թեհրանում։ Երկարատև բացակայությունից հետո Թեհրան վերադառնալով՝ շատ էր տպավորվել վերջին տարիների իրանական կինոյով և կարծում էր, որ այդ դաշտում ինքն էլ անելիք ու ասելիք ունի»,- ասում է Քարոլինը։ Ի դեպ, «Ոսկե Ծիրանի» հրավերով Երևանում գտնվելու օրերին հարցազրույցներից մեկում Լևոն Հաֆթվանը խոստովանության պես մի բան էր ասել. «Աշխարհին հետաքրքիր ես միայն այն դեպքում, երբ քո տեղում ես, մոտ ես քո բուն արմատին, յուրօրինակ ես և քո անունից ես խոսում»։

Քարոլին Խուշաբեն ասում է. «Եթե ամբողջ աշխարհն աջ էր գնում, բայց ինքը պիտի դեպի ձախ գնար, անվախ, հպարտ իր ընտրած ուղղությամբ կգնար։ Եվ ուրախ կգնար, և սոված կգնար, անընկեր կգնար, բայց չէր երկմտի՝ անպայման կգնար։ Չէր հետևի ուրիշներին։ Ինքն առաջիններից էր Տորոնտոյում, եթե չեմ սխալվում՝ ամբողջ Կանադայում, (համենայն դեպս, այդպես էին գրում թերթերը), որն այնպիսիներկայացում բեմադրեց, որտեղ հանդիսատեսը թատրոնի հետ թատրոնի սրահից դուրս է գալիս, փողոցներով քայլում է, թատրոնը շարունակվում է փողոցում և հետևելով դերասաններին, այդպես պտտվելուց հետո, բոլորը նորից վերադառնում են թատրոն։ Դա շատ համարձ, տարբերվող, ավանգարդ քայլ էր, որ կարող էր քննադատության արժանանալ, բայց նրա համար կարևոր չէր, նա որևէ բան արվեստում չէր անում ուղղակի դուր գալու համար։ Նա ազատ թռչուն էր, որի թռիչքներին ականատես լինելու բախտ եմ ունեցել։ Լևոնն աշխարհի ազատ քաղաքացի էր բառիս բուն իմաստով»։

2018 թվականի մարտի 10-ին, Իրանում, «Մթության հարսնացուն» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ, կյանքի 52-րդ տարում սրտի կաթվածից մահացավ Լևոն Հաֆթվանը։ Նրա աճյունն ամփոփվեց Թեհրանի «Նոր բուրաստան» հայկական գերեզմանատանը։ Արվեստագետի թաղմանը ներկա էին Իրանի հայ և պարսիկ նշանավոր մարդիկ, մտավորականներ։ «Փարվիզ» ֆիլմի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարը, որը նույնպես ներկա էր հուղարկավորությանը, ցավակցեց Իրանի ժողովրդին մեծ կորստի համար. «Նա կյանքը ընկալում էր, լավ պահերի մարմնավորում և դրանով ապրեցնում ու ուրախություն էր պարգևում շրջապատին: Նա ապրեց կյանքի լայնքով, կարճ, բայց՝ խորը»։ Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթը Լևոն Հաֆթվան-Խանգալդյանին նվիրված հիշատակի անդրադարձում տպագրեց Արփինե Հարությունյանի հուշերը. «...Նոյն տարւայ ընթացքում տեղի ունեցաւ նաեւ Լեւոնի աւարտաճառ «Ձի»-ի հիասքանչ եւ անկրկնելի բեմադրութիւնը, որը հիացմունք պատճառեց հանդիսատեսներին: Նա իր խաղարկութեամբ անմոռանալի հետք դրոշմեց ունկնդիրների հոգիներում եւ նրանց մղեց ներկայացման խորքը, մինչեւ բեմադրութեան աւարտը: Շատ յաճախ, նոյնիսկ օրեր անց, շարունակւում էր նրա ստեղծած յուզական աշխարհը: Լեւոնը իւրայատուկ անձնաւորութիւն էր, իրական արւեստի երկրպագու, գերազանց տիրապետում էր հայրենի գրականութեան եւ թատերգութեան: Անկաշկանդ էր ու անմիջական, խիզախ էր, վճռական էր ու անմիջական, օժտւած անսպառ էներգիայով, ներքին աննկարագրելի մեծ ուժով եւ միաժամանակ իրատես (ռէալիստ): Նրա կարգախօսն էր. «Այն ինչ կայ, ուրեմն լաւը դա է»։ 

 

Մերի Մուսինյան