Լևոն Հարութի երկրորդ կյանքը

Հայ երևելի անձանց կենսագրությունների մեջ քիչ չեն բացառիկ ճակատագրերը, սակայն իրենց անսովորությամբ և ողբերգականությամբ կառանձնացնեի երկուսինը։ Մեկը Զապել Եսայանինը, որը փրկվելով թուրքական յաթաղանից և ապաստանելով Ֆրանսիայում՝ թողեց իր կյանքը Եվրոպայում և հայրենադարձվելով՝ դարձավ ստալինյան տեռորի զոհ։ Իսկ մյուսը՝ դերասան Լևոն Հարութինը, որը նույնպես Ֆրանսիայում թողեց ապահով կյանք և ճանաչում ու հայրենադարձվելով՝ թեև մեծն Զապելի պես ծեծասպան լինելով չնետվեց Կասպից ծովը, սակայն դարձավ դաժան ժամանակների կենդանի զոհը...

Եթե ունենայինք զարգացած կինոարտադրություն՝ այս երկուսի կյանքը վաղուց ի վեր դարձած կլիներ խաղարկային կինոնկարի նյութ։ Սակայն առայժմ բավարարվենք գրքերով։ Բարեբախտաբար, ի դեմս ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանի՝ Լևոն Հարութն ունեցավ իր նվիրյալ ուսումնասիրողին։ Տակավին քառասուն տարի առաջ Հայաստանի թատերական գործիչների միությունը հրատարակել էր նրա հեղինակած «Լևոն Հարութ» գրքույկը։ Խորհրդային ժամանակներում անհնար էր ամեն ինչ ասել դերասանի մասին, փակ էին որոշ արխիվներ, ուստի միանգամայն տեղին է Հարութի մասին նոր աշխատության հրատարակումը։ Այն լույս տեսավ անցյալ տարի, դերասանի ծննդյան 125-ամյակի առթիվ, «Լևոն Հարութ կամ Իմ հերոսի պատմությունը» վերնագրով։

Լևոն Հարութի անունը ծանոթ է հայ թատրոնի պատմությամբ սակավաթիվ հետաքրքրվողներին, նրա անունը հանդիպում է Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք»-ում. «Այդ դեմքերից մեկին, համեստներից ամենահամեստին իմ սրտի մուզեոնի անգին արժեքներից, ես կանվանեի Հոգատարություն, եթե Լևոն Հարութ չլիներ նրա անունը: Մի մեծ եղեռնից հիշատակ մնացած այդ համեստ նշխարը՝ Լևոն Հարութը, իրականացնելու համար իմ երազները՝ ցուցադրելու մեր արվեստն այդ հեռուներում, ավելին արեց, քան նույն այդ հեռուներում մոլորված հարուստ քաղքենին, ավելին՝ քան անտուն մտավորականը, և եթե այսօր մեր արվեստը ջատագովող տողեր կան աշխարհի ամենաարվեստագետ ժողովուրդներից մեկի մամուլում... Լևոնին ենք պարտական»: Նրա անվանը հանդիպում ենք  նաև Գուրգեն Մահարու «Երիտասարդության սեմին»-ում. «Մի սեղանի շուրջ նստած էր մեծանուն Վահրամ Փափազյանն իր գեղեցկուհի կնոջ և նորահաս աղջկա, Փարիզից նոր վերադարձած դերասան Լևոն Հարութի և Հրաչյա Ներսիսյանի հետ»: Նրան առանձին գլխով անդրադարձել ենք նաև մենք «Հայերը համաշխարհային կինոյում» աշխատության մեջ (Երևան, 2004, էջ 350-353)։

Իսկ այժմ ասպարեզի վրա է 267 էջից բաղկացած մի հատոր, որտեղ ի մի են բերված Լևոն Հարութի մասին արխիվային նյութերից և տպագիր աղբյուրներից ժողովված նյութեր, ինչպես նաև նրան ճանաչողների հուշեր ու վկայություններ։ Անհագ հետաքրքրությամբ է կարդացվում հատորը, պատճառը թե՛ հերոսի անսովոր ճակատագիրն է, թե՛ հեղինակի հանդարտ, առանց ավելորդաբանությունների ոճը...

Լևոն Հարությունյանը (1894, Վան – 1957, Երևան) ուսանել էր Կ.Պոլսում, 1910-ին մեկնել է Փարիզ, աշակերտել դերասան Պոլ Մունեին: 1914–1920 թթ. ուսանել է Փարիզի կոնսերվատորիայում, աչքի ընկել անգլիացի բանաստեղծ Չաթերթոնի դերով՝ Ալֆրեդ դը Վինյիի համանուն դրամայում՝ արժանանալով հատուկ մրցանակի, իսկ որպես ավարտական աշխատանք «Անդրոմաքե» պիեսում կատարելով Օրեսթեսի դերը և ստացել ողբերգության համար նախատեսված առաջին մրցանակը, թեև, ըստ «Էքսելյոր» պարբերականի, նա ավելիին է արժանի եղել: Մեկ տասնյակի հասնող ֆրանսիական պարբերականներ արձագանքել են Հարութի հաջողությանը: Քննություններից անմիջապես հետո Հարութը հրավեր է ստացել «Էկլիպս» կինոստուդիայից՝ նկարահանվելու Թեո Բերժըրայի «Հնդիկների ծաղիկը» ֆիլմում (1921): Ֆրանսիական մամուլը գրել է, որ Հարութից զատ, ոչ ոք չէր կարող այդքան կատարյալ մարմնավորել դժնի մահառաջա Ռուսեմին:

Հայ բեմում Լևոն Հարութն իր առաջին նշանակալի դերը կատարել է դեռ 1915-ին, Կ.Պոլսում՝ Մաքս Դրեհերի «17 տարեկաններ» պիեսի բեմադրության մեջ: Տակավին ուսանող՝ Լևոնը Մկրտիչ Ջանանի հետ Անգլիայի երեք քաղաքներում տվել է հայերեն ներկայացումներ,  բնագրից թարգմանել է Հյուգոյի և Բալզակի գործերից, ինչպես նաև գրել մի քանի պիես: Ի դեպ, 1932-ին Հարութն է կազմակերպել Վահրամ Փափազյանի «Օթելլոյի» ֆրանսերեն ներկայացումը՝ ապահովելով ֆրանսիացի խաղընկերների մասնակցությունը... Իսկ նա դերասան էր փարիզյան այնպիսի թատրոններում, ինչպիսիք էին «Կոմեդի Ֆրանսեզը»,  «Օդեոնը», «Ատելյեն», «Մոնպառնասը»: Ֆրանսիացի դերասանների հետ Հարութը հյուրախաղերով շրջել է Շվեյցարիայում, Եգիպտոսում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում: Ըստ թատերագետ Գառնիկ Ստեփանյանի. «Հենց այս շրջագայությունների ընթացքում էլ շեղվել է իր բուն կոչումից: Տեղի տալով հայկական գաղութների խնդրանքին՝ խաղացել է ինչ որ առաջարկվել է»: Նույն հեղինակի կարծիքով այդ «նահանջին» նպաստել են նաև նրա կինոդերակատարումները Հոլիվուդում՝ «Փախստականները» (Շեյխ) և «Կաշվե վզեր» (1928), «Նոյյան տապանը» (զինվոր, 1929,), «Գնչուներ» (գնչու), «Կինն ընդդեմ կնոջ» և «Հրեայի կյանք» (Հրեա, երեքն էլ՝ 1930), Ժյուլյեն Դյուվիվյեի «Գողգոթա» (1935): Նրա լուսանկարները երևացել են ժամանակի ամերիկյան, ֆրանսիական, արգենտինյան, բրազիլական կինոամսագրերում։ Օգտվելով առիթից՝ Հարութի կինոդերերի վերաբերյալ կատարենք հետևյալ ճշտումը։ Ինտերնետի կինոշտեմարանում (www.imdb.com) նրա անունն առկա է միայն երկու ֆիլմում՝ վերոհիշյալ «Հնդիկների ծաղիկը» (Հարությունյան անվամբ) և Ալեքսանդր Ռայդերի «Կրկնակը» (1923, Հարութ անվամբ)։ Մնացած ֆիլմերում նրա դերակատարումները եղել են դրվագային, այդ պատճառով չեն նշվել ենթագրերում, սակայն Հարութի մասնակցությունն ապացուցվում է ժամանակի մամուլի վկայություններով և պահպանված լուսանկարներով։ «Լևոն Հարութ կամ Իմ հերոսի պատմությունը» գրքում ընդգրկված, «Ֆիլմ» թերթում 1989-ին լույս տեսած Սերգեյ Հարությունյանի «Լևոն Հարութ» հոդվածում ասվում է, որ նա նկարահանվել է 13 հոլիվուդյան ֆիլմում, չնայած ուրիշ ֆիլմերում ևս դերասանի մասնակցությանը, որոնք, սակայն, չեն ապացուցվում ո՛չ մամուլով, ո՛չ լուսանկարներով։ Այսպես, Հարությունյանի հոդվածում հիշված է Մերվին Լյա-Ռոյի (իրականում՝ Լըրոյ) «Փախուստ տաժանակիրների ճամբարից» ֆիլմը (1931), որտեղ իբր Հարութը կատարում էր Ջոյի դերը։ Իրականում Մերվին Լըրոյի ֆիլմը կոչվում է «Ես փախստական եմ Չեյն Գանգից» (1932), և Ջո անունով գլխավոր հերոս չունի։

1935-ին Հարութը դերասաններ Արման Կոթիկյանի, Անահիտ Դատավորյանի հետ կապել է իրերը և հավատալով խորհրդային դրախտին՝ մեկնել է իր «հոգու էություն և իր մտքերի թագուհի» Հայաստան: Այդ առթիվ Փարիզի կոնսերվատորիայի սրահում կազմակերպվել է հրաժեշտի շքեղ երեկո, որին մասնակցել են ֆրանսիացի անվանի դերասաններ Շառլ Բուայեն, Պիեռ Բլանշարը, Մաքս Մաքսուդյանը, և այլք… Հազիվ թե նրանց մտքով անցներ, թե իրականում ինչ է սպասում դերասանին…

Սկիզբը կարծես թե խոստումնալից էր: 1930-ականներին մի բուռ մտավորական ու արվեստագետ ունեցող գավառական Երևանը փարիզյան բեմում ու էկրանին փայլած դերասանին կարծես թե վատ չի ընդունել: Հայաստանում դերասանը գտել է իր կյանքի ընկերուհուն՝ գեղեցկատես պարուհի Գայանե Սերոբյանին, որն այդուհետ գրվել է Գալյա Հարութ: Լևոն Հարութն աշխատել է Լենինականի պետական թատրոնում, նկարահանվել «Զանգեզուր» և «Քաջ Նազար» ֆիլմերում: Սակայն շուտով ամեն ինչ տակնուվրա է եղել... Ինչպես վկայել է Ստեփանավանում Հարութին աշակերտած գրող Վիկտոր Բալայանը. «Հանրապետության պաշտոնյաներից մեկը Լևոն Հարութի չքնաղ տիկնոջը տիրանալու համար «ժողովրդի թշնամի» ամուսնուն Սիբիր էր ուղարկում: «Ժողովրդի թշնամի» պիտակը կպցնելու համար բավական էր այն փաստը, որ արտիստը Չարենց էր կարդում»... Նա, որ եկել էր արվեստագետի իր տաղանդը ծառայեցնելու հայրենի մշակույթին, ստիպված էր կրել անհեթեթ ժամանակների փորձությունները: Անցյալում թողած բարեկեցիկ կյանք ու դափնիներ՝ ողբերգական ճակատագրի տեր արվեստագետը, ծանրորեն տարավ ամեն նսեմացում և չարչարանք խորհրդային դարձած իր հայրենիքում...

1946-ին՝ աքսորից վերադարձից հետո, Լևոն Հարութին արգելել են ապրել Երևանում: Չափազանց հուզիչ է հատորում տեղ գտած Արման Կոթիկյանի դստեր՝ Սեդայի վկայությունը, թե ինչպես աքսորից վերադառնալով՝ Լևոն Հարութը նախ գնացել է Արման Կոթիկյանի տուն, որը չի ճանաչել ընկերոջը, որին աքսորի տարիներին ամեն կերպ օգնել էր... Ապրուստը հոգալու համար Լևոն Հարութը մինչև 1953 թվականը հանդես է եկել Կիրովականի, Նոր Բայազետի և Գորիսի թատրոններում՝ կատարելով շուրջ քառասուն դեր: Նա, որ սովոր էր «Կոմեդի Ֆրանսեզում» իր կերտած դերերի համար փառաբանություններ լսել ֆրանսիական մամուլից, այժմ ստիպված էր բավարարվել Սամեդ Վուրղունի պիեսի իր դերակատարման մասին Գորիսի «Ստալինյան դրոշ» թերթի ժլատ գովասանքով… Իսկ երբ Լևոն Հարութին «մեծահոգաբար» թույլ են տվել ապրել Երևանում (1953–1956 թթ. նա աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում), նա տուն անգամ չի ունեցել: Դարձյալ Վիկտոր Բալայանի վկայությամբ՝ Երևանի օպերետի թատրոնի կողքին. «Խորհուրդների փողոցի կողմից, հենց շենքի պատին կից կպած, տախտակից բույն հիշեցնող մի անկյուն էին շինել, որպեսզի աշխարհի բեմերը ոտքի տակ տված արտիստը գիշերները պատսպարվելու տեղ ունենա: Այդ բնում մի թախտ էր տեղավորվում, երկու աթոռ և մի կախովի լվացարան»...

Եվ նույնիսկ հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալը չի թեթևացրել դերասանի ծերությունը: Նա մահացել է բոլորից լքված և մոռացված՝ երկրորդ կնոջը թողնելով հինգ մանկահասակ դուստրերի հետ…

«Լևոն Հարութ կամ Իմ հերոսի պատմությունը» գիրքը եզրափակվում է Լևոն Հարութի ժամանակակիցների հիշողություններով, որոնք ամբողջացնում են այդ տաղանդավոր, ներհուն արվեստագետի դիմանկարը...

Մատչելի լեզվով գրված, փաստական հարուստ նյութ ու պատկերազարդումներ պարունակող բարձրորակ տպագրությամբ այս հատորը, հիրավի, Դերենիկ Մարտիրոսյանի անձնվիրության և սիրո արտահայտությունն է իր աներոջ և հայ ժողովրդի մեծ զավակի հիշատակին...