Լեոնարդո Դի Կապրիո՝ գերազանցել ինքդ քեզ

Ամերիկացի կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոն այն հազվագյուտ աստղերից է, որոնք իրենց ամբողջ հեղինակությամբ նպաստում են մոլորակի փրկությանը՝ մասնակցելով բնապահպանական խնդիրների լուծմանը:

2013 թվականի Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմն էր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին», որի գլխավոր հերոսին մարմնավորել է Դի Կապրիոն: 40 տարի առաջ նույն դերը խաղացել էր Ռոբերտ Ռեդֆորդը՝ ռեժիսոր Ջեք Քլեյթոնի համանուն ֆիլմում: «ArtCollage»-ի ընթերցողների գնահատմանն ենք առաջարկում Ֆրանկ Ռուսոյի 2013 թվականի հարցազրույցը դերասանի հետ, որը հրապարակվել է «Femme actuelle»-ում: 

 

Ֆրանկ Ռուսո -Կաննի կինոփառատոնի մեկնարկը կազդարարվի «Մեծն Գեթսբի» ֆիլմի ցուցադրությամբ: Կցանկանա՞ք մեզ որևէ կարճ պատմություն պատմել այս նշնանակալից իրադարձության մասին: 

Լեոնարդո Դի Կապրիո -Կինոփառատոնի աստիճաններով բարձրանալը դերասանի կյանքում իսկապես կարևոր բան է: Այստեղ գալն ինձ համար փոքր-ինչ նման է «Քաղցր կյանքն» ամեն անգամ վերապրելուն: Կարծես թե ամբողջ քաղաքը վերածվել է մի հսկայական, երկայնաձիգ կարմիր գորգի։ Ես հավանում եմ Կաննի բնակիչներին այն բանի համար, որ նրանք յուրովի նպաստում են այս փառատոնի հաջողությանը և ազդեցության տարածմանը: Երբ գալիս է կինոյի ժամը, ամբողջ հասարակությունը սկսում է լիաթոք շնչել ու ապրել հագեցած կյանքով: Ես շատ ուրախ եմ, որ «Գեթսբին» կբացի Կաննի կինոփառատոնը: Ես նույնիսկ հպարտ եմ դրանով: Սա ռիսկային էկրանավորում է՝ թանկարժեք մի քար, և Կաննը որոշ չափով դրա զարդատուփը կլինի: Բազը (ֆիլմի ռեժիսոր Բազ Լուրմանը) կարողացավ լիովին վերաբացահայտել Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի այս գլուխգործոցը: Նրա մոտեցումը շշմեցնող է:

Ֆրանկ Ռուսո -Կաննը նաև պապարացիներն են, իսկ դա ամենևին էլ հիանալի բան չէ…

Լեոնարդո Դի Կապրիո -Ամեն անգամ, երբ գալիս եմ Կանն, ես զարմանում եմ, թե ինչ հնարքների կարող են դիմել պապարացիները ինձ հետապնդելու համար: Կաննը կինոյի մեծ պատարագ է, բայց դա հավասարապես տարօրինակ մարդկանց կուտակման վայր է:

Ֆրանկ Ռուսո -Գեթսբին ինքն իր համար ստեղծեց կյանք, անցյալ, նա այն մարդն է, որը սիրում է լույսը, շարունակելով թաքուն պահել ստվերի մի մասը, հատկապես այն մասը, որը վերաբերում է իր հսկայական ունեցվածքի ծագմանը: Ձեր կյանքի ընթացքում երբևէ պատահե՞լ է այնպես, որ դուք՝ հետքերը խճճելու նպատակով, ձևացնեք, թե ուրիշ մեկն եք:

Լեոնարդո Դի Կապրիո -Այո՛: Երբ դուք զբաղվում եք այս մասնագիտությամբ, դուք չեք կարող իջևանել հյուրանոցում ձեր իսկական անունով: Դուք պետք է խորամանկության դիմեք, որպեսզի ձեզ հանգիստ թողնեն: Աննկատ մնալու թիվ մեկ կանոնն ամբոխի հետ ձուլվելն է: Ես ճանաչում եմ աստղերի, որոնք բողոքում են, որ իրենք հաճախ հետապնդվում են երկրպագուների մեծ բազմության կողմից: Մի բան հաստատ է. եթե դուք օրվա պիկ ժամին դուրս գաք ձեր լիմուզինից ձեր վարորդի և թիկնապահների ուղեկցությամբ, որպեսզի հաց կամ պաղպաղակի կոն գնեք, ապա ռիսկ կա, որ դուք ամբողջ թաղամասով մեկ աղմուկ կբարձրացնեք: Ծածուկ և միատեսակ լինելուց, անհատական առանձնահատկությունները վերացնելուց ավելի լավ բան չկա: «Տիտանիկից» հետո ես երեք բան հասկացա: Առաջին. հանգիստ ապրելու համար ես  չպետք է խոսեմ իմ անձնական կյանքի, սիրային զգացմունքների մասին: Երկրորդ. դուք ոչինչ չեք կարող անել շշուկների, լուրերի դեմ: Եվ երրորդ. որքան շատ են այդ պտտվող լուրերն, այնքան ավելի շատ մարդիկ են ընկնում դրանց ծուղակը:

Ֆրանկ Ռուսո -«Մեծն Գեթսբիում» ձեր կերպարն առաջնորդվում է մեկ գաղափարով՝ վերադարձնել Դեյզիին՝ (Քերի Մալիգան) այն կնոջը, որին նա այդքան շատ էր սիրում, որին նա չկարողացավ պահել, և որն  այդ ընթացքում ամուսնացավ փոփոխամիտ ամուսնու հետ: Նրա համար դա դառնում է սևեռուն գաղափար: Հոգեբանական խոշտանգում: Նա կսկսի իդեալականացնել Դեյզիին այն աստիճան, որ այս… խենթ տարիների ընթացքում, փաստորեն նա ինքը խելագար կդառնա: Ինչո՞վ եք բացատրում «սահմանային» դերերի հանդեպ նման շեշտված հակումը: Այնպիսի տպավորություն է, կարծես դուք այն սարքել եք ձեր ապրանքանիշը…

Լեոնարդո Դի Կապրիո -Ես չեմ ընտրում ֆիլմ կամ դեր, ինքս ինձ ասելով. «Տես է, քանի որ նախորդ անգամ ես նկարահանվեցի գիտաֆանտաստիկ կինոնկարում, ապա այս անգամ պետք է նկարահանվեմ կենսագրական ֆիլմում կամ ռոմանտիկ կատակերգությունում»: Ես չեմ «պլանավորում»: Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է՝ այն կերպարի բնավորությունն է, որին ինձ խնդրում են մարմնավորել, և այն պատմությունը, որն ինձ խնդրում են պատմել: Եվ որքան ավելի բարդ են այդ կերպարները, որքան մեզ համար ավելի դժվար է նրանց ի հայտ բերելը, այնքան ավելի շատ եմ զգում, որ պետք է բացահայտեմ նրանց ստվերային կողմերը: Լինի դա Էդգար Հուվերը, Հովարդ Հյուզը կամ Գեթսբի Հոյակապը, այս բոլոր արտասովոր անհատականությունները՝ լինեն դրանք իրական կամ հորինված անձինք, բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնց ես ուզեցի պատասխանել: Եվ հետո, անկեղծ ասած, ես զբաղվում եմ այս մասնագիտությամբ, որպեսզի գերազանցեմ ինքս ինձ:

Ֆրանկ Ռուսո -Ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի այս հերոսը նաև ցոփ ու շվայտ կյանք վարող մարդ է՝ հավաքույթների և խնջույքների մոլի մասնակից: Կյանքը վատնելու բնավորության այս գիծը ձեզ բնորո՞շ է: Կարճ ասած, ի՞նչ թերություններ կարող է ունենալ Լեոնարդո Դի Կապրիոն:

Լեոնարդո Դի Կապրիո -Ես այստեղ-այնտեղ մի քիչ սիգար եմ ծխում: Դրանում ոչ մի վատ բան չկա: Առիթից առիթ մի բաժակ ոգելից խմիչք եմ օգտագործում: Իսկ երբ գլուխս ցավում է, ես ինձ հանգստացնում եմ, ասելով ինքս ինձ, թե կարող է պատահի՝ լուսապսակս է ինձ չափից շատ սեղմում:

Ֆրանկ Ռուսո -Ունե՞ք կախվածության ևս մեկ տեսակ, որը կցանկանայիք մեզ համար բացահայտել:

Լեոնարդո Դի Կապրիո -Այո, բայց դա չի՛ վնասում առողջությանը: Ոչ մի դեպքում ես բաց չէի թողնի «Լեյքերսի» խաղը (նկատի ունի «Լոս Անջելես Լեյքերս» ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբը): Երբ «Լեյքերսի» խաղացողը գնդակը նետում է զամբյուղի մեջ, կամ պատրաստվում է վճռական փոխանցում անել, դուք զգում եք, թե ինչպես է ամբոխը խելագարվում: Կիրքն այնպիսին է, որ հիշեցնում է հրաբխային պայթյունի էներգիան: Հատակը դղրդում է ճիչերից: Դա ինչ-որ մի բան է, որը ձեզ գրավում է ներքևից: Որը ձեզ վեր է բարձրացնում: Բուն երկրային ուժեր:

Ֆրանկ Ռուսո -Իսկ երբեմն զգո՞ւմ եք Գեթսբիի պես միայնակ կամ կեղծ ընկերներով, ձրիակերներով, չարաշահողներով շրջապատված լինելու վախը:

Լեոնարդո Դի Կապրիո -Դա այն ռիսկերն են, որոնք մենք՝ լինելով դերասան, վերցնում ենք մեզ վրա: Անհնարին է իմանալ, թե արդյո՞ք ձեզ հետ շփվում են, քանի որ դուք որոշ բաներ ստանալու հնարավորություն ունեք, թե նրանք դա անում են ձեր անձի պատճառով: Երբ զբաղվում եք այս մասնագիտությամբ, դուք պետք է ակնկալեք, որ կունենաք խոր մենության պահեր: Երբեմն դուք նկարահանվում եք ձեր սիրած մարդկանցից շատ հեռու վայրերում: Երեկոյան, երբ դուք մենակ եք ձեր հյուրանոցային համարում՝ շատ ծանր է։ Ներկա միակ բանը՝ հայելու մեջ արտացոլվող ձեր պատկերն է: Հետո ինքներդ ձեզ հաշիվ եք տալիս, որ ձեր գոյության մեջ բացարձակապես ոչ մի նորմալ բան չկա։   

Ֆրանկ Ռուսո -Երբ լրագրողները ձեր մասին են գրում, նրանք հաճախ իրենց հոդվածներում գործածում են մի ածական: Այս ածականն է՝…խելամիտ դերասան: Ինչպե՞ս եք արձագանքում, երբ ձեզ այսպես են պիտակավորում:

Լեոնարդո Դի Կապրիո -Խելամի՞տ: Այդպես չեմ կարծում: Ասենք, ես մտածում եմ, որ ավելի ճիշտ, ես այն դերասանն եմ, որը սիրում է ուղերձներ տարածել կամ ստիպել, որ որևէ գործ տեղից շարժվի: Որքան գիտեմ, Հոլիվուդում կա դերասանի երկու տեսակ. Նրանք, որոնք անտեղի ձեռածություն են անում և նրանք, որոնք փորձում են հետաքրքրվել մարդկային ցեղի տարբեր կողմերով: Սա ահեղ և ինչ-որ առումով անսպառ խաղահրապարակ է: Բավական է միայն նայել մեր շուրջը:

Ֆրանկ Ռուսո -Հիշում եք ձեր ամենաառաջին լսումները...

Լեոնարդո Դի Կապրիո -Ես ինը տարեկան էի: Նախ և առաջ, ես պետք է գտնեի որևէ գործակալի, որը կհամաձայներ զբաղվել ինձնով: Առաջինը, որին գտա, առաջարկեց ինձ այցելել վարսավիրին և փոխել անունս: Նա կարծում էր, որ իմ անունը չափազանց «էթնիկ» է և ցանկանում էր փոխարինել այն ավելի... լավ մականունով՝ Լեննի Ուիլյամս: Ես հրաժարվեցի և, այնուամենայնիվ, աշխատանք գտա, մասնավորապես մի քանի գովազդային հոլովակներում:

Ֆրանկ Ռուսո -Եթե դերասան չլինեիք, ապա ո՞ր մասնագիտությունը կընտրեիք:

Լեոնարդո Դի Կապրիո -Իմ ամբողջ մանկության ընթացքում ես երազում էի դառնալ օվկիանոսագետ, կենսաբան կամ բնապահպան: Երբ ես մոտավորապես տասը տարեկան էի, իմ ուսուցիչներից մեկի տված «Ինչո՞վ ես ուզում զբաղվել ապագայում» հարցին, ես առանց վարանելու պատասխանեցի. «Ուզում եմ, որ նավապետ Կուստոն ինձ աշխատանքի վարձի, որպեսզի փրկեմ կետերին, դելֆիններին, ինչպես նաև այն միլիոնավոր մեդուզաներին, որոնք խայտառակ ձևով նետվում են լողափեր»:

Իմ մտերիմ ընկերներն իրենց սենյակներում փակցնում էին Դեյվիդ Հասելհոֆի պաստառները (ամերիկացի երգիչ և դերասան, որն առավել հայտնի է իր մասնակցությամբ «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալում), որտեղ նա պատկերված էր որևէ մեկին ջրից հանելու, կամ էլ մեծակուրծք սիրունիկներին արհեստական շնչառություն տալու պահերին: Իմ պարագայում, դա «Կալիպսո» նավն էր, որը լուսանկարված էր բոլոր կողմերից: Խոստովանեմ, որ դա այնքան էլ սեքսուալ չէր, սակայն միայն գիտական արշավախմբերի այս խորհրդանիշին նայելն արդեն իսկ ինձ մոտ առաջացնում էր ցանկություն՝ ճանապարհորդել աշխարհով մեկ: Բաց ծովի կանչը… երբեք շատ ուշ չի լինում: Հավանվաբար, հենց դա՛ է այն բանը, որին ես կնվիրվեմ 100 տոկոսով, երբ թոշակի անցնեմ:

Ֆրանկ Ռուսո -Ջրի մեջ սուզվելու մասին խոսելիս, ես հասկացա, որ դուք մի քանի տարի առաջ հազիվ եք փրկվել խեղդվելուց:

Լեոնարդո Դի Կապրիո -Այո՛, այո՛: Գալապագոսյան կղզիների ստորջրյա հատակն ուսումնասիրելիս: Ամեն ինչ լավ էր սկսվում: Իդեալական տեսանելիություն: Սակավաթիվ հոսանքներ: Հին անջրանցիկ տեսախցիկով ես նկարահանում էի կատվաձկների տարմը և հանկարծ, փորձանք՝ իմ ճնշման կարգավորիչը դադարեց ինձ օդ մատակարարել: Այդ պահին ես տեսա, թե ինչպես էր աչքիս առջևով անցնում ամբողջ կյանքս: Քանի որ մենք բավականաչափ ցած էինք իջել, ես խոր շունչ քաշեցի, որպեսզի միանամ ջրասուզական աշխատանքների ղեկավարին, որը կիսեց ինձ հետ իր թթվածինը: Միակ բանը, որի մասին նմանատիպ հանգամանքներում դուք մտածում եք, հետևյալն է. «Դու՛րս հանիր ինձ այս գրողի տարած տեղից…այն էլ արագ»:

Ֆրանկ Ռուսո -Եկեք մնանք ջրի մեջ: Եթե չլիներ «Տիտանիկի» ցունամին, ի՞նչ եք կարծում, դուք կլինեիք այն նույն Լեոն, որի համար այսօր բոլորն իրենց կոտորում են:

Լեոնարդո Դի Կապրիո -Եկեք իրատես լինենք, եթե ես «Տիտանիկի» դերասանական կազմում չլինեի, ապա «Նյու Յորքի ավազակախմբերի» կամ «Ավիատոի» մասշտաբի ֆիլմերը ֆինանսավորման հետ կապված դժվարություններ կունենային: Հոլիվուդյան լեզվով ասած՝ ես դարձա «դրամարկղ», այնքանով որքանով որ դա օգնում է այն նախագծերին, որոնք արժանի են դրան: Իրապես, «Տիտանիկի» մեծ օգուտն այն է, որ այն ինձ թույլ տվեց նախագծերի կատալիզատոր դառնալ: Երբ ես Քեյթ Ուինսլեթի հետ նկարահանվեցի «Տիտանիկում», մենք, այսպես ասած, նորեկներ էինք այս գործում: Ես և Քեյթը գիտեինք, որ պատրաստվում ենք մասնակցել մեծ բլոկբաստերի: Այնուամենայնիվ, մենք հեռու էինք մտքից, որ մեկ ակընթարթում մեզ կենդանի սրբապատկերների աստիճանի կբարձրացնեն: Մեզ խելագարությունից փրկեց, որ մենք երկուսս էլ ոտքի վրա ամուր կագնելու ունակություն ունենք, և երբ մեզ դիմում էին այնպես ասես կենդանի աստվածներ էինք, ապա մենք մեծ հեռավորություն էինք պահպանում: Ապացույց բերեմ. ես Ամազոնի կուսական անտառի սրտում էի, երբ ինձ հետ հանդիպելու եկան հնդկացիները, որոնք ազդրերը ծածկող փաթաթաշորեր էին կրում և որոնց դեմքերը ցեղային զարդանախշերով էին պատված: Նրանցից մեկը մատնացույց արեց ինձ և ասաց. «Դու մեռար ծովերում նավարկող մեծ երկաթե պիրոգայում (կարիբյան մակույկում): Դու ... Ջե՛ք»

Ֆրանկ Ռուսո -Ափսոսո՞ւմ եք ձեր կարիերային առնչվող որևէ բանի համար: Երբեմն եղե՞լ է, որ ինքներդ ձեզ ասեք. «Ես պետք է անեի այս բանը, այլ ոչ թե այն բանը»:     

Լեոնարդո Դի Կապրիո -Անկեղծ եմ ասում, ես ոչնչի համար չեմ ափսոսում: Ես կարող էի զղջալ, եթե մեքենայի հետևի հայելու մեջ նայելիս ինքս ինձ ասեի. «Դու ոչինչ չարեցի՛ր: Դու քնեցի՛ր: Դու չկարողացա՛ր օգտվել այն անհավատալի հնարավորություններից, որոնք առաջարկում էին քեզ: Դու չկարողացա՛ր օգտագործել քեզ տված շանսը»: Բայց, անկեղծ ասած, դա այդպես չէ:

Ֆրանկ Ռուսո -Վերջերս դուք նկարահանվեցիք իրար հաջորդող առնվազն երեք ֆիլմերում: Կինոյի հանդեպ ձեր ունեցած կրքի ստրուկը չե՞ք դառնա:

Լեոնարդո Դի Կապրիո -Ինչ-որ իմաստով՝ այո: Բայց ես դա անում եմ իմ հոժար կամքով: Ոչ ոք ինձ չի ստիպում: Առաջիկա ամիսներին ես պատրաստվում եմ լիցքաթափվել, որպեսզի ավելի մեծ եռանդով նվիրվեմ շրջակա միջավայրին: Նպատակ ունեմ ոչ թե այդքան հանրության, այլ ընտրվածների ուշադրությունը գրավել այս խնդրի վրա: Մեզ ղեկավարողների մեծ մասն իրականում միայն շատ կարճաժամկետ պատկերացում ունի այն ռիսկերի մասին, որոնց ենթարկվում է մեր մոլորակը և, հետևաբար՝ ամբողջ մարդկությունը:

Ֆրանկ Ռուսո -Ինչպե՞ս կբացատրեք, որ այս տարիների ընթացքում մեզ ղեկավարողները չեն ուզում ոչինչ տեսնել:

Լեոնարդո Դի Կապրիո -Երբ քաղաքական մարդուն պատմում են Երկիր մոլորակի մասին, նա դատում է ոչ թե պարտադիր համաշխարհային ժառանգության, այլ շատ հաճախ աղբանոցի տեսանկյունից: Դեմոկրատներն ու հանրապետականները մեզ հիանալի խոստումներ տվեցին։ Արդյունքում, գործնականորեն, դրանցից ոչ մեկը չիրականացվեց: Որովհետև տարիներ շարունակ ավելի շատ հաշվի են առնվել գերարդյունաբերության, շահույթի հետևից մրցավազքի, մրցունակության և զանգվածային սպառման հետ կապված տնտեսական պահանջները, քան հարգանքը մեր տան՝ Երկրի նկատմամբ: Եկեք ասենք ամբողջ ճշմարտությունը՝ բնապահպանական քաղաքականությունը, այն կերպ, ինչպես դա մտածված էր 80-90-ականներին Միացյալ Նահանգներում և այլ հզոր երկրներում, լրիվ անհեթեթ է: «Աղտոտողները» չեն հասկանում մի բան, որ մենք աստիճանաբար սպանում ենք ինքներս մեզ: Կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք: Վերցրեք անհետացման եզրին գտնվող գորիլաներին, որոնք վտանգված են մասնավորապես անտառահատումների պատճառով: Զրկելով նրանց սննդից և պահպանված տարածքներից, մարդը զոհաբերում է իրեն իսկ պատկանող մի փոքր մասնիկը: Չէ՞ որ մենք իսկապես ազգականներ ենք:

Ֆրանկ Ռուսո -Երբվանի՞ց եք մտահոգված այս կապույտ մոլորակով, որը հիվանդ է մարդկանց գործունեության պատճառով:

Լեոնարդո Դի Կապրիո -Իմ էկոլոգիական «գիտակցությունը» սկիզբ է առնում մանուկ հասակից, ավելի ճիշտ այն օրվանից, երբ դպրոցում ուսուցիչը մեզ ցույց տվեց մի մեծ դեղին նեոնի ամպ, որը թռչում էր Լոս Անջելեսի վրայով՝ աղտոտման ամպ:

Ֆրանկ Ռուսո -Գեթսբիի մոտ փողի հանդեպ մի տեսակ հիացմունք ձևավորվեց: Ինչպես և Սքոթ Ֆիցջերալդի հերոսը, դուք նույնպես մեծացել եք համեստ միջավայրում: Պատմե՛ք մեզ կանաչ թղթադրամների հետ ունեցած ձեր հարաբերությունների մասին:

Լեոնարդո Դի Կապրիո -Գիտե՞ք, թե ինչու են աստղերն այդքան թանկ վարձատրվում: Հենց այն պատճառով, որ նրանք պետք է դիմանան այն բոլոր հիմարություններին, որոնք կարող են գրել նրանց մասին: Բավական է հիմար ձևանալ: Փողը կարող է շատ արագ վերածվել կախվածության, եթե չզգուշանաք դրանից: Հատկապես, երբ ձեզ չափազանց մեծ հոնորար են առաջարկում: Սկզբում դուք մեղմորեն տարվում եք դրանով: Մանավանդ, եթե դուք մեծացել եք մի միջավայրում, որտեղ ստիպված եք եղել տնտեսել, որպեսզի ձեզ թույլ տաք այս կամ այն բանը: Իմ դեպքում դա այդպես էր…

-Դուք երբևէ լսե՞լ եք shark finning-ի`շնաձկների լողաթևերի որսի մասին, -հարցրեց մեզ Լեոն: «Դա մի պրակտիկա է, որն ինձ մոտ նույնքան վրդովմունք է առաջացնում, որքան նողկանք։ Բանն այն է, որ կտրում են կենդանի շնաձկների լողաթևերը, հետո նրանց ծով են բաց թողնում: Այս ամենն արվում է չինական կերակրատեսակների համար սնունդ  մատակարարելու և ասիական բնակչության կարիքները բավարարելու համար (դրանցով թանկարժեք ապուր են պատրաստում), քանի որ նրանք կարծում են, որ այս լողաթևերը օժտված են բուժիչ հատկություններով: Հարկ է իմանալ, որ այս կերպ մեկ տարվա ընթացքում 73 միլիոն կենդանի է սպանվում։

Անհրաժեշտ էր անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանզի ամբողջ աշխարհում գերձկնորսության և շնաձկների լողաթևերի որսի արդյունքում ոչնչացվել է շնաձկների պոպուլյացիաների 90 տոկոսը: Չմոռանանք, որ շնաձկները մոլորակի էկոհամակարգերի կարևորագույն մասն են: Մի խոսքով, ես ուրախ եմ, որ այս գործունեությունն այժմ արգելված է շատ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ափամերձ ջրերում: Գիտեք, որ կար ժամանակ, երբ Կալիֆորնիան՝ շնաձկների լողաթևերի Ասիա արտահանող ամենամեծ տարածաշրջաններից մեկն էր: Մի անգամ սուզվելու ժամանակ ջրի խորքում գտնվող ավազե հատակին ես տեսա հոգեվարք ապրող այս սքանչելի գիշատիչներից մեկին, որի օրգաններն անդամահատված էին: Ցանկացած ջրասուզակ դա ձեզ կասի: Սա սրտառուչ տեսարան է:

Այսպիսով, եթե ես այդ աստիճան հետաքրքրված եմ, ապա դրա պատճառն այն է, որ ես սիրում եմ զարգանալ այս կենդանիների շրջապատում: Ես ոչ մի ցանկություն չունեմ ընկղմված լինել մի աշխարհում, որը զրկված է շնաձկներից: Դրանք կազմում են դեկորի և էկոլոգիական շղթայի մի մասը: Իրականում ոչ ոք չի ցանկանում, որ օվկիանոսի խորքը հսկայական անկենդան լողավազանի վերածվի», -եզրափակում է Լեոն:

Եթե գոյություն ունի «Արմավենու ճյուղ» մրցանակը, որը մենք կցանկանայինք շնորհել մեր Լեոին, ապա դա կլինի մոլորակի շրջակա միջավայրի մասին հոգ տանող ամենաակտիվ աստղի մրցանակը: Եվ դա կինո չէ:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի