Լավ մարդ գտնելը դժվար է

«ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում ամերիկյան գրականության ամենահետաքրքիր հեղինակներից մեկի՝ Մերի Ֆլաների Օ'Քոննորի հայտնի՝ «Լավ մարդ գտնելը դժվար է» պատմվածքը՝ Լուսինե Հակոբյանի թարգմանությամբ:

 

***

Տատիկը չէր ցանկանում գնալ Ֆլորիդա։ Ցանկանում էր այցելել Արևելյան Թենեսիում ապրող իր ծանոթներին և ամեն առիթ օգտագործում էր, որ Բեյլիին մտափոխեր։ Բեյլին որդին էր, որի հետ ապրում էր, նրա միակ տղան։ Նստած էր սեղանի մոտ՝ աթոռի եզրին, կռացած թերթի մարզական էջերի վրա։

-Հապա այստեղ նայիր, Բե՛յլի,- ասաց տատիկը,- տե՛ս, սա կարդա՛։

Ոտքի կանգնեց՝ մի ձեռքը դրած նիհար կողին, իսկ մյուսով թերթը թափահարելով Բեյլիի ճաղատ գլխի վրա։

-Այս մարդը, որ իրեն Չսազական է անվանում, փախել է ֆեդերալ բանտից և ճամփա է ընկել դեպի Ֆլորիդա։ Հապա կարդա՛, թե ինչ է արել այդ մարդկանց։ Դու միայն կարդա։ Ես իմ երեխաներին չէի տանի այն ուղղությամբ, որով այսպիսի հանցագործ է թափառում: Խիղճս չէր տա։

Բեյլին գլուխը չբարձրացրեց, և տատը շրջվեց դեպի երեխաների մայրը՝ լայն տաբատով երիտասարդ կինը, որի դեմքը կաղամբի պես լայն ու անմեղ էր և ծածկված էր կանաչ թաշկինակով՝ վերևում երկու ելուստ`նապաստակի ականջների պես։ Նստած էր բազմոցին և փոքրիկին տարայից ծիրան էր կերցնում։

-Երեխաներն առաջ էլ են եղել Ֆլորիդայում,- ասաց տարեց կինը։ -Դուք պիտի նրան մի ուրիշ տեղ տանեք, որ փոփոխություն լինի, որ աշխարհի տարբեր մասեր տեսնեն ու ազատ լինեն։ Արևելյան Թենեսիում երբեք չեն եղել։

Երեխաների մայրը կարծես նրան չլսեց, բայց ութամյա տղան՝ Ջոն Ուեսլին՝ ամրակազմ, ակնոցավոր տղա, ասաց․

-Եթե չես ուզում Ֆլորիդա գալ, ինչո՞ւ տանը չես մնում։

Նա և փոքրիկ աղջիկը՝ Ջուն Սթարը, հատակին նստած կոմիքսներ էին կարդում։

-Նա տանը չէր մնա, նույնիսկ եթե այդ օրը «Մի օրով թագուհի» խաղի հաղթող լիներ,- ասաց Ջուն Սթարն առանց շեկ գլուխը բարձրացնելու։

-Հա՞, իսկ ի՞նչ կանեիք, եթե այդ մարդը՝ Չսազականը, բռնի ձեզ,- հարցրեց տատը։

-Կբոքսեի դեմքին,- ասաց Ջոն Ուեսլին։

-Նա միլիոն դոլարի դիմաց էլ տանը չի մնա,- ասաց Ջուն Սթարը։ -Վախենում է մի բան բաց թողնել։ Պիտի մեզ հետ ամեն տեղ գա։

-Շատ լավ, օրիո՛րդ,- ասաց տատը։ -Բայց հիշիր ասածդ, երբ հաջորդ անգամ ուզենաս, որ մազերդ գանգրացնեմ։

Ջուն Սթարն ասաց, որ իր մազերը բնականից գանգուր են։

Հաջորդ առավոտյան տատն առաջինը նստեց մեքենան՝ կազմ-պատրաստ։ Գետաձիու գլխի նմանվող մեծ, սև ուղեպայուսակը մի անկյունում էր, իսկ դրա տակ թաքցրել էր Փիթի Սինգի՝ կատվի զամբյուղը։ Չէր պատրաստվում կատվին երեք օր միայնակ տանը թողնել, որովհետև կատուն իրեն շատ կկարոտեր։ Բացի այդ՝ վախենում էր, որ կատուն կարող էր դիպչել գազայրիչներից մեկին և պատահաբար խեղդվել։ Որդին՝ Բեյլին, չէր սիրում, երբ մոթել էր հասնում կատվի հետ։

Տատը նստեց հետևի նստարանի կենտրոնում, երկու կողքին`Ջոն Ուեսլին և Ջուն Սթարը։ Բեյլին, երեխաների մայրը և փոքրիկը նստեցին առջևում։ Ատլանտայից հեռացան ութն անց քառասունհինգ, մեքենայի վազքը`55890 մղոն։ Տատը սա գրի առավ, որովհետև կարծում էր՝ հետաքրքիր կլինի ասելը, թե քանի մղոն են անցել, երբ վերադառնան։ Քսան րոպեից հասան քաղաքի ծայրը։

Տարեց կինը, հարմար տեղավորվելով, հանեց բամբակյա ճերմակ ձեռնոցները և պայուսակի հետ դրեց հետևի պատուհանի առջևում։ Երեխաների մայրը դեռ տաբատով էր և մազերը դեռ հավաքել էր կանաչ թաշկինակով, բայց տատը ծղոտե մուգ կապույտ ծովային գլխարկով էր՝ եզրին մի խումբ ճերմակ մանուշակներ, և հագել էր մուգ կապույտ զգեստ՝ մանր, ճերմակ կետերով։ Վիզն ու թևքերը ժանեկազարդ, ճերմակ շղարշից էին, իսկ վզին ամրացրել էր կտորից մանուշակների մի փունջ՝ հոտավետ պարկիկով։ Պատահարի դեպքում, ով էլ տեսներ նրա մարմինը ճանապարհի վրա, միանգամից կհասկանար, որ լեդի էր։

Ասաց, որ կարծում է՝ մեքենա քշելու համար լավ օր էր լինելու․ ո՛չ շատ շոգ էր, ո՛չ շատ ցուրտ։ Բեյլիին զգուշացրեց, որ թույլատրելի արագությունը ժամում հիսունհինգ մղոն էր, և որ ճանապարհային ոստիկանները թաքնվում էին գովազդային վահանակների և ծառերի հետևում և արագ հետևիցդ ընկնում, մինչև կհասցնեիր մեքենան դանդաղեցնել։ Մատնացույց արեց շրջապատի հետաքրքիր մանրամասները՝ Քարե լեռը, կապույտ գրանիտը, որ որոշ տեղերում մայրուղու երկու կողմերում էլ երևում էր, փայլուն կարմիր կավե գետափերը՝ թեթևակի մանուշակագույն ներկված, և տարբեր բույսերը, որոնք կանաչ ժանյակի պես զարդարում էին հողը։ Ծառերը լի էին արևի արծաթափայլ լույսով, իսկ ամենաչարաճճիները փայլփլում էին։ Երեխաները կոմիքսներ էին կարդում, իսկ նրանց մայրը քնել էր։

-Եկե՛ք Ջորջիայով արագ անցնենք, որ ստիպված չլինենք շատ բան տեսնել,- ասաց Ջոն Ուեսլին։

-Եթե ես փոքրիկ տղա լինեի,- ասաց տատիկը,- այդպես չէի խոսի իմ հայրենի նահանգի մասին։ Թենեսին լեռներ ունի, իսկ Ջորջիան՝ բլուրներ։

-Թենեսին ուղղակի գյուղացիների աղբավայր է,- ասաց Ջոն Ուեսլին,- Ջորջիան էլ է քրջոտ նահանգ։

-Շատ ճիշտ է,- ասաց Ջուն Սթարը։

-Իմ ժամանակներում,- ասաց տատը՝ ծալելով բարակ, երակներով պատված մատները,- երեխաներն ավելի հարգալից էին իրենց հայրենի նահանգների, իրենց ծնողների և այլ բաների հանդեպ։ Մարդիկ այն ժամանակ ճիշտ էին ապրում։ Նայե՛ք այդ սիրունիկ նեգրիկին,- ասաց՝ ցույց տալով մի խրճիթի դռան մոտ կանգնած սևամորթ երեխայի։ -Այ թե լավ նկար կլիներ։

Բոլորը շրջվեցին և հետևի պատուհանից նայեցին փոքրիկ սևամորթին։ Նա ձեռքով արեց։

-Հագին շալվար չկար,- ասաց Ջուն Սթարը։

-Հավանաբար չուներ,- բացատրեց տատը։ -Գյուղի փոքրիկ նեգրերը չունեն այն ամենը, ինչ մենք ունենք։ Եթե նկարել իմանայի, այդ պատկերը կնկարեի։

Երեխաները փոխանակեցին կոմիքսները։

Տատն առաջարկեց փոքրիկին գրկել, և երեխաների մայրը դիմացի նստարանից փոխանցեց փոքրիկին։ Տատը նրան ծնկներին դրեց, վեր-վեր թռցրեց և պատմեց այն ամենի մասին, ինչի կողքով անցնում էին։ Աչքերը ոլորեց, բերանը ծռեց և իր կաշվենման, նիհար դեմքը մոտեցրեց երեխայի հարթ, անարտահայտիչ դեմքին։ Երբեմն փոքրիկը ցրված ժպտում էր նրան։ Անցան բամբակի լայն դաշտի կողքով՝ մեջտեղում հինգ-վեց գերեզման՝ ինչպես փոքրիկ կղզի։

-Գերեզմաններին նայե՛ք,- մատով ցույց տալով՝ ասաց տատը։ -Սա հին ընտանեկան գերեզմանատուն էր։ Պլանտացիային էր պատկանում։

-Որտե՞ղ է պլանտացիան,- հարցրեց Ջոն Ուեսլին։

-Քամուց քշվել է,- ասաց տատը։ -Հա, հա։

Երբ երեխաներն ավարտեցին բոլոր կոմիքսները, որ բերել էին, բացեցին ճաշն ու կերան։ Տատը կերավ գետնանուշի կարագով սենդվիչ և մի ձիթապտուղ ու երեխաներին թույլ չտվեց, որ տուփն ու թղթե անձեռոցիկները պատուհանից դուրս նետեն։ Երբ անելու այլ բան չկար, սկսեցին խաղալ․ մեկն ընտրում էր մի ամպ, իսկ մյուս երկուսը գուշակում էին, թե ինչի նման է։ Ջուն Ուեսլին ընտրեց կովի նման մի ամպ, Ջուն Սթարը գուշակեց՝ կով, իսկ Ջոն Ուեսլին ասաց՝ ո՛չ, ավտոմեքենա, Ջուն Սթարն ասաց, որ արդար չէ, և նրանք սկսեցին տատի վրայով իրար հարվածել։

Տատն ասաց, որ եթե լուռ մնան, պատմություն կպատմի։ Երբ պատմում էր պատմությունը, շատ դրամատիկ ձևով ոլորում էր աչքերն ու թափահարում ձեռքերը։ Ասաց, որ երբ օրիորդ էր, իրեն սիրահետում էր պարոն Ալբերտ Նեյթան Ուշը Ջորջիայի Ջասպեր քաղաքից։ Ասաց, որ շատ գեղեցկադեմ տղամարդ էր և ջենտլմեն, և որ ամեն շաբաթ օր իրեն ձմերուկ էր բերում՝ անունը վրան փորագրված՝ Ա․ Ն․ Ուշ։ Այդպես, մի շաբաթ օր պարոն Ուշը ձմերուկը բերեց, և քանի որ տանը ոչ ոք չկար, թողեց այն տան դիմաց և իր սայլով Ջասպեր վերադարձավ։ Բայց տատն ասաց, որ ինքն այդպես էլ ձմերուկը չստացավ, որովհետև մի նեգր տղա կերավ այն, երբ տեսավ վրան փորագրվածը՝ անո՛ւշ։ Պատմությունը Ջուն Ուեսլիին շատ զվարճացրեց, և նա ծիծաղեց ու ծիծաղեց, բայց Ջուն Սթարին դուր չեկավ։ Ասաց, որ չէր ամուսնանա մարդու հետ, որը պարզապես նրան շաբաթ օրերը ձմերուկ էր բերում։ Տատն ասաց, որ ճիշտ կաներ՝ ամուսնանար պարոն Ուշի հետ, որովհետև նա ջենտլմեն էր և «Կոկա-կոլայի» բաժնեթղթեր էր գնել, երբ այն նոր էր բացվել, ու մահացել էր ընդամենը մի քանի տարի առաջ՝ շատ հարուստ։

Կանգ առան «Աշտարակում», որ խորոված սենդվիչներ ուտեն։ «Աշտարակը» մասամբ ծեփապատ, մասամբ փայտյա գազալցակայան և պարասրահ էր՝ Թիմոթիից դուրս ընկած բացատում։ Կարմիր Սեմի Բաթս անունով մի գեր մարդ էր ղեկավարում այն, խճուղու վրա՝ մղոններ շարունակ, և շենքի վրա՝ այստեղ-այնտեղ, ցուցանակներ էին, որոնց վրա գրված էր․ «ՓՈՐՁԵՔ ԿԱՐՄԻՐ ՍԵՄԻԻ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԽՈՐՈՎԱԾԸ։ ՌԵԴ ՍԵՄԻԻ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԽՈՐՈՎԱԾԻ ՆՄԱՆԸ ՉԿԱ։ ԿԱՐՄԻՐ ՍԵՄ։ ՈՒՐԱԽ ԾԻԾԱՂՈՂ ՉԱՂԼԻԿԸ։ ՎԵՏԵՐԱՆ։ ԿԱՐՄԻՐ ՍԵՄԻՆ ՁԵՐ ՄԱՐԴՆ Է»։

Կարմիր Սեմին պառկած էր «Աշտարակի» դիմաց՝ գետնին, գլուխը բեռնատարի տակ մտցրած, մինչ մոտ մեկ ոտնաչափ բարձրությամբ մոխրագույն կապիկը՝ շղթայված ցածր ծառին, մոտակայքում աղմկում էր։ Կապիկը թռավ ծառի վրա և հասավ ամենաբարձր ճյուղին, հենց տեսավ, որ երեխաները դուրս են ցատկել մեքենայից և իր կողմ են վազում։

Ներսում «Աշտարակը» երկար, մութ սենյակ էր՝ մի ծայրում վաճառասեղանը, մյուսում՝ սեղանները, իսկ մեջտեղում՝ պարահրապարակը։ Բոլորը նստեցին սեղանի մոտ՝ երաժշտական ավտոմատի կողքին, և Կարմիր Սեմի կինը՝ բարձրահասակ, արևահարված կին՝ մաշկի գույնից բաց մազերով և աչքերով, եկավ և ընդունեց նրանց պատվերը։ Երեխաների մայրը տասը ցենտ գցեց մեքենայի մեջ և նվագեց «Թենեսիի վալսը», իսկ տատիկն ասաց, որ այս մեղեդին միշտ իրեն պարեցրել է։ Բեյլիին հարցրեց, թե կցանկանա՞ պարել, բայց նա միայն թարս նայեց։ Նա բնականից այնքան ուրախ չէր, ինչքան մայրը, և լարվում էր ուղևորությունների ժամանակ։ Տատի շագանակագույն աչքերը շատ պայծառ էին։ Գլուխը մի կողմից մյուսն էր ճոճում և ձևացնում, թե պարում է իր աթոռի մեջ։ Ջուն Սթարն ասաց՝ այնպիսի բան միացնեն, որ դոփապար պարի, այնպես որ երեխաների մայրը ևս տասը ցենտ գցեց ու արագ երգ միացրեց, իսկ Ջուն Սթարը դուրս եկավ պարահրապարակ և իր դոփապարը պարեց։

-Ինչ սիրունիկն է,- ասաց Կարմիր Սեմի կինը՝ թեքվելով վաճառասեղանի վրա։ -Կուզե՞ս՝ գալ ու իմ փոքրիկ աղջիկը լինել։

-Բոլորովին,- ասաց Ջուն Սթարը։ - Միլիոն դոլարով էլ այս քանդուքարափ վայրում չէի ապրի։

-Ինչ սիրունիկն է,- կրկնեց կինը՝ քաղաքավարի ձգելով բերանը։

-Չե՞ս ամաչում,- ֆշշացրեց տատը։

Կարմիր Սեմը ներս եկավ ու կնոջն ասաց, որ վաճառասեղանի մոտ ժամանակ չվատնի և արագ այս մարդկանց պատվերը բերի։ Նրա դեղնականաչավուն տաբատը միայն կողերին էր հասնում, և ստամոքսը կախված էր դրա վրա, կարծես շապիկի տակ մի պարկ ուտելիք էր օրորվում։ Մոտեցավ ու նստեց կողքի սեղանին և հոգոց հանեց, որ յոդլ էր հիշեցնում։

-Չես կարող հաղթել,- ասաց։ -Չես կարող հաղթել։

Քրտնած կարմիր դեմքը սրբեց մոխրագույն թաշկինակով։

-Հիմա չգիտես՝ ում վստահել,- ասաց։ -Ճիշտ չէ՞։

-Մարդիկ, անկասկած, այնպիսին չեն, ինչպիսին առաջ էին,- միանգամից ասաց տատը։

-Այո՛, տիկի՛ն, երևի թե,- ասաց Կարմիր Սեմը` կարծես ապշած պատասխանից։

Կինը բերեց պատվերը՝ միանգամից հինգ ափսե առանց սկուտեղի՝ ամեն ձեռքում երկու հատ, մեկն էլ թևի վրա։

-Աշխարհիս երեսին մի հոգի չկա, որին կարող ես վստահել։ Եվ ոչ մեկին չեմ բացառում, ոչ մեկին,- ասաց՝ նայելով Կարմիր Սեմիին։

-Կարդացե՞լ եք այն փախած հանցագործի՝ Չսազականի մասին,- հարցրեց տատը։

-Հեչ չէի զարմանա, եթե մեզ վրա հարձակվեր,- ասաց կինը։ -Եթե լսի, որ այսպիսի տեղ կա, չէի զարմանա, որ տեսնեի նրան։ Եթե լսի, որ գանձարանում երկու սենթ կա, հեչ չէի զարմանա, եթե․․․

-Հերիք է,- ասաց Կարմիր Սեմը։ -Գնա ու այս մարդկանց իրենց կոլաները բեր։

Կինը գնաց պատվերի մնացած մասը բերելու։

-Լավ մարդ գտնելը դժվար է,- ասաց Կարմիր Սեմը։ -Ամեն ինչ ավելի է վատանում։ Հիշում եմ՝ ժամանակին կարող էիր դուրս գալ ու դուռդ չկողպել։ Այլևս` ոչ։

Նա և տատը քննարկեցին ավելի լավ ժամանակները։ Տարեց կինն ասաց, որ, իր կարծիքով, ամեն ինչի համար Եվրոպան է մեղավոր։ Ասաց, թե Եվրոպան իրեն այնպես է պահում, կարծես փողից է սարքած, իսկ Կարմիր Սեմն ասաց, որ այդ մասին խոսելն էլ իմաստ չունի, քանի որ տատը միանգամայն իրավացի է։ Երեխաները վազեցին դուրս ճերմակ արևի տակ և նայեցին ժանեկազարդ ծառի վրա բարձրացած կապիկին։ Նա զբաղված էր իր վրայի լվերը բռնելով և ամեն մեկը զգուշորեն ատամներով կծելով, կարծես համադամ խորտիկ լիներ։

Նորից ճանապարհ ընկան շոգ կեսօրին։ Տատը կատվի պես ննջում էր և մի քանի րոպեն մեկ արթնանում իր իսկ խռմփոցից։ Թումսբորոյից դուրս արթնացավ և հիշեց մի հին պլանտացիա, որ այցելել էր այս կողմերում, երբ երիտասարդ էր։ Ասաց, որ տունը վեց ճերմակ սյուներ ուներ դիմացը, դեպի այնտեղ տանող ուղին եզրված էր կաղնիներով, իսկ երկու կողմերում փայտյա փոքրիկ, կանաչապատ տաղավարներ կային, որտեղ սիրահետողիդ հետ նստում էիր այգում զբոսնելուց հետո։ Հիշեց, թե որ ճանապարհով պետք է գնալ, որ այնտեղ հասնես։ Գիտեր, որ Բեյլին չի ցանկանա ժամանակ կորցնել՝ հին տանը նայելով, բայց ինչքան խոսում էր դրա մասին, այնքան ավելի շատ էր ցանկանում տեսնել այն և պարզել, թե արդյոք դեռ կայի՞ն երկու փոքրիկ տաղավարները։

-Այդ տանը գաղտնարան կար,- խորամանկորեն ասաց նա․ ճշմարտությունը չէր ասում, բայց կուզենար, որ ճիշտ լիներ։ - Ասում են՝ ընտանիքի ողջ արծաթն այդտեղ էր թաքնված, երբ Շերմանը եկավ, բայց այն երբեք չեն գտել․․․

-Հե՛յ,- ասաց Ջոն Ուեսլին։ -Գնանք տեսնելու։ Կգտնենք։ Բոլոր տախտակները շուռ կտանք ու կգտնենք։ Ո՞վ է այնտեղ ապրում։ Որտեղի՞ց ենք թեքվում։ Հե՛յ, պա՛պ, չե՞նք կարող գնալ այնտեղ։

-Մենք երբեք գաղտնարանով տուն չենք տեսել,- ճչաց Ջուն Սթարը։ - Եկեք գնանք գաղտնարանով տուն։ Հե՛յ, պապ, չե՞նք կարող գնալ ու գաղտնարանով տունը տեսնել։

-Այստեղից հեռու չէ, գիտեմ,- ասաց տատը։ -Քսան րոպեից ավելի չի տևի։

Բեյլին ուղիղ դիմացն էր նայում։ Ծնոտը պայտի պես ամուր էր։

-Ո՛չ,- ասաց նա։

Երեխաները սկսեցին գոռալ ու ճչալ, որ ուզում են գաղտնարանով տունը տեսնել։ Ջոն Ուեսլին ոտքով հարվածեց դիմացի նստարանին, իսկ Ջուն Սթարը կախվեց մոր ուսերից և հուսահատ նվնվաց նրա ականջին, որ երբեք չեն զվարճանում, անգամ արձակուրդին, որ երբեք չեն կարող անել այն, ինչ իրենք են ուզում։ Երեխան սկսեց բղավել, իսկ Ջոն Ուեսլին ոտքով այնքան ուժեղ հարվածեց դիմացի նստարանին, որ հայրը հարվածը երիկամում զգաց։

-Լա՛վ,- բղավեց և մեքենան կանգնեցրեց ճանապարհի եզրին։ -Ձայններդ կկտրե՞ք։ Գոնե մի վայրկյան ձայններդ կկտրե՞ք։ Եթե ձայններդ չկտրեք, ոչ մի տեղ չենք գնա։

-Նրանց համար շատ ուսուցողական կլիներ,- քթի տակ ասաց տատը։

-Լավ,- ասաց Բեյլին,- բայց սա իմացեք՝ միայն այս անգամ ենք այսպիսի բանի համար կանգ առնելու։ Միայն այս մեկ անգամ։

-Հողածածկ ճանապարհը, որով պիտի թեքվես, մեկ մղոնի վրա է,- ուղղորդեց տատը։ -Երբ անցանք, հիշեցի։

-Հողածածկ ճանապարհ,- հառաչեց Բեյլին։

Երբ պտտվեցին և ուղղվեցին դեպի հողածածկ ճանապարհը, տատը տան մասին այլ մանրամասներ հիշեց՝ գեղեցիկ ապակին շքամուտքին և մոմով լամպը միջանցքում։ Ջոն Ուեսլին ասաց, որ գաղտնարանը հավանաբար բուխարու մեջ է։

-Չեք կարող տուն մտնել,- ասաց Բեյլին։ -Չգիտեք՝ ով է ապրում այնտեղ։

-Մինչև դուք կխոսեք այդ մարդկանց հետ տան առջևում, ես կվազեմ հետևը և պատուհանից ներս կմտնեմ,- առաջարկեց Ջոն Ուեսլին։

-Բոլորս կմնանք մեքենայի մեջ,- ասաց մայրը։

Թեքվեցին դեպի հողածածկ ճանապարհը, և մեքենան դժվարությամբ շարժվեց վարդագույն փոշու գալարների միջով։ Տատը հիշեց այն ժամանակները, երբ սալապատ ճանապարհներ չկային, և երեսուն մղոնը մեկ օրվա ճանապարհ էր։ Հողածածկ ճանապարհը բլրով էր գնում, ժամանակ առ ժամանակ հանկարծ ջրափոսեր էին հայտնվում և կտրուկ թեքություններ վտանգավոր հողապատնեշների վրա։ Մեկ բլրի վերևում էին՝ նայելով մղոններ տարածվող ծառերի կապույտ գագաթներին, իսկ հաջորդ պահին կարմիր ձորում էին, և փոշեծածկ ծառերն էին վերևից նայում նրանց։

-Եթե այդ տեղը մի րոպեից չերևաց,- ասաց Բեյլին,- հետ եմ գնալու։

Ճանապարհն այնպիսի տեսք ուներ, կարծես ոչ ոք ամիսներով չէր անցել այնտեղով։

-Այնքան էլ հեռու չէ,- ասաց տատը, և հենց այդ պահին մի սարսափելի միտք ծագեց։

Միտքն այնքան ամաչեցնող էր, որ տատը կարմրեց, աչքերը լայնացան, իսկ ոտքերը վեր թռան՝ անկյունում դրած ուղեպայուսակը շուռ տալով։ Հենց ուղեպայուսակը շարժվեց, դրա տակ դրված զամբյուղի վրայի թերթը մռնչոցով վեր բարձրացավ, և Փիթի Սինգը՝ կատուն, թռավ Բեյլիի ուսին։

Երեխաներն ընկան հատակին, իսկ նրանց մայրը, երեխային գրկած, դռնից դուրս թռավ և ընկավ գետնին, տատը թռավ դիմացի նստարանին։ Մեքենան մի անգամ շուռ եկավ և ճիշտ կողմով կանգ առավ ճանապարհի կողքի մի նեղ ձորակում։ Բեյլին մնաց վարորդի նստարանին՝ մոխրագույն շերտերով, լայն, ճերմակ դեմքով և նարնջագույն քթով կատուն թրթուրի պես կպած օձիքին։

Հենց երեխաները հասկացան, որ կարողանում են իրենց թևերն ու ոտքերը շարժել, մեքենայից դուրս նետվեցին՝ բղավելով՝ մենք վթարի ենք ենթարկվել։ Տատը կծկվել էր վահանակի տակ՝ հուսալով, որ վնասված էր, որպեսզի Բեյլիի զայրույթը միանգամից չթափվի գլխին։ Սարսափելի միտքը, որ ունեցել էր պատահարից առաջ, այն էր, թե տունը, որ այդքան հստակորեն հիշել էր, Ջորջիայում չէր, այլ Թենեսիում։

Բեյլին կատվին երկու ձեռքով պոկեց վզից և նրան պատուհանից դուրս նետեց սոճու ծառի վրա։ Հետո մեքենայից դուրս եկավ և սկսեց երեխաների մորը փնտրել։ Կինը նստած էր կարմիր առվի մեջ՝ իր բղավող փոքրիկին գրկած․ միայն դեմքին վերք ուներ, և ուսն էր կոտրվել։

-Վթարի ենք ենթարկվել ,- հրճվանքով բացականչեցին երեխաները։

-Բայց ոչ ոք չի սպանվել,- հիասթափված ասած Ջուն Սթարը, երբ տատը կաղալով դուրս եկավ մեքենայից․ գլխարկը դեռ գլխին էր, բայց դիմացի եզրը կոտրվել էր և ցցվել, իսկ մանուշակների փունջը կախվել էր մի կողմից։

Բացի երեխաներից՝ բոլորը նստեցին չորացած առվի մեջ, որ ուշքի գան։ Բոլորը դողում էին։

-Գուցե մի մեքենա կանցնի,- խռպոտ ձայնով ասաց երեխաների մայրը։

-Ինձ թվում է՝ ինչ-որ օրգան եմ վնասել,- ասաց տատը՝ ձեռքը սեղմելով կողքին, բայց ոչ ոք չպատասխանեց։

Բեյլիի ատամները չխկչխկում էին։ Հագին դեղին սպորտային շապիկ էր՝ վրան վառ կապույտ թութակներ․ դեմքն այնքան դեղին էր, ինչքան շապիկը։ Տատը որոշեց՝ չի նշի, որ տունը Թենեսիում էր։

Ճանապարհը մոտ տասը ֆուտ բարձրության վրա էր, և նրանք միայն մյուս կողմի ծառերի գագաթներն էին տեսնում։ Առվից այն կողմ էլի անտառ էր՝ բարձր ծառերով, խոր և մութ։ Մի քանի րոպեից մի մեքենա տեսան բլրի գագաթին, որ դանդաղ մոտենում էր, կարծես ներսից մարդիկ հետևում էին իրենց։ Տատը ոտքի կանգնեց և երկու թևերն ուժգին թափահարեց, որ գրավի նրանց ուշադրությունը։ Մեքենան շարունակեց դանդաղ իջնել, անհետացավ ոլորանի հետևում և, ավելի դանդաղ շարժվելով, նորից հայտնվեց այն բլրի գագաթին, որտեղից ընկել էին։ Մեծ, սև, մաշված, դիակառքի նման մեքենա էր։ Ներսում երեք տղամարդ կար։

Այն կանգ առավ հենց նրանց վերևում, և մի քանի րոպե շարունակ վարորդը ներքև նայեց անշարժ, անարտահայտիչ հայացքով և ոչինչ չասաց։ Հետո գլուխը շրջեց և ինչ-որ մռթմռթաց մյուս երկուսին։ Նրանք դուրս եկան։ Մեկը գեր տղա էր՝ սև տաբատով ու կարմիր մարզազգեստով՝ դիմացը արծաթագույն նժույգ նկարած։ Քայլեց ընտանիքի աջ կողմը և կանգնեց աչքերը չռած, բերանը թեթևակի բաց, կարծես ժպտում էր։ Մյուսի հագին դեղնականաչավուն տաբատ էր և կապույտ, գծավոր վերարկու, ինչպես նաև մոխրագույն գլխարկ՝ շատ ներքև քաշած, որ թաքցնում էր դեմքի մեծ մասը։ Դանդաղ մոտեցավ և կանգնեց ընտանիքի աջ կողմում։ Ոչ մեկը չխոսեց։

Վարորդը դուրս եկավ մեքենայից և կանգնեց դրա կողքին՝ վերևից նայելով նրանց։ Տարիքով ավելի մեծ էր, քան մյուս երկուսը։ Մազերը նոր էին սկսել ճերմակել։ Արծաթագույն շրջանակով ակնոց էր կրում, որը նրան գիտակի տեսք էր տալիս։ Երկարավուն, կնճռոտ դեմք ուներ, իսկ հագին շապիկ կամ ներքնաշապիկ չկար։ Հագել էր կապույտ ջինս, որ շատ նեղ էր իր համար, իսկ ձեռքին սև գլխարկ էր ու ատրճանակ։ Երկու տղաները նույնպես ատրճանակներ ունեին։

-Մենք վթարի ենք ենթարկվել,- բղավեցին երեխաները։

Տատն այնպիսի զգացողություն ուներ, որ ակնոցավոր մարդուն ճանաչում է։ Դեմքն այնքան ծանոթ էր, կարծես ամբողջ կյանքում իմացել էր նրան, բայց չէր հիշում, թե ով է։ Տղամարդն առաջ շարժվեց և սկսեց իջնել հողապատնեշով՝ ոտքերը զգուշորեն դնելով, որ չսահի։ Հագին բաց դարչնագույն և սպիտակ կոշիկներ էին, գուլպաներ չկային, իսկ սրունքները կարմիր էին ու բարակ։

-Բարի օր,- ասաց նա։ -Տեսնում եմ՝ մի քիչ պտտվել եք։

-Երկու անգամ շուռ ենք եկել,- ասաց տատը։

-Մի անգամ,- ուղղեց տղամարդը։ -Մենք տեսանք։ Մեքենան փորձի՛ր և տե՛ս, թե կգնա, Հայրա՛մ,- ցածրաձայն ասաց մոխրագույն գլխարկով տղային։

-Այդ ատրճանակն ինչի՞ համար է,- հարցրեց Ջոն Ուեսլին։ -Ի՞նչ ես անելու ատրճանակով։

-Տիկի՛ն,- ասաց տղամարդը երեխաների մորը,- երեխաներին չէի՞ք կանչի ձեզ մոտ։ Երեխաներն իմ մեջ լարվածություն են առաջացնում։ Ուզում եմ, որ բոլորդ միասին նստեք հենց այդտեղ։

-Ինչո՞ւ ես մեզ ասում, թե ինչ անենք,- հարցրեց Ջուն Սթարը։

Նրանց հետևում անտառը կարծես մութ, բաց բերան լիներ։

-Այստեղ եկեք,- ասաց մայրը։

-Լսե՛ք,- հանկարծ սկսեց Բեյլին,- մենք փորձանքի մեջ ենք։ Մենք․․․

Տատը ճչաց։ Ոտքի ելավ և կանգնեց՝ աչքերը լայն բացած։

-Դուք Չսազականն եք,- ասաց նա։ -Ես Ձեզ միանգամից ճանաչեցի։

-Այո՛, տիկի՛ն,- ասաց տղամարդը՝ թեթևակի ժպտալով, կարծես ակամա գոհ էր, որ իրեն ճանաչում էին,- բայց ձեր բոլորի համար լավ կլիներ, տիկի՛ն, եթե Դուք ինձ չճանաչեիք։

Բեյլին գլուխը կտրուկ թեքեց և մորն այնպիսի բան ասաց, որ անգամ երեխաներին ապշեցրեց։ Տարեց կինը սկսեց լաց լինել, իսկ Չսազականը կարմրեց։

-Տիկի՛ն,- ասաց,- մի՛ վշտացեք։ Երբեմն մարդն այնպիսի բաներ է ասում, որ չի ուզում։ Չեմ կարծում, որ ուզում էր Ձեզ հետ այդպես խոսել։

-Դուք լեդիի վրա չեք կրակի, չէ՞,- ասաց տատն ու մի մաքուր թաշկինակ հանեց թևքից, որ աչքերը սրբի։

Չսազականը կոշիկի ծայրը խրեց հողի մեջ, մի փոքրիկ փոս փորեց, հետո նորից ծածկեց։

-Չէի ուզենա,- ասաց։

-Լսե՛ք,- գրեթե գոռաց տատը,- ես գիտեմ, որ Դուք լավ մարդ եք։ Բոլորովին հասարակ մարդու տեսք չունեք։ Գիտեմ, որ լավ ընտանիքից պիտի լինեք։

-Այո՛, տիկի՛ն,- ասաց նա,- աշխարհի ամենալավ մարդիկ էին։

Երբ ժպտաց, ամուր, ճերմակ ատամների շարքը երևաց։

-Աստված մորիցս ավելի լավ կին չի ստեղծել, իսկ հայրիկիս սիրտը մաքուր ոսկի էր,- ասաց նա։

Կարմիր մարզահագուստով տղան նրանց հետևում էր կանգնել՝ ատրճանակը գոտկատեղին։ Չսազականը կքանստեց։

-Երեխաներին հսկի՛ր, Բոբի Լի՛,- ասաց նա։ -Գիտես, որ նրանցից լարվում եմ։

Նայեց իրար կողքի կծկված վեց հոգուն և կարծես ամաչեց, որ չգիտեր՝ ինչ ասել։

-Երկնքում մի ամպ չկա,- նշեց՝ վեր նայելով։ -Արևը չի երևում, բայց ամպ էլ չկա։

-Այո՛, գեղեցիկ օր է,- ասաց տատը։ -Լսե՛ք, պետք չէ, որ Ձեզ Չսազական անվանեք, որովհետև գիտեմ, որ բարի սիրտ ունեք։ Ձեզ նայում եմ ու անմիջապես երևում է։

-Սո՛ւս,- գոռաց Բեյլին։ -Սո՛ւս։ Բոլորդ ձայններդ կտրե՛ք և թողեք, որ ես այս հարցը լուծեմ։

Նա կքանստել էր՝ առաջ նետվել պատրաստվող վազորդի դիրքում, բայց չէր շարժվում։

-Շնորհակալ եմ, տիկի՛ն,- ասաց Չսազականը և հողի մեջ մի փոքրիկ շրջան նկարեց ատրճանակի հետևի մասով։

-Կես ժամ պետք կլինի մեքենան սարքելու համար,- ասաց Հայրամը՝ նայելով բացված կապոտին։

-Դե, սկզբում դու և Բոբի Լին այս մարդուն և այդ փոքրիկ տղային ձեզ հետ այնտեղ տարեք,- ասաց Չսազականը՝ ցույց տալով Բեյլիին և Ջոն Ուեսլիին։

-Տղաներն ուզում են քեզ մի բան հարցնել,- ասաց նա Բեյլիին։ -Նրանց հետ դեպի անտառ չե՞ս գնա։

-Լսե՛ք,- սկսեց Բեյլին,- մենք ահավոր փորձանքի մեջ ենք։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում։

Ձայնը կտրվեց։ Աչքերն այնքան կապույտ ու հստակ էին, ինչքան շապիկի թութակները։ Տեղից ընդհանրապես չշարժվեց։

Տատը ձեռքը տարավ, որ գլխարկի եզրն ուղղի, կարծես նրա հետ անտառ էր գնալու, բայց այն մնաց ձեռքում։ Կանգնեց՝ մի պահ դրան նայելով, հետո թողեց, որ ընկնի գետնին։ Հայրամը Բեյլիի թևը բռնեց ու վեր քաշեց, կարծես ծերունու էր օգնում։ Ջոն Ուեսլին բռնեց հոր ձեռքը, և Բոբի Լին հետևեց նրանց։ Գնացին դեպի անտառը, և հենց հասան մութ եզրին, Բեյլին շրջվեց և, հենվելով մոխրագույն, մերկ սոճու բնին, բղավեց․

-Մի րոպեից կվերադառնամ, մայրի՛կ, սպասի՛ր ինձ։

-Հենց հիմա վերադարձի՛ր,- ճչաց մայրը, բայց նրանք բոլորն անհետացան անտառում։

-Բեյլի՛, տղա՛ս,- ողբերգական տոնով կանչեց տատը, բայց նայում էր իր դիմաց կքանստած Չսազականին։ - Գիտեմ, որ լավ մարդ եք,- հուսահատ ասաց նա։ -Բոլորովին հասարակ չեք։

-Չէ, տիկի՛ն, լավ մարդ չեմ,- մի քիչ հետո ասաց Չսազականը, կարծես մտածում էր նրա ասածի շուրջ,- բայց աշխարհի ամենավատ մարդն էլ չեմ։ Հայրս ասում էր, որ ես ուրիշ շուն եմ, եղբայրներիս ու քույրերիս նման չեմ։ Հայրս ասում էր՝ գիտե՞ս, մարդիկ կան, որ ողջ կյանքը կարող են ապրել առանց դրա մասին հարցեր տալու, ու մարդիկ կան, որ պիտի իմանան, թե կյանքն ինչու է այդպիսին, և այս տղան վերջիններից է, ամեն ինչի մեջ մտնելու է։

Սև գլխարկը դրեց, և հանկարծ նայեց դեպի անտառը, ապա նորից գլուխը թեքեց, կարծես նորից ամաչում էր։

-Ներեցե՛ք, որ առանց շապիկի եմ տիկնանց առաջ,- ասաց նա՝ թեթևակի ուսերը ծռելով։ -Մեր հագի հագուստները թաղեցինք, երբ փախանք, և անում ենք այն, ինչ կարողանում ենք, մինչև ավելի լավ բան գտնենք։ Այս հագուստներն ուրիշ մարդկանցից ենք փոխ վերցրել։

-Ամեն ինչ կարգին է,- ասաց տատը։ -Գուցե Բեյլին ճամպրուկում ավելորդ շապիկ ունի։

-Շուտով կնայեմ,- ասաց Չսազականը։

-Ո՞ւր են տանում նրան,- ճչաց երեխաների մայրը։

-Հայրս էլ ուրիշ տիպ էր,- ասաց Չսազականը։ -Նրան խաբել չէր լինի։ Բայց օրենքի հետ խնդիր երբեք չի ունեցել։ Գիտեր՝ ինչպես հարցերը լուծել։

-Դուք նույնպես կարող էիք ազնիվ մարդ լինել, եթե փորձեիք,- ասաց տատը։ - Մտածեք, թե ինչ հրաշալի կլիներ մի տեղ գտնել, հանգիստ կյանք ապրել և չմտածել, որ մեկը շարունակ հետապնդում է Ձեզ։

Չսազականը շարունակում էր հողը փորել ատրճանակի կոթով, կարծես մտածում էր դրա մասին։

-Հա, տիկի՛ն, մեկը միշտ հետևիցդ է ընկած,- շշնջաց նա։

Տատը նկատեց, թե ինչ նիհար էին նրա թիակները գլխարկի հետևում․ տատը կանգնած էր և վերևից էր նայում նրան։

-Երբևէ աղոթո՞ւմ եք,- հարցրեց։

Չսազականը գլուխն օրորեց։ Տատը միայն տեսավ, թե սև գլխարկն ինչպես է ճոճվում թիակների միջև։

-Չէ, տիկի՛ն,- ասաց Չսազականը։

Անտառից կրակոցի ձայն լսվեց, ապա ևս մեկը։ Հետո՝ լռություն։ Տարեց կնոջ գլուխն արագ այդ կողմ պտտվեց։ Լսում էր, թե ինչպես է քամին շարժվում ծառերի կատարների միջով, կարծես գոհունակ շունչ քաշեր։

-Բեյլի՛, որդի՛ս,- կանչեց նա։

-Մի ժամանակ եկեղեցու երգչախմբում էի երգում,- ասաց Չսազականը։ - Համարյա ամեն ինչ արել եմ։ Բանակում եմ ծառայել՝ թե՛ ցամաքում, թե՛ ծովում, տանն ու արտասահմանում, երկու անգամ ամուսնացած եմ եղել, գերեզմանափոր եմ եղել, գնացքում եմ աշխատել, հող եմ փորել, տորնադոյի մեջ եմ եղել, մի անգամ տեսել եմ` ինչպես է մարդը ողջ-ողջ այրվում։

Վերև նայեց երեխաների մորն ու աղջնակին, որոնք իրար կողք էին նստած՝ գունատ դեմքերով և մշուշոտ հայացքներով։

-Անգամ մտրակված կին եմ տեսել,- ասաց նա։

-Աղոթե՛ք, աղոթե՛ք,- սկսեց տատը,- աղոթե՛ք, աղոթե՛ք․․․

-Երբեք վատ տղա չեմ եղել իմ հիշելով,- ասաց Չսազականը գրեթե երազկոտ ձայնով,- բայց ինչ-որ պահի մի սխալ բան եմ արել և բանտ ընկել։ Ինձ ողջ-ողջ թաղել են։

Վեր նայեց և տատի հայացքը բռնեց։

-Ահա թե երբ պետք է սկսեիք աղոթել,- ասաց տատը։ -Ի՞նչ էիք արել առաջին անգամ, որ Ձեզ բանտարկեցին։

-Թեքվում էիր աջ, պատ էր,- ասաց Չսազականը՝ նայելով վեր՝ անամպ երկնքին։ -Թեքվում էիր ձախ, պատ էր։ Նայում էիր վեր, առաստաղն էր, նայում էիր ցած, հատակն էր։ Մոռացել եմ՝ ինչ էի արել, տիկի՛ն։ Նստել եմ այստեղ-այնտեղ՝ փորձելով հիշել, թե ինչ եմ արել, ու մինչև օրս չեմ հիշում։ Երբեմն թվում էր՝ մտքիս է գալիս, բայց այդպես էլ չեկավ։

-Գուցե սխալմամբ են բանտարկել,- անորոշ ձայնով ասաց տարեց կինը։

-Չէ, տիկին,- պատասխանեց։ -Սխալ չէր։ Թղթեր կային։

-Երևի մի բան գողացել եք,- ասաց ծեր կինը։

Չսազականը թեթևակի քմծիծաղ տվեց։

-Ոչ մեկն այնպիսի բան չունի, որ ես ուզեմ,- ասաց։ -Բանտի գլխավոր բժիշկն ասաց, որ հայրիկիս եմ սպանել, բայց գիտեմ՝ սուտ է։ Հայրիկս մահացավ հազար ինը հարյուր տասնիննին գրիպի համաճարակից, և ես դրա հետ կապ չունեի։ Թաղված է Մաունթ Հոփվելի բապտիստական եկեղեցում, ինքներդ կարող եք գնալ ու տեսնել։

-Եթե աղոթեիք,- ասաց տարեց կինը,- Քրիստոսը կօգներ Ձեզ։

-Ճիշտ է,- ասաց Չսազականը։

-Ուրեմն ինչո՞ւ չեք աղոթում,- հարցրեց տարեց կինը՝ հանկարծ հրճվանքից դողալով։

-Ինձ օգնություն պետք չէ,- ասաց Չսազականը։ -Ես ինքս էլ եմ գլուխ հանում։

Բոբի Լին և Հայրամը դանդաղ դուրս եկան անտառից։ Բոբի Լին հետը դեղին շապիկ էր բերում՝ վառ կապույտ թութակներով։

-Այդ շապիկն ինձ գցի՛ր, Բոբի Լի՛,- ասաց Չսազականը։

Շապիկը թռավ դեպի նա, ընկավ ուսին, և նա հագավ այն։ Տատը չէր հասկանում, թե շապիկն իրեն ինչ էր հիշեցնում։

-Չէ, տիկի՛ն,- ասաց Չսազականը՝ կոճակները կոճկելով,- հասկացել եմ, որ հանցագործությունը կապ չունի։ Կարող ես մի բան անել կամ մի ուրիշ բան, կարող ես մարդ սպանել կամ նրա մեքենայի անիվը գողանալ, որովհետև վաղ թե ուշ մոռանալու ես, թե ինչ ես արել, և ուղղակի պատժվելու ես դրա համար։

Երեխաների մայրը սկսեց ձայներ արձակել, կարծես չէր կարողանում շունչը տեղը բերել։

-Տիկի՛ն,- ասաց Չսազականը,- Դուք և փոքրիկ աղջիկը չէի՞ք ցանկանա այնտեղ գնալ Բոբի Լիի ու Հայրամի հետ և Ձեր ամուսնուն միանալ։

-Այո՛, շնորհակալություն,- թույլ ձայնով ասաց մայրը։

Ձախ թևն անօգնական կախված էր, իսկ մյուսով գրկել էր քնած փոքրիկին։

-Տիկնոջն օգնի՛ր, Հայրա՛մ,- ասաց Վտարանդին, երբ մայրը դժվարացավ առվից դուրս գալ,- Բոբի Լի՛, դու էլ փոքրիկ աղջկա ձեռքը բռնիր։

-Ես չեմ ուզում նրա ձեռքը բռնել,- ասաց Ջուն Սթարը։ -Նա կարծես խոզ լինի։

Գեր տղան կարմրեց, ծիծաղեց, բռնեց աղջնակի ձեռքն ու նրան տարավ դեպի անտառը Հայրամի ու մոր հետևից։

Չսազականի հետ մենակ մնալով՝ տատը ձայնը կորցրեց։ Երկնքում ո՛չ ամպ կար, ո՛չ արև։ Շուրջը ոչինչ չկար՝ բացի անտառից։ Ցանկանում էր ասել Չսազականին, որ պիտի աղոթի։ Մի քանի անգամ բերանը բացեց ու փակեց, մինչև ձայն դուրս եկավ։ Ի վերջո, կարողացավ ասել՝ Հիսո՛ւս, Հիսո՛ւս՝ նկատի ունենալով, որ Հիսուսը կօգնի Ձեզ, բայց այնպես էր հնչում, կարծես հայհոյում էր։

-Հա, տիկի՛ն,- ասաց Չսազականը, կարծես համաձայնում էր։ -Հիսուսն ամեն ինչ իրար խառնեց։ Նրա հետ էլ է նույն բանը եղել, միայն թե Նա հանցանք չէր գործել, իսկ իմ հանցանքն ապացուցված էր, որովհետև թղթեր կային։ Իհարկե, թղթերն ինձ երբեք ցույց չեն տվել։ Ահա թե ինչու եմ հիմա ամեն ինչ ինքս ստորագրում։ Վաղուց եմ ասել, որ ստորագրություն պիտի ունենաս ու ամեն ինչ ստորագրես, մոտդ էլ կրկնօրինակ պահես։ Այդպես կիմանաս, թե ինչ ես արել, հանցանքը պատժի հետ կհամեմատես ու կտեսնես՝ համապատասխանում է, թե չէ, վերջում էլ կկարողանաս ապացուցել, որ քեզ լավ չեն վերաբերվել։ Ես ինձ Չսազական եմ անվանում, որովհետև իմ գործած հանցանքները պատժի հետ չեն սազում։

Անտառից ականջ ծակող ճիչ լսվեց, ապա՝ կրակոց։

-Տիկի՛ն, ճի՞շտ է, որ մեկին դաժանորեն պատժում են, իսկ մյուսն ընդհանրապես չի պատժվում։

-Հիսո՛ւս,- բղավեց տարեց կինը։ -Դուք լավ ցեղից եք։ Գիտեմ՝ լեդիի վրա չեք կրակի։ Գիտեմ, որ լավ ընտանիքից եք։ Աղոթե՛ք։ Հիսո՛ւս, պետք չէ լեդիի վրա կրակել։ Ունեցածս ողջ փողը կտամ։

-Տիկի՛ն,- ասաց Չսազականը՝ նայելով հեռու`դեպի անտառը,- դիակը երբեք գերեզմանափորին թեյավճար չի թողել։

Երկու կրակոց էլ լսվեց, և տատը գլուխը բարձրացրեց՝ ինչպես ծեր, ծարավ հնդկահավ, որ ջուր է պահանջում, և կանչեց՝ Բեյլի՛, որդի՛ս, Բեյլի՛, որդիս, կարծես սիրտը պայթում էր։

-Հիսուսը միակն է, որ մեռելներին հարություն է տվել,- շարունակեց Չսազականը,- ու Նա այդ բանը պիտի չաներ։ Ամեն ինչ իրար է խառնել։ Եթե արել է այն, ինչ ասել է, ուրեմն կարող ես միայն ամեն ինչ մի կողմ նետել ու Նրան հետևել, իսկ եթե չի արել, ուրեմն կարող ես միայն վայելել քեզ մնացած րոպեները լավագույն ձևով՝ մեկին սպանելով կամ նրա տունն այրելով, կամ նրան որևէ այլ վատություն անելով։ Բացի վատությունից՝ այլ հաճույք չկա։

Ձայնը գրեթե մռնչյունի էր վերածվել։

-Գուցե մեռյալներին հարություն չի տվել,- մրմնջաց տարեց կինը՝ չհասկանալով, թե ինչ է ասում։

Գլուխն այնպես պտտվեց, որ նստեց առվի մեջ՝ ոտքերը տակը դրած։

-Ես այնտեղ չէի, այնպես որ չեմ կարող ասել՝ ինչ է արել,- ասաց Չսազականը։ - Կուզեի այնտեղ լինել,- ասաց՝ բռունքով հարվածելով հողին։ - Ճիշտ չէ, որ այնտեղ չէի, որովհետև եթե լինեի, կիմանայի։

-Լսե՛ք, տիկի՛ն,- ասաց բարձր ձայնով,- եթե այնտեղ լինեի, կիմանայի և այնպիսին չէի լինի, ինչպիսին հիմա եմ։

Ձայնը կարծես խզվեց, և տատի միտքը մի պահ հստակվեց։ Տեսավ նրա դեմքն իր դեմքին մոտ․ այն ծռմռված էր, կարծես տղամարդը լաց էր լինելու։ Տատը շշնջաց․

-Ախր դու իմ փոքրիկներից ես։ Դու իմ երեխաներից մեկն ես։

Ձեռքը մեկնեց և դիպավ ուսին։ Չսազականը հետ քաշվեց, կարծես օձ էր կծել նրան, ու երեք անգամ կրակեց կնոջ կրծքին։ Հետո ատրճանակը ցած դրեց, ակնոցը հանեց և սկսեց մաքրել այն։

Հայրամն ու Բոբի Լին անտառից վերադարձան ու կանգնեցին առվի մոտ՝ նայելով տատին, որ կիսանստել-կիսապառկել էր արյան լճի մեջ՝ ոտքերը երեխայի պես տակը ծալված, իսկ անամպ երկնքին նայող դեմքին՝ ժպիտ։

Առանց ակնոցի Չսազականի աչքերը կարմրած էին, գունատ և անպաշտպան։

-Նրան վերցրեք ու նետեք այնտեղ, որտեղ մյուսներին եք տարել,- ասաց նա՝ գրկելով կատվին, որ քսմսվում էր ոտքին։

-Շատախոս էր, չէ՞,- ասաց Բոբի Լին ու երգելով սահեց առվի մեջ։

-Լավ կին կլիներ,- ասաց Չսազականը,- եթե կյանքի ամեն պահի մեկը վրան կրակեր։

-Շատ ուրախ կլիներ,- ասաց Բոբի Լին։

-Ձա՛յնդ, Բոբի Լի՛,- ասաց Չսազականը։ -Կյանքի հաճույքը դա չէ։

 

Թարգմանությունը՝ Լուսինե Հակոբյանի