Լադո Գուդիաշվիլի․ փարիզյան փայլ և դյութանք Թբիլիսիում

Թբիլիսիի կենտրոնում՝ Գուդիաշվիլիի (նախկին Լոռիս-Մելիքովի) փողոցում, իտալական ոճի մի երկհարկանի շքեղ շինություն կա, որը դեռ տանտիրոջ՝ Լադո Գուդիաշվիլիի կյանքի օրոք քաղաք այցելող արվեստասերների համար ուխտատեղիի էր վերածվել։ Այդ հյուրընկալ օջախում եղել են Վլադիմիր Մայակովսկին, Անդրեյ Բելին, Բորիս Պաստեռնակը, որը գրել է․ «Այն սովորական օրերը, երբ Ձեզ այցելում եմ, տոնի են վերածվում։ Ձեզ մոտ անցկացրած ժամերը կարծես այլ ժամանակից լինեն․․․ Ձեզ այցելելու հաջորդ օրը զարթնում եմ մի զգացողությամբ, ասես ողջ տեսածս երազային տեսիլքներ են եղել։ Երազ էլ պիտի մնա սրտի միակ, ոչ մի գանձի հետ չհամեմատվելիք հարստությունը՝ արվեստը»։ Ընկերասեր խառնվածքով, թատերականության հակված Գուդիաշվիլին սրբորեն պահպանում էր Պաստեռնակի կիսատ թողած կոնյակով բաժակը՝ ի հարգանս մեծ բանաստեղծի։ Ականատեսները պատմում են, որ Եվգենի Եվտուշենկոն ժամանակ առ ժամանակ այցելում էր նկարչին ու համոզում, որ թույլ տա մի կում ըմպել «իր ուսուցչի» բաժակից։

Այսօր այդ շինության մի հատվածում նկարչի թանգարանն է, իսկ քիչ հեռու՝ Քաշվեթի եկեղեցում, նրա վեհաշուք որմնանկարներն են, որոնք Գուդիաշվիլին ստեղծել է պատերազմի ավարտից հետո՝ անտեսելով բոլոր տեսակի զգուշացումներն ու վտանգները։ Որպես պատիժ՝ նրան հեռացրել են կուսակցությունից, ազատել աշխատանքից (դասավանդում էր ակադեմիայում), իսկ ինքնատիպ, եկեղեցական կանոններն անտեսող որմնանկարներն այդպես էլ անավարտ են մնացել։ Այդ առիթով Եվտուշենկոն բանաստեղծություն է գրել Գուդիաշվիլիի մասին՝ թերևս ուզենալով շեշտել որմնանկարների երկվությունը՝ երկրային, հեթանոսական մոտիվների զուգորդումը բիբլիականի հետ․

Գուցե Աստված է, գուցե մեղսագործ,

Կա՛մ հրեշտակ է, կա՛մ սատանա․․․

Դատելով թողած ժառանգությունից՝ Գուդիաշվիլիին վստահորեն կարելի է անվանել «հեքիաթասաց կերպարվեստում»։ Նրա կերպարներն (դրանք հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են) անիրական են թվում, դրանք հմայիչ են, գերող, ասես դյութական հուրի-փերիներ լինեն։ Ճիշտ է, որպեսզի ընդգծի պատկերման պայմանականությունը, Գուդիաշվիլին երբեմն միտումնավոր ձգում, երկարացնում է գծերը, ձևախեղում պատկերվողի ուրվագծերը։ Ընդ որում, Գուդիաշվիլին հազվադեպ է հրավիրել բնորդների, հիմնականում նկարել է հիշողությամբ։ Հատկապես արտահայտիչ են այդ կերպարների երկարավուն, նշաձև, ասես դեպի ներս ուղղված աչքերը («Որմնանկարի ժպիտը», «Մանանա Շոթաձեի դիմանկարը»)։ Ուշագրավ է, որ նկատելիորեն նույն մոտեցումներով է լուծված և նկարչի նշանավոր ինքնադիմանկարը (1950)․ մեր առջև կարծես երիտասարդ մի արքայազն է՝ շքեղ հագուկապով, նուրբ դիմագծերով։ Գրող Յուրի Մոսեշվիլիի գնահատմամբ, եթե Գուդիաշվիլիի կտավներում տղամարդը հերոսական կերպար չէ, ապա նա սոսկ երկրորդական դերակատարում ունի։

Նույնիսկ անհատի պաշտամունքի դժնի տարիներին նկարիչը շարունակում էր մերկ դիցուհիների պատկերել («Գեղեցկուհին լճի ափին», «Չուքուրթման կարմիր գլխարկով»)։ Իր նկար-պոեմների մասին հեղինակը գրել է․ «Կինը իմ գրեթե բոլոր նկարների մասնակիցն է. նա կյանքի ու բարության աղբյուրն է, դրա համար էլ նկարչության մեջ գրավեց առաջնային տեղ։ Ինձ համար կինը բնության դափնեպսակն է, նրա անսպառ առատության մարմնացումը»։ Նկարչի կինը՝ Նինոն, արվեստաբան էր, Լադոն հաճախ էր նկարում նրան, դիմանկարներից մեկի անվանումը հատկապես խոսուն է՝ «Նինոն իմ Մուսան է» (1960)։

Քնարական շնչով են արված նրա գրաֆիկական աշխատանքները, որոնցում գերիշխող են մեղմ, բաց գույները, եթերային տրամադրությունը («Պոեզիա», «Մրգահավաք», «Իմ մուսաները»)։ Ֆրանսիացի քննադատ Մորիս Ռեյնալը գրում էր, որ Գուդիաշվիլիի կերպարները «շնչում են առասպելների օդով, որի շռայլությունը նրանց առևանգում է դաժանությունից, ու, ի վերջո, նրանք պահպանում են սենտիմենտալ վերաբերմունքը կյանքի հանդեպ, երբ երկնայինը զիջում է իր տեղը երկրայինին»։ Իսկ նկարչի՝ կյանքի վերջում արված նկարներին («Փերին Նաբախտևիից» և այլն) հաճախ հատուկ է արտասովոր փայլը, ասես նրանք գույնզգույն քարերից են պատրաստված։

Ինչ խոսք, վրացական մոտիվները մշտապես գերակայում էին Գուդիաշվիլիի արվեստում․ «ինձ համար գլխավորը արմատներն են։ Դրանք ամբողջ կյանքի միջով են անցնում»։

Լադո (Վլադիմիր) Գուդիաշվիլին ծնվել է 1896 թ․՝ Թիֆլիսում, երկաթուղային ծառայողի ընտանիքում։ Վաղ է հետաքրքրվել նկարչությամբ, հատկապես սիրել է պատկերել ձիերի ու մարդկանց։ 1914-ին նա ավարտել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցը (Շմեռլինգի դպրոց), որտեղ ուսանում էին նաև մեր նշանավոր հայրենակիցները՝ Իոսիֆ Կարալյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Գևորգ Գրիգորյանը (Ջոտտո), Երվանդ Քոչարը և ուրիշներ։

Այդ տարիներին Թիֆլիսում մշակութային կյանքը եռում էր, Գուդիաշվիլին սկսեց սերտորեն համագործակցել Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի և Զիգա Վալիշևսկու հետ, նրանք համատեղ ցուցահանդես կազմակերպեցին։ Հայտնի է Բաժբեուկ-Մելիքյանի կերտած Գուդիաշվիլիի դիմանկարը։ Բաժբեուկ-Մելիքյանի և Գուդիաշվիլիի ընկերության մասին արվեստաբան Թելման Զուրաբյանը պատմում է․ «Նրանք տարբեր էին բնավորությամբ ու տաղանդի բնույթով, և կարծես լրացնում էին միմյանց: Բաժբեուկը հիանում էր Լադոյի վիրտուոզությամբ և երևակայությամբ։ Նրանք հանդիպում էին գրեթե ամեն երեկո։ Նրանց հաճախ էր միանում Տիցիան Տաբիձեն։ Նկարիչները ողջ գիշեր հմայված լսում էին բանաստեղծին, իսկ առավոտյան, երբ բանաստեղծը գնում էր, վարակված նրա էներգիայից, ոգեշնչված լսածից՝ շտապում էին նկարակալի մոտ։ Բաժբեուկի առաջին՝ Գուդիաշվիլիի հետ համատեղ 1919 թ․ կազմակերպած անհատական ​​ցուցահանդեսը նշանակալից իրադարձություն դարձավ քաղաքի գեղարվեստական ​​կյանքում»։ Սակայն հետագայում նրանց հարաբերությունները սառեցին։

Գուդիաշվիլին մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) և Երվանդ Քոչարի հետ, որին նմանեցնում էր Լեոնարդո դա Վինչիին, իսկ տարիներ հետո կանգնեցված Սասունցի Դավթի ձիարձանը անվանում էր «գլուխգործոց՝ ժամանակակից քանդակի լավագույն ստեղծագործությունը»։ Գուդիաշվիլիի որոշ աշխատանքներում նկատելի է Քոչարի ազդեցությունը, ինքը նկարիչը խոստովանել է․ «Նա սնում էր ինձ էներգիայի ու լավատեսության հոսանքով։ Որտեղի՞ց էր այդ ամենը վերցնում, չէ որ նա շատ դժվարություններ է տեսել»։

Վանո Խոջաբեկյանի մասին Գուդիաշվիլին պատմել է․ «Ֆրանսիա մեկնելուց առաջ ես հաճախ էի գնում Վանոյի կրպակ։ Ահա թե ով էր զգում հին Թիֆլիսի կենցաղը: Բայց նա նաև գիտեր դասական նկարչությունը և սիրում էր խոսել Ռաֆայելի մասին։ Միաժամանակ այնպես էր հրապուրվում, որ չէր նկատում գնորդներին.․.»։

Գուդիաշվիլիի կյանքի վճռորոշ պահերից մեկը 1915 թվականին էր, երբ քսանամյա Գուդիաշվիլին հանդիպեց ինքնուս նկարիչ Նիկո Փիրոսմանիին․ ամբողջ կյանքում մնալով Փիրոսմանիի երկրպագուն, Գուդիաշվիլին քանիցս անդրադարձել է նրան իր ստեղծագործություններում։

Գուդիաշվիլին նաև համագործակցում էր Պաոլո Յաշվիլիի կողմից կազմակերպված «Կապույտ եղջյուրներ» խորհրդապաշտ բանաստեղծների ասոցիացիայի հետ։ Նա Վրաստանի հարավում մասնակցեց հնագիտական ​​արշավանքների, կրկնօրինակեց մի շարք միջնադարյան որմնանկարներ։ 1916-ին դարձավ Վրացի նկարիչների ընկերության անդամ, իսկ 1919 թվականին նկարիչներ Դավիթ Կակաբաձեի և Շալվա Կիկոձեի հետ մեկնեց Փարիզ, որտեղ վեց տարի ապրեց «Մեղվի փեթակ» գեղարվեստական ​​կոմունայում՝ շփվելով ֆրանսիական գեղարվեստական ​​էլիտայի ներկայացուցիչների՝ Պաբլո Պիկասոյի, Ամեդեո Մոդիլիանիի, Ֆերնան Լեժեի և «Ռոտոնդա» սրճարանի նշանավոր այցելուների հետ: Գուդիաշվիլին շփումներ ուներ նաև Սարյանի ու Քոչարի հետ, որոնց առաջարկով Բաստիլի գրավման օրվա հանդիսավոր շքերթին պարել է ազգային հանդերձանքով։

Փարիզում նա ուսանեց Ռոնսոնի ազատ ակադեմիայում։ Այս տարիները վճռորոշ եղան Գուդիաշվիլիի ստեղծագործական ինքնատիպ մոտեցումների ձևավորման համար։ 1920-ականների սկիզբը հատկապես հետաքրքրական է նրա՝ սեփական ոճի փնտրտուքների տեսանկյունից։ Այսպես, «Գայթակղություն» (1921) կտավում գոգենյան մոտիվները համատեղված են խորհրդապաշտական լուծումների հետ, իսկ նմանատիպ սյուժեով արված «Ալիքներում. Ցխենիս-Ծղալի» (1925) կտավում արդեն յուրացվել են ռուսական ավանգարդի նորարարությունները։

Նկարիչ Սերգեյ Սուդեյկինի բառերով՝ Լադոն «բնազդորեն ընկալեց արևմտյան մշակույթը՝ արևելյանը վերածնելու համար»։ Փարիզյան աշնանային սալոնին տարաշխարհիկ վրաց նկարչի մասնակցությունը մեծ աղմուկ հանեց։ 1922-ին նա մասնակցեց Փարիզում կազմակերպված խմբակային ցուցահանդեսին, իսկ երեք տարի անց այնտեղ անհատական ցուցահանդես ունեցավ։ Հաջորդ տասը տարիների ընթացքում նա ցուցահանդեսների մասնակցեց Թիֆլիսում, Երևանում, Մոսկվայում, Փարիզում, Նյու Յորքում, Մարսելում և այլուր։ 1925 թվականին կարոտախտից դրդված՝ Գուդիաշվիլին վերադարձավ Վրաստան, քսան տարի դասավանդեց Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, աշխատեց Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում՝ որպես նկարիչ։

Գուդիաշվիլին աշխատել է տարբեր ժանրերում՝ օգտագործելով յուղաներկ, գուաշ, ջրաներկ, ստեղծել է որմնանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կիրառել խառը տեխնիկա: Նրա ժառանգությունը ներառում է դիմանկարներ, բնանկարներ, պատմական, այլաբանական, դիցաբանական, քաղաքական բնույթի նկարներ, էպիկական և քնարական գործեր։ 

Հայտնի է, որ երիտասարդ հասակում Գուդիաշվիլին էսքիզներ է արել նորաձևության ամսագրի համար։ Զբաղվել է նաև գրքերի նկարազարդմամբ (հատկապես հայտնի են Ռուսթավելիի «Ընձենավորի»՝ 1931-1933 թթ․ և Սուլխան Սաբա Օրբելիանիի «Հնարանքի իմաստության» նկարազարդումները), հանդես է եկել որպես թատրոնի և կինոյի նկարիչ։ Առաջին ֆիլմը, որի աշխատանքներում նա ընդգրկվեց, Միխեիլ Ճիաուրելիի «Սաբա» համր ֆիլմն էր (1929)։

Այդ տարիներին Գուդիաշվիլիի և Սարյանի ստեղծագործությունները, անկախ հեղինակների մեծությունից, երբեմն ցուցադրվում էին կողք-կողքի։ Գուդիաշվիլին շատ ընդհանրություններ ուներ Հայաստանի «գույների կախարդի» հետ․ երկուսն էլ փրկվեցին ստալինյան բռնատիրության ճիրաններից և, ըստ էության, նկարում էին այն, ինչ ցանկանում էին, երկուսն էլ արժանացան ԽՍՀՄ բարձրագույն պարգևներին՝ Ժողովրդական նկարչի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, երկուսի արվեստանոցներն էլ վերածվել  էին  երկրպագության վայրի ։ Ստեղծագործական աղերսները ևս նկատելի են, հատկապես ձևավորման ոլորտում։ Գուդիաշվիլիի խոսքերով՝ Սարյանի երևանյան տանը նա ջերմ ընդունելության է արժանացրել։

Գուդիաշվիլին համոզված էր, որ թերասացությունը վարպետության նախապայմանն է․ «Ես ձգտում եմ արտապատկերել ոչ թե մանրամասները, այլ իրերի բնույթը»։ Նա մինչև կյանքի վերջը՝ 1980 թվականի ամառը, սրբորեն պահպանեց առանց փոխզիջումների արվեստի իր տեսլականը, իսկ նրա արվեստանոցը չկորցրեց իր ձգողական ուժը։ Չնայած արվեստագետի վերջին անհատական ցուցահանդեսը տեղի էր ունեցել 1958-ին, Լադո Գուդիաշվիլիին հիշում ու սիրում էին, նա արդեն վրացական գեղանկարչության դասականն էր։ Դանիացի մի աստղագետի նախաձեռնությամբ ծերունազարդ նկարչի պատվին փոքր մոլորակի անվանակոչումը հիմնավորվեց «գեղեցիկին նկարչի անհաղթահարելի կապվածությամբ և կյանքում պոեզիայի անզիջում փնտրտուքներով»։ Քննադատները նշում են, որ կարելի է վիճել Գուդիաշվիլիի նկարչական մաներայի շուրջ, սակայն անհերքելի փաստ է, որ նա միշտ պահպանել է յուրօրինակ, իրեն հատուկ մոտեցումները, գլխավորում չի կեղծել։ Իր ստեղծագործական կրեդոն նա այսպես է ձևակերպել․ «Խաբեբայություն է, երբ ասում ես ոչ այն, ինչ զգում ես, կամ այն, ինչ չգիտես։ Այդպիսի սուտն արվեստում երկար չի ապրի։ Յակուլովն ասում էր՝ երբ Փիրոսմանին դասավորում է սեղանը, նա գիտի այն ճաշատեսակների համը, որոնք «մատուցում է»․․․»։ Ճշմարիտ արվեստագետին հարիր մի սկզբունք, որ արդիական է բոլոր ժամանակներում։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ «Ինքնադիմանկար» (կտավ, յուղաներկ),  1950

2․ «Գայթակղություն» (կտավ, յուղաներկ),  1921

3․ Քաշվեթի եկեղեցու որմնանկարներից, 1946

4․ «Դերասանուհիներ» (կտավ, յուղաներկ), 1960

... ... ...