Կուրտ Վոնեգութ. «Մենք սիրում ենք ձեզ»

Սիրաքյուսի համալսարանի 1994թ․ շրջանավարտների համար ելույթը․

Մայիսի 8, 1994թ., կիրակի

 

Երեք բան կա, որ շատ կուզեի ասել 1994 թիվականի լսարանիս այս կարճատև կարկուտի ու հրաժեշտիս խոսքի ընթացքում։ Դրանք այնպիսի բաներ են, որոնք բավականաչափ չեն ասվել ձեզ՝ նոր ավարտած շրջանավարտներիդ, ձեր ծնողներին կամ խնամակալներին, ո’չ ինձ, ո’չ էլ ձեր ուսուցիչներին: Այս խոսքիս ընթացքում ես կասեմ դրանք, իսկ հիմա ուղղակի նախապատրաստում եմ ձեզ։

Առաջինը ես շնորհակալություն կասեմ, երկրորդը՝ իսկապես ներողություն կխնդրեմ, որն այս երեք կետերի մեջ ապշելու նորություն կարող է թվալ, քանի որ մենք ապրում ենք  ժամանակներում, երբ ոչ ոք ներողություն չի խնդրում որևէ բանի համար․ նրանք միայն լացում, ապա՝ դժոխք են ընկնում «Օփրա Ուինֆրիի շոուի» ընթացքում (ամերիկյան բարձր վարկանիշով հայտնի թոք-շոու, որը համարվում է «բոլոր լրատվամիջոցների թագուհի», խմբ․)։ Երրորդ բանը, որ ուզում եմ ասել ձեզ, որը, հավանաբար, վերջին մոտ կետ է՝ Մենք սիրում ենք ձեզ։ Այժմ, եթե ես չկարողանամ ասել այս երեք կետերից որևէ մեկը այս լայնածավալ խոսքիս մեջ, ձե՛ռք բարձրացրեք, ու ես կվերացնեմ թերությունը:

Եվ ես կխնդրեմ ձեզ, որ ձեր ձեռքերը բարձրացնեք մեկ այլ պատճառով: Ես նախ հայտարարում եմ, որ ամենահիասքանչ բանը, ամենաարժեքավոր բանը, որ դուք կարող եք ստանալ կրթությունից այն է, որ կա մարդու հիշողությունը, որն իսկապես կարող է սովորեցնել, որի դասերը կյանքն ու հենց ձեզ շատ ավելի հետաքրքիր ու հնարավորություններով առավել լեցուն դարձրին, քան դուք նախկինում ենթադրում էիք, որ հնարավոր է։

Այստեղ՝ այս հարթակում կանգնած, ես հարցնում եմ ձեզ․ ձեզնից քանի՞սն է ունեցել նման ուսուցիչ։ Մանկապարտեզը նույնպես կարող եք հաշվել։ Խնդրում եմ, ձե՛ռք բարձրացրեք։ Դե, արագ։ Դուք կփորձեք հիշել այդ հրաշալի ուսուցչի անունը։

Շնորհակալ եմ, որ կրթված եք։ Ահա, քանի որ արդեն շնորհակալությունս հայտնեցի, այս կերպ ես ստիպված չեմ խոսել մի խումբ տխմարների հետ։ Ձեր՝ քոլեջի նոր ավարտած շրջանավարտների համար, սա վաղուց ուշացած սեռական հասունացման արարողություն է: Մենք, որոնց գլխավոր ձեռքբերումն այն է, որ մենք ձեզնից մեծ ենք, վերջապես պետք է ընդունենք, որ դուք նույնպես մեծ եք: Հավանաբար մեր մեջ կլինեն ծեր թրթուրներ, որոնք կասեն, որ դուք մեծ չեք, մինչև ինչ-որ կերպ գոյատևեք, ինչպես նրանք՝ ինչ-որ հայտնի աղետից՝ Մեծ դեպրեսիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Վիետնամ, ինչ էլ որ լինի: Այս կործանարար, չասեմ ինքնասպանության նմանվող միֆի համար պատասխանատու են հեքիաթասացները: Նորից ու նորից, ինչ-որ սարսափելի խառնաշփոթից հետո կերպարը վերջապես կարողանում է ասել՝ «Այսօր ես կին եմ, այսօր ես տղամարդ եմ: Վերջ»:

Երբ ես Երկրորդ համաշխարհային պատերազմից տուն վերադարձա, իմ հորեղբայր Դենը թփթփացրեց մեջքիս ու ասաց. «Այ հիմա տղամարդ ես»: Ես սպանեցի նրան: Իրականում ես չարեցի դա, բայց շատ էի ուզում։

Հիմա երիտասարդներով նոր անո՞ւն եք փնտրում ձեր սերնդի համար։ Հավանաբար ոչ, դուք ընդամենն աշխատանք եք ուզում, այնպես չէ՞։

Դե, լրատվամիջոցները մեզ բոլորիս նման ահռելի լավություն են անում, երբ ձեզ անվանում են X սերունդ, չէ՞: Ընդամենն այբուբենի երկու կտկտոցով ես հենց հիմա ձեզ հայտարարում եմ A սերունդ, քանզի դուք նույնքան զարմանալի հաղթանակների և անհաջողությունների շարքի սկզբում եք, որքան Ադամն ու Եվան էին։

Ես ներողություն եմ խնդրում։ Ասել էի, որ ներողություն եմ խնդրելու։ Ես հիմա եմ դա անում։ Ես ներողություն եմ խնդրում այս ամբողջ խառնաշփոթի համար, որի մեջ մեր Երկիր մոլորակն է։ Բայց միշտ խառնաշփոթ է եղել։ «Հին լավ օրեր» երբեք չեն եղել․ դրանք պարզապես օրեր էին։ Եվ, ինչպես թոռնիկներիս եմ ասում․ «Մի՛ նայեք ինձ, ես ինքս էլ հենց նոր եմ այստեղ հայտնվել»:

Ու գիտե՞ք ինչ եմ պատրաստվում անել։ Այստեղ ես բոլոր ներկաներին A սերնդի անդամ եմ հայտարարում։ Վաղն այլ օր կլինի բոլորիս համար։

Սա ասելով ես գոնե մի քանի ժամով մեզ դարձրել եմ այն, ինչ մեզանից շատերս չունենք և ինչի կարիքն այնքան ունենք, ես մեզ դարձրել եմ մեծ ընտանիք. մեկը՝ բոլորի համար և բոլորը՝ մեկի։ Ամուսինը, կինը ու երեխաներն ընտանիք չեն. դա ահավոր խոցելի գոյատևման միավոր է։ Հիմա ձեզնից նրանք, որոնք ամուսնանում են կամ ամուսնացած են, երբ կռվեն կողակցի հետ, այն, ինչ ձեզնից յուրաքանչյուրը կասի մյուսին, իրականում հետևյալն է. «Դու բավական չես։ Դու միայն մեկ մարդ ես: Ես պետք է հարյուրավոր մարդիկ ունենամ շուրջս»:

Նիգերիայում մի տղամարդու և կնոջ հանդիպեցի։ Նրանք նոր էին երեխա ունեցել։ Նրանք հազարավոր հարազատներ ունեին այնտեղ՝ Հարավային Նիգերիայում, և նրանք պատրաստվում էին երեխայի հետ այցելել բոլոր մյուս հարազատներին։ Մենք բոլորս պետք է ունենանք այդպիսի ընտանիքներ։

Ինչպես, ասենք, Դեն և Մերիլին Քուեյլները, որոնք իրենց պատկերացնում են որպես խիզախ, մաքուր փոքրիկ զույգ: Նրանք շրջապատված են հսկայական մեծ ընտանիքով, այն, ինչ մենք բոլորս պետք է ունենանք՝ նկատի ունեմ դատավորներին, սենատորներին, թերթերի խմբագիրներին, իրավաբաններին, բանկիրներին: Նրանք մենակ չեն։ Եվ նրանց այդչափ հարմարավետության պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք մեծ ընտանիքների անդամներ են, և ես, իսկապես, հեռահար հույս ունեմ, որ Ամերիկան ​​կգտնի ինչ-որ միջոց՝ ապահովելու մեր բոլոր քաղաքացիներին ընդլայնված ընտանիքներով՝ մարդկանց մեծ խումբ, որին կարող ենք զանգահարել օգնության համար:

Հիմա ես մեզ մեծ ընտանիք դարձրի։ Մեր ընտանիքը դրոշ ունի՞։ Գրազ եմ գալիս՝ դուք կասեք, որ այն մեծ նարնջագույն ուղղանկյուն է: Նարնջագույնը շատ լավ գույն է և, գուցե՝ լավագույնը: Այն լի է վիտամին C-ով և ուրախ ասոցիացիաներով, եթե, իհարկե,  մոռանանք Իռլանդիայի անախորժությունները:

Հիմա մեր այս հավաքն արվեստի գործ է։ Ուսուցիչը, որի անունը ես նշեցի, երբ բոլորս հիշում էինք լավ ուսուցիչներին, մի անգամ ինձ հարցրեց. «Ի՞նչ են անում արվեստագետները»: Ես ինչ-որ բան փնթփնթացի։

«Նրանք երկու բան են անում»,- ասաց նա,- «Նախ, նրանք խոստովանում են, որ չեն կարող ուղղել ամբողջ տիեզերքը: Եվ ապա, երկրորդը, նրանք դրա մի մասը դարձնում են այնպիսին, ինչպիսին այն պետք է լիներ։ Կավից մի կտոր, կտավի քառակուսի, թղթի կտոր կամ ինչ էլ որ լինի»։ Մենք բոլորս այնքան քրտնաջան և լավ ենք աշխատել, որպեսզի այս պահերն ու այս վայրը դարձնենք հենց այն, ինչ պետք է լինի:

Ինչպես արդեն նշեցի, ես մի վատ հորեղբայր ունեի, որի անունը Դեն էր, որն ասում էր, որ տղամարդը չի կարող տղամարդ լինել, քանի դեռ պատերազմ չի գնացել: Բայց ես Ալեքս անունով մի լավ հորեղբայր էլ ունեի, որն ասում էր, որ կյանքն ամենահաճելին կարող է լինել, ու դա կարող է լինել միայն մի գրաֆին լիմոնադ ստվերում վայելելով․ այդ պահին նա ասում էր. «Եթե սա գեղեցիկ չէ, ապա ի՞նչ է»: Ես խոսում եմ այն ​​մասին, թե ինչի ենք հասել այստեղ՝ հենց հիմա: Եթե ​​նա դա չասեր այդքան կանոնավոր, գուցե՝ ամիսը հինգ կամ վեց անգամ, մենք երևի չնկատեինք, թե երբեմն ինչքան պարգևներով լի կարող է լինել կյանքը: Միգուցե իմ լավ հորեղբայր Ալեքսն ապրի ձեզնից ոմանց մեջ՝ 1994 թվականի Սիրաքյուսի դասի անդամներից ոմանց մեջ, ու դուք ապագայում կանգ առեք՝ հաճախակի բարձրաձայն ասելու համար. «Եթե սա գեղեցիկ չէ, ի՞նչ է»։

Հիմա իմ ժամանակն անցել է, և ես նույնիսկ չեմ ոգեշնչել ձեզ անցյալի հերոսական հեքիաթներով՝ Թեդի Ռուզվելտի հեծելազորը բարձրանում է Սան Խուան բլուրով, Անապատի փոթորիկով, և չեմ տվել ձեզ փառավոր ապագայի տեսլականներ՝ համակարգչային ծրագրեր, ինտերակտիվ հեռուստատեսություն, տեղեկատվության ուղիներ, օրն արագացնելու մեթոդներ։ Ես չափազանց շատ ժամանակ անցկացրի նշելու հենց այս պահն ու վայրը՝ մի ապագա, որ մենք վաղուց այդքան երազում էինք: Ահա այն․ մենք այստեղ ենք։ Ինչպե՞ս արեցինք դա:

Ես վարձել էի հարևաններիցս մեկին, մի վարպետի, որ տանս վրա առանձին մաս կառուցի, որտեղ ես կարող էի գրել։ Նա ամբողջ գրողի տարած գործն արեց․ նա կառուցեց հիմքը, իսկ հետո՝ կողային պատերն ու տանիքը։ Նա այդ ամենը միայնակ արեց։ Եվ երբ ամենն ավարտված էր, նա մի քայլ հետ կանգնեց ու ասաց. «Ինչպե՞ս ես արեցի սա»:

Ինչպե՞ս մենք երբևէ արեցինք դա: Մենք արեցինք դա. և եթե սա գեղեցիկ չէ, ապա ի՞նչ է։

Վերջերս ես նամակ ստացա մի չափազանց սենտիմենտալ կնոջից. նա գիտեր, որ ես էլ եմ այդպիսին, ասել է թե՝ ցմահ դեմոկրատ: Նա հղի էր և ուզում էր իմանալ, թե արդյոք սխալ եմ համարում փոքրիկ երեխային այնպիսի անհանգիստ աշխարհ բերելը, ինչպիսին այս աշխարհն է: Ու ես պատասխանեցի նրան ասելով, որ ինձ համար ողջ մնալը գրեթե արժեր, դա այն բոլոր սրբերն էին, որոնց ես հանդիպեցի: Նրանք կարող էին լինել գրեթե ամենուր: Սրբեր ասելով ես նկատի ունեի մարդկանց, որոնք պարկեշտ և պատվով էին վարվում այն ​​հասարակություններում, որոնք հաճախ անպարկեշտ էին: Թերևս մեզնից շատերն այստեղ, անկախ մեր տարիքից, իշխանությունից կամ հարստությունից, կարող են սուրբ լինել, որին կհանդիպի իր սեփական երեխան:

Ու մի բան էլ մոռացա ասել, խոստանում եմ՝ կասեմ։ Այն է՝ մենք սիրում ենք ձեզ։ Իսկապես սիրում ենք։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Լյուսիլ Ջանինյանի