Կոստա Գավրաս. «Կինոն չի կարող քաղաքական չլինել»

Երևանյան «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցությամբ եվրոպական կինոյի ամենահեղինակավոր գործիչներից մեկը՝ Կոստա Գավրասն իրականացրեց վաղեմի ցանկությունը. տարիներ շարունակ ծրագրում էր այցելել Հայաստան՝ ֆրանսահայ իր շատ բարեկամների հայրենիք, որի պատմությանը լավ ծանոթ  է: «Ոսկե ծիրանի» բացման հանդիսությանը նա պետք է ստանար փառատոնի պատվո մրցանակը՝ Փարաջանովյան թալերը: Փոքր-ինչ ուշացումով ժամանելով Երևան, արդեն Հայաստանի կինոմիության Ազգային սինեմաթեքում հայ կինոգործիչների հետ հանդիպման ժամանակ ֆրանսիական բարեկրթությամբ ներողություն խնդրեց ուշացման համար՝ վկայակոչելով անհետաձգելի գործերը: Ֆրանսիական Սինեմատեքի նախագահը, որը մի քանի ամսից կնշի 90-ամյակը Եվրոպայի ամենաբազմազբաղ ու ակտիվ կինոգործիչներից է. լի է նոր գաղափարներով ու միշտ պատրաստ նոր համագործակցության: Կոստա Գավրասի ֆիլմերի և նրա անձնական հմայքը ռեժիսորի հետ հանդիպման փոքրիկ դահլիճ էր բերել մեծ թվով կինոսիրողների, որոնց հետ շփումներում  կինոլեգենդն առավելագույն չափով անկեղծ ու անմիջական էր:    

 

Ինչպես հույն ներգաղթյալը հաջողեց նվաճել ֆրանսիական կինոյի Օլիմպոսը

Ամեն ինչ շատ պարզ էր. այդ տարիներին Ֆրանսիան այն սակավաթիվ երկրներից էր, որտեղ, օրինակ, Հունաստանից միգրանտ երիտասարդը կարող էր Սորբոնում անվճար կրթություն ստանալ: Սորբոն էր եկել անխախտ համոզմունքով, որ ֆրանսիացիներն աշխարհի լավագույն գրողներն են: Հենց այստեղ էլ նա բացահայտեց կինոյի գանձարանը՝ ֆիլմադարանը և միայն վեսթերն ժանրի ֆիլմերով կինոյի մասին իր պատկերացումը կազմած երիտասարդը հասկացավ, որ կարելի է «գրել» նաև պատկերներով, որ կինոն միայն զվարճանք չէ. այն կարող է համարժեք լինել հունական անտիկ թատրոնին և պատմել մարդկանց, նրանց փոխհարաբերությունների, սիրո և ատելության մասին: Եվ սահուն շրջադարձ կատարեց գրականությունից կինոկրթությանը: Այսքան տարիներ անց  նույն սիրով ու ջերմությամբ է հիշում մարդկանց, որոնց հետ հանդիպումը  ճակատագրական եղավ իր կինոկենսագրության համար: Առաջինն այդ շարքում ֆրանսիական կինոյի մեծ տիկինը՝ անզուգական Սիմոնա Սինյորեն էր, որն արդեն օսկարակիր էր և աներևակայելի ճանաչում ուներ Եվրոպայում: Հենց Սինյորեն Գավրասին ծանոթացրեց Իվ Մոնտանի հետ և նկատի ունենալով Մոնտանի իտալական ծագումն ասաց՝ ահա մյուս ներգաղթյալը: Այդ շրջանում նա գրեց իր առաջին սցենարը և պրոդյուսերներից մեկից այն նկարահանելու առաջարկ ստացավ. «Ամեն օր ինքս ինձ ասում էի՝ եթե ձախողեմ այս ֆիլմը, ուրեմն ամենամեծ ապուշը կլինեմ»,-խոստովանում է Գավրասը: Դեպի բաղձալի կինոհրապարակ ուղին հեշտ չէր, բայց Գավրասի ճանապարհի ուղեկիցները մեծ կինոդպրոց դարձան նրա համար՝ Ռենե Կլեր, Անրի Վերնոյ, Ժակ Դեմի, Ռենե Կլեման, Սիմոնա Սինյորե, Ժան Լուի Տրենտինյան, Իվ Մոնտան, Ժաք Պերեն և հիմա կինոյի պատմության այս մեծ անունները ամերիկյան «Օսկարի», Կաննի «Ոսկե արմավենու», Բեռլինալեի «Ոսկե արջի», ֆրանսիական «Սեզարի» մրցանակակիր և Ֆրանսիայի Սինեմատեքի նախագահ Գավրասը մեծ գորովանքով ու ջերմությամբ է արտասանում:

 

Կինոն չի կարող քաղաքական չլինել

Իր բոլոր ֆիլմերով, կինոկենսագրությամբ ու երկարամյա կենսափորձով Գավրասը վերահաստատում է՝ ցանկացած ֆիլմ քաղաքական է. «Ցանկացած Ֆիլմ կարելի է վերլուծել քաղաքական տեսանկյունից, մանավանդ այսօր, երբ քաղաքականությունը խառնվել է ամեն ինչին: Բայց մարդիկ հաճախ քաղաքական կինոն շփոթում են այն ֆիլմերի հետ, որոնց հերոսները քաղաքական գործիչներն են, մինչդեռ կինոյի հերոսը մարդն է, եթե անգամ դու քաղաքական ֆիլմ ես նկարում: Մի այլ օրինակ բերեմ. երբ Փարաջանովը նկարում էր «Մոռացված նախնիների ստվերները», այդ Ֆիլմը քաղաքական  չէր, բայց այն ժամանակ նման ֆիլմ նկարելը նույնպես քաղաքական քայլէր: Եվ վերջապես կինոն քաղաքական ելույթ կամ տեքստ չէ, կինոն հանդիսություն է, մենք կինոթատրոն գնում ենք մեր զգացմունքների հետևից՝ արտասվելու, ծիծաղելու, զվարճանալու, տխրելու»: Երբ Գավրասին հարցնում են կինոյում տաբուների մասին, նա  միանգամայն բնական է համարում, որ կինոռեժիսորներից շատերն են գնացել արգելված  ճանապարհով ու ստեղծել են մի կինո, որը խախտում է լռության պատնեշը. «Գուցե իմ ֆիլմերում անդրադարձել եմ արգելված թեմաների, գուցե դա արել եմ արգելված եղանակներով, բայց նման բան շատ ռեժիսորներ են արել: Կինոն պետք է ուսումնասիրի  հասարակությունը, անդրադառնա այն թեմաներին, որոնց մասին ոչ ոք չի խոսում»: Այդպես է ստեղծվել Գավրասի ամենահայտնի և աղմկահարույց ֆիլմը՝ «Զետան», որն  «Օսկարի» է առաջադրվել միաժամանակ և՛ «լավագույն ֆիլմ», և՛ «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում ու բաղձալի արձանիկը բերել ռեժիսորին։ նրա մյուս՝ ոչ պակաս հայտնի ֆիլմերը «Խոստովանությունը», «Ամենը» քաղաքական  թեմաներով դրամաներ են, որոնցում հեղինակի սկզբունքը նույնն է՝ չկան կես ճշմարտություններ, և կինոն այդ սկզբունքին է ծառայում իր բոլոր գործիքներով: Խոսելով իր «Ամեն» ֆիլմի մասին, Գավրասը չի հապաղում զուգահեռներ անցկացնել Հոլոքոստի և 1915-ին Թուրքիայում կատարվածի միջև. «Դուք՝ հայերդ, լավ ծանոթ եք այն կոտորածներին, որ տեղի ունեցան Թուրքիայում, հետո դա կրկնվեց հրեաների հետ՝ գերմանական մահվան ճամբարներում: Այդ ամենին տեղյակ էր Հռոմի պապը և ոչինչ չէր  անում: Իմ ֆիլմի հերոսները երկուսն են՝ կաթոլիկ քահանան և գերմանացի մի զինվոր, որը  որոշում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Երկու հերոսներն էլ իրենց կյանքն  են կորցնում դիմադրության շարժման ընթացքում»: Ինչ վերաբերվում է դերասաններին, ապա ռեժիսորը նրանց կինոպատումը ներկայացնելու առանձնահատուկ գործիքներ է  որակում. «Ասում են, որ Ալֆրեդ Հիչքոքը դերասանների հետ կենդանիների նման էր վարվում: Ես կարծում եմ, որ դերասանների հետ աշխատելու լավագույն կերպը նրանց  հարգելն է, ես սիրում եմ դերասաններին: Ֆիլմում ինձ համար սցենարիստից հետո գլխավոր գործընկերը դերասանն է»:

                    

Թվային  գլոբալիզացիան՝ աղետ

Իհարկե լավ է, որ ամեն ինչ զարգանում է, հուսադրող լավատեսությամբ փաստում է Ֆրանսիայի Սինեմատեքի նախագահը, բայց նաև չի մոռանում ընդգծել, որ թվային տեխնոլոգիաների կայծակնային արագությամբ զարգացող աշխարհում այդ ամենը վտանգավոր է դառնում՝ նախ և առաջ ազգային մշակույթների համար. «Գլոբալիզացիան  աղետ է, դրանում կարող եք համոզվել անգամ այս սրահի օրինակով: Տեսեք, մեր թիկունքում էկրանն է, որը շատ ավելի մեծ է, քան դուք՝ կենդանի մարդիկ: Ես ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր երկիր պետք է իր կինոն ունենա, և դա պետք է լինի այն հայելին, որի մեջ դու պետք է քեզ նայես: Յուրաքանչյուր երկիր պետական մակարդակով պետք է իր կինոն ունենալու որոշում կայացնի: Դա ազգային մշակույթը փրկելու հարց է: Այսօր մեծ ընկերությունները, օրինակ «Նեթֆլիքսը», որի հետևում մարդկանց մի փոքրիկ  խումբ է, աշխատում է միայն շահույթ ստանալու նպատակով: Ասեմ, որ Ֆրանսիայի  Սինեմատեքը լավ կապեր ու փոխառնչություններ ունի «Նեթֆլիքսի» հետ, նրանք լավ մարդիկ են, բայց նրանց նպատակը գերշահույթ ստանալն է: Ֆրանսիական կինոյի վերելքը  սկսվեց օկուպացիայից հետո, երբ մեր ազգային կինոն անհետանալու սպառնալիքի տակ էր: Երբ իշխանության եկավ դը Գոլը և տեսավ կինոյի աղետալի վիճակը, նա հայտարարեց, որ Ֆրանսիան պե՛տք է իր կինոն ունենա: Բազմաթիվ օրենքներ ընդունվեցին, ահռելի աշխատանք տարվեց, և ես ուրախ եմ, որ այսօր ունենք ծաղկում ապրող կինո: Այժմ Կաննի կինոփառատոնի շրջանակում մենք Կինոյի ազգային կենտրոնի հետ մի ծրագիր ենք իրականացնում, որը կոչվում է «Ազատ տեսախցիկ», բարդ մեխանիզմ է, իհարկե, բայց փոձում ենք ֆիլմարտադրությանը աջակցել ոչ միայն ֆինանսապես, այլ նաև անել ամենը որ ազգային կինոն կենդանի մնա և դռները լայն բացի բոլորի առջև»:

 

Նունե Ալեքսանյան