Կոնստանտին Պաուստովսկին Հայաստանի ու հայերի մասին

Քսաներորդ դարի ռուսական և խորհրդային գրականության ակնառու դեմքերից է Կոնստանտին Պաուստովսկին (1892-1968), որն առանձնակի վարպետություն է դրսևորել լիրիկական արձակի ժանրում։ Լինելով «ծնունդով մոսկվացի և հոգով կիևցի»՝ իր առաջին պատմվածքները գրել է Կիևի դասական գիմնազիայում ուսանելու տարիներին (այնտեղ էին սովորում նաև Միխայիլ Բուլգակովը և Ալեքսանդր Վերտինսկին)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված է եղել ընդհատել կրթությունը Մոսկվայի համալսարանում, ծառայել է որպես սանիտար, եղել լրագրող: Ստեղծագործել արձակի ժանրում նրան խորհուրդ է տվել Իվան Բունինը։ Պաուստովսկու ճանաչված գործերից են «Ոսկե վարդը», «Կարա Բողազը» և «Պատմությունը կյանքի մասին»։ 1950-ականների կեսերին գրողն արժանացավ համաշխարհային ճանաչման․ Պաուստովսկու միջազգային համբավի վկայությունն են այն իրողությունները, որ նրա երկերի լիակատար ժողովածուն թարգմանվեց ֆրանսերեն, իսկ Մոսկվա այցելած հռչակավոր Մառլեն Դիտրիխը հանդիպեց գրողին ու ծնկի իջավ նրա առջև: 1965-1968 թթ․ Պաուստովսկին չորս անգամ եղել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի ամենահավանական թեկնածուներից, բայց չի ստացել այն խորհրդային իշխանությունների խարդավանքների պատճառով: Թաղվել է Կալուգայի մարզի Տարուսա քաղաքում, որտեղ գտնվում է նրա տուն-թանգարանը։

1936-ին Պաուստովսկու միանգամից երեք գրքերը՝ «Լճային ճակատամարտը», «Շարլ Լոնսևիլի ճակատագիրը» և «Կարա Բողազը» թարգմանվեցին հայերեն, հետագա տասնամյակներում նրա ևս 7 գիրք տպագրվեց հայերեն։

Հայերին առնչվող առաջին գրառումները (դեպի «հայկական միսիա») Պաուստովսկու 1919թ․ կիևյան օրագրերում են։ Օրագրերում նա կիրառել է խիստ հակիրճ, «հեռագրային» ոճ, ու շատ դեպքերում իմաստը միայն իրեն է հասու եղել։

Հետհեղափոխական տարիներին նա մի քանի շրջագայություններ կատարեց խորհրդային երկրով։ «․․․ինձ հանգիստ չէր տալիս «հեռավոր թափառումների մուսան», և ես, երկու տարի մնալով Օդեսայում, տեղափոխվեցի Սուխում, հետո՝ Բաթում և Թիֆլիս։ Թիֆլիսից ես ճանապարհ ընկա Հայաստան ու նույնիսկ հասա Հյուսիսային Պարսկաստան»,- գրում էր գրողն իր ինքնակենսագրությունում․ ««Անդրկովկասի շչակի» խմբագրությունն ինձ երկար ուղևորության էր ուղարկել Ադրբեջան և Հայաստան։ Գնացի հատուկ գնացքով՝ ինժեներների հանձնաժողովի հետ։ Նրանք պետք է ուսումնասիրեին Անդրկովկասյան երկաթուղիների վիճակը»։

1923 թ․ թիֆլիսյան օրագրերում հանդիպում ենք այսպիսի գրառման․ «Տներ ցցագերանների վրա, հայկական փոքրիկ փողոցներ, նեղվածք, դրոշմահարների կրպակներ, երեկոյան՝ կրակներ լեռներում։ Գյուլի քույրն ու զարմուհին», ապա՝ «հայկական եկեղեցիների վրաններ» (նկատի ունի վրանակերպ գմբեթները), հետո՝ «հայկական խոսակցություններ»։

Հայությանը Պաուստովսկու առաջին գրական անդրադարձներից է «Քուռի ափերից» գրվածքը (1923), որում պատկերված է դեռևս հայկական վառ ներկայությունը պահպանող Թիֆլիսը։ Ահա գրվածքի սկիզբը․ «Պղտոր, կանաչ Քուռի վրա, պայծառ արևի տակ, Թիֆլիսը թանձր փրփրում է դեղին հարթ տանիքներով և հայկական եկեղեցիների մոխրագույն վրաններով»։ Եվ ապա՝ «Իսկ հայկական շուկայի մութ անցքերում, որտեղից խորովածի հոտ է գալիս, և մինչև երեկո թխկթխկում են դրոշմահատերի մուրճերը, շրջում են բրդահան, կիսակույր ուղտերը և խմբով քայլում են ամբոխի մեջ, շրջատաշված ոտքերը հերթով բարձրացնելով ու դնելով, տեղի բարեսիրտ, համբերատար էշերը»։ «Իսկ սովետական ​​հաստատություններում՝ աննախադեպ մաքրություն է, մանրահատակի հայելին, լռություն, գորգեր, գորգեր ու գորգեր և հեռախոսների զգուշավոր զանգ։ Եվ ամենուր՝ մեկ կոկորդային, մեկ՝ սուլող խոսվածք և վրացերեն ու հայերեն գրությունների արտասովոր հյուսագրեր»։

1923 թվականին Պաուստովսկին մի քանի օր եղավ Հայաստանում․ դա նրա միակ այցելությունն էր, որի ընթացքում նա շրջեց հանրապետության տարածքում, եղավ Երևանում, Գյումրիում, Ջաջուռում, Սանահինում, Փամբակում, պատմական Նախիջևանում, Ջուղայում, Պարսկահայքում, Անիում, տեսավ Արարատն ու Արագածը՝ «Հայաստանի երկու պահապաններին», Արաքսի հովիտը, գրի առավ իր տպավորություններն օրագրում։

Նա գնացքով Հայաստանին է մոտենում 1923-ի ապրիլի երկրորդ կեսին․ «Քուրդամիրից մինչև Գանջա՝ հեռվում Հայաստանի լեռներն են»։ Կուպեում մենակ է․ «Առավոտ՝ Սանահին։ Բամբակի ձոր։ Գեղեցկություն։ Պուդրայված լեռներ։ Ղարաքիլիսա՝ ձյուներ՝ մաքուր օդ ու սրտառուչ հայկական եկեղեցիներ։

Ջաջուռի լեռնանցքում կուրանում էինք ձյունից։ Սառցադաշտային ձյուն։ Ցուրտ։ Հայաստանը ոտքերիս առջև։ Ալեքսանդրապոլ։ Ցուրտ է, քամի։ Տաղտկալի խորհրդակցություն։ Հարբեցողություն վագոնում։ Բժիշկն օրորվում է: Առավոտը Էրիվանում (ծանոթ․՝ մինչև 1936 թվականը Երևանի գրության ձևը ռուսերեն)։ ՌԿԻ-ի (Բանվորա-գյուղացիական ինսպեկցիա) հետ եմ։ Արարատ և Ալագյազ։ Արցունքներն աչքերիս։ Երկնքում՝ կապույտ շաքար։ Երկգագաթը…

Էրիվան: Առավոտ: Երկգագաթ Արարատը՝ չեմ կարողանում աչքս կտրել։ Ալագյազ։ Օդ ու ջուր։ Առասպելական, անհավատալի ժամանակներ։ ՌԿԻ-ի հետ դեպի քաղաք։ Տաճարը։ Լյուլյա-քաբաբ։ Շուկա։ Յուրահատուկ տրամադրություն։

Ջուլֆա։ Ղշլաղներ։ Առուներ։ Թթենիներ։ Մարջային լեռներ։ Ալեքսանդր Մակեդոնացու կամուրջը։ Նարզան։ Վանք։ Գերեզմանոց։ Ֆարսիստանի հողի գույնը։ Շահտախտի խանություն։ Դեպի կամուրջ։ Արաքսի հովիտը»։

Թվարկվող տեսարժան վայրերից են՝ վանքը ժայռի վրա, Օձասարը, Նախիջևանի շուկան։ «Արևը մայր է մտնում Արարատի ետևում՝ մառախուղի մեջ»։ Թվարկելով իր եղած վայրերը՝ Պաուստովսկին նշում է․ «Հող չէ, այլ ժամանակների աճյունը։ Արցունքներս չեմ կարող զսպել․․․․ 1923 թ․ ապրիլի 22-ին ես առաջին անգամ տեսա Արարատը, 23-ին՝ Արաքսն ու նրա հովիտը»։

Ու վերջում՝ «Արփաչայի ջրի պոմպակայանը՝ սահմանը։ Գիշերը Ջաջուռում։ Աստղերը՝ աննախադեպ՝ մտքեր»։

Հայաստանյան տպավորությունները դեռ երկար չէին մոռացվում։ 1923-ի հուլիսին կնոջը ուղղված նամակում Պաուստովսկին գրում է Պետրոգրադի մասին․ «քաղաքի օդը Հայաստանի նման է՝ բյուրեղյա թափանցիկություն և զով»։

Նույն թվականի դեկտեմբերին Պաուստովսկին գրում էր մորը․ «Թիֆլիսում ես մի մեծ թերթ էի խմբագրում, համեմատաբար լավ էինք ապրում։ Գյուլ-Նազարովը գրեթե ամեն օր լինում էր մեզ մոտ (դու նրան պիտի հիշես)։ Թիֆլիսից ես մեկնեցի Բաքու, Մուղանի տափաստան, Հայաստան (Ալեքսանդրապոլ, Էրիվան, Ջուլֆա) և Պարսկաստան (Թավրիզ): Այս ճամփորդությունը մեծ տպավորություն թողեց ինձ վրա, ամբողջ կյանքիս համար: Ինձ հատկապես ցնցեց Արարատը. դա իսկապես ինչ-որ հեքիաթային, աննկարագրելի բան է»։

Հենց այս ճամփորդությունից հետո նա սկսեց լրջորեն գրել և տպագրվել։

Պաուստովսկու ամենաճանաչված է ստեղծագործություններից է ինքնակենսագրական «Պատմություն կյանքի մասին» գործը (գրված 1945–1963 թթ․), որի հինգերորդ գրքի «Հազարամյակների մշուշը» գլուխը նվիրված է գրողի հայաստանյան ճանապարհորդությանը։ «Յոթ գարունների երկրում» ժողովածուում (Երևան, 1978) այս գլուխը հրատարակվել է հայերեն թարգմանությամբ, ուստի մանրամասն դրան չենք անդրադառնա։ Մեջբերեմ միայն մի քանի առավել պատկերավոր կտորներ՝ իմ թարգմանությամբ․

«Արարա՛տ: Ես ոչ մի կերպ չէի կարողանում հավատալ, որ տեսնում եմ այն իմ աչքերով։ Այս հսկա լեռան մեջ մարմնավորված էին հին ժամանակների բոլոր առասպելները, հեռավոր դարերի բոլոր հեքիաթները։ Հողերը, որոնք ձգվում էին նրա հզոր ստորոտում, նույնիսկ չէին երևում, դրանք ծածկված էին օդի թանձրաշերտով։ Լեռան գագաթը կանգնած էր աշխարհից վեր, մշուշի միջից ցցված:

Անդադար նայում էի Արարատին։ Ես չէի ուզում ո՛չ խմել, ո՛չ ուտել: Վախենում էի, որ մինչ կզբաղվեմ այդ բաներով, Արարատը կգնա, կկորչի, անտեսանելի կդառնա...

Հազարամյակները հպվեցին աչքերիս։ Ես շնչում էի օդը՝ տաքացած քարերով, որոնք առատորեն սփռած էին Հայաստանում․․․

Այստեղ կրոնների, ավանդույթների, լեգենդների, պոեզիայից անբաժան պատմության և պատմության բոցերում թրծված պոեզիայի հանգույցն էր:

Ահա այսպիսի կիսաքուն ու կիսազառանցական վիճակում ես հասա Էրիվան։ Դեռ քաղաքը չտեսած՝ ես այն արդեն ընդունել էի իմ ամբողջ էությամբ։ Եթե ​​ամբողջ Էրիվանում մի չորացած խոտիկ աճեր փողոցում կամ ինչ-որ ամայի տարածքում, ապա դա էլ բավական կլիներ, որ ես զգայի այս վայրերի առասպելականությունը, նրանց կենդանի հնությունն ու ուժը...

Հողը միայն տեղ-տեղ էր մշակված։ Դատարկ քարքարոտ դաշտերում ես տեսա հայ գյուղացիների, որոնք ավելի շատ նման էին պարտիզանների կամ ապստամբների. գրեթե յուրաքանչյուրի մեջքից հրացան էր կախված։ Զինված աշխատելը վաղեմի սովորություն էր քրդերի պատճառով․․․

Մի անգամ՝ օրվա վերջին, գնացքը կանգ առավ հենց գետի մոտ։ Մյուս կողմում տեսանք բազիլիկաներ, կղմինդրավոր հայկական գմբեթներ և կատարյալ անմարդաբնակություն։ Դրանք հին հայկական մայրաքաղաք Անիի` աշխարհի իսկական հրաշալիքներից մեկի ավերակներն էին»:

Քիչ հայտնի է նույն թեմայով ու ակնհայտորեն որպես հիմք հանդիսացող տեքստով «Հազարամյա փոշում» ակնարկը, որը գրվել է թարմ տպավորություններով և առաջին անգամ հրատարակվել 1923-ին ՝ «Անդրկովկասի շչակ» թերթում։ Այն վերստին հայտնաբերվել է գրողի մահից հետո և երեք անգամ (1972, 1983, 1986թթ.) հրատարակվել Պաուստովսկու ժողովածուներում։ Ահա դրա ամենակարևոր հատվածները․

«Ամեն ինչի վրա՝ օշինդրով պատված խճճված հյուսագրերով գերեզմանաքարերի վրա, լայն, տխուր, մարջանի ծխի մեջ թաղվող պարսկական լեռների քարավանային ճանապարհներին, ամայի թեյարաններում փռված գորգերի վրա, տոթից այրված դեմքերին տեսնում ես վարդագույն հազարամյա փոշին։

Ամայի վայր, որտեղ այրիչ երկնքի կապույտի տակ լեռներում թափառում են ոչխարների հոտեր, օդը թափանցիկ է, ինչպես բյուրեղը, և նրա պես էլ զրնգում է երկար և նրբին՝ ամենաչնչին ձայնից։ Լքված ղշլաղներում կան հանգած սև օջախներ, նույնքան հին, ինչպես այս ժողովուրդը, իսկ այգիներում՝ չորացած թթի ծառերի ալեհեր բներ։ Եվ ամենուր ղողանջում են սառը, թափանցիկ և քաղցր ջրի աղբյուրները, և այս ղողանջը երբեմն միաձուլվում է Արարատի լանջերի մոտ թափառող քարավանների զրնգոցին։ Արարատը լուսադեմին վեր է խոյանում Էրիվանի դեղձի այգիների վրա շողշողացող, հենց նոր փշրված շաքարի հսկա զանգվածով և կանգնած է ամբողջ օրը լռակյաց ու հզոր: Նա հետապնդում է ձեզ, և միշտ, որտեղ էլ որ լինեք, մեջքի հետևում զգում եք առասպելական, բարձր, դեպի երկինք նետված հեքիաթային լեռան ձյունե զանգվածը:

Հակադրությունների, չդադարող փոփոխությունների երկիր, որոնք նույնքան շեշտակի են, ինչպես լույս և ստվերը Նախիջևանի նեղ նրբանցքներում՝ լեփ-լեցուն քնկոտ ավանակներով։

Ջաջուռի լեռնանցքում մեր գնացքը գնում էր ձների մեջ, և մենք կուրանում էինք ձյան վառ փայլից՝ ներշնչելով խտտացնող ցրտաշունչ օդը։

Ալեքսանդրապոլում, սև տուֆից շինված հայկական եկեղեցիների փայլարային, արծաթապատ գմբեթների վրա անձրև էր գալիս ու Ալագյազից փչում էր հանգիստ չտվող, լայնատարած քամին, այնուհետև դեպի Ջուլֆա կարմիր ժայռերում խշխշում էր պղտոր Արաքսը, և անապատի անտանելի շոգը շնչում էր մեզ վրա՝ ասես շիկացած հնոցից։ Եվ պատուհաններից դուրս կանգնեցին հազարամյա կամուրջների, հնագույն գերեզմանոցների, վաղուց լքված վանքերի ավերակները, որտեղ միայն ծիծեռնակներն են դեսուդեն նետվում կիսախավար և զով դահլիճներում»։

Վերադառնանք «Պատմություն կյանքի մասին» գրքին, որտեղ բազմիցս հանդիպում ենք ամենատարբեր հայկական կերպարների՝ մատակարարող հաստատության ղեկավարից մինչև կոշիկ մաքրողը։ 1920-ականների Մոսկվայում մի հայ բժիշկ՝ մտահոգ անօթևան երեխաների ճակատագրով, բարձրացնում է ժամանակի կարևորագույն խնդիրներից մեկը․

-«Ինչպե՞ս պատահեց, որ հազարավոր երեխաներ կատվի ձագերի պես դուրս են նետված փողոց։

-Չգիտեմ:

-Ո՛չ,- հաստատակամորեն ասաց նա։ -Դու գիտե՛ս։ Եվ ե՛ս գիտեմ։ Բայց մենք չենք ուզում մտածել դրա մասին»:

«Աշխատանքային Բաթում» թերթի սրբագրիչ Սեմյոն Հակոբովիչը «Բաթումի ամենակրթված մարդն է», «սրբագրիչ-փիլիսոփա», որի հետ Պաուստովսկին խոսում է ամենատարբեր թեմաներով։

Թիֆլիսում Պաուստովսկուն այցելում է «բարեսիրտ ծեր հայ բանաստեղծ Կարա-Դարվիշը, որը տպագրել էր իր բանաստեղծությունների ամբողջական ժողովածուն տասներկու փոստային բացիկների վրա»։

Պաուստովսկու «Անգլիական ածելի» պատերազմական պատմվածքի (1941) հերոսը Մարիուպոլի թատրոնի հայ վարսավիր Ավետիսն է։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ավետիսը երկու հրեա երեխաների հետ պատսպարվում է թատրոնի նկուղում։ Երբ նրանք ընկնում են գերմանացիների ձեռքը, լեյտենանտը Ավետիսի մասին ասում է․ «Այս անճոռնի ծերուկը տիպիկ հույն է, հելենների մեծ հետնորդ, պելոպոննեսյան կապիկ։ Գրա՛զ կգամ։ Ինչպես, դու հա՞յ ես։ Իսկ ինչո՞վ դա կապացուցես, փտա՛ծ տավար»։

Վարսավիրին ստիպում են սափրել տղաներին։ Հոգեբանական ինչպիսի դիպուկ շտրիխ․ մինչ երեխաները գլուխները կախ լաց էին լինում, վարսավիրը քմծիծաղում էր։ «Միշտ, երբ նրան ինչ-որ դժբախտություն էր պատահում, նա ծուռ քմծիծաղում էր»։

Գիշերվան մոտ երեխաները տանջամահ են լինում, իսկ երբ հարբած լեյտենանտը հրամայում է սափրել իրեն, հայը մոմակալով հարվածում ու սպանում է նրան։

-«Դուք գտնում եք, որ ես պետք է գործածեի ածելի՞ն։ Դա ավելի ճիշտ կլիներ։ Բայց, գիտե՞ք, ես ափսոսացի այն։ Սա հին անգլիական ածելի է։ Ես դրանով աշխատում եմ արդեն տասը տարի», -յուրայիններին ասում է կարճահասակ ծերունին։

«Փայլուն ամպեր» դետեկտիվ վեպի (1928) «Խեղճ Միշա» գլխի առանցքային կերպարն է Ս․ Կ․ Տերյանը՝ «մի ոսկրոտ հայ՝ նրբագեղ մոխրագույն կոստյումով»։ Նա «Աշխատանքային Բաթում» թերթի աշխատակից է, ճարպիկ ու արկածախնդիր մի անձնավորություն, որը փողոցում զինված հարձակման է ենթարկվում, և ինքն էլ պատասխան կրակ բացում։ Ավելի վաղ՝ 1925-ին գրված «Կերրի սոուս» պատմվածքի հերոս՝ բոցման Չուբիրովը շատ գծերով հիշեցնում է Տերյանին։ «Ամենից առաջ, նա խորհրդավոր ազգության էր պատկանում։ Նրա խոսքով՝ մայրը իտալուհի էր, իսկ հայրը՝ ռուսացած հայ։ Իսկ նավահանգստի հեղինակավոր պետի խոսքով՝ նա թիֆլիսյան կինտո էր՝ Հավլաբարից»։ Չուբիրովը ևս գրելու սեր ունի, աշխատում է թերթում և արկածախնդիր է։ Փորձեմ ենթադրել, որ այս կերպարի նախատիպը եղել է Ալեքսանդր Չաչիկովը՝ հայազգի բանաստեղծ, որը բնակվել է Պարսկաստանում, Թիֆլիսում, Բաթումում, «նախկին փայլուն սպա, ծառայել է իտալական շոգենավային ընկերություններում, սովի է մատնվել Մոսկվայում, կյանքի համար վաստակել է կոլեկցիոն փոստային դրոշմանիշերի վաճառքով»։

1948թ․ ՄԳԱԹ-ի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ Պաուստովսկին դիտում է Վաղարշ Վաղարշյանի մարմնավորած Եգոր Բուլըչովի՝ քննադատների՝ բազմիցս գովաբանած դերակատարումը։ Առանց դերասանի անունը տալու, նա հետևյալ անեկդոտային տեսարանն է նկարագրում Կոնստանտին Ֆեդինին հասցեագրված իր նամակում (1948 թ․ նոյեմբերի 12)․ «Էրիվանի հայկական թատրոնի դերասանը մարմնավորել էր Բուլըչովին։ «Պիեսի ընթացքում» նա իր բաճկոնը գցեց հատակին: Բեմի աշխատողներն անմիջապես քարշ տվեցին բաճկոնը դեպի կուլիսներ։ Երբ ցուցադրությունն ավարտվեց, դերասանը երկար ժամանակ սողում էր հատակին, փնտրելով բաճկոնը (հավանաբար՝ իր սեփականը), նայում Կնիպերի և Տարասովայի ոտքերի տակ, կողմ քաշում նրանց հոյակապ քղանցքները, և այս ամենը, պպզած՝ մեջքով դեպի հանդիսատեսը ու անտեսելով ծափերը։ Բաճկոնը չէր գտնվում, դերասանը համարյա հեծկլտում էր, և ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նրան հանրության ծիծաղի ներքո ուժով տարան կուլիսներ»։

Պաուստովսկին առանձնակի էր կապված Ղրիմի հետ, ու նրա գրվածքներում բազմիցս հիշատակվում է Հովհաննես Այվազովսկին։

Դրվատանքով է գրել նաև Մարտիրոս Սարյանի մասին․ «Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպես չի հաղորդել նրա թափանցիկ օդը և նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, գրեթե առասպելական Արարատի և Արագածի ձյունափայլը, նրա արգավանդ հողի գույները, արևի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը»:

Ընդհանրապես, Պաուստովսկու օրագրերում շատ են հայերը։ Գրողի որդու՝ Վադիմի ծանոթագրություններում հանդիպող 9 անուններից 3-ը հայկական են․

-Գյուլ-Նազարով (Գյուլ-Նազարյանց) Ալեքսանդր Մարտինի - դեռևս Կիևից ծանոթ լրագրող, Պաուստովսկին նրան հիշատակում է «Անհայտ դարաշրջանի սկիզբը» և «Մեծ սպասումների ժամանակը» վիպակներում՝ որպես Նազարով, իսկ օրագրերում՝ որպես Գյուլ։ Իր կյանքի վերջին տարիներին Գյուլ-Նազարյանցն աշխատակցում էր «Աշխարհի շուրջ» ամսագրին, կատարում էր թարգմանություններ հայերենից ռուսերեն։

-Վանո (Առուշանյան)՝ հայ բժիշկ Գանձակից, ապրել է Նորվեգիայում, «բժշկի մասնագիտությունը փոխարինել է լրագրությամբ», եղել է ավստրիացի գրող Պետեր Ալտենբերգի ընկերը, գրական փոքր ձևերի և արձակ բանաստեղծությունների վարպետ։

Թիֆլիսյան օրագրերում հանդիպում ենք նաև այլ հայկական անուն-ազգանունների՝ Գելումյան, Մանդալյան, Ռուբեն։

Ո՞վ էր այդ Ռուբենը, որին Պաուստովսկին երկու անգամ հանդիպում է եկեղեցում։ Երկար պրպտումներից հետո եկա այն եզրակացության, որ խոսքն ամենայն հավանականությամբ Ռուբեն ավագ քահանա Բեկգուլյանցի մասին է։ Գյուլ-Նազարյանցը սերտ (թերևս ազգակցական) կապեր է ունեցել նրա հետ, դիցուք 1923 թ․ օգոստոսի 10-ին Մոսկվայից Պաուստովսկին գրում էր Գյուլ-Նազարյանցին․ «Ողջույն Եվդոկիա Մարտինովնային և աղջիկներին, և Ռուբենին․․․ ես բոլոր փողերիս կեսը վատնում եմ «Հայաստանի պետական նկուղների» գինիների վրա»։

Տեր Ռուբեն Բեկգուլյանցը եղել է Նոր Նախիջևանի հոգևոր ճեմարանի վերջին ռեկտորը, քաջ և հայրենասեր հոգևորական, որը բանտարկվել է Արևմտահայաստանի համար զենք պահելու մեղադրանքով, Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել է Կովկասյան ճակատում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել զորավար Անդրանիկի, Վալերի Բրյուսովի, Ալեքսեյ Ջիվելեգովի, Մարիետա Շահինյանի հետ։ Նրա անձին ավելի մանրամասն կանդրադառնանք մեկ այլ առիթով։

Արդեն սկսվել էին եկեղեցու դեմ հալածանքները, այդ պատճառով Պաուստովսկին Ռուբենի ազգանունը և հոգևոր կոչումը չի նշել։

Պաուստովսկին հայտնի էր որպես հալածյալ մտավորականության պաշտպան և բարոյական նեցուկ, հայտնի էր, որ ապրելով Ստալինի օրոք՝ նա երբևէ չէր գովաբանել արյունոտ բռնակալին, չէր դարձել կուսակցական և որևէ դատապարտող նամակ չէր ստորագրել։ Նա ընկերական հարաբերություններ ուներ հայազգի գրող Մարիետա Շահինյանի հետ, որին իր նամակներից մեկում կոչում է «անհանգիստ Մարիետա Շահինյան»։  

Գրող Էմիլի Մինդլինը վերհիշել է, թե ինչպես Շահինյանի հետ վերջինիս մեքենայով ուղևորվել են Տարուսա՝ Պաուստովսկու հուղարկավորությանը մասնակցելու։ Վերադարձին՝ սելավի տակ ընթացող մեքենայում Շահինյանը երկար լռել է, իսկ հրաժեշտի ժամանակ մտախոհ արտասանել․

-Մեկ է՝ ապրելն ավելի հեշտ էր, քանի կար Պաուստովսկին։ 

 

Աշոտ Գրիգորյան

Հոդվածի վերջում հեղինակի լուսանկարները․

1․ Պաուստովսկու արձանը Տարուսայում (գործ՝ Վ․ Ցերկովնիկովի)

2․ Գրողի աշխատասենյակը Տարուսայում

... ...