Կոնստանտին Օրբելյանի ժամանակը
Խորհրդային տարիներին Հայաստանը համարվում էր միության ամենաազատ հանրապետություններից մեկը, ու դրա հիմնական պատճառներից մեկը՝ ի հեճուկս բոլոր արգելքների՝ ջազի հուժկու ալիքի առկայությունն էր։ Ջազային և էստրադային բեմի առաջատարն, իհարկե, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ գործող Հայաստանի պետական էստրադային նվագախումբն էր։ 1970-ականներին այն ավելի հաճախ այլ հանրապետություններում էր հանդես գալիս, քան Հայաստանում․ նույնիսկ կատակում էին, որ Հայաստանի էստրադային նվագախումբը երբեմն հայրենիքում էլ է հյուրախաղեր ունենում։ Փոխարենը ժամանակակից հայ երգն ու երաժշտությունը հնչում էին աշխարհով մեկ։
Ցոլակ Վարդազարյանի ջազ բենդի հիման վրա 1938-ին Արտեմի Այվազյանի կազմավորած Հայաստանի ջազ նվագախումբն առաջին բիգ բենդերից մեկն էր ԽՍՀՄ-ում։ Տասը տարի անց՝ ջազի հանդեպ հետապնդումների պատճառով այն վերանվանվեց պետական էստրադային նվագախումբ, սակայն չդադարեց գործել ու համամիութենական ճանաչում ստացավ մասնավորաբար Այվազյանի ստեղծագործությունների կատարմամբ՝ «Հայկական ռապսոդիա», «Կարինե», «Ջան Երևան», «Քարավան», «Հայրենիք» և այլն։ Հենց Այվազյանն էլ 1943-ին Երևանում ծանոթանալով 15-ամյա դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի հետ, որը «ժողովրդի թշնամիների» որդի էր, աջակցում ու կյանքի ուղեգիր է տալիս մեծատաղանդ պատանուն։ Օրբելյանը նվագախմբում նախ աշխատում է որպես դաշնակահար, ապա՝ որպես դիրիժոր։
Կոնստանտին Օրբելյանը հայկական իշխանական տոհմի շառավիղն էր, ծնվել էր 1928 թ․՝ հյուսիսկովկասյան Արմավիրում։ Նշեմ, որ Օրբելյանի կյանքը չափազանց հարուստ էր իրադարձություններով, ու դրանք առկա աղբյուրներում տարբեր կերպ են ներկայացվում․ այսպես, Օրբելյանը պատմում էր, որ ծնվել է Բաքվում։ Բոլոր դեպքերում, վաղ տարիքից ընտանիքով ապրել է աjնտեղ, հինգ տարեկանից ցուցաբերել երաժշտական բացառիկ ունակություններ, ընդունվել կոնսերվատորիային կից երաժշտական հատուկ դպրոց։ Սակայն վրա են հասել ստալինյան բռնաճնշումները, նախ ձերբակալվել ու գնդակահարվել է հայրը՝ բոլշևիկ Աղապարոնը, ապա՝ 10 տարով բանտարկվել է մայրը։ Բախտի քմահաճույքին մատնված պատանի եղբայրները՝ Գարեգինը (Գարրի) և Կոնստանտինը, որին Կոտիկ էին անվանում, հայտնվում են Արցախում։ Երբ սկսվում է պատերազմը, ավագ եղբայրը՝ Գարրին գերի է ընկնում ու այլևս չի վերադառնում ԽՍՀՄ, իսկ պատանի Կոնստանտինը 1942 թվականին ընդունվում է ՀՕՊ ուժերի 8-րդ կործանիչ ավիացիոն կորպուսի ռազմական նվագախումբ՝ որպես դաշնակահար և ակորդեոնահար։ Հենց այդ նվագախմբի կազմում էլ նա 1943 թվականին հայտնվում է Երևանում։
Տարիներ անց՝ խորհրդահայկական «Սիրտն է երգում» ֆիլմում (1956) պատահաբար տեսնելով ու ճանաչելով եղբորը, ԱՄՆ-ում բնակություն հաստատած Գարրին վերստին կապ է հաստատում նրա և մոր հետ։
1956 թ․ Օրբելյանը փոխարինում է Այվազյանին ու նվագախումբը հասցնում նոր բարձունքների՝ ի վերջո դուրս բերելով միջազգային ասպարեզ։ Չնայած «երկաթյա վարագույրին» և գաղափարախոսական խոչընդոտներին՝ նվագախումբը հետ չէր մնում արևմտյան ջազի լավագույն նվագախմբերից՝ թե՛ ժամանակակից ուղղությունների, թե՛ ոճի և ինչ-որ իմաստով հնչողության ու արտաքին տեսքի առումով (Օրբելյանը թարմացրեց մինչև իսկ երաժիշտների նստելաձևը բեմում)։ Մի քանի ամսում նա վերափոխեց համերգային ծրագիրը, ստեղծեց «Դիլիջան» և «Համերգային ջազ քայլերգ» պիեսները, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում։ Երաժշտագետ Մ. Բերկոյի խոսքերով՝ «Օրբելյանը ժամանակակից ջազի ռահվիրան է Հայաստանում։ Մասնավորապես, այն ջազի, որն այն ժամանակ գոյություն ուներ միջազգային մակարդակով և համեմատաբար հազվագյուտ երևույթ էր խորհրդային երաժշտության մեջ»։ Նվագախմբի մենակատարների ցանկը մի ամբողջ աստղաբույլ է՝ Բելլա Դարբինյան, Լոլա Խոմյանց, Ռաիսա Մկրտչյան, Արտաշես Ավետյան, Էռնեստ Բարսեղյան, Ժակ Դուվալյան, Ժան Տատլյան, Արա Բաբաջանյան և այլք։ Նվագախմբի հետ համագործակցում էին մեցցո-սոպրանո Իրինա Պոդոշյանը և բարիտոն Վադիմ Մուլերմանը, երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն, հանդիսավարներ Եվգենի Պետրոսյանը և Էմիլ Ռադովը։
Լրացնելով նախնական մասնագիտական կրթության պակասը՝ Օրբելյանը նախ գերազանցությամբ ավարտել է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիան՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը։ Արամ Խաչատրյանը համոզում էր նրան թողնել նվագախումբը և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա՝ իր մոտ ուսանելու համար․ «Դու շատ շնորհալի մարդ ես, դու իրապես պետք է կոմպոզիցիայով զբաղվես»։ Սակայն մեծատաղանդ երիտասարդն արդեն ընտրել էր իր ճանապարհը․․․
«Մարդ-նվագախումբ» Օրբելյանը հաջողությամբ հանդես էր գալիս որպես երգահան, դաշնակահար, դիրիժոր, կազմակերպիչ, դասավանդող։ Բացի այդ, նա զբաղեցնում էր բարձր ադմինիստրատիվ պաշտոններ։ Շեշտում էր, որ «հոգնում է անգործությունից»։
Աշխատել է ամենատարբեր ժանրերում։ Հեղինակել է սիմֆոնիա (1961), «Անմահություն» բալետը, խորեոգրաֆիկ պատկերներ։ Երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանը գրել է․ «Օրբելյանի սիմֆոնիայի երաժշտությունն առանձնանում է զգացական պոռթկման և ռացիոնալության, զսպվածության կրքի զուգադրությամբ»։ Իսկ Էդվարդ Միրզոյանի խոսքերով՝ «Որպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների հեղինակ նա իրեն դրսևորել է իբրև խորը, մտածող երաժիշտ, որն իր ստեղծագործություններում վեր է հանում նշանակալի, ժամանակակից հնչողությամբ հուզող թեմաներ»։ Նրա «Լարային քառյակը» 1956 թ․ Երիտասարդության և ուսանողության վեցերորդ փառատոնի միջազգային մրցույթում, որի ժյուրին ղեկավարում էր Դմիտրի Շոստակովիչը, արժանացավ Գրան պրիի, իսկ «Տոնական նախերգանքը» 1962 թ․ ստացավ Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթ-փառատոնի մրցանակը։
Որպես ջազային կոմպոզիտոր Օրբելյանը վարպետորեն համադրում էր ժամանակակից ջազի և ազգային երաժշտության տարրերն ու սկզբունքները։ Նրա «Սիրում եմ քեզ, իմ Մոսկվա» ստեղծագործությունն արժանացավ 1967թ. Բուդապեշտում կայացած երգի միջազգային փառատոնի մրցանակին։
Ստեղծել է նաև երաժշտություն կինոյի ու թատրոնի համար։ Հատկապես սիրվեցին ու մինչև օրս կատարվում են «Ճանապարհ դեպի կրկես» (1963, ռեժ․՝ Հ․ Մալյան, Լ․ Իսահակյան) ֆիլմի համար նրա գրած երգերը։
1960-ականների վերջերին, երբ բացվում է Մոսկվայի նշանավոր «Ռոսիա» համերգային դահլիճը, այնտեղ առաջինը ելույթ ունենալու և ակուստիկան ստուգելու պատիվը տրվում է Օրբելյանի նվագախմբին։ Դրանից հետո երկար տարիներ ամեն նոյեմբերին նրանք այդ դահլիճում հյուրախաղեր էին ունենում․ ամենամյա 15-20 համերգներն անցնում էին անփոփոխ հաջողությամբ։
Նվագա-երգացանկը չափազանց բազմազան էր՝ դասական ստեղծագործությունների (Արամ Խաչատրյան) ջազային գործիքավորումներից մինչև ջազային ստանդարտներ, ջազ ռոք և ֆանկ, մինչև ֆրանսիական շանսոն (Ազնավուր), հայկական ժողովրդական երգ։ Մեծ ժողովրդականություն ստացան Օրբելյանի ստեղծած երգերը՝ «Երևանյան մեղեդի», «Կեչիների աղմուկը», «Արևիկ», «Սերը չի ծերանում», «Պարող աշխարհ», «Երգել՝ նշանակում է ապրել», «Գալիս ես»․ դրանցից երկուսը դարձան «Տարվա երգ» համամիութենական փառատոնի ֆինալիստներ։ Բացի այդ՝ նվագախումբը կատարում էր Առնո Բաբաջանյանի, Մարտին Վարդազարյանի, Ստեփան Շաքարյանի, Կոնստանտին Պետրոսյանի և շատ այլոց ստեղծագործությունները։ «Ավանդույթները փոխվում են։ Ժամանակը թելադրում է ոչ միայն թեմաներն, այլև երաժշտությունը։ Այն պետք է նրբորեն արձագանքի ամեն իրապես նորին, կենսունակին»,- ասել է Օրբելյանը։
Նվագախմբի անընդմեջ վերելքի բարձրակետը 1970-ականներն էին։ Այդ տարիներին այն թողարկեց 6 մեծ ձայնապնակներ, որոնցից երկուսը՝ Բուլղարիայում և ԱՄՆ-ում․ դրանք հսկայական քանակներով վաճառվում էին ԽՍՀՄ-ում ու երկրի սահմաններից դուրս։ Երաժշտական քննադատ Դենիս Պոլյարինովի խոսքերով 1970թ․ «Ինտերմեցցո» ձայնասկավառակը ցուցադրում էր «նվագախմբի բազմակողմանիությունը, ճկունությունը և համապարփակությունը»։ Չորս տրոմբոնի և ալտ-սաքսոֆոնի համար գրված «Պոլիֆոնիկ նախերգանքը» կատարում էին նաև արևմտյան ջազ նվագախմբերը։
Տարվա շուրջ 8 ամիսը հյուրախաղերում անցկացնող նվագախումբը հանդես եկավ շուրջ 40 երկրներում։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը առաջին խորհրդային ջազային նվագախումբն էր, որ 1975 թվականին քսանհինգ ցնցող համերգներով շրջագայեց Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում։ Եզրափակիչ համերգը կայացավ Նյու Յորքի «Լինքոլն կենտրոնում»։ Նշանավոր ջազային քննադատ Ջոն Վասերմանը գրեց, որ նվագախմբի ելույթը հետաքրքիր էր ու կարևոր՝ «ինչպես, օրինակ, Մեծ թատրոնի կամ Լենինգրադի կիրովյան բալետի ելույթները, եթե ոչ ավելի նշանակալի»։ Ըստ «Սան Ֆրանցիսքո էքզամիների»՝ «Օրբելյանի օրիգինալ գործիքավորումները հիասքանչ են և չեն զիջում այն լավագույնին, ինչ ներկայացնում են Վուդի Հերմանի, Սթեն Քենթոնի, Քաունթ Բեյսիի կամ Թեդ Ջոնսի-Մել Լյուիսի ջազ նվագախմբերը»։ Իսկ «Նյու Յորք Թայմսի» քննադատի խոսքերով՝ համերգում ամենահետաքրքիրն այն հատվածն էր, «երբ նվագախումբը բիգ բենդի ոճով սկսեց նվագել հայկական մեղեդիներ՝ ստեղծելով ազգային սվինգի պես մի բան»։
Նվագախումբը նաև առաջինն էր երկրում, որ շրջագայեց Ֆրանսիայում և Գերմանիայում։ Նրա հյուրախաղերը Մերձավոր Արևելքում մեծ խանդավառություն էին առաջ բերում հայկական համայնքներում ու խթանում տեղական ջազի զարգացումը։
Նվագախումբն անվանում էին «ԽՍՀՄ հավաքական»։ Այդ շրջանում այն բաղկացած էր երաժիշտ անհատականություններից՝ երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյան, Էլվինա Մակարյան և Զառա Տոնիկյան, երգիչներ Էդգար Կարապետյան, Սիմոն Տերյան, Լևոն Սևան, Գեորգի Մինասյան, նվագախմբի վետերան թմբկահար Ռոբերտ Յոլչյան, կլառնետահար Հարություն Անսուրյան, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյան, ստեղնահար Թոմաս Մադաթով և ուրիշներ։ Դժվար է գտնել այդ սերնդի համամիութենական առաջատար որևէ երգչուհու, որ իր կարիերայի արշալույսին չի երգել նվագախմբի կազմում՝ Ալլա Պուգաչովա, Լարիսա Դոլինա, Իրինա Օտիևա, Իրինա Ալլեգրովա, Իրինա Պոնարովսկայա, Ռոքսանա Բաբայան։ Հատուկ Պուգաչովայի համար Օրբելյանը գրեց «Երջանկության հարյուր ժամ» երգը, որը լայն ընդունելություն գտավ։ Պուգաչովայի հետ Օրբելյանի հարաբերությունները վաղուց առասպելացված են․ անմիջապես նկատելով երիտասարդ աղջնակին էստրադայի արտիստների մրցույթի ժամանակ, մեկ տարի անց՝ 1975-ին նա որպես ժյուրիի անդամ ամեն ինչ արել է, որպեսզի երգչուհին հանդես գա «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցույթում ու վերադառնա Գրան պրիով։ Հետագայում երգչուհին պատմել է Օրբելյանի մասին․ «Նա միշտ ինձ լավ էր վերաբերվում։ Եթե ինչ-որ վեճեր էին լինում իմ վերաբերյալ, նա միշտ իմ կողմից էր լինում․․․ Երախտապարտ եմ ճակատագրին, որ հանդիպել եմ այդ զարմանահրաշ մարդուն»։ Օրբելյանն է Պուգաչովային ծանոթացրել հայկական խոհանոցի հետ․ «Շատ սիրեցի տոլման, հատկապես՝ ամառայինը»։ 1976-ին Պուգաչովան հանդես է գալիս Օրբելյանի նվագախմբի կազմում, ըստ որոշ վկայությունների՝ նրանք պատրաստվում էին ամուսնանալ։ Նրանց համակրանքը միմյանց հանդեպ երբևէ չի մարել։ Վերջերս տված իր հարցազրույցում երգչուհին Օրբելյանի մասին ասել է․ «ես նրան սիրում եմ, նա սքանչելի մարդ էր»՝ անուղղակիրոեն հաստատելով, որ նշանավոր «Մաեստրո» երգը նվիրված է նաև Օրբելյանին։
Նվագախմբի երաժիշտները պատմում են, որ Օրբելյանը խստապահանջ էր, բայց արդարամիտ ու բարի։ Կարողանում էր գնահատել երաժիշտների տաղանդը, քաջատեղյակ էր, թե ինչի են նրանք ընդունակ։ Նա ոչ միայն նվագախմբի ղեկավարն էր, այլև ոգին ու շարժիչ ուժը։ Ծիծաղաշարժ մի պատմություն կա, թե ինչպես նա սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանին առաջարկել է կլառնետով կատարել «Քարավանը», իսկ երբ Զաքարյանը հակաճառել է, որ կլառնետին այնքան էլ ծանոթ չէ, մեղմ պատասխանել է․ «Իսկ դու մտածիր, Ալիկ, մտածիր․․․»։ Զաքարյանն, իհարկե, տեղի է տվել ու փայլուն կատարել Ա․ Հարությունյանի ստեղծագործությունը։
1977 թ․ Բելգրադում կայացած ջազ փառատոնում նվագախումբն արժանացավ Գրան պրիի։ «Տաթևիկ Հովհաննիսյանը երգում էր իմ «Վարիացիաները ձայնի և նվագախմբի համար» ու երգեր Էլլա Ֆիցջերալդի երգացանկից։ Հաջողությունը մեծ էր»,- փառատոնի մասին պատմել է Օրբելյանը։ 19 տարեկանում նվագախմբի մենակատար դարձած Տաթևիկ Հովհաննիսյանին անվանում էին «Երևանյան Էլլա» ու «Խորհրդային Միության լեդի ջազ»։ Տաթևիկի ջազային վոկալիզները երաժշտագետները բնորոշում էին որպես «երաժշտական գործիքի հետ ամբողջական միաձուլում»։ Ամերիկյան մամուլը 1975թ․ գրեց նրա մասին․ «Չքնաղ Տաթևիկ Հովհաննիսյանը երգում է ջազի նուրբ զգացողությամբ։ Նա լայն դիապազոնի հիասքանչ ձայն ունի, նրա կատարումը գրավում է կրքոտությամբ, սվինգի փայլուն զգացողությամբ»։ 1978թ․ Տաթևիկ Հովհաննիսյանը լքեց նվագախումբը։
1979-ին Օրբելյանն արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի բարձրագույն կոչման։ Նվագախմբում նոր աստղեր հայտնվեցին՝ Էռնա Յուզբաշյանը, Նադեժդա Սարգսյանը, Սյուզան Մարգարյանը և Նունե Եսայանը։ Դատելով ձայնագրություննեից՝ 1980-ականներին նվագախմբի ոճն ավելի մոտ է եղել փոփին և ֆյուժնին, մատուցումը և գործիքավորումները երբեմն մեղանչել են բարձր ճաշակի դեմ։ Այդուհանդերձ, նվագախումբը շարունակել է մնալ կադրերի դարբնոց, և, իհարկե, դրա ոչնչացումը մեծ հարված էր հայ մշակույթին․․․ ԽՍՀՄ կործանումից հետո՝ մութուցուրտ տարիներին նվագախումբը և այլ համույթներ դուրս շպրտվեցին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճից, որտեղ նախկինում փորձեր էին անում։ 1992-ին Օրբելյանի նվագախումբը հրաժեշտի համերգներ տվեց Օպերայի դահլիճում և լուծարվեց։
Օրբելյանը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ ապրում էին նրա եղբայրն ու եղբորորդին՝ դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյան Կրտսերը։ Հաճախ էր լինում հայրենիքում․ 2011թ․ այստեղ հանդիսավորապես նշվեց Օրբելյանների տոհմի հազարամյակը։ 2012թ․ Օրբելյանը պարգևատրվեց ՀՀ Պատվո շքանշանով։ Նա շարունակում էր գրել գործիքային և վոկալ ստեղծագործություններ, թողարկեց բազմաժանր ութ ալբոմ։ Երաժշտությանը անմնացորդ նվիրված արվեստագետը նշում էր, որ այն իր ժողովրդին ծառայելու միջոց է։ Համո Սահյանի խոսքերով գրված «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ» երգն Օրբելյանը ձայնագրեց սեփական կատարմամբ։ Համահայկական տարածում գտած նրա՝ իր իսկ խոսքերով գրված վերջին ստեղծագործություններից մեկը կոչվում էր «Փառք մեր ազգության»։ Իսկ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված նրա մոնումենտալ ստեղծագործությունն անավարտ մնաց․ սիրված երգահանը կյանքից հեռացավ 2014 թ․ ապրիլի 24-ին․․․
1997 թվականին հայկական ջազի մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ ձևավորվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որը, չնայած դժվարություններին, փորձեց վառ պահել իր փառավոր նախորդի ավանդույթները։ Օրբելյանական ջազային հրաշքը, ցավոք, չկրկնվեց․ շատ բան էր փոխվել, անվերադարձ կորսվել, և որ ամենակարևորն է՝ ուրիշ էին ժամանակները․․․
Աշոտ Գրիգորյան