Կոստան Զարյանի վերջին բառը

85-ամյա կինը հաճախ է դստերը խնդրում բերել լուսանկարների ալբոմը, դնում է ակնոցն ու մանրիկ մատներով անցնում է իր հիշողությունների վրայով: Ահա դրանցից մեկը, որ պահում է հատուկ տեղում` հանկարծ չվնասվի: Լուսանկարում ինքն է`դեռ երիտասարդ, և մի պատկառելի տարիքով տղամարդ: Դա լուսանկար է այն մասին, թե ինչ է լինում, երբ երկու հարազատ և ազնվական հոգի գտնում են իրար, թե ինչպես է ժամանակի բովով ու փորձություններով անցած տղամարդը հանգրվան գտնում երիտասարդ աղջկա սրտում: Դա լուսանկար է մի նուրբ զգացմունքի մասին, որը պետք է ոմանց կողմից այլ կերպ բնորոշվեր, սակայն այս երկու մարդկանց դա հազիվ թե հետաքրքրեր: 

 

Լուսանկարում լրագրող Գրետա Վերդիյան-Այվազյանն ու գրող Կոստան Զարյանն են: Նրանք ծանոթացել էին Երևանի հայտնի սրճարաններից մեկում`«Կապեյկայում»: Այդ ժամանակ Զարյանն արդեն վերջնականապես հաստատվել էր Հայաստանում: «Հավանաբար 1965 թվականն էր, սովորականի պես գնացի «Կապեյկա», ազատ սեղան էի փնտրում, հանկարծ նկատեցի գրականագետ Լևոն Ներսիսյանին, նա անմիջապես կանչեց, հրավիրեց ինձ իրենց սեղանի մոտ: Եվ ամենավառ պահը, որ տպավորվել է այդ օրվանից, Կոստան Զարյանի հետ իմ ծանոթությունն էր: Նա Լևոնի հետ նստած էր նույն սեղանի շուրջ: Լևոնը ներկայացրեց ինձ, և հանկարծ այդ վայելուչ արտաքինով տղամարդը դժվարությամբ ոտքի կանգնեց ու թեթևակի խոնարհվեց: Մինչև այդ ես  երբեք Հայաստանում չէի հանդիպել մի տղամարդու, որը կնոջ հանդեպ հարգանքի նման ժեստ ցույց կտար: Նա ներքին բարձր կուլտուրայով, ազնվական մի մարդ էր»,-պատմում է տիկին Գրետան:

Կարճ զրույցից հետո, երբ հեռանալուց առաջ ուսանողուհին հրաժեշտ է տալիս,   Զարյանն առաջարկում է միասին դուրս գալ սրճարանից: Նրանք քայլում են Աբովյան փողոցով և արդեն Սայաթ-Նովա փողոցի հետ խաչմերուկին գրողը ցույց է տալիս իր բնակարանը, առաջարկում է բարձրանալ: «Այդպիսով սկսվեց մեր ընկերությունը, որը տևեց ավելի քան երեք տարի`մինչև Զարյանի կյանքի վերջ: Շաբաթը մեկ հանդիպում էինք, նա շատ էր պատմում Եվրոպայից, առհասարակ, ինքը եվրոպական մտածելակերպով մարդ էր, շատ լայնախոհ, ինչպես իր գրականությունն է: Մենք երկուսս էլ նյութի, մատերիայի մարդիկ չէինք: Եվ նույնիսկ ուշադրություն չէինք դարձնում ականջներիս հասնող այն չարախոսություններին, թե իբր ես մտերմացել եմ Կոստան Զարյանի հետ, որպեսզի նա այդ բնակարանն ինձ թողներ: Դա մաքուր հերյուրանք էր: Ինձ կողքից նույնիսկ ասում էին`եթե ուզում ես, որ Կոստան Զարյանը քեզ իր հետ արտասահման տանի, չի ստացվի. նրան էլ չեն թողնի դուրս գալ Խորհրդային Միությունից: Բայց իմ մտքով անգամ նման բան չէր անցնում: Ինձ հարցնում էին`ի՞նչ գործ ունես հետը: Ես չէի էլ պատասխանում».-հիշում է տիկին Գրետան:

Երբ աղջիկը սկսում է ավելի հաճախակի այցելել գրողին, նկատում է, որ տանը խառնիխուռն վիճակ է, միայնակ տղամարդն այնքան էլ գլուխ չէր հանում կենցաղից: Գրետան վարձում է երկու կնոջ, որոնք մաքրում և կարգի են բերում բնակարանը: «Մի անգամ Կոստան Զարյանն ինձ ասաց` եթե մենք Եվրոպայում լինեինք, գուցե ամուսնանայինք... Ես ոչինչ չպատասխանեցի: Նա, իհարկե, ուրախ էր, որ հայրենիքում է, բայց Հայաստանում շատ միայնակ էր: Այդ շրջանում ես էլ էի ինձ միայնակ զգում, և մենք երջանիկ էինք, որ գտել ենք միմյանց: Բայց դա զուտ հոգևոր կապ էր»,-պատմում է տիկին Գրետան:

Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Կոստան Զարյանը Գրետային ցույց է տալիս երկաթե մի սնդուկ` լի հայերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն ձեռագրերով, ասում է, որ հարկավոր է տպագրել իր այդ ձեռագրերը և առաջարկում է Գրետային պահել դրանք իր մոտ: «Ափսոսում եմ, որ այդ հարստությունն այդպես էլ չվերցրեցի, չպահպանեցի ինձ մոտ: Աստված գիտի` որտեղ է հիմա այդ սնդուկը: Հուսամ` զավակները պահպանել են հոր այդ  ձեռագրերը»,-ասում է տիկին Գրետան:

Կոստան Զարյանի հետ կապված նա ամենավառը հիշում է ծանոթության և  հրաժեշտի օրերը: Երբ երիտասարդ աղջիկը տեղեկանում է, որ գրողը մահամերձ է, շտապում է նրա մոտ: «Տանը սարսափելի վիճակ էր, շորերը կեղտոտ էին, թափված, նա միայնակ էր, գամված անկողնուն, երեխաները, իմ տեղեկություններով, արտերկրում էին, չէին կարող այցելել Խորհրդային Միություն: Բայց իր կյանքի վերջին րոպեներին էլ այդ մարդը չէր կորցրել ազնվական իր տեսքը, ներքին փայլը: Նա դժվարությամբ էր խոսում, սակայն այսօրվա պես եմ հիշում`վերջին բառը, որ արտաբերեց, «Գրետան» էր»:

 

Բացառիկ լուսանկարը տրամադրել է Գրետա Վերդիյան-Այվազյանը

Աննա Բաբաջանյան