Կոմիտասն ինձ սովորեցրել է ապրել գեղեցիկ

Կոմիտասի կերպարը ստիպում է գերազանցել ինքդ քեզ

Հարցազրույց Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական ներկայացուցիչ Շնորհք աբեղա Սարգսյանի հետ

 

-Հայր Սուրբ, « Խոստում»  ֆիլմի նկարահանումից  5 տարի է անցել, ի՞նչ զգացողություններ  ունեք այսօր՝ ֆիլմը դիտելիս: Հաճա՞խ եք անդրադառնում Ձեր կյանքի այդ դրվագին:

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի Կարինե, որ ևս մեկ անգամ ինձ հնարավորություն եք տալիս խոսելու «Խոստում» ֆիլմի մասին և վերապրելու այն բոլոր դրվագներն ու պահերը, որոնք ես ապրեցի այդ ժամանակաշրջանում:

Այո, իրավացի եք, անցել են հինգ երկար տարիներ, բայց, անկեղծ ասած, իմ ներաշխարհում, թե՛ նկարահանումներից առաջ, և թե՛ դրանց ընթացքում եղած ապրումները շատ ներկա են հիմա էլ, և կդժվարանամ դրանք որակել իբրև անցյալի զգացողություններ կամ դրվագներ:

Ֆիլմը դիտելիս նախևառաջ ունենում եմ զարմանքի զգացողություն, թե ինչպես ես, իբրև  հոգևորական և կինոաշխարհի հետ կապ չունեցող մեկն, արժանացա այդ մեծ պատվին: Սակայն ես ունեմ դրա պատասխանը իմ անձնական կյանքում, ինչը գուցե շատ սուբյեկտիվ է, սակայն դա իմ ընկալումն է և գոյության իրավունք ունի: Դա Կոմիտասի հանդեպ պաշտամունքի հասնող սերն է, և երբեմն նրա չհասկացված, իր ժամանակի համար ազատամիտ և՝ ինչու ոչ, չարչրկված կերպարի հանդեպ իմ, մեղմ ասած, դրական վերաբերմունքը: Ինչ վերաբերում է իմ կյանքի այդ դրվագին, ապա կարող եմ ասել, որ դա մշտամնա ապրում է: Դա նաև ինքս ինձ քննելու, բացահայտելու և ճիշտ ինքնագնահատման միջոց է:

-Ի՞նչ է Ձեզ համար խոստումն ընդհանրապես: Դուք հաճա՞խ եք խոստում տալիս: Ձեռնադրության ուխտը նույնպե՞ս  յուրահատուկ խոստում է: Երբևէ Ձեր մտքով անցե՞լ էր, որ այսպիսի «Խոստումի » տակ պիտի ստորագրեք:

-Հետաքրքիր հարց է: Խոստումներ փորձում եմ չտալ, այն մտավախությամբ, որ գուցե ունակ չլինեմ կատարելու դրանք: Խոստումն, իբրև երևույթ, հույսի հորիզոններ բացելու և նոր հնարավորություններ ստեղծելու միջոց է, սակայն երբեմն այն կարող է դառնալ խորը հիսաթափության և շրջապատի հանդեպ վստահության կորստի պատճառ, ինչը մեր կյանքում ևս ներկա է:

Ինչ վերաբերում է ձեռնադրության ուխտին և խոստմանը, դա բոլորովին այլ հարթության վրա դիտարկվող, երբեմն մարդկային մտավոր ու ֆիզիկական հնարավորությունների սահմաններից և ընկալումներից դուրս իրողություն է՝ երբեմն ինձ համար ևս անընկալելի, որովհետև իրականում դա մի խորհուրդ է, ինչն ամբողջանում և իր լրումին է հասնում Աստծո անբացատրելի, բայց ոչ պարտադրական միջամտությամբ:

«Խոստումի» տակ ստորագրելու վերաբերյալ: Կյանքն ավելին է, քան որևէ թուղթ կամ ստորագրություն: Այդ խոստումը հեշտությամբ հնարավոր է դրժել և չպահել, եթե դա ներքին ապրում չէ, եթե դա կյանքի ձև չէ, հատկապես մեր ներկա արագ զարգացող ու փոփոխվող աշխարհում: Այնպես որ, թուղթը, տեքստը, թանաքը, դրանք բուն բովանդակության արտաքին դրսևորումների մի մասն են, և եթե բացակա է բովանդակությունը, ապա դրանք դառնում են ծիծաղելի:

-Ինչպես  հենց Դուք հայտնվեցիք ֆիլմի հեղինակների ուշադրության կենտրում: Որտե՞ղ են նրանք Ձեզ տեսել առաջին անգամ:

-Այս հարցն ինձ համար ևս առեղծված է: Բայց, վստահորեն կարող եմ ասել, որ միջնորդական ու բարեխոսական ջանքեր գործի չեն դրվել: Ընդհանրապես, իմ կյանքում ես միշտ խորշում եմ ինձ հետ կապված որևէ բարեխոսական կամ միջնորդական առաքելությունից: Իմ սկզբունքն է՝ ամեն բան անել ինքնուրույն, թեկուզև դա թանկ արժենա իմ կյանքում, և անել այնպիսի բան, որն ունի ներքին խորը իմաստ և արժեք: Կարծում եմ կյանքում գոյություն ունի երկու ուղի՝ թողնում ես, որ քեզ կայացնեն, կամ կայանում ես ինքնուրույն:

Ֆիլմի հեղինակները, չգիտեմ ինչպես, բայց սոցիալական ցանցերից գտել էին իմ նկարները և որոշակի նմանություններ տեսնելով՝ որոշել, որ ես ևս կարող եմ լինել Կոմիտասի դերակատարի թեկնածու: Իսկ ռեժիսորական անձնակազմի հետ ունեցած առաջին հանդիպումից հետո, երբ երգեցի Կոմիտասի երգերից, բոլորը միաձայն հաստատեցին, որ այդ դերակատարումն, անպայման, պետք է ես իրականացնեմ:

-Ձեզ միայն Ձեր մասնակցության մանրամասնե՞րն էին ներկայացրել, թե՞ ֆիլմի սցենարն ամբողջությամբ եք կարդացել: Հե՞շտ կայացրեցիք այո ասելու որոշումը:

-Առաջին քասթինգից հետո, ինչն, ի դեպ, նաև ձայնագրվում էր, որպեսզի ուղարկվի գլխավոր ռեժիսորին, ինձ էլեկտրոնային փոստով տեղեկացրեցին, որ իմ մասնակցությունը նկարահանումներին հաստատված է, և սպասում են ինձ, որպեսզի ստորագրեմ վերջնական պայմանագիրը: Սակայն ես դեռ վերջնական չէի որոշել որ մասնակցելու եմ ֆիլմի նկարահանումներին, որովհետև շատ կասկածներ ունեի թե անձնապես, միգուցե, չկարողանայի ըստ արժանվույն ներկայացնել Կոմիտասին, և նաև՝ դեռևս հստակ ու տեսանելի չէին ֆիլմի այն հսկայական մասշտաբները, որոնց ականատես եղա հետո:

Այդ ապրումներից ելնելով՝ պարզապես չէի պատասխանում ինձ ուղարկված էլեկտրոնային նամակներին, մինչև որ գլխավոր ռեժիսորը գրեց ինձ՝ խնդրելով որ անպայման մասնակցեմ, որովհետև Կոմիտասի դերակատարությունն անկյունաքարային էր լինելու ֆիլմում, նաև որ իմ հայ և հոգևորական լինելն ու ձայնային տվյալները կարևոր էին ֆիլմի հաջողության համար:

Ֆիլմի սցենարին ծանոթացա պայմանագրի ստորագրումից հետո: Ի դեպ, պայմանագրի կարևոր կետերից մեկն էլ, հենց դերասանների կողմից սցենարի գաղտնիության պահպանման նախապայմանն էր: Նկարահանումների ժամանակ իրավունք չունեինք անգամ սիրողական լուսանկարներ անելու: Սցենարն ինքնին բաժանված էր թեմատիկ մասերի, և ամեն դերասան նկարահանումների  ժամանակ ծանոթանում էր իրեն առնչվող հատվածներին:

-Ինչպիսի՞ն էր այս ամենին Ձեր և Ձեր մտերիմների առաջին արձագանքը:

-Առաջին քասթինգից, մեկ տարի տևած նկարահանումներից ու ֆիլմի մոնտաժից մինչև կինոէկրաններ բարձրանալու պահը, որը գրեթե մեկ ու կես տարի տևեց, ամեն բան գաղտնի էր: Որևէ մեկը չգիտեր դրա մասին: Միայն իմ facebook-ի էջի անձնական գլխավոր նկարը մեկ տարի Կոմիտաս վարդապետի նկարն էր, ինչը շատ ընկերներիս ու ազգականներիս մոտ հարցեր էր առաջացնում: Ոմանք էլ կատակում էին՝ տվյալ արարքի մեջ չտեսնելով որևէ տրամաբանություն:

Երբ 2017-ի մարտից համացանցում և հեռուստաեթերով սկսեցին ցուցադրել «Խոստումի» թրեյլերը, այնտեղ մի պահ ծնկի եկած երևում էի նաև ես: Ոմանք նկատել էին, սակայն, հասկանալի պատճառներով, բոլորին անհավատալի էր թվացել, որ ես կարող եմ նման մեծ հոլիվուդյան նախագծում հանդես գալ, որովհետև անգամ շատ պրոֆեսիոնալ դերասանների համար Holywood-ը երազանք է մնում: Տեսահոլովակից հետո, շատ քչերն էին ճանաչել ինձ ու զանգահարեցին՝ շնորհավորելու, սակայն ծանոթներիս, բարեկամներիս ու ընկերներիս մեծ մասը դեռևս գլխի չէին ընկել:

Երբ ապրիլին ֆիլմը բաձրացավ էկրան, և ամբողջ աշխարհի հայությունը շտապեց դիտելու այն, այդ պահերից սկսած ինձ վրա դրական առումով «դիվերսիոն հարձակումներ» սկսվեցին: Ծանոթներ, անծանոթներ, կայքեր սկսեցին գրել, որ Կոմիտասի իրական դերակատարը հայ հոգևորական է, որն ապրում և սովորում է Իսպանիայում:

Բնականաբար, ծնողներիս, քրոջս, եղբորս ու ընտանեկան նեղ շրջապատիս համար անսահման ուրախություն էր ու հպարտություն, որովհետև դա նաև իրենց ձեռքբերումն էր, իրենց հաղթանակը: Անգամ Ամերիկայի միացյալ նահանգներում ապրող ազգականներս ֆիլմը դիտելու պահին են զանգահարել ինձ՝ հարցնելու թե  գուցե ես եմ Կոմիտասի դերակատարը: Շատ էմոցիոնալ օրեր էին, բայց և շատ հաճելի զգացումներ ու ապրումներ: Կային նաև մարդիկ, որոնք լուռ էին, և դա բնական էր ու հասկանալի, գոնե՝ ինձ համար:

-Հե՞շտ էր աշխատել հոլիվուդյան ռեժիսորների և արտիստների հետ: Նկարահանումները որքա՞ն տևեցին: Դուք կրում էիք հենց  Ձե՞ր սքեմն ու վեղարը, թե՞ հատուկ ֆիլմի համար նոր համազգեստ էին կարել:  Ֆիլմում հենց Ձեր ձայնն է հնչում:

-Իրականում նկարահանումները շատ դժվար էին: Պատկերացրեք ֆիլմում մեր տեսած ամենակարճ դրվագը, որ գուցե տևում է մի քանի վայրկյան, նկարահանման հրապարակում տևում էր ժամեր, ինչու չէ՝ նաև մեկ ամբողջ օր: Ինչ վերաբերում է հոլիվուդյան արտիստներին ու ռեժիսորներին, ապա գոնե ինձ համար այդքան էլ դժվար չէր: Շատ հետաքրքրական էր նրանց վերաբերմունքն իմ հանդեպ, որովհետև բոլորը գիտեին, որ ես իրական հոգևորական եմ՝ կար ընդգծված հարգանք ու ակնածանք:

Նկարահանումները տևեցին գրեթե մեկ ամբողջ տարի, և դրանք կատարվեցին Իսպանիայում, Պորտուգալիայում և Մալթայում: Ես չէի կրում իմ վեղարն ու սքեմը, քանի որ ֆիլմի հագուստների համար աշխատում էր մի հսկայական կարի ֆաբրիկա: Վարպետներն իբրև հագուստների նմուշ  օրինակներ էին վերցնում   20-րդ դարի մեզ հասած նկարներից:

Նախապես որոշված էր, որ ֆիլմում չպետք է հնչի իմ ձայնը, այլ պիտի լինի ձայնագրություն, ֆոնոգրամմա: Սակայն ֆիլմի գլխավոր դերակատարները չէին ազդվում այդ ձայնագրությունից, և դրվագը եկեղեցում չէր ստացվում, չնայած որ մեկ ամբողջ օր անդադար շարունակվում էին նկարահանումները: Ի վերջո, հնչյունային ռեժիսորը փոխեց որոշումը, և նախընտրեցին իմ ձայնը, այնպես որ ֆիլմում հնչում է իմ կենդանի ձայնը:
 

Ֆիլմի նկարահանման  հրապարակը մեկ ուրիշ աշխարհ է՝ գոնե հոլիվուդյան ֆիլմերի պարագայում այդպես է: Ու նաև հիշեցնում է ռազմական նախապատրաստական գործողություններ: Առաջին հայացքից, երբ տեսնում ես ժողովրդի հսկա մի բազմություն՝ գրեթե 3000 հոգի, որոնք իրականացնում են տարբեր առաքելություններ, լուծում տեխնիկական, էսթետիկ, սնունդի հետ կապված հարցեր, տպավորություն է, որ գտնվում ես քաոսում, ուր բոլորն անընդհատ շարժվում են, գուցե ոչ մասնագիտական աչքի համար անիմաստ, բայց իրականում ամեն մեկը գիտի իր անելիքը՝ ճիշտ ժամին և ճիշտ վայրում:

Ինչպես նշեցի՝ նկարահանումները դժվար էին, հատկապես, երբ լիարժեք գիտակցում ես, թե ում կերպարն ես ներկայացնում, և ժողովուրդն ինչպիսի վերաբերմունք ունի Կոմիտասի հանդեպ: Այդ ամենը ստիպում է քեզ ունեցածդ հնարավորությունները գերազանցել և ներսումդ եղած ամենադրական, ամենաիդեալականը տալ, որովհետև Կոմիտասի կերպարն ինձ համար ու իմ կյանքում այդպիսին է:

-Կոմիտասի կերպարը Ձեր կյանքում. ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր՝ Կոմիտաս լինելուց հետո: Կուզենայի՞ք ինչ-որ բան փոխել սցենարում և փրկել Վարդապետին:

-Կոմիտասը միշտ է փոխում ինձ: Նրա կերպարը ոգեշնչում է ինձ, հատկապես իմ հոգևոր ծառայության մեջ, հատկապես ժողովրդի հետ շփման հարթակում: Նրա՝ մեր ժողովրդի վերաբերյալ դրական որակումներն ես ամեն անգամ բացահայտում եմ իմ կյանքում: Երբ ծանոթանում ենք նրա կյանքին՝ հատկապես հոգևոր, ավելի ճիշտ եկեղեցական տեսանկյունից ու կրոնական իմաստով, նա անթերի,  սրբությամբ ապրված կյանք չի ունեցել և, ըստ իս, դրա կարիքն էլ չկար: Նա ապրել է գեղեցիկ մի կյանք: Կոմիտասը դա է ինձ սովորեցրել՝ ապրել գեղեցիկ:

Կոմիտաս լինելուց հետո առօրյա կյանքում կարծես թե բան չի փոխվել. միայն պատասխանատվության զգացումի բարձրացում և լինել նրա նման նրբանկատ ու մարդասեր, հայասեր:

Փրկել Կոմիտասին... դժվարանում եմ պատասխանել: Ինձ թվում է, որ Կոմիտասին մենք կփրկենք, եթե ապրենք նրա գաղափարներով, նրա պատկերացումներով, նրա ընկալումներին համարժեք: Բայց դրանով մենք նախևառաջ մեզ կփրկենք՝ Կոմիտասի ապրած գեղեցիկ կյանքի միջոցով:

-Պատմեք, խնդրում եմ, Ձեր առօրյայից և հոգևոր ծառայությունից. կարելի՞ է ասել, որ Դուք ամեն օր եք կատարում խոստումը, ապրեցնում Կոմիտասին:  

-Ես այն բախտավորներից եմ, որ սովորել եմ եվրոպական աստվածաբանական կարևոր համալսարաններում՝ հինգ տարի Հունաստանի պետական համալսարանի գործնական աստվածաբանության բաժնում և այնուհետև 4 տարի Իսպանիայում, Մադրիդի ճիզվիտական-պապական համալսարանում, Աստվածաշնչագիտության (biblica) բաժնում, ու այս տարիները փորձել եմ օգտագործել արդյունավետ՝ ակադեմիական, ինտելեկտուալ և հոգևոր առումներով նոր հարթակների հասնելու համար, որովհետև ինչպես կյանքը, այնպես էլ գիտությունը, անդադար զարգացող գործընթացներ են: Եվ պարզճակատ կարող եմ բարձրաձայնել, որ սովորել եմ բավական բարձր առաջադիմությամբ և հաջողությամբ ավարտել ուսումս երկու համալսարաններում էլ: Այդ համալսարաններն ինձ օժտել են մտահորիզոնս ընդլայնելու և բոլոր հարցերը զանազան տեսանկյուններից դիտարկելու, բոլոր գոյություն ունեցող կարծիքները հանդուրժելու և նրանց կողքին ապրելու կարողությամբ՝ առանց կանխակալ և դատապարտող կեցվածքի: Որովհետև այս կյանքում, իրականում, բացարձակ ճշմարտություններ չկան, ամեն բան հարաբերական է: Սակայն պետք է խոստովանեմ, որ այս ճանապարհը, որով անցել եմ ես, այնքան էլ դյուրին չի եղել, ինչի վերաբերյալ հետագայում  մանրամասնորեն կխոսեմ իմ գրքում, այն այս պահին շարադրման ընթացքի մեջ է:

Ես ինձ համարում եմ երջանիկ հոգևորական, ու այդ երջանկության աղբյուրն իմ ժողովրդի անկեղծ սերն է իմ նկատմամբ: Ու այդ սերը եթերային-տեսական չէ, այլ դրսևորված է ամենօրյա  հոգատարությամբ: Հունաստանից սկսած, այնուհետև Սուրբ Գեղարդավանքով, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցով և սկզբանական շրջանում Մադրիդով ու հիմա արդեն ամբողջ Իսպանիայով այդ երկկողմանի անկեղծ, մտերմիկ ու հարազատ կապն իմ և ինձ հետ առնչվող մարդկանց մեծամասնության միջև ես համարում եմ իմ ամենամեծ ձեռքբերումը: Մարդկանց կյանքում ազդեցություն թողնելու իմ ամենամեծ զենքը սերն է, ապրված սերը, ինքնամոռաց սիրելու ունակությունը, ինչի հետքերն անհնար է մոռացության տալ կամ ջնջել: Ես Կոմիտասին ապրեցնում եմ սիրելով իմ ժողովրդին անսակարկ սիրով՝ իր բոլոր դրսևորումների մեջ:

-Իսկ ինչպես է ընտրվել Ձեր հոգևոր անունը՝ Շնորհք: Գուցե ձեռնադրող եպիսկոպոսը հենց Ձեր դերասանական շնորհքն ու այս շնորհն էր կանխազգացել:

-Ես պատահականություններին չեմ հավատում: Ամեն բան նախախնամված է: Իմ անվան ընտրությունը ևս դիտարկում եմ այդ տիրույթում: Դա մի հոգևորականի անուն է, ով իմ կարծիքով, Հայ եկեղեցու վերջին հայտնի սուրբն է, թեկուզ և չկանոնականացված: Ասածս, գուցե, աստվածաբանորեն ու եկեղեցաբանորեն սխալ է, բայց այլ կերպ արտահայտվելը, եթե ոչ անհնարին, ապա դժվար է: Այդ հանգամանքը ինձ ևս պարտավորեցնում է: Երանաշնորհ Շնորհք պատրիրաքը մեր նորագույն եկեղեցական պատմության մեջ հոգևորականության ամենաջինջ ու մաքրամաքուր կերպարներից է, ով երբեք հոգևոր ասպարեզը չի դիտարկել իբրև կարիերա ու չի փնտրել փառքեր, այլ ընդհակառակը, փառքն է հետապնդել նրան, որովհետև բոլոր կոչումներն ու տիտղոսները նրա անձի մեջ ավելի արժեք ու հմայք են ձեռք բերել: Ուրեմն, ինչպես տեսնում եք, ես այնքան էլ հարմարավետ իրավիճակում ու դիրքում չեմ գտնվում: Սակայն այս հանգամանքներն ինձ առիթ են տալիս  ինքնաքննվելու, ինքնադաստիարակվելու, ներքին առումով ավելի նոր բարձունքներ հաղթահարելու ուժ գտնելու, որպեսզի գեթ մի փոքր կարողանամ իմ անձով արտահայտել նրա կերպարը:

Ըստ եկեղեցական ընկալումների, ձեռնադրության շնորհների առատության չափը նաև որոշակի առումով պայմանավորված է ձեռնադրող եպիսկոպոսի անձով: Ես այդ առումով ևս ինձ բախտավոր կարող եմ համարել, որովհետև ձեռնադրվել եմ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ձեռքով: Նա ևս մերօրյա բարձրաստիճան հոգևորականության մեջ բացառիկ է՝ թե՛ իր ակադեմիական ձեռքբերումներով, և թե՛ իր հոգևոր ընկալումներով ու կենցաղով:

Եվ, ի վերջո, դերասանական շնորհների ու այլ շատ առաքինությունների համար պարտական եմ ընտանիքիս: Այս առումով ևս օրհնված եմ, որովհետև ունեմ հրաշալի ծնողներ ու ընտանիք: Իմ բոլոր շնորհների ու ձեռքբերումների համար երախտապարտ եմ իրենց: Նրանք իրենց հոգում և սրտում եղած ամենաբարին ու ամենամաքուրն են փոխանցել ինձ, ինչի փոխհատուցման համար հարյուր ապրված կյանքն անգամ շատ քիչ կլինի:

 

 

... ...