Կոմիտաս. Աքսորի 13 օր

«Շատ սիրեցեք զիրար, որ ապրիք»

«Մեր նախնին հիմա մենք ենք»․ 1988-ից հետո Հրանտ Մաթևոսյանի ձևակերպած մտքերից, մտահոգություններից մեկն է։

Հայաստանի համար տագնապալի այս օրը Կոմիտասի ծննդյան տարեդարձն է, և ասես իրար են միահյուսվել մեր նախնիների 1915-ն ու մեր այսօրը։ Այդ տարիների մամուլում հանդիպել ենք մի այսպիսի մտքի․ «Այս լուսավորյալ 20-րդ դարում ինչպե՞ս է հնարավոր ցեղսապանություն անել»։

Միայն թվում էր, թե ապրում ենք գերլուսավորյալ 21-րդ դարում․․․

 

Հարյուր և ավելի տարի առաջ Կոմիտասը Պոլսի նոր ստեղծվելիք կոնսերվատորիայի պաշտոնյա էր նշանակվել, թուրք արքայազնին դաշնամուր էր սովորեցնում, հարյուրավոր աշակերտների երգ էր ուսուցանում, «կարևոր ուսումնասիրություններով» զբաղվում:

Բայց աշխարհում 1915 թվականն էր։

Մինչև այդ իր հանճարի ուժով ու նպատակադիր աշխատանքով «հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս էր բերել հայրենի ավերակներեն»: Կիսակատակ գրել է, թե հայ ժողովուրդն իրենից ուզում է միայնակ ապացուցել մի բան, որը գերմանական մի քանի ինստիտուտ իրագործել են տասնամյակների ընթացքում:

«Ժամանակիս վայրագություններեն ըստ կարելվույն հեռու պահելով միտքս ու զգացումներս՝ անդադար կաշխատիմ կարևոր ուսումնասիրություններով: Խմբիս համերգները չկրցա տակավին սկսել՝ աշակերտներուս զինվորագրության պատճառավ»․ Կոմիտասի գրած վերջին նամակն է՝ ուղղված Երվանդ Հակոբյանին, թվագրված՝ 1914 թվական, 26 հոկտեմբեր, Պոլիս։

Չկարողացավ ժամանակի վայրագություններից հեռու մնալ, և ժամանակն ու աղետը փորձության ենթարկեցին Կոմիտասի «միտքն ու զգացումները», ինչից երգահանը երկյուղում էր:

Կոմիտասի կյանքի 1915-ն ավարտվում է մարտի 23-ով. Բերայի սրահներից մեկում «մասնակցությամբ Կոմիտաս վարդապետի» տեղի է ունենում գեղարվեստական ցերեկույթ։ Հետո արդեն հայ ժողովուրդը տեսնում է միանգամայն այլ Կոմիտաս:

Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակից աքսորված հարյուրավոր մտավորականներից մի քանիսին է հաջողվել հետ վերադարձնել Պոլիս: Շնորհակալ արքայազնի միջնորդությամբ Կոմիտասը, բժիշկ Վահրամ Թորգոմյանը և խմբագիր Բյուզանդ Քեշյանը վերադարձվում են աքսորավայրից: Սակայն հայ ժողովրդի մտավոր առաջնորդներից ամենից զգայուն սիրտ ունեցողը՝ Կոմիտասը, 13 օրում տեսել էր դժոխքը, որը նրան հետապնդելու էր քսան տարի: 

«Զվարճախոս, կատակաբան, վառվռուն, կյանքից գոհ» (Գարեգին Լևոնյան) Կոմիտասը  չկար այդուհետ:

Երբ հայր սուրբին խնդրում են պահպանիչ կարդալ, վհատված ասում է․ «Հապա խեղճ մոլորյալիս գլխո՞ւն ով պահպանիչ կարդա, ով մխիթարական մը ըսե»:

Հրանտ Դինքն էր ասում՝ չկարողացավ գտնել «թուրքի ազգեցությունն իր ինքնությունից ազատելու նախընտրելի ճանապարհը»:

 

Հայ կուռքի դիմանկարը

Ռիտա Սուլահյան-Կույումջյանը «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքում ժամանակակից հոգեբուժական-հոգեվերլուծական մոտեցումների կիրառմամբ փորձել է հոգեբանական լույսի ներքո ներկայացնել Կոմիտասի կյանքի անհայտ էջերը: Ըստ հեղինակի, Կոմիտասի տառապանքին ճշգրիտ ախտորոշում տալը կօգնի քանդելու լռության և թյուրըմբռնման պատը:

Ընտանիքը կորցնում է մորը՝ 17-ամյա Թագուհուն, երբ Կոմիտասը վեց ամսական էր: Սա խոր ու անջնջելի հետք է թողել զգայուն երեխայի վրա: Տարիներ հետո գրած «Մայրիկիս օրորը» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան. «Թռավ-գնաց, երկնի խորան մտավ իբրև աղավնի, Եվ ինձ թողեց մենավորիկ...»:

Հեղինակը սա համարում է ստեղծագործելու միջոցով կորուստը սգալու Կոմիտասի առաջին փորձը: «Մենավորիկ» պատանի Սողոմոնն իրեն լքված ու անօգնական է զգացել: Վշտից հարբեցողության տրված Գևորգ հայրը հանկարծամահ է լինում, երբ որդին 11 տարեկան էր:

1881-ը շրջադարձային էր Կոմիտասի կենսագրության մեջ, Գևորգ 4-րդ կաթողիկոսի հայրական վերաբերմունքը կարևոր էր, սակայն Վեհափառը մեկ տարի անց վախճանվում է։

Ճեմարանում Կոմիտասի ընդունակությունները ծաղկեցին, ինքնագնահատականը բարձրացավ, կարողանում էր նաև նմանակել, կատակներ անել, համեստ էր, կենսախինդ:

Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն անվերապահ աջակցում ու անկեղծորեն հավատում էր Կոմիտասին: Հենց նա էլ պաշտոնապես հոգևոր դասի շարքերն ընդունեց տաղանդավոր երիտասարդին, տալով նոր անուն՝ Կոմիտաս, ի պատիվ 7-րդ դարի երաժիշտ-կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու:  

Նրա երաժշտության ուսուցիչները դարձան Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Ռիխարդ Շմիդտը: 26-ամյա Կոմիտասը ուսումը շարունակեց Բեռլինում, իսկ ուսման 3 տարիների ծախսը Խրիմյան Հայրիկի խնդրանքով հանձն առավ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանը: Այդ տարիներին Կոմիտասը նամակներում դժգոհել է «վատ առողջությունից, ֆինանսական դժվարություններից և կարոտախտից»: Ստանալով եվրոպական հիմնավոր կրթություն և արդեն որպես լուրջ երաժիշտ, նա վերադառնում է տուն՝ Էջմիածին:

Կոմիտասին խոր վիշտ է պատճառում Խրիմյան Հայրիկի մահը, և Էջմիածնում նա հայտնվում է սարսափելի հոգեվիճակում. «Տեսա միայն որոգայթ և ոչ արդարություն»...

1910 թվականին Էջմիածնից հեռացող Կոմիտասը հրավերներ ստացավ Թիֆլիսից և Կոստանդնուպոլսից. նա ընտրեց վերջինը: Պոլսում ստեղծեց 300 հոգանոց «Գուսան» երկսեռ երգչախումբը, շրջագայում էր. երջանիկ ու երանելի տարիներ էին:

Ապրիլի 24-ի գիշերը Կոմիտասին ձերբակալեցին, և նա հարյուրավոր մտավորական աքսորյալների հետ հասավ մինչև անիծյալ Չանղըրը: Կոմիտասն աքսորի առաջին օրերին քարավանի առջևից էր  քայլում և ժպիտով վհատվածներրին ոգևորում։ Փրկվածներից Արամ Անտոնյանի հիշելով, մի խարխլված ու վատահամբավ իջևանատանն էլ «ի հայտ եկավ Կոմիտասի կործանման դրաման»: Երբ հասնում է դույլից ջուր խմելու Կոմիտասի հերթը, մի հեծյալ ժանդարմ դույլը թռցնում է նրա ձեռքից, ջուրը թափելով Կոմիտասի վրա: Սարսափած ու ապշած Կոմիտասն այդուհետ հրաժարվում է ջրից, բոլորին նայում վախով ու կասկածանքով, և ճամփեզրի ծառերն անգամ նրա աչքին դարանակալ ժանդարմներ էին: Դեմքը ծածկում էր ու խնդրում, որ «պահպանիչ» աղոթք կարդան իր վրա:

Այսօր արդեն գիտենք, որ Չանղըրը աքսորված 291 հայերից փրկվեցին միայն քառասունը: Կոմիտասը նրանցից մեկն էր: Մինչև այժմ անհայտ պատճառով Կոմիտասին և 7 հոգու աքսորի 13-րդ օրն անսպասելի և առանց որևէ բացատրության վերադարձրեցին Պոլիս:

Ռիտա Սուլահյան- Կույումջյանի ներկայացմամբ, աքսորի ճանապարհին Կոմիտասը հայտնվել է մի հոգեվիճակում, որն այժմ կոչվում է «սուր սթրեսային խանգարում»: Մեծ ցնցումն էլ հաճախ հանգեցնում է «Հետտրավմային սթրեսային խանգարմանը»: Մասնագետ հեղինակը եզրակացնում է. «Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Կոմիտասի հետ, և այն վերջինիս մինչև կյանքի վերջ դարձրեց մտավոր ու զգայական առումով խեղված»:

Եթե մյուս աքսորյալները վերադարձան իրենց ընտանիքների գիրկը, անցան իրենց աշխատանքին, Կոմիտասը մեն-մենակ էր, վախի ու տագնապի մեջ, և չէր կարող ստեղծագործել: Ապրում էր հետապնդման ու լքվածության վախերով լեցուն իր ներաշխարհում:

Ընկերները խաբեությամբ Կոմիտասին տեղափոխեցին թուրքական ռազմական հիվանդանոց, և նա երկրորդ անգամ դարձավ թուրք զինվորականներին «գերի»: Նրանից խլեցին տունը, աշխատանքն ու ազատությունը, ուստի հրաժարվեց շփվել իրեն խաբող ընկերների հետ: Մտերմություն ուներ միայն  հույն հոգեբույժ Գոնոսի հետ, սակայն նա էլ մահացավ, և Կոմիտասը մնաց թուրք բժշկի խնամքին: Սա ավելի բարդացրեց ու խորացրեց հիվանդությունը:

Լռակյաց Կոմիտասը մերժում էր այցերը, սակայն Չիթունու հետ խոսել է երկար ու դառնացած. «Իմ ժողովրդիս մեջ կուզեմ ըլլալ... Իմ բանալիներս կուզեմ.. Ո՞ւր են Փանոսի նկարները, ո՞ւր է իմ խոհարար վարպետս: Ո՞ւր է դաշնակս, ո՞ւր ցրվեցան իմ աշակերտները...»

Երեք տարվա ընթացքում ոչ մի ապաքինում չեղավ, ուստի որոշվեց նրան տեղափոխել Փարիզ: «Վիլ-Էվրար» առաջնակարգ հոգեբուժարանի՝ 1919 թվականի ապրիլի 20-ի փաստաթղթում նկարագրված է Կոմիտասի հոգեվիճակը. «հնազանդ, լուռ, քաղաքավարի, հազվադեպ հաղորդակցվող, երբեք իր անկողնում չի քնում, այլ բազկաթոռի մեջ, երբեք դուրս չի գալիս զբոսանքի, հրաժարվում է կարդալ ու գրել, երբեք չի աղոթում, չի գնում պատարագի, պաշտում է լավ երաժշտությունը, իրեն այստեղ բերած աշակերտներին ընկեր չի համարում»։

3 տարի 4 ամսում այս հիվանդանոցում ևս հիվանդի վիճակի փոփոխություն չարձանագրվեց, և «Կոմիտասի բարեկամներ» հանձանխումբը որոշեց նրան տեղափոխել «Վիլ-Ժուիֆ» հիվանդանոց:

Գրքի հեղինակը 1988 թվականին դիմել է «Վիլ-ժուիֆ» հիվանդանոցի ղեկավարներին, որտեղ կյանքի վերջին 13 տարին անցկացրել էր Կոմիտասը: Պարզվել է, որ ութ տասնամյակ անց նրան վերաբերող փաստաթղթերը դեռևս պահպանված են: Հիվանդանոց ընդունվելիս «մեկուսացած, լռակյաց ու դյուրագրգիռ» Կոմիտասն իրեն համարել է «գաղտնի դավադրությունների զոհ»:

Մասնագետ-հեղինակի կարծիքով, Կոմիտասը «երբեք չկորցրեց վերացականը հասկանալու և գործածելու կարողությունը»: Փանոս Թերլեմեզյանի այցի ընթացքում էվրարը համեմատել է գերեզմանի հետ, իսկ հայկական ու եվրոպական երաժշտությունը համեմատել է «դեղձերի ու ծիրանների հետ», ինչը վկայում է, որ Կոմիտասը «շիզոֆրենիա» չուներ:

Հետաքրքիր էր իմանալ, որ հայ բարեկամները նպատակ են ունեցել Կոմիտասին Վիեննա տեղափոխել, Ֆրոյդի մոտ նոր մեթոդներով բուժելու համար, այդ նպատակով փաստաթղթեր են հավաքել, սակայն չեն հաջողել։

1927 թվականին նա առաջին անգամ խոսել է Չանղըրըի մասին, մի վայր, որտեղ 12 տարի առաջ սկիզբ առավ նրա մեծ ողբերգությունը: Կոմիտասն այդ ժամանակ 57 տարեկան էր:

Կյանքի մայրամուտին, մահից 5 ամիս առաջ, 1935 թվականի մայիսին, ոտքի սուր բորբոքումից անկողնուն գամված Կոմիտասը սիրալիր էր այցելուների հետ, նրանց ընտանիքների մասին էր հարցնում, հիշում Կուտինան ու էջմիածինը: «Շատ սիրեցեք զիրար, որ ապրիք»՝ ձեռքը գլուխներին դնելով օրհնում էր:

Կոմիտասը մահացավ 1935 թվականի  հոկտեմբերի 20-ին՝ անոթային հիվանդությունից: 1936-ի մայիսին Կոմիտասի աճյունը տեղափոխվեց Երևան, ամփոփվեց պանթեոնում: Մինչև 1967 թվականին Ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը, ապրիլի 24-ին մարդիկ Կոմիտասի շիրիմի մոտ էին հավաքվում:

 

Գայանե Մկրտչյան