Կյանքի օրենքը ուժն է

Այս խոհագրությունը Սոս Սարգսյանը գրել է գրեթե երեք տասնամյակ առաջ, նորանկախ Հայաստանի պատմության առաջին տարիներին: Գրել է անցյալի  դասերի դառնությամբ, բայց նոր ճանապարհ դուրս եկածի վճռականությամբ, մեր ազգային որակների, մտածողության ու արժեքների վերաիմաստովորման վճռական պահանջով: Երեսուն տարի անց, այսօր էլ շատ արդիական է մեծ Արտիստի ու մտավորականի պահանջը:             

 

Կյանքի օրենքը ուժն է

 

Մանկամտություն կա մեր ազգի մեջ. եթե հասունացման-անցման հասակ է, ապա շատ ձգձգվեց: Էդ պատճառով էլ երևի դարավերջին նորից ջարդուխուրդ տեսանք: Բայց հավատանք, որ ցեղի հասուն միջուկը բերել հասցրել ենք էս օրերը անվնաս: Երանի էդ կորիզը խիզախ իր մտածելակերպով վարակի համայն ազգը:

Հասունանանք վերջապես: Էս աշխարհից գութ ակնկալողը ողորմություն է  հայցում Մեծ պետությունների բարոյականությունը ո՞վ է տեսել, որ մենք աչք ենք տնկում: Սրանց երեսը քանի՞ անգամ պարզվի, որ մեզ համար պարզ դառնա սրանց արածն ու վարածը:

Հենրիխ Ֆիրբյուխերը (գերմանացի) իր «Արմենիա 15» գրքույկում ասում է. «ՙԳերմանիան թուրքերի համար բավականաչափ լավն է, որպեսզի պահի այն վարագույրը, որի ետևում մորթվեցին ավելի քան մեկ միլիոն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ»:

Էս «անմեղ» բառը մեր հասցեին էնքան է ասվել, որ, մարդ լինելդ մոռացած, քեզ մատաղացու գառ ես զգում:

Ինչո՞ւ ես անմեղ եղել, այ հայ մարդ…

Մեծ Գերմանիային մեղադրելն անհեթեթություն է: Իր մեծ շահերն են պահանջել, որ վարագույրը բռնի: Նույնը՝ մյուս հզորնրեը:

Կայսրերից, ցարերից, սիոնիստներից, դեմոկրատներից, Արևելքից, Արևմուտքից կշտացած՝ վաղուց պիտի ազգը ինքն իրենն առներ, մշակեր գոյատևելու սեփական դեմոկրատիան: Չէ, սրա-նրա փեշերից կախվելով՝ արյունին դեմ ենք տվել մեր խաղաղասիրությունը, մեր քաղաքակիրթ լինելը…

Թքած ունենան: Միապետ են, թե դեմոկրատ զանազան տասնհինգ թվականներ, սումգայիթներ կուլ են տալիս, իսկի օֆ էլ չեն անում: Իսկ պարոն Ռուցկոյն էլ հայտարարում է՝ «Թող իրենք իրենց մեջ պարզեն»: Քսան թվականին եկան սահմանները խզբզեցին, հիմա պոչները քաշում են: Ավագ եղբայր: Երբ ուզում՝ գալիս են, ուզում՝ գնում են:

Չինգիզխաներից մինչև էսօր բան չի փոխվել աշխարհում, էն է ինչ որ կար. ավելի է դաժանացել:

Ապրելու իրավունքը ուժն է, հրաժարվենք հայկական մելամաղձոտ փիլիսոփայությունից, դեն նետենք աշխարհին խղճահարեցնելու թարախախառն արցունքոտ դրոշակի մեր լաթը: Տեսնենք որտե՞ղ ենք ամրացնում մեր մկանները և ինչպե՞ս:

Մտնենք ուժեղների շարքը, էն նվագը նվագենք, էն պարը պարենք, որ պարում են մեր դրացիները: Կատուն էլ է փոքր, բայց շատ գամփռներ նրան պուճախը կոխելուց հետո, արյունլվա մռութով, քոռուփոշման ետ են գնում, եթե կատուն սուր ճանկեր ունի:

Աշխարհից չգանգատվենք, հարևանից չգանգատվենք, թող հարևանը գանգատվի մեզնից բարձրագույն ատյաններում, թող հիմա էլ ինքը մաշի էդ դռները…Միշտ էլ կհասցնենք լավը լինել, շատ ենք լավը եղել, փորձենք մի քիչ էլ հակառակը լինել:

Թուրքը մատ է թափ տալիս, սպառնում է Երևան մտնել, վախենալո՞ւ է: Այո, շատ, եթե չես պատկերացնում քեզ զենքը ձեռքիդ: Սարսափելի է, եթե փրկվելու,  թշնամու դեմ ծառս լինելու, էս հողի մեջ մխրճվելու փոխարեն էլի բոշայության ճամփան ես բռնում: Ինչ որ անում ենք արդեն:

Կդիմանանք, կհաղթենք միշտ, եթե ռազմի գործը դարձնենք մեր երկրորդ արհեստը: Երեկ պետք է անեինք: Ռազմի գործ՝ մեծից մինչև փոքր, տղա թե աղջիկ…

Բարեկամությունը զենքի հետ, մեզ բարեկամ կբերի միայն… Փափկասուն կյանքը դրսի հայերի համար է, մեզ էստեղ թելադրված է կարծր գոյություն…

Չփախչենք Հայրենիքից, փոխվենք փոխվող կյանքի հոսքի մեջ, դուրս գանք նիրհից, կայսրությունն այլևս մեր սահամանները չի պաշտպանում, իսկ մենք իներցիայով շարունակում ենք ապրել հին բարեհոգությամբ: Ամեն մի եղեռն համամարդկային մի ողբերգություն է, բայց 15թվականը նաև մեր ազգային ԱՄՈԹՆ է, նախնիների խայտառակ ոչխարությունը մի ինչ-որ սերունդ պետք է ջնջի՞ վերջապես, մոռացնել տա իր սխրանքով: Կռնակից, ծոծրակից զարկվելը սև բիծ է մեր ցեղի վրա: եթե ապրում ենք էնտեղ, որտեղ ապրում ենք, հետևենք էն օրենքներին, էն դրավածքին, որ կա մեր շուրջը: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Սեպը սեպով են դուրս գցում, թույնը թույնով են վնասազերծում:

Մեզ միշտ ապշեցրել են աներևակայելի դաժանություններով: Կաթվածահար, անդամալուծված զարմանքով դիմել ենք Աստծուն. Տեր, մի՞թե մարդն ընդունակ է էսպիսի գազանությունների: Ընդունակ է: Կանի: Ինչքան անեն, ինչքան նայես, որ հավատաս, որ... սովորես: Ամոթ է լինել էդքան անշնորհք աշակերտ:

«Բռնություն, բռնություն և մեկ անգամ էլ բռնություն, սա է թուրքերի պատմության խոհրդանիշը», գրում է նույն Հ. Ֆիրբյուխերը: Մենք ի՞նչ ենք սրան հակադրել՝ հեզություն, հեզություն և մեկ անգամ էլ հեզություն:

Սումգայիթից հետո առքով-փառքով, իրենց բեռով-բարձով ազերիներին ճամփու դրինք իրենց երկիրը: Միևնույն է, գնացին, հորինեցին մեր չարածը: Եթե նույնին նույնով չես պատասխանում, կամ անկարող թույլիկ ես, կամ մեծամտորեն (իմա՝ հիմարաբար) քեզ լավն ես կարծում: Թուրքը հենց էդպես էլ մտածում է՝ տես է, քանի դար է մորթում ենք սրանց, էլի սպիտակ փետուրներով են ման գալիս: Մենք՝ սև, իրենք՝ սպիտակ: Կյանքն՝ ուրիշ, իրենք՝ ուրիշ... Ասճլընըմ... Էս ամենից մեզ ավելի են ատում: Ինչը որ բնական է: Զոհի և հանցագործի իրարամերժ   հոգեբանություն: Հանցանքը պետք է հավասարապես բաժանել, դրանից հետո է  գալիս փոխադարձ ներումն ու հաշտությունը:      

Հ. Ֆիրբյուխերը իր գրքույկին ենթավերանգիր է դրել՝ «Կուլտուրական ժողովրդի ոչնչացումը Թուրքիայի կողմից՚»: Սրանից ի՞նչ հետևություն անենք: Եթե  կուլտուրական ես, քեզ ոչնչացնո՞ւմ են: Էդ դեպքում ինչո՞ւ ես անկուլտուրական  շրջապատում կուլտուրական: Կամ էդ ինչքա՞ն ենք կուլտուրական, որ չենք կարողանում ինքներս մեզ պաշտպանել: Բնության մեջ չկա մի կենդանի արարած, որ զուրկ լինի ինքնապաշտպանության բնազդից, միթե՞ մենք վեր ենք բնությունից: Եթե էդպես է, ուրեմն մենք սպառված ենք, ապրելու շունչ չունենք: Ի դեպ, շատ շատերը Հայրենիքից փախչելու մի գլխավոր նպատակ ունեն՝ իրենց երեխաներին բանակից ազատեն...

Իրեն հարգող ազգը իր ճակատի գիրն ինքն է գրում, իր սեփական ձեռքով, և ոչ  թե ճակատը դեմ է տալիս սրան-նրան. ով ինչ ուզենա՝ գրի...

Մարդկությունը մի կես քայլ կանի՞ դեպի մարդասիրություն, դեպի   արդարամտություն, մենք նոր միայն սիրով կընդօրինակենք, մենք էլ կանենք էդ կես քայլը, ու Աստված ոչ անի, որ էլի մենք առաջ ընկնենք, մենք դառնանք  օրինակ: Էլի մեր քիթը կջարդվի...

Նորացում, մեր պատմության վերարժեքավորում, դասերի յուրացում, նոր մտածելակերպ:

Հին արահետները մաշվել են. մտածենք, եթե մեր ուղեղը չի դարձել թթված մածուն:

Մեր հարևանները մեր մասին պիտի ասեն էսպես, հայ են, քիչ են, բայց փշոտ են, դրանցից հեռու...

Իսկ եթե մեր վերջանալու պահն է եկել, հրաժեշտ տանք պատմությանը հպարտ ու արժանապատիվ:

Դասական խոսք. «Վահանը կարող է և փայտից լինել, կարևորը սիրտդ լինի երկաթից»:

 

Մարտ, 1992թ.