Խորհրդավոր նավը

Մաշտոցյան Մատենադարանում թամրազյանական օրեր են. դեկտեմբերի 5-ին Հրաչյա Թամրազյանը կդառնար 70 տարեկան: Եվ այսօր մեր հոգևոր գանձարանում  արժանին են մատուցում անկախ Հայաստանի ամենաարժանավոր  մտավորականներից մեկին՝ այն իրապես մեծ առաքելության համար, որով նա  նվիրվեց Մատենադարանի նորակերտման գործին: Աստված գիտե՝ որն էր տաղանդավոր պոետի, թարգմանչի, գիտնականի այդ անհավատալի կենսունակության ակունքը, բայց Թամրազյանն ունակ էր իրականացնել ամենաանհավանական թվացող գաղափարները: Եվ նա իրականացրեց՝ ապացուցելով, որ արարման ընթացքն անվերջ կրկնվող շրջապտույտ է և 21-րդ դարում ստեղծեց նոր Մատենադարան, որի ամենամեծ և ներկայանալի դահլիճն այսօր նրա անունն է կրում:

Հրաչյա Թամրազյանի հոբելյանի առիթով «ArtCollage»-ը ներկայացնում է հատվածներ նրա՝ 2012 թվականին Հայ գրատպության 500-ամյակին նվիրված համաժողովին և 2011-ին՝ Մատենադարանի նոր մասնաշենքի բացման արարողությանը հնչած ելույթներից:

Շնորհակալ ենք Թամրազյանների ընտանիքին՝ անտիպ նյութերը տրամադրելու համար:

 

***                                 

Հատված հայ տպագրության 500-ամյակին նվիրված համաժողովին հնչած ելույթից

 

...Նման իրադարձությունները հնարավորություն են տալիս գրողին համադրելու իր անձնական փորձն այդ համաբնագրին, ներհյուսվել նրան և լինել այդ հոսքի մեջ. հակառակը դուրս մղվելն է այդ կենսոլորտից, որը չգոյության է դատապարտում ամեն գրականություն:

Նման մոտեցումը նաև հայացք է սերմանում, ճանապարհի զգացողություն է արթնացնում արվեստագետի մոտ՝ ոգեկոչելով անցյալն ու ապագան, ուժ տալով հաղթահարելու հոգևոր ճգնաժամերն ու տեղատվությունները, որոնք հաճախ համամարդկային տագնապների և համաղետների բնույթ են կրում:

Նման համաղետներից, ահա, մեզ հաճախ փրկում են մարդկային հիշողության սրբագործված շտեմարանները, որոնցից է Մաշտոցյան Մատենադարանը: 

Այն անընդհատ մեծացնում է կենտրոնաձիգ ուժն ու տարածական խորքը, այն բարբառում է բոլոր սերունդների անունից և շարունակում է հավերժական զրույցը սերունդների և քաղաքակրթությունների հետ:

Հայ տպագրության պատմության մասին խոսելիս մտովի գծում ես հայ տպագրական կենտրոնների քարտեզը: Այն ընդգրկում է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Այսպիսին էր ժամանակի հրամայականը: Աշխարհն առաջ էր գնում հսկա քայլերով, թռիչքաձև զարգացումներով, իսկ պետականությունից զուրկ ու բզկտված մեր երկիրը գերագույն ճիգերով ու մաքառումներով գոյապահպանության խնդիրներ էր լուծում՝ չարչարանաց ճանապարհ հարթելով դարերի միջով:

Հայ տպագրությունը Հակոբ Մեղապարտի անիրական ջանքերով և վարքով, որ սրբագործվել է սերունդների կողմից, իր առաջին քայլերն է արել՝ սկսած 1512 թ.-ից, նրան հետևել են այլ նվիրյալներ: Դրանք հայ տպագրության երախայրիքներն ու նախատիպարներն էին, սակայն դեռ չունեին բովանդակային և տարածական ընդգրկումներ և որակի առումով տպագրական գործի նախաքայլեր էին լոկ:

Հայ տպագրությունը խորքային և տարածական առումով որակական թռիչք ապրեց Ամստերդամում՝ հասնելով եվրոպական մակարդակի և ստանձնելով հայ դպրության և մշակույթի տարածման և համասփռման վեհ առաքելությունը:

Մի կարևոր շրջափուլ եմ ցանկանում հիշատակել հայ տպագրության պատմությունից: Ըստ հայ տպագրության խոշոր ուսումնասիրող Թեոդիկի՝ Հոլանդիան դարձավ Հայոց լուսավորության երկրորդ հայրենիքը: Սկսեցին տպագրվել առաջին գրքերը. Ամստերդամի տպարանը բարգավաճեց, և խնդիր առաջացավ մայր հայրենիք և այլ հայկական գաղթավայրեր հասցնել այդ տպագիր գրականությունը, որին ծարավի էր ողջ հայությունը:

Եվ, ահա, աննախադեպ մի բան. Հոլանդիայից հայկական գրքերով բեռնավորված մի նավ ուղևորվում է դեպի Արևելք՝ իր հետ բերելով ազնիվ տքնանքի այդ լուսավոր բեռը. Ներսես Շնորհալի «Հիսուս Որդի»՝ 1200 օրինակ, «Սաղմոսարան»՝ 2700 օրինակ, «Ժամագիրք»՝ 3000 օրինակ: Ժամանակի համար հսկայական տպաքանակներ, գրքարվեստի և տպագրական վարպետության կատարելատիպեր:

Եվ այդ բեռնավորված նավերը շարունակեցին իրենց ճանապարհը. հետագա տարիներին տպագրվեցին նորանոր գրքեր, նույնքան և ավելի տպաքանակներով:

Ոսկան Երևանցին և իր համախոհները հայ տպագրությունը հասցրին աննախադեպ բարձունքների:

Եվ երբ աղերսում ես ժամանակները, ներկան շատ է խեղճանում նրանց գործի մեծության առջև: Եվ մենք այսօր, նրանց մեր աչքի առաջ ունենալով, պիտի վերահայտնաբերենք հայ գրքի արժեքը մեր և գալիք սերունդների համար: Այս բոլոր գործիչները պատկանում են առաջին հայ տպագրիչների լեգենդար սերնդին, ազգանվեր գործիչներ, հոգևոր խիզախումի տիպարներ, որ վերամարմնավորեցին հոգևոր հայրենիքի գաղափարը՝ նրա անանց արժեքները ներմուծելով համաշխարհային մշակույթի գանձարանը և հոգեմտավոր հսկա ներուժ ներարկելով համազգային առաջընթացին:

Ու որերորդ անգամ համոզվում ես, որ առանց հոգևոր սխրանքի, գերագույն նվիրումի ոչինչ չի եղել հայ կյանքում, որ հենց հոգևոր սխրանքն է աղեղ կապում ժամանակների միջև և թիրախի ահագնությամբ ու նետի անվրեպությամբ կանխորոշում սերունդների գալիք ուղին:

Օրմանյանը Ոսկան Երևանցուն հայ ազգի մեծ երախտավոր և կատարյալ նահատակ է համարում՝ նկատի ունենալով նրա թողած հսկայական ժառանգությունն ու իր գործունեության համար կաթոլիկ գրաքննության կողմից նրա կրած անլուր հալածանքներն ու եղերական մահը:

Ի վերջո, նրա և համախոհների տպագրական ավանդույթը փոխանցվեց Մխիթարյաններին, սնանկացումից հետո Մխիթար Սեբաստացին ձեռք է բերում տպարանի մայր տառերը և փոխադրում Վենետիկ:

Սակայն Ամստերդամից ուղևորված խորհրդավոր նավի պատմությունը չի հեռանում մտապատկերից: Այո, մեր հոգևոր այրերը, մեր խիզախ նավորդները նոր աշխարհամասեր և մայրցամաքներ հայտնաբերեցին հայ կյանքի համար՝ Սուրբ Էջմիածնից շառավիղ նետելով ի սփյուռս աշխարհի, քարտեզագրելով մեր հոգևոր կենսագրությունն ու ոգու պատմությունը, դարձնելով մեր մշակույթը կենտրոնաձիգ ու աշխարհասփյուռ, մայր շնչերակով իրար կապելով հայրենիքն ու գաղթօջախները:

Եվ ահա այսօր մենք տոնում ենք հայ գրքի 500-ամյակը, որն ուղղակի շարունակությունն է մեր ձեռագրական աշխարհի, մեր գրչության արվեստի:

Մեր պատմությանը, մեր մշակույթին անդրադառնալիս մենք հայացք ենք նետում մեր գրչության կենտրոնների քարտեզին՝ սփռված աշխարհով մեկ, այնուհետև մենք հարաբերում ենք այն մեր տպագրական կենտրոնների քարտեզի հետ, որ պարածածկել է մայրցամաքները, թափանցել ամեն տեղ, ուր քաղաքակրթության նշույլներ կան:

Ու հասկանում ենք, որ դարեր շարունակ մեր հոգևոր մշակները քարտեզագրել են մեր հոգու աշխարհագրությունը՝ վկայելով մեր մշակույթի ինքնության և կենսունակության, մեր աշխարհաքաղաքացի լինելու մասին:

Դա վկայում է մեր ժողովման բնազդի, հավաքաբանության, կենտրոնաձիգ և կենտրոնախույս ուժերի հավասարակշռության մասին, որի մեջ է նաև մեր ներուժը՝ հաճախ չգիտակցված և չիմաստավորված:

Հայ տպագրությունը սկիզբ է առել հայկական գաղթավայրերում, պետականությունից զուրկ պայմաններում, գերագույն ճիգերով, մեղվաջան աշխատանքով հայ գրահրատարակիչները տպագրական գործը բարձրացրել են համաեվրոպական մակարդակի՝ հրատարակելով հայ ինքնության և թարգմանական մատենագրական հուշարձանները, տալով գրքարվեստի գլուխգործոցներ: Այն անհատական և համընդհանուր սխրանքի մի բացառիկ դրսևորում է, որով մեր մշակույթը որակական թռիչք ապրեց՝ ամրապնդելով իր տեղը համամարդկային արժեքների շտեմարանում: Նորովի հառնեց ու թափ առավ թարգմանական գործը, հայ բանասիրական միտքը՝ եվրոպական գիտության յուրացումով, վերահայտնաբերվեց և քննական վերլուծության ենթարկվեց ողջ հայ մատենագրությունը՝ ներառելով այն հոգևոր շարժման, գիտական շրջանառության մեջ:

Դա է միշտ եղել մեր մշակույթի զորության նշանը. նրա կենսական ուժն անընդհատ շարժման մեջ է:

Հոգևոր հոլովույթի մեջ այն դառնում է հարաշարժ ընթացք, որն անընդհատ վերափոխվում և վերաիմաստավորվում է՝ վերականգնելով իր վնասված ու խաթարված շերտերը:

Մեր մշակույթն այսպիսով դառնում է մեր կենսածիրը, նա է կապում սերունդների լինելության շղթան, հունավորում մեր պատմության գետը:

Այսպիսին է մեր ձեռագրական աշխարհը՝ իբրև մարդկային հիշողության շտեմարան, իբրև հոգևոր համաստեղություն և գոյաշխարհ, ուր շրջում է բանականության լույսը՝ մեր հավերժ ճամփորդը տիեզերքում:

Այսպիսին է և մեր գրքերի աշխարհը:

2012 թ.

 

***

Հատված Մատենադարանի նոր մասնաշենքի բացման արարողությանը  հնչած ելույթից

 

Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար: Այդպես՝ սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է՝ մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և, իբրև բանական լույս, առաջ տանելով մեր ժողովրդին:

Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն: Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը:

Եվ ահա այսօր մենք ներկա ենք հիրավի պատմամշակութային, դարակազմիկ մի իրադարձության՝ Մատենադարանի գիտական խոշոր համալիրի բացման արարողությանը. դարակազմիկ, ինչպես սրանից կես դար առաջ Երևանի գեղատեսիլ բարձունքի վրա վեր խոյացավ Մատենադարանի կոթողային շենքը՝ դառնալով գիտամշակութային խոշորագույն կենտրոն, համամարդկային արժեքների շտեմարան և ազգային խորհրդանիշ:

Այս տարի մենք տոնում ենք Սուրբ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը: Եկող տարի տոնվելու է հայ տպագրության 500-ամյակը: Սա մեզ արժանապատվություն է ներշնչում, նաև պարտավորեցնում: Նաև ստիպում նայել մեր հոգու աշխարհագրությանը, մեր գրչության կենտրոնների, այնուհետև դրան հաջորդած մեր տպագրության կենտրոնների քարտեզներին՝ սփռված աշխարհով մեկ, ինչը պարզ մի վկայություն է մեր մշակույթի կենտրոնաձիգ լինելու և տարածականության, մեր ազգային և համամարդկային խաչասերումների մասին:

Դա մեզ ստիպում է մղվել առաջ, քանի որ հոգևոր դաշտը մշտապես անհրաժեշտ է սերմանել ստեղծագործ աշխատանքով, ամենօրյա ազնիվ ջանքով, վերականգնելով գրքի արժեքն ու պաշտամունքը մեր կյանքում:

Եվ կրկին մենք մեծ նախաձեռնությունների, բացառիկ անհատների կարիք ունենք այս ասպարեզում, որոնք պիտի տիրոջ իրավունքով առաջ տանեն հայագիտությունը, որ հայ կյանքի հենքն է (...):

Նրանք բոլորն արժանի են մեծ գնահատանքի, իսկ մեծագույն գնահատանքը իրենց ձեռքերով կառուցված այս անձեռակերտ կառույցն է, որն արժանանալու է սերունդների հիացմունքին:

Այո, այս ընթացքում Մատենադարանը դարձել էր միեղեն, բոլորին առաջ էր մղում «հոգևոր մշակության» գաղափարը, բարեգործության շունչն էր իշխում նրա կամարների տակ, որի մասին մեզ պատգամում է Մաշտոցը. «իբրև հոգևոր մշակներ արարել մարդկային արվեստի հանճարով, շենացնել և զարդարել աշխարհը, որ երևան իմաստության գործերը և փառավորվեն բարեգործները»:

Սիրելի՛ մատենադարանցիներ, մեր գերխնդիրն է կազմ ու պատրաստ մտնել այս շենքը, մեր ստեղծագործ աշխատանքով ձևավորել նրա ներքին կառույցը, քանի որ ամեն շենք ու շինություն կենդանանում է իր ներքին, հոգևոր կառույցով և մարդկային բովանդակությամբ:

Մեզ վերապահված է մեր չափով և հնարավորություններով վերաիմաստավորել այդ հոգևոր հսկա ժառանգությունն իբրև ապրող կենսադաշտ, անցկացնել այն մեր միջով և փոխանցել հաջորդ սերունդներին:

Մեզ վերապահված է սրբորեն պահպանել մարդկային հիշողության այս շտեմարանը, որը սկիզբ է առնում Մեսրոպ Մաշտոցից և սրբագործված է նրա անվամբ:

Հարգարժա՛ն հյուրեր, սիրելի՛ բարեկամներ, Մատենադարանի նոր շենքի բացման արարողությամբ մեկնարկում են Հայաստանի նորանկախ հանրապետության 20-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք համընկան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի հանդիսություններին:

Մեր անկախությունը ձեռք է բերվել հոգևոր զարթոնքի, համաժողովրդական խիզախման ու հազարավոր հերոսների արյան գնով, հերոսներ, որոնք Մաշտոցի իսկական հոգեզավակներն են, որոնք կյանքով կերտեցին մեր անկախությունը, որ գերագույն արժեք է ազգի լինելության ճանապարհին, միակ կենսական ակունքը, որն, իբրև լինելության գետ, հունավորում է անցյալը, ներկան ու ապագան՝ ուժ ու զորություն հաղորդելով սերունդներին:

Ուրեմն՝ կեցցե՛ մեր նորանկախ Հանրապետությունը, որն արդեն 20 տարեկան է, և Փառք մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը դրեցին հայրենյաց զոհասեղանին:

Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ Մատենադարան է ստեղծել:

Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է: Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն:

2011 թ.   

 

Հրաչյա Թամրազյան