Խարդախություն

Պարոն Բրաունի մահից հետո «Պրոմեթևս» ընկերության խոհանոցային սալօջախները անհասկանալիորեն սկսեցին քայքայվել։ Գազի հոտը լցվում էր խոհանոցները, սալօջախները`մարած, բայց ճենճահոտ արձակող, հրաժարվում էին ենթարկվել տերերին: Մի քանի դժբախտ պատահարներ էլ եղան․ վառված գազաբալոններ, պայթած խողովակներ։ Բրաունի ընկերության անհանգստացած տեխնիկներն անցան անսարքությունների պատճառները փնտրելուն և անգամ մի քանի նոր հարմարանքներ հնարեցին, բայց արդեն ուշ էր։ Գործերի ընդհանուր քայքայման թեժ պահին մրցակից ընկերությունը տիրեց շուկային և այդպիսով արագացրեց «Պրոմեթևս»-ի սնանկացումը ու կործանեց նրա հեղինակությունն արնախում գովազդահոսքում։
Այս իրադարձություններին առնչվող անձանց կարծիքով «Պրոմեթևս»-ի սնանկացման գլխավոր մեղավորը ես էի։ Կատաղած վարկատուները ողջ ընկերության աչքի առաջ հետաքննություն սկսեցին, մեղադրեցին ինձ խարդախության մեջ և կասկածի տակ դրեցին ազնվությունս։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ ես ամենաուշը լքեցի խորտակվող նավը, հենց ես տվեցի վերջին կարգադրությունները հուսահատված թիմին։
Երեկ ես վերջին անգամ կանգնեցի հաշվապահների և նոտարների, սնանկ ընկերությունը ոչնչացնողների առաջ։ Ստիպված էի դիմանալ անձնական գործերիս առնչվող բոլոր մանրակրկիտ հարցաքննություններին, և, իհարկե, խոսքը «փոքր» անձնական խնայողություններիս մասին էր։ Ես այս բառը չակերտների մեջ եմ դնում՝ հասկացնելու համար, թե ինչ արտահայտությամբ այն կիրառեց թշնամիներիցս մեկը։ Մի քիչ էլ, և ես բռունցքներով կհարձակվեի նրա վրա, բայց ինձ զսպեցի և նրա բերանը փակեցի թվերով։ Ես խոսում էի հոնորարի հավելումների, պարգևատրումների, Բրաունի ընկերության ամբողջ վաճառքի ծավալից ստացածս ավելացված մի տոկոսի մասին։ Մրցակցիս ավելի շատ համոզեցին ոչ թե փաստարկներս, այլ տաքարյունությունս։ Ինձ համար մեկ է։
Եթե ամբողջ ճշմարտությունն ասեմ, Բրաունի ընկերության անկումը ցավալի հետևանքն էր մի շարք պարտությունների, այդ թվում՝ իմ սեփական։ Այդ առևտրային պայքարի վերջին փուլը գովազդատուների դեմ մենամարտն էր, և այդ մենամարտը ես տանուլ տվեցի։ Ես լավ գիտեմ, որ մրցակիցն արգելված զենքով էր պայքարում, և հեշտ է ապացուցել, որ աղետը կիսով չափ բռնկվել է թաքնված սաբոտաժի հետևանքով, որն ուղղորդել էին մեր մրցակիցները և իրականացրել մի խումբ ուխտադրուժ ծառայողներ, որոնց անունները ես կարող էի տալ։ Բայց այժմ ես չեմ ձգտում իրավիճակը փրկել։ Հոգեվիճակումս խորը փոփոխություններ են տեղի ունեցել, և բոլոր բացատրություններն ինձ համար անպետք են դարձել։ Ինչո՞ւ թաքցնել։ Ես մեջքով եմ շրջվել առ ամբողջ աշխարհը։
Անհրաժեշտ էր պաշտպանել բարի անունս, և ես դրան հասա։ Ինձանից ձեռք քաշեք։ Բայց ամենազզվելին այն է, որ տխրահռչակ խնայողություններս ինձ համար անտանելի դարձան։ Ցանկացած ողջմիտ մարդ կարող է հաստատել, որ դրանք ինձ են պատկանում ըստ իրավունքի, սակայն, նոր հայացքովս, դա այդքան էլ ակնհայտ չէ: Պարոն Բրաունը գումար էր վաստակում սալօջախների պատրաստմամբ և վաճառքով, իսկ ես՝ մարդկանց համոզելով, որ նրանք պետք է դրանք գնեն։ Ես գովում էի դրանց արժանիքներն ամենուրեք, և հասա նրան, որ «Պրոմեթևսի» հեղինակությունը հասավ այնպիսի բարձունքների, որ հենց պարոն Բրաունն էլ էր զարմացած։ Բայց ահա այսպես, հիմա այդ հեղինակությունը փլուզվեց, շատերը դրանից տուժեցին, բոլորի համար դժվար էր, իսկ խնայատուփս ձեռք չտված մնաց։ Գումարները բանկային սեյֆում տանջում են խիղճս։
Մեղավորության մասին մտքերը, հար ավելի կատաղի ինձ պաշարող, կոտրեցին եսասիրությանս վերջին նեցուկը։ Խոսք չկա, շատ հեշտ էր ազատվելը փողերից, դրանք շպրտելով ինձ խարդախության մեջ մեղադրող մի խումբ ապուշների երեսին, բայց ես անկեղծորեն համոզված եմ, որ չպետք է գումար ծախսեմ հիմարներին սովորեցնելու վրա։ Ես ավելի լավ ելք մտածեցի։ Հիմա իսկը ժամանակն է ինչ-որ բացատրություններ տալու։ Առաջ ես հրապարակային ծաղրածու, աղքատ, զվարճախոս հեքիաթասաց կդառնայի։ Չափազանց ուշ իրեն մատնեց խոստովանանքս․ ես արդեն երիտասարդ չեմ, իսկ դրսում՝ դարի կեսն է, որում ինձ նմանները տեղ չունեն։ Բայց, այնուամենայնիվ, վճռեցի պատմել պատմությունս մի քանի հոգով աղքատներին, վշտերիս հավաքածուն ներկայացնել երկու-երեք անփորձ ընթերցողների դատին։
Իհարկե, շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ մի պահ ներքուստ փոխվել են՝ լավ կամ վատ առումով: Իրենց կյանքի մեծ մասը նրանք ապրել են ասես դիմակի տակ, բայց մի հիասքանչ օր, ի զարմանս շրջապատողների, ի հայտ է եկել նրանց իրական էությունը, նրանք սուրբ կամ, ընդհակառակը, դև են դուրս եկել։ Ես, իհարկե, չեմ ուզում ասել, որ ինձ հետ համանման կերպարանափոխություն է կատարվել, սակայն ընդունում եմ, որ գերբնականի մասնիկ պատմությանս մեջ կա։ Ի վերջո, մեծ գումարից ազատվելու անհեթեթ մղումը կարող էր և ինչ-որ այլ կերպ դրսևորվել, ինչը, հնարավոր է, կմղեր ինձ ավելի վեհանձն արարքների։ Բավ է և այն, որ ես արագացրի մտընթացս և ազատություն տվեցի դրանց հետևանքներին։ Եվ այդուհանդերձ․․․
Ես ինքս հիմա նման եմ սալօջախի, որ սկսել է վատ աշխատել։ Պարոն Բրաունի մահից հետո ինձ տիրում են կասկածները և խղճի խայթը։ Այդ օրվանից մեջս սկսել է ծածուկ աշխատանք կատարվել։ Բնականությանս ամենախորքում առ կյանք են արթնացել գաղտնի կենարար հյութերը, և միաժամանակ ինձ տանջում է վերականգնման անհնարինության գիտակցումը։ Նուրբ ծիլերը ջանում են կարծրացած կեղևի միջով ճեղքանցել առ լույսը։
Ես ապրում եմ հիշողություններով։ Կամ, ավելի ճիշտ, հիշողությունները հայտնվում են ինձ, ինչպես երազներն են երազվում, թափվում են, շփոթության մեջ գցում։ Ինձ այժմ թվում է, որ ինչ-որ թմրադեղ, արդեն չգիտեմ երբ ներարկված, հանկարծ դադարել է վրաս ազդել։ Ուղեղս, ազատվելով թմրեցումից, տրվել է մանկական երևակայությունների կամքին։ Դժվար է դուռը փակել այդ հիշողությոնների առաջ․ գույներով և ձայներով լի ծննդյան գիշեր, սիրելի խաղալիք, վառ արևոտ օր և ես վազում եմ դաշտով․․․
Այդ ամենը սկսվեց այն հիշարժան օրը, երբ, բանալով աշխատասենյակի դուռը, ես տեսա պարոն Բրաունին բերանքսիվայր ընկած աշխատասեղանին, առանց կյանքի որևէ նշանի։
Հետո օրերը թռչում էին անկարգ և արագ։ Ըներության տապալումը և սնանկացման ամոթը կեղտաջրի տարափի պես թափվեցին վրաս։ Սխալները և բողոքները, դժգոհությունը և պահանջները իրենց թիրախ ընտրեցին հենց ինձ։ Ինքս դա չնկատելով, ես հայտնվեցի առաջին շարքում, ընդունեցի պատասխանատվությունս և արագացրի ընկերության քայքայումը, զգալի միջոցներ ներդնելով գովազդային արշավի մեջ․ նույքան անօգուտ, որքան և թանկարժեք։
Պարոն Բրաունը միանգամից չմահացավ։ Մենք դիմեցինք գիտության բոլոր ժամանակակից միջոցների օգնությանը, և նրա հոգեվարքը երկու ժամ տևեց։ Երբեք չեմ մոռանա ոչ այդ անվերջանալի ժամերը, որ հավերժություն էին թվում, ոչ պարոն Բրաունին՝ թաղված մահվան խորխորատը սղագրուհիների, բժիշկների, շվարած ծառայողների շրջապատում, օգտակար դուրս եկավ միայն վանականը, նա առեղծվածորեն հայտնվեց չգիտես որտեղից և այդ իրարանցման մեջ կարողացավ կարգի բերել վախից արտահայտությունների պատառիկներ մռթմռթացող մահացողի գործերը․ ընդ որում այն, ինչ ասում էր պարոն Բրաունը, ավելի շատ վերաբերում էր «Պրոմեթևս»-ի գալիք սնանկացմանը, քան հոգևոր գործերին։
Երկրորդ սրսկման արդյունքը լոկ ջղաձգային ցնցումներն էին՝ ամեն սրսկոցից գնալով ավելի թույլ։ Բժիշկները հրաժարվում էին իրենց փորձերից, հասկանալով, որ մահն արդեն առաջադրել է իր իրավունքները պարոն Բրաունի աշխատասենյակի հանդեպ։ Ես խելագարության եզրին էի, նյարդային խանգարումից խուսափելու համար ստիպված էի ապավինել բժիշկների օգնությանը։ Հետաքրքիր է, որ առավելագույն ցնցման պահին, երբ ես կանգնած էի պետիս մարմնի առաջ, գովազդային գործակալիս ամբողջ փորձս չկարողացավ ինձ ոչինչ հուշել, բացի կիսամոռացված մանկական ժեստից․ ինչ-որ աղոթքի հատված հիշեցի և ձեռքս տարա դեմքիս, ըստ երևույթին խաչակնքվելու համար։
Ինչպես բոլոր կախարդները, պարոն Բրաունն իր հետ գերեզման տարավ իր հաշվարկների գաղտնիքը։ Ես տեսել եմ՝ ինչպես էին ծաղկում նրա գործերը, եղել եմ նրա գլխավոր և ամենամտերիմ օգնականը, բայց այդպես էլ չհասա նրան, որպեսզի նա ինձ իրազեկեր իր կոմբինացիաների գաղտնիքը։ Դա կարող էր ինձ թույլ տալ ճիշտ վարել ընկերության գործերը, բայց ես այդպես էլ մնացի սպասավորի կարգավիճակում քուրմի օրոք։ Ըստ իս, դա համապատասխան բառ է, քանի որ պարոն Բրաունը սրբազնագործություն էր կատարում նյութական կրոնի սահմաններում, որի նպատակը երկրի երեսին մարդու երջանկությունն էր։ Նրա անձնական ներդրումը մարդկային հարմարավետության մեջ «Պրոմեթևս» սալօջախներն էին, որոնց նմուշօրինակներն ամեն տարի թարմացվում էին, հետևելով առաջընթացին։ Պարոն Բրաունը քարոզում էր համեստ և շահավետ ընտանեկան դրախտ, որտեղ խոհանոցի մաքուր և բարեհամբույր վանքում սալօջախին զոհարանի դեր էր հատկացվում։
Իսկ ես նրա քարոզների խոսափողն էի, օրեցոր նրա ձեռքբերումներն արձանագրող ջանադիր գրիչը, շրջաբերական նամակների հեղինակը, որ բարի լուր էին հասցնում քրտնող, մրից սևացած տնային տնտեսուհիներին և խոհարարուհիներին իրենց հազարամյա հնության վառարաններով։
Չնայած իր բարձր դիրքին, պարոն Բրաունին դուր էր գալիս հիշել հին բարի ժամանակները։ Երբեմն նա լքում էր իր շքեղ աշխատասենյակը, որպեսզի անձամբ վաճառի սալօջախներից մեկը, միանգամայն ինչպես հայտնի քարոզիչ, որ իջել է իր ամբիոնից տառապյալին օգնելու։
Այդժամ նրա ժեստերը վեհապանծ և հանդիսավոր էին դառնում․ նա անշտապ լցնում էր գազաբալոնը, ձեռնածում էր կափույրները, ընդ որում վառ նկարագրելով ժամանակակից գազաֆիկացման համակարգի արժանիքները, որ բացառում է տհաճ հոտերը և դժբախտ պատահարները։ Իսկ երբ նա վառվող լուցկին մոտեցնում էր այրիչին, նրա դեմքին տագնապ, անգամ փոքրիկ վախ էր արտացոլվում, ասես մի պահ անհաջողության մասին միտք էր գլխով անցնում։ Իսկ երբ հայտնվում էին կապույտ հրի լեզվակները, պարոն Բրաունը ողողվում էր հաճախորդի վերջին կասկածները ցրող երանավետ ժպիտով։ Ես հիշում եմ այդ տեսարանները և, չնայած ընկերության սնանկացմանը և համընդհանուր անվստահությանը, նախկինի պես համոզված եմ, որ «Պրոմեթևս» սալօջախները լավն են, և պատրաստ եմ համոզմունքիս համար վճարել ամբողջ ունեցածս։ Եթե սալօջախները չաշխատեն, ապա ինձ ոչինչ չի մնում, բացի խաղը լքելուց և կուտակածս գումարը ուրիշ, ավելի մաքուր ձեռքերին փոխանցելուց։ Գաղափարս պարզ է, և, անկասկած, արդյունավետ․ Կգնեմ «Պրոմեթևս» ընկերության քայքայված սալօջախները, իսկ ներքևում՝ անունս և հասցես։ Վաղը հայտարարությունը կհանձնեմ թերթին։
Ես գիր-ղուշ եմ խաղում։ Խաղադրույքս ընդդեմ մեծամասնության կարծիքի։ Եվ թող այժմ բոլոր նոտարները և սնանկացման զոհերը փորձեն մեղադրել ինձ երեսպաշտության մեջ։
Բերկրալի է մտածելը, որ արարքս լավագույն տուրքն է պարոն Բրաունի լուսավոր հիշատակին։
Բավական երկար ժամանակ ես սիրտ չէի անում շարունակել այս գրառումները։ Չգիտեի՝ ինչպես անել, ես ոտուձեռքով կապված էի իրադարձությունների հետ, որ փոխեցին կյանքս։ Ինձ թվում է, որ եթե ես պարզ և հստակ շարադրեմ փաստերը, հենց դա կլինի խարդախություն։
Թերթում տպված հայտարարությունը հանգեցրեց ապշեցուցիչ արդյունքների։ Երկու օրից ստիպված էի ժամանակավորապես դադարեցնել սալօջախների գնումը, քանզի արդեն դրանք խցկելու տեղ չկար։ Տանս դրանք անգամ մահճակալի տակ էին։ Խնայողություններս լրջորեն տուժել էին։
Երբ ես վճռեցի արդեն էլ ոչ մի սալօջախ չգնել, ինձ այցելեց ինչ-որ սևազգեստ կին՝ Արթուրո անունով երեխայի ձեռքը բռնած։ Նրա հետևից, սայլակով գալիս էր դաշնամուրի չափի սալօջախը՝ («ողջ ընտանիքի համար Պրոմեթևսներից մեկը», Բրաուն ընկերության հպարտությունը) ութ այրիչներով, տաքացման ջեռոցով, ջրի ջեռուցիչով և էլի բազում հավելյալ հարմարանքներով։ Լրիվ հուսախաբ, ես ձեռքերս հենեցի կողքերիս, և այդժամ, շատ անհեթեթ դիրքում վրա հասավ կյանքիս որոշիչ շրջադարձը։
Մենք ընդամենը պետք է սալօջախի հետ կապված անհրաժեշտ արտահայտություններ փոխանակեինք։ Ի վերջո, մեր տրամադրության տակ էին հազարավոր ընդհանուր թեմաներ ոչինչ չնշանակող զրույցը շարունակելու համար։ Բայց մենք խորրհդավոր կերպով խուսափում էինք այդ ուղուց։ Ընտել հերթապահ արտահայտությունների տրորված հունը մեզ հասցրեց նեղ կիրճի։ Դուրս գալով դրանից, մենք հայտնվեցինք այն կատակերգություններից մեկում, որ կյանքում խաղարկվում են ամեն քայլափոխի, դա գլուխգործոց էր, դիպվածով պատահած, գրեթե լրիվ առանց տեքստի։
Մեր դրությունն այնքան բնական էր, որ անտանելի դարձավ․ երեք գործող անձ խաչվեցին մի կետում, և մենք հայտնվեցինք ճակատագրի իշխանության ներքո, որ մտադիր էր բերելու մեզ անխուսափելի ավարտին։ Ես զգում էի ինձ հետևող, անազատ, շարում և մեկը մյուսին միացնում էի շղթայի օղակի պես մեզ միմյանց կապող անմեղ արտահայտություններ։
Իրականում, ինչ ես ասում էի, վաղուց անգիր գիտեի։ Ես խաղում էի ինքս ինձ, առաջ ես դա չէի անում, քանզի ոչ ոք ինձ հստակ ռեպլիկներ չէր տալիս, այնպիսիք, որ գործի կդնեին հոգուս մեխանիզմը։
Բարեբախտաբար, մենք շատ արագ հասկացանք, որ մեր երկու դերերը իդեալական երկխոսություն են կազմում և պետք չէ այն մինչև վերջ խաղալ։ Մենք դեռ դրա ժամանակը կունենանք։ Այն, ինչ քիչ առաջ տարօրինակ, բարդ, անհնար էր թվում, վերածվեց միակ հնարավորից ամենապարզ և բնական բանի։
Ինձ վրա է ուրիշների կյանքի խնամքը։ Պարոն Բրաունի ուրվականը էլ ինձ չի հետապնդում։ Նախկին թխմամպերի տեղում հիմա հայտնվել են պայծառ դեմքեր։
Այդ բեռի տակ ես քայլում եմ թեթևորեն, թեև քառասուն տարեկան եմ։
1946
Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի